ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԻ «ՎԱՅՐԻ ԿԱԿԱՉՆԵՐԸ» ՎՐԱՑԵՐԵՆ

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ծննդյան 65-ամյակը նշանավորվեց երկու թարգմանական հրատարակությամբ: Նոյեմբերի կեսերին Գերմանիայի հինգ քաղաքներում (Մեզեբուրգ, Մագդեբուրգ, Լեոնե, Հալլե, Բեռլին) տեղի ունեցավ Լեւոն Անանյանի եւ համահեղինակ գերմանացի գրող Յուրգեն Յանկովսկու «Աննան եւ Արմենը» մանկական գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է երկու լեզվովՙ գերմաներեն եւ հայերեն, Հերմինե Նավասարդյանի զուգադիր թարգմանությամբ:

Օրերս Թբիլիսիի «Մերանի» հրատարակչությունը վրացերեն թարգմանությամբ լույս ընծայեց նրա «Վայրի կակաչ» ժողովածուն, որն ամփոփում է նմուշներ հեղինակի հրապարակագրությունից եւ պոեզիայից (թարգմանիչներՙ Գիվի Շահնազար, Մաղվալա Գեուրկովա, Անահիտ Բոստանջյան): Ստորեւ տպագրում ենք Լեւոն Անանյանի վրացերեն գրքի առաջաբանները, ինչը եւս մեկ վկայություն է հարեւան երկու ժողովուրդների գրական-մշակութային կապերի նորօրյա շարունակության:

Հայոս եւ Քարթլոսի երրորդ եղբայրը

Երբ լսում եմ Լեւոն Անանյանին, այնպիսի զգացում է համակում ինձ, ասես չեն եղել հայ-վրացական հարաբերությունների քաղցր ու դառը 3000 տարիները, ասես հենց նոր պատմության առաջ կանգնել են եղբայրներ Հայոսն ու Քարթլոսը, իսկ հեռվում Ուրարտուիՙ դեռեւս մարդու ոտք չտեսած շավիղներն են, եւ այդ շավիղներով առաջինն անցնող երկու եղբայրներին պատրաստվում է կլանել կայսրությունների բացերախ վիշապը:

Մինչդեռ եղբայրները շարժվում են առաջ եւ ճանապարհին քաջալերում մեկմեկու:

Այնքա՜ն վարակիչ է Լեւոնի անսպառ լավատեսությունը, այնքա՜ն անհուն է նրա հույզերի օվկիանոսը, այնքա՜ն խորունկ ու մարդկային է նրա տաք հումորը, որ երբեմն ինքս ինձ մտորում եմ. հետեւենք Հայոսի եւ Քարթլոսի երրորդ եղբայր Լեւոն Անանյանին, եւ մենք երբեք ոչ մի բանի կարիք չենք զգա, չենք մոլորվի, չենք կորչի:

Լեւոն Անանյանին կարդալիս, լսում եմ իր հայրենիքի ճակատագրի մասին մտահոգ, իմաստուն գրողի սրտի տրոփյունը: Ցավով են հագեցած նրա բանաստեղծությունները, արձակ էջերը, էսսեները, հրապարակախոսությունը... Գրողի մտորումները թե՛ խորապես արդիական են, թե՛ համաշխարհային եւ թե պետականամետ:

Ժառանգում եւ տիրություն է անում իր երկրին անվանի իմ հայ եղբայրըՙ Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Թումանյանի ուղին շարունակողը, հայ-վրացական եղբայրության մերօրյա կամուրջն ու դրոշակակիրը:

Անցյալ դարավերջին, հենց որ Վրաստանն ու Հայաստանը վերականգնեցին անկախությունը, վրացի գրողների մի փոքրիկ խմբով առաջին հերթին Հայաստան ուղեւորվեցինք եւ կեսճանապարհին, ճիշտ եւ ճիշտ նույն առաքելությամբ ու նույն մղումներով Վրաստան եկող Լեւոն Անանյանին հանդիպեցինքՙ հայ գրողների փոքրիկ ջոկատով:

Լեւոն Անանյանը վերականգնեց եւ նորովի համախմբեց Հայաստանի գրողների միությունը:

Մի անգամ Հայաստանում, երբ հայ եւ վրաց գրողներս փոքրիկ մոտորանավակով մոտեցանք Սեւանա լճի Ճայերի կղզյակին, ականատես եղանք հեքիաթային տեսարանի. ճայերը ձագերին թաքցրին թփերում եւ ուժգին քամունՙ թեւերով սոսնձվեցին միմյանց, բանակվեցին եւ պատրաստվեցին դիմակայելու անկոչ հյուրերիս:

- Մենք, սիրելի եղբայր, հայերդ ու վրացիներս, սեփական հայրենիքի ամեն մի թիզ հողը պաշտպանելիս այս ճայերից պիտի սովորենք, ասացի Լեւոնին այն ժամանակ:

ՌԵՎԱԶ ՄԻՇՎԵԼԱՁԵ, Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիր

Գիրը քոՙ Աստծո կողմից թելադրված

«Դու իմ դրկիցն ես, իմ աչքի լույսն ես»:

Այսպես է ասել վրացին. երեւի Լեւոն Անանյանի նման հարեւան ունենալն է թելադրում այսպիսի օրհնյալ տողը, Լեւոն Անանյանի նման մարդիկ են սիրո պոռթկումով վերակենդանացնում ամայացած հոգիները: Չնայած տարիքային եւ ազգային տարբերություններին, ինձ միշտ թվում է, թե բատոնո Լեւոնին մանկուց եմ ճանաչում, ոչ թե ճանաչում եմ, այլ նա իմ հարազատ եղբայրն է, միասին ենք ոտքի ելել, քայլել, միասին հասակ առել եւ մոր կաթի հետ միասին հավատացել «Հայոս-Քարթլոսի» եղբայրությանը:

Եթե երկրի վրա շատ լինեն Անանյանի նման բարեսիրտ մարդիկ, այլեւս կչքանան ոխն ու թշնամանքը, ազգամիջյան խորթություններն ու կասկածները: Հենց Լեւոնի մասին էի մտածում, երբ Հայաստանի մասին այս տողերն էի գրում:

Քո գիրը քեզ Աստված է թելադրել,

Դուՙ քարեղեն աստվածատուն,

Դուՙ Տերություն խաչքարեղեն,

Ես միշտ կգամ գիրկը քո ջերմ,

Եղբայր իմ տառապած,

Իմ առջեւ բաց են դռները քո սրտի:

Ուրախ եմ, որ բատոնո Լեւոնի գրքի «Վայրի կակաչը» վրացերեն թարգմանության մեջ իմ անշահախնդիր աշխատանքն էլ կա: Ուրեմնՙ եկ, ընթերցո՛ղ, Վայրի կակաչի դաշտը եւ դու էլ ինձ հետ հիացիր նրա գեղեցկությամբ:

ՄԱՂՎԱԼԱ ԳՈՆԱՇՎԻԼԻ, Վրաստանի գրողների միության նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4