ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2011-11-05 | #20, 2011-11-19 | #21, 2011-12-03


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՙ ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ

ԴՈԿՏՈՐ ԺԻՐԱՅՐ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոկտեմբերի սկզբին, երբ ժամանեցի Երեւան, իմ ընկեր-ծանոթ բարեկամներն անակնկալի առաջ կանգնեցրին ինձ` տալով Անահիտ Հովսեփյանի հարցազրույցը Հալլեի համալսարանի նորաստեղծ հայագիտականի դասախոս, «Հայկական ուսմանց Մեսրոպ» կոնտրոնի վարիչ տիկին Դրոստ-Աբգարյանի հետ, որտեղ կողմնակի խոսվում է նաեւ Փոթսդամի Լեփսիուսի տան հովանավորող միության մասին: Մեր այս պարզաբանումները հասցեգրված չեն հարգելի պրոֆեսոր տիկին Արմենուհի Դրոստ-Աբգարյանին: Նա շատ լավ տեղյակ է իր անճիշտ տեղեկությունների, տարած ու չտարած «հայանպաստ» ուռճացրած գործունեության, այլՙ հայրենի ընթերցողներին, քանի որ նրանք տեղյակ եւ խորամուխ չեն Գերմանիայում տարվող անցուդարձին, դրանց բնույթի, որակի եւ քաղաքական ուղղվածության մասին:

Թվարկենք հերթականությամբ: Նախ նա «Մեսրոպ» կենտրոնի մասին խոսելիս շեշտում է «կից համալսարանին», այսինքն, քանի որ պրոֆ. Գոլցը եւ ինքը համալսարանի դասախոսներ են, ուրեմն իրենց հիմնած կենտրոնը ինքնաբերաբար դառնում է համալսարանական, ինչը սխալ է: Կենտրոնի դերը նա այնքան է ուռճացնում` շեշտելով, թեՙ «տարիներ ի վեր Սաքսոնիա-Անհալտ երկրամասում գործող «Մեսրոպ» կենտրոնը հայագիտական ուսմանց գիտահետազոտական բազմածավալ աշխատանք է կատարում` հրատարակություններ, դասախոսություններ, կոնֆերանսներ, ամառային դասընթացներ, մշակութային միջոցառումներ...», մինչեւ կենտրոնի դերն ու վաստակը Էրիք Ֆրիդլերի «Աղետ» եւ Մանֆրեդ Բլանքի եւ Մերլին Զոլախանի «Մոխրից հառնած փյունիքը» ֆիլմերում:

Թե ինչու մենք Բեռլինում եւ մյուսները տեղյակ չենք այս բուռն գիտամշակութային միջոցառումներին, սա այլ հարց է: Բացառությունը 2000-ի «Կիլիկիայի փրկված գանձերի» ցուցահանդեսն է Անթիլիասի կաթողիկոսության օժանդակությամբ, որի մասին տիկին պրոֆեսորը լռում է: Ցուցահանդեսի Կատալոգն էլ պատրաստված էր Անթիլիասի կողմից, սակայն հրատարակվեց պրոֆ. Գոլցի անունով, որպեսզի գերմանական շրջանակներում ավելի տպավորիչ լինի: Բայց գլուխգործոցը սա է. տիկին պրոֆեսորը, այնուամենայնիվ, առանց քաշվելու հայտարարում է` «Մեսրոպ» կենտրոնի կարեւոր ներդրումների մեջ պրոֆ. Գոլցի օրոք` 2005-ին Բունդսթագի ընդունած հայոց կոտորածների մասին բանաձեւն է, որն իր բառերով, պաշտոնական տաբուի խախտման առաջին լուրջ քայլն էր»: Ո՞ր տաբուի, չէ՞ որ թուրքերն էլ ընդունում են, որ կոտորած եղել է: Հարցը կոտորածի մասին չէ, այլ Ցեղասպանությա՛ն, բռնատեղահանման եւ հայրենազրկման մասին է: Այս ոճրագործություններն են, որն ըստ ՄԱԿ-ի 1948 թ. Ցեղասպանության բանաձեւի, ունեն իրավաբանական հանգամանք: Բունդսթագի բանաձեւին դեմ էր գերմանահայությունը, եւ իրենց բոլոր մեծ ու փոքր կազմակերպությունները բողոքեցին եւ մինչ այսօր պայքարում են, որ այդ բանաձեւը չեղյալ համարվի եւ նոր բանաձեւում վերոնշյալները ճանաչվեն: Ասում են ննջեցյալի մասին կամ պիտի լռել եւ կամ բարին ասել: Մենք հանուն արդարության պարտավոր ենք ճշմարտությունն ասել: Այս խնդրում իրենց մեղքի բաժինը ունեին եւ ունեն թե՛ «Մեսրոպ» կենտրոնը, թե՛ «Լեփսիուսի տուն հովանավորող միությունը» (ԼՏՄ), հանձին պրոֆ. Գոլցի, ով հարգելի տիկին պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանին առանց ընտրության, կարգ ու կանոնը խախտելով նշանակեց ԼՏՄ-ի վարչության անդամ: Մենք սա հիշատակում ենք, որովհետեւ թե՛ «Մեսրոպ» կենտրոնը եւ թե՛ ԼՏՄ-ն այն նույն քաղաքականությունն են վարում, ինչպես ուզում են ԵՄ-ն եւ Գերմանիայի ներկայիս իշխանությունները: Եվ այդ քաղաքականությունը հակահայկական է: Ոչ ոք չի ասել եւ ոչ մի տեղ գրված չէ, թե Բեռլինում հայագիտական ամբիոն կա, այլ կա հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ամբիոն, որը Ազատ համալսարանում կոչվում է Սեմինար եւ ունի հայկական բաժին: Մեծ գիտնական եւ հայ ժողովրդի բարեկամ Ժոզեֆ Մարքվարդը չի գործել որպես բանասիրության պրոֆեսոր, ինչպես տիկինն է ասում: Նա հիմանդրել է իրանական եւ հայկական ամբիոնները եւ նրա մահից հետո է վերացել եւ մաս կազմել հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության Սեմինարի, որը շարունակվելու է մինչեւ 2013 թ.:

«Հայագիտությունը Գերմանիայում» համագումարը կազմակերպել էր Բեռլինի պետական գրադարանը տիկին Մելինե Փեհլիվանյանի շնորհիվ: «Մեսրոպ» կենտրոնը հանձն առավ ելույթները հրատարակել: 10 տարի ուշացումով, երբ վերջապես լույս տեսավ այդ գիրքը, որոշ թեմաներ արդեն հնացած էին: «Հայագիտությունը Գերմանիայում» իմ զեկուցման մեջ գրել եմ` «Թեպետեւ բազմաթիվ գերմանական համալսարաններում ուսումնասիրվել է հայոց լեզուն, սակայն գոյություն չի ունեցել եւ ներկայումս էլ չկա որեւէ ամբիոն: Ժոզեֆ Մարքվարդը առաջինն էր եւ միակը, ում հաջողվեց հիմնել իրանական եւ հայկական բանահյուսության ամբիոններ: Իր մահից հետո, 1930-ին վերացավ հայագիտական ամբիոնը»: Հարգելի պրոֆեսորն իմ անունից խեղաթյուրում է իմ ասածը` փոխանցելով ընթերցողին ոչ ճիշտ տեղեկություն:

Venia Legendi (VL- Համալսարանում դասախոսելու արտոնություն): Ամեն մի համալսարան ունի իր օրենքները: Գոնե Բեռլինի պետական Ազատ համալսարանում, որը Գերմանիայի տասը էլիտար համալսարանների շարքում է եւ իր դասախոսների կազմում ունի Գերմանիայի ամենաշատ Նոբելյան մրցանակակիրներ իր շրջանավարտներից, VL չի պահանջում եւ նրանք կարող են դասախոսել, սակայն քննություն ընդունողը պետք է ունենա «doctor habilitatus»:

Ես ոչ մի հիմնադրամի օգնությամբՙ այն էլ «հնդեվրոպաբանության» շրջանակում, չեմ դասավանդել: Մեր բաժնի գրադարանին օժանդակություններ եղել են, այդ մասինՙ վերջում:

Տիկին պրոֆեսորը պատմում է տիկին Անահիտ Հովսեփյանին, թե «դժբախտաբար Ժիրայր Քոչարյանին եւ Թեսա Հոֆմանին այս տարիների ընթացքում չի հաջողվել համոզել իրենց ռեկտորատին, որ ամբիոն բացվի»: Փառք տիրոջը, որ տիկին պրոֆեսորը բարոնուհի Քոկսին չի ավելացրել այդ անհաջող խմբին: Աշխարհահռչակ գիտնական եւ հայագետ տիկին դոկտոր Թեսա Հոֆմանը ավարտել է հայագիտությունը վերոնշյալ Սեմինարում, սակայն ինչ առնչություն ունի ամբիոն բացելու կամ փակելու հետ: Հաջողակ պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանն էլ ոչ մի ջանք չի թափել այդ ուղղությամբ: Չէ՞ որ հայագիտությունը Բեռլինում իմ սեփական բիզնեսը չէ, այլ նաեւ ՀՀ-ի վարկն էՙ մի կարեւոր երկրի մայրաքաղաքում, ինչպիսին է Բեռլինը, համալսարանում ունենալ հայագիտության ամբիոն, որտեղ ադրբեջանցիները ջանք ու դրամ չեն խնայումՙ ներս սողոսկելու համար:

Բեռլինի պետական Ազատ համալսարանի պրոռեկտորը մեզ հետ բանակցելուց հետո համաձայնել էր Սեմինարը փակվելուց հետո նախ բացել lektorat, ապագայում այն ընդարձակելու, ամբիոն հիմնելու նպատակով, որի տարեկան բյուջեն նախատեսված է 48.000 եվրո, որից 24.000-ը վճարելու էր համալսարանը, 24.000-ը` հայկական կողմը: Սրա անհաջողության պատասխանատուներն են ՀՀ Սփյուռքի ու Կրթության եւ գիտության նախարարները: Սփյուռքի նախարարը, խնդիրը երկար ձգձգելուց, անճիշտ հայտարարություններով, «Երկիր մեդիայում» իմ ունեցած հարցազրույցից հետո ասաց, թե իբր խնդիրը քննարկվել է Ժ. Քոչարյանի հետ եւ հարցը ներկայացվել է ՀՀ նախագահին, ում հանձնարարությամբ 2010թ. ՀՀ պետբյուջեի նախագծի Կրթության եւ գիտության նախարարության բաժնում նախատեսվել է 7 միլիոն 769.000 դրամ եւ «չենք կասկածում, որ դա կհաստատվի եւ համապատասխան գումարը կտրամադրվի Համալսարանին» (տես «Ազգ» 23 հոկտ. 2009, էջ 3):

Ինձ հետ որեւէ խնդիր չի քննարկվել եւ ոչ էլ համալսարանը ստացել է այդ գումարը: ՀՀ ԿԳ նախարարը շուրջ 1 տարի առաջ ժամանել էր Բեռլին եւ ըստ նախարարության զեկուցագրի, DAAD-ից ստացել էր 110.000 եվրո, պրոֆ. Գոլցի միջամտության շնորհիվ Հալլեում հիմնեց հայագիտական ամբիոն, քանի որ պր. նախարարի կարծիքով «Բեռլինի Ազատ, անկախ, բաց, այսպես կոչված համալսարանները գիտական կենտրոններ չեն եւ փակվում են, փակվեն»: Ըստ երեւույթին պր. նախարարը Բեռլինի պետական Ազատ համալսարանը շփոթել էր Երեւանի Բաց համալսարանի հետ:

Հալլեի համալսարանի նորաբաց հայագիտության ամբիոնի ֆինանսավորման առնչությամբ պրոֆ.-ի պատմածը Ա. Հովսեփյանը արձանագրում է հետեւյալ կարգով` «Ես միշտ 100 %-ով ստացել եմ Սաքսոնիա-Անհալտի պետական աշխատավարձ, իսկ հայագիտության ամբիոնը սկզբում 5 տարով կֆինանսավորեն Հալլեի համալսարանը եւ DAAD-ն»... «Մի ուրիշ հարց էլ, այստեղ խոսք եղավ, որ համայնքը վճարի հայագիտակիան ամբիոնի երբեւէ ընդլայնման ծախսերը: Որքան էլ գնահատելի է Բեռլինում համայնքը կազմակերպելու ՀՀ դեսպանի պատրաստակամությունը, միեւնույն էՙ գտնում եմ, որ գերմանահայ համայնքը ոչ ֆինանսապես եւ ոչ էլ այլ կերպ այն ուժը չունի, ինչ ԱՄՆ-ում: Կարծում եմ` սա պիտի լինի պետական մտահոգություն եւ ՀՀ-ն պիտի ֆինանսավորում կազմակերպիՙ տրամադրելով ամեն տարի ասենք 25.000 եվրո»: Պրոֆ.-ի սպասելիքը շատ մեծ է. ստանում է աշխատավարձ, DAAD-ի օժանդակություն եւ սպասելիք ունի ՀՀ-ից ու համայնքից: Նշենք, որ Գերմանիայի համայնքները չեն կազմակերպվել ՀՀ Բեռլինի դեսպանատան միջոցով: Նրանք շատ ավելի վաղեմություն ունեն, քան ՀՀ-ն: Առկա է նաեւ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, որը շուրջ 40 տարի է, աշխատում է: Գերմանահայերի կենտրոնական խորհրդի վարչության ատենապետը` պարոն Ազատ Օրդուխանյանը, Սումգայիթի ջարդերի հիշատակման օրը անձամբ ինձ պատմել է, թե «համայնքներից էլ դրամ են ուզել Հալլեի համալսարանի հայագիտության ամբիոնի համար, սակայն մենք ի վիճակի չենք իրենց պահանջները բավարարելու»: Հարգելի պրոֆ.-ի ըմբռնումը համայնքի ֆինանսական կարողության եւ համեմատությունը ԱՄՆ-ի համայնքի հետ անտեղի է:

Հիշեցնելու կարգով գրեմ, որ վերջին 3 տարիներին ես աշխատում եմ անվճար, որպեսզի մի ելք գտնվի դասերը շարունակելու համար: Ինչ վերաբերում է տարբեր երկրներից նամակներ ստանալուն, որոնց հարգելի պրոֆ.-ը «շատ զբաղված» լինելու պատճառով հասցնում է միայն 10 %-ին պատասխանել, ասենք որ տասնյակ տարիներ է, ինչ ունենք այդ հարցերը եւ պատասխանում ենք բոլորին լիովին:

Մշակույթի եւ քաղաքական գործիչները Բեռլին ավելի են այցելել, քան Հալլե, եւ դա հասկանալի է, Բեռլինը մայրաքաղաք է, եւ ազատ Ազատ համալսարանն էլՙ շատ հայտնի, ուր այցելել եւ ուսանողների համար դասախոսել են Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Դավիթ Մուրադյանը իր գործընկերներով եւ Հալլե այցելած Արտակ Մովսիսյանը: Հարգելի պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանը Փոսդամում հաստատված Լեփսուսի տուն հովանավորող միության (ԼՏՄ) վարչության անդամ է նշանակվել եւ ոչ թե ընտրվել պրոֆ. Գոլցի կողմից եւ գուցե այս պատճառով էլ չի բողոքել ԼՏՄ-ի 2010թ. տարեկան ծրագրի դեմ, որն ուղեւորություն էր կազմակերպումՙ մասնակցելու Կ. Պոլսո գրավման հանդիսությունների 2010 թ. մայիսի 29-ին: Հայ մեծ երաժիշտ Կոմիտասի ծննդյան 140-ամյակի առթիվ ԼՏՄ-ն նրան «թուրք» է հորջորջել եւ խոչընդոտներ հարուցել Փոթսդամն ու Ուրֆան քույր քաղաքներ դարձնելուն: Նույն տարեկան ծրագրում երկու անգամ հստակ շեշտված է. «Մենք` այսինքն պրոֆ. Գոլցի գլխավորած պատվիրակությունը, գերմանական պետության հրահանգով եւ Թուրքիայի հրավերով մասնակցել ենք հայ-թրքական պատմության հանձնախմբին եւ բերելու ենք մեր նպաստը»: Զարմանալի է, որ տիկին Անահիտ Հովսեփյանը բնավ չի անդրադարձել ԼՏՄ-ի տարեկան այդ ծրագրին, որը Բունդսթագի որոշումից 5 տարի հետո նույն զայրույթն ու ընդվզումն առաջացրեց գերմանահայության մեջ, որոնց կողմից էլ բազմաթիվ նամակ- բողոքներ հասցեագրվեցին ԼՏՄ-ին: Թեպետ ԼՏՄ-ն մասնակցեց Կ. Պոլսի գրավման տոնակատարություններին, սակայն պարտավորվեց վերանայել 2010-ի իր տարեկան ծրագիրը:

Մյուս կողմից, «Ազգ»-ը հաճախ չի անդրադառնում Բեռլինում կազմակերպվող կարեւոր միջոցառումներին: Օրինակ, Բեռլինում հաստատված հայկական տեղեկատվության եւ փաստագրության կենտրոնի կողմից այս տարվա փետրվարից մինչեւ ապրիլի վերջը Շարլոթնբուրգի քաղաքապետի հովանավորությամբ կազմակերպվեց Հայոց ցեղասպանության լուսանկարների, իրերի, գրքերի ցուցահանդես եւ կից դասախոսություններՙ Բեռլինի Հակապատերազմական թանգարանում, որի դեմ բողոքեց ցուցահանդեսին ներկա Բեռլինում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսի տեղակալը: Բեռլինյան մամուլը անգամներ անդրադարձավ այդ միջոցառման եւ թուրքերի ապարդյուն բողոքին, իսկ «Ազգ»-ը լռեց: Ի վերջո պատշաճ էր, որ սխալներից վրիպելու համար հարցեր ուղղվեին նաեւ ինձ, քանի որ պրոֆ. Դրոստ Աբգարյանի հարցազրույցում խոսվում է նաեւ Բեռլինի հայագիտության մասին: Գուցե «Ազգ»-ը մտածում է, որ Բեռլինը չի հետաքրքրում ոչ սփյուռքին, ոչ ԿԳ նախարարին եւ ոչ էլ իր ընթերցողներին:

Համեմատական կարգով զննենք ձմեռային գալիք վեցամսյակի` 2011-2012թթ. դասախոսությունների ծրագրերը Հալլեում եւ Բեռլինում: Հալլեի համալսարանի Քրիստոնյա արեւելք եւ բյուզանդական սեմինարում ընդգրկվել են`

* ներածական դասընթաց արդի հայերենի

* գրաբարի դասընթաց, տեքստերի ընթերցում

* հայ եկեղեցու ծեսեր, շարականներ

Բեռլինի պետական Ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության Սեմինարում`

Դոկտոր Մաթիաս Ֆրից` «Պատմական եւ համեմատական լեզվաբանություն, Հայերենը որպես օրինակ»

Դոկտոր Քրիստոֆ Քոխ` «Կորյունի «Վարք Մաշտոցի» բառերի եւ դարձվածքների բառարանի կազմման աշխատանքների մասին:

Դոկտոր Ժիրայր Քոչարյան.

ա. Ներածական դասընթաց աշխարաբարի

բ. Արեւելահայերեն, 2-րդ մաս

գ. Ներածական դասընթաց գրաբարի

դ. Գրաբար` «Դավիթ Անհաղթ», 2-րդ մաս:

Ինչպես ընթերցողը նկատեց, Հալլեի համալսարանում միակ դասախոսը Դրոստ-Աբգարյանն է, իսկ Բեռլինի Ազատ համալսարանում ընդգրկված են մի խումբ դասախոսներ, տարբեր մասնագիտությամբ: Առիթից օգտվելովՙ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, որի օգնությամբ վերանորոգվեցին մեր գրքերը եւ կայունացավ հայագիտական գրադարանը, ինչպես նաեւ` Համբուրգի «Հայ եկեղեցական կանանց միությանը» (500 եվրո) եւ Քյոլնի «Հայ մշակույթի միությանը» (700 եվրո)ՙ օժանդակության, ինչպես նաեւ տիկին Սեդա Գասպարյանին (ԵՊՀ)` գրքերի առաքման համար, Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին, Բակուր Կարապետյանին, Պարույր Հայրիկյանին, ինչպես եւ «Արմավիա» ընկերությանը, որը մեզ անհրաժեշտ այդ գրքերը սիրահոժար հասցրել է Բեռլին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4