ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-11-19 | #21, 2011-12-03 | #22, 2011-12-17


ՀԱՅ ԿԻՆՆ ԻԲՐԵՎ ՍԵՄ

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Ֆրանսիական հայտնի «Պարանթեզ» հրատարակչությունը «Շեմեր» գրքով առաջարկում է մի հիանալի թարգմանություն: Սա լավ լուր է ֆրանսալեզու ընթերցողների համար, որոնք այսուհետեւ Գրիգոր Պըլտյանին կճանաչեն ոչ թե որպես բանասերի, դասախոսի, թարգմանչի կամ գրաքննադատի, այլ որպես գրողի: Սա անդրադարձ է հնաոճ, բայց տոնով արդիական պատմությանը:


Մի անգամ Լիբանանում կամ ինչպես դուրս գալ գետտոյից

«Ես գրում եմ ոչ թե հրաշքով փրկվածների լեզվով, այլ հրաշքով փրկված լեզվով, որը մահվան դատապարտվեց, մահապարտ դարձավ 1915-ին եւ դեռ տարկետման մեջ է, զարմանալիորեն կենսունակ»: Այս տողերի հեղինակը մեկն է նրանցից, ում արդարացիորեն թե անարդարացիորեն անվանում են «սփյուռքահայ գրականության վերջին մոհիկան»: Իր թարգմանչուհու կողքին նստած մարդը խոժոռում է հոնքերը: Շուրթերը սեղմած, արտաքուստ հպարտանալով, որ ձեռքին բռնել է շահարկվող լուսաբանությամբ այդ գեղեցիկ աշխատանքը, նա իր գիրքը ներկայացնում է նախապես հմայված ամեն տարիքի մարդկանց, որոնց մեջ են իր ուսանողները եւ դասախոս գործընկերները: Գրիգոր Պըլտյանը մերժում է կոչվել պրուստյան արձակի հետեւորդ վիպասան եւ մանավանդ ազգաբան: Արդյոք ինքը հրաշքով փրկվածների՞ց է: Անկասկած, նա նման գիտակցություն ունեցել է, երբ 1993-ին վերադարձել է Բեյրութի իր թաղամասը: Ավելի քան երեք տասնամյակ առաջ նա հեռացել էր այնտեղից, որպեսզի ձերբազատվի պաշտպանիչ, բայց նաեւ հեղձուցիչ պատյանից:

1967-ին երիտասարդ Գրիգորը 22 տարեկան էլ չկար, երբ իր սերնդի բազմաթիվ լիբանանահայերի նման թողնում է Արաբական Արեւելքը եւ իր գրական լեզուն, որին տիրապետում էր ֆրանսերենից պակաս չափով: Նա լքում է խաղաղ Լիբանանըՙ հպարտ իր արեւմտականացմամբ, իր կյանքի մեղմությամբ, որի մակերեսային հմայքը նրան արժանացրեց «Արեւելքի շվեյցարացի» մականվանը (Էպինայլի պատկերավոր արտահայտությունն ուժի մեջ կմնա մինչեւ 1975-ի պառակտիչ պատերազմը): Փարիզում Գրիգոր Պըլտյանն իր առաջին գրական քայլերն է անումՙ զինված երեւակայական իրականությամբ եւ շարժվելով դեպի սեփական քայքայումը: Իրականություն, որ նա չի շոշափումՙ հեռու լինելով քաղաքացիական պատերազմի կիզիչ արեւից եւ ֆոսֆորային ռումբերից: Ի դեպ, այդ անվերջանալի պատերազմն էր, որ հիմնավորեց երիտասարդ հեղինակի արդիական ու խանդավառ պոետիկան: Նրա բարեկամ Նորվան եպիսկոպոս Զաքարյանի խոսքերովՙ արդիականությունն առաջնային դերը կխաղա ննջող հայ գրականության մեջ, որը ժամանակակից է թերեւս միայն անունով:

Ինչո՞ւ սեմեր

Ի՞նչ է մնացել արեւմտահայության այդ խլյակներից, որոնք ծվարել էին թիթեղյա «երկրում», գոյատեւելով թշվառության մեջ, երբ հայերի հյուղավանները եւ միջերկրածովյան անհոգությունը կողք-կողքի էին: Ոչինչ կամ գրեթե ոչինչ: «Սեմերի» ակունքը մի առանցքային ժամանակաշրջան էՙ 1970-ականների սկիզբը: Մի փոքրիկ նահանջը բավարար կլիներ պատկերացնելու Սորբոնում փիլիսոփայություն ուսումնասիրողի, Հայ ուսանողների տան նախկին կենվորի գործունեությունը: Իր կյանքի այդ ժամանակահատվածում նա առաջին անգամ փորձում է վերադառնալ ակունքներին: Ջանասեր ուսանողի նման նա վավերագրեր է ուսումնասիրում, քարտագրում այն անձնավորություններին, որոնք 1940-ականների կեսերից մինչեւ 1960-ականների վերջերը ազդեցություն են գործել իր բեյրության մանկության ու պատանեկության վրա: Այդ առաջին ձեռագրերն արդյունք չեն տալիս: Հեղինակը բախվում է ոչ թե լեզվի, այլ խոսքի պատնեշին: Ինչպե՞ս գրական դարձնել իր կերպարների կցկտուր, չոր եւ անմշակ խոսքը: Արդ, «Լուսանկարչությունը» (հիրավի հայկական արվեստ) եւ փքուն խոսքը գլխավոր գաղափար կդառնան «Սեմում», որը Լոս Անջելեսում արեւմտահայերեն լույս տեսած յոթ հատորանոց ինքնակենսագրական պատմվածաշարի առաջին կտավն է:

«Կանելը» պատմում է ոչ թե լիբանանյան անհոգ մանկության, այլ երեք կանանցՙ երեք սեմերի ճակատագրի մասին: Նրանք արտաժամանակյա տարագրության երեք անցակետեր են ժամանակավոր կացարանով, որը պատսպարում է մահից փրկված այդ անձանց: Մորաքույր Էլմոնը, մեծ մայրիկ Վերժինեն եւ հարեւանուհի Անթիքան ակամա եւ անուղղակի վկաներն են երբեմնի կորած երկրի, դրա տարածքների եւ ավանդույթների: Սեմը անտանելի տեղ է, մարդկային եւ նյութական ամեն մի կոշտ շինություն այնտեղ դատապարտված է ձախողման:

Կյանքի վկայություն

Երիտասարդ հեղինակը իբրեւ վկա ներկայացնում է իր ճանաչած այդ կանանցՙ ժամանակից խունացած լուսանկարները դարձնելով սեփական հիշողության օգնականներ: Պատումի հիմքը նմավում է սյուժեի կերպարները ներկայացնող լուսանկարների ալբոմի: Որքան էլ տարօրինակ թվա, «Սեմերի» դրվագներից նավթալինի հոտ չի գալիս: Այդուհանդերձ առաջին մոտեցմամբ ասես առկա են բոլոր տարրերըՙ թեմայի ընտրությունը, անցյալի, հեղինակի մանկության մթնոլորտի նկարագրության համար անհրաժեշտ վերհուշի մշտական ներկայությունը: Թեեւ երբեմն զգացվում է արդեն միայն փոստային բացիկների վրա գոյութուն ունեցող Բեյրութի բույրը, որտեղ ոչ հայ կերպարները կիսում են իրենց աղքատիկ ունեցվածքը, մենք հայկական գետտոյում (առանձնաթաղում) չենք: Ճիշտ է, դա մանրամասնություն է, որը չի վրիպի սփյուռքյան այդ ավարտվող իրողությանը ծանոթ ընթերցողների ուշադրությունից: Գրքում պաթոսի բացակայությունը նպաստում է կատարելապես կառուցված պատմությանը, որի բանաստեղծական տոնն այն դարձնում է գազանման եւ օդի պես թեթեւ: Հոգեհարազատ վայրեր վերայցելելովՙ Պըլտյանը ոչինչ չի հորինում, քանզի, նրա կարծիքով, «հնարանքը ոչ թե բուն ճշմարտությունն է, այլ հեղինակի ճշմարտության մի տարբերակը»: Նրա համար կարեւորը պատումի մարդկային ընդգրկումն է. օգտագործել իր իմացածը, այլ ոչ թե փախչել դեպի ուրիշ հորիզոններ: Արդ, «Սեմերը» գրելիս նա բանաստեղծականորեն ապրել է մանկության կորուսյալ աշխարհում, որը թեեւ Եդեմ չէր, բայց մարդկության գանձ էր: Այստեղ ոչ թե Մեծ Աղետի երկարահունչ ու տաղտկալի հիշատակումներ են, այլ աքսորի պոետիկա: Սիրիայի ավազուտներում իրենց ոդիսականն ապրած այդ կանայք մահվան շունչն են զգացել նախքան Լիբանան հասնելը: Եվ այդուհանդերձ նրանք ոչ թե գոյատեւման, այլ կյանքի դեր են կատարում: Պըլտյանը այդ կերպարները նկարագրում է քնքուշ եւ որդիական սիրով, առանց հաճոյանալու կամ թերությունները թաքցնելու:

Հայ կնոջ մարմնի տեղն ու դերը

Բնույթով կանացի «Սեմերը» արտասովոր կանանց ոդիսականն է, որոնց զգայականությունն արգելակված է, ասես անդամահատված լինի մեծ Աղետից: Ակամա մայրիշխանական դարձած հետցեղասպանական փոքրիկ հասարակությունը, որը նկարագրում է հեղինակը, զրկված է տղամարդկանցից: Վերջիններս ասես լինեն ամորձատված, ներսից քայքայված կամ անկարեւոր դերերի համար նախատեսված: Այնպես որ գլխավոր կերպարըՙ մեծ մայրիկ Վերժինեն, ըստ հեղինակի (էջ 133), «Արել է ամեն ինչ. նա այրանման կին էր»:

«Ես պետք է հասկանամ դա. կնոջ այրականություն, տան, հողի, երեխաների վերահսկողություն, դրամի եւ մարմինների կառավարում, որը դարձել է յուրատեսակ չափանիշ եւ մեծ չափով հակասում է Վերժինեի դեմքի վրա առկա զուսպ եւ ներամփոփ զգայականությանը...»:

Հիշյալ երեք կանանց միավորողը նրանց այրականությունն է: Սեռազուրկ մարմիններՙ ի հետեւանք ամուսինների կորստյան, հողի լլկման, սրբությունների ոտնահարման, ինչպես նաեւ Արեւմտահայաստանի դառը ճակատագրի հանդեպ ցավալի անզորության: Հեղինակը կրկնում է հրաշքով փրկված այդ քաջարի եւ մարտնչող կանանց կյանքի դասը, որոնք ամենածանր պահերին անգամ չեն կորցնում զգոնությունը եւ իրենց ամբողջ հնարամտությունն ու ճարտարությունը գործի են դնում մահից խուսափելու համար:

Նախադեպ ստեղծող թարգմանություն

Իր գրականության դասախոսի (միաժամանակ «Սեմերի» հեղինակի) կողքին, իր համակուրսեցիների դիմաց նստած Սոնա Բեքմեզյանը ելույթ ունենալուց առաջ վարանումների մեջ է: Նա փոքր-ինչ շփոթված է իր աշխատանքիՙ «Սեմերի» թարգմանության նկատմամբ հանրության հետաքրքրությունից ու հիացմունքից: Հինգ տարվա տքնաջան աշխատանքը նրա համար եղել է «հաճելի զբաղմունք», ինչպես նաեւ հեղինակի լեզվի երկարատեւ ուսումնասիրություն (բեկված նախադասություններ, մի նոր իմաստ թաքցնող ընգծված մանրամասնություններ եւ այլն):

Եթե ֆրանսերեն տեքստի հոսունության ռիթմի եւ երաժշտականության շնորհիվ թարգմանությունը իրոք հաջողված է, ապա պատճառներից մեկը ուսանողուհու եւ նրա հայ գրականության դասախոսի երկարատեւ ու սերտ համագործակցությունն է: Վերջինս սկիզբ է առնում Արեւելյան լեզուների ինստիտուտի ասպիրանտիՙ ապագա թարգմանչուհու մի հարցադրումից. «Արեւմտահայերենով ի՞նչ կարելի է կարդալ Գրիգոր Զոհրապից հետո»:

«Սեմերի» տեքստում առկա են «հայերեններ», որոնք տարբերվում են սովորական հայերենից:

Այնտեղ գտնում ենք էրզրումի, Կիլիկիայի բարբառներ, հայկական շատ խոսվածքներ, որոնք անհարիր են գրողալեզվի ճկունություններին: Կորուսյալ երկրի այդ խոսվածքները Պրովանսի բարբառով արտահայտելու փոխարեն թարգմանչուհին հանդես է բերել ստեղծագործական մոտեցումՙ միաժամանակ հավատարիմ մնալով նախնական իմաստին: Հաջողությունն այնքան մեծ է, որ Գրիգոր Պըլտյանը ժպտալով թարգմանությունն անվանում է «իմ ստեղծագործության սփյուռք»:

Խոսքի կակազություն

Սակայն «Սեմերի» ուժը, անշուշտ, այն փաստն է, որ երկխոսությունները ոչ թե սովորական հայերենի պաթետիկ տոնով, այլ հայոց երկրի բարբառներից բխող խոսվածքներով են: Ոճերի, բանավոր խոսքի դրսեւորումների խառնուրդն առաջացնում է լեզվի կակազություն: Պըլտյանը խոսելիս չի կակազում, բայց նա Ժիլ Դելյոզի լավ ընթերցողներից է, եւ թերեւս նրա խոսքն է կակազում: Գրելիս նա կարծես փախուստի ուղի է գծում, սեփական լեզվի մեջ իրեն օտար դարձնելով, որպեսզի անձնական ոճ մշակի: Քանզի, ինչպես գրում էր Դելյոզը, «ոճը սեփական լեզվով կակազել կարողանալն է»:

Եթե օրինակներ բերենք հայերեն գրող ֆրանս-լիբանանցի սփյուռքահայ Գրիգոր Պըլտյանին, ինչպես նաեւ անգլերեն եւ ֆրանսերեն գրող իռլանդացի Բեքեթին, գերմաներեն գրող չեխ Կաֆկային եւ այլոց, ապա «Սեմերի» թարգմանության արժանիքը երկլեզվության զարգացումն է ասիմիլացիոնիստական հասարակության մեջ: Մենք բոլորս պարտավոր չենք խոսել, կարդալ ու գրել առնվազն երկու լեզվով, սակայն մեր լեզվի ներսում պետք է ունենանք մի ավելի փոքր լեզու, որպեսզի հաղթահարենք այն բեկվածքը, որը մեր սփյուռքյան պայմաններում մեզ բաժանում է հայերենից:

Դեպի հայ գրական արդիականությո՞ւն

Որքան էլ տվյալ երկը տարբերվի ժամանակակից գրական արտադրանքի անհուն միջակությունից, անտեղի կլիներ այն համարել իսկական գլուխգործոց: Զգուշանանք դյուրին հաղթանակից, ֆետիշիստական գովեստներից, որոնք սփյուռքում բազմիցս հնչում են ամեն անգամ, երբ Պըլտյանի որեւէ գիրք է հրատարակվում, անշարժ ու ցեխոտ լճակի մեջ նետված սալաքարի պես: Ճշմարիտ է, որ պատմվածքում հեղինակը ժամանակավորության հետ իր կապի միջոցով զարգացնում է նորավեպին (nouveau roman) բնորոշ պատմողական կառուցվածք, որպեսզի արտահայտի գոյություն չունեցող իրականություն, քարտեզից ջնջված բազմաթիվ տեղանքներում խոսվող լեզու: Բայց դա գրողին արդյոք դարձնո՞ւմ է արդիական: Այլ կերպ ասած, մենք գրեթե անգիտակցաբար ընդունե՞լ ենք արդյոք «Կույրերի թագավորությունում միաչքանիները թագավոր են» ասացվածքը: Տվյալ առումով այս առաջին թարգմանությունը նախադեպ է ստեղծում: Երկարատեւ աշխատանքը ողջունելի կլինի, քանզի Գրիգոր Պըլտյանին թույլ կտա ձեռք բերել նոր, ավելի մեծաթիվ եւ առավել քննադատական ու խստապահանջ ընթերցողներ: Օտարազգի ընթերցողին առաջարկվում է իրողությունը գնահատել ամենայն սուբյեկտիվությամբ:

Այդուհանդերձ, մնում է մի ցավոտ հարց, որ ամենքը խուսափում են տալ. ի՞նչ իմաստ վերագրենք արեւմտահայերենին, երբ ընթերցողների թիվը նվազում է շագրենի կաշվի պես: Պըլտյանի համար չկա ֆրանսերենին անցնելու կամ ինքնաթարգմանություն անելու հարց, ինչը կնշանակեր ծամծմել արդեն ծամված սնունդը: Ու թեեւ նա իր լեզուն համարում է հրաշքով փրկված, այդուհանդերձ, ճակատագրապաշտ չէ: Հեղինակի համար հարցը դրանից չի հեշտանում: «Իր անհետացումն ազդարարող, այն սեփական խոսքում ներառող լեզուն չի կարող անհետանալ», պնդում է նա: Գուցե դրանից ավելի լավ խույս տալու համար է, որ նա ակնկալում է այս խոսքերով եզրափակել անվերջանալի բանավեճը:

Ֆրանս. թարգմ. ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4