ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-11-19 | #21, 2011-12-03 | #22, 2011-12-17


ԵՎ ՔԱՐԵՐՆ ԵՆ ՎԱՅՐ ԸՆԿՆՈՒՄ

ԳԵՈՐԳԻ ԲՈՐԻՍՈՎ

Ժամանակակից բուլղարացի ճանաչված գրող Գեորգի Բորիսովի սույն գրությունը թեեւ գրվել է հայազգի բուլղարական գրող Սեւդա Սեւանի մահվան առթիվ, սակայն ավելին է, քան սոսկ մահագրականը: Այն մի գրական դիմանկար է, գրողի եւ մարդու խոսք իր ժամանակակից մեկ այլ գրողի եւ մարդու մասին...

«Եվ քարերն են վայր ընկնում» հոդվածի հրատարակմամբ ցանկանում ենք ընթերցողին հաղորդակից դարձնել երեք արժեքավոր անձնավորությունների հետ: Նախ եւ առաջ կրկին հիշել մեր հիանալի հայրենակցուհի, գրական եւ հանրային եռանդուն գործիչ, Հայաստանում որոշակի ճանաչում ունեցող, Բուլղարիայում Հայաստանի երբեմնի դեսպան Սեւդա Սեւանին (1945-2009)ՙ օտարագիր հայ գրողների ընտանիքի ամենավառ անհատականություններից մեկին, որն, ավաղ, մի քանի տարի առաջ անժամանակ հրաժեշտ տվեց կյանքին: Ապա, նպատակ ունենք հայ ընթերցողին ներկայացնել բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ եւ հրապարակախոս Գեորգի Բորիսովին (ծն. 1950), մի շարք հատորների հեղինակ, ինքնատիպ մարդկային նկարագրի տեր այդ բուլղարացի գրողին, որը երկու անգամ եղել է Հայաստանում (վերջին անգամՙ 2001 թվականին): Եվ ապաՙ կարեւոր ենք համարում հրատարակել Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկի համալսարանում հայոց լեզու եւ գրականություն ուսանած (դասախոսՙ Անտոանետա Անգելովա), իսկ ներկայումսՙ միջազգային հարաբերություններ ուսանող 22-ամյա բուլղարուհի Ռալիցա Մարինովայի սույն թարգմանությունը, որն աչքի է ընկնում հայերենի քաջիմացությամբ: Ի դեպ, թարգմանության շարադրանքի մեջ շատ քիչ խմբագրական փոփոխություններ ենք կատարել, ուստիեւ եթե Ռալիցան լրջորեն նվիրվի իր մասնագիտությանը, մենք Բուլղարիայում հայագիտության ասպարեզում կունենանք մեծ հույսեր ներշնչող մի երիտասարդ մասնագետ:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ


Այս առավոտ, ժամը 8:26-ին ժամանակը կանգ առավ Սեւդա Սեւանի համար:

Եթե մեզՙ կենդանի մարդկանց համար, մահը ընդհանրապես որեւէ իմաստ ունենա, ապա դա այն է, որ ժամանակը կանգ է առնում եւ հարկադրում է մեզ ուշքի գալ ու հիշել: Մանրազնին հայացք գցել մեր շուրջը եւ նշմարել այն, ինչը համառորեն ձեւացնում ենք չնկատել:

Կյանքից հեռացավ վերջին ականավոր բուլղարուհիներից մեկը:

Նա հայ էր, բայց իր հայրենիքից հետո ամենից շատ սիրում էր Բուլղարիան: Սիրում էր ավելի բուռն, ավելի ազգանվեր, քան մենքՙ ինքներս: Բուլղարիան ու բուլղարերեն լեզուն նրա համար հարազատ հայրենիք էին:

(Ինչո՞ւ, հարց եմ տալիս, այնպիսի անշնորհակալ ազգ ենք, ինչո՞ւ ենք հասել այն բանի, որ այլ մարդիկ ավելի սիրեն եւ հասկանան մեր սեփական հայրենիքը, քան մենք ինքներս):

Այժմ Սեւդա Սեւանը լոկ մի հառաչանք էՙ Ռոդոսթո, Ռոդոսթո... նրա նախնիների երկիրըՙ բնօրրանը, որը լույս աշխարհ բերեց նրան եւ որը նա վեց դար ի վեր հիշում էր: «Իմ Ռոդոսթոյից ավելի քաղցրաբույր վայր չգիտեմ եւ չեմ էլ կամենում տեսնել...»:

Եվ այսպես նա անվանեց իր կյանքի գրքի առաջին մասը: Երբեւէ չեմ մոռանա 1982 թվականը եւ «Պլամըք» հանդեսի այն էջը, որտեղ այն լույս տեսավ:

Կրքոտ ու անհաշտ անձնավորություն էր, կյանքի հանդեպ անհագուրդ, անմնացորդ տրվում էր ակնթարթին: Նա լոկ ենթակա էր սիրո եւ դա պարգեւում էր նրանց, ում արժանի էր համարում: Արհամարհում էր միջին ընթացքը, դա նրա համար մահ էր: Ուստի նա ապրում էր մի ծայրահեղությունից մյուսը եւ այդպես էր չափում ժամանակը:

«Ռոդոսթո, Ռոդոսթո», «Ինչ-որ տեղ Բալկաններում», «Դեր Զոր»ՙ նրա անցյալ եւ ապագա կյանքի գրքի երեք մասերը արժանացան բազում հրատարակությունների ու թարգմանությունների, վերածնեցին նոր բուլղարական վեպի ավանդույթներն ու հետայսու էլ պարզերես են անելու մեր գրականության դեմքն աշխարհի առջեւ:

Այժմ, երբ նա արդեն միայն անմահ է, գիտակցում եմ, թե որքան համեստ մարդ էր ըստ էությանՙ իր տիրողականությամբ եւ ծայրահեղությամբ հանդերձ:

Նրան պիտի հիշեմ ոչ միայն որպես ամենագեղեցիկ, բանիմաց ու խոհեմ կանացից մեկը, որոնց տեսել ու լսել եմ: Կլանված ու հաճույքով եմ լսել միշտ նրա մեղրաբույր խոսքը: Անախորժ բառ ինձ չէր ուղղել, բայց ծանր ու արդար խոսքՙ այո: Նա մարդկանց այն տեսակից էր, որոնք ծնվում են ստեղծագործելու համար: Թեկուզ եւ թույլ (ինչպես նա էր բնութագրում իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն), սակայն նա հավատարիմ մնաց դրա անվանըՙ «Քար քարի վրա»: Ուստի, հետեւողականորեն, մեթոդաբար, հնաձեւորեն եւ նահապետականորեն կերտեց իր կյանքն ու ստեղծագործությունըՙ հայկական քարերով բուլղարական հողի վրա:

(Նրա երազանքն էր կրել ամբողջ Հայաստանը ամենուր համայն աշխարհում, որտեղ բնակվում էր, որպես հարազատ վայր... բուլղարերեն լեզվով...):

Այսուհետեւ խիստ զգալու ենք նրա բացակայությունը եւ հույժ կարոտելու ենք նրան: Մեր առկա համածավալ ավերվածության նողկալի եւ ստոր ժամանակներում, նա հիրավի անձնավորություն էր: Շատ պահանջկոտ էր այլոց նկատմամբ, բայց եւ առատաձեռն էր նրանց հանդեպ, ում ընդունում էր: Վրդովեցնում էր ապաշնորհներին, բայց խրախուսում ու ոգեւորում էր տաղանդավորներին եւ հավատում էր նրանց այնպես, ինչպես իրեն էր հավատում, որովհետեւ ինքը մեծ տաղանդ էր: Նա ծնվել էր կախարդական փայտիկով: Գիտակցում էր իր շնորհի ուժը եւ շատ էր տխրում ու տանջվում, երբ դադարում էր գրել: Եվ ինչպես նա իր մեջ ժողովուրդների մեծ եղբայրության հիմնաքար էր զետեղել, այնպես էլ նա պատրաստակամ էր դրա փլուզմանըՙ հանուն դրա ապագայի:

Դե, խորտակվեց, մինչեւ վերջ տրվեց: Մեծ դառնությամբ ու անհուն անհագությամբ: Այժմ, լոկ Յավորովի նման հանճարը կարող է գովերգել մեր վրա գահավիժող հերթական բեկորից առաջացած ցավը:

«Իմ Ռոդոսթոյից ավելի քաղցրաբույր վայր չգիտեմ եւ չեմ էլ կամենում տեսնել...»:

Այսօր նա այնտեղ է: Այսօր միայն մի Ռոդոսթո է... թող նրա պայծառ հիշատակը ընդմիշտ վառ մնա եւ թող Աստված թողություն շնորհի նրան:

Ուստիեւ երբ ժամանակը վերջնականապես սխալ է ընթանում, նրան հաղթելու միակ միջոցն այն կանգնեցնելն է:

Մայիս 16, 2009, 8,26

Բուլղարերենից թարգմանեց ՌԱԼԻՑԱ ՄԱՐԻՆՈՎԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4