ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2011-11-19 | #21, 2011-12-03 | #22, 2011-12-17


ԴԱՐՁՅԱԼ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՄԱՍԻՆ

Հակոբ Ծուլիկյան

Արշիլ Գորկուն նվիրված «Ազգ. Մշակութային հավելվածի» հրապարակումների առաջին ծավալուն շարքը (նկարչի ծննդյան 100-ամյակի առիթով) ամերիկյան արվեստաբանության մոտեցումներ-մեկնաբանություններն էինՙ Գորկու նկարչության արվեստինՙ խորը, բազմաշերտ ուսումնասիրություններ, որոնք նորություն էին մեզանում մատուցման եղանակով եւ հատկապես ոճական եւ լեզվամտածողության առումով, եւ որոնց հայերեն ներկայացման համար շնորհակալ ենք թերթի աշխատակից Հակոբ Ծուլիկյանին: «Ազգը» առհասարակ ուշադիր է արտերկրի իրականության մեջ ստեղծագործող հայ արվեստագետների նկատմամբ: Նրանցից ամենանշանավորինՙ հայ նկարիչ Արշիլ Գորկուն առնչվող յուրաքանչյուր նորության ցարդ արձագանքել եւ տեղեկացրել ենք: Ինչպեսՙ անցած տարի Ֆիլադելֆիայում, Լոս Անջելեսում եւ Լոնդոնում կազմակերպված Գորկու հետահայաց երեք ցուցահանդեսները եւ այդ առիթով տպագրված կատալոգի առաջաբանից հատվածների ներկայացումը մեր էջերում:

Միացյալ Նահանգներում միայն վերջին տարիներին լույս տեսան մի քանի ծավալուն հատորներՙ Արշիլ Գորկու արվեստին նվիրված: Մինչդեռ մեզանումՙ ոչինչ. մեղմ ասածՙ անպատվաբեր է: Շնորհակալ ենք Շահեն Խաչատրյանին եւ Փառեն եպս. Ավետիքյանին տրամադրած գրականության համար, որից կատարված թարգմանությունները մեր հնարավորությունների սահմաններում, ցավում ենք, հատվածաբար են:

«Ազգի» հրապարակումների այս վերջին շարքըՙ Մեթյու Սփենդերի «Այծերը տանիքի վրա» վերջին գրքից, փաստերով եւ ուշագրավ տեղեկություններով հագեցած նորություններ ենՙ ոչ միայն Գորկու նամակներին առնչվող: Սփենդերի բացահայտումն այս առումով կարծում ենք շփոթմունքի կամ վերաբերմունքային փոփոխության առիթ չի կարող լինել: Արշիլ Գորկու արվեստի անանց արժեքըՙ ինքնիրմով արդեն հաստատված եւ ժամանակներին է այլեւս հանձնված:

Այս հրապարակումները ուշագրավ են հատկապես Արշիլ Գորկու մարդկային հմայիչ կերպարի բացահայտման տեսանկյունից: Որքան էլ նկարիչը բաց-անկեղծությամբ կտավներին է հանձնել իր հոգու ամեն շողարձակումՙ լույս ու ստվեր, տագնապ ու ցավ, միեւնույն էՙ Գորկու մտերիմների այս տպավորությունները, հիշողություններն ու վկայությունները մեր ներսում արձագանքվում են արտակարգ հուզականորենՙ վերստին արթնացնելով անբացատրելի ու հարազատ այն զգացումը կարոտի, որը մեզ է փոխանցում անդրօվկիանոսյան այն ափում ապրած, ստեղծագործած, տառապած ու ողբերգականորեն կյանքին հրաժեշտ տված մեծ հայի թախծոտ հայացքի գունավոր երազը:

Մ. Բ.


Վերջաբանի փոխարեն

Սկիզբըՙ նախորդ համարներում

Ինչ վերաբերում է Գորկու գրած նամակներին, բացի մեր առաջաբանում մեջբերած բանասեր Հայր Գրիգոր Մագսուտյանի մանրակրկիտ վերլուծություններին, պետք է նշել, որ տարբերությունները ոչ միայն բովանդակությանն են առնչվում, այլեւ ամսաթվերին: Կան նամակներ, որոնց բնագրերի թվականները չեն համապատասխանում հայերեն ցարդ տպագրված նամակների թվականներին, կամ էլ հակառակը: Ըստ երեւույթին, դրանք կամ ոչնչացվել են հետագայում, կամ էլ անհետացել են անորոշ հանգամանքներում: Հնարավոր է նաեւ, որ դրանք լինեն այն խմբաքանակի կազմում, որ ըստ Հայդեն Հերրերայի, հանձնված են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանին: Նամակները նաեւ ծավալներով նման չեն իրար: Բնագրում կան երկար նամակներ, որոնք Կարլենի գրչի հարվածով կրճատված են, կան նաեւ այնպիսիք, որոնք բնագրերից ավելի երկար են: Ինչեւէ: Պարզապես գաղափար տալու նպատակով ստորեւ հրատարակում ենք մեկ նամակի երկու տարբերակները:

 

Գորկու բնագիր նամակը.

 

Երեքշաբթի երեկոյեան

ապրիլ 18, 1938

Իմ Ամէնա սիրելիներս

Վարդուշ ջան

Ստացայ քո սիրուն նամակը, ուր գրած էիր որ Տէյվիս եւ Բասվուրդ[?] այդ տեղ ճաշկերոյթի կուգան, շատ լաւ եւ ուրախ ժամանակ ունեցէք եւ իմ յատուկ բարեւներս տւէք Mr. Davisen [Davisին], եւ ես նրան մօտիկ օրեր կը տեսնեմ երբ այս տեղ վերադառնայ:

Անուշիկ, իմ կողմից Կարլենի երկու երեսներ համբոյրիր անմիջապէս եւ ըսէ նրան որ անգըլ [uncle] կուգայ եւ նրան շատ լաւ նկարներ կը բերէ, որոնք շատ երկար ժամականներէ [ժամանակներէ] ի վեր որ հաւաքած եմ յատուկ իմ շատ սիրուն եւ սիրելի Կարլենի համար:

Անուշիկներս, իմ անմիջապէս չի գալու պատճառ ուրիշ ոչինին [ոչինչ] է, այս [այլ?] ասոնք որոնք ձեզ կը գրեմ. նախ որ իմ ստուտիօյի տէր ինձ ամիս մը առաջ ասած է, թերեւս որ ես տեղաբոխուիմ, եթէ նրանք այդ տուն քանթեն: Թեռ ոչինչ չեմ լսած: Եւ ես մի քանի անգամ է որ նրանց հարցնում եմ: Յետոյ այս կառաւարութեան գործն էլ մարդ չի հասկնար: Այսինքնՙ [Our Project]:

Մեր շաբաթավարցեր 5 տօլար կտրած են, բայց այդ էլ այնքան գործի չի անցեր: Ապա ես սպասում էի որ World՛s Fairի մէջ ինձի խոստացած էին մի ուրիշ գործ մը տալու: Այս բոլորից զատ ես օգոստոսի մէջ 2 շաբաթի համար այդ տեղ կուգամ ձեզ տեսնելու: Իրաւապէս ձեզ բոլորըդ կարօտացել եմ:

Սիրելի Վարդուշ, այս օր շատ նկարեցի, այնպէս որ իմ ծունկերս դողում են կանգնելուց: Թէ նկարճութիւն շատ դժուար բան է եթէ գիտնայի, չի պիտի ըսկսէի: Բայց այդ էլ գլուխ ցաւանք է. կարծես թէ ես նրան համար ծնուած էի:

Այո, այս ամբողջ օր դուք միշտ աչքերուս կոպերի վրայ կանգնած էք:

Դէ, երբեմն էլ մտածում էի, որ դու եւ Մուրատ եւ Կարլեն հոս էիք եւ միշտ էլ տխուր երգեր էինք երգում: Եւ ես նկարում էի մի նկարըս: Աչքերուս ճիշտ տերեւի ձեւ տւի եւ այս երկու տերեւներս իրարու միշտ «Այո» «Այո» էին ասում: Ես շատ տխուր եմ: Գլխուս մազերը բոլոր կտրած եմ այսկէ մի ամիս առաջ եւ ճիշտ մի գիւղածի եմ նմանում: Դրա համար էլ նկարումՙ ես, Վարդուշ ջան, երկար մազեր էլ հէչ չեմ սիրում: Երբ այդ տեղ գամ, անուշիկս, քեզ կը նկարեմ, եւ մայրիկին մի շատ հրաշալի նկար եմ գծեր չարքոլով [charcoal] եւ շատ ժամանակ տալով: Շատ հաջող է: Երբ գամ քեզ կը բերեմ:

Սիրելիներս, իմ մասին բնաւ միք մտածեր: Ես լաւ եմ, աշխատում եմ: Իսկ այդ ցուցահանդէս որ Մատերն Միւզէ [Modern Museum of Art] Բարիզ ուղարկեց, Լենորան որ Բարիզն է յիմայ իմ ընկերուհին ինձ գրած էր որ Բարիզի թերթեր իմ նկարած ամէնն էլ լաւ [շատ?] են հաւանել, եւ գրած են որ Արշիլ Կօրկին Ամերիկայի ամէնա օրիջինալ նկարիչն է: Յետոյ այդ նկար տպուած է Բարիզի եւ ամբողջ աշխարհի ամէնալաւ նկարչական մակազինի [magazine] մէջ, որի անունն է Cahiers d՛art:

Գիտես ես միշտ առնում [?] եմ Բիքասօի գործեր տեսնելու համար: Ուրախ եմ որ Բիքասօյի նկարս դրած ես: Վարդուշ ջան, Ագապից ի՞նչ լուր ունիս: Արդեօ՞ք Մուրատ չի կրնայ մի քործ առնել նրան, այսինքնՙ Մկրտիչին, Պօստոնի խանութի թրաքների [trucks] վրայ: Թող Տէյվիզին [Davis] անգամ մը հարցնէ:

Ուրախ եմ որ ընկերներ եւ ընկերուհիներ ունիս: Շատ լաւ է, ջանիկ. այդպէս լաւ է:

Սիրում ես աղչի

Օֆ հա՜, հա՜ սիրում եմ.

Դու էլ քո[ս] սէրն էլ:

Սիրում եմ ամէնակարօտալի համբոյրներով Ձեզ.

Մուրատին էլ, Կարլենին էլ իմ կողմից համբոյրիր:

Շուտ շուտ գրիր: Ես էլ կը գրեմ շուտովՙ քեզ տեղեկութիւն տալու համար իմ գալուս:

Ջերմագին եւ քրկախառն համբոյրներով

Ձեզ միշտ սիրող եւ Ձեր մասին միշտ մտածող եղբայրդՙ Կօրկի

 

Նույն նամակի Կարլենի խմբագրած տարբերակը

 

Ապրիլի 18, 1938, Նյու Յորք

Ամենասիրելիներս,

Վարդուշ, թանկագինս,

... Անուշիկս, իմ կողմից համբուրիր Կարլենի երկու այտերը եւ իսկույն ասա նրան, որ իր քեռին կգա եւ իրեն կբերի շատ հրաշալի նկարներ, որ հավաքում էի բավականին երկար ժամանակ: Ես դրանք հատկապես իմ գեղեցիկ ու սիրելի Կարլենի համար էի հավաքում:

Թանկագին Վարդուշ, այսօր այնքան լարված եմ նկարել, որ ծնկներս դողում են երկար կանգնելուց: Նկարչությունը տանջալիորեն հոգնեցուցիչ գործ է: Եթե իմանայի, ապա երբեք չէի մտնի դրա մեջ: Այնուամենայնիվ, մտքիս տագնապներն ու տանջանքները մղում են ինձ գիտակցելու, որ ես պետք է որ ծնված լինեմ արվեստի համար տառապելու:

Իսկապես ամբողջ օրվա ընթացքում բոլորդ աչքիս առաջ եք: Իրականում ինձ թվում է, որ դու, Մուրադը եւ Կարլենը այստեղ եք եւ տխուր երգեր ենք երգում, մինչ ես նկարում եմ: Մազերս կտրել եմ մեկ ամիս առաջ եւ հիմա գյուղացու եմ նման: Այդ պատճառով էլ, Վարդուշ, թանկագինս, նկարներումս երկար մազեր չեմ պատկերում: Երբ գամ այդտեղ, անուշիկս, կնկարեմ քեզ: Ածխամատիտով նկարել եմ մայրիկի անգին նկարը: Այն զգալի ժամանակ պահանջեց եւ չափազանց հաջող է: Կբերեմ, երբ գամ:

Ես սիրում եմ քեզ: Կարոտում եւ համբուրում եմ բոլորիդ: Շուտով կգրեմ, թե երբ եմ գալու: Ջերմ եւ գրկախառը համբույրներ: Ձեզ բոլորիդ միշտ սիրող եւ մշտապես ձեր մասին մտածողՙ

Քո եղբայր

Գորկի

 

Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են: Նշենք միայն, որ բնագրում փակագծերի մեջ եղած բառերն ու հարցականները Հայր Մագսուտյանի գրչին են պատկանում: Նաեւ այն, որ ուղղագրական սխալները թողնված են այնպես, ինչպես Գորկին ինքն է գրել: Եվ անցնելով առաջ, ցանկանում ենք անդրադառնալ Գորկու ընտանեկան կապերին:

Գորկու կյանքի եւ ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածների թարգմանությունը, չափազանց հետաքրքրական լինելով հանդերձ, նաեւ որոշակի դժվարություններ ուներ: Հատկապես 2005 թվի թարգմանությունների ժամանակ, երբ ձեռքի տակ դեռ չունեինք համապատասխան տվյալներ կամ գրականություն Գորկու ընտանեկան կյանքի մասին, անգլերենի uncle, aunt, niece, nephew, cousin եւ ազգակցական այլ բառեր (որոնք անգլերենում մեկ բառ լինելով թե՛ հորական եւ թե՛ մորական կողմի անձնավորությունների համար, հայերենում ունեն երկու տարբեր բառերՙ հորեղբայր-մորեղբայր, հորաքույր-մորաքույր եւ այլն), շփոթմունք էին առաջացնում: Այդ իսկ պատճառով, հետագա ուսումնասիրողներին եւ Գորկու արվեստով զբաղվողներին խնայելու, նման շփոթմունքը հստակեցնելու նպատակով ձեռնարկեցինք կազմել Գորկու ընտանեկան տոհմածառի (տեսՙ կից էջը) բավական աշխատատար գծապատկերըՙ հիմնվելով հատկապես Հայդեն Հերրերայի եւ Մեթյու Սփենդերի համապատասխանաբար «Արշիլ Գորկի: Նրա կյանքն ու ստեղծագործությունները» եւ «Այծերը տանիքի վրա» հատորների վրա: Մեծապես երախտապարտ ենք նրանց: Հատուկ շնորհակալություն նաեւ ՀՊՄ համալսարանի դասախոս Անի Մինասյանին համակարգչային գծապատկերը պատրաստելու համար: Հավակնություն չունենք բոլորովին, որ գծանկարը ամբողջական է կամ անթերի, բայց վստահ ենքՙ առաջին փորձն է, քանի որ ցարդ ոչ մի տեղ (գիրք թե ալբոմ) չենք հանդիպել Գորկու ընտանեկան կազմի վերաբերյալ նման խմբավորման: Կանխահայտ շնորհակալությամբ ընդունելի են լինելու հավելումներն ու հիմնավորված ճշգրտումները:

Մինչ այդ գծապատկերին անդրադառնալը, անհրաժեշտ ենք համարում կատարել մի քանի պարզաբանումներ:

(Ա) Ոստանիկի հայրըՙ Սեդրակ Ադոյանը նախքան Շուշանի (Գորկու մոր) հետ ամուսնանալը, Լյուսի Ամիրխանյանի հետ է ամուսնացած եղել եւ ունեցել է մի որդիՙ Հակոբ եւ մի դուստրՙ Յուղաբեր անուններով: Շուշան Տեր-Մարտիրոսյանից ունեցել է երկու դուստրՙ Սաթենիկին եւ Վարդուշին եւ մեկ որդիՙ Ոստանիկին:

Շուշանի մահվանից հետո Փրովիդենսում (ԱՄՆ) ամուսնացել է երրորդ անգամ 20-ական թվականներին, մի կնոջ հետ, որն արդեն 2 զավակի մայր է եղել, բայց վատառողջ եւ մահացել է 1933 թվին: Այս երրորդ կնոջ մահվանից հետո Սեդրակը 1934-37 թվերին ապրել է Ագապիի (Շուշանի առաջին ամուսնուց եղած դուստրը) հետՙ Ուոթերթաունում: Մահացել է 1947-ի դեկտեմբերի 30-ին:

(Բ) Սեդրակը ԱՄՆ է տեղափոխվել 1906-ին: Երկու եղբայրներըՙ Գրիգորը եւ Միսաքը 1896-ից արդեն ԱՄՆ-ում են եղել, բայց ոչ մեկը եւ ոչ էլ մյուսը չեն կարողացել այնքան փող վաստակել այնտեղ, որ ընտանիքի մյուս անդամներին եւս փոխադրեն ԱՄՆ: Միսաքը ԱՄՆ-ում մահացել է պալարախտից, իսկ Գրիգորը երբ Հայաստան է վերադարձել որոշ ժամանակ անց, նկատելի է եղել, որ նա միեւնույն հագուստներն է կրում, ինչ մեկնելու ժամանակ:

(Գ) Սեդրակի քույրըՙ Եղիսը եղել է շատ գործնական եւ ազդեցիկ կին ընտանիքում: Ունեցել է 2 որդի, 1 դուստր եւ երկու թոռ: Գծանկարում տեղի սղության պատճառով այս մասին չի նշված: Որդիներից մեկըՙ Գեւորգ Կունդակյանը Խորգոմում Արշիլի դասատուն է եղել:

(Դ) Ոստանիկի մայրըՙ Շուշանը 14 տարեկանում առաջին անգամ ամուսնացել է շատախցի Թովմաս Բրուտյանի հետ եւ ունեցել է երկու դուստրՙ Սիմային եւ Ագապիին: Երկու թուրքեր 1895-ի նոյեմբերին (կամ 1896-ի հունիսին), բնակարան ներխուժելով եւ «քրիստոնյա շուն» բղավելով, սպանել են Թովմասինՙ Շուշանի աչքերի առաջ, կտրելով նրա կոկորդը:

(Ե) Շուշանի ամենափոքր եղբորըՙ Նշանին 1903-ին 16 տարեկանում սպանել են քրդերը, եւ դաշունահարված մարմինը թողել տան շեմին: Դրանից մի քանի օր առաջ նրան առեւանգած են եղել: Ըստ մոր կասկածների, Նշանը մի քուրդ աղջկա է սիրահարված եղել եւ դա աններելի հանցանք է համարվել: Աղջկա եղբայրը վրեժ է լուծել: Դրանից ընդամենը 5 տարի առաջ Շուշանի մայրըՙ Համասփյուռն էր այրիացել: Առաքելական եկեղեցու քահանաների երկար գերդաստանի վերջին շառավիղինՙ Սարգիսին, թուրքերը Վանի եկեղեցու դռանն էին մեխել: Ամուսնուց հետո որդուն եւս կորցնելը նյարդերը քայքայել են եւ, չդիմանալով ցավին ու չանսալով մտերիմների հորդորներին, Համասփյուռը հրդեհել է Չարահան Սբ Նշան եկեղեցին: Չարահան է կոչվել ի պատիվ 5-րդ դարի Եղիշեի, որը խելագարությունից մարդկանց փրկելու կարողություն է ունեցել: Հրդեհից եկեղեցու միայն խորանն ու հարակից փայտյա մասերն են վնասվել, բայց դրանով վերջ է գտել Տեր-Մարտիրոսյանների կապը եկեղեցու հետ:

(Զ) Շուշանը երկրորդ անգամ 19 տարեկանում ամուսնացել է 35-ամյա Սեդրակ Ադոյանի հետ: Ամուսնությունը կարգադրել է Շուշանի եղբայրըՙ Մովսեսը: Ըստ այդ կարգադրության, ընտանիքները համաձայնել են, որ Շուշանը իրեն կպահի միայն երեքամյա Ագապիին, իսկ չորսամյա Սիմային կտեղավորի Վանի Ամերիկյան միսիոներական որբանոցում: Սիման այնտեղ էլ վշտից մահացել է:

(Է) Վանի ազատագրումից հետո Արշիլի մորեղբայր Ահարոնը, Այգեստանից վերադառնալով իրենց գյուղը, գտնում է եւ թաղում իր եղբորՙ Մովսեսի երկու որդիների դիակները:

(Ը) Խորգոմում սպանվել են նաեւ Արշիլի հորեղբայր Գրիգորը, հորաքույրըՙ Եղիսը, վերջինիս դուստրը եւ դստեր երկու որդիները, ինչպես նաեւ Եղիսի որդիներից Ռուսը (Ռուստա՞մ) եւ նրա հինգ զավակները:

(Թ) Սեդրակի հետ ամուսնանալուց հետո Շուշանի հարաբերությունները Սեդրակի եղբորՙ Գրիգորի եւ նրա կնոջՙ Պայծառի հետ «թշնամական» են եղել:

(Ժ) Վանից Էջմիածին տեղափոխվելուց հետո Շուշանի քույրերըՙ Նվարդն ու Եվան մահացել են խոլերայից:

Իսկ այժմ ծանոթացեք խնդրեմ տոհմածառի հետ:


Նկար 1. Գորկին Կարլենի հետ

Նկար 2. Գորկու կինըՙ Ագնես Մագրուդեր «Մուկուչ»

Նկար 1. Գորկու դուստրըՙ Մարոն

Նկար 1. Գորկու դուստրըՙ Նատաշան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4