Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ կառուցված առանձնատանն անցորդները մի հայացք են գցում, կարդում ցուցանակըՙ ցուցասրահ-արվեստանոց, հետո ավելի հետաքրքրասերները բակի բնակիչներին հարցնում են, թե ինչ շինություն է, ումն է: Պատասխանում ենՙ Զուլումինն է: Որոշ անցորդներ պատասխանից հոնքերն են բարձրացնում, շատերը հարցական նայվածքով փորձում են կռահելՙ ձե՞ռք առան, թե՞ իրենք վատ լսեցին, մի քանիսին էլ հետաքրքրում է, թե ներսում ինչ կա:
Իսկ ներսում ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի բնակարան-արվեստանոց ցուցասրահն է: Այստեղ նա ապրում է արդեն 24 տարի, անհատական ցուցահանդեսներ կազմակերպում հենց սեփական հարկի տակ: Ինքն իր համալիր-բնակարանին դղյակ է ասում: Այստեղ է ամփոփված նրա աշխարհը: Հազվադեպ է դուրս գալիս. տունն է ձգում: Շուտ-շուտ բակ է դուրս գալիսՙ կատուներին խնամելու ու կերակրելու: Հյուրեր էլ է ունենում, այս օրերինՙ դռան զանգն ավելի հաճախ է հնչում, որովհետեւ վերջերս է լրացել ծննդյան 80 ամյակը, ու հոբելյանը հիշողները գալիս ենՙ շնորհավորելու վարպետին: Իսկ ընդհանրապես մենակ է ապրում իր հսկայական տանը:
- Վարպետ, ինչո՞ւ մենակ. այդպե՞ս է ստացվել, թե՞ Ձեր ցանկությունն է:
- Ես եմ ուզում մենակ ապրել. սա մենակություն չէ, սա ազատություն է: Մարդ պետք է իր ներսում անասելի ազատ լինի, որ կարողանա մեն-մենակ ապրել ու հաճույք զգալ դրանից, ոչ թե ձանձրույթ: Առհասարակ ես շատ քիչ եմ քնում, գիշերները տան բոլոր լույսերը վառում եմ, բարձրանում վերնահարկ ու ծափ տալիսՙ բարձր-բարձր: Ուրախանում եմ, որ այս ամենը ինքս եմ ստեղծել, իմ աշխատանքով, ոչ թե պատվերով նկարչությամբ, այլ հոգու կտավներով: Ինքս ինձ ծափահարում եմ, ասում եմՙ ապրես, Զուլում ջան:
- Անցյալը հաճա՞խ եք վերհիշում այդ պահերին:
- 80 տարի արդեն ապրել եմ, պատկերացնո՞ւմ եքՙ ինչքան հիշելու բան կունենամ: Բա չհիշե՞մՙ ոնց դարձա մեր էն լավ տղերքի խաչեղբայրը: Մի օր «Մոսկվիչով» ես, Ֆրունզե Դովլաթյանը, Ֆրունզիկ Մկրտչյանն ու Խորեն Աբրահամյանը գնացինք Էջմիածին ու այնտեղ նրանք կնքվեցին, ես էլ խաչեղբայրն էի: Մի մեքենա մարդ ընդամենըՙ սուսուփուս: Այն էլ այդպիսի ճանաչված տղերքՙ արտիստներ: Իսկ հիմա 500-600 հոգով կնունք են անում: Բա եղա՞վ:
- Ճանաչված ու սիրված շատ արվեստագետների եք տեսել, ամենաթանկ հիշողությունները կպատմե՞ք:
- Ինձ համար ազգային թեման ամենաթանկն ու ամենահարազատն է: Դրա համար էլ այն իմ ստեղծագործության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում, դրա հետ կապված մասնագիտական հիշողություններըՙ նույնպես: Ես Եղեռնի թեմայով շարքեր ունեմ: 1957 թվականին մեծ նիստ եղավ: Հայտնի նկարիչներ էին նստածՙ Կոջոյանը, Գյուրջյանը, Արա Սարգսյանը, նախագահը Մարտիրոս Սարյանն էր: Ինձ տեղեկացրին, որ պետք է խոսք ասեմ: Մի ճմռթված թղթի վրա հանպատրաստից գրեցի ելույթս: Եսՙ ջահել տղա, բայց ինչ ոգեւորված էի, ինչ համարձակ, ինձ մեր մեծերն էին լսելու, որոնք արդեն տեսել էին եղեռնի թեմայով գործերս: Վեր կացա ու մի բոցաշունչ ելույթ կարդացիՙ ամբողջը կոտորածի ու մեր ազատագրական կռիվների մասին: Ահա, սա էլ ելույթիս սղագրությունը (ցույց է տալիս տան պատին փակցված մատիտագիր թուղթը): Գիտեք, որ մանավանդ նման միջոցառումներն աննկատ չէին անցնում: Շատ բաներ արգելվում էին, բայց, ճիշտ ասեմ, եթե արվեստագետն ուզում էր իր ասելիքն ասել, ելքեր ու միջոցներ գտնում էր: Իմ «Զեյթունցիներ» կտավը սովետի ժամանակ ռուսները բացիկ դարձրին, ի՞նչ է, նրանք չգիտեի՞ն ինչ եմ պատկերել:
- Վարպետ, 80 ամյակի շեմին ստացաք ժողովրդական նկարչի կոչում, ուշ չէ՞ր:
- Ես էլ ձեզ եմ հարցնումՙ ուշ չէ՞ր: 40 տարեկանում ստացել եմ վաստակավորի կոչում, համարյա 80-ումՙ ժողովրդականի: Թեեւ, ասեմ ձեզ, մարդուն գնահատելը երբեք ուշ չի լինում, բայց լավ կլինիՙ ժամանակին լինի: Հիմա էլ ինձ կանչում են Ռուսաստանից, ուզում են, որ այնտեղի ակադեմիայի անդամ դառնամ: Չեմ ուզում, բա սազո՞ւմ է ինձ այս տարիքում կոչումների, թոշակների հետեւից ընկնել:
- Եղե՞լ եք Ձեր պապերի երկրումՙ Արեւմտյան Հայաստանում:
- Չէ, չեմ եղել, շատ հնարավորություներ են ստեղծվել, բայց չեմ գնացել: Պետք է ցանկությունը ներսիցս, հոգուցս գա: Իսկ հոգուս ցանկությունն է, որ ես մեն-մենակ իմ մեքենայով գնամ Սասուն ու Մուշ. սպասում եմ ճանապարհները բացվեն: Իմ նկարներում իմ սպասելը կա, երեւում է: Դրանցից շատերը շատ ջահել ժամանակ եմ նկարել, բայց ի՜նչ ցավ կա ներսում: 60-ական թվականներին գյումրեցի երիտասարդ նկարիչներ Եղեռնի թեմայով նկարել էին, շնորհքով էլ երիտասարդներ էին: Ասացիՙ տղերք, մի արեք էդ բանը: Ախր մինչեւ գաղթականի զավակ չլինես, չես կարող էդ ողբերգության, կարոտի, ցասումի իրական նկարագրությունը տալ: Մինչեւ տատիդ թոնրում վառած չլինեն, պապիդ ու նրա եղբայրներին սպանած չլինեն, 50 հոգանոց գերդաստանդ ոչնչացրած չլինեն, չես կարող էդ մեծ ցավն զգալ ու զգացածդ նկարել: Նկարը տառապանք է, նկարելըՙ տառապել:
- Վարպետ, բայց կա նաեւ ժառանգական հիշողություն, որ փոխանցվում է սերնդեսերունդ, մեր արյան հետ: Դրա համար էլ այդ ցավն ու ընդվզումն անգամ երեխան է զգում ու ապրում: Համամիտ չե՞ք:
- Այո, դա ժառանգաբար է անցնում, անգամ եթե եղեռնազարկ պապ ու տատ չես ունեցել: Հիշում եմ, երբ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպում կարդացի տատիս գյուղի անունըՙ Խաս, երակներումս տարօրինակ կերպով արյունը սկսեց եռ գալ. ես հո չէի՞ եղել այդ գյուղում: Բայց մեջս արյան կանչը խոսեց:
- Ինչո՞ւ է Ձեր անունը Զուլում:
- Բա էսքանից հետո ի՞նչ լիներ. պապս ու հայրս զուլում են տեսել, հայրս էլ անունս Զուլում է դրել:
- Ծանր է եղել Ձեր ծնողների ճակատագիրը, բայց երեխաներին լավ կրթություն են տվել: Ձեր տանը շատ գրքեր կան, շա՞տ եք կարդում:
- Այո, մինչեւ չկարդեմ, չեմ քնի: Լարոշֆուկոն, Կոնֆուցիոսն իմ մտերիմ ընկերներն են. տես, հա, չփորձես համաշխարհային մեծերի մասին խոսել, անգիր գիտեմ, իսկ Թումանյանից հաստատ կխեղճացնեմ:
- Ուրեմն, հեռուստացույցին հաստատ տեղ չեք թողել:
- Չէ, ինչո՞ւ, լավ էլ դիտում եմ, մանավանդ սերիալները: Նայում եմ, հետո կրկնությունն եմ նայում, որ կանանցից ավելի հիասթափվեմ: Ու պատկերացրեք, լավ էլ ստացվում է. կանանց բոլոր տեսակներից էդ սերիալների պատճառով խորապես հիասթափված եմ:
- Կարծեք թե նկարչությունից էլ եք հիասթափվել, այո՞, նկարակալի վրայի նատյուրմորտը կիսատ է, թասի միջի խաղողն էլ չամիչ է դարձել: Նշանակում էՙ կանանցից հիասթափությունն անդրադարձել է նաեւ մասնագիտությա՞ն վրա, մուսան փախե՞լ է:
- Մեկ ամիս էՙ չեմ նկարում, ներսումս ինչ-որ բան փչացել է, բայց որ մեկ-մեկ ջղայնանում եմ, նկարում եմ. ավելի լավ է ստացվում:
Զրույցը վարպետի հետ այստեղ ավարտենք: Եթե ժամանակակից կանանցից հիասթափվել է, անգամ եթե սերիալների մեղքով, ուրեմն ամեն բան անդառնալի է, ու դժվար թե որեւէ կին այլեւս ոգեշնչի նրան, մնում է հուսալ, որ Զուլում Գրիգորյանը մի օր զուլում կբարկանա ու ավարտին կհասցնի անավարտ նատյուրմորտը, մյուս գործերը:
Հարցազրույցըՙ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ