Հարցազրույց Զավեն Եկավյանի հետ
Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն
Ըստ Գալուստ Կյուլպենկյանի կտակի, հիմնարկությունը 1956 թ. հուլիսի 18-ին ստեղծվեց Պորտուգալիայի կառավարության հավանությամբ եւ նախորդ տարում մահացած հիմնադրի ստեղծած ֆոնդի շնորհիվ: Այդ հիմնարկությունը Եվրոպայի առաջին հինգ մասնավոր հիմնարկությունների թվում է: Հաստատությունը հայկական է միայն անունով: Պորտուգալիայի քաղաքացիական իրավունքի համաձայն, կառավարվող այս հիմնարկության նախագահը պետք է լինի պորտուգալահպատակ: Այսօր դրա մեկ տասնյակ բաժանմունքները նպաստում են կրթության, գիտության, արվեստների զարգացմանը եւ զբաղվում բարեգործությամբ: Հատկացումների ավելի քան 75 տոկոսից օգտվում են Պորտուգալիայի հաստատությունները եւ անհատները: Հիմնարկության պահուստների կապիտալը անցնում է 3 միլիարդ եվրոյից, ամեն տարի արվում են 100 միլիոն եվրո հատկացումներ: Հայկական բաժանմունքի բյուջեն 2,5 միլիոն եվրո է եւ ծառայում է աշխարհասփյուռ հայ համայնքներին: Հիմնարկության թանգարանն աշխարհի լավագույն թանգարանների առաջին տասնյակում է իր 6000 նմուշների արժեքով ու բազմազանությամբ (հիմնադրի հավաքածու): Թանգարանի ունեցվածքը ընդգրկված չէ հիմնարկության կապիտալի մեջ:
Ներկա պայմանները հաշվի առնելովՙ Վարչական խորհուրդը որոշել է ավելի մեծ ուշադրություն դարձնել միջազգային ծրագրերինՙ ի հաշիվ ավանդական հատկացումների (կրթաթոշակներ, մեկենասություն, հրատարակչական օժանդակություն եւ այլն):
2012-ի հունվարի 1-ից հայկական համայնքների բաժանմունքի նոր տնօրենն է Աստղիկ Չամկերթենը, որը վերջին 17 տարիներին զբաղեցնում էր փոխտնօրենի պաշտոնը:
France-Arme՛nie
Լիսաբոնի Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը Զավեն Եկավյանի գլխավորությամբ գրեթե 30 տարի անդուլ կերպով հովանավորչական լուրջ գործունեություն ծավալեց, որն այժմ շարունակում է անցումային պայմաններում: 2012 թ. հունվարի 1-ին Զավեն Եկավյանն անցավ կենսաթոշակի: Նա ծնվել է 1943-ին Հալեպում: Կրթություն է ստացել Ֆրանսիայում: 1963-ին Սորբոնի համալսարանում ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ Արեւելյան լեզուների ինստիտուտը նույն թվականին ավարտել է որպես հայերենի եւ արաբերենի մասնագետ: Հայագիտական լիակատար դասընթաց է անցել Երեւանի պետհամալսարանում (Երեւանում ապրել է 1964-1971 թթ.): Փարիզում 1972-1984 թթ. Հայ ուսանողների տան տնօրենն էր: Դրանից հետո, մինչեւ 2012 թ. սկիզբը, ղեկավարել է Լիսաբոնի Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը: Կենսաթոշակի անցնելու առիթով France-Arme՛nie ամսագրում հրապարակվել է ծավալուն հարցազրույց, որը ներկայացնում ենք թարգմանաբար:
- Ինչպե՞ս հիմնադրվեց Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքը:
- 1955 թ. հուլիսի 18-ին Լիսաբոնում վախճանվեց Գալուստ Կյուլպենկյանը: Ճիշտ մեկ տարի անց երեք կտակակատարները (Ժոզե դը Ազեւեդո Պերդիգաոն, լորդ Ռեդքլիֆը եւ նրա փեսա Գեւորգ Եսայանը) Պորտուգալիայի կառավարության ու խորհրդարանի հավանությամբ դրեցին հիմնարկության հիմքերը: Այն ժամանակվա նպատակներն էինՙ գործել հանուն կրթության, գիտության, գեղարվեստի եւ բարեգործության ոլորտների նվաճումների: Այդ շրջանակում որոշվեց առանձին բաժանմունքներ ստեղծել ըստ հիշյալ նախագծերի: Գալուստ Կյուլպենկյանի կտակի պայմանների մեջ ոչինչ չէր նախատեսում հայկական բաժանմունքի ստեղծում: Ուստի Պողոս Նուբար փաշայի որդի Զարեհ Նուբարը պնդեց, որ ստեղծվի եւ հարատեւի հայկական անկախ ծառայություն: Պորտուգալական կողմի շահերից բխում էր ընդունել թեկուզ խորհրդանշական բյուջե ունեցող նման ծառայության ստեղծումը, քանզի Միջին Արեւելքի հայերի հետ շփումների միջոցով հիմնարկությունը տոկոսներ էր ստանում Irak Petroleum Company-ից, որի շահույթները անմիջականորեն սնում էին Կյուլպենկյան հիմնարկության պահուստները: Այլ կերպ ասած, եթե վերջինս բարգավաճեց, դա տեղի ունեցավ հիմնականում իրաքյան նավթի շնորհիվ: Այս առումով հայկական բաժանմունքը 1956 թ. ստեղծված երկրորդ ծառայությունն էր նավթի բաժանմունքից հետո եւ այսօր այլեւս գոյություն չունեցող միջինարեւելյան բաժանմունքից առաջ:
- Ինչպե՞ս կարելի է սահմանել հայկական համայնքների ծառայության առանձնաշնորհները հիմնարկության նպատակի վերաբերմամբ եւ ո՞րն է հիմնարկության գործունեության մեխանիզմը:
- Հայկական համայնքների բաժանմունքի առաջին վարիչը Գեւորգ Եսայանն էր, որին աջակցում էր տնօրեն Ռոբերտո Կյուլպենկյանըՙ Գալուստի զարմիկը: Բաժանմունքի առաձնաշնորհներն էին համալսարանական եւ դպրոցական կրթաթոշակների հատկացումը, ինչպես նաեւ Մերձավոր ու Միջին Արեւելքի, Եվրոպայի եւ մասամբ Լատինական Ամերիկայի հայկական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը: Զուգահեռաբար հիմնարկությունը ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ մասնակցում էր ծերանոցների կառուցմանը, որոնք կոչված էին պատսպարելու Ֆրանսիայում, Հունաստանում, Լիբանանումՙ նանսենյան անձնագրեր ունեցող հայերին: Ըստ մեր վիճակագրության, այդ ժամանակ (1956 թ.) մենք աշխարհում ունեինք մոտ 250 ուսումնական հաստատություն: Մեր գործունեության ոլորտից դուրս էին սոցիալիստական երկրների հայկական համայնքները:
Ի դեպ, մենք սկսել էինք ֆինանսավորել Երուսաղեմի եւ Անթիլիասի հայկական ձեռագրերի մեծ գրացուցակների հրատարակությունները: Այդ ժամանակվանից առանձնաշնորհյալ հարաբերություն ունենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի եւ Երուսաղեմի պատրիարքարանի հետ: Այդ կապը գոյություն ուներ դեռ Գալուստ Կյուլպենկյանի օրոք:
Կյուլպենկյան հիմնարկությունը մինչեւ օրս գործում է 5-7 հոգանոց ինքնահամալրվող Վարչական խորհրդով, որի կազմում կա հիմնադիր գերդաստանի մեկ անգամ: Իր հորեղբայր Գեւորգին հաջորդած Ռոբերտո Կյուլպենկյանը հայկական բաժանմունքի երկրորդ վարիչն էր եւ տեղը զիջեց իր հորեղբորորդի Միքայել Եսայանին, որն առաջատարի ջահը փոխանցեց իր որդի Մարտինինՙ ներկայիս կառավարչին եւ Գալուստ Կյուլպենկյանի ծոռանը: Հարկ է նշել, որ մեր բաժանմունքը միշտ էլ սերտ կապ է ունեցել նավթի բաժանմունքի հետ, քանզի մինչեւ 1996 թվականը հայ կառավարիչն էր զբաղվում նավթային գործերով: Հիմնարկության 460 ծառայողներից միայն 7-ն է աշխատում հայկական բաժանմունքում. դա արտացոլում է հիմնարկության ընդհանուր բյուջեի հայկական մասնաբաժինըՙ 3 տոկոս: 2012-ի հունվարից ունենք հայկական ծագումով 4 պաշտոնյա եւ հիմնարկության նվագախմբի հայաստանահպատակ երեք երաժիշտ:
- Փարիզից գալովՙ ինչպե՞ս հարմարվեցիք Կյուլպենկյան հիմնարկությանը: Կարո՞ղ եք մեզ հիշեցնել այն ժամանակվա իրավիճակը:
- 1984-ին Ռոբերտո Կյուլպենկյանը եկավ ինձ տեսնելու Փարիզի Համալսարանական ավանում, երբ ես Հայ ուսանողների տան տնօրենն էի: Նա ինձ հրավիրեց Պորտուգալիա, որպեսզի կարողանում տեղում պատկերացում կազմել հայկական բաժանմունքի վիճակի մասին: Գրող Վահրամ Մավյանը (նախկին փոխտնօրեն) վախճանվել էր 1982-ին: Ինչ վերաբերում է ինձ նախորդած պարոն Կորյուն Քեշիշյանին, նա ծանր հիվանդ էր: Այսօր հայկական համայնքները, ինչպես նաեւ Հայաստանը եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պարտական են այժմ արդեն հանգուցյալ այդ անձանց: Մայր Աթոռը իր բարգավաճման համար պարտական է առաջին հերթին Գալուստ Կյուլպենկյանին, որը 1953-ին նրան կտակեց 500 հազար դոլար կլորիկ գումար: Հիմնարկությունը շարունակում էր շռայլ լինել Սբ Էջմիածնի նկատմամբ:
Ի դեպ, հետաքրքրական է նշել, որ թեեւ Պորտուգալիան Մեխակների հեղափոխությունից (1974) առաջ ուներ բռնապետական կառավարություն, դա մեզ չխանգարեց շռայլորեն օգնելու Խորհրդային Հայաստանի գիտական եւ մշակութային հաստատություններին. Լիսաբոնում որեւէ ճնշման չենթարկվեցինք: Նույնը չի կարելի ասել համահայկական բարեգործական մյուս հաստատությունների մասին...
1984-ին մեր գերակայությունը Լիբանանի մեր երիտասարդ հայրենակիցներին օգնելն էր, որպեսզի քաղաքացիական պատերազմի սարսափները աշակերտներին եւ ուսանողներին չխանգարեն ուսումը շարունակել պատշաճ պայմաններում: Հպարտությամբ պետք է խոստովանեմ, որ Լիբանանի մեր նախկին կրթաթոշակառուները փայլուն կարիերա ունեցան:
- 1984-2011 թթ. Ձեր ղեկավարությամբ հայկական բաժանմունքն աչքի ընկավ դինամիզմով: Կարո՞ղ եք մեզ հիշեցնել, թե 1980-ականների վերջերին որո՞նք էին Ձեր միջամտության գլխավոր ուղղությունները:
- 1980-ականների վերջերին մենք խթանում էինք Խորհրդային Հայաստանի եւ արտերկրի գիտական փոխանակումները: Չմոռանանք, որ այդ ժամանակահատվածում մենք հետազոտություններին օժանդակեցինք հայագիտության, ինչպես նաեւ մանրէակենսաբանության, աստղաֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, բուսաբանության եւ այլ բնագավառներում: 1964-1995 թթ. հիմնարկությունը Հայաստանին 250 հազար դոլար է հատկացրել անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն գիտական աշխատությունների ֆոնդ ձեռք բերելու համար: Բացի դրանից, մենք տարեկան 600 հազար դոլար գումար ենք ներդրել գիտական ու բժշկական հետազոտության սարքավորումների գնման նպատակով: Այն պնդումներին հակառակ, թե հիմնարկությունն անուշադրության էր մատնել Հայաստանը, մենք 1988-ի երկրաշարժին չսպասեցինք երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Եթե հաշվի առնենք հիմնարկության ստեղծումից առաջ Կյուլպենկյան ընտանիքի հատկացրած օգնությունը, ապա ընդհանուր առմամբ կունենանք 120 տարվա մեկենասություն: Ի դեպ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գրքերի հրատարակումը ֆինանսավորել էին Գալուստ Կյուլպենկյանի ծնողները:
- Վերջին 27 տարիներին որո՞նք են Ձեր գլխավոր ձեռքբերումները կրթության, մանկավարժության, գրահրատարակման եւ բարեգործության բնագավառներում:
- Ինչ վերաբերում է կրթական հաստատություններին հատկացվող օգնությանը, հայկական բաժանմունքը Վարչական խորհրդի հետ համաձայնեցնելով, օժանդակել է Սիրիայում, Լիբանանում եւ Հորդանանում ուսումնական հաստատությունների կառուցմանը: 1996-ից այդ ոլորտում մեր բյուջետային հատկացումները գնահատվում են 40 միլիոն դոլար: Ի դեպ, հիմնարկությունն իր ստեղծումից ի վեր հատկացրել է 25 հազար համալսարանական եւ 400 հազար դպրոցական կրթաթոշակներ: Մենք դպրոցական դասագրքերի հրատարակման գործում առաջամարտիկներ ենք եղել տնտեսական անկայուն պայմաններում: Դպրոցներին հատկացվող օգնությունը ներառում էր կահավորանքը, աշխատանոցների կառուցումը, տեղեկագիտության պարագաները: Մեր աջակցության շնորհիվ Միջին Արեւելքում հայկական դպրոցներն առաջիններն էին, որ հանդերձավորվեցին համակարգիչներով:
Ինչ վերաբերում է գիտական ոլորտին, Հայաստանը 1964-ից ի վեր ստացել է գիտական սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը 90 միլիոն դոլար է: Անգամ սառը պատերազմի տարիներին մենք Խորհրդային Հայաստանին մատակարարել ենք ժամանակի ամենաբարդ սարքավորումները: Հիմնարկությունն էր, որ Հայաստանում կանխարգելիչ բժշկության հիմքերը դրեցՙ բնակչության առողջական վիճակի բարելավման նպատակով: Անկախացումից հետո հիվանդանոցների սեփականաշնորհումը եւ բազմաթիվ հափշտակումները հանգեցրին այն բանին, որ սարքավորումների մեծ մասն անհետացավ եւ նպաստեց որոշակի անձանց հարստացմանը: Ահա թե ինչու Հայաստանի նկատմամբ վարվող մեր քաղաքականությունը խորապես վերանայվում է: Ապագայում հատկացվելիք օգնությունը կախված կլինի թափանցիկորեն գործող միջազգային կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցությունից:
Հայաստանը, որի բնակչության թիվը 1980-ականների վերջերին մոտենում էր 4 միլիոնի շեմին, կորցրեց բնակիչների կեսը: 27 հազար գիտնականից մնացել է միայն 4 հազարը: Չցանկանալով միջամտել այդ երկրի ներքին գործերին, ես նրա ղեկավարներին կոչ եմ անում պատասխանատվություն եւ ազգանպաստ շահագրգռություն դրսեւորել վատթարագույնից խուսափելու համար: Այդուհանդերձ մենք սերտ եւ առաձնաշնորհյալ կապեր ենք պահպանում մշակույթի նախարարության, Մատենադարանի, Երեւանի Պետհամալսարանի հետ: Ներկայումս մենք աշխարհում հայագիտական աշխատությունների առաջին հրատարակիչն ենք: 1984-ից ի վեր ես ղեկավարել եմ 783 աշխատությունների հրապարակումը եւ «Մատենագիրք հայոց» (5-18-րդ դարերի հայերեն բոլոր տեքստերի հանրագիտարան) մատենաշարի նախագծի հեղինակն եմ: Արդեն լույս է տեսել յուրաքանչյուրը 1200 էջանոց 16 հատոր, որոնք պարունակում են 5-11-րդ դարերի հայերեն բոլոր տեքստերը:
Արվեստների բնագավառում, հայկական հոգեւոր եւ նյութական մշակույթի հարստացման շրջանակներում հարյուրավոր կրթաթոշակներ են հատկացվել ճարտարապետության, երաժշտության եւ այլ ճյուղերի ուսանողներին: Հայաստանի եւ սփյուռքի բազմաթիվ արվեստագետներ (նկարիչներ, քանդակագործներ, գրողներ) եւ համալսարանական դասախոսներ մեր օժանդակությունից օգտվել են իրենց աշխատությունների եւ կատալոգների հրատարակման համար:
Բարեգործություն ասելով մենք հասկանում ենք բժշկական օգնություն եւ բուժսարքավորումների ձեռքբերում: Այս առումով Ստամբուլում օրական 1000-ից ավելի հիվանդներ ընդունող Սուրբ Փրկիչ հիվանդանոցը առանձահատուկ տեղ է զբաղեցնում մեր սրտերում: Մենքՙ արեւմտահայերս, կարող ենք անչափ հպարտանալ այդ հայկական հիվանդանոցով, որը պատիվ է բերում մեր ազգին: Ես ինքս տարեկան երկու անգամ այնտեղ եմ այցելումՙ բուժզննության ենթարկվելու: Հայրենակիցներիս եւս խորհուրդ եմ տալիս գնալ այնտեղ: Նա հիսուներորդն է Թուրքիայի հիվանդանոցների ցանկում:
- Ինչո՞ւ Լեւանտի (Ստամբուլ, Հալեպ, Բեյրութ) հայկական համայնքները միշտ համարել եք Ձեր գործունեության առանցքՙ հակառակ ժողովրդագրական անկման եւ քաղաքական անկայունության:
- Խոսքը ոչ թե քանակի մասին է, այլ որակի: Ներկայիս փորձությունների պայմաններում Սիրիան, Լիբանանը եւ Թուրքիան մնում են ամբողջ սփյուռքին հայախոս կադրեր մատակարարող միակ երկրներըՙ ի տարբերություն Ֆրանսիայի, որը պարծենում է իր քաղաքական մարտնչողականությամբ, բայց, ըստ երեւույթին, մինչեւ օրս թերագնահատել է հայկական դպրոցի կարեւորությունը: Ալֆորվիլի դպրոցի եւ Դպրոցասեր տիկնանց վարժարանի սառեցված նախագծերի դրամատիկ դեպքերը դրդում են կարծել, որ առկա է համայնքի անտարբերություն: 50 տարի Կյուլպենկյան հիմնարկությունն իր կարելին արեց Ֆրանսիայի կրթական հաստատություններին օգնելու համար, սակայն (որքան էլ հարուստ լինի) չի կարող փոխարինել համայնքի աշխատանքին:
- Ի՞նչ վիճակում է Ձեր բաժանմունքի բյուջեն: Արդյոք տուժե՞լ եք ճգնաժամի հետեւանքներից:
- Երբ 1984-ին աշխատանքի անցա, մեր բյուջեն 1,5 միլիոն դոլար էր: 2000 թվականին մենք հատեցինք 3 միլիոնի սահմանագիծը: 2003-ից բյուջեն սառեցված է, մեր գնողունակությունը նվազել է 40 տոկոսով, մասնավորապեսՙ համաշխարհային ճգնաժամի պատճառով: Դա կստիպի մոտ ապագայում փոփոխել բաժանմունքի ընդհանուր քաղաքականությունը: Այն պահից, ինչ Հայաստանը ժողովրդագրական անկում է ապրում, օգնության խնդրանքները եռապատկվել են:
- Անցած ամբողջ ժամանակամիջոցից հետո որո՞նք են Ձեր հպարտության գլխավոր աղբյուրը եւ Ձեր ամենամեծ հիասթափությունը:
- Հպարտությանս գլխավոր աղբյուրներից մեկն այն է, որ ամրապնդել ենք Սիրիայի եւ Լիբանանի մեր դպրոցները, մասնակցել ենք Հալեպում հայագիտության ինստիտուտի ստեղծմանը, բացել ենք երկու գրադարան (Հալեպում եւ Բեյրութում), ինչպես նաեւ ստեղծել ենք հայագիտական ուսումնասիրությունների մի աննախադեպ մատենաշար: Իմ ամենամեծ հիասթափությունն ու տառապանքը կապված են փոքրիկ Հայաստանի հետ, որը մնում է եւ հանձնված է ինքնահոսի: Բացառությամբ գիտական գրքերի հրատարակությունների եւ որոշ կադրերի պատրաստման, ափսոսանքով հավաստում եմ, որ աշխատանքի այդ բոլոր տարիները դուրս եկան ունայն եւ անպտուղ:
France-Arme'nie, Թարգմ.ՙ ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻ