ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Արշակ Ֆեթվաճյանը XX դարասկզբի հայ գեղանկարիչների այն սերնդի ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունը դասական արվեստի լավագույն ավանդույթների շարունակություն է, մեզ համար, կարելի է ասել, նոր արտահայտությունՙ նկարչի գրեթե անհայտ մնալու հանգամանքով պայմանավորված, չնայած որ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է նրա գեղարվեստական ժառանգության մի զգալի մաս, նկարչի անձնական արխիվը նաեւ: Շատ ընդհանուր գծերով զուգահեռներ տանելու փորձը, նրան մոտեցնում է այս նույն ժամանակաշրջանի հայ խոշոր նկարիչ Վարդգես Սուրենյանցին:
Նկարչին եւ նրա արվեստը լայն հանրությանը ծանոթացնելու շնորհակալ աշխատանք է կատարել արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը , անցած տարի լույս ընծայելով «Արշակ Ֆէթվաճեան» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գիրք-ալբոմը (Երեւան, «Փրինթինֆո»): Մասնագիտական բարեխիղճ եւ պատասխանատու ուսումնասիրության շնորհիվ ստեղծվում է տաղանդանոր նկարչի կյանքի եւ ստեղծագործության ամբողջական պատկերացում. մեզ է ներկայանում հարուստ կենսափորձով, գիտելիքներով, գեղագիտական հաստատուն կողմնորոշումներով ու չափանիշներով, արվեստի նվիրյալ հայորդու մի նկարագիր:
Մինչ բուն ուսումնասիրությունըՙ հեղինակը ներկայացնում է գրքի հրատարակման մտահղացման պատմությունը (Կալիֆոռնիայի Միշն Հիլսի Արարատ-Էսքիջյան թանգարանի համագործակցությամբ), երախտագիտությամբ եւ շնորհակալությամբ աջակից եւ խորհրդատու բոլոր անձանց (Հայաստանի ազգային պատկերասրահ, Վենետիկի Մխիթարյան միաբանություն, Նյու Յորքի Սբ Գր. Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհուրդ, Բոստոնի «Հայրենիք» լրագրի խմբագրություն, Երեւանի Հայ ճարտարապետության ուսումասիրման կազմակերպություն, լուսանկարիչ Վահան Քոչար, Սբ Էջմիածնի «Արշիլ Գորկի» թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյան, Մխիթարյան միաբան Հայր Հարություն Պզտիկյան, գիրք- ալբոմի հրատարակիչ Արամ Մեհրաբյան եւ ուրիշներ), ապա ներկայացվում է նվիրատուների ցանկը, հեղինակի նախաբանը եւ ներածականը, որում Արշակ Ֆեթվաճյանը դիտվում է որպես հայ նկարիչների համաստեղության մեջ առավել միջազգային հնչեղություն ունեցող արվեստագետ: Գրքի ավարտի «Մատենագիտություն» բաժինն ընդգրկում է Ֆեթվաճյանի հոդվածների, թարգմանությունների, հրատարակությունների, նկարչի մասին հոդվածների, գրքերի, ցուցահանդեսների կատալոգների ցանկը:
Նկարչի կյանքային դիպվածների ու ստեղծագործական ընթացքի, միաժամանակ նրա արվեստի մեկնաբանությունների (նկարների ստեղծման պատմության, դրանց գտնվելու վայրի, գնորդի մասին տեղեկություններ) ներդաշնակ շարահարումները ընթերցումը հետաքրքրական դարձնելուց զատ, ստեղծում են արվեստագետի հիրավի կենդանի կերպարը:
Կյանքը Ա. Ֆեթվաճյանին հնարավորություն է տվել աշխարհայացքի, գեղարվեստական մտածողության բավականին լայն ընդգրկումների. բնակության վայրերի աշխարհագրությունն արդեն բավարար էՙ Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Ֆրանսիա, Անգլիա, Միացյալ Նահանգներ, միաժամանակ նա շատ ճամփորդել է, անկասկած կրել է տարբեր մշակույթների բարերար ազդեցություններ, ճաշակ ու միտք հղկել, փորձ ու գիտելիքներ կուտակել:
Ստեղծագործական հարուստ ժառանգություն է թողել Արշակ Ֆեթվաճյանը, դրանք այսօր պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում (Հայաստանի ազգային պատկերասրահում, Մայր աթոռ Սբ Էջմիածնի, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտ» եւ ուրիշ թանգարաններում , մասնավոր հավաքածուներում: Բազմաթիվ գործերի ճակատագիրն անհայտ է:
Ա. Ֆեթվաճյանի ստեղծագործական աշխարհը բազմաբնույթ է, գեղանկարչությունըՙ բազմաժանր- կտավներ, որմնանկարներ, գծանկարներ, թատերական ներկայացումների, պարասրահների, գրքերի, հանդեսների, դրոշմանիշների, թղթադրամների ձեւավորումներ, ճարտարապետական նախագծեր, եկեղեցիների վերազարդարումներ, հուշաքարերի հեղինակումներ: Նա նաեւ բանասիրական աշխատանքներ է կատարել (ասույթներ, օտար լեզուներից թարգմանություններ), գրել մշակութային, արվեստաբանական հոդվածներ, ուսումնասիրություններ:
Գիրք-ալբոմը ներկայացնում է 80-ից ավելի գեղանկարչական աշխատանքների գունավոր իլյուստրացիաներ (զետեղված են նաեւ բազմաթիվ լուսանկարներ): Արշակ Ֆեթվաճյանը ակնհայտորեն դիմանկարի մեծ վարպետ է: Այս ժանրի նրա գործերը առանձնանում են հաստատուն վրձնահարվածներով, բնորդիՙ ընդգծված խարակտերային գծերով, կերպարի ներքին, հոգեբանական արտահայտչականությամբ («Ռոստոմի (Ստեփան Զորյան) դիմանկարը», «Մենակյաց Միքայել վարդապետ», «Շեյխ», «Կովկասի ձեր լեռնականի դիմանկարը», «Սիմոն Զավարյանի դիմանկարը» եւ այլն):
Կանացի դիմանկարների մի քանի փայլուն նմուշներ ուղղակի հիացնում են ոչ միայն կատարողական վարպետությամբ եւ գեղագիտությամբ, նաեւ կնոջ զգայական-հոգեբանական աշխարհի պատկերման բացառիկությամբ. նրա նուրբ վրձնահարվածները գտել եւ պատկերել են կանացի պչրանքների ու քմայքների ամենաթաքուն գաղտնիքներ, կարեւորել մանրամասն դետալներՙ արդ ու զարդի պարագաներ, հագուստի ծալքեր, օձիքներ, գլխարկների, դրասանգերի եւ զանազան այլ գրավչություններ: («Վին նվագող կինը», «Բոյարուհի», «Պետերբուրգցի կնոջ դիմանկարը», «Բոյարի աղջիկը», «Օրիորդ Պոնսի դիմանկարը», «Աղջկա դիմանկար կարմիր գլխաշորով» եւ այլն):
Կանացի դիմանկարներում շեշտադրվում է ոչ այդքան մարմնական բարեմասնություններ, որքան խառնվածքի, բնավորության, հոգեվիճակների արտահայտություններ: Այս շարքի կտավներում նկատելի տարբերվում է կնոջ մերկ մի պատկեր, որ նկարիչը վերնագրել է «Փսիքեն երազ տեսնելիս»: Սա կատարյալ ներդաշնակության, բնության հետ ձուլվելու հրաշալի պահի վերարտահայտություն է, ներբող բնությանը եւ կանացի մարմնի գեղեցկությանը- եթերային քնքշություն, բանաստեղծական ներշնչանք, արտակարգ էսթետիկ վիճակ ու տրամադրություն: Այս նույն տրամադրություններն են շարունակվում Ֆեթվաճյանի բնապատկերներում, որը նույնպես նկարչի նախասիրած ժանրերից է: Ֆեթվաճյանի բնաշխարհը հանդարտ, ներհուն ու լայնատարած է, որի մեջ տարրալուծվում-բեկվում են իր հոգեկան աշխարհի ելեւէջումները, իր երազները, մտքերն ու հույզերը («Արեւամուտ», «Սեւանա լիճը եւ կղզին», «Ծովի տեսարան», «Արարատ»): Մեղմ հպումներով, լույսի գունային թափանցիկ սնուցումներով բնաշխարհի գեղեցկությունները փոխակերպում-փոխադրում են կտավի հարթ մակերեսներին. արեւամուտ, թե արեւագալ, կապտամշուշի մեջ ծավալվող ծովի հորիզոններ, թե դեղնականաչ լուռ հեռաստաններ: Համարձակ են նկարչի գունային համադրությունները: Առհասարակ հարուստ ու բազմազան են նրա երփնագիրը, ներդաշնակ, արտահայտիչ գունակցումները:
Ֆեթվաճյանի ստեղծագործական մի ստվար շերտ նվիրված է հայկական ճարտարապետական կոթողներին (եկեղեցիներ, վանքեր, բերդեր, ամրոցներ), որոնց նա անդրադարձել է ողջ կյանքի ընթացքում, թե՛ իբրեւ նկարիչ, թե՛ իբրեւ հետազոտող-ուսումնասիրող: Նմանապես նա ստեղծագործության առանձին նյութ դարձրեց Հայաստանի տարբեր գավառների հայ կանանց տարազները` ձեռարվեստի անբաժանելի այդ կարեւոր շերտը:
Նկարչի կենսագրության, եթե կարելի է ասել, միջազգային բնույթը, ամենատարբեր մշակույթների, հասարակական միջավայրերի հետ հարաբերվելը թողել է անշուշտ ազդեցություններ, սակայն բնավ չի ներգործել նրա ազգային նկարագրի ու վերաբերմունքի վրա: Այս ճամփորդական, այսպես ասած, աստանդական կյանքը Ֆեթվաճյանն ապրել է որպես կատարյալ հայ մարդ, հայ նկարիչ: Եւ այստեղ կարեւոր ենք նկատում ամփոփ ներկայացնել նկարչի կենսագրական էջերի մի քանի հետաքրքրական դրվագ, ըստ ներկայացվող գիրք-ալբոմի շարադրանքի:
Սկիզբ եւ ընթացք
Ծնվել է 1866-ին Տրապիզոնում, նախնական կրթությունը ծննդավայրի ազգային Լուսավորչյան վարժարանում ստացել, ապա ընդունվել Կ. Պոլսի Կայսերական գեղարվեստի վարժարանը: Նկարել սկսել է վաղ մանկուց, մասնակցել է կրթարանի խմբային ցուցահանդեսների, նրա նկարը ստացել է առաջին մրցանակ, որը գնել է այդ ժամանակի կրթության նախարարը: Ֆեթվաճյանի կյանքում շրջադարձային եղավ մեկնումը Հռոմ եւ տեղի Սան Լուկա Գեղարվեստների ակադեմիայում ուսանելու ընթացքը: Իտալական մշակույթի հարուստ միջավայրը, նշանավոր արվեստագետների հետ շփումները նրա համար գեղարվեստի ճանաչողության նոր ու լայն սահմաններ բացեցին: Հռոմի ակադեմիայում նա աշակերտում է մեծահամբավ Չեզարե Մակարիին: Այս առումով Վենետիկը նույնպես նշանակալի եղավ: Նրա կենսագրության մեջ նոր էջ բացեցին այցելությունը Սբ Ղազարի Մխիթարյան միաբանություն, հայագետ Ղեւոնդ Ալիշանի հետ ծանոթությունը եւ նրանից ստացած դասերը ազգային մշակույթի ժառանգությանՙ ի մասնավորի հայկական ձեռագրերի մանրանկարչության եւ հայ ճարտարապետական կոթողների մասին, ինչը նկարչի հոգում արթնացրեց եւ մինչեւ կյանքի վերջ անշեջ պահեց անհատնում մի սեր հայ մշակույթի հանդեպ: Այդ շրջանում նա բազմաթիվ ընդօրինակումներ է անում Մխիթարյան Մատենադարանի ձեռագրերի նկարազարդումներից, որոնք հետագայում լույս են տեսնում Ղ. Ալիշանի «Այրարատ» հատորում: Իտալական շրջանի նրա բազմաթիվ նկարների մեջ նշանակալի են «Ջրանցք, նավակները (Վենետիկ)», «Ղեւոնդ Ալիշանի դիմանկարը», «Անհայտ անձի դիմանկարը», «Ավետարան ընթերցող քահանան»: Ստեղծագործական հաջող ընթացքը շարունակվում է Ավստրիայի մայրաքաղաքում: Վիեննայի շքեղ մթնոլորտը արդեն իսկ գեղագիտորեն մտածելու, ապրելու հնարավորություն է. Ֆեթվաճյանը բազմաթիվ արժեքավոր կտավներ է վրձնում, ավելի մեծածավալ, կոմպոզիցիոն աշխատանքներՙ «Չելեբի Սուլթան Մուհամմեդ Ա-ի դամբարանը Բրուսայում», «Արեւելյան փոստ («Թրքական սուրհանդակը Անատոլիայի մեջ»), «Վին նվագող կինը» եւ բազմաթիվ դիմանկարային աշխատանքներ:
Հռոմում ուսանելու տարիներից դեռ Արշակ Ֆեթվաճյանը ի հայտ էր բերել բանասիրական հակումներ, օտար լեզուներից նրա թարգմանությունները, արվեստաբանական հոդվածները տպագրվում էին հայ մամուլում, ինչը շարունակում է նաեւ Վիեննայում եւ կյանքի հաջորդող տարիներին: Ֆեթվաճյանը շատ է ճամփորդել: Վիեննայից նա տեղափոխվում է Փարիզ, ապա Մյունխեն, Անտվերպեն, Դրեզդեն,Ղրիմ, որտեղ այցելում է մեծահամբավ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն: Կյանքի կարեւոր հանգրվաններից մեկը դառնում է Ռուսական կայսրության մայրաքաղաքը: Ս. Պետերբուրգում նա արագ ինտեգրվում է ռուսական արվեստի միջավայրին, անդամակցում տեղի ջրանկարիչների կայսերական միությանը, շատ չանցած ներգրավվում ջրանկարիչների «Պոնեդելնիկ» միության մեջ: Բազմաթիվ անգամներ մասնակցում է ցուցահանդեսների: Շատ բեղմնավոր է նկարչի ռուսական շրջանըՙ հատկապես դիմանկարի ժանրում. նրան բնորդում են բարձրաշխարհիկ տիկիններ, իշխաններ, պաշտոնյաներ, նկարում է Ալեքսանդր ցարի որդու, Նիկոլայ 2-րդ ցարի դիմանկարները: Այս շրջանի գործերի մեջ բացառիկ արժեքավոր է «Օրիորդ Պոնսի դիմանկարը»ՙ բարձր պրոֆեսիոնալիզմով, վարպետությամբ անթերի կատարում, ինչպես եւՙ «Ս. Պետերբուրգցի կնոջ դիմանկարը», «Փսիքեն երազ տեսնելիս» կտավները:
1899-ին Բաթումում, ապա մեկ տարի անց Թիֆլիսում բացվում են նրա ցուցահանդեսները: Վերջինիս առիթով Թիֆլիսի հայ մամուլը դրվատելով նկարչի արվեստը, միաժամանակ գրում էՙ «Լավ է, բայց հայկական չէ», ինչը ներգործուն ազդեցություն ու հետք է թողնում Ֆեթվաճյանի մտածողության վրաՙ ուղղորդելով այն հայ մշակույթի հանդեպ ավելի խորը հետաքրքրության: Նկարիչն այցելում է Հայաստան, շրջում երկրի տարբեր տեղանքներով, տպավորվում հայրենի բնության եւ հատկապես ճարտարապետական կոթողների, եկեղեցական շինությունների առանձնահատուկ գեղեցկությամբ, լինում է Արեւմտյան Հայաստանում: Անին դառնում է նրա ներշնչանքի աղբյուրը, իր կտավներին բազմիցս են հայտնվում միջնադարյան գեղեցեկուհու կարմրաշիկավուն հայացքի մերթ տխուր, մերթ ուրախ փայլերը: Անի առաջին անգամ նա գնում է պատմաբան Լեոյի հետ, հաջորդ այցըՙ բանասեր-արվեստաբան (հետագայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) Գարեգին Ա. Հովսեփյանցի հետ էր: Երկուսն էլ համընկնում են մեծ գիտնական, հայագետ Ն. Մառիՙ տեղում ընթացող գիտարշավներին: Հայկական ճարտարապետական կոթողները նրա նկարներում ասես մի նորՙ երկրորդ կյանք են առնում. արվեստագետին հաջողվում է արտահայտել քարեղեն կառույցների մեջ թաքնված խորհրդավորությունը, փոխանցելի դարձնել դրանց կենդանի շունչը, մենակության, կիսավեր լռության ու կարոտի լքվածությունը... («Անի. Մեծ պալատի բեկորները», «Սբ Փրկիչ եկեղեցին Անիում», «Անի. Միջնաբերդի եկեղեցին», «Տեկորի Սբ Երրորդություն եկեղեցին», «Մաղասբերդ ամրոցը Անիի մոտ», «Անի. հին շինության ավերակներ», «Ղոշավանք (Հոռոմոս)»):
Այս ընթացքում նա ձեռնարկում է Հայաստանի տարբեր գավառների տարազներով հայ կանանց պատկերման աշխատանքները, որոնք գեղարվեստական արժեքից բացի ունեն նաեւ պատմական նշանակություն: Ժամանակի ընթացքում դրանց մի մասի անհետացման, ոչնչացման հետեւանքով, այս պատկերները այդ մշակույթի եզակի վկայություններ են: Այդպես է նաեւ ճարտարապետական որոշ շինությունների պարագայում. ինչպես Տեկորի Սբ Երրորդություն եկեղեցինՙ թուրքերի կողմից պայթեցված: Ինչպես Լ. Չուգասզյանն է գրում, «Ա. Ֆեթվաճյանի նկարած պատկերով եւ Թ. Թորամանյանի լուսանկարներով եւ ուսումնասիրություններով է, որ կարելի է դատել տաճարի ձեւերի մասին»:
Նկարչին բազմիցս է հանձնարարվել եկեղեցիների վերաշինման, բարեզարդման աշխատանքներՙ Թիֆլիսում, Արմավիրում, Կարսում, Նյու Յորքում: Այդ եկեղեցիների խորանների համար (Թիֆլիսի Կուսանաց անապատի Ս. Ստեփանոս, Արմավիրի Սբ Գեւորգ, Կարսի Սբ Խաչ, Նյու Յորքի Սբ Գր. Լուսավորիչ) նա ստեղծում է «Աստվածամայրը եւ մանուկ Քրիստոսը», «Աստվածամայրը մանկան հետ» պատկերները:
Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կողմից նրան հանձնարարված նամակադրոշմների ու թղթադրամների ձեւավորման աշխատանքները, ինչը նա իրականացրեց փայլուն կատարումով, նկարչի կենսագրության մեջ, կարելի է ասել, բեկումնային եղան: Այդ դժվարին տարիներին նա ապրում էր Հայաստանում, ականատեսն էր հայկական իրականության բոլոր տարընթացություններինՙ ողբերգական, մռայլ ու հերոսական անցուդարձերին (1915-ի արհավիրքի հետեւանքներ, գաղթականներ ու սով, Սարդարապատի հերոսամարտ, Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդ) եւ շատ ազդեցիկ են ծանր տպավորությունների իր նկարագրությունները:
Նրան (Գր. Աղաբաբյանի հետ) էր լիազորվել Եվրոպայում իրականացնելու հայկական թղթադրամների ու նամակադրոշմների տպագրությունը: Փարիզյան տպագրության որակից չգոհանալովՙ նա մեկնում է Լոնդոն եւ տեղի «Վաթերլո ընդ Սանս» հրատարակչատնից ստանում ընտիր թղթի վրա որակյալ աշխատանք: Սակայն ֆինանսական եւ այլ խոչընդոտների պատճառով դրանց ուշացումը ճակատագրական եղավ. թղթադրամների միայն մի մասը հասավ Հայաստան, իսկ նամակադրոշմներն ավելի ետ ընկան. արդեն իշխանության եկած բոլշեւիկյան կառավարությունն արգելեց դրանց փոստային շրջանառությունը:
Փարիզյան եւ լոնդոնյան այդ շրջանը իր համար, սակայն, նշանավորվեց կարեւոր իրադարձություններով: Միջնադարյան արվեստի գիտակ, հռչակավոր բյուզանդագետ Շառլ Դիլի հովանավորությամբ 1920 թ. Լուվրի Դեկորատիվ արվեստների թանգարանի Մարսանի տաղավարում բացվում է նրա աշխատանքների ցուցահանդեսը եւ ունենում լայն արձագանք: Այս մասին դասախոսությամբ հանդես է գալիս Շառլ Դիլը, մամուլում հրապարակումներ են անում պատմաբան Գուստավ Շլյումբերժեն, հայագետ Ֆրեդերիկ Մակլերը, իսկ Արշակ Չոպանյանը մեկ այլ առիթով գրում է. «Ինչպէս Կոմիտաս Վարդապետը, որ բուն հայ երաժշտութիւնը գտնելէ եւ ուսումնասիրելէ ետք, ճանչցուց զայն եւրոպացւոց, Ֆէթվաճեան ալ փայլուն ջանքեր ըրաւ հայ ճարտարապետութիւնն ու քանդակագործութիւնը արեւմուտքի գեղասէրներուն ծանօթացնելու» :
Փարիզում նա մասնակցում է Ջրանկարիչների միջազգային ընկերության մասնավոր տարեկան ցուցահանդեսին, ապա եւ անդամակցում նրանց:
Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտ» թանգարանում եւս բացվում է նրա ցուցահանդեսըՙ 2,5 ամիս տեւողությամբ, արժանանում անգլիական մամուլի ուշադրությանը («Մորնինգ փոստ», «Գլազգո հերալդ», «Վեստմինսթր գազեթ»): Ցուցահանդեսի կատալոգի առաջաբանը գրում է Վեստմինսթրի աբբայության ֆոնդապահ, պատմաբան եւ ճարտարապետ պրոֆ. Վիլյամ Լեթհաբին: Ֆեթվաճյանը թանգարանին է նվիրում «Անի. Սբ Գրիգոր Աբուղամրենց եկեղեցին» նկարը: Մեկ տարի անց նա հրավիրվում է իր աշխատանքները ներկայացնելու Բրիտանական ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում, ինչը եւ հաջողությամբ իրականացվում է:
Ա. Ֆեթվաճյանը կյանքի վերջին 25 տարին ապրում է Մ. Նահանգներում: Սկզբնական շրջանը դժվար էր, թեեւ մեկ-երկու ամիս անց նա ունենում է ցուցահանդեսներ, բայցեւ հիասթափություններն ու անապահով կյանքն առջեւում էին: Բախտորոշ հանդիպումը ԱՄՆ-ում Հայաստանի նախկին հյուպատոս Մանվել Տեր-Մանվելյանի հետ որոշակիորեն փոխում է նրա կեցությունը: Նյու Յորքից նկարիչը տեղափոխվում է Բոստոն, ապրում Տեր-Մանվելյանների ընտանեկան հյուրընկալ հարկի տակ, հարազատանում նրանց: Ֆեթվաճյանը շարունակում է աշխատել, Բոստոնում մասնակցում է երկու ցուցահանդեսների: Ամերիկյան շրջանին են պատկանում իր ստեղծագործությունների մի ստվար շարքՙ «Կապուտաչյա աղջկա դիմանկարը», Արմենուհի Տեր-Մանվելյանի, հայ մշակույթի երեւելիների դիմանկարներըՙ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Մովսես Խորենացու, Ստեփանոս Տարոնեցու, Հովհաննես Օձնեցու, Մխիթար Գոշի, Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու: (Հետաքրքրականն այն է, որ դիմանկարների իր այսչափ բազմաքանակ գործերի շարքում, չենք հանդիպում որեւէ ինքնադիմանկարի):Նա վրձնում է նաեւ ամերիկյան նշանավոր լուսանկարիչ եւ գեղանկարիչ Ջոն Կարոյի դիմանկարը, որին այդ տարիներին աշակերտում էր ապագա հռչակավոր Յուսուֆ Քարշը: Բոստոնի հիշյալ լուսանկարչատունը, ինչպես տեղեկանում ենք գիրք-ալբոմից, քաղաքի հասարակության ընտրանու հավաքատեղին էր. այստեղ գալիս էին այնպիսի արվեստագետներ, ինչպեսՙ Էնրիկո Կառուզոն, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, անվանի շատ անձինք:
Այդ տարին նա Հարվարդի համալսարանի եւ այլ հաստատությունների հրավերով հայ մշակույթի մասին դասախոսություններ է կարդում, զբաղվում է նաեւ եկեղեցական հարդարումներով, ձեւավորում հանդեսներ, կատարում բանասիրական աշխատանքներ, գրում է ծավալուն ուսումնասիրություններ հայ մանրանկարչության, ճարտարապետության, հայ եւ համաշխարհային արվեստի պատմության մասին (առայժմ անտիպ): 1941-ին տպագրում է ասույթների «Իմ մտքերը» գիրքը:
Նկարչի կյանքի վերջին ակորդը 1947 թվականն էր, հոկտեմբերը: Այդ տարին իր խնդրանքով նա Խորհրդային Հայաստանի կառավարությունից ստացել էր տունդարձի հրավեր, սակայն վերահաս մահը կասեցրեց հայրենիք նրա վերադարձը: Հայաստան տեղափոխվեց նրա աճյունը, իր կտակի համաձայն, ստեղծագործությունները ի պահ տրվեցին Հայաստանի պետական պատկերասրահին. առաջին ցուցահանդեսը կայացավ նույն տարում, հետագայումՙ եւս չորսը. վերջինըՙ 2009-ին:
«Արշակ Ֆէթվաճեանը հայ նկարիչների համաստեղութեան մէջ առաւել միջազգային հնչեղութիւն ունեցող վարպետներից է: 19-րդ դարի վերջի եւորապական եւ հայկական իրականութեան հետ առնչուող նրա գեղագիտական դիրքորոշումների ու ոճի շնորհիւ նա որոշ շատ կարեւոր ցուցահանդէսների փնտրուած մասնակիցն է դարձել եւ արժանացել բազմաթիւ առանձին յօդուածների ու յիշատակուել բազմաթիւ գրքերում:
...Ջրաներկով ստեղծուած նրա աշխատանքները նուրբ ընկալման հրաշակերտներ են, իսկ իւղաներկով կատարուած պատկերները դիտողականութեան ուժեղ դրսեւորումներ եւ մասնագիտական բարձր պատրաստուածութեան արտայայտութիւններ: Բացառութեամբ Վարդգէս Սուրէնեանցի, Արշակ Ֆէթվաճեանին ժամանակակից եւ ոչ մի հայ նկարիչ չի ունեցել անգամ կողմնակի մանրամասները նկատելու եւ արձանագրելու այդչափ քննական եւ տեսողական սրութիւն:
...Նրա յաջողութեան բնոյթը բաղկացած է եւորոպական նկարչութեան եւ աւանդական հայկական թեմաների միջեւ եղած մի նուրբ հաւասարակշռութիւնից, եւ այդ հաւասարակշռող գործողութիւնը նա իրականացրել ու առաջ է տարել ողջ կեանքի հանգրուանների մեծ մասում»:
«... Այդ վիթխարի, ազգօգուտ, մեկընդմիշտ յաւերժական, անանցանելի արժէք ունեցող աշխատութիւնները գրուած են հայ եւ համաշխարհային արուեստի պատմութեան մասին բացառիկ ծանօթութիւն ունեցող հետազօտողի գրչով: Կարելի է ասել, որ արուեստի պատմութեան անցեալի ու ներկայի հայ ուսումնասիրողների համաստեղութեան մէջ չի եղել եւ առայժմ չկայ որեւէ մէկը, որին վիճակուած լինէր բնօրինակներով տեսնել արուեստի այն բոլոր գանձերը, որոնց մասին գրել է Ա. Ֆեթվաճյանը: Այդ մասնագէտների միջավայրում չի եղել եւ առայժմ չկայ որեւէ մէկը, որը այդպիսի բանիմացութեամբ կարողանար ստեղծել նման աշխատութիւններ: Հայ արուեստագիտութեան զգալի, անդառնալի կորուստն է, որ այս երկերը տասնամեակներ շարունակ անտիպ մնացին եւ դեռ մնում են անտիպ նրա արխիւում ու հեռու, անմատչելի եղան այդպիսի գրքերի կարօտ բազմաթիւ հայ մարդկանց: Կասկած չկայ, որ հայ արուեստագիտութիւնը շատ առաջ անցած կլինէր, եթէ այդ ձեռագրերը տասնամեակներ առաջ վերածուէին տպագիր գրքերի»,- գրում է Լեւոն Չուգասզյանը:
Նկար 1. Արշակ Ֆեթվաճյանը Անիում, Հեղինակՙ Արամ Վրույր
Նկար 2. Գրքի շապիկինՙ «Օրիորդ Պոնսի դիմանկարը», 1902 թ.
Նկար 3. «Անի. Միջնաբերդի եկեղեցին», 1905թ.
Նկար 4. «Փսիքեն երազ տեսնելիս», 1898 թ.
Նկար 5. Վիգեն Տեր-Մանվելյան եւ Արշակ Ֆեթվաճյան, 1940-ականներ
Նկար 6, 7. Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամները
Նկար 8. «Աստվածամայրը մանկան հետ» Նյու Յորք, Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Նկար 9. «Քրիստափոր Միքայելյանի դիմանկարը»