Խմբագրի խոսք
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
Բոլոր այն գրքերը, որոնց խմբագիրն եմ եղել, ընթերցել եմ երկու անգամՙ լույս տեսնելուց առաջ եւ հետո: (Նաեւ այդպես էի վարվում, երբ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն էի): Այժմ էլ երկրորդ անգամ եմ կարդում անհանգիստ եւ մշտապես որոնող թատերագետ Լեւոն Մութաֆյանի «Տաթեւիկ Ղափլանյան» ուսումնասիրությունըՙ նվիրված հանդիսատեսի կողմից սիրված եւ անմոռանալի արտիստուհուն, որը կյանքի է կոչել գրող Վան Արյանի անունով ճանաչված հրատարակչատունը: Մութաֆյանի վարպետ վերլուծաբանությունը, որ ուղեկցվում է մի քանի տասնյակ բեմական ու կենսապատում լուսանկարներով, հրատարակիչներն ընթերցողին (դիտողին) են մատուցել բարձրակարգ տպագրական վարպետությամբ: Այս ամենում թափանցիկորեն երեւում է գրքի գիտական ու տեխնիկական հեղինակների սերը Տաթեւիկ Ղափլանյանի հանդեպ: Տաթեւիկը իր վերջին տարիներն ապրեց Լոս Անջելեսում, ոչ կատարյալ բեմական կյանքով, իսկ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը եղավ եւ մնաց նրա գլխավոր ստեղծագործական հանգրվանը, այս թատրոնի արտիստներըՙ նրան ընկեր ու բարեկամՙ Լեւոն Թուխիկյանը, Վլադիմիր Մսրյանը, Գուժ Մանուկյանը, Արթուր Ութմազյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Հրաչյա Հարությունյանը, շատ ուրիշներ եւ մշտապեսՙ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, որի հովանավորությամբ է գիրքը տպագրվելՙ իբրեւ ստեղծագործ հոգու պարտք ու պարտականություն:
Մութաֆյանի տեքստով պայմանավորվածՙ «Տաթեւիկ Ղափլանյան» գիրքը, որի դեմքին արտիստուհու գեղեցիկ, իսկապես արտիստական, քեզ ու բոլորին նրբորեն ժպտացող լուսանկարն է, կառուցված է կյանքի ու ստեղծագործական դիպվածների զուգահեռականությամբ, որը հնարավորինս ամբողջական պատկերացում է տալիս Տաթեւիկի ապրած ժամանակի տխրության եւ ուրախությունների վերաբերյալ: Այն լույս է տեսել նրա ծննդյան վաթսունամյակի առթիվ եւ արժանի վերաբերմունք ու գնահատական է նրա անշեջ հիշատակին:
Տաթեւիկը կատարեց երկու տասնյակ դերերՙ գլխավորապես Դրամատիկական թատրոնում: Լինելով պրոֆեսիոնալ դերասանուհի (եղել է Երեւանի գեղարվեստական ինստիտուտի սան), նա կարճ ժամանակում Դրամատիկականի բեմում ձեւավորեց ինքնատիպ մի խաղաոճ, որին բնորոշ էին վառ թատերայնությունը եւ անկեղծ ու բնական վերաբերմունքն աշխարհին, կարծես իրեն էր խաղում եւ ոչ թե հայ ու համաշխարհային դրամատուրգների ստեղծած հերոսուհիներին: Այս պատկերասրահում նկատելի երեւույթներ դարձան Թագուկը («Սեր եւ ծիծաղ»), Օֆելյան («Համլետ»), Ժաննան («Արտույտը»), Քերոլը («Մթին պատմություն»), Թերեզան («Վայրի աղջիկ»), մանավանդ վերջինսՙ իր «վայրի» անմիջականությամբ, մինչեւ օրս էլ պահպանվում է հանդիսատեսի հիշողության մեջ, Տաթեւիկը դարձել է այս կերպարի խորհրդանիշ, կերպարըՙ նրա խորհրդանիշը, թատերական ասպարեզում անձնագրի պես մի բան:
Թատրոնի քննադատի գործը հեշտ է նրանով, որ նա գլխավորապես հարաբերում է կենդանի ներկայացմանը, այնինչ թատերագետը մի զգալի չափով շփվում է անցյալի երեւույթներին, որոնք հաճախ հեռանում են, մոռացվում, մնում են լուսանկարները եւ կցկտուր գրավոր տեղեկություններ: Սա թատերական ասպարեզի դրամաներից է, որ չունեն գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը: Ահա թե ինչու չափազանց կարեւոր է թատերագետի ներկայությունն այս ասպարեզում, որը պետք է անցյալն զգա ու տեսնի եւ ներկայացնի իբրեւ կենդանի ընթացք: Լեւոն Մութաֆյանը թատերագետ է եւ քննադատ լավագույն տարբերակովՙ այս հատկանիշների մեկտեղությամբ, որով աչքի են ընկնում նրա բոլոր գրքերը, այդ թվում նաեւ Տաթեւիկ Ղափլանյանին նվիրված ուսումնասիրությունը: Նա վերլուծում է ռեժիսորի ու դերասանի աշխատանքը պատմական, հոգեբանական, սոցիալական, գեղագիտական, արդիական պահանջների թելադրանքով, այս հայացքի մի քանի մոտեցումներն առկա են եւ «Տաթեւիկ Ղափլանյան» գրքում:
Մեր առջեւ վերլուծաբանական պատկերագիրք էՙ բեմում եւ բեմից դուրս տիպական լուսանկարներով, որոնք, սովորաբար, պարտադիր են նման հրատարակությունների համար, այստեղ լուսանկարներն էլ են բացատրական «տեքստ» եւ ցույց են տալիս արտիստուհու ոչ միայն արտաքին, այլեւ ներաշխարհային գունագծեր: Տաթեւիկ Ղափլանյանն անջնջելի հետք է թողել Դրամատիկական թատրոնի պատմության մեջ, եղել բեմի աստղերից, եւ գիրքը մի զգալի չափով արձագանքում է հանդիսատեսի սիրուն եւ կարոտին:
Նկար 2. Ա. Նիկոլայի «Սպանել սիրո համար», տեսարանը ամերիկյան բեմադրությունից