ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2011-12-03 | #22, 2011-12-17 | #1, 2012-01-21


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏՙ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Սիրելի Վարպետ, վերջերս կրկին ու կրկին համոզվեցի իմ կողմից այնքան չսիրված համացանցային կապի անվիճելի առավելության եւ նրա խիստ արդյունավետ ու արդիական լինելու մեջ:

... Այսօր մեր միջեւ եղած ժամանակավոր հեռավորությունը այլ ընտրության հնարավորություն չի թողնում, քան նույն համացանցի միջոցով հաղորդակցվելը, ինչն էլ ստիպված անում եմ` քաջ գիտակցելով, որ այն որեւէ ձեւով չի կարող գրավել Ձեր բնակարան-արվեստանոցի հոգեպարար եւ ինձ համար շատ ուսանելի զրույցների տեղը: Զրույցներն այդ շատ հաճախ մինչեւ կեսգիշեր էին ձգվում ու եթե երբեմն-երբեմն ընդմիջվում էին, ապա ընդմիջվում էին միայն Ձեր անցած երկարատեւ ու իմաստալից ճանապարհի անդավաճան ընկերոջ, նույնքան խոսքաշատ ու խելացի տիկին Մարիի անվերջանալի ու եռանդուն հյուրասիրություններով:

Հրազդանի գեղատեսիլ կիրճի անհամար ռեստորաններից գռեհիկ ու թրքաբարո, անճաշակ ու բարձր հնչող երաժշտության ձայները, որ գիշերային լռության մեջ անարգել խուժում էին ձեր շենքի տասներորդ հարկի կիրճահայաց բնակարանի հյուրընկալ պատշգամբ ու հյուրասենյակ, ո՛չ միայն չէին կարողանում խանգարել, այլեւ ավելի էին շեշտում արվեստի, ազգային ճշմարիտ արժեքների, հայեցի դաստիարակության ու մտածելակերպի շուրջ ծավալվող անվերջանալի զրույցների անհրաժեշտությունն ու արդիականությունը: Ավելի քան վստահ եմ, որ հիմա էլ, այս տողերը գրելիս, նույն հյուրասենյակում շարունակվում են Ձեզ հուզող հարցերի քննարկումները, որոնք պարբերաբար իրենց արձագանքն են գտնում «Ազգ» օրաթերթի մշակութասեր էջերում: Կռահում եմ նաեւ, որ հերթական զրույց-բանավեճն իր մեջ ներառելու է նաեւ «Ազգ»ի մշակութային հավելվածում տպագրված Ձեր վերջին` «Հուշարձանը» հոդվածում (2011, նոյեմբերի 19) արծարծված հույժ կարեւոր թեմաները, որոնց քննարկմանն ուզում եմ իմ հեռակա մասնակցությունը բերել` Ձեր թույլտվությունը ստանալուց հետո:

Սիրելի Վարպետ, ես միշտ էլ հպարտացել եմ Ձեր բարեկամն ու կրտսեր ընկերը լինելու փաստով: Ասեմ, որ հիմա կրկնակի հպարտ եմ, որովհետեւ հոդվածում ես գտա տարիներ շարունակ ինձ հուզող (համոզված եմ` ո՛չ միայն ինձ) գոնե մեկ հարցի պատասխանը, որ առաջին հայացքից շատ պարզ ու տրամաբանական էր թվում, ինչպես ամեն լուծում, որ դիպուկ է, տեղին եւ տաղանդավոր: Իսկապես, ի՞նչն էր պակասում Մեծ եղեռնի զոհերի անմահ հիշատակը խնկարկող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, երբ իրենց ճարտարապետական բարձրարվեստ ու ներդաշնակ լուծումն էին ստացել համալիրի բոլոր բաղադրիչները` հուշասյուներն ու դեպի անմար կրակը տանող ճանապարհը, լուռ հանդիսավորությամբ կրակի վրա խոնարհված մեր տասներկու գավառների հսկայական խորհրդանիշներն ու Ցեղասպանության թանգարանը: Այն, որ պակասող շատ կարեւոր մի օղակ կար` ավելի քան պարզ էր ու հստակ եւ դա տեսնելու համար մեծ իմաստություն չէր էլ պահանջվում: Բավական էր հանդիպել համալիրից իջնող մարդկային բազմահազար մոլորված ու ճնշված հայացքներին... անկարելի էր խոր ցավի հետ չտեսնել նաեւ նրանց տխուր աչքերում դաջված անբավարարության, ինչ-որ կիսատ-պռատության ու եթե կուզեք` նաեւ թերարժեքության զգացումները:

Ձեր հոդվածում, Վարպետ, դուք գտել եք այդ պակասող օղակը, գտել եք Ձեզ հատուկ նրբաճաշակությամբ ու տաղանդով եւ գտել եք հուշահամալիրն ամբողջացնող միա՛կ լուծումը. այն է` թե ինչ եղավ այդ սոսկալի նախճիրի կազմակերպիչներին: Այն օրը, երբ կյանքի կկոչվի Ձեր առաջարկած ծրագիրը եւ Ծիծեռնակաբերդի հպարտ ու խորհրդավոր լռության մեջ վեր կխոյանա «Նեմեսիս»-իՙ փառապանծ հերոսների արձանախումբը, այլեւս հուշահամալիր այցի եկող հազարավոր օտարերկրացիներին ու հյուրերին ստիպված չենք լինի երբեմն ամբողջական, հաճախ էլ կցկտուր մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ եղավ հետո...

... Իսկ հետո այն եղավ, որ հայ վրիժառուների պատժիչ գնդակները անվրեպ գտան դահիճներին եւ փշրեցին միայն ոճիր նյութող նրանց գանգերը` աշխարհի որ ծագում էլ թաքնվեցին` լուսավորյալ ու մարդասեր համարվող, սակայն մարդկային ողբերգության հանդեպ կրավորական ու պաղարյուն եվրոպաներից մինչեւ միջինասիական շեկ անապատները...

Չեմ կասկածում, որ այդ գաղափարը վաղ թե ուշ կիրականանա եւ դեպի հուշահամալիրի ելքը տանող ճանապարհին կտեղադրվի հերոսական արձանախումբը, որն իսկապես տրամաբանորեն կարող է ամփոփել մեզ համար չափազանց ողբերգական այդ շրջանը ու նաեւ Ձեր շնորհիվ, մեկ անգամ եւս կարող է փաստել հայ ժողովրդի հարատեւության իրավունքը, որովհետեւ ինչպես Դուք, ես եւս շատ շատերի նման հավատում եմ Հայոց հավաքական իմաստնությանն ու մտքի կորովին:

Ասեմ նաեւ, որ կինսՙ Ձեր շատ սիրելի Անին, որն իհարկե կողքիս է հիմա, այդ գաղափարով խանդավառված` առաջարկում է ստեղծվելիք արձանախմբի պատվանդանին փորագրել մեր հազարամյա էպոսի հանճարեղ ամփոփումը հանդիսացող տողերը.

«Քառսուն գազ խոր հորում լինեք, թե ջաղացի քարի տակին`

Տ՛ելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, տ՛ելնի ձեր դեմ Թուր-Կեծակին...»...

Այս ամենն, անշուշտ լավ է, շատ լավ, սակայն դրա համար չէ, կամ ավելի ճիշտ միայն դրա համար չէ, որ ուզում եմ մասնակից լինել անվերջանալի այն զրույցին, որ հիմա ընթանում է Ձեր հյուրընկալ սենյակում: Պարզապես ուզում եմ Ձեզ հետ կիսել նաեւ իմ մտորումներն ու մտավախությունները հոդվածում արծարծվող նյութերի առնչությամբ, որովհետեւ ուզում եմ ո՛չ միայն ինձ երկար ժամանակ հետապնդող հարցի պատասխանը գտնելու բերկրանքը կիսել, այլեւ Ձեզ պատած ցավը անհամար «ինչու»-ների եւ «ինչպես»-ների կապակցությամբ, որոնք բազմաթիվ են, ո՛չ միանշանակ, երբեմն էլ խիստ հակասական` ինչպես առհասարակ ինքը պատմությունն ու մարդկային բնույթը:

Ռազմական փառավոր հաղթանակները դիվանագիտական եւ քաղաքական ասպարեզներում ամրագրելը, մեզ համար կարծես «աքիլլեսյան գարշապարի»- նման մի բան է դառնում, եւ այդ է պատճառը, որ երբեմն «ծեծ կերածի» կամ որ ավելի դաժան է` «անասունի նման մորթվողի» պիտակավորումն ենք ստանում: Սրա մեջ ամենաշատն, իհարկե, գերտերություններն ու աշխարհաքաղաքական մեծ ու փոքր շնագայլերն են մեղավոր, բայց արդյո՞ք միայն նրանք... Միայն նրա՞նք են մեղավոր, որ այսօրվա ամենազարգացած հայ մտավորականն անգամ պիտի դժվարանա նույն Ավարայրի կամ Սարդարապատի հերոսամարտերի գոնե տասը հերոսի անուն տալ: Նորի՞ց ասենք, որ մեղավորները ռուսն ու կեղտոտ բոլշեւիկներն էին եւ առաջ անցնենք` ինքներս մեզ երաշխավորած` զերծ պահելով մեղքի մեր բաժնից: Այդ դեպքում ո՞վ է մեղավոր այն բանում, որ արցախյան հերոսամարտի հարյուրավոր մասնակիցներ առ այսօր կքած են մնում իրենց բաժին հասած սոցիալական անարդար ու անմարդկային բեռան ներքո: Ո՞վ, պետական ո՞ր կազմակերպությունն է հարցնում Եռաբլուր այցելող որդեկորույս մայրերի եւ այրիացած կանանց որպիսությունը: Իսկ թե ինչ ճակատագրի արժանացան այդ հաղթանակը կերտող հրամանատարներից շատերը` դա այլ զրույցի թեմա է, սակայն չեմ կարծում, որ, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղացիություն չտալու փաստը ինչ-որ անփույթ պաշտոնյայի կամ «գրասենյակային փքված առնետի»- ձեռքի գործ է:

Չէ, սիրելի Վարպետ, մեզ պարտադրված պատերազմ ու կռիվների մենք շատ ենք մասնակցել: Ցավոք այդպիսին է մեր պատմությունը, բայց ծեծ երբեք չենք կերել: Հաղթել ենք, պարտվել, երբեմն նաեւ նահանջել ենք վայրենի ուժի առաջ, սակայն կռվել ենք, ո՛չ թե ծեծ կերել, նահանջել ենք, բայց միշտ դեմքով դեպի թշնամին:

...Միանգամայն իրավացի եք, երբ ասում եք, թե մինչեւ անցյալ դարի վաթսունական թվականները մենք միայն կցկտուր տեղեկություններ ունեինք կամ ոչինչ չգիտեինք Ցեղասպանության մասին: Գիտեմ, անասելի ցավով եք նշում այդ իրողությունը, բայց մի՞թե միայն «սովետներ» կամ, ինչպես ասում եք, ռուսն էր մեղավոր դրանում, թե՞ մենք էլ մեղքի մեր բաժինն ունեինք, որի մասին գերադասում ենք չխոսել` անպատժելիությունն ակամա խրախուսելով: Ի դեպ հենց նույն ռուսների գլխներին էլ աղետալի պատուհաս դարձած հոկտեմբերյան հեղաշրջման ղեկավարների մեջ ազգությամբ ռուսները իրենց թվով զիջում էին ոչ միայն հրեաներին, այլեւ վրացիներին, հայերին ու լատիշներին: Եվ այն, որ գոնե մեր պարագայում Ռուսաստանը Խորհրդային Միության վարած քաղաքականության ժառանգորդը չէ ` նրանք փաստեցին իրենց անկախության արշալույսին, երբ հազար ինը հարյուր իննսուն հինգ թվականի ապրիլի տասնչորսին Ռուսաստանի Պետական Դուման պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը` հետեւյալ ձեւակերպմամբ. «Հիմնվելեվ 1915-1922թթ. Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերի կոտորածի եւ բռնի արտաքսման մասին բազմաթիվ անբեկանելի փաստերի վրա, ՌԴ Պետդուման ճանաչում է Հայոց ցեղասպանությունը` իրականացված նույն տարածքներում»: Նկատենք, որ Ռուսաստանը միակն է հայ ժողովրդի դեմ կատարված այդ սոսկալի Ցեղասպանությունը ճանաչող երկրների մեջ, որ շեշտում է «Արեւմտյան Հայաստանում», ո՛չ թե մնացածի նման «Օսմանյան կայսրությունում»...

Այսօր, խորհրդային մսաղացով անցած շատ ու շատ ազգություններ` իրենց պատմությանը հետամուտ լինելով, մի շարք արխիվներ են գաղտնազերծել եւ չեկիստական թանձր մշուշով պատված շատ իրողություններ են պարզվել: Նրանք հիմա հստակ ո՛չ միայն բռնապետության դեմ ընդվզած հերոս-նահատակների անունները գիտեն, այլեւ անուն առ անուն ճանաչում են նաեւ նրանց դահիճներին: Այդ ազգություններից առավել խելացիները կամ շրջահայցները դա անում են ո՛չ թե հանուն ուշացած վրեժխնդրության, այլ հանուն պատմական արդարության ու իրենց հիշողության: Անում են, որ գոնե նույն այդ դահիճների ժառանգները իրենց «հերոսական» պապերով միամտորեն հպարտանալու կուրությունը, այլ դեպքերում էլ լկտիությունը չունենան: Չեմ կարծում, թե հիմա էլ ռուսն է խանգարում մեզ, որպեսզի հրապարակվեն Չարենցին, Բակունցին, Թոթովենցին ու Զապել Եսայանին տանջամահ անողների անունները, բայց մենք այդ ամենի մասին գերադասում ենք մոռանալ` որդեգրելով խորհրդային կայսրությանը անհասցե հայհոյելու անվտանգ քաղաքականությունը եւ մեր անկախության քսան տարիների բարձունքից էլ մեր եղած ու չեղած մեղքերը շարունակում ենք բարդել «անցյալի արատավոր մնացուկների» վրա:

Ցավալին այն է, Վարպետ, որ այդ ամենը մենք անում ենք նույն այն խանդավառությամբ ու գռեհկությամբ, որ իր գոյության բոլոր յոթանասուն տարիների ընթացքում արել են բոլշեւիկյան, մեծ մասամբ թերուս գաղափարախոսները` իրենց նողկալի գործերը բացառապես ցարիզմից մնացած դաժան ժառանգություն համարելով:

Այսպիսին է, ցավոք մեր վերաբերմունքը սեփական պատմության հանդեպ եւ իմ խորին համոզմամբ այստեղ մեծ, շատ մեծ է նաեւ մեր բաժին մեղքը, այլապես այսօր, անկախությունից քսան տարիներ անց Ազատ եւ Անկախ Հայաստանի մայրաքաղաքում մենք չէինք ունենա բոլշեւիկների արյունոտ ձեռքերով տանջամահ արված Գարեգին Նժդեհի անվան հրապարակ` բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի արձանով...մանավանդ, երբ երկրի իշխող ու կառավարող կուսակցությունն այսօր իրեն Նժդեհի հայամեծար գաղափարների անմիջական ժառանգորդն է համարում...

Պետք չէ մեղադրել միայն «սովետներին»` եւ եզրակացնել թե «Սովետական իշխանությունների օրոք Հայաստանի հողի վրա դրված Եղեռնի հուշարձանը չէր կարող ձեւական չըլլալ»: Պետք չէ, որովհետեւ նման հուշարձանի կառուցումը այն ժամանակների համար քաղաքական եւ նույնիսկ քաղաքացիական սխրագործության այն բացառիկ նմուշն է, որով նախկին խորհրդային որեւէ այլ ժողովուրդ չի կարող հպարտանալ: Երեք-չորս միլիոնանոց հայ ժողովրդին սիրաշահելու փորձ չէր կարող դիտվել սա, որովհետեւ նույն բռնապետության հակառակ ճամբարում իրենց ակնհայտ դժգոհությունն ու ատելությունը չթաքցնող հիսուն-վաթսուն միլիոն բնակչություն ունեցող թուրք էթնոսի ներկայացուցիչներն էին Ադրբեջանից մինչեւ հեռավոր Սիբիր... Իսկ հուշարձանը, սիրելի՛ Վարպետ, կառուցվել է ճիշտ այն նախագծով ինչ ներկայացվել էր, եւ թանգարանն ու Ձեր մատնանշած արձանախումբը այնտեղ տեղ չէին կարող ունենալ այն պարզ պատճառով, որ առաջինը նախագծվել եւ կառուցվել էր ավելի ուշ, իսկ մյուսը, որ Ձեր հրաշալի գաղափարն է` դեռ սպասում է...

Դե, իսկ որ մի քանի տգետներ հուշարձանն այցելելիս կամ դրանից հետո նաեւ «վոդկա» էին խմում, դա արդեն հաստատ վերեւներից թելադրված լինել չէր կարող: Ի դեպ, եթե այն ժամանակ իսկապես մի քանի տգետների «մենաշնորհն» էր դա, ապա հիմա, սիրելի՛ Վարպետ, դա արվում է շատ բարձր մակարդակներով եւ անթաքույց: Մինչդեռ այն ժամանակների հազարավոր ուսանողներ կարող են հավաստել, թե ինչպես են պատժվել ու համալսարաններից հեռացվել ապրիլի քսանչորսին հուշարձան այցելելու եւ իրենց խոնարհումը բերելու համար: Այսօր կան, ապրում են նրանք եւ նրանց հետ կողք-կողքի ապրում, բարգավաճում եւ պաշտոնավարում են նաեւ նրանց ազգայնականության մեջ մեղադրողներն ու համալսարաններից հեռացնողները...

Թող Ձեր փայլուն առաջարկի կենսագործումը նրանց համար մեղքերի թողության ամենահարմար առիթը հանդիսանա եւ հիրավի ավելի իմաստավորվի Հուշահամալիրը, մանավանդ, որ հիմա ուրիշ որեւէ մեկին մեղադրելու առիթ, կարծես թե չունենք...

Հ.Գ. Սիրելի վարպետ, իհարկե այս զրույցը դեռ շատ կարող էր երկարել, եթե Ձեր հյուրընկալ տան մեջ լիներ, բայց առայժմ սա է միակ հուսալի միջոցը` մինչեւ մյուս հանդիպում, որ վստահ եմ այնքան էլ հեռու չէ: Մինչ այդ Անիի հետ անհամբերությամբ ու սիրով պիտի սպասենք Ձեր այնքան ջերմ ու հակոբյանական հոդվածներին, որ միշտ էլ ընթերցել ենք գերագույն հաճույքով:

Միշտ Ձեր`

ԷԴՈՒԱՐԴ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ, 27.11.2011թ. Բեյրութ

(Տպագրվում է կրճատումներով)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4