1925-2011: Այս ժամանակն իր մեջ ամփոփում է Կարպիս Սուրենյանի երկրային կյանքի տարիները: Աթենքի ոսկեհորդ արեւի, հին հունական մշակույթի լույսը ծննդից իր մեջ կրող ու Հայաստան բերող գրողը մինչեւ կյանքի ավարտը, մինչեւ հոկտեմբերի աշնանային այն տաք օրվա շոյանքըՙ կյանքը, աշխարհն ապրեց իր հոգու գեղեցկությունների, իր ներաշխարհի շքեղ գույներիՙ մերթ հախուռն- ըմբոստ, մերթՙ խաղաղ-ներհուն համանվագով, միայն իրեն հատուկ իմաստուն կենսասիրությամբ, բնության ու մարդկային էության հակասականության, կյանքի քաղցրության ու դառնության գաղտնիքը որոնողի ժպիտը դեմքինՙ բարի, ու թեթեւ հեգնական...
Մենք ընտրեցինք մի փոքր կտոր իր հոգու լույսից, իրեն գուցե լավագույնս բնորոշ հատված իր օրագրությունից. այստեղ իր մտածողությանը հարազատ զգացողություններն են, աշխարհի ճանաչման, ընկալման ուրույն, սուրենյանական հայացքի մի շող, բնության հանդեպ պաշտամունքի հասնող սիրո եւ այդ լույսի մեջ իր սիրած աշխարհը ապականող մարդկային բարոյականության չբացահայտված առեղծվածի իր հարցը, իր պատասխանն ու իր վերաբերմունքը: