...Արեւը բավական իջել է արդեն, գնամ իմ սիրելի մասրենուն իրիկնային «լույս զվարթ» բարեւս ասելու: Ահա, իր բարեձեւ կազմվածքի պչրանքով, իր զմրուխտ կանաչի մեջ հարյուրավոր հակինթ-հակինթ կլոր փայլուն մասուրների կարմիրով ժպտում է նա, ոչ միայն արեւին, ահա ժպտաց ինձ էլ, ճանաչում է իր մտերիմին: Իր ետեւում լեռնադաշտերի այն հեռաստանն էՙ իրիկնացած ավելի խոր կապույտ երկնակամարի տակ: Փամբակի լերկ լեռնաշղթան ձախին, ցերեկվան արեւի տակ միշտ դեղնավուն, իրիկնային նուրբ մանուշակագույնի երանգն է հագել իր դեղինի վրա, ստվերոտած ձորերն ասես ի հայտ են եկել վերից վար մուգ կապույտ պատմուճանված, ու ամբողջ լեռնաշղթան կարծես քանդակայնացել է: Ստորոտին ահա այն ամենամեծ գյուղն է Դդմաշենը, 7-րդ դարի տաճարը ծոցում. մի քանի պատուհան, գյուղում, վերջալույսի դիմաց փայլփլում են փոքրիկ ոսկի աստղերի նման: Ի՜նչ լռություն, խաղաղություն ամեն կողմ, կովի հեռավոր բառաչներ միայն լսվում են ներքեւիցՙ Ծաղկաձորից:
Այստեղ արդեն, ահա, արեւն իջավ Թեղենիսի ետեւ, մասրենին մարեց իր հակինթների փայլը, իրիկնային հովից մեղմ թրթռաց: Իսկ լեռնադաշտերի ամբողջ խաղաղ հեռաստանը դեռ լուսավոր է այնտեղՙ մայրամուտի արեւից թունդ ծիրանագույն դարձած: Մայրամուտի՜ արեւ: Դա էլ իր խորհուրդն ունի, հայրիկ, ինչպես արշալույսի արեւը, որի խորհուրդն էիր ցույց տալիս ինձ մանկությանս: Քիչ հետո մութն է իջնելու այս խաղաղության վրա, բայց վաղը կրկին ծագելու է արեւը...
Եվ հանկարծ...
Ծանր ստվեր հոգուս վրա հանկարծ: Եկավ կրկին: Դարձյալ ու դարձյալ: Այն զայրացուցիչ, նողկալի, բայց եւ դառնորեն ծիծաղելի Խեղկատակությունը, որով երեկվա ոճրագործների հետնորդները ամենայն լկտիությամբ ժխտում, նենգափոխում են կատարված աննախընթաց ցեղասպանությունը, դեռ ուզում են այս մի կտոր Հայաստանն էլ խեղդել շրջափակումով: Ուրիշներն էլ, շահամոլության խաղի կանոններով, իննսուն տարի աղաղակող ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու անամոթ ֆարսն են խաղում: Այդ բոլորով ոչ միայն քեզ, ինձ ու մեր նահատակներին են վիրավորում, հայրիկ, այլեւ բարոյական ամենաչարագուշակ ապականումով պղծում են քո եւ իմ այնքան սիրած աշխարհը: Եվ այդ ծանր ստվերի հետՙ կրկին հոգուս վրա խուժեցին այն «վարից», ուր թողել էի դրանց, ամբողջ կյանքումս ինձ տանջած հարցերը, այժմ ավելի ցայտուն դարձածՙ թե՛ աշխարհի, թե՛ մեր ավելի եւս այլասերվող իրականության մեջ: Գուցե լուծելի հարցերի հետ, երբ մարդկությունը ճգնաժամի է հասել, նաեւ անպատասխան, անլուծելի հարցերի գոյութենական ընդհանուր կեցության: Ու կրկին աչքիս առաջ կանգնում է չգիտեմ Ում ուղղված իմ այն հին մեծ ԻՆՉՈՒՆ...
Բայց չէ: Կյանքիս այս շրջանին, ութսունամյա իմ ոդիսականի վերջերգում, երբ անցյալիս լցվածության խորխորատներից վեր ելած շունչ եմ ուզում քաշել, իմ էլ մայրամուտից առաջ հոգեկան խաղաղության շունչը, հեռու այլեւս այդ հարցականը իմ հոգուց: Նայում եմ հիմա դիմացսՙ կարծես անհունորեն տարածվող ծիրանագույն հեռաստանին: Գիտեմ, որ վաղը առավոտ այնտեղից կրկին ծագելու է արեւն իր խորհուրդով: Եվ դարձյալ հիշում եմ այն նվիրական պահը կյանքիս արշալույսին, որից էլ սկսվել է, ինչպես թվում է ինձ, այն բուն զգացումը, թե իրո՛ք ուր եմ ես, ով եմ ես: Տեսնում եմ ինձ հինգ թե վեց տարեկան, այն առավոտ, երբ մեր տան դռնից նայեցի աջ, մեր փողոցի այն հեռու ծայրին, այգիներից անդին, տեսա ոսկեհորդ ծագող արեւը Ակրոպոլիսի վրա եւ Պարթենոնի տաճարն այնտեղՙ ոսկեճաճանչ: Սիրտս հմայված զարմանքով ժպտաց այդ Արեւածագին: Ու թվում է ինձ, որ առաջին անգամ այդ պահին գիտակցեցի, թե ուրախություն եմ զգում:
Եվ ուրախության այդ ներքին ժպիտը մաքուր, պայծառ մնաց սրտիս մեջ իմ ամբողջ կյանքում, որքան էլ այդ հարցերն ստվերոտում էին հոգիս: Մաքուր այն ուրախությունը, թեկուզ խավարի մեջ մի շողն իսկ, որով լուսահայտվում է կյանքի, ապրելու նախնական բուն ճշմարտությունըՙ անհունորեն թանկագին: Որով մարդը ի բնե օժտվում է գոյության գալով այս աշխարհում, որքան էլ առեղծվածային լինի թե՛ աշխարհը, թե՛ իր գոյությունը դրա մեջ: Ու իրիկնային ժամին, մի քիչ թախծերանգ ուրախության ժպիտով սիրտս ջերմացած, իմ սարահարթից ահա իջնում եմ զվարթ ընթրիքի եւ զրույցիՙ մարդկանց հետ, մարդկանց կարոտ, իմ ազգակից թե օտարազգի, այստեղ, այս ստեղծագործական տանը, մեր, իմ Ծաղկաձորում: Կյանք է: Ուր էլ լինի, ինչպես էլ որ էՙ
ՃԻՇՏԸ ԿՅԱՆՔՆ Է...
ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆ, «Օրագիր. 1943-2001» գրքի վերջին էջերը