Անցած տարի հունվարին «Ազգ»-ի այս էջերի անդրանիկ թողարկման համար խմբագիրը դիմեց Կարպիս Սուրենյանինՙ հոդվածի խնդրանքով: Կարպիս Սուրենյանը մեր թերթի ամենասիրված հեղինակներից է, ամենաստեպ գրող հոդվածագիրը, ավելի շուտ էսսեիստը: Եվ այն քչերից, որի հետ իսկապես հոգեկից մտերմություն էր ստեղծվել: Դա թանկ բարեկամություն էր, կյանքի այն հազվադեպ շռայլ պատեհությունը, որ հնարավորություն է ընձեռում կողքիդ ունենալ այդպիսի շիտակ մարդու, ճշմարիտ մտավորականի , հարուստ գիտելիքներով ու հոգեկերտվածքով ուսուցչի, որի պակասը հիմա շատ-շատ ենք զգում ու որքան գնում, այնքան խորանում է այդ զգացումը:
Անցած հունվարին կյանքից հեռացավ մեծատաղանդ երաժիշտ Օհան Դուրյանը. վերջին հրաժեշտը Սբ Հովհաննես եկեղեցում էր: Կարպիս Սուրենյանը ապրում էր այդ եկեղեցու հարեւանությամբ, սիրում էր այդ եկեղեցին, հաճախ այցելում, դրվատանքով էր խոսում բարեկարգված, ծաղկառատ պարտեզի մասին: (Եվ իր վերջին հրաժեշտն էլ այդ նույն եկեղեցում եղավ: Հիվանդությանս մղձավանջներից լիներ ասես այդ օրը. այն զգացողությունը ունեմ, որ չի եղել դա` ուր որ է, ահա այգով անցնելիս, խմբագրության աստիճաններին, մետրոյի մեջ լսելու եմ իր ձայնը... ու ետ եմ դառնալու): Այդ ձմեռ Կարպիսը հիվանդացավ, իր վաղեմի ընկերոջ վերջին հրաժեշտին չկարողացավ ներկա լինել: Հրաժեշտի հոդվածը գրեց այնպես, ինչպես միա՛յն ինքը կգրեր. իր սքանչելի ղողանջող հայերենով, իր հոգու հարուստ նոտաներով, որը մեր թերթում իր նախավերջին ակորդը եղավ. 2011, 22 հունվար:
«Օհան Դուրյանի տունը Նորքի բարձունքումՙ դիմացն Արարատ:
Մահն այնտեղից տարավ նրան:
Ութսունութ տարեկան էր: Ինձնից երեք տարով մեծ:
Արդյոք կտեսնե՞նք իրար կրկինՙ չգիտեմ ուր...
Է՛հ, փոքրիկն արաբախոս Հաննա: Որ դարձար Օհան: Կուզեիր հայերեն, հայերե՛ն սորվիլ: Սորվեցար: Կոմիտաս լսեցիր, եւ բոլոր ջիղերովդ զգացիր, որ հայ ես: Մեջդ հայն ու բնածին մեծ երաժիշտը քեզ ասել տվին. «Ալ չէի կրնար իմ ժողովուրդես դուրս ապրիլ»:
Ապրեցի՛ր ժողովուրդիդ մեջ: Չարակամները հաշվից դուրս են արդեն: Ժողովուրդդ քեզ սիրով ընդունեց: Երբ բացակայում էիրՙ կարոտեց: Մեծ երաժշտությամբ ժողովուրդիդ կապեցիր աշխարհի հետ: Եղար մեր մշակույթի ու պատմության մի պարադոքսը եւս քո ճակատագրով: Զարմանալի պարադոքս:
Եղար մերը: Եղար աշխարհինը: Կամար կապեցիր»:
...Մտքովս կանցնե՞ր անցած տարի այս օրերինՙ Դեմիրճյան փողոցի բարձունքի իր տան աստիճաններին կանգնած երբ սպասում էի, որ թոռնուհին իջեցնի նոր-նոր մեքենագրված հոդվածի հերթական էջերը (ինքը ասում էր, որ շատ է հազում, բայց երբ նստում է գրամեքենայի առաջ, վիճակը փոխվում է, հազը դադարում է, գիրը ավարտելուց հետո նորից հազը բռնում է: Գիտեր, որ սպասում ենք այդ հոդվածին, որ սպասում ենք խմբագրություն իր գալուն: Թեեւ հոգնել էր շատ եւ խոր ձանձրույթ ուներ ամենի եւ ամեն ինչի հանդեպ) որ մեկ տարի անց ճիշտ նույն օրերին ինձ վիճակված է լինելու կազմել-սրբագրելու այս նույն էջերը, բայց արդեն իր հիշատակին նվիրված հոդվածների: Որքա՜ն անիմանալի է կյանքը, որքան թերի, որքան բան է կիսատ մնում... Ինչո՞ւ է խաբում ժամանակը մեզ: Ինչո՞ւ չենք կարողանում տեսնել-կռահել չերեւացողը, չասվածը, կորցնում ենք պահըՙ զղջալո՞ւ համար հետո:
«Գոյությունն ի բնե անապահով է հիմքում»,- գրում եք Դուք, սիրելի Ուսուցիչ, եւ որքան ճշմարիտ եք - Այո՛, անապահով:
...Կվերադառնա՞ սակայն արեւագալի երգերի օրը...
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին իրենց հոգիներին, նաեւ ընդառաջեցին մեր խնդրանքինՙ Կարպիս Սուրենյանի հիշատակի այս խոսքերը «Ազգ»-ի էջերին թողնելու համար:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկար 1. Ծաղկաձոր. անտառում պտույտից հետո