ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Գրող Կարպիս Սուրենյանի (Սարկավագյան) հետ մեր կապը սկսում է Մելգոնյան կրթական գիշերօթիկ դպրոցից: Մելգոնյանը յուրահատուկ մթնոլորտով դպրոց մըն էր, կրնամ ըսել բառացիկ, մի քանի հարյուր տղաներ եւ աղջիկներ, տարբեր երկրներից, հիմնականում Սիրիա, Լիբանան, Հունաստան, Եգիպտոս, պատանիներ, գալիս էին մի քանի տարի մնալու, իրար հետ ապրելու եւ սովորելու, գրեթե փակ տարածության մը մեջ, որովհետեւ դպրոցն իր մեծ հողամասով կիլոմետրներով կտրված էր քաղաքենՙ Նիկոսիայեն: Գրեթե ամայության մեջ, տեսակ մը գաղութ: Բաժանվելով իրենց ծնողներից, առաջին տարին դժվար էր (ես մի տարի մեկ-մեկ գնում էի հեռու, առանձնանում էի եւ լաց լինում, հանգստանում էի, ինչպես կարծեմ բոլորը, եւ համակերպվում իմ ճակատագրիս հետ, որ ես բաժանված եմ իմ հարազատներից եւ բան չեմ կարող անել, պետք է որ ընդունեմ իմ ճակատագիրս), եւ, ինչպես ասում են, «աչքից հեռու, սրտից հեռու», կամաց-կամաց սկսում էինք մոռանալ մեր հարազատներուն: Բայց մարդ չի կարող ապրել առանց գուրգուրանքի եւ գուրգուրելու: Ու մեր հարազատներուն տեղը սկսում էին գրավել մեր ընկերները, ընկերական կապվածությունը, եւ սերը հասնում էր գրեթե հարազատության զգացումի. մենք դառնում էինք տեսակ մը քույրեր, եղբայրներ, ուսուցիչները տեսակ մը ծնողներ: Այս վիճակը իմ վրաս անջնջելի հետք թողած է, եւ իմ ժամանակվա Մելգոնյանի տղաներուն եւ աղջիկներուն երբ որ հանդիպում էի, կարծես հանդիպում էի եղբորս, քրոջս կամ հարազատիս:
Տարիները չեն ջնջում այս զգացողությունը, տեսակ մը մելամաղձություն, որ թափանցում էր մեր հոգիներուն մեջ, գիշերօթիկ դպրոցական տարիներից մենք միշտ մեզ հետ տարել ենք, դպրոցից բաժանվելուց հետո ես կարող եմ ասել մինչեւ այսօր, մինչեւ կյանքի վերջ, մենք իրար հատուկ զգում էինք եւ հասկանում: Մելգոնյանի մեջ նույնիսկ չըլլալով մտերիմ Կարպիսին հետ, քանի որ ինքը մի քանի դասարան ավելի ցածր էր, երբ որ մենք հանդիպեցինք Հայաստանում, ինչպես նաեւ ուրիշ մելգոնյանցի ընկերներու, կարծես բնավ ալ տարիներով իրարից չէինք բաժանվել:
Կարպիսը առաջիններեն էր, որ իմ մասին խոսեցավ մամուլով:
Ես չկարողացա ավարտել իմ ուսումը, եւ այն կիսատ մնաց, բայց Կարպիս Սուրենյանը փայլուն սովորել էր եւ նույնիսկ ավարտելուց հետո միառժամանակ մնացել էր դպրոցում իբրեւ ուսուցիչ: Դպրոցը չկարողացա ավարտել, բայց իմ հետ պատահեցավ մի բան, որ կարեւոր դեր խաղաց իմ կյանքիս մեջ: Սկսեցի գրքեր կարդալ (գեղարվեստական գրականություն), 13-14 տարեկան երեխաները երբ սիրում են խաղեր, շարժվել, չեն ուզում մի րոպե հանգիստ նստել, ես սկսեցի կարդալ ուրեմն, ժամերով նստած մնալ անշարժ, ավարտելով մի գիրքՙ ես վազում էի գրադարան նոր գիրք վերցնելու:
Կամաց-կամաց, առանց անդրադառնալու ես սկսեցի ապրել գիրքերու աշխարհին մեջ. մարդ, երբ որ կարդում է, ո՛չ տեսնում է, ո՛չ լսում, ո՛չ էլ մարմնով զգում շրջապատը, ֆիզիկական աշխարհը կարծես գոյություն ունենալե դադարում է, ժամանակը կանգ է առնում: Եվ ես սկսում էի լողալ կարծեք, անկշռականության մեջ, ուրիշ տարածության մեջ, եւ կամաց-կամաց գիրքերու մարդիկ ինծի համար դարձան ավելի իրական, շատ ավելի, քան շուրջս եղող մարդիկ: Այս վիճակը լավ էր, թե վատՙ չեմ գիտեր, բայց երեւի տխուր իրականութենեն փախչելու ձեւ մըն էր. արբունքի եւ տագնապներու շրջանն էր սկսում. պատանեկան, կամաց-կամաց նաեւ ծանոթանալով մեր հայ գրականությանը, իմ մեջ սկսավ կազմավորվել տեսակ մը Հայաստան, սկսում էր երազային, անիրական, բայց ամենաիրական Հայաստանը, ուր ես պիտի ուզեի ապաստանել եւ ազատվել օտար իրականութենեն:
Երբ ես ուսումս կիսատ թողեցի եւ վերադարձա Եգիպտոս, հարազատներուս մոտ, չկազմավորված եւ անզենՙ կյանք մտնելու համար, որ շատ տարբեր էր, որ բոլորովին նման չէր մեր գիշրօթիկ դպրոցի կյանքին, իմ մեջ ավելի էր խորանում կարելի եղածին չափ փարվիլ գիրքերու աշխարհին, ապրիլ երեւակայության մեջ: Չընդունիլ ֆիզիկական շրջապատը եւ աշխարհը: Հայաստանին հասնիլը ինծի համար դարձել էր մղձավանջային, Հայաստանի մեջ ես պետք է որ գտնեի իմ հանգիստը: Այդպես էր իմ հավատքս, եւ անշուշտ տարիներ համբերելե եւ տանջվելե վերջ ես հասա իմ նպատակինՙ եկա Հայաստան:
Եվ Հայաստանի մեջ ահավասիկ ես հանդիպեցա Կարպիսին եւ իմացա, որ ինքը գրող է, եւ որովհետեւ իմ ամենասիրած բաներես մեկը գիրք կարդալն էՙ կարդացի Կարպիս Սուրենյանի գիրքերը, ստեղծագործությունները, անշուշտ նաեւ թարգմանությունները, որոնք նաեւ սքանչելի ստեղծագործություններ են:
Ես մի թուլություն ունեմՙ մարդկանց մասին իմ կարծիքս կազմում եմ իր խոսած հայերենով. գեղեցիկ, ճիշտ հայերեն մը ինձ կապում է այդ խոսողին հետ, անմիջապես հայերեն գեղեցիկ խոսքը կամ գրություն մը ինձ կախարդում է: Ես տանջվում եմ, երբ կարդում եմ սահմանափակ, անկիրթ հայերենով գրություն մը:
Կարպիս Սուրենյանը ընտիր հայերենով է գրում. ես չեմ հիշում իր հայերենին մեջ ոչ մեկ «ֆոսնոտ» կամ դույզն գռեհկություն, անճաշակություն կամ թափթփվածություն: Մեր ժողովուրդին հետ իր կապը կա, առանց որուն ես չեմ հավատում հայերեն գրվածքին, եւ կա ուրիշ մշակույթներու ազդեցությունը, որ հարստացնում է իր կյանքը: Գիտե լեզուներ եւ վստահաբար մեր ամենազարգացած եւ գիտուն մտավորականներեն մեկն է, որուն համար պետք է որ բախտավոր ըլլա:
Մենք ամիսը մի 3-4 անգամ հանդիպում էինք իրար իմ արվեստանոցի մեջ: Իր ներկայության ես անկաշկանդ շարունակում էի նկարել, եւ մենք շարունակում էինք մեր խոսակցությունը: Ներկան եւ անցյալը միշտ խառնվում էին մեր խոսակցությանը: Մի քանի ժամ մենք զրուցում էինք, մեր հանդիպումները հոգեկան պահանջի արդյունք էին: Նաեւՙ մեր սիրտը բանալու իրար առաջ:
Դյուրին չի եղել Կարպիսի կյանքը հայրենիքին մեջ, ուր եկել է երազներով, եկել է հաստատվելու: Անշուշտ դաժան ռեժիմի մեջ շատերն էին տառապում, մանավանդ զգայուն եւ կիրթ երիտասարդի մը համար շատ մեծ ճիգ էր պահանջվում չկորսնցնել հոգեկան հավասարակշռությունը եւ ստեղծագործել:
Ստեղծագործողի մը համար ամենաանտանելի վիճակը կաշկանդվածությունն է: Մարդ, ում թույլ չեն տալիս բոլորին բանալ իր սիրտը, իր հոգին, զգացումները: Եվ առանց այդ բնական վստահության, որ մարդ (մանավանդ արվեստագետը) ուզում է ցույց տալ իր նմաններուն, հավատալ իր նմաններուն, արվեստագետին դնում է ստեղծագործելու գրեթե անհնարության վիճակի մեջ: Եվ սակայն Կարպիս Սուրենյանը կրցավ ստեղծագործել, հրատարակվել, նվաճել իր ընթերցողներու սերը եւ հավատը եւ ունենալ մեր մշակույթին մեջ մնայուն եւ անփոխարինելի տեղ:
Նար 1. Վաղեմի ընկերոջ հետ