ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-12-17 | #1, 2012-01-21 | #2, 2012-02-04


ԿԱ՛Ն, ԿԱ՛Ն ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՄԱՐԴԻԿ

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Կարպիս Սուրենյանի հետ ծանոթացել եւ ընկերացել եմ 1956 թ., երբ Մոսկվայում կայանալիք երիտասարդ գրողների խորհրդակցությանը մասնակցելու համար Հայաստանի գրողների միությանը, չգիտես ինչու, գուցե առանց գլխի ընկնելու, ընտրել էր չորս հայրենադարձ արձակագրիՙ Հայկ Վարդանյան, Կարպիս Հոգտանյան, Կարպիս Սուրենյան եւ ես: Ասացի, որ մենք ընկերներ դարձանք Կարպիսի հետ, թեեւ ես դեռ դպրոցական էի, տասներորդ դասարանի աշակերտ, իսկ ինքը տասներեք տարով մեծ էր ինձանից: Երեւի գրականությունը վերացրեց տարիքների տարբերությունը: Համենայն դեպս, նա իրեն մեթրի պես չէր պահում: Հիշում եմ, Կարպիսը ինձ նվիրեց իմ պաշտելի գրողիՙ Անտոն Չեխովի նամակներից ու ասույթներից կազմված գիրքըՙ «Պերճին, եղբայրաբար» մակագրությամբ: Այդպես եղբայրաբար էլ ապրեցինք հիսուն տարուց ավելի:

Կարպիսը դժվար համակերպվեց համայնավարական ռեժիմին: Ես 10 տարեկան ներգաղթեցի, իսկ Կարպիսըՙ 21, արդեն որպես հասուն երիտասարդ: Եթե ինձ համար էր դժվար, ապա էլ ի՞նչ ասել իմ ընկերոջ մասին: Դժվա՞ր: Դժվա՞ր ասացի: Դա շատ խեղճ բառ է արտահայտելու համար այն մղձավանջը, որ ապրեցին հասուն տարիքում ներգաղթածները, մանավանդՙ մտավորական տղաները: Նրանց մեջ ծնվեց, չէր կարող չծնվել երկվության զգացումը, մի կողմիցՙ ծննդավայր, մյուս կողմիցՙ հայրենիք: Որովհետեւ ազատ աշխարհից հայտնվել էին ամեն կողմից փակ մի աշխարհում: Ժամանակ էր պետք այդ երկվությունը հաղթահարելու համար, երկար ժամանակ:

Բայց գիտեք, որ կյանքը բավական աներես է, նա ի վերջո հաղթում է քեզ, ստիպում է համակերպվել, հաշտվել եւ... հանձնվել: Չէ՞ որ այս աշխարհում երիտասարդի համար կա ոչ միայն համակարգ, այլեւՙ սեր, ընտանիք, երեխայի ծնունդ: Բայց, միեւնույն է, գրական անուրանալի ձիրք ունեցող Կարպիսը երկար տարիներ ոչինչ չգրեց: Չէր կարող գրել: Որովհետեւ գրելու համար հենց համակարգն էր խանգարում, ստի ու կեղծիքի վրա հիմնված համակարգը:

Առաջին պատմվածքը տպագրվեց «Սովետական գրականություն» ամսագրում («Մաքուր ձեռքեր»): Ո՞վ էր հեղինակըՙ Կարպիս Սարկավագյան: Ի՞նչ Սարկավագյան, մեր պաշտոնական հավատքն աթեիզմն է, իսկ դա ոչ սովետական ազգանուն է, փոխե՛լ եւ վերջ: Փոխեցին, եւ Սարկավագյանը դարձավ Սուրենյան: Մարդուն իր ազգանունից էլ զրկեցին:

Հետագա տարիներին եւս ունեցավ ներքին ճգնաժամեր, որոնք անձնական բնույթի չէին, այլ կապված էին մեկՙ տոտալիտար, մեկՙ ավտորիտար ռեժիմների ալեկոծումների հետ: Եվ նա իր գրական ներքին պահանջը, ավելինՙ ծարավը, հագեցրեց թարգմանության միջոցով: Խոսեց ուրիշի բերանով: Փայլուն թարգմանեց Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» (ինչպես կարողացավ ախպարը այդքան տիրապետել ռուսերենին) եւ Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը»ՙ անգլերենից: Ապաՙ դարձյալ արձակ, «Բնիկ որտեղացի՞ ես» էսսեների գիրքըՙ այդ զուտ հայկական հարցը պատումի բանալի ընտրելով: Նաեւՙ խոհավիպական էսսեների մի փայլուն շարքՙ «Արեւորդիները» եւ «Ոգու ամրոցները»: Էսսեի ժանրը ենթադրում է ոչ միայն գեղարվեստական խոսքի տաղանդ, այլեւՙ ինտելեկտ: Էսսեն ծնվում է այս երկուսի համադրումից: Կարպիսը մեծ ինտելեկտի տեր գրող էր, նրա գիտելիքները ընդարձակվում էին ոչ միայն մինչեւ գրականության, այլեւՙ փիլիսոփայության, ճարտարապետության եւ հատկապես երաժշտության տարածքները, որտեղ նա հանդես էր գալիս ոչ թե որպես սիրող, այլՙ մասնագետ: Չմոռանամ նաեւ «Կարոտ» հրաշալի պատմվածքըՙ նվիրված Մեծ եղեռնի հետեւանքներին, որոնք հայրենադարձների համար ոչ թե պատմական իրողություն են սոսկ, այլեւ իրենց միշտ ուղեկցող եւ զարկերակող ողբերգություն:

Մեծ կորուստ է, որ Կարպիսն այլեւս մեզ հետ չէ: Կորուստՙ ընթերցողի համար, իսկ ինձ համարՙ նաեւ անձնական: Նրա տեղը թափուր կմնա մեր մշակույթի անդաստանում, որովհետեւ, սո՛ւտ է, թե չկան անփոխարինելի մարդիկ: Կա՛ն, կա՛ն, միշտ եղել են ու կլինեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4