ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-12-17 | #1, 2012-01-21 | #2, 2012-02-04


ԱՐԵՎԱԳԱԼԻ ԵՐԳԵՐԻ ՕՐԸ

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

...Եվ ի վերջո, մի օր հասնում է պահը, երբ գրողը, սովորականի պես, ելնում է իր գրասեղանի առջեւից, թողնում է գրասեղանը, գրիչըՙ անավարտ ձեռագրի վրա, ակնոցըՙ ձեռագրի կողքին, բաճկոնըՙ աթոռի թիկնակին, կես մեքենագիր էջը` գրամեքենայի գլանին, եւ անաղմուկ դուրս է գալիս, բայց, իհարկե, միայն կարճ ժամանակով, իհարկե միայն մի քանի րոպեով... Բայց ինքն էլ չգիտի, որ դա վերջին հրաժեշտի, վերջին բաժանման պահն է, եւ նա այլեւս չի վերադառնալու: Գրողը հեռանում է առանց ետ նայելու, որովհետեւ հեռանում է դեպի անդարձություն: Ոչ ոք նրան այլեւս հարց չի ուղղելու, նրա հետ խոսք ու զրույցի չի բռնվելու, գրավիչ վիճաբանություն չի սկսելու: Ինքն ինչ որ պիտի ասեր մեզ, արդեն ասել է, մեր բոլոր հնարավոր հարցերին պատասխանել, մեր անիմաստ վեճերն ու վիճաբանությունները փակել է: Բայց քանի որ մենք դեռ շարունակում ենք մեր երկրային կյանքը, միշտ էլ մեր մեջ արթնանում է անիրական ցանկությունը` սիրելի մարդու եւ սիրելի գրողի հետ խոսելու, զրուցելու, ճանապարհ գնալու... Եվ դրա հնարը, իհարկե, կա, հայ բանաստեղծությունը հուշում է` «Փակում եմ հոգնած աչքերս մի պահ...»:

***

...Կապույտ ու թափանցիկ, գարնանային պայծառ օրով Ուրծաձորից ոլորապտույտ ճանապարհով բարձրանում ենք դեպի Ուրծի լեռները: Զարմանք բան, Կարպիս Սուրենյանը, որ ոտքով շրջել է ամբողջ Հայաստանը, որ, ճարտարապետության հրաշալի գիտակ` մանրամասնորեն ուսումնասիրել է Հայաստանի հնավայրերն ու պատմական կառույցները, մինչեւ հիմա չի տեսել Արածո Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ ժողովուրդը անվանում է Սուրբ Կարապետի վանք: Հոգու հետ երբեմն խաղում էինքՙ անունդ Կարապետ է, չէ՞, Կարպիսը Կարապետի սփյուռքահայերի կրճատած ձեւն է, անունդ Կարապետ է, եւ այդ անունով նշանավոր կառույց կա ու դու մինչեւ հիմա չես տեսել:

Ինքը մեղք չուներ. վանքը լեռների մեջ կորած, մոռացված մի տեղում է, բանուկ ճանապարհներից հեռու` մինչեւ վերջերս էլ մեքենայի ճանապարհ չկար... Հիմա էլ քչերը գիտեն այդ կառույցի տեղը: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է ճարտարապետ Բուտը, մոտ 1300 թվականին, թեեւ ավանդությունը համառորեն այն վերագորւմ է Մոմիկին, այր հանճարեղ, ճարտարապետ ու նկարիչ: Պատմական Արած գյուղը եղել է Օրբելյան իշխանական տան հիմնական նստավայրերից մեկը: Ժամանակ անց, իշխանական տնից առանձնացած մի ճյուղը` Ջալալ եւ Գոնցա Ջալալյանները, գյուղը դարձնում են իրենց նստավայրը եւ այստեղ կառուցում Սպիտակավոր Աստվածածին եկեղեցին: Հետագայում, արդեն հարյուրամյակներ անց, Կովկասի թուրքերը Արած հյուղը կոչել են Զնջրլու: Իր ծաղկուն տարիներին գյուղը մոտ ութ հարյուր տուն բնակիչ է ունեցել: Երբ 1918-ին Նախիջեւանի թուրքերը հարձակվել են հայկական գյուղերի վրա, առաջացել դեպի Վայոց ձոր, Արած գյուղի երեք հարյուր գյուղացի, քաջասիրտ Ջղալի գլխավորությամբ, պահել են լեռնանցքը հրոսակների դիմաց, մինչեւ որ շրջակա գյուղերի բնակիչները քաշվել են դեպի երկրի ներսը, դեպի Եղեգիսի կիրճը, դեպի Հորս եւ այլ լեռնային գյուղերը:

Գյուղը թուրքերից փրկվեց, բայց բոլշեւիկներից, իհարկե, չփրկվեց. 1948 թե 49 թվականին լեռնային գյուղը, ի թիվս տասնյակ այլ գյուղերի, չգիտես ինչու իջեցրին հարթավայր: Եվ գյուղը ամայացավ, վերջացավ: Այսօր հազիվ որոշ տների հիմքերն են նկատելի միայն: Հիշում եմՙ կանգուն տներ կային, պատեր կային... Դրանք էլ 60-ական թվականներին քանդեցին տարան շրջակա գյուղերի սովետական ապաշնորհ կառույցների համար: Սարալանջերին եւ դարավանդների վրա այսօր էլ կարկատանների պես պարզ երեւում են գյուղի վարելահողերի եզրագծերը: Հիմա մնացել է գյուղի մի աղբյուրըՙ քարե երկայն գեղեցիկ մի գուռ եւ մի քանի խաչքար: Եվ այնուամենայնիվ Սուրբ Կարապետի վանքը եղել եւ մնում է ուխտագնացության առանձնապես սիրելի ու նախընտրելի վայր: Այդպիսի երկու վանք կար շրջակա գյուղերի ժողովրդի համարՙ Եղեգնաձորի Սուրբ Խաչը եւ մեր Սուրբ Կարապետը...

...Եվ հիմա Կարպիսին, մեր Կարպ Իվանիչին (ինչպես որ իր լավ տրամադրության պահերին համարձակվում էինք կոչել նրան) տանում էինք Սուրբ Կարապետի վանք: Ռուս բանաստեղծ Սերգեյ Գորոդեցկին մի օր «Հովհաննես, որդի Թադեոսի»-ն դարձրել էր Իվան Ֆադեյիչ, ես էլ «Կարապետ, որդի Հովհաննեսի»-ն դարձրել էի «Կարպ Իվանիչ»: Ոլորապտույտ ճանապարհը բարձրանում էր Շաղափ, Լանջանիստ, Քարախաչ գյուղերի միջով: Ուրծաձորը ծովի մակերեւույթից հազիվ հազար մետր բարձրության վրա է, Ուրծաձորից քսան կիլոմետր հեռու, դեպի վեր, լեռնային մի փոքրիկ գոգավորության վրա թառած Քարախաչըՙ երկու հազար: Քարախաչի վերջին ոլորանը անցանք, գյուղի վերեւում, գերեզմանոցի մոտ, երբ միանգամից լայնածավալ հորիզոն բացվեց, Կարպիսը կտրուկ ասացՙ «Կեցիր»: Կանգնեցինք ու իջանք: Փառահեղ տեսարան էր: Ես մանկությունից եմ սովոր այդ տեսարանին, աչքերս փակ էլ տեսնում եմ: Ձախից Ուրծի լեռնաշղթան էր իջնում դեպի Արարատյան հարթավայր, աջից Գեղամա լեռները, թիկունքում Վայոց ձորի լեռներն էին, իսկ մեր առջեւ օդային տարածությունը ծավալվելով ալիք-ալիք իջնում էր վարՙ Արարատյան դաշտում վերածվելով շոգ օրվա անթափանց մուժի: Հեքիաթային հովիտ էր, որ փռված էր մեր դեմ: Եկանք մեքենա նստելու: Կարպիսը այն է, մեքենայի դուռը բացեց, պիտի նստեր, ետ դարձավ, առաջացավ մի քանի քայլ, նայեց երկար եւ ապա եկավ միանալու մեզ:

Հետո թեթեւ իջվածք էր, մի երկու-երեք կիլոմետրի չափ, մինչեւ Եղնիկասարի ստորոտը, որտեղից դարձանք դեպի աջ: Ճանապարհը լեռան լանջով իջնում էր հեղեղատները, բարձրանումՙ նոր ոլորանով նոր հեղեղատ մտնելու: Հետո լանջով, լանջով գնացինք, բարձրացանք վանքից վեր: Վանքը տեսնում էինք, բայց վանքը չէր երեւում: Ձորի հին ճանապարհը քչքչան աղբյուրի եւ կանաչ, վիթխարի ընկուզենու մոտով, որ միայն հետիոտնի արահետ էր, վաղուց խոտակալել, ծածկվել, փակվել է: Չկա... Ուրեմնՙ բարձրացանք վանքից էլ վեր, հետո շրջադարձ արեցինք դեպի աջ եւ փոշու ամպ ու փոթորիկ սարքելովՙ իջանք դեպի վանք: Եվ վանքը միանգամից երեւաց, ելավ մեր դեմՙ ճերմակ, լուսավոր, նրբակազմ... Հրաշք էր, եւ ամեն անգամ, ամեն այցելության, հրաշքը երեւում է առաջին անգամվա պես: Ուղղակի տեսիլք էրՙ իրանըՙ նեղ, թմբուկըՙ բարակ, գմբեթըՙ սուր... Հրթիռ էր, որ պատրաստ էր երկինք սուրալու. ուր որ է, ուր որ էՙ կպոկվի հողից: Իսկ հիմա, թեթեւ ու անկշիռ, թրթռում էր երկնքի ու երկրի միջեւ... Մեքենայից իջանք: Կապտաշող օրվա լույսը իջել էր ամեն ինչի վրա: Վանքի ճերմակ, անաղարտ գեղեցկությունը կերպափոխել էր կիրճն ու հովիտը...

Կարպիսն առաջացավ, մենք միտումնավոր ետ մնացինք: Երկար հայեց, պտտվեց վանքի շուրջը: Հետո մտանք եկեղեցի: Քիչ հետո մենք դուրս եկանք, իրեն մենակ թողեցինք: Ինքը ներսում էր, մենք նստեցինք վանքի շուրջը թափված համարակալված քարերի վրա, ընկանք մտքերի մեջ, աղոթատունըՙ կիսավեր, քարերն իրար վրա թափթփած. տեսնես ո՞վ կարժանանա վանքը լիովին վերականգնված տեսնելու բախտին...

Եվ քիչ ժամանակ անց եկեղեցու ներսից մի նուրբ ու ցածր ձայն լսվեցՙ երաժշտական թրթռուն մի հնչյուն պոկվեց ու, պահիպատշաճ, հանդիսավոր, բարձրացավ վեր... Հետո արդեն մեղեդին հստակվեց ու ձգվեց դեպի երկինք: Բայց սա արեւագալի երգերից մեկն է, Կարպիսի այնքան սիրելի արեւագալի երգերից մեկը... Ինքը առհասարակ արեւագալի երգերը երգում էր այլ տոնայնությամբ, մեղեդու այլ ձայնառությամբ. Հայաստանում այդպես չեն երգում: Տանը խնդրում էինք, չէր երգումՙ «Թողեք, ձայնս այն չէ այլեւս, չեմ կարող...»: Հիմա երգը հնչում էր ինքնաբուխ, անկաշկանդ, հանդիսավոր... Թվում էրՙ եկեղեցին վերածվել է համակ երաժշտության եւ ինքն է երգում, թվում էրՙ քարի մեջ աստվածային մեղեդի կար, որ հիմա կերպավորվել-կենդանացել էր... Հետո մի շարականին հաջորդեց մյուսը, երրորդը, չորրորդը...

Հետո Կարպիսը եկեղեցուց դուրս եկավ, նայեց մեզ, մեր վերացած դեմքերին ու ժպտաց. աչքերի մեջ խորամանկ կայծ կար եւ իմաստավոր ժպիտ...

Մեքենա նստեցինք ու վերադարձանք: Մոտ երեսուն կիլոմետր ճանապարհը անցանք լուռ ու անխոս եւ իջանք Ուրծաձոր: Երբ մեր բակում մեքենայից դուրս եկանք, Կարպիսը դարձավ մեզ.

- Ձեզանից շատ շնորհակալ եմ: Հոյակապ օր ապրեցի: Ի՜նչ ձայնարկություն էր վանքի ներսում, ի՜նչ հնչականություն կար, ի՜նչ արձագանք... Հոյակապ, հոյակապ օր եղավ...

Իսկական արեւագալի շարականի օր էր...

Նկար 1. Հայրը, որդին, Լեռը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4