ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-12-17 | #1, 2012-01-21 | #2, 2012-02-04


ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄԻՍ` ԿԱՐՊԻՍ ՍՈՒՐԵՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԻԿՕՂԼՅԱՆ

Կարպիս Սուրենյանի հետ ծանոթացել եմ 90-ականներին:

Անկեղծորեն, վատ գիտեի նրա երկերը: Ընկերս` Երվանդ Տեր-Խաչատրյանը, Յուրան, ինձ, նորաթուխ հրատարակչիս, հաճախ պատմում էր Կարպիսի մասին, խոսում նրա անձի եւ գործի, գրողական, թարգմանչական հազվագյուտ ձիրքի մասին խոր հարգանքով ու ակնածանքով: Առիթ էի փնտրում հանդիպելու:

Հետո Շահեն Խաչատրանը Ազգային պատկերասրահում բացեց «Սարյան, Կալենց, Մինաս» նշանավոր ցուցահանդեսը, եւ Կարպիս Սուրենյանը մի գեղեցիկ էսսե-ակնարկ գրեց: Պատահմամբ մտա Սարյան թանգարան այն պահին, երբ Կարպիսը եկել-կարդում էր մտերիմ բարեկամներին` Շահենին ու Յուրային, իր էսսեն: Ես նույնպես լսեցի` հափշտակված, զարմացած, սքանչացած: Մեկընդմիշտ հասկացա. այս ծերունազարդ պատկառելի պարոնը իսկական Գրող է, արտիստ` քաջածանոթ հայ եւ համաշխարհային մշակույթին, - իր անպարփակ ներաշխարհով, ազնվական մտավորականի իր հոգեկերտվածքով, մտքի, խոսքի, բառի ու հնչյունի հանդեպ գրող-արվեստագետի բացառիկ զգայունակությամբ ու անվրեպ լսողությամբ: Հետո, իհարկե, իմացա, որ երաժիշտ է նաեւ, երգիչ, տասնմեկ տարի երգել է Պետական երգչախմբում որպես բարիտոն, մոլի երաժշտասեր է, հրաշալիորեն գիտի եւ սիրում է Բեթհովեն, Շուբերտ, Բրամս, Բրուկներ...

Հաղթահարեցի երկյուղածությունս, դիմեցի խնդրանքով` որեւէ գիրք թարգմանել մեր «Արվեստի մատենաշարի» համար: Մերժեց: Ասաց` «այլեւս չեմ թարգմանելու, հրաժեշտ եմ տվել թարգմանությանը եւ նույնիսկ էսսե գրել այդ մասին, իմ գործերով պիտի զբաղվեմ»: Հազվադեպ հանդիպումների ժամանակ կրկնում էի խնդրանքս ու միշտ ստանում սպասելի պատասխանը` ոչ:

Հետո տեղի ունեցավ մի երջանիկ, ճակատագրական պատահար երկուսիս կյանքում, որ մտերմացրեց, բարեկամացրեց մեզ խորապես եւ ընդմիշտ` ցկյանս. ձեռնարկեցինք եւ իրագործեցինք Կարպիսի երբեմնի արված փոքրածավալ թարգմանությունների եւ նորերս գրված ուղեկից խոսք-էսսեների «Պսակ թարգմանական» սքանչելի, նմանը չունեցող գիրք-ժողովածուն, որ ասես ոչ թե տարբեր դարաշրջանների հեղինակների ու երկերի վարպետորեն հյուսված մի «պսակ» է լոկ կամ հասուն գրագետի շլացուցիչ էրուդիցիայի եւ մեծ ուժի վկայություն, այլ, իմ տպավորությամբ, գրականությամբ անդարմանելիորեն հիվանդ, խոսք ու բանի պատանի սիրահարի սիրո խոստովանություն: Այդ սերը, - մաքու՜ր, անշահախնդի՜ր,- ցայտում է ամեն էջից, ամեն տողից, համակում պարզ ընթերցողներիս սրտերը, ջերմացնում մեր հոգիները, ուժ տալիս դիմանալու մեզ պատուհասած գորշ եւ գարշ իրականությանը: Մոգակա՛ն, կենդանի՛ գիրք է: (Տարիներ առաջ, երբ մահացավ ինձ թանկ մեկ այլ բարեկամ, կնոջ հոգեկան ծանր ապրումները մեղմելու հույսով նվիրեցի նոր լույս տեսած մեր «Պսակը»: Կարդաց: «Այս օրերի իմ միակ սփոփանքն է այս գիրքը», - ասաց):

Իսկ ես բախտ ունեցա ոչ միայն առաջին ընթերցողը, այլեւ ունկնդիրը լինելու «Պսակ թարգմանականի»: Հենց որ պատրաստ էր լինում հերթական բաժինը, գալիս էր հրատարակչություն եւ կարդում նոր-նոր մեքենագրված էջերը: Քննարկում էինք ընթերցվածը, ամենայն ուշադրությամբ լսում էր նվազագույն իսկ դիտարկում, թեպետ առանց ինձ էլ հրաշալիորեն գիտեր անելիքը: Իսկական պրոֆեսիոնալ էր, ուստի գնահատում էր ամեն դիտողություն: Երջանիկ ժամեր, օրեր, ամիսներ, որ ինձ նվեր արեց իմ սիրելի Կարպիսը...

Մեր հաջորդ համատեղ աշխատանքը եղավ «Օրագիրը»: Եվ նորից սկսվեցին այդ բերկրալի ժամերը, օրերը, ամիսները, այս անգամ` նաեւ տարիները: «Օրագրի» երկու ստվար հատորները, իմ կարծիքով, մեր ժամանակաշրջանի ամենից նշանավոր գրական-գեղարվեստական երկն են, որ, ինչպես եւ Կարպիս Սուրենյանի ողջ ժառանգությունը, տակավին գնահատել չենք կարող ըստ արժանվույն: Ինքն էլ գիտեր դա: Հստակ, լուսավոր մտքի ու մեծ ինտելեկտի տեր, բարոյական ու հոգեւոր բարձր արժեքներ դավանող մտածող-հեղինակը կարոտ է նույնքան լրջմիտ ու խոհուն ընթերցողների, որպիսիք նա, անշուշտ, ունեցել է եւ սակայն ոգեկան խավարումի եւ ասես կազմակերպված դիմազերծումի ու կամավոր վայրենացման մեր օրերում վտանգավոր չափով նվազել են: Իբրեւ հայրենասեր եւ քաղաքացի` տագնապում էր Կարպիսը. եթե այսպես շարունակվի` տանուլ կտանք ամեն-ամեն ինչ: Բայց եւ գիտեր հների պատվիրանը. երբ, թվում է, այլեւս հույս չկա, ինքդ դարձիր հույսի աղբյուր...

Շատ բան կարող եմ պատմել մեր հանդիպումներից` միշտ աշխույժ, խոսքուզրույցով, կատակներով, զանազան պատմություններով, վեճերով նաեւ, - երբեմն սուր, կատաղի, - լեցուն: Շփման մեջ պարզ էր, ընկերասեր, մատչելի, երբեք ու երբեք չէր ցուցադրի իր վիթխարի իմացությունները, հաճույքով կլսեր դիմացինին, որքան էլ որ գերազանցեր նրան օբյեկտիվորեն: Միով բանիվ` Մարդ էր, Գրող, Մտածող: Իսկ ինձ համար նաեւ սիրելի Բարեկամ, որի ջերմ վերաբերմունքը վայելեցի առատորեն եւ կպահեմ հոգուս խորքում որպես կյանքիս ամենաթանկ հարստություն:

Նկար 1. «Սարգիս Խաչենց» հրատարակչատանը Երվանդ Տեր-Խաչատրյանի եւ Սերգեյ Խաչիկօղլյանի հետ, 2007թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4