ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2011-12-17 | #1, 2012-01-21 | #2, 2012-02-04


ՆՐԱ ՄՇՏԱՏԵՎ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կարպիս Սուրենյանի հետ մտերմացել եմ 1960-ականներին: 1969թ. լույս տեսավ իր «Բնիկ որտեղացի՞ եք» գիրքը: Այնտեղ ես կարդացի մոտ ընկերոջսՙ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանի մասին գրված իր համառոտ ու հրաշալի խոսքը: «Սովետական արվեստ» ամսագրում աշխատելու տարիներին ծանոթացա Կարպիսի հետ, շատ արագ մտերիմներ դարձանք: Հաճախ միասին դուրս էինք գալիս Երեւանից, շրջում Հայաստանի տարբեր բնակավայրերով, հնավայրերով, ճարտարապետական հուշարձաններ այցելում, որոնցով տարված ու հմայված էր. արտակարգ ուշադիր եւ խորը ընկալումն էր նրան մղում գրելու հայ ճարտարապետության մասին:

Ինձ համար առանձնապես հուզիչ էր, որ երբեմն-երբեմն միջնադարյան եկեղեցական երգեր, շարականներ էր երգում ու ստեղծում էր հոգեկան այնպիսի վիճակ, որ ներկա օրերի, սովետական իրականության միջավայրից մեզ կտրում, տեղափոխում էր անցյալի հարազատ ու տաք մթնոլորտ: Ինձ համար որեւէ կարեւոր հարցի պատասխան գտնելու համար հաճախ էի դիմում նրան. աչքերը գոց գիտեր հայ միջնադարյան գրականություն ու արվեստ, հանգամանալի պատմում էր որեւէ հեղինակի եւ նրա աշխատության մասին: Նրան ընկալում էի որպես միջնադարյան մեր մշակույթի խորագետ մտավորականի:

Ապշեցնում էր իր թարգմանական գործունեությունը: Դոստոեւսկու «Կարամազով եղբայրները» թարգմանելիս նա բնագիրը համեմատում էր ֆրանսերեն եւ անգլերեն թարգմանությունների հետՙ նախապատրաստելով հայերեն իր բացառիկ թարգմանությունը, հարստացնում մեր լեզուն բազմաթիվ հայաշունչ նոր բառերով: Հունաստանում ծնված եւ Կիպրոսի Մելգոնյան վարժարանում ուսանած Կարպիսը գիտակ էր ե՛ւ հունարենին, ե՛ւ անգլերենին, ե՛ւ ֆրանսերենին, ե՛ւ թուրքերենին, ե՛ւ ռուսերենին, ե՛ւ մեր լեզվի գրաբարին:

1980-ին վերադառնալով Փարիզի Պոմպիդու կենտրոնում կազմակերպված Սարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսից, հետս բերեցի Վիլյամ Սարոյանի գրած «Նկարիչ Սարյանը» հոդվածը անգլերենով: Կարպիսը շատ արագ ու հրաշալի թարգմանեց այդ գործը: Այն տպագրվեց մի քանի անգամ, իսկ ավելի ուշ ընդգրկվեց իր «Պսակ թարգմանական» ժողովածուում:

Առանձնապես հուզված էի, երբ 1999-ին, որպես Սարյան թանգարանի եւ Ազգային պատկերասրահի միաժամանակյա տնօրեն, կարողացա կազմակերպել գույնի ինքնատիպ մեր երեք վարպետներիՙ Սարյանի, Կալենցի եւ Մինասի ցուցահանդեսը: Եվ անսպասելի էր ինձ համար, որ Կարպիսը հանդես եկավ հրաշալի հոդվածով: Այս ամենը հարազատ եւ անմոռանալի դարձրեց նրա կերպարըՙ բարձր մշակույթի մեջ մշտատեւ ապրող հայ մարդ, որ խորը զգացումներ ու խոհեր արթնացնող էություն էր միաժամանակ:

Վերջին 20 տարիներին ավելի հաճախ էինք հանդիպում: Ապրում էր Կոնդ թաղամասի մի բլրի արեւելյան կողմում, մենքՙ արեւմտյան: Գալիս էր ինձ մոտ եւ միասին գնում էինք Էջմիածին: Այդ ողջ ընթացքում զրուցում էինք, հրաշալի պատմող էր. այդ պատմությունները հետագայում դարձան գրական արժեքավոր էջեր, մտան իր կենսագրական հազարավոր էջանոց օրագրությունների մեջ: Հիշեմ միայն մեկը բազմաթիվ այդ պատմություններից: Մոսկվայում նա ջերմ հանդիպումներ էր ունեցել Արամ Խաչատրյանի հետ: Պաշտամունքի հասնող սեր ունենալով մեծ կոմպոզիտորի երաժշտական ազգային ոգու հանդեպՙ հայկական պատարագի որոշ հատվածներ իր մոտ երգելով, տրամադրել էր Խաչատրյանին մի սիմֆոնիա ստեղծել այդ երաժշտությամբ: Միասին նույնիսկ մշակել էին սիմֆոնիայի 4 հատվածների կառուցվածքը:

... Փարիզում էի, երբ «Նոր Յառաջ» թերթում կարդացի Կարպիսիՙ կյանքից հրաժեշտի լուրը: Մահվան 7-րդ օրը եւ հետո էլ Երեւանում այցելեցի նրա շիրիմին, Շահումյանի գերեզմանոցում: Զարմացած մնացի, որ թաղված է այնտեղ:

Այո, հրաժեշտ տվեց կյանքին: Բայց երբեք չեմ հավատում դրան, այնպես եմ պատկերացրել, որ Կարպիսը միշտ մեր կողքին է լինելու, միշտ կենդանի, ինչպես կենդանի է եւ շարունակելու է այդպես նրա գրական ժառանգությունը, նրա մտավորական էությունը:

Նկար 1. Հայ եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս սրբազանի եւ Շահեն Խաչատրյանի հետ, Մայր աթոռ Սբ Էջմիածին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4