Քանդակագործ Սարգիս Բաղդասարյան
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Միշտ ալ, երբ պատահում եմ մի բանի, որ ինձ ոգեւորում է,- հիմնականում խոսքս վերաբերում է արվեստի գործերու, գրական գործ մը, որ պատահաբար կարդացել եմ, կամ նկար մը, կամ քանդակ մը ցուցահանդեսի մը մեջ տեսել եմ,- ուզեցել եմ անպայման ծանոթանալ հեղինակին, շնորհավորել եւ ուրախությունս հայտնել... Վերջերս պատահաբար «Պապլավոկում» տեսա Չիլոյի հիշատակին նվիրված քանդակը, շատ հավանեցի, եւ անպայման կծանոթանամ հեղինակին եւ կշնորհավորեմ...
Եվ ահավասիկ, ես ինձ վրա զարմանում եմ, որ ինչպե՞ս մինչեւ վերջերս չէի նկատել մեր ժամանակակից քանդակագործության աչքառու նվաճումներեն մեկը, Սերգեյ Բաղդասարյանի Ղարաբաղում կանգնեցրած «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը: Ավելի ճիշտըՙ մի անգամից գլխի չէի ընկած այդ հուշարձանին ունենալիք բացառիկ դերը մեր կերպարվեստում եւ հատկապես մեր քանդակագործության զարգացման ընթացքում: Հիմա արդեն գիտեմ, որ չեմ կարող չգրել այդ հուշարձանի մասին, եւ քանի որ խոսքս վերաբերում է հայկական ժամանակակից քանդակագործության, հարկավոր է մի քիչ պատմության դիմելու:
Չեմ գիտեր պատճառը ինչ է, որ հայերը մինչեւ 20-րդ դար անտեսել են կլոր քանդակագործությունը: Հայ քանդակագործները հատկապես մշակած են հարթաքանդակը, որ զարդարում է հայկական եկեղեցիները, տապանաքարերը եւ մանավանդ խաչքարերը: Օրինակի համարՙ հելլենները եւ լատինները շուտվանից ունեցած են կլոր քանդակի վարպետներ եւ շնորհիվ այդ քանդակագործներուն, մենք ունինք իրենց կայսրերու, զորավարներու բազմաթիվ կիսանդրիներ եւ արձաններ, մենք գիտենք մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի կերպարը: Հին եգիպտացիները, որոնք նույնպես պատմության մեր ժամանակակիցներն են, մեզ թողած են շատ մը փարավոններու արձանները. ինչպե՞ս չհիշել Նեֆերտիտիի արձանըՙ կլոր քանդակի սքանչելիքներեն մեկը: Մենքՙ հայերս, օրինակ, չունինք ոչ մի հայ թագավորի, զորավարի, կաթողիկոսի կամ հերոսներու արձաններ... Մեզի հասած է Անահիտ աստվածուհու կիսանդրին բրոնզաձույլ, որ կասկածելի է, որ հայ արվեստագետի ստեղծածը ըլլա: Հայ թագավորները եւ զորավարները հաճախ իբրեւ ավար Հայաստան էին բերում օտարՙ հույն, պարսիկ չաստվածներու արձաններ եւ իրենց մեհյաններում կանգնեցնում իրենց աստվածներու արձաններու կողքին եւ պաշտում...
Այստեղ հիշեցի մի ուշագրավ դեպք, որ կրնա ընթերցողին ալ հետաքրքրել: Պատմեմ: Մի անգամ, երբ տակավին Ալեքսանդր Սահինյան ճարտարապետը զբաղված էր Գառնիի երկրաշարժից ավերված հեթանոսական տաճարը վերականգնելու աշխատանքով, իրեն այցելելու առիթը ունեցա այդ օրերուն Հայաստանում գտնվող փարիզահայ մեծագույն նկարիչ Ժանսեմին հետ: Երբ ծանոթացանք եւ սկսեցինք զրուցել նշանավոր ճարտարապետին հետ, հարցեր էինք տալիս Գառնիի տաճարին եւ շինարարության վիճակին մասին: Ալեքսանդր Սահինյան ճարտարապետը գրպանից հանեց մի քանի քառակուսի սանտիմետրանոց սպիտակ մարմարի կտոր, մեզ ցույց տվեց եւ ասաց, որՙ այս փոքր մարմարի կտորը, որ գտնված է տեղում, արդեն երեւի մի քանի հարյուր տարիներե ի վեր ոտքի կոխան է այդ տեղում մնացած, այս փոքր մարմարի կտորը, ասաց, ամենաթանկագինն է: Եվ նայելով մեր զարմացած դեմքին, ասացՙ չե՞ք տեսնում, որ այս մարմարի կտորը ցուլի քանդակի կճղակի մի կտորն է, եւ այս կտորի շնորհիվ հաստատվում է, որ Գառնիի հեթանոսական տաճարը նվիրված էր Միհր աստծուն (Ապոլոն, Արեւ): Գիտենք, որ Միհր աստվածը լույսի աստվածն էր, որ սպանում է սեւ ցուլինՙ խավարի եւ գիշերվա աստծուն: Պարզ էր դառնում, որ հեթանոսական տաճարները կործանելովՙ հայ նորաթուխ քրիստոնյա ազատամարտիկները ոչնչացնում էին մեր ազգային պապենական մշակույթը: Անշուշտ որ ամեն մեհյանի մեջ ալ կային քանդակներ: Այստեղ Ժանսեմից հետաքրքրական բան իմացանք ցլամարտի մասինՙ որ տորեադորը, երբ արենա էր մտնում սեւ ցուլը սպանելու, հագին ունենում էր ոսկեգույն տարազ, որը կոչվում էր Արեգակի տարազ:
Շատ հեռացա հիմնական նյութես, որ հայկական կերպարվեստն էր, մանավանդ հայկական քանդակագործությունը: Ահավասիկ մի հարց, որն ինձ հետաքրքրել է եւ որի պատասխանը հայտնի չէ. ինչպե՞ս է եղել, որ հայերը, որոնք տիրապետում էին հարթաքանդակի արվեստին,- ապացույց նույն իսկ Գառնիի տաճարը եւ հետագային բոլոր հայոց եկեղեցիներու վրայի հարթաքանդակները,- եւ դարերով հարեւան ըլլալով պարսիկներուն, հույներուն, ասորիներուն, եգիպտացիներուն, որոնք զբաղվում էին կլոր քանդակով եւ քանդակագործության արվեստը հասցրել էին իր գագաթնակետին, եւ ահավասիկ, հայերս ունենալով այդպիսի հարեւաններ, որոնց հետ շատ մոտիկից հարաբերվում էինք, եւ մանավանդ, հայերը նշանավոր ընդօրինակողներ ըլլալով, ինչո՞ւ, հարցնում եմ, հայերը անտեսել էին կլոր քանդակի հնարավորությունները: Երեւի ավելի լավ կըլլաՙ «լավ է ուշ, քան երբեք»...
Եվ այսպես, 20-րդ դարուն, սովետական պետության հիմնվելովՙ Սովետական Հայաստանում կլոր քանդակը սկսեց բուռն զարգացում ապրել: Նոր ռեժիմը ուներ իր գաղափարաբանությունը, որն իրեն համար ամեն ինչից ավելի կարեւոր էր, եւ որն ուզում էր պարտադրել ամբողջ մարդկության, պետք ուներ «հերոսներու», որոնց պետք էր «աստվածացնել», պետք էր այդ հերոսներու կուռքերով, արձաններով դաստիարակել նոր սերունդները... պետք էր աշխատանքի լծել արվեստագետները, մանավանդ քանդակագործները: Ամենայն դեպս, կար պատվիրատուն, իսկ արվեստագետները պարտավոր էին հաշվի առնել այդ պատվիրատուին պահանջները... Եվ ահավասիկ Ս.Հայաստանում սկսեց կլոր քանդակի բուռն զարգացումը: Այստեղ չենք կարող չհիշել, որ Հայաստան էր եկել մեր ազգի մեծագույն արվեստագետ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Ռուսաստանից: Եկել էր կայսրության հետամնաց մի անկյունը, մի երկիր, որն ընդամենը 30 ամիս եղել էր առաջին անկախ հանրապետությունը մի ժողովրդի, որի գոյատեւումը պարզապես հրաշքի համազոր էր: Եվ ահավասիկ Հայաստան է ժամանում Ռուսաստանի արվեստի ակադեմիայի նախագահ, երիտասարդ հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը իր մահամերձ ազգի փրկության գործին մասնակցելու համար: Եվ Ալեքսանդր Թամանյանը այդ ավերակ հողի վրա, որ կոչվում է Սովետական Հայաստան, սկսում է ոգի ի բռին աշխատելՙ ստեղծելու նոր Երեւանի գլխավոր հատակագիծը, եւ սկսում է կառուցել Կառավարական տունը, Ժողտունը... Անհավատալի պատմություն... Երբ մեր ժողովրդի բախտից, որն հասել էր կործանման եզրին, հանկարծ ծնվում են Կոմիտաս վարդապետ, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենցՙ մեկը մյուսից հանճարեղ հայ ազգի զավակները: Եվ ահավասիկ Ալեքսանդր Թամանյանը, որ ոչ թե նկար է նկարում, երգեր է ձայնագրում, «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծություն է գրում, այլ Հայաստանին տալիս է մի քաղաք, մայրաքաղաք, որը պիտի աննման ըլլա Երկիր մոլորակի վրա: Ալեքսանդր Թամանյանը մեր հանճարներուն մեջ հանճարներու հանճարն է, որն իր ուժերը անմնացորդ նվիրեց իր ազգին: Ալեքսանդր Թամանյանը 20-րդ դարու եւ նաեւ մեր ամբողջ պատմության մեծագույն հերոսն է:
Չմոռանամ քանդակագործները: Հայ քանդակագործներու համար ստեղծվում էին հրաշալի տարածություններ, եւ Հայաստանում սկսեց զարգանալ կլոր քանդակագործությունը եւ շատ արագ: Ճիշտ է, ես արվեստաբան չեմ եւ չեմ կարող գրել մեր քանդակագործության պատմությունը, բայց քանի որ ժամանակակից եմ մեր ժամանակակից քանդակագործության ստեղծման եւ զարգացման եւ քանի որ ապրում եմ Երեւանում, ուր հավաքված են մեր նոր քանդակագործներուն ստեղծագործությունները, համարձակվում եմ ըստ տեսածիս որոշ կարծիք ունենալ եւ հայտնել մեր քանդակագործության մասին: Անշուշտ, ժամանակի ընթացքին, հույս ունեմ, որ ամեն բան կճշտվի: Եվ այսպես, շարունակելով մեր նորաստեղծ քանդակագործության մասին, չեմ սխալվի, եթե ասեմ, որ նորածին, մեր նոր ժամանակներու քանդակագործության ակունքներին ամենամոտ կանգնած գտնում ենք Արա Սարգսյան քանդակագործին: Հակառակ տեղի սղության պետք է հակիրճ տեղեկություններ արձանագրեմ Արա Սարգսյանի կենսագրությունից: Արա Սարգսյանը 20-րդ դարու հայ ազգի մշակույթի մեծագույն գործիչներից է եւ իր գործը դժվար է գերագնահատել եւ առանց համառոտ կենսագրությունը ներկայացնելու հնարավոր չէ մեր խոսքը շարունակել:
Արա Միհրանի Սարգսյանը ծնվել է Պոլիս 1902 թվին, մահացել Երեւանում 1969 թվականին: Քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Մասնագիտական կրթությունը ստացել է նախ Կ.Պոլսի Գեղարվեստի վարժարանում 1919-21 թթ., ապա շարունակել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-24): Վիեննայում 1924-ին ընդունել է սովետական քաղաքացիություն եւ 1925-ին տեղափոխվել է Երեւանՙ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը:
Իր ուսանողներըՙ երեւի հայ քանդակագործներուն մեծամասնությունը, Արա Միհրանիչին հիշում են իբրեւ «պապա» մարդ, արդար եւ հոգածու իր ուսանողներուն հանդեպ, առատաձեռն: Մեծագույն վարպետ դիմաքանդակներու: Պետական համալսարանի դիմաց իր Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի հուշարձանը մեր մայրաքաղաքին հավերժ զարդերեն մեկն է:
Արա Սարգսյանի մասին էլի կրնամ անդրադառնալ, բայց քանի խոսքը մանավանդ ժամանակակից հայկական կլոր քանդակի զարգացման մասին է, պետք է հիշեմ Այծեմնիկ Ուրարտունՙ առաջին կին քանդակագործը, որ իր նշանակալից դերը ունեցած է ժամանակակից հայկական կլոր քանդակի զարգացման գործում:
Նորից եմ կրկնում, որ արվեստաբան չեմ եւ իմ կարողութենես բարձր է հայկական քանդակագործությունը ներկայացնել: Այսօր Երեւան քաղաքում երեւի հարյուրավոր քանդակագործական հուշարձաններ կան, որոնց ամբողջը չեմ ալ տեսել: Բայց շարունակեմ... Այստեղ ես կուզեմ մի բան շեշտել, մանավանդ երբ նկատի առնենք հայոց պատմության վերջինՙ 20-րդ դարը: Ապշեցուցիչ է: 20-րդ դարը մեր ազգի պատմության ամենաօրհասականը եւ սոսկալին եղավ: Հայ ազգի կեսը ոչնչացավ թուրք մարդասպաններու կողմեՙ օրը ցերեկով, մարդկության «անտարբեր» ներկայությամբ... Բայց նույն ժամանակ էլ 20-րդ դարը մեր հազարամյա պատմության ամենաբովանդակալիցը եւ հոգեւորը եղավ: Կարծես եղավ հայության աստեղային ժամանակը: Առանց շատ խորանալու պիտի հիշեմ մի քանի անուններ միայն. Եղիշե Չարենցՙ «Ես իմ անուշ Հայաստանի», Կոմիտաս վարդապետՙ «Ծիրանի ծառ», Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյանՙ «Հայաստան» պաննոն,- քանդակագործությունը վերջում եմ թողնում,- եւ ամենամեծը բոլոր մեծերուն մեջ, ըստ իս, Ալեքսանդր Թամանյանը, որ մեր ազգին տվավ իր նոր մայրաքաղաքըՙ Երեւանը, մեր փոքր ժողովուրդին ամենամեծ նվաճումը, Անիից հազար տարի վերջ նորից հայկական մայրաքաղաքի ստեղծումը: Որը աշխարհի գեղեցկագույն քաղաքներեն մեկը պետք է ըլլար... բայց այս արդեն ուրիշ խոսակցություն է: Ես ավելի լավ է մնամ Երեւան մայրաքաղաքի քանդակագործական հուշարձաններու մոտը, որ այս հոդվածիս բուն նյութն է...
Հուշարձան մը պատկանում է ազգին եւ հուշարձան դնողը եւ տերը ազգն է: Ազգն է որոշողը, որ ինչ բան պետք է հավերժացվի եւ իր ո՞ր զավակը պետք է արժանի ըլլա անմահանալու, որովհետեւ կրնա այնպես պատահելՙ հուշարձանը ազգը չդնե, եւ օտարը դնե քու հողիդ վրա: Ազգը այդ տեսակ բան չի հանդուրժի, եւ այդպես ալ եղավ: Սովետական ռեժիմը, որ կարծում էր հայ ազգի եւ Հայաստանի տերն է, Երեւանում սկսեց հուշարձաններ դնել: Ասում են, որ սովետական բռնապետության մեջ, մոլորակի մեկ վեցերորդին վրա, մարդկության մեծագույն դահիճինՙ Ստալինի հուշարձանը ամենահսկան եւ «փառավորը» եղել է Երեւանինըՙ Սովետական Միությունում կանգնեցված Ստալինի հուշարձաններից: Նաեւՙ մայրաքաղաքի «Լենինի հրապարակի» վրա մարդկության մյուս վիժվածքիՙ Վլադիմիր Իլյիչի հուշարձանը: Այսօր այդ երկու հուշարձաններն ալ տապալված են իրենց պատվանդանեն եւ ուղարկված են գրողի ծոցը: Մնում է մի հուշարձան էլ, բոլշեւիկներուն դրածը, որը պետք է տեղափոխվի, դա էլ Ստեփան Շահումյանի հուշարձանն է: Որովհետեւ Ս.Շահումյանը թեեւ ծագումով հայ է, բայց ոչ մի բան ըրած է հայ ազգին համար, որ արժանի ըլլար հուշարձան ունենալու պատվին...
Այստեղ նորից վերադառնամ բուն նյութիսՙ ժամանակակից հայկական քանդակագործության... Եվ ահավասիկ սովետական ռեժիմի հաստատվելուց 15 տարի անց կատարվում է մեր մշակույթի համար ամենահետաքրքրական անակնկալը: 18 տարի Փարիզում ապրելուց հետո Ս. Հայաստանում «հաստատվելու» համար Հայաստան է գալիս Երվանդ Քոչարը: 1936 թվականն ենք, շուտով սկսելու էր հայոց երկրորդ եղեռնը, երկրորդ ցեղասպանությունը: Չարենցին, Բակունցին, Մահարիին, Թոթովենցին օրերը հաշվված են... Եվ քանդակագործ Երվանդ Քոչարը, որ 18 տարիներե ի վեր Փարիզում էր ապրում եւ ստեղծագործում, եւ արդեն ստեղծում էր «նկարչություն տարածության մեջ» («la peinture dans l՛espace») կոչված ոճը, որ վստահաբար իրեն բերելու էր համբավ... որոշում է վերադառնալ Հայրենիքՙ Փարիզում թողնելով իր «Ազատությունը»: Այստեղ ուզում եմ հիշել մեր մեծագույն վարպետին խոսքըՙ ամենահայկական խոսքը, մեծագույն հայի խոսքը. «Արվեստագետին պետք չէ անսահման ազատություն: Արվեստագետին պետք է հող իր ոտքին տակ»: Այստեղ չքննարկենք, որ Քոչարը ի՞նչ պետք ուներ հեռանալ Փարիզի պես քաղաքից (աշխարհի արվեստիՙ նկարչության կենտրոնը) եւ գալ Հայաստանՙ բանտարկվելու եւ խոշտանգվելու: Քոչարը պետք է գար Հայաստան հայրենիքՙ Սասունցի Դավիթի եւ Վարդան Մամիկոնյանի հուշարձանները դնելու Երեւանում: Երկուքն ալ ձիերու վրա, երկուքն ալ սուրերը պատյանից հանածՙ պաշտպանելու համար մշակույթը ապազգային սոցռեալիզմ կոչված վարակից, որը ապականում էր հայ հոգին: Քոչարը եկավ «ոչ» ասելու Սովետ պատվիրատուինՙ բոլշեւիկյան բռնատիրության... Քոչարը շատ ճիշտ ժամանակին էր վերադառնում իր ազգի գիրկը:
Այսօր արդեն 20 տարիներե ի վեր Հայաստանը անկախ պետություն է: Պրծանք զարհուրելի բոլշեւիկյան բռնապետությունից: Նոր հեռանկարներ են բացվում ստեղծագործելու համար հայ արվեստագետներուն համար: Փոքրաթիվ ըլլալը մեզ խանգարել է ազատ ապրել: Թշնամի պետությունները իշխել են մեր վրա, մեզ ճորտ են դարձրել եւ, վերջապես, մեզ ոչնչացրել են, բայց հայերու հանճարը միշտ եղել է եւ ցույց տվել իրեն: Հռիփսիմեն եւ Աղթամարը կառուցողը հազար տարի վերջ չէր կարող չկառուցել մեր Կառավարական տունը, մեր Ժողտունը: Մանվել ճարտարապետ ծնող ժողովուրդը չէր կարող Թամանյան չծնել:
Այս հոդվածիս սկիզբը ես հիշեցի մեր նշանավոր քանդակագործ Սերգեյ Իվանիչ Բաղդասարյանի անունը: Վերջապես, այս հոդվածս հայոց քանդակագործության մասին էր, Սերգեյ Բաղդասարյանի մասին խոսելն էր: Չեմ կարծում, որ ազգ մը կա, որ կերպարվեստ չունենա: Այստեղ պիտի շեշտեի ազգին իր ազգային արվեստն ունենալու մասին: Ազգ մը կրնա ծնիլ շատ մը արվեստագետներ, որոնք կստեղծագործեն անշուշտ, բայց չենք գիտեր, թե ինչպես կըլլա, որ մի կամ մի քանի արվեստագետներու կհաջողվի ստեղծել մի արվեստ, որ բուն այդ ազգին հոգին կարտահայտե: Ամեն արվեստագետ չի կարող իր ազգը ներկայացնել: Դա երեւի դժվար է բացատրել, բայց գոյություն ունի այդ ազգային կոչվածըՙ անկասկած: Երեւի անկարելի է որոշելՙ իրենք ունի՞ն այդ հատկանիշները: Կա՞ ավելի հայկական երգ, քան Կոմիտաս վարդապետի գրած երգերը: Չեմ կարծեր: Ի՞նչ է այդ հայկականը. դժվար է որոշել, բայց այդ հայկականը կա: Եթե դուք գտնվում եք օտար մի երկրում եւ օտար քաղաքում, փողոցում քայլում եք եւ հանկարծ ձեր կողքից մի զույգ է անցնումՙ իրար հետ զրուցելով, եւ այդ զրույցը հայերեն է,- ձեզի հետ չի՞ պատահած,- դուք հայերեն խոսքը լսելովՙ ամբողջ մարմնով չե՞ք ցնցվում: Ի՞նչ պատահեցավ ձեզի հետ. հայերեն խոսքը, հայերեն բառը մտավ ձեր հոգիին մեջ եւ ձեզ ցնցեց... Ինչո՞ւ ձեր կողքից անցնող ուրիշ լեզվով խոսակցությունը ձեզ այդպես չի հուզում: Կրնա՞ք երթալ հայոց եկեղեցի եւ լսելով հայկական պատարագըՙ ձեր հուզումը եւ արցունքները զսպել: Դժվար է բացատրել այս բաները, բայց այս բաները իրական են: Եվ վերադառնալով մեր կերպարվեստին եւ քանդակագործությանը, մտածում էի, որ հայ երաժշտությունը ունի Եղիշե Չարենցին «Ես իմ անուշ Հայաստանին», հայ ճարտարապետությունը ունի Զվարթնոցի տաճարը, Ալեքսանդր Թամանյանի Կառավարական տունը, իսկ հայ քանդակագործությունը կրնա՞ր չունենալ իր Մարտիրոս Սարյանը, իր Եղիշե Չարենցը, իր Թամանյանը... Այո, անշուշտ ունի, բարեբախտաբար: Ահավասիկ Սարգիս Բաղդասարյանի ստեղծած հուշարձանը. «Մենք ենք, մեր սարերը» ամենահայկական, իսկապես հայկական հուշարձանն է, որ դրվեց Ղարաբաղի հողին վրա, որ ոչ թե դրված է, այլ կարծես ինքն իրեն դուրս եկած է այդ հողիցՙ իբրեւ այդ հողին ծնունդը, իբրեւ այդ հողին տերերը, իբրեւ այդ հողին Թագավորը եւ Թագուհին: Սարգիս Բաղդասարյանը իր այդ հուշարձանով հայ արվեստը բարձրացուց միջազգային մակարդակի եւ իր տեղը նվաճեց մարդկության ստեղծած ամենանշանավոր հուշարձաններու կողքին: Այդ հուշարձանով Սարգիս Բաղդասարյանը մարդկության ցույց տվեց, որ կա հայկական պոեզիա, կա հայկական երաժշտություն, կա հայկական պարարվեստ, կա հայկական ճարտարապետություն, եւ կա հայկական քանդակագործություն...
Սերգեյ Իվանիչ Բաղդասարյանը հայ մեծագույն արվեստագետներեն մեկն է: