«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ: Հայկական գրական ավանդույթը կոնգրեսի գրադարանում»: Այս խորագրի ներքո հինգ ամիս շարունակ բացառիկ մի ցուցահանդես է գործելու Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի գրադարանում, սկսած այս տարվա ապրիլի 19-ից: Ցուցադրվելու են այնտեղ ի պահ դրված բազմաթիվ ձեռագրեր, գրքեր, ալբոմներ եւ քարտեզներ: Պատրաստ է լինելու նաեւ այդ առթիվ տպագրված հատուկ կատալոգը:
Ըստ Նյու Յորքից հեղինակավոր լրագրող Ֆլորենս Ավագյանի հաղորդագրության, կոնգրեսի գրադարանը աշխարհում ամենամեծ գրադարանն է եւ նրանում պարփակված հայկական հավաքածուն այժմ հայագիտական ուսումնասիրությունների գլխավոր աղբյուրն է դարձել:
Գրադարանը հիմնադրվել է 1800 թվականինՙ ծառայելու միայն Մ. Նահանգների կոնգրեսին, բայց հետագայում ծավալվելով վերածվել է ազգային գրադարանի:
Զբաղեցնում է երեք հսկայական շենքեր, նաեւ հսկայական մի տարածք կինոցուցադրումների եւ ձայնագրությունների լսումների համար: Նյութերի 60 տոկոսն անգլերեն լեզվով չի գրված: Հայերի եւ Հայաստանի մասին գրությունների մեծ մասը գրված են օտարների կողմից եւ չափազանց արժեքավոր են այդ առումով: Հայկականության վերաբերյալ առաջին զանգվածային հավաքածուն կոնգրեսի գրադարան է հասել 19-րդ դարի վերջերին: Հետագայում «կաթիլ առ կաթիլ» լրացվել է մինչեւ 1948 թվականը, երբ Արթուր Տատյանի եւ դոկտ. Սիրարփի Տեր-Ներսեսյանի ջանքերով ստեղծվել է «Հայկական հավաքածուների կոմիտեն», որն էլ իր հերթին նպաստել է, որ 250-ից 6000 կտոր գրականության վերաճի հայկական բաժինը: 1992-ին երբ դոկտ. Լեւոն Ավդոյանը նշանակվել է գրադարանի հայկական եւ վրացական բաժինների գլխավոր մասնագետ-աշխատակից, այդ թիվը 7000-ի է բարձրացել, իսկ ներկայիս, ըստ Ավդոյանի, հավաքածուն բաղկացած է մոտ 45 հազար միավորից:
Ի դեպ, ինչպես արդեն «Ազգ»-ը հաղորդել է իր հունվարի 10-ի համարում, հայտնի պատմաբանը հայ գրատպության 500-ամյակի առթիվ բանախոսությամբ հանդես է եկել անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Կոլումբիա համալսարանի (Նյու Յորք) դահլիճում:
Համալսարանում գործող հայկական կենտրոնի կազմակերպությամբ անցկացվող երեկոյի ընթացքում մեծարվել է հայկական այդ կենտրոնի տնօրենների վարչության նախկին երկարամյա նախագահ Մայքլ Հարությունյանը: Ներկայիս այդ նույն պաշտոնն զբաղեցնող Մարկ Մոմճյանի արտասանած երախտագիտական խոսքերից հետո, Հարությունյանին իր մատուցած ծառայությունների համար հանձնվել է Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպի 1934 թվի առաջին օրինակը:
Իսկ իր շնորհակալական ելույթում Հարությունյանը պատմել է Կոլումբիա Համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի հարուստ ավանդույթների մասինՙ սկսած 1979-ին այդ կենտրոնի հիմնադրման օրից: Հետագայում Գեւորգ Ավետիսյանի մեկ միլիոն դոլարի նվիրատվության շնորհիվ կենտրոնը դարձել է մշտական գործող ամբիոն: Իրենց նվիրատվություններով Ավետիսյանի օրինակին հետեւել են Սարգիս Հակոբյանը, Սուրեն Ֆեսճյանը եւ Կլարա Զոհրապ-Լիբմանը:
Դեկտեմբերի 1-ի միջոցառման ժամանակ հայկական ամբիոնի վարչության անդամ Լոլա Գունտաքճյանը ներկայացրել է օրվա բանախոսՙ դոկտ. Լեւոն Ավդոյանին նշելով, որ նա Կոլումբիա համալսարանում պաշտպանել է հայոց հին պատմության գծով իր դոկտորականըՙ պրոֆեսորներ Նինա Գարսոյանի եւ Մորտոն Սմիթի ղեկավարության ներքո: Կոնգրեսի գրադարանում է սկսել աշխատել 1977-ից նախ որպես հին, դասական, ապա (1982-ից) բյուզանդական եւ միջին դարերի պատմության մասնագետ եւ վերջում (1992-ից) Հայաստան-Վրաստան տարածաշրջանային բաժնի գլխավոր մասնագետ: Հեղինակ է գրադարանի Մերձավոր Արեւելքի բաժնի հավաքածուի ամբողջական նկարազարդ ալբոմի, ինչպես նաեւ բազմաթիվ մենագրությունների ու հոդվածների:
Իր ելույթում դոկտ. Լեւոն Ավդոյանը խոսել է Երեւանում այս տարի պաշտոնապես նշվող հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների մասին: «Քաղաքական եւ տնտեսական որոշակի պայմանների առկայությամբ հայերեն գրքերի տպագրությունը հնարավոր չէր իրականացնել հայրենիքում: Բայց կար մի հնարավորությունՙ հայերեն գրքերի տպագրությունը կազմակերպել Եվրոպայում: Առաջինը Հակոբ Մեղապարտն էր, որ Եվրոպայի կենտրոնումՙ Վենետիկում 1512-ին հիմնադրեց հայկական առաջին տպարանը եւ լույս ընծայեց «Ուրբաթագիրքը»ՙ հոգեւոր երկերի ժողովածուն, որին հաջորդեցին 5 այլ գրքեր», ասել է նա, հավելելով, որ մերձավորարեւելյան լեզուներիցՙ եբրայերենից (1472 թ.) հետո հայերենը երկրորդ լեզուն է եղել, որով գիրք է տպագրվել: Իսկ Ամերիկայում առաջին հայերեն հատորը տպագրվել է 1888-ին: Էկրանի վրա նա ցույց է տվել հազվագյուտ էջեր հայկական հին ավետարաններից, Փարիզից 1859 թվին ստացված բամբակագործ հայուհիների նկարներ, ինչպես նաեւ Փարիզի «սուֆրաժիզմի (կանանց ընտրական հավասար իրավունքների համար պայքարող շարժման) Համաշխարհային կոնֆերանսին» մասնակցած (1919 թվին) հայազգի տիկին Ազգապետյանի լուսանկարը:
Միաժամանակ նա նշել է, որ կոնգրեսի գրադարանի հայկական բաժնում կան հազվագյուտ գրքեր, ինչպես, օրինակ, Գրիգոր Նարեկացու «Գիրք Աղօթիցը», Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Դավիթ Ադամյանի 13 հատորները, որոնք ներառնում են նրա ցեղասպանության օրերին կատարած օրագրերը, Ադանայի ջարդերը նկարագրող մի նամակ, Հենրի Մորգենթաուի հեռագրերըՙ հասցեագրված Ամերիկայի պետքարտուղարությանը, ինչպես նաեւ բազմաթիվ քարտեզներՙ ներառյալ Երեւանի 1920 թվին արված քարտեզըՙ նախքան առաջին հանրապետության անկումը:
«Մենք այժմ գտնվում ենք գրական ֆոնդի թվայնացմանն անցնելու գործընթացում», ասել է նաՙ նշելով, որ առայժմ գրադարանի նյութերի միայն տասը տոկոսն է թվայնացված, բայց աշխատանքները շարունակվում են:
Երեկոյի ավարտին Մարկ Մոմճյանը ներկաներին հիշեցրել է Թոմաս Ջեֆերսոնի հայտնի խոսքերըՙ «Առանց գրքերի ապրել չեմ կարող» եւ դոկտ. Ավդոյանին է նվիրել Քրիստոֆեր Օսկանյանի «Սուլթանը եւ իր ժողովուրդը» գիրքը, որը տպագրվել է Նյու-Յորքում 1857-ին եւ համարվում է հայ հեղինակի կողմից գրված առաջին անգլերեն գիրքը Միացյալ նահանգներում:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ