ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-21 | #2, 2012-02-04 | #3, 2012-02-18


ՅԱՐՈՒԹԻՒՆ ՆԱԳՈՒԼԵԱՆԸ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ ԿԱՄ ԳՈՎՔ ԵՒ ՀՐԱԺԵՇՏ ՎԱԹՍՈՒՆԱԿԱՆՆԵՐԻՆ

ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

...Յարութիւն Նագուլեանը Երեւանում յայտնուեց 1960-ական թուականների կէսերին: Սփիւռքահայ ուսանող էր, Բէյրութից եկել էր Երեւանՙ Բժշկական ինստիտուտում սովորելու: Երեւի թէՙ եկել էր ճիշտ ժամանակին: Այդ տարիները մեր ազգային զարթօնքի եւ վերելքի տարիներն էին, ազգային ինքնագիտակցութեան, ինչպէս նաեւ գրականութեան եւ արուեստի նո՛ր գիտակցման եւ գեղագիտական այլախոհութեան տարիներ:

Տեղին է յիշել ժամանակի գրական կեանքի աննշան թուացող մի մանրուք. 1961 թուականին «Սովետական գրականութիւն» ամսագիրը ապրիլեան համարում (Լենինին նուիրուած համարում) տպագրել էր Պարոյր Սեւակի բանաստեղծութիւններից մի շարք եւ այդ շարքում աւանդական կառուցուածք ունեցող այլաբանական, խորիմաստ ու խորագնայ մի փոքրիկ բանաստեղծութիւն.

Անյարմար է բոբիկ քայլել,

Այս կօշիկն էլ շատ է նեղում:

Ինչպէ՞ս քայլել առանց ուղու,

Այս ճամփան էլ շատ է շեղում:

Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից

Ո՛չ կօշիկդ կը լայնանայ,

Ո՛չ էլ ցաւը կը մեղմանայ...

Ցա՜ւն է յաճախ առաջ մղում...

Սովետական իրականութիւնը իսկապէս որ դարձել էր իսպանական կօշիկՙ շա՜տ էր նեղում: Բայց շատերը չէ, որ դա զգում եւ հասկանում էին: Այդ բանը շատ լաւ հասկացած բանաստեղծին, նաեւ այս բանաստեղծութեան համար, քանիցս կանչել են հաւատաքննութեան ատեանՙ այդ ո՞ր ճամփան է շեղում, չլինի՞ թէ կոմունիզմի...

Ճշմարտութիւնն այն է, որ իրականութեան ցաւն էր դրդում առաջմղումի: Եւ զարթօնքը, առաջմղումը, ազգային ինքնագիտակցումը այդ տարիներին այլեւս անկասելի էին:

Հայաստանում մեծ շուքով նշուել էր Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600-ամեակը, Սայեաթ-Նովայի ծննդեան 250-ամեակը: Տիգրան Պետրոսեանը դարձել էր շախմատի գծով աշխարհի չեմպիոն, եւ չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ Հայաստանում բոլորը, մեծ թէ փոքր, սրտատրոփ հետեւել էին Տիգրան Պետրոսեանի ամեն մի խաղի ամեն մի քայլին, կարելի է ասելՙ ժողովրդեամբ էին մասնակից եղել մրցապայքարին: Եւ հիմա հայերը երջանիկ էինՙ արքայ ունէին այլեւս, թող որ շախմատի արքայ: Գրականութեան եւ արուեստի մէջ, հանրային եւ մշակութային կեանքում կատարուած զուտ ազգային փոքր ու մեծ բազմաթիւ նման իրադարձութիւններն ու երեւոյթները նախապատրաստեցին 1965 թուականի ապրիլի 24-ըՙ Հայոց Մեծ եղեռնի յիսունամեակի օրը, ինչը կարելի է ասել, որ եղաւ համազգային գիտակցութեան վերելքի ամենաբարձր աստիճանը: Օդում, մթնոլորտի մէջ այլեւս նոր մտածողութիւնն ու նոր տրամադրութիւններն էին իշխում:

Պատահական չէ, որ Երեւանում յայտնուած սփիւռքահայ ուսանողների մեծ մասը ներդաշնակօրէն կապուեց Երեւանի հանրային-մշակութային կեանքի առօրեային ու մթնոլորտին:

Այդ տարիներին սփիւռքահայ ուսանողները Երեւանում շատ էին: Եւ նրանցից շատերը հետագայում դարձան Սփիւռքի հայ կեանքի տարբեր ասպարէզների նշանաւոր գործիչներ: Բայց մի քանի հոգի առանձնանում էին միւսներից այն բանով, որ առաւել գրոց-բրոց երիտասարդներ էին եւ մղւում էին դէպի գրականութիւնն ու արուեստը, ընդառաջ այն թարմաշունչ հոսանքին, որ ներխուժել էր գրականութեան, կերպարուեստի, երաժշտութեան պետականօրէն պաշտպանուած սահմաններից ներս: Նրանք արեւմտահայերէնով կրթութիւն ստացած եւ արեւմտահայերէնով դաստիարակուած, ա՛յլ միջավայրից իրենց հետ ազատ մտածողութիւն բերած, անկաշկանդ պահուածք ունեցող երիտասարդներ էին, որոնց համար գրականութեան եւ արուեստի մէջ նոր մտածողութիւնը համադրւում էր ազգային գիտակցութեան եւ հոգեկան ազատութեան հետ:

Նրանք բանաստեղծ էին, եւ բանաստեղծ էին նախքան բանաստեղծական տողեր շարելը, բանաստեղծ էին ամենից առաջ իրենց կենսազգացողութեամբ, գրական ճաշակի եւ մտածողութեան ազատութեամբ եւ, իհարկէ, գորշ, կաշկանդող, կեղծդասական գրականութեան ըմբռնումների ու թելադրանքի դէմ ուղղուած գեղագիտական անհաշտութեամբ...

Տարիքով մէկը միւսից մի քիչ մեծ, մի քիչ փոքր, նրանք նոյն սերնդի եւ նոյն մտածողութեան մարդիկ էին, եւ նրանց անունները անժխտելիօրէն կապւում են 60-ական թուականների երեւանեան գրական կեանքի հետաքրքրական պատմութեանը: Նրանք բանաստեղծ էին եւ բանաստեղծ դարձան: Քիչ գրեցին թէ շատՙ դա այսօր էական չէ: Էականը այն է, որ նրանք իրենց հետքը թողեցին 1960-ականների մեր գրական զարգացման պատմութեան մէջ: Իմ խօսքը Մանուէլ Քէօսէեանի, Վարդերես Գարակէօզեանի, Կարիկ Պասմաճեանի մասին է:

Եւ, անշուշտ, Յարութիւն Նագուլեանի:

Բժշկական ինստիտուտի ուսանող Յարութիւն Նագուլեանը Երեւան հասնելուց առաջ Բէյրութում Յովակիմեան-Մանուկեան վարժարանի «Նուիրում» հանդէսում մի բանաստեղծութիւն էր տպագրել «Կապոյտը» խորագրով: Թէպէտեւ սկսել էր բանաստեղծութեամբ, բայց Երեւանում Նագուլեանը գնաց դէպի նկարչութիւնը, աւելի ճիշտՙ սկսեց նկարչութիւնից: Երեւանում նկարչութեան մէջ նոր հովերն աւելի զգալի էին, քան գրականութեան: Նկարիչներն աւելի ազատ էին իրենց մտածողութեամբ, քան գրողներն ու գրականութեան մարդիկ: Հինգի նշանաւոր ցուցահանդէսը (Մինաս Աւետիսեան, Արփենիկ Ղափանցեան, Ալեքսանդր Գրիգորեան, Լաւինիա Բաժբէուկ-Մելիքեան եւ Հենրիկ Սիրաւեան) բացուել էր 1961-ին եւ միանգամայն նոր սկիզբ յայտարարել հայ կերպարուեստում: Այս շարժումը իրօք այլեւս անկասելի էր: 1963-ին լոյս տեսաւ Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» ժողովածուն:

Արդէն գրականութեան եւ արուեստի նոր ժամանակներ էին, ներքին անհաշտութեան եւ ըմբոստութեան ժամանակներ: Եւ նոր սերնդի հոգեկան ազատութեան եւ ազատ մտածողութեան հիմնական միջավայրը երեւանեան բոհեմն էր: Երեւանեան նոր արտիստիկ միջավայրը կամ բոհեմը զարմանալի երեւոյթ էր, այն իր մէջ միաւորում էր ե՛ւ գրականութեան ու արուեստի հսկաների, ասենքՙ լուրջ, ծանրակշիռ ու ազնուական Կոստան Զարեանին եւ անզուգական մաեստրոյինՙ Երուանդ Քոչարին, ե՛ւ նոր-նոր միայն ասպարէզ մտնող նկարիչների, գրողների, երաժիշտների: Եւ, իհարկէ, պարզապէս արուեստասէրների:

Երեւանեան բոհեմը այն տարիներին իր անթագակիր արքան ունէրՙ Լեւոն Ներսիսեանը: Հայերէն բանաւոր խօսքի կախարդն ու մոգն էր Լեւոն Ներսիսեանը, օտար լեզուների եւ մշակոյթների գիտակ, 18-րդ դարի անգլիական ըմբռնումով մեծ էրուդիտ, վերլուծական փայլուն մտքի տէր, բացառիկ զարգացում ունեցող անձնաւորութիւն: Լեւոն Ներսիսեանը մեր Ալենն էր: Նա Երեւանի պետական համալսարանում դասաւանդում էր անտիկ եւ եւրոպական գրականութիւն: Սա նկատի ունենալով է, որ Կարիկ Պասմաճեանը տարիներ անց իր մի բանաստեղծութեան մէջ կը գրի.

Երեւանի մէջ օրական քանի մը թոն հաց կը թափուի,

Հաւաննական սիգարները կը փտտին Երեւանի մէջ:

Լեւոն Ներսիսեանը հացի կը նստի

դիցաբանական աստուածներուն հետ,

կը հարբեցնէ բոլոր աստուածները

եւ կը հարբի մարդերէն:

60-ական թուականների երեւանեան արտիստիկ միջավայրը սովորական շփումների եւ առօրեայ հանդիպումների իրականութիւն չէր միայն: Ընդարձակ էին երեւանեան բոհեմի սահմաններըՙ նորաբաց սրճարանները, նկարիչների եւ արձանագործների արուեստանոցները, հանրայայտ ճաշարաններն ու ռեստորանները, տաղանդաւոր գրողների ու արուեստագէտների տներն ու աշխատավայրերը... Վերջապէս Երեւանի կենտրոնըՙ Օպերայի շէնքի եւ «Մոսկուա» կինոթատրոնի տարածքը, զբօսավայր եւ ժամադրավայր Աբովեան փողոցը վերից վար եւ, իհարկէ, նկարիչների հռչակաւոր սրճարանը «Մոսկուա» կինոթատրոնի բակում: Աստուա՜ծ իմ, ի՜նչ մարդիկ էին ամէն օր գալիս-նստում պարզ ու հասարակ սեղանների շուրջ անշուք այդ սրճարանում եւ ինչքա՜ն էր շքեղանում սրճարանը իրենց ներկայութեամբՙ մեծատաղանդ գրողներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ... Եւ արուեստի ու մշակոյթի տարեց եւ երիտասարդ երկրպագուների բանակը, որ գալիս էր այստեղ սիրելի արուեստագէտների խօսքն ու զրոյցը լսելու, նրանցից բա՛ն սովորելու եւ կամ գոնէ մի երկու սեղան հեռաւորութիւնից հայ արուեստի նշանաւոր մարդկանց ներկայութեամբ հիանալու եւ սքանչանալու: Նկարիչների այս սրճարանը երեւանեան բոհեմի սիրտն էր եւ կենտրոնատեղին: Եւ երեւանեան բոհեմն էլ սովորական միջավայր չէր, գինարբուքով եւ աղմուկներով լեցուն, որպիսին լինում է սոսկ մի ասպարէզի միջավայրումՙ ասենք, թատրոնի կամ կերպարուեստի... Ի՜նչ խորիմաստ զրոյցներ եւ բուռն, անզիջում, երբեմնՙ նոյնիսկ կատաղի վէճեր ու վիճաբանութիւններ էին լինում նկարիչների այս բացօթեայ սրճարանում, ի՜նչ պատմութիւններ էին պատմւում, ի՜նչ հանդիպումներ էին կայանում... Եւ իհարկէ, ամէն բան, ամէն խօսք ու զրոյց հիմնականում եւ մեծամասամբ արուեստի եւ գրականութեան շուրջ էր: Այստեղ մտքեր էին խմորւում, նոր գաղափարներ էին առաջանում, տեսակէտներ էին ձեւաւորւում... Եւ այդ ամէնը, իհարկէ, կապ չունէր երկրում իշխող արուեստի պետական գաղափարախօսութեանՙ այսպէս կոչուած սոցիալիստական ռէալիզմի հետ: Ու նաեւ սովետական իրականութեան եւ ռեժիմի հետ: Պատահական չէ, որ մոսկուաներում ասում էին, թէ Երեւանը ԽՍՀՄ նկարչութեան մայրաքաղաքն է: Կարելի է ասել, որ Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնի հրապարակի այս սրճարանը սովետական երկրի ամենաազատ վայրն էր ու անկիւնը, ազատախոհութեան եւ ազատամտութեան օազիս: Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ սրճարանը ունէր իր ամենատես աչքերն ու ամէն ինչ լսող ականջները, բայց դա չէր խանգարում, յամենայն դէպսՙ արտաքուստ, որ սրճարանը լինի ազատախոհութեան բացառիկ վայր:

Երեւանի արտիստիկ միջավայրը 60-ական թուականներին դպրոց էր, համալսարան ու ակադեմիա:

Ու հէնց այս ակադեմիայում Յարութիւն Նագուլեանը դարձաւ, եղաւ ու մնաց իւրային, այն էլ շատ սիրուած իւրային: Երեւանեան բոհեմը հարազատ որդու պէս ընդունեց Յարութիւն Նագուլեանին: Շատերը կուզենային մտնել այդ արտիստիկ միջավայրը, բայց այդ միջավայրում լինելու, նշանաւոր, մեծատաղանդ ու յարգեւոր մարդկանց սեղանի շուրջը տեղ ունենալու, նրանց խօսք ու զրոյցին ներկայ ու մասնակից լինելու համար մարդը պէտք է էական արժանիքներ ունենար: Չգրուած ու անառարկելի օրէնքներ ունէր երեւանեան բոհեմը: Շատերն էին մղւում դէպի այդ հրապուրիչ միջավայրը, շատերն էին ընտրում Լեւոն Ներսիսեանին, ինքըՙ Լեւոն Ներսիսեանը ընտրում էր շատ քչերին, սակաւներից սակաւներին: Եւ դրանցից մէկը եղաւ Յարութիւն Նագուլեանը: Նա ոչ թէ արտիստական այդ կեանքի ու միջավայրի պարզ մասնակիցն էր, այլ, չնայած իր երիտասարդ հասակին, այդ միջավայրին տոն տուող մարդկանցից մէկը: Լեւոն Ներսիսեանի արքայական շքախմբի կարեւոր դէմքն էր Յարութիւն Նագուլեանը, Լեւոնի սրտակից մերձաւորն ու աջ թեւը: Բոհեմը միանգամից ընդունեց Նագուլեանին եւ անմիջապէս կնքեց նոր անունով՛ Նագուլ: Բոհեմի քմահաճ օրէնքներից մէկն էր դա, այդպէս Ռուբէն Ադալեանը մի օր դարձել էր Ադալ, Ռոբերտ Էլիբէկեանըՙ Էլիբէկ, Հենրիկ Սիրաւեանըՙ Սիրաւ, Եդուարդ Խարազեանըՙ Խարազ... Տասնեակ տարիներ անց, երբ Յարութիւն Նագուլեանը վաղուց արդէն Երեւանում չէր եւ անկարելի էր իր մուտքը Հայաստան, մի անգամ մի զրոյցի ժամանակ, երբ յիշում էինք Երեւանի 60-ական թուականները, սրճարանը եւ իր մարդկանց, Լեւոն Ներսիսեանը, մի պահ դուրս գալով իր մշտական կերպարից, բոլորովին ա՛յլ հնչերանգով ու ա՛յլ շեշտով, որ աւաղանք էր իհարկէ, ասաց. «Նագո՜ւլը... Նագո՜ւլը... Գիտես ի՜նչ տղայ էր Նագուլը...»: Իր գովեստների մէջ ծայրայեղ զուսպ եւ միշտ վերապահ Լեւոնի ասածը երկու պարզ բառ էր, բայց ես աւելի մեծ գովասանք եւ գնահատութիւն չեմ լսել Լեւոն Ներսիսեանից:

Ես չգիտեմՙ երեւանեան տարիներին Նագուլը բանաստեղծութիւններ գրե՞լ է, թէ՞ ոչ: Երեւի թե գրել է: Չեմ հարցրել: Եւ եթէ նոյնիսկ գրել է, ապա չի հրապարակել հասկանալի պատճառներով: Իր կեանքում ուրիշ ժամանակ էր, ինքը մեծ դպրոց էր անցնում: Նկարիչների արուեստանոցներում նկարիչների ու կերպարուեստի պատմութեան, նշանաւոր արուեստագէտների կեանքի, արուեստում նոր ձեւերի ու գաղափարների, նոր մտածողութեան խնդիրների շուրջ այնպիսի բուռն ու կրքոտ վէճեր ՙ էին լինում, երկար ու անվերջանալի զրոյցներ, որ ամէն մի ակադեմիա կը նախանձէր:

Թող մեղք չհամարուի, բայց այսօր ես դժուարանում եմ ասել, թէ Յարութիւն Նագուլեանը որտե՞ղ էր աւելի հիմնաւոր սովորումՙ Երեւանի պետական բժշկական ինստիտուտո՞ւմ, թէ՞ Լեւոն Ներսիսեանի գրականութեան եւ արուեստների բարձրագոյն ակադեմիայում: Թէ Բժշկական ինստիտուտում Նագուլը ինչ էր սովորում, ճիշտն ասած, չգիտեմ, բայց երկրորդ իր կրթական հաստատութիւնում նա ձեւաւորուեց իբրեւ կերպարուեստի եւ առհասարակ մշակոյթի փայլուն գիտակ:

Մեր վաթսունականները վերջանալու վրայ էին, արդէն վերջանում էր վերելքի եւ ըմբոստութեան մեր ժամանակը: Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» գիրքը գրուել, «Անլռելի զանգակատունը» վերահրատարակուել էր, «Եղիցի լոյս»ը գրուած էր (գիրքը տպագրուած էր ու կալանուած), Ծիծեռնակաբերդի բարձունքին ելնում էր ազգային միասնական ոգու խորհրդանիշըՙ Եղեռնի յուշարձանը, Հրանտ Մաթեւոսեանի «Օգոստոս»ը տպագրուել էր, Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի ձայներով հայ հոգեւոր երգը հնչում էր դահլիճներում, Տիգրան Մանսուրեանը դաշնաւորել էր իր «Հայրէնները», Մինասի ցուցահանդէսը բացուել էր շռնդալից յաջողութեամբ, Սարգիս Փարաջանեանը նկարահանել էր «Նռան գոյնը», Յակոբ Յակոբեանը յայտնագործել էր հայկական բնանկարի նոր պատկեր-կերպարը, Արտո Չաքմաքչեանի արձանագործութիւնը մտաւորական ու մշակութային բարձր շրջանակներում անառարկելի ճանաչում ունէր, Վիլհելմ Մաթեւոսեանը հրատարակել էր «Յակոբ Կոջոյեան. արուեստը» եզակի աշխատութիւնը, Ալբերտ Կոստանեանը գրել էր «Եղիա»ն եւ «Ինտրա»ն, փառահեղ շուքով նշուել էր Երեւան քաղաքի հիմնադրման 2750-ամեակը, բացուել էր Սարդարապատի յուշահամալիրը, Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի հարիւրամեակները վերածուել էին յիրաւի ազգային տօնի...

Թւում էՙ ամեն ինչ տանում էր դէպի վերելք, բայց այն, ինչ կար, արդէն եղել էր, պարզուեց, որ մեր վերելքի ամենաբարձր աստիճանն էր:

Պարոյր Սեւակի ողբերգական մահով, Մինասի արուեստանոցի հրդեհումով վաթսունականների ժամանակը աւարտւում էր... Աւարտւում էր նաեւ Նագուլի երեւանեան ժամանակը: Փայլունօրէն աւարտելով իր համալսարաններըՙ Նագուլեանը հրաժեշտ տուեց Երեւանին, իր ընկերներին ու բարեկամներին եւ վերադարձաւ Լիբանան, իրեն թւում էր կարճ ժամանակով, բայց բոլորովին այլ բան ստացուեց: Կեանքը անակնկալներ ունէր պահած ըմբոստ եւ անհաշտ նկարագրի տէր մարդու համար: Յետոյ նրա ձայնը Լոնդոնից հասաւ Երեւան: Բանն այն է, որ Նագուլեանը Լիբանանից մեկնում է Լոնդոնՙ այնտեղ շարունակելու եւ խորացնելու իր բժշկական կրթութիւնը: Լոնդոնում էլ նա իրեն զգում է երեւանեան կեանքի մասնակից:

1973 թուականին Բէյրութի «Երիտասարդ հայ» հանդէսում տպագրւում է Յարութիւն Նագուլեանի «Երբ դաստիարակիչները կը շարունակեն գոյատեւել» յօդուածը: Առիթը Լոնդոնում ապրող հայ արուեստասէրի եւ արուեստագէտի ստացած երեւանեան երկու հրատարակութիւնն էրՙ երկու կատալոգ, պատճառըՙ այն վերաբերմունքը, որ կար Հայաստանում իսկական արուեստի հանդէպ: Յարութիւն Կալենցը, Երուանդ Քոչարը, Ալեքսանդր Բաժբէուկ-Մելիքեանը, Պետրոս Կոնտրաջեանը, Սեդրակ Ռաշմաճեանը եւ այլ մեծատաղանդ մարդիկ պետութիւնից եւ մշակոյթի պաշտօնական միջավայրից չէին ստանում այն վերաբերմունքը, այն գնահատութիւնը, որին արժանի էին: Տարածութիւնը եւ ժամանակը զօրաւոր ուժեր են: Եօթ տարի Հայաստանում ապրած Նագուլեանը իրեն զգում է Հայաստանի արուեստի տէրն ու պատասխանատուն եւ արդարացիօրէն ընդվզում է, ըմբոստանում է այս անազնիւ եւ անարդար վերաբերմունքի դէմ: Երեւանեան այլախոհութիւնը, հազար անգամ արտասանուած անուններն ու դատապարտութեան խօսքերը թերեւս առաջին անգամ գրաւոր տեսք էին ստացել: Նագուլեանը իշխանութեան երեսին էր շպրտում այն ամէնը, ինչ տասնամեակներ շարունակ նստուածք էր տուել մարդկանց հոգիներում: Առաջին անգամ գրաւոր ճշմարտացի խօսք էր հնչում Պարոյր Սեւակի, Յարութիւն Կալենցի, Երուանդ Քոչարի, Ալեքսանդր Բաժբէուկ-Մելիքեանի, Պետրոս Կոնտրաջեանի եւ «դժուար դաստիարակուող», ուղղակի «անդաստիարակելի» այլ արուեստագէտների մասին: Նագուլեանը, սովետական ըմբռնումով, փաստօրէն ոչնչացնում էր սովետահայ պաշտօնական արուեստաբանութիւնը, այլ խօսքովՙ սովետահայ արուեստի եւ գրականութեան գաղափարական հիմքերը, ցոյց էր տալիս դրա անմարդկային հիմքերն ու անբարոյ բովանդակութիւնը:

Երեւան չհասածՙ այդ յօդուածը Երեւանում պայթեց ռումբի նման: Բոլորը խօսում էին այդ մասին: Եւ այնքան կարեւոր էր դա ռեժիմի համար, որ պատասխանը յանձն առաւ գրելու սովետահայ գրականութեան եւ հասարակական կեանքի երեւելի դէմքերից մէկը, Սփիւռքահայութեան կոմիտէի նախագահի տեղակալ, «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Վահագն Դաւթեանը: Ո՛չ աւել, ո՛չ պակաս: Պետութեան կարեւոր պաշտօնեաներից մէկըՙ զարդարուած ամէն տեսակի կոչումներով եւ աստիճաններով: Եւ դաՙ Լոնդոնում սովորող մի ուսանողի դէմ:

1973 թուականի օգոստոսի 22-ին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում տպագրուեց Վահագն Դաւթեանի «Երբ մարդը զուրկ է հայրենիքի զգացողութիւնից» սովետական ջարդարարական հին յօդուածների ոգով գրուած «գաղափարական» յօդուածը: Շրջանցելով Նագուլեանի ասածներն ու մատնանշումները, Վահագն Դաւթեանը Նագուլեանի յօդուածը համարում էր «պարսաւագիր, չարամտութիւնների ու անհեթեթութիւնների խառնուրդ...», «...պատեհապաշտական ինչ-ինչ ակնկալութիւններից յօրինուած...» եւ ի պատասխան թուարկում էր Սովետական Հայաստանի զանազան ձեռքբերումները տարբեր ասպարէզներում: Վահագն Դաւթեանը փաստօրէն նենգափոխում եւ խեղաթիւրում էր յօդուածում արտայայտուած մտքերը: Այն, ինչ ասում էր Նագուլեանը, անշուշտ այլախոհութիւն էր, իսկ Պարոյր Սեւակի ողբերգական մահից յետոյ հայ գրականութեան միջավայրում այլեւս այլախոհութիւն եւ ազատամտութիւն չկար: Եւ չէր էլ կարող լինել:

Ինչեւէ:

Վահագն Դաւթեանին միացան շատերըՙ ազնիւ կոմունիստ գրողներ ու գրականագէտներ, գրական կեանքի մէջ իրենց որոշակի տեղը բռնած կոմերիտական զանազան գործիչներՙ ամէն տեսակի մմելքոնեաններ: Սփիւռքում սրանց միացան pro-կոմունիստական զանազան գրչակներ: Այն տպաւորութիւնն էր ստացւում, թէ թշնամու բանակ է յարձակուել Սովետական Միութեան վրայ եւ Սովետական Հայաստանի ճակատագիրը վտանգուած է: Մինչդեռ եղած-չեղածը իրեն հայ եւ հայաստանցի զգացող մի ուսանողի արդար վրդովմունքն էր ազգային արժէքների անարդար գնահատութեան հանդէպ:

Այն, ինչ ասում էր Յարութիւն Նագուլեանը, իրականութիւն դարձաւ տասնեակ տարիներ յետոյ: Ե՛ւ Կալենցը, ե՛ւ Կոնտրաջեանը, ե՛ւ միւսները, եթէ ոչ պետականօրէն, յամենայն դէպս համաժողովրդական ըմբռնումով, ունեցան իրենց իսկական ճանաչումն ու գնահատութիւնը: Նագուլեանը պարզապէս ժամանակից առաջ էր ընկելՙ Սովետական Հայաստանի պաշտօնական անձանց երեսին նետելով ճշմարտութիւնը:

Եւ նրանք էլ, Սփիւռքահայութեան կոմիտէով, Հայաստանի պետական մամուլով եւ Սփիւռքի pro-կոմունիստական մամուլի էջերով հաւատաքննութեան դատաստան սարքեցին Յարութիւն Նագուլեանի դէմ եւ Հայաստանի դռները շրխկոցով փակեցին նրա առաջ:

Ճշմարտութիւնը պահանջում է ասել, որ փակողներին թւում էր, թէ ընդմիշտ...

‏‏‏***

Հայաստանից մեկնելուց յետոյ, 1972 թուականից սկսած, Յարութիւն Նագուլեանը սկսում է մամուլում հրապարակել իր բանաստեղծութիւնները: Ըստ երեւոյթին, հայաստանեան եօթ տարին երիտասարդ Նագուլեանին ոչ միայն ներարկել էին ազատ ու ըմբոստ մտածողութիւն (հակադարձ վերաբերմունք իրականութեան հանդէպ), այլեւ իր ներաշխարհը լցրել էին ելք փնտրող ու հայցող բանաստեղծական զգացումներով, բանաստեղծութեամբ:

Իր բանաստեղծութիւնները հիմնականում տպագրւում էին «Բագին» ամսագրում, որ այն տարիներին Բէյրութի առաւել յայտնի գրական հանդէսը լինելու յաւակնութիւնն ունէր, եւ «Ազդակ» օրաթերթում:

Արդէն իր առաջին տպագիր բանաստեղծութիւնըՙ «Կապոյտ»ը, վկայում էր, որ Նագուլեանը նախընտրում է ազատ բանաստեղծութիւնը (vers libre), առանց յանգի եւ յանգային կաշկանդումների:

Յարութիւն Նագուլեանի բանաստեղծութիւնները մի անհատի հոգեկան տուայտանքների, ապրումների եւ զգացումների բանաստեղծական պատմութիւնն են, որ իրենց մէջ ներառում են ժամանակն ու առարկայական աշխարհի կեանքը իր իրադարձութիւններով եւ բազմազանութեամբ:

Եթէ իր առաջին տպագիր բանաստեղծութիւններում բանաստեղծը առաւելապէս իրեն է բացում մեր առջեւ, խօսում է խոստովանութեան պէս, ապա հետագայ տարիներին իրական կեանքը, անանձնական ապրումները, անվերջ փոփոխուող աշխարհի բազում իրակութիւնները, թւում էՙ աննկատելիօրէն, թափանցում են իր բանաստեղծութիւնը, այն դարձնելով առաւել դրամատիկ, առաւել տարողունակ, առաւել լեցուն կեանքի թելադրանքով եւ կշռոյթներով: Իր բանաստեղծութեան մէջ մաս ունեն ե՛ւ հայաստանեան կեանքն ու Հայաստանից բաժանումը, ե՛ւ մեր ազգային կեանքի իղձերն ու տագնապները, ե՛ւ լիբանանեան պատերազմը, եւ համաշխարհային արուեստի ու մշակոյթի բազմաթիւ եւ բազմապիսի իրականութիւնները, որոնց գոյութիւնը, որոնց շարժումն ու կերպափոխութիւնների համադրութիւնը ժամանակակից մարդու դիմագիծն են կազմում եւ որոշում են իր ներաշխարհի հարստութեան սահմանները:

Նագուլեանի շատ բանաստեղծութիւններ կարող են թուալ զուտ անձնական. բանաստեղծութիւններ, որոնց քնարական հերոսը խօսում է ես-ի անունից, բայց բանաստեղծի ես-ը, հեղինակին ներկայացնելուց զատ, այն ոսպնեակն է, կախարդական այն պրիսմակը, որի միջով ու միջոցով նա տեսնում է կեանքն ու շրջապատող աշխարհը, բանաստեղծօրէն եւ բանաստեղծութեամբ տարրալուծելով կեանքի բազմաթիւ եղելութիւններ եւ վիճակներ, մէկ անգամ եւս վերապրելով դրանք, այս անգամ արդէն չափածոյ խօսքի մէջ:

Ես-ի մնայուն ներկայութիւնը, պարզելով աշխարհին ու մարդկանց ուղղուած բանաստեղծի հայեացքի ուղղութիւնը, միեւնոյն ժամանակ ե՛ւ հոգեկան շարժում է նշանակում, ե՛ւ կենսական իրողութիւնների յորձանուտին ինքնավստահ դիմակայութիւն, ե՛ւ բանաստեղծութեամբ խօսելու, ասելով եւ արտայայտելով ներքին մտատանջութիւնների պարսերից, ժամանակակից մարդու հոգեկան աշխարհը կեղեքող կասկածներից եւ տարակուսանքներից ազատուելու ձգտում:

Իրական կեանքը այսպէս անցնում է բանաստեղծի միջովՙ վերածուելով արտայայտիչ այլասացութեանՙ բանաստեղծական պատկերի, կշռութաւոր խօսքի, այլաբանութեան ու փոխաբերութեան:

Այսպիսով Նագուլեանի բանաստեղծութեան ազատ հոսքը դառնում է կեանքի ընթացքի ու շարժումի, ժամանակակից անհատի, մանաւանդ որոշակի իրականութեան եւ որոշակի առարկայական հանգամանքների մէջ ապրող հայ անհատի հոգեկան տուրեւառութիւնների չափածոյ արձանագրում:

Գրութեան ժամանակով տասնեակ տարիներով միմեանցից հեռու, միմեանցից զատուած Նագուլեանի բանաստեղծութիւնները ներքին շարունակականութիւն եւ միասնութիւն ունեն եւ մի ամբողջութիւն են կազմում: Ըստ էութեան այն մի ծաւալուն մենախօսութիւն է, սրտաբաց ու անկեղծ զրոյց ընթերցողի հետ, որ ձգւում է տասնամեակների միջով: Քնարական, երբեմն էլՙ ջղաձիգ ու դրամատիկական, երբեմն էլՙ անհաւասար տոնայնութեամբ գրուած իր բանաստեղծութիւնները թւում են մի մեծ պոէմի, բանաստեղծական ընդարձակ խօսքի հատուածներ: Այդ խօսքը անցնում է տասնամեակների միջովՙ դառնալով քնարական հերոսի հոգեկան ապրումների եւ տուայտանքների, կեանքի հանդէպ ունեցած իր վերաբերմունքի բանաստեղծական տարեգրութիւնը: Այդ հերոսը խորունկ ներաշխարհի տէր մարդ է, ունի բնութեան ու կեանքի երեւոյթների նուրբ զգացողութիւն, լեցուն է դարի ու ժամանակի պարտադրած դրամատիզմով, հոգսերով ու տագնապներով:

Ես յատկապէս որեւէ բանաստեղծութիւն չեմ անուանում, չեմ առանձնացնում, բանաստեղծական որեւէ շարք չեմ վկայակոչում, մէջբերումներ չեմ անում, ընթերցողին թողնելով բանաստեղծական խօսքին դէմ-յանդիման, մտածելով, որ բանաստեղծութիւնը կատարելապէս կայանում է միայն ընթերցումի եւ այն էլ ճիշտ ընթերցումի պահին:

Եւ այնուամենայնիւ մի ծաւալուն շարք, որ կարող ենք նաեւ պոէմ համարել, ուզում եմ առանձնացնել: Խօսքս Բէյրութի «Կամար» ամսագրում տպագրուած «Վաթսունականներուն» խորագրով շարքի բանաստեղծութիւնների մասին է:

Այս շարքի բանաստեղծութիւնների մէջ Նագուլեանը իրար է բերում երկու ժամանակՙ վաթսունականները, ի՛ր վաթսունականները եւ մեր ներկան: Երեւանի վաթսունական թուականները «հոգիի նրբանցքներուն մէջ» դեգերող հայ երիտասարդութեան համար ոգու վերելքի ու ընդվզումի ժամանակներ էին, որ լցուած էին մարդուն ազնուացնող եւ բարձրացնող մշակոյթով, գրականութեամբ եւ արուեստով: Եւ, անշուշտ, մարդիկ էինՙ հայ ոգու եւ մշակոյթի հզօր անհատները, որոնք իրականութիւնն ու ժամանակը դարձնում էին լեգենդական.

Լեւոն Ներսիսեանը

տիտանը վաթսունականներուն

Ճօթթօն

Քոչարը

Մինասը

Օննիկ Մինասեանը հոգիով կիլիկեցի

Արմէն Զարեանը

Կոստանի տղան

այն որ գտաւ պրպտեց զննեց

Լէօնարտոյի Արմենիա ձեռագիրը...

Նագուլը արդարօրէն կապ է տեսնում վաթսունականների մեր ոգու վերելքի եւ նոր ժամանակներում արդէն մեր արդար պատերազմի դաշտում հայ երիտասարդների գործած անօրինակ սխրագործութիւններիՙ մեր ժողովրդի հոգեկան նոր մեծ վերելքի միջեւ: Վաթսունականների Երեւանը եւ իրենքՙ վաթսունականների մարդիկ, անկրկնելի էին, ինչպէս որ իրենց ժամանակն էրՙ յախուռն, լեցուն, նկարագրով ու հոգիովՙ գեղեցիկ, մաքուր ու վսեմական: Շարքի բանաստեղծութիւնների այդ հատուածները գրուած են մեծ զգացականութեամբ ու աւաղանքով, այն սիրով ու խանդաղատանքով, որ մարդը ունենում է իր երիտասարդութեան եւ առհասարակ անցեալ ժամանակի հանդէպ:

Բայց եւ շարքի բանաստեղծութիւնների առանձին հատուածներում յայտնւում են այլ նոտաներ, մռայլ գոյներ, շատ բան բանաստեղծը տեսնում է տագնապով ու շփոթ սարսափով: Դժբախտաբար, իրաւացի եւ իրատես է հին երազի բանաստեղծը եւ ձգտում է հասկանալ այն անհասկանալի կերպափոխութիւնները, որ ունեցաւ Հայաստանի ժողովուրդն ու հայաստանեան կեանքը.

Հիմա ազատ է մեր հայրենիքը

իրօք այդպէս է

հիմա թալանուած հողամաս մըն է

մեր հայրենիքը

արդեօք այդպէս էր մեր հին երազը

Միշտ իրաւացի է անգլիացի բանաստեղծը: Իրօք որ

Յղացման

Եւ ստեղծումի միջեւ

Յոյզի

Եւ պատասխանի միջեւ

Ընկնում է Ստուերը...

Ահա այդ Ստուերն է, որ աղարտում է մի ամբողջ սերունդիՙ վաթսունականների հին երազը: Վաթսունականների գոյութիւնն ու ներկայութիւնը հայ կեանքում սխրանք էր, հոգեկան մեծ վերելք արձանագրող սխրանք: Այդ մասին, կարծում եմ, դեռ գրքեր են գրուելու:

Եւ շատ է գրուելու:

Նագուլեանի առաջին տպագիր բանաստեղծութիւններից մէկը սկսւում էր այսպէս.

Զանգերուն ձայնը աստղերէն կու գայ

ու կարձագանգէ

ներաշխարհիս մէջ...

«Վաթսունականներուն» շարքի մի բանաստեղծութիւնը սկսւում է գրեթէ նոյն պատկերովՙ

զանգակներ կան հիմա

ներաշխարհիս մէջ

Կեանքի եւ իրականութեան դրամատիկական ճշմարտութիւնը տեղ չի թողնում նուրբ զգացականութեան համար: Ճշմարտութիւնը դառնում է աւելի զօրաւոր, քան բանաստեղծութիւնը: Հոգեկան տագնապ արթնացնող զանգերը հանգիստ չեն տալիս բանաստեղծին: «Հոգիի նրբանցքներ»իՙ ներաշխարհի բանաստեղծը, թւում է, վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր: Իր այս շարքի բանաստեղծութիւններում Նագուլը ոգեկոչում-վերակենդանացնում է վաթսունականների անցեալ դարձած ժամանակը, սիրով ու թախիծով մի անգամ էլ ապրելով այդ ժամանակը բանաստեղծութեան մէջ: Թւում էՙ հրաշք է կատարւում, պատմութեան անիւը ետ է շպրտւում, եւ ողջ են ու իր հետ խօսում-զրուցում են վաթսունականների յայտնի դէմքերըՙ Կոստան Զարեանն ու Երուանդ Քոչարը, Լեւոն Ներսիսեանն ու Մինասը, Հովհաննէս Մինասեանն ու Ալբերտ Կոստանեանը, միւսները, բոլորը: Եւ իր այս բանաստեղծութեամբ Նագուլը վերջնական հրաժեշտ է տալիս իր վաթսունականներին եւ ամէն ինչ յանձնում է անվերադարձ անցեալին: Շրջանը փակւում է, բանաստեղծութիւնը ամէն բան հասցնում է իր լրումին: Ուստի եւ բանաստեղծութիւնների այս շարքը արդարօրէն կարող էր կոչուել «Գովք եւ հրաժեշտ վաթսունականներին»:

Իր երիտասարդական տարիների մեղքերից մէկն էլ «Անմարմինները» խորագրով պիեսն է, որ հրատարակուել է 1974-ին: Բայց իր գրական գործի առաւել ուշագրաւ մասն են կազմում իր արուեստաբանական յօդուածներն ու էսսէներըՙ Փարաջանով-Փարաջանեանին նուիրուած յօդուածները, «Ռուտոլֆ Խաչատրեան», «Հենրի Մուր եւ Հայաստանի քանդակագործները», «Յարութիւն Կալենց եւ Հայաստանի նկարչութիւնը», «Երուանդ Քոչար եւ հայկական հարցեր»: Ուշագրաւ է, որ առանձին անհատների անուան եւ ստեղծագործութեան շուրջ գրուած այս յօդուածներն ու էսսէները առաւել մեծ ընդգրկում ունեն, քան կարող է թուալ առաջին հայեացքից: Հայաստանի արուեստին քաջատեղեակ հեղինակը հարցերն ու խնդիրները տեսնում է խորութեամբ եւ խնդրական ձեւով, ստեղծագործական անկասելի ընթացքի ներքին տրամաբանութեամբ: Այն, ինչ ասում էր արուեստաբանը, ժամանակ անց դառնալու էր անառարկելի իրականութիւն: Պարզապէս արուեստաբանը աւելի ճիշտ էր տեսնում երեւոյթները եւ, կարելի է ասել, ժամանակից առաջ էր ընկնում:

Իր այդ յօդուածներն ու էսսէները այսօր էլ չեն կորցրել իրենց արժէքն ու նշանակութիւնը:

***

Վերջին երկու տասնամեակում դոկտ. Յարութիւն Նագուլեանը առաւելապէս տրուած է նկարչութեանը: Թւում էՙ նա վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր, վերադառնում է արուեստի ամենաազատ, խօսքային կաշկանդումներից զերծ եւ թարգմանական դժուարութիւններից ազատ արուեստի ոլորտը: Արուեստագէտի հոգեկան ազատութիւնը ոչ մի ոլորտում թերեւս այդքան հնարաւոր եւ այդքան կատարեալ չէ, որքան նկարչութեան մէջ: Վերջապէս, նկարչութիւնը գայթակղիչ հնարաւորութիւն է տալիս շրջապատող աշխարհը իր նկարչութեամբ եւ իր նկարչութեան մէջ վերափոխելու ըստ իր հոգեկան կառուցուածքի, գունագեղ աշխարհը վերստեղծելու ըստ պատկերի իւրում:

Ինչո՞ւ եղաւ այս «վերադարձը», ինչո՞ւ Նագուլեանը հիմնովին վերադարձաւ նկարչութեանըՙ իր կտաւների հրապարակաւ ցուցադրութիւններն անելով եւ ցուցահանդէսներ կազմակերպելով: Թերեւս կարելի է կռահել: Հաւանաբար, այն պատճառով, որ նկարչութիւնը վերացարկման աւելի մաքուր ու բարձր ձեւ է, քան գրականութիւնը: Գոյնը չունի այն նիւթական-առարկայական բովանդակութիւնն ու պատմողական իւրայատկութիւնը, որ ունի բառը, խօսքը: Այս իմաստով, նկարչութիւնը առաւել կատարեալ ազատութիւնն է, քան իրական եւ նիւթական աշխարհի յարաբերութիւններով կաշկանդուած գրականութիւնը:

Եւ այնուամենայնիւ, սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ իր նկարչութիւնը իր բանաստեղծութեան շարունակութիւնն է: Հետաքրքրական է, որ տասնեակ տարիներ արդի հայ նկարչութեան մէջ ապրած տաղանդաւոր նկարիչների արուեստանոցներում իր կեանքը անցրած, նրանց հետ առօրեայ բարեկամութեամբ կապուած Յարութիւն Նագուլեանի նկարչութիւնը նման չէ նրանցից որեւէ մէկի արածին: Իր նկարչութիւնը հասուն, աւարտուած, ինքնավստահ ու կայացած նկարչութիւն է: Կտաւի մշակուած եւ հարուստ մակատեսքը, գունային հետաքրքրական յարաբերութիւնների ստեղծումը, նկարչութեան մէջ առարկայական-պատմողական տարրերից զերծ մնալը եւ զուտ գոյնով մտածելը, գոյնը իբրեւ նկարչութեան ինքնակայ միաւոր եւ ձեւածաւալ ընկալելը կայացած նկարչութեան բնորոշ գծեր ու յատկութիւններ են: Նագուլեանի կտաւների գունային հարուստ մակերեսներն ու ազատ յօրինուածքների արքիտեկտոնիկան կատարեալ դաշնութիւն են ներկայացնում, ինչը տրուած չէ ամէն մի արուեստագէտի:

Տաղանդաւոր անձը տաղանդաւոր է ամէն ինչումՙ թէ՛ բանաստեղծութեան մէջ, թէ՛ նկարչութեան մէջ, թէ՛ առօրեայ կեանքում եւ թէ՛ բանաւոր խօսքում: Նագուլեանը տաղանդաւոր է նաեւ կեանքի երեւոյթների եւ շրջապատի հանդէպ ունեցած վերաբերմունքի մէջ: Ուրախ հումորով եւ սրամտութեամբ փայլող մարդը ունի երեւոյթների եւ առարկաների ընկալման ու գնահատութեան իր կերպը, որ պայմանաւորուած է նուրբ, երբեմն նոյնիսկ անորսալի հեգնանքով եւ բարակ քմծիծաղով, որ նախ ուղղուած է իրեն եւ յետոյ մնացածներին, մեզ բոլորիս: Սրամիտ լինում են սուր միտք, նուրբ դիտողականութիւն եւ թափանցող, վերլուծական միտք ունեցող մարդիկ: Իր հին ըմբոստութիւնը, կեանքի ու երեւոյթների հանդէպ բաց ու անկաշառ հայեացքը, ընկալումի եւ մտածողութեան ազատութիւնը այսօր էլ նոյնութեամբ տեւում եւ շարունակւում են իր մէջ: Տաղանդաւոր մարդը միշտ էլ կարողանում է իր կեանքն ու առօրեան դարձնել իմաստաւոր ու բովանդակալից եւ ապրել այդ կեանքը արուեստով ու մշակոյթով ապրող մարդու հոգեկան գեղեցկութեամբՙ թեթեւ, լուսաւոր եւ արտիստական:

Դոկտոր Յարութիւն Նագուլեանը, աւագ ընկերս ու բարեկամս, ճիշտ այդպիսի անձնաւորութիւն է: Այդ է վկայում նախ եւ առաջ տպագրութեան պատրաստ իր հրաշալի ժողովածուն:

Ես նոյնպէս վկայ եմ եւ հաստատում եմ:

Խմբ. կողմից. - Այս եւ նախորդ էջերում հրապարակվող հոդվածը առաջաբանն է շուտով լույս տեսնող Հարություն Նագուլյանի բանաստեղծությունների եւ արվեստաբանական հոդվածների «Եսՙ վաթսունականս» ժողովածուի, որի կազմողը եւ խմբագիրը Երվանդ Տեր-Խաչատրյանն է:

Նկար 1. Յարութիւն Նագուլեանը 1970-ական թուականներին:

Նկար 2. Ձախից աջՙ բանաստեղծ Գէորգ Կարապետեան, երգահան Տիգրան Մանսուրեան եւ Յարութիւն Նագուլեան:

Նկար 3. Ձախից աջՙ նկարիչներ Սամուէլ Պետրոսեան, Ռուբէն Յովնաթանեան եւ Յարութիւն Նագուլեան:

Նկար 4. Ձախից աջՙ ճարտարապետ Սպարտակ Կնտեղցեան, Յարութիւն Նագուլեան, նկարիչներ Մինաս Աւետիսյան, Ռուբէն Ադալեան, Եդուարդ Խարազեան:

Նկար 5. Ձախից աջՙ գրող Գրիգոր Ջանիկեան, արուեստաբան Պօղոս Հայթայեան, Յարութիւն Նագուլեան եւ նկարիչ Վարոս Շահմուրադեան:

Նկար 6. Ձախից աջՙ նկարիչներ Ռոբերտ Էլիբեկեանը, Լավինիա Բաժբէուկ-Մելիքեանը, իր ամուսինըՙ Ալեքսանդր Սուխանովը եւ Յարութիւն Նագուլեանը Լավինիայի տանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4