ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2012-01-21 | #2, 2012-02-04 | #3, 2012-02-18


ԷՆԴԻ ՈՒՈՐՀՈԼ.

փոփ-արտի արքան

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ

Նա իսկական հայտնություն էր նոր ժամանակների արվեստի համար: Հենց այն շրջադարձային փուլում, երբ ձեւավորվում էին 20-րդ դարի մարդու կենսառիթմն ու աշխարհայացքը, հայտնվեց Ուորհոլը եւ դասական արվեստի արժեքներից օտարացած նոր հասարակությանը մատուցեց բոլորովին այլ արվեստ` թարմ, ինքնատիպ ու յուրաքանչյուրին հոգեհարազատ: Նա հավասարաչափ հետաքրքրական էր թե՛ իրեն մեծարողների եւ թե՛ քննադատողների համար: Այսօր էլ, մահվանից շուրջ 25 տարի անց, նա արդիական է, ինչի ապացույցը նրա գեղանկարչական աշխատանքների ռեկորդային գներն են ամենահեղինակավոր աճուրդներում...

Մեծ արվեստագետների կյանքը միշտ էլ ուղեկցվում է մեծ տառապանքներով, փորձություններով ու արկածներով: 20-րդ դարի արվեստագետ Ուորհոլն էլ բացառություն չէր: Նա ծնվել է Մ. Նահանգներում բնակություն հաստատած սլովակ էմիգրանտների բազմազավակ ընտանիքում: 13 տարեկանում Էնդի Ուորհոլը` Անդրեյ Վարհոլան, զրկվում է հորից, իսկ մանկության հիմնական մասն անցկացնում է անկողնուն գամված, ինչի պատճառն իրար հաջորդած մի քանի ծանր հիվանդություններն էին: Հասակակիցները նրան չէին ընդունում, եւ նա, մենակության դատապարտված, ազատ ժամանակն անցկացնում էր նկարչությամբ զբաղվելով ու կոլաժներ պատրաստելով: Հենց այս հոբբին էլ դարձավ նրա մասնագիտությունը, թեպետ Ուորհոլն օժտված էր բազմաթիվ այլ շնորհներով. նա գրող էր, կինոռեժիսոր, դիզայներ, ինչպես նաեւ պրոդյուսեր, կոլեկցիոներ, հրատարակիչ: 1949-ին նա ավարտում է Կարնեգիի անվան տեխնոլոգիական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը եւ տեղափոխվում Նյու Յորք: Մեծ քաղաքն անմիջապես դռներն է բացում հիվանդոտ, հոմոսեքսուալիստ, իրեն ձախողակ մարդ եւ աուտսայդեր համարող նորեկի առաջ:

«Երբ դադարում ես որեւէ բան ցանկանալ, ցանկությանդ առարկան ինքն է ընկնում քո ձեռքը: Իմ անձնական փորձն ապացուցում է, որ սա բացարձակ աքսիոմ է»,- մի առիթով ասել է նկարիչը: Այսպիսով, Ուորհոլը սկսում է համագործակցել Vogue, Harper՛s Bazaar եւ այլ հանրաճանաչ ամսագրերի հետ, նրա նկարազարդումներն անմիջապես ուշադրություն են գրավում: Սակայն իսկական ճանաչումն ու գնահատանքը նրան «այցելում» է 1960-ականների սկզբին, երբ ստեղծում է «Կոկա-կոլայի կանաչ շշերը» կտավը: Կոկա-կոլային հաջորդում են Մերիլին Մոնրոն, Էլիզաբեթ Թեյլորը, Ջիմ Մորիսոնը, Էլվիս Փրեսլին եւ այլք: Ուորհոլի կտավներն ու լուսանկարներն անմահացնում են ոչ միայն աստղերին, այլեւ հենց իրեն. նրա ստեղծագործությունների պահանջարկն ահռելիորեն մեծանում է: Հռչակն անբաժան է վտանգից. 1968-ին Ուորհոլի դեմ մահափորձ է կատարում ֆեմինիստուհի Վալերի Սոլանասը: Ուորհոլը հրաշքով փրկվում է մահից, իսկ ֆեմինիստուհին հայտնվում է հոգեբուժարանում: Այս միջադեպը կրոնական ջերմեռանդություն է արթնացնում Ուորհոլի սրտում. նա սկսում է հաճախել եկեղեցի, ստեղծել կտավներ բռնի մահվան թեմաներով: 1987-ին Ուորհոլը ոչ բարդ վիրահատության է ենթարկվում մանհեթենյան հիվանդանոցներից մեկում, սակայն, անհասկանալի պատճառներով, քնի մեջ հանկարծամահ է լինում` 60 տարին չբոլորած:

Այն, ինչ իր գործունեության ընթացքում արեց Ուորհոլը, իսկական հեղափոխություն էր արվեստում: Նա իր կտավների միջոցով հռչակեց գաղափարախոսական մի քանի կարեւոր սկզբունք. արվեստը, չդադարելով մնալ արվեստ, կարող է միաժամանակ մատչելի լինել լայն զանգվածներին` իր թեմատիկայով ու արդիականությամբ, արվեստը հասարակության նեղ շրջանակի առանձնաշնորհը չէ, փոփ-արտը մարդու կամ սպառողի համար կարող է գեղեցիկ դարձնել նույնիսկ ամենասովորական իրը, արվեստը պիտի քայլի ժամանակին համընթաց: Անշուշտ, այս սկզբունքները չեն նշանակում, թե Ուորհոլը միայն վարդագույն երանգներով էր տեսնում իրեն շրջապատող իրականությունը. Ուորհոլի կերպարները, նույնիսկ նրա պատկերած առարկաները, ժամանակակից իրականության մասը լինելով հանդերձ` միաժամանակ ասես կտրված են այդ իրականությունից: Աբսուրդի զգացողությունը «հորդում» է նրա կտավներից, ինչն էլ դրանք դարձնում է ժամանակից դուրս եւ ժամանակի մեջ: Թերեւս, հենց այս առանձնահատկությամբ է պայմանավորված նրա կտավների աննվազ պահանջարկը:

2010-ին Sothebys աճուրդում 25 մլն դոլար մեկնարկային գնով վաճառքի է դրվում նրա «Մեծ կոկա-կոլայի շիշը» նկարը, որը ստեղծվել է 1962-ին: «Մեծ կոկա-կոլան» վերջին անգամ, նույնպես աճուրդում, ներկայացվել էր շուրջ 30 տարի առաջ: Այս տարվա գարնանը Christies աճուրդում վաճառքի են դրվում Ուորհոլի` 1979-ին ստեղծած 6 նկարները, որոնցում պատկերված են խաղողի տարբեր տեսակներ, այդ թվում` «Շարդոնեն» ու «Մերլոն»: Դրանց վաճառքից ստացված ընդհանուր հասույթը կազմում է 104,5 հզ դոլար: 2007-ին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռեւս չէր հասցրել վնասել արվեստասեր գնորդի գրպանին, Ուորհոլի «Կանաչ ավտովթար» կտավը Christies աճուրդում վաճառվում է 71,7 մլն դոլարով: Նկարը ստեղծվել է 1963-ին: Նույն տարի ստեղծված մեկ այլ կտավ` Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը, Christies-ում հասնում է 8 մլն եվրոյի սահմանագծին: Ուորհոլի ստեղծած` հոլիվուդյան կինոաստղերի դիմանկարների շարքը ներառում է 13 կտավ: Դրանցից մեկն էլ գտնվում էր կինոդերասան Հյու Գրանտի անձնական հավաքածուում եւ աճուրդում վաճառվեց 12 մլն եվրոյով: Էլիզաբեթ Թեյլորին Ուորհոլը նկարել է ոչ մեկ անգամ: «Լիզ թիվ 5» նկարը Phillips de Pury աճուրդում վաճառվել է 25 մլն դոլարով, իսկ «Երրորդ աչքը» նկարը` 7 մլն դոլարով: Նույն աճուրդում 8,2 մլն դոլարով վաճառվում է նաեւ նրա «Գույներ» կտավը: Այս տարի Sothebys-ում 20,2 մլն դոլարով վաճառվել է նկարչի «Տասնվեց Ջեքի» կտավը, որում պատկերված է Ժաքլին Քենեդին: 38,4 մլն դոլար ռեկորդային գնով էլ Christies-ում վաճառվում է Ուորհոլի ինքնանկարը:

Փորձագետների գնահատմամբ` շահութաբերության տեսանկյունից քիչ նկարիչներ կարող են մրցակցել Ուորհոլի հետ. նա աճուրդների գրեթե մշտական ռեկորդակիրն է: Նրա կտավների պարագայում մեկնարկային գինը սովորաբար եռապատկվում ու քառապատկվում է: Ամենավառ օրինակը, թերեւս, «8 Էլվիս» կտավն է` Էլվիս Փրեսլիի դիմանկարը, որը վաճառվել է ավելի քան 100 մլն դոլարով: Այսքանից հետո պատահական չէ, որ Ուորհոլը հետաքրքրում է նաեւ կողոպտիչներին: 2009-ին նրանք ներխուժում են լոսանջելեսյան մեծահարուստ եւ կոլեկցիոներ Ռիչարդ Վեյսմանի առանձնատուն եւ գողանում Ուորհոլի 10 կտավ:

Ո՞րն է, ի վերջո, Ուորհոլի արվեստի գրավչության գաղտնիքը: Նրան քննադատողները լուրջ չեն ընկալում առհասարակ փոփ-արտ ասվածը` համարելով այն պարզունակ ու բովանդակազուրկ: Նրանք հայտարարում են, թե կոկա-կոլայի շիշը չի կարող դառնալ կտավի թեմա, առավել եւս` արվեստի բարձրարժեք գործ: Մինչդեռ նրանք, ովքեր ընդունում են Ուորհոլի արվեստը, հակադարձում են, թե այդ նույն կոկա-կոլայի շիշն աշխարհին ներկայացավ այլ լույսով` դառնալով արվեստում բոլորովին նոր մի ուղղության խորհրդանիշը, արտացոլելով ժամանակի շունչը: Իսկ դա Ուորհոլի շնորհիվ էր:

Պետք չէ վախենալ նորից ու անսովորից, չէ՞ որ արվեստը երբեք չի կանգնում նույն կետում, այլ սրընթաց շարժվում է առաջ` քանդելով կաղապարները: Սա է Ուորհոլի ստեղծած նոր արվեստի հիմնարար սկզբունքը: «Երբեմն մեզ ինչ-որ բան գեղեցիկ է թվում լոկ այն պատճառով, որ տարբերվում է շրջակա մյուս առարկաներից»,- ասել է Էնդի Ուորհոլը:

Նկար 1. Էնդի Ուորհոլ

Նկար 6. Այս տանն է անցել Ուորհոլի մանկությունը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4