...Սկսենք նրանից, որ Դիքենսը 200 տարեկան է...
Չարլզ Դիքենսըՙ վիկտորյան շրջանի խոշորագույն անգլիացի դասականը ինչպես իր կյանքի տարիներին, հետագայում նույնպես եւ այսօր էլ շարունակում է մնալ ամենասիրված եւ ընթերցվող հեղինակներից: Նրա գրականությունը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն առաջին թարգմանությունը 1882-ին է արվել: Հետագայում լույս են տեսել գրողի մի շարք ստեղծագործություններՙ «Սուրբ ծննդյան պատմություն», 1891, «Ժլատ Սկրուջը», 1897, «Պիկվիկյան ակումբի ետմահվան հուշերը», 1948, «Դավիթ Կոպպերֆիլդ», 1957-58, «Դոմբի եւ որդի», 1957, «Օլիվեր Թվիստի արկածները», 1958, «Սուրբ ծննդյան երգը», առաջինըՙ 1959 թ., Բեյրութում, վերջինըՙ 2003 թ., Երեւանում, զուգընթերՙ հայերեն եւ անգլերեն:
Միայն հիշատակելը, որ նրա «Երկու քաղաքի պատմությունը» վեպը, որ համարվում է գեղարվեստական գրականության ամենահայտնի գործերից մեկը, վաճառվել է 200 մլն օրինակով, արդեն խոսուն փաստ է:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Դիքենսի տուն-թանգարանը միակն է Լոնդոնում պահպանված այն տներից, որտեղ ապրել է գրողը. ընդամենը 2 տարի եւ նա հասցրել է գրել իր նշանավոր գործերից «Օլիվեր Թվիստը», «Պիկվիկյան ակումբի ետմահվան հուշերը», «Նիկոլաս Նիկլբիի արկածները»: Այստեղ են պահպանվում գրողի ձեռագրերի հիմնական հավաքածուն, իր անձնական իրերը, կահույքը:
Ծննդավայրի Պորթսմուտի իր տունը նույնպես վերածվել է թանգարանի: Մեկ ուրիշը, որ Քենտում է գտնվում, պատկանել է մի կնոջ, որը հետագայում նախատիպ է ծառայել «Դեյվիդ Կոպպերֆիլդ» վեպի գլխավորը հերոսուհուՙ Բեթսի Տրոթֆուդի կերպարի:
Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտ» թանգարանում են պահպանվում նրա մի շարք վեպերի ձեռագրեր, գրքերի առաջին հրատարակության նմուշներ, իլյուստրացիաներ, առնվազն մեկ ձեռագիր ներկայացված է լինում թանգարանի մշտական ցուցադրության մեջ:
Ռոչեստրում (Eastgate house) էր գտնվում «Չարլզ Դիքենս» կենտրոնը, որ փակվեց 2004-ին:
Դիքենսը երկու անգամ այցելել է Մ. Նահանգներ եւ այդ տպավորություններով գրել «Ամերիկյան նոթեր»-ը եւ «Մարտին Չեզըլվիթ»-ը: Նրան նվիրված գրական չորս փառատոներ են այսօր գործում Մ. Նահանգներումՙ Ռիվերսայդի Դիքենսի փառատոն (Կալիֆոռնիա), Դիքենսի մեծ ծննդյան տոնավաճառ (Սան Ֆրանցիսկո), «Դիքենսը Սթրանդում» (Տեխաս), եւս մեկըՙ Նյու Յորքում:
Դիքենսի վեպերը մշտապես եղել են կինեմատոգրաֆիստների ուշադրության կենտրոնում: Դժվար թե գտնվի մեկ այլ գրող, որի գրքերը այսչափ էկրանավորում ունեցած լինեն. շուրջ 300 ֆիլմ է ստեղծվել նրա գրականության հենքով, երկուսըՙ կինոարվեստի արշալույսին, 1901 թվականինՙ երկու կարճամետրաժ ֆիլմՙ «Սկրուջ կամ Մարլիի ուրվականը» եւ «Միստր Պիկվիկի Սուրբ Ծնունդը Ուորդլում»:
1968-ին «Օլիվեր» մյուզիքլի հիման վրա նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը արժանացել է 5 օսկարի, այդ թվումՙ «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում: Միայն «Դեյվիդ Կոպպերֆիլդը» ունեցել է շուրջ 20 էկրանավորումՙ հիմնականում հեռուստատեսային: 2005-ին հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին նկարահանեց «Օլիվեր Թվիստ» ֆիլմը, ըստ համանուն վեպի: 2007 թ. ֆրանսիացի ռեժիսոր Լորեն Ժաուին էկրանավորեց «Դոմբի եւ որդի» վեպը: 2009-ին կինոհանդիսատեսին անակնկալ նվեր էր Ռոբերտ Զեմեկիսի նկարահանած «Սուրբ Ծննդյան երգը» 3D motion-capture ֆիլմը (գլխավոր հնչյունավորողՙ Ջիմ Քերրի):
Գրողի 200-ամյակի առիթով Լոնդոնում անցկացվեց վերջին 40 տարիներին բրիտանական ամենախոշոր ցուցահանդեսըՙ Դիքենսին նվիրված: Թողարկվելու է նաեւ 2 ֆունտ սթեռլինգանոց հուշադրամ գրողի դիմանկարով, նրա երեք ամենահայտնի գործերի խորագրերով («Օլիվեր Թվիստ», «Դեյվիդ Կոպպերֆիլդ», «Մեծ հույսեր»):
Դիքենսի գրականությունը XIX դարի անգլիական հասարակության տարաշերտ միջավայրի գեղարվեստական ռեալ արտացոլումն էՙ մարդկային կյանքի, հարաբերությունների, բնավորությունների ու հոգեբանության արտահայտման գրողական մեծ տաղանդով վերստեղծված: Հեղինակի կենսափորձի եւ ինքնակենսագրական տարրերի ներկայությունը այդ գրականության մեջ կյանքը դարձնում է ավելի քան բնական. կերպարաստեղծման մեծ վարպետն իր հերոսներին օժտում է կենդանի անմիջականության այնպիսի հատկություններով, որ նրանց կողքիդ զգալու տպավորությունն ես ունենում: Թերեւս դա գրողի ստեղծագործական մթնոլորտից փոխանցվող զգացողություն է: Դիքենսն ասում էր, որ յուրաքանչյուր բառ մինչեւ թղթին կհանձնվեր, նախապես իրեն հստակ լսելի էր դառնում, ինչ վերաբերում է գրական պերսոնաժներին, նրանքՙ այդ հերոսներն իրեն ուղղակի հետեւել են, մշտապես եղել կողքին: «Հնությունների կրպակ» գործի վրա աշխատելիս նա չի կարողացել ոչ հանգիստ ուտել, ոչ քնել. փոքրիկ Նելլը (հերոսուհին) անդադար պտտվել է շուրջը. ուշադրություն, կարեկցանք պահանջել, նույնիսկ խանդել, երբ հեղինակը նրանից կտրվել, որեւէ մեկի հետ է փորձել զրուցել: Դիքենսը պատմել է, որ միսիս Գամփը («Մարտին Չեզըլվիթ») այնպես էր ձանձրացրել իր կատակներով, որ նրանից ստիպված է եղել ազատվել ուժով: Մի քանի անգամ նրան զգուշացրել է, որ եթե իրեն վայելուչ չպահի եւ չհայտնվի այդպես անդադար, այլ միայն երբ իրեն կանչում են, ապա նրան այլեւս ոչ մի տողի չի արժանացնի իր գրքում:
Դիքենսը սիրում էր թափառել բազմամարդ փողոցներում: Իր նամակներից մեկում նա գրել է. «Ցերեկները դեռ կարելի է մի կերպ առանց մարդկանց մնալ: Սակայն երեկոները պարզապես ի վիճակի չեմ ազատվել տեսիլքներիցս, մինչեւ ամբոխի մեջ չկորչեմ-չանհետանամ»:
Դիքենսի վիպական կերպարների ուժը եւ հմայքը իրենից բնականության, սոցիալական միջավայրի զարմանալի կենսականության մեջ է, որը նրա ստեղծագործական մեթոդի արտահայտությունն է, գրական հավատամքը: Դա է հաստատում «Թայմզի» մահախոսականում մեջբերված գրողի վերջին բառերը. «Եղե՛ք բնական, զավակներս: Եթե գրողը բնական է, կարող է լիուլի իրացնել արվեստի բոլոր կանոնները»:
Ինչպես ժամանակակիցներն են նկարագրում, Դիքենսը եղել է միջահասակ, հասարակության մեջ հայտնվել է թավշե անսովոր բաճկոններով, էքստրավագանտ գլխարկներով. շագանակագույն մազերին այդ ժամանակվա համար անսովոր սպիտակ գույնի գլխարկ է կրել: Բոհեմիկ նկարագիր ու արտիստիկ կեցվածք է ունեցել, ընթերցանության փայլուն տաղանդ: Եվ բավականին վաստակել է դասախոսություններով, իր վեպերի սեփական ընթերցումներով, որ շատ լավ ընդունվել է անգլիական հասարակության կողմից:
Չարլզ Դիքենսը ստեղծել է մեծ գրականություն: Նա խորապես ճանաչել է այն կյանքը, որի մասին գրել է: Այդ կյանքի դառնություններն ու թշվառությունը ճաշակել է վաղ տարիներից: 12 տարեկանից աշխատել է ֆաբրիկայում, ապա իրավաբանական մի գրասենյակում գրագրություն, արձանագրություններ է արել: Անգլիական հանրային կյանք նրա անունը մուտք է գործել, երբ աշխատել սկսել է թերթումՙ լրահաղորդ: Առաջին գիրքըՙ «Պիկվիկյան ակումբի ետմահվան հուշերը» (1837) նրան մեծ հաջողություն է բերում: Ինչպես այս, այնպես էլ հետագա բոլոր վեպերը նախապես լույս էին տեսնում լրագրային տարբերակով, որն ավելի լայն հանրային սպառում ուներ եւ ճանաչում: Նրա հաջորդ գործըՙ «Օլիվեր Թվիստը» լոնդոնյան ետնախորշերի անմարդակային պայմանների, որբ երեխաների շահագործման, նրանց անպաշտպան վիճակների, իրականության դաժան ու տխուր, ցավալի պատկերավորում է, որտեղ ստեղծված է XIX դարի անգլիական հասարակության սոցիալական լայն համայնապատկեր: Կերպարների առատությամբ հավասարը չունեցող «Դոմբի եւ որդի» վեպը կյանքի ամենատարբեր իրավիճակների մեծածավալ գրական կտավ է, իսկ ինքնակենսագրական տարրերի վրա ստեղծված «Դեյվիդ Կոպպերֆիլդ»-ումՙ քայքայվող հին կարգերի, հին մտայնության եւ նոր ձեւավորվող մարդկային հարաբերությունների խորքում, անհոգի, անտարբեր աշխարհումՙ մարդու սոցիալական եւ հոգեբանական դրաման է:
Դիքենսի հայտնի եւ շատ սիրված գործերից մեկըՙ «Սուրբ ծննդյան երգը» մարդկային բնավորության զարմանալի խտացում է, որտեղ խղճահարությունն ու ցավը, կարեկցանքն ու ատելությունն անքակտելի են, միախառնված, որտեղ կյանքն ու մահն այնքան միահյուսված են եւ այս ամենին ուղեկցող դիքենսյան հումորն ու իրոնիան, եւ որտեղ գրողական նրա հայացքը հանճարեղորեն գտնում է մարդկային ներաշխարհն ու հոգին (ժլատ ունեւոր Սկրուջին) վերափոխելու ամենահզոր միջոցը:
Կյանքի վերջին տասը տարիներին գրողը ստեղծեց եւս մի շարք ուշագրավ գործեր. «Երկու քաղաքի պատմություն», «Մեծ սպասումներ», «Մեր ընդհանուր բարեկամը» եւ «Էդվին Դրուդի գաղտնիքը» (1870) վեպերը. վերջինը անավարտ մնաց:
Չարլզ Դիքենսը մահացավ 58 տարեկանում, ինսուլտից, 1870-ին, Գեյթսհիլում: Ինչպես ժամանակակիցներն են գրում, նրա համբավը մահից հետո ավելի է տարածվում. նա համարվում էր անգլիական գրականության արքան, նրա անունը դրվում էր մեծն Շեքսպիրի կողքին, 1880-90-ականներին Անգլիայում նրա հանրաճանաչությունը ստվերում էր անգամ Բայրոնի փառքը:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Նկար 2. Դիքենսի տուն-թանգարանը Քենտում