ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-02-04 | #3, 2012-02-18 | #4, 2012-03-03


ՆԱ` ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

ԼԱՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մարդիկ կան, տաղանդավո՛ր մարդիկ, որոնք կյանքում բնավ չեն փորձել զարմացնել մեզ իրենց արտակարգ ընդունակություններով: Բացառիկության ախտից հեռուՙ նրանք բացառիկ դեր են ստանձնել, ավելի ճիշտՙ նրանց ի վերուստ է տրվել այդ դերը կամ առաքելությունըՙ ուրիշներին գնահատելու, արժեւորելու, ներկայացնելու, ասպարեզ տալու: Լուսավորիչներ կկոչենք նրանց, նախակարապետներ, թե այլ բանՙ կարեւոր չէ: Կարեւորը նրանց գործունեությունն է, առաքելության կատարումը, որը, դժբախտաբար ու սովորաբար, երբեք չի հանգում ավարտի, քանի այդ առաքելությունը ընդհանրապես չունի ավարտ:

Այդպիսի մի տաղանդավոր մարդու հիշատակին ու գործունեությանը նվիրված հետագա տողերը հաստատումն են այն բանի, որ Արմեն Հովհաննիսյանի նման մարդկանց առաքելությունը շարունակվում է...

ԽՄԲ.


Նրան գիտեին շատերը, առնվազն հայ բոլոր մտավորականները: Ինչ գործ էլ որ արել է, արել է բացառիկ արտահայտչականությամբ` հաղորդելով մեզ խոհ ու ապրում, տալով հաղորդակցության երջանիկ ժամեր ու կենսագործունեության լիցք, արել է գեղագիտորեն` որպես գիտակ, գեղարվեստական նախանձելի մակարդակով:

Նա լրագրող էր, ժուռնալիստ` թե՛ ռադիո, թե՛ հեռուստատեսային, թե՛ եթերի, թե՛ տպագիր մամուլի: Նա բացառիկ ուժի մասնագետ էր, Վարպետ, Ստեղծող, Վերլուծաբան, Արտիստ:

«Լճացում» կոչվող ժամանակներում նա մեզ պարզել է ինքնատիպ, գեղեցիկ ու լիարժեք աշխարհներ, այդ տրաֆարետային-դոգմատիկ մթնոլորտում հնչեցրել է մարդկային, արժանապատիվ ձայնը, ճանաչեցրել Ազնավուրին, Բրելին, Պիաֆին, Մուսկուրիին, Բեկոյին, Ադամոյին, Լամանչեցի Տխրակերպ Ասպետին:

Նա մեզ գամել է հեռուստացույցի գորշ էկրանի դիմաց, ստեղծել հանրամատչելի երաժշտության հաղորդաշար` «22.30», ստեղծելով համախոհների մթնոլորտ, միջավայր: Այդ հաղորդումը դաստիարակում էր ճաշակ, չափավորում ծայրահեղական, մոլեռանդ պատճենողներին եւ ճանաչեցնում սեփական ճանապարհն անցած ու անցնող օտար արվեստագետների: Հագեցնում էր պատանեկան (եւ ոչ միայն) հոգու ծարավը` լինել սեփական ուղու հարթողը, սեփական ձեւի ու բովանդակության գտնողը: Օգնում էր պարզել մարդկային սեփական ստեղծագործական եռանդի ու սեփական ազգային ապրումի արտահայտման ձեւերը:

Այդ ժամանակների թե՛ դասական, թե՛ էստրադային, թե՛ ազգային երաժշտության աշխարհում նրա քարոզչական գործունեությունը բացառիկ էր. անճանաչելի, չճանաչած երաժշտա-երգարվեստը հանրամատչելի դարձնելու, երաժշտասեր խավերին` հանրությանը երաժշտորեն մերելու առումով:

Հիմքում ճաշակն էր: Լսեք կամ վերալսեք Պուշկինի «Քարե հյուրը» դրամայի ռադիոբեմադրությունը: Եվ զարմացեք ու հիացեք անթերի բեմականացմամբ` նաեւ երաժշտական ձեւավորմամբ: Նույնը նաեւ` այլ դեպքերում:

Սովորական, արդեն կաղապար ու դոգմա դարձած թեման նա կարող էր դարձնել ասելիք` Տոն: Հիշում եմ նրա հեղինակած-ստեղծած Ամանորյա հանդեսը` այն հրաշալի շնորհավորանքը, որտեղ պահի-րոպեի-ակնթարթի հանդիսավորությունն էր, նաեւ արժեքավորումն ու վերարժեքավորումը առտնին երեւույթների` երկունքի, գեղեցկության, իմաստի, ուրախության, մարդկային երջանկության: Եվ այդ ամբողջը, որ նաեւ մաղթանք էր, մատուցվեց առանց բառի. կադրային մոնտաժի` հեռուստատեսային լեզվով:

Նա նաեւ թարգմանիչ էր: Վարպետ թարգմանիչ: Կարդացեք նրա թարգմանությունները եւ զարմացեք, քանի որ դրանք թարգմանություն են, ոչ թե բնագիր: Թարգմանիչ էր մեծագույն գրողների, վառ անհատականությունների գրվածքների` Օլեշա, Բաբել, Բելով, Ռիբակով, Շուկշին, Բուլգակով, Սոլժենիցին, Կուպրին, Ալեքսանդր Լեբեդ, Դոստոեւսկի, Չեխով, Տոլստոյ, Նաբոկով...:

Նա հրապարակախոս էր` կլանող, անկեղծ ու համարձակ խոսքով, վարակիչ հույզով ու զուսպ պահվածքով, ընտիր ու ինքնատիպ մայրենիով: Իրոք ուժավոր հայերենի տեր էր: Եվ անպայման` նոր ու անհրաժեշտ, անհրաժեշտագույն ասելիքով: Նրա հոդվածների արձագանքը համընդհանուր էր, բուռն:

Նա մարտիկ էր: Ղարաբաղյան շարժման առաջին շարքում էր` իրավատիրոջ գործնականությամբ: Սումգայիթյան դատավարությանը նրա մասնակցությունը ամենաակտիվն էր (վերստին կարդացեք հոդվածները):

Նա` լրագրող-արվեստագետը, վարպետ-թարգմանիչը, հրապարակախոս-գործիչը, վերջին շրջանում վարպետ-դասախոսը ծանոթ էր բոլորիս:

Արմեն Հովհաննիսյանն էր: Պրոֆեսիոնալին հատուկ ճշգրիտ մի բանաձեւ ուներ` մի պարզ ասույթ. «Պետք է անել այն, ինչը կարող ես լավ անել»:

Նա կարողանում էր գտնել եւ գտածը դարձնել հայտնություն: Եվ հիմա անդրադառնալով այդ բազմաքանքար մարդու գործունեությանը` ուրախանում ես, որ կար այդպիսի գործիչ, այդպիսի աշխատավոր, այդպիսի մակարդակ: Միաժամանակ, ճանաչելով նրա կազմակերպչական ջիղը, տեսանելու օժտվածությունը, հայրենասիրական բացարձակ նվիրվածությունը, զարմանում ես, որ նա ասպարեզում չէր երեւում, երբ նրան հարազատ ոլորտները ճգնաժամային վիճակում էին եւ համարյաՙ են:

Առավել զարմանալի է, որովհետեւ վստահ ես, որ նա կարող էր ավելին, շատ ավելին անել: Անձամբ ես սպասում էի առավել ընդարձակ ասպարեզով գործունեության:

Ափսոս, հազար ափսոս:

Ես` նրա հաղորդումների երջանիկ ունկնդիրն ու հանդիսատեսը, նրա թարգմանությունների ու գրվածքների ընթերցողը, ընդհանուր` նրա ասածի ու ստեղծածի հասցեատերը, շնորհակալությամբ եմ վերաբերվում նրա գործին:

ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հարկավոր էր եւ հիմա էլ հարկավոր է` որպես մշակութային-մտավորական բարձունք:

Ո՞վ էր նա: Ի տարբերություն շատ ամբիոնամոլ մտավորականների, որ կրկներգում են անորոշ քարոզներ` գործելով հակառակ իրենց ասածների, նա չէր առանձնացնում իրեն իր ժողովրդից: Բացարձակ ազնիվ էր դիրքորոշումը` լինել բոլորի մեջ, հանրության մեջ` զգացողությամբ, զարկերակով, շնչով, պահանջով: Նա միշտ հաղորդակից էր ազգի հոգսերին, նա մեր հասարակության լավագույններից էր:

Խիզախ էր: Չորրորդ իշխանությունը մարմնավորող եզակի հրապարակախոս, որ կարող էր բաց նամակ հղել խորհրդային կամ նոր իշխանություններին` ցուցահանելով սխալն ու ուղղելին, կամ ընդհանուր խուճապի ու վախի մթնոլորտում անդամագրվելու դիմում հրապարակել ՀՅԴ-ին, երբ այդ կուսակցության գործունեությունը նոր իշխանության հրամանով կասեցվել էր: Առաջին պահանջատերն էր` մարդու, ազգակիցների, իր իրավունքների: Նա սովորեցնում էր պահանջել, սովորեցնում էր մարդ զգալ, սովորեցնում էր արժանապատիվ քաղաքացի լինել:

Նա գիտեր սիրել` երկիրը, ազգին, ընտանիքին, տոհմին, հարազատներին: Նա գիտեր ատել, որովհետեւ պաշտպանն էր ազգային ու մարդկային արժեքների, որովհետեւ քաջ գիտեր սիրո գինը, որովհետեւ վերլուծում ու զատում էր ատելին, որովհետեւ անտարբեր չէր, որովհետեւ ապրում էր ընդդեմ չարի, ինքնահավան տգիտության, հասարակական անտարբերության, որովհետեւ անընդհատ պայքարում էր հանուն ազգայինի, հանուն դրականի, հանուն արարչաստեղծ Բարու: Եվ հնարավորինս կռիվ էր տալիս ընդդեմ չարության, վտանգի, տեսանելի ու անտես թշնամու: Աշխատում էր հանուն լավի, ճշմարտի, գեղեցկի, արժանապատվի: Ձաղկելով այդ ատելին` նա երբեք մարդուն ատելությամբ չէր վերաբերվում: Բարեպաշտ էր: Բարեպաշտ ու նահապետական` ոչ ցուցադրաբար:

Նա օրինակ էր արժանապատվության: Նա անհանդուրժողական էր: Նա մարտիկ էր բռնապետության դեմ, այդ ռեժիմների լկտիության, սխալների դեմ: Կարդացեք նրա քաղաքացիական հոդվածները եւ կտեսնեք մի լույս, որը լուսավորում է այն ուղին ու ձեւերը, որ մարդուն ստրկական պայմաններից ազատում են, նորմալացնում հանրային մթնոլորտը: Նա հայ հասարակության, հայ մարդու արժանապատվության ցուցանիշներից էր:

Նա ապրեց 75 տարի եւ 2011-ի օգոստոսի 24-ից դարձավ պատմություն: Այժմ հարկ է, որ նրա ժառանգությունը դառնա դաս, հետազոտության ընդերք, ընթացք:

Թարգմանիչը խորամուխ լինի թարգմանչաց արվեստին:

Ժուռնալիստը օրինակ վերցնի իրական մասնագետից` դիրքորոշման, կեցվածքի, ակտիվության, անաչառության ու հնչելիության տեսակետից: Հարգանքով վերաբերվի թեմային, թուղթ-գրիչին:

Լեզվաբանը հասկանա նրա լեզվի ու ոճի գաղտնիքը, հասկանա, որ հրապարակ գալու համար պետք է տեր լինել ուժավոր-կենսալի լեզվի, ոչ թե վախվորած խոսքը սվաղել անշունչ կաղապարներում:

Գեղագետը վերլուծի, վայելի ու փոխառնի այն ազատությունը, որով մեջտեղ էր գալիս խոսքի գեղը` գույնը, փայլը, համը, հոտը, արտիստականությունը: Զարմանա, թե ինչպես էր դա տեղի ունենում, ինչ կերպ էր այդ զարմանալի տաղանդի կենդանի, ուղիղ-եթերային խոսքը, ստեղծագործությունը ծնվում-ամրանում-հաստատվում ժամանակի համատարած գաղջության մեջ: Եվ նաեւ` ինչպես է հիացնում: Այդպես էր. նույն տպագիր թղթի վրա ստրկամիտ գրագրի ու գրչակի մրվածքի կողքին շողշողում էր Արմեն Հովհաննիսյանի ոսկեղենիկը` անուշ, դիպուկ, նպատակասլաց, բնական, բազմաշերտ, մեծասքանչ:

Ուրեմն:

Բարի երթ բոլոր նրանց, ովքեր կվերցնեն նրա անտակ գանձարանից:

Բարի երթ նրան, ով կդառնա նրա անզուգական տեսակը հիշեցնողը, նրա գործի շարունակողը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4