ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-02-04 | #3, 2012-02-18 | #4, 2012-03-03


«ՍՏԱՄԲՈՒԼԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ»

ՀԵՆՐԻԿ ՆԻԼՍՈՆ

Շվեդ ժամանակակից գրող, գրաքննադատ եւ թարգմանիչ Հենրիկ Նիլսոնը ծնվել է 1971-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում: Առաջին գիրքըՙ «Առանց կոշիկների» փորձարարական չափածո ժողովածուն (1993), համարվել է ամենախոստումնալից եւ հուզիչ բանաստեղծական դեբյուտներից մեկը Շվեդիայում: Մի քանի տարի Լիսաբոնում ապրած տարիների արդյունքն է «Գիշերները, Վերոնիկա» պատմվածքների ժողովածոււն (2006): Հենրիկ Նիլսոնը շվեդական «Սյուդսվենսքան» թերթի գրաքննադատն է, որի հետաքրքրությունները ներառում են իսպանալեզու, պորտուգալալեզու, նաեւ թուրքական եւ ռումինական գրականությունը: Կատարում է նաեւ չափածո թարգմանություններ իսպաներենից եւ պորտուգալերենից:

Հենրիկ Նիլսոնը հաճախ է լինում նաեւ Ստամբուլում: Ի թիվս այդ քաղաքին նվիրված տարբեր գրությունների (ինչպես, «Երբ անձրեւ գա, դու արի Ստամբուլ» պոեմը), նա գրել է նաեւ «Ստամբուլի հայ պոեզիայի մասին» հոդվածը (2009), որ ներկայացանում ենք թարգմանաբար:


Գարուն է Ստամբուլում: Հուդայածառերը մանուշակագույն ծաղիկներ են հագել, եւ օրերը գնալով տաքանում են: Կիրակի օրերին Բոսֆորի ափերը լցվում են մարդկանցով, ովքեր դանդաղ զբոսնում կամ նստում են սրճարաններում եւ երկար նախաճաշում: Միաժամանակ շարունակվում է բարդ իշխանական խաղը, որ Թուրքիայի քաղաքական իրականությունն է, որտեղ տարբեր ուժեր գտնվում են մշտական շարժման մեջ, ինչպես շախմատի մի մեծ խաղի մեջ, որի ելքը մնում է առավելագույնս անորոշ:

Ավելի ու ավելի շատ մարդիկ են ձերբակալվում այսպես կոչված Էրգենեքոնի [1] անկման հետ կապված, քաղաքական գործիչների, գործարարների, լրագրողների եւ մտավորականների մի ցանցի, որոնց մեղադրում են երկիրն անկայունացնելու եւ արդյունքումՙ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության չափավորված իսլամական կառավարության դեմ ռազմական հեղաշրջման համար հող նախապատրաստելու մեջ: Քննադատողներն իրենց հերթին պնդում են, որ Էրգենեքոնի հանդեպ դատը դարձել է քաղաքական եւ որ այն ինքնին իր տեսակի մեջ հեղաշրջման մի փորձ է, ներկա կառավարության համար ապակրոնականացման եւ ժողովրդավարության սահմանափակման հետ պայքարի մի ուղի:

Գարնանային այս օրերին լրագրերը լեցուն են նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին վերլուծություններով: Դիվանագիտական կապերը խզված են, իսկ սահմանը փակ է 1993 թվականիցՙ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ վերջինի հետ Թուրքիան ունի մշակութային եւ պատմական շատ առնչություններ: Սակայն այդ լարված հարաբերություններից անդին առկա են նաեւ ավելի մեծ չլուծված տրավմաներ. ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրության վերջին ժամանակաշրջանում: Երբ նախագահ Բարաք Օբաման վերջերս կատարեց իր ռազմավարապես կարեւոր այցը Թուրքիա, նա երբեք չօգտագործեց «ցեղասպանություն» տպավորիչ բառը, բայց մյուս կողմից ասաց, որ ինքն այլ կարծիք չի ունեցել այդ խնդրի մասինՙ ակնարկելով իր ընտրարշավի ժամանակ իր նշումն այն մասին, որ ինքն աշխատելու է, որպեսզի 1915-ի իրադարձությունները բնութագրվեն միմիայն որպես ցեղասպանություն:

Հակառակ չլուծված հարցերինՙ վերջին ժամանակներս երկու երկրներն աստիճանաբար մերձենում են, հատկապես անցած տարվա աշնանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կայացած ֆուտբոլի խաղից, նաեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի Երեւան կատարած այցելությունից հետո: Այսօր շատերն են հարցնումՙ «կբացվի՞ սահմանն այս տարի»:

Վերճիհան Զիֆլիօղլուն [2] Ստամբուլի երիտասարդ սերնդի վաղուց ի վեր տպագրվող այն բանաստեղծներից է, ովքեր անմիջականորեն գրում են հայերեն: Մի երեկո նա ինձ հարցրեց, թե արդյոք իր հետ չե՞մ մասնակցի հայ բանաստեղծության մի միջոցառման: Մենք մետրոյով գնացինք մոտ հիսուն հազար հայ բնակիչներ ունեցող Ստամբուլի եվրոպական մասում գտնվող Շիշլի ժամանակակից թաղամասը: Անցանք այն շենքի մոտով, որտեղ գտնվում է հայկական «Ակօս» թերթի խմբագրությունը: Այստեղ էր, որ նրա խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց երկու տարի առաջ: «Բայց այդ սպանությունից հետո էր,- ասաց Զիֆլիօղլուն,- որ քաղաքի շատ ու շատ երիտասարդ հայեր սկսեցին բանաստեղծություններ գրել հայոց լեզվով եւ կրկին զգալի հետաքրքրություն նկատվեց լեզվի հանդեպ»:

Մենք անցնում ենք մի փոքր փողոցով, որը սովորաբար ոստիկանությունը փակում է կարեւոր կրոնական տոների ժամանակՙ հարձակումների ռիսկին չենթարկվելու համար: Ապա մենք անցնում ենք մի մեծ դարպասից, որտեղ թվում է, սովորական մի բնակավայր է: Սակայն ներսում, պարտեզում հայկական եկեղեցի է եւ նրան կից դպրոցը: Մարդիկ լցվում են դահլիճը, որտեղ կատարվելու է բանաստեղծությունների ընթերցումը, եւ նրանցից շատերն այնպես են հագնված, ասես հարսանիք են եկել: Գալիս են քսանի չափ երիտասարդներ, որոնք անգիր են արտասանում ավագ բանաստեղծներից, շատերըՙ անցյալ դարից, որոնց հին սեւ-սպիտակ լուսանկարները պատկերվում են էկրանին: Չորս հոգուց կազմված դատակազմը գնահատում է երիտասարդներին, որ ընթերցում են զգացմունքային ապրումներով: Մի քանի երիտասարդ աղջիկներ են հայտնվում. նրանք լռում են բեմի վրա, տեսնում ես նրանց տանջանքը, երբ մոռանում են բանաստեղծության շարունակությունը, մինչդեռ հանդիսասրահում պայթում են ներողամիտ ծափահարությունները: Ինձ ցնցում է, թե ինչպես այս անսպասելի լուռ պահերն ըստ էության վերածվում են լիցքավորված ակնթարթներիՙ դառնալով բանաստեղծության մի մասը. դրանք ձախողումներ չեն, այլ մարդկային գագաթնակետեր, չնախատեսված էներգիայի աղբյուրներ, որոնց շուրջ դառնում է խոսքը:

Այդ երեկոյի բանաստեղծությունները հաճախ վերաբերում էին կյանքի դժվար պայմաններին, վշտին եւ կորստին, ինչպես հայ ճանաչված ժողովրդական բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դեպքում, որից գրեթե բոլորը մեկ բանաստեղծություն կարդացին: Ներկայացված բանաստեղծներից մի քանիսը սպանվել էին մեկ դար առաջ կատարված բուռն իրադարձությունների ժամանակ: Հազվադեպ եմ տեսել կյանքում բանաստեղծական ավանդույթի նման պահպանում, ինչպես այդ երեկոյի ընթացքում էր: Ամեն ինչ փխրուն է, մարդ ձգտում է պահպանել այն բեկորները, որ շատ դեպքերում կորսվում են:

Այնուհետեւ, այդ գարնանային երեկոյի ավարտին մենք զրուցում ենք դիվանագիտությունից եւ միջազգային քաղաքականությունից: Նույնիսկ եթե սահմանը բացվի, երկար ժամանակ կպահանջվի, մինչեւ որ անցյալն իսկապես ջրի երես դուրս գա եւ մինչեւ որ խորապես հաշտություն իրականանա: Բայց բանաստեղծությունը հիշում է այն, ինչի մասին հասարակության մնացած մասը ոչինչ չի խոսում: Ինչ էլ որ լինի, ես հուսով եմ, որ Շիշլիի երիտասարդները կշարունակեն կարդալ իրենց բանաստեղծությունները: Ինչ էլ որ լինի, ես հուսով եմ, որ նրանք կշարունակեն մոռանալ բառերը: Եվ նրանց բառերի միջեւ եղած լռության միջից հեռվից կլսվի հայկական ողջ ողբերգությունը:

1. Թուրքիայի քեմալական ծայրահեղ ազգայնապաշտ կազմակերպության անվանումը:։

2. Պոլսահայ ժամանակակից բանաստեղծուհի, նաեւ «Հուրիեթ» օրաթերթի աշխատակից:։

Առաջաբանը, թարգմանությունը շվեդերենից եւ ծանոթագրություններըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4