ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ
Ալեքսանդր Սպենդիարյան - Նիկոլայ Ամանի
Ամանիի ծննդյան 140-ամյակի առթիվ
Ամեն քաղաք, ամեն բնակավայր իր ինքնատիպությունն ու հմայքն ունի, իր յուրօրինակ գեղեցկությունը, իր պատմությունն ու ավանդույթները: Աշխարհի ինքնատիպ անկյուններից մեկն էլ Ղրիմի թերակղզում գտնվող Յալթա առողջարանային փոքրիկ քաղաքն է, որը հնուց ի վեր, հանգստավայր լինելուց զատ, նաեւ յուրատեսակ մշակութային կենտրոն է եղել: Յալթայի շքեղ ապարանքներից մեկը, որ Սերբիայի Նատալիա թագուհու ամառանոցն էր եղել, 19-րդ դարավերջին գնեց հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հայրը: 1901-1916 թվականներին մեծանուն կոմպոզիտորն իր ընտանիքի հետ այդ տանն էր ապրում, որը քաղաքի մշակութային գործիչների հանդիպավայրն էր դարձել: Սպենդիարովների հյուրընկալ տան այցելուներ էին նաեւ այնպիսի անվանի մտավորականներ, ինչպես գրողներ Մ. Գորկին, Լ. Տոլստոյը, Ա. Չեխովը, Ալ. Ծատուրյանը, գեղանկարիչ Վ. Սուրենյանցը, կոմպոզիտորներ Ա. Արենսկին, Ալ. Գլազունովը, Ն. Ամանին եւ ուրիշներ, որոնք հանգստանալու էին գալիս կամ ապրում էին Յալթայում: Սպենդիարյանը Յալթայում ոչ միայն ստեղծագործում, այլեւ ակտիվ մշակութային գործունեություն էր ծավալում: Նա ստեղծել էր նաեւ սիրողական երաժշտախումբ եւ հանդես էր գալիս համերգներով:
Տեղացի երաժիշտները հաճախ հավաքվում էին Պֆայֆերիՙ ծովափին գտնվող նոտաների խանութում, որը նրանք «Երաժշտական ակումբ» էին անվանում: Այդ ակումբում սիրված ու հեղինակավոր դեմք էր ոչ միայն Սպենդիարյանը, այլեւ կոմպոզիտոր Նիկոլայ Նիկոլաեւիչ Ամանին, որի հետ Սպենդիարյանը շատ էր մտերմացել: Բոլորն էին հարգում այդ համեստ, լռակյաց, բայց շատ շնորհալի մարդուն:
Ազգությամբ թաթար Ամանին ծնվել է Պետերբուրգում 1872 թվականին, սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում` աշակերտելով Ն. Ռիմսկի-Կորսակովին: Հավանաբար այդ տարիներին էլ նա ծանոթացել էր Սպենդիարյանի հետ, որը նույնպես Ռիմսկի-Կորսակովի աշակերտն էր: Բայց նրանք մտերմացան հատկապես այն ժամանակից, երբ երկուսն էլ ապրում էին Յալթայում: Լինելով ռուսական կոմպոզիտորական դպրոցի հետեւորդՙ Ամանին գրել է նուրբ ու քնքուշ ռոմանսներ, խմբերգեր, երաժշտական պիեսներ եւ մի կանտատա` «Դրախտն ու փերին» վերնագրով: Յալթայում Ն. Ամանիի տունը եւս հյուրընկալ օջախ էր դարձել երաժիշտ-երաժշտասերների համար: Նրանք այստեղ էին գալիս մեկ գավաթ թեյի շուրջ զրուցելու, մշակութային հարցեր քննարկելու համար: Ալ. Սպենդիարյանը եւս այս տան մշտական հյուրերից էր, հենց ինքն էլ գործիքավորել էր Ամանիի երաժշտական պիեսներից մի քանիսը` առաջարկելով դրանք ներգրավել համերգային ծրագրերում, որոնք կազմված էին իր, Ն. Չերեպնինի եւ Ամանիի ստեղծագործություններից:
1900-ական թվականների սկիզբը թախիծ ու վիշտ բերեց ինչպես ողջ Ռուսաստանի, այնպես էլ Յալթայի բնակչությանը: Ճապոնիայի հետ բորբոքված պատերազմը մտահոգում էր ամենքին: Ամանին, որ թոքախտով էր տառապում, ավելի թախծոտ ու լռակյաց էր դարձել: Այսպես է հիշում նրան Սպենդիարյանի դուստրը` Մարինա Սպենդիարովան. «Ահա եւ Ամանին: Նրա դեմքը բոլորովին անառողջ է, եւ վառ կարմիր ֆեսն ավելի էր ընդգծում դեմքի հիվանդագին դեղնությունը» :
Սպենդիարյանը Պետերբուրգ էր մեկնել համերգային շրջագայության: Վերադառնալով նա տեղեկացրեց, որ Ամանիի պիեսներն իր ղեկավարությամբ ջերմությամբ է ընդունել Պետերբուրգի երաժշտասեր հանրությունը: Դա, իհարկե, փոքր-ինչ ուրախացրեց կոմպոզիտորին, սակայն մթնոլորտն ավելի ջերմացավ, երբ մի օր «Երաժշտական ակումբի» անդամներին Սպենդիարյանը ծանոթացրեց Պետերբուրգից գործուղման եկած կոմպոզիտոր Անտոնի Արենսկու հետ: Կատակասեր ու կենսուրախ Արենսկին եւս խանդավառվեց այս միջավայրում: Նա էլ դարձավ Ամանիի տան մշտական հյուրերից մեկը, ու նրա չորսօրյա գործուղումը ձգվեց մի քանի ամիս: Ահա, թե հետագայում ինչպես էր հիշում այդ ջերմ հանդիպումները Վ. Ն. Կաչալովը. «Մի անգամ Չուկուրլարում մենք հավաքվեցինք Արենսկու մոտ: Նա նվագում էր «Կրակը մի՛ վառիր», իսկ Զբրուեւան երգում էր: Ինչպես են տպավորվել Յալթայի այդ տաք ու խաղաղ երեկոները, խավար երկինքը, վառ աստղերը եւ ինչ-որ թփերի սուր բույրը» :
Նիկոլայ Նիկոլաեւիչ Ամանին վախճանվեց 1904 թվականի աշնանը` խոր վիշտ պատճառելով ոչ միայն «Երաժշտական ակումբի» անդամներին, այլեւ Յալթայի ողջ մշակութասեր հանրությանը: Նրա մահից երեք օր անց` սեպտեմբերի 23-ին, Ա. Արենսկուն ուղարկած իր նամակում Սպենդիարյանը գրում էր. «...Խեղճ Ամանին վախճանվեց սեպտեմբերի 21-ին, այսօր մենք հուղարկավորեցինք նրան, եւ հենց այսօր էլ Ֆրիդմանի բենեֆիսային համերգին առաջին անգամ կատարվեց նրա «Աշնանային հեքիաթ» ուվերտյուրան (համերգային նախերգանք), որը նա այնպե՜ս էր ուզում լսել: Ուվերտյուրան գեղեցիկ թեմաների վրա է կառուցված եւ լավ է հնչում...» :
Նկար 1. Ա. Սպենդիարյանը, Ե. Զբուեւան, Ա. Արենսկին, կոմպոզիտոր Նիկոլայ Ամանիի մոտ հյուր: