ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#2, 2012-02-04 | #3, 2012-02-18 | #4, 2012-03-03


ՎԱՐՊԵՏԻ ԿՅԱՆՔԸ ՈՐԴՈՒ ԱՉՔԵՐՈՎ

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Անցյալ տարեվերջին ընթերցողների սեղանին դրվեց Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքի երկրորդ, վերախմբագրված հրատարակությունը: Ժանրային առումով դժվար է բնորոշել այս գործը, հուշագրություն է այն, էսսեատիպ մի վեպ, թե իր նկարագրած վայրերի նման շքեղ մի երազ, որը ձգվում է Ալպյան լեռների փեշերից մինչեւ Ադրիատիկի գեղածիծաղ ափերը: Այս գործի համար որպես ենթավերնագիր կարող է ծառայել «Իսահակյանը եւ նրա ժամանակը» բնորոշումը, ինչպես որ ժամանակին մեծանուն պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը գրեց «Նալբանդյանը եւ նրա ժամանակը» ուսումնասիրությունը (ի դեպ մի երկ, որը շատ բարձր է գնահատել Վարպետը):

«Հայրս» գրքի ինչպես առաջին, այնպես եւ երկրորդ հրատարակությունը տպագրության է պատրաստել եւ առաջաբանն գրել Վարպետի թոռը եւ Վիգենի որդինՙ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը:

Առաջաբանը կրում է «Հորս «Հայրս» գիրքը» խորհրդանշական վերնագիրը: Այն մի կողմից ցույց է տալիս հայ եւ եվրոպական գրականության ու պատմության մի բարդ շրջանի ընթացքը եւ մյուս կողմից փորձում մեկնաբանել Հայր եւ Որդի Իսահակյանների հետաքրքրական փոխհարաբերությունները եւ իմաստավորում Վարպետի կյանքի խորհուրդը մեր նոր սերնդի համար:

Մեր գրականության պատմության մեջ չկա ոչ մի այլ գրող, որի կինն ու որդին այդ գրողի ընտանիքի եւ անձնական կյանքի մասը կազմելուց բացի, ըստ էության դառնան նաեւ նրա գործունեության եւ գրական ժառանգության մի ուրույն բաղադրիչը, եւ նրանց կյանքն էլ ստուգաբանվի հայության ազգային-ազատագրական պայքարի ոգորումների եւ հասարակական, քաղաքական վայրիվերումների մի մեծ շրջանի լույսի ներքո:

Վարպետի կյանքի քիչ հայտնի ժամանակաշրջանը ներկայացնելուց հետո այս գրքի երկրորդ գլխավոր արժանիքն այն է, որ դուրս գալով կենսագրական հուշապատումի շրջանակից, ընդգրկում է ոչ միայն Եվրոպայի ժամանակի հայկական կենտրոնների գրական- հասարակական կյանքը, այլեւ ներկայացնում է Եվրոպան իր գրական- մշակութային բազմաձեւության, անգամ այն խայտաբղետության մեջ, որ բնորոշ էր 20-30-ական թթ. նոր արվեստի որոնումներին: Ինչպես Ավիկ Իսահակյանն է գրում. «Շատ հաճախ «Հայրս» գիրքը վեր է ելնում հուշերի ժանրից, երեւում է մեզ որպես ոգեշունչ էսսե, թեեւ դա չի եղել Վիգեն Իսահակյանի նպատակը, այլ ստացվել է ինքնըստինքյան, եւ պատումի բազում հատվածներում (լինի դա Վենետիկ թե Ժնեւ, Սուրբ Ղազար կղզի թե Սուրբ Մարկոսի հրապարակ) արտացոլվում է արվեստի, ճարտարապետության ընկալման բարձր ճաշակ, գեղեցիկի ու վսեմի նուրբ զգացողություն: Այս գիրքն ամբողջապես թաթախված է արվեստի ոգով եւ մի յուրովի շրջագայություն է Եվրոպայի մշակույթի հրաշալիքների աշխարհով» :

Հուշերը սովորաբար լրացուցիչ մանրամասներ են հաղորդում տվյալ անձնավորության կամ պատմական իրադարձության մասին: «Հայրս» գիրքը, սակայն, առանձնակիորեն կարեւորվում է նրանով, որ այն ոչ թե լրացուցիչ տեղեկություններ է հաղորդում, այլ ըստ էության, գլխավոր սկզբնաղբյուրն է Իսահակյանի կյանքի տարագրության շրջանիՙ 1910-1936թթ.: Ավելին, այն կարեւոր սկզբնաղբյուր է նաեւ Լեւոն Շանթի, Ավետիս Ահարոնյանի, Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Արշակ Չոպանյանի, Հովհաննես Խան- Մասեհյանի, Երվանդ Քոչարի կյանքի եւ գործունեության այս ժամանակաշրջանին վերաբերվող տարբեր դրվագների մասին: Այս հանգամանքն է եղել գլխավոր պատճառներից մեկը, որ 1987թ. 77-ամյա Վիգեն Իսահակյանին մղել է գրիչ վերցնելու եւ մտովի փոխադրվելու թե՛ տարածական եւ թե՛ ժամանակային առումով հեռվում մնացած մանկության, պատանեկության եւ երիտասարդության տարիները: Ինչպես ինքն է գրում հուշագրության սկզբի «Երկու խոսքում». «Հիրավի, ներկայումս ես այն միակ ականատեսն եմ, որ գիտե Իսահակյանի կյանքի այդ հարուստ ու բեղմնավոր շրջանը: Իրերի բերումով, մոտիկից ճանաչել եմ հորս մի շարք մտերիմ բարեկամների, որոնց անուններն այսօր լեգենդ են դարձել»:

Վիգեն Իսահակյանը պարզապես իրավունք չուներ այս ամենը թղթին չհանձնելու, գրականության պատմաբաններին զրկելով Իսահակյանի եւ մյուս գրողների մասին այնքան թանկագին վկայություններից, արվեստի պատմաբաններին ու տեսաբաններին էլ նույն ձեւով զրկելով Երվանդ Քոչարի ստեղծագործական որոնումների ընթացքին հետեւելուց, եւ կամ համաշխարհային կինոյի ռուս ու եվրոպական մեծությունների, ինչպես նաեւ այսօր լեգենդ ու առասպել դարձած Պիկասոյի ու Սալվադոր Դալիի հետ հանդիպումների ու զրույցների նկարագրություններից:

Այս հուշագրությունն ունի բազմաստիճան ընդգրկունությունՙ իր ծավալով, ընդգրկած ժամանակաշրջանովՙ 1910-1937թթ., գրականության, մշակույթի եւ հասարակական գործիչներով, աշխարհագրական ընդգրկմամբՙ Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա եւ Ֆրանսիա: Մոտ երեք տասնամյակի ժամանակային ընդգրկումը նաեւ այն յուրահատկությունը ունի, որ հուշերը ներկայացված են ըստ տարիքային ընդգրկման. Ժնեւՙ մանկության տարիներ, Վենետիկՙ պատանեկան եւ Փարիզՙ երիտասարդական:

Այստեղ զարմանալի մի համընկնում կա երեք երկրների եւ տարիքային երեք աստիճանների միջեւ: Շվեյցարիան մանկական հիշողությունում տպավորվել է իր զարմանահրաշ բնությամբ եւ այս բաժնում ավելի մեծ տեղ են գրավում բնության նկարագրությունները, լեռնային ճանապարհորդությունները եւ տարբեր արկածները, Վենետիկը պատկերվում է համահունչ պատանեկան անրջային երազներին, իսկ Փարիզն արդեն երիտասարդական ստեղծագործական որոնումների մի ռեալ կենտրոն է դառնում:

Նույնը վերաբերում է եւ Վարպետի կերպարին: Շվեյցարիայում նա գրեթե ամբողջապես պատկերվում է որպես Վիգենի հայրը, Վենետիկում հայրական խորհրդածություններն են թե՛ որդու, թե՛ հայրենիքի ու ժողովրդի ապագայի մասին, եւ Վենետիկյան վերջին շրջանն ու Փարիզն արդեն ներկայացնում են ազգային մեծ բանաստեղծ եւ գործիչ Իսահակյանին, ումՙ որդուն տրված խորհուրդներն իսկ վերաբերում են հայրենիքին առավել նվիրված ու օգտակար լինելուն:

1910թ. ծնված Վիգենը այդ տասնամյակի առաջին տարիների մասին գրում է հետագայում հոր պատմածների հիման վրա: 1910-ական թթ. երկրորդ կեսին վերաբերող շրջանի մասին արդեն գրում է առաջին դեմքով: Նախ հուշերի առանձին պատառիկներ, ապա ամբողջական տեսարաններ եւ 1910-ական թթ. կեսերից հաջորդում են մանկական անջնջելի տպավորությունները:

Սկսված Առաջին համաշխարհային պատերազմը անհնարին է դարձնում Իսահակյանիՙ որպես ռուսահպատակի, Բեռլինում մնալը եւ Գերմանա-հայկական բարեկամության ընկերությանը աշխատակցելը: Պարսկահպատակի անձնագրով ընտանիքի հետ Իսահակյանին հաջողվում է անցնել Շվեյցարիա: Ժնեւում էր Իսահակյանն իմանալու ռուսական հեղափոխության մասին եւ այն Ժնեւը, որ երկար տարիներ ապաստան էր եղել ռուս հեղափոխականների համար, այժմ ապաստան էր տալու հեղափոխությունից հետո այստեղ հանգրվանած ռուս վտարանդիությանը: Եվ հենց նույն խաղաղ Շվեյցարիայում է նրան հասնում արեւմտահայության ջարդերի սահմռկեցուցիչ բոթը, եւ հասունանում Վրեժի ծրագիրը: Իսահակյանն իր որոշ մասնակցությունն է բերում Թալեաթին ոչնչացնելու գործում:

Վիգենի մոտ իսահակյանական ըմբոստ խառնվածքին գումարվել է եւ այս ազատամտությունը, որն առավել էր դժվարացնելու նրա կյանքը Հայրենիք վերադառնալուց հետո: Վիգենին բոլոր այս տարիներին ուղեկցել է Իսահակյանի անիականը, որին վերաբերող առաջին հիշատակությունը գտնում ենք 1919 թվականի ներքո, քաղաքի Անի անվան մի յուրօրինակ մեկնաբանությամբ եւ վերջինիս վրա հիմնված հետեւյալ վերիմաստավորմամբ. «Հայրս ասում էր, որ Անի սանսկրիտերեն նշանակում է կրակ, եւ այժմ թեկուզ ավերակՙ կրակի պես պիտի հավերժորեն վառվի հայոց սրտերում»:

Անի բառի ստուգաբանությունը առ այսօր հայտնի չէ, եւ դժվար է ասել Իսահակյանը որտեղից է այն որպես կրակ մեկնաբանել: Միգուցե նման տեսակետ լսել է Գերմանիայում ուսանած տարիներին, պատմահամեմատական լեզվաբանության դպրոցի որեւէ պրոֆեսորի կողմից, թե ժամանակի ողբերգական իրականության մեջ բանաստեղծը երեւակայությամբ է այդպես մեկնաբանել, որպես հայրենիքի հրեղեն վերահառնման իր երազ- համոզում:

Ժնեւի շրջանին վերաբերող ամենացնցող պատկերն այցելությունն է «Դրօշակի» խմբագրություն, այն ամսագրին, որի էջերում 1900-1901թթ. թնդացել էին Հայ Գուսանիՙ երիտասարդ Իսահակյանի քնարի լարերը: Այցելությունը այն կենտրոնատեղին, որտեղից մշտաղողանջ զանգի նման հնչել էր «Դեպի երկիր» կարգախոսը, որի ճանապարհին ընկան Վիտոշի լանջերի բազենՙ Քրիստափորը եւ իր մարտական ու գաղափարական ընկերները: Բանաստեղծը որդու ձեռքը բռնած մտնում է ամայի ու լքված խմբագրատունը, ուր տիար Անտոնըՙ որպես պահապան ոգի, պահում էր անցյալի նվիրական մասունքները: Նա բանաստեղծի հետ «նստած մի անկյունում, խոսում, հուշեր էին փոխանակում իրենց մեռած մեծերի, կորած, զոհված ընկերների մասին»:

«Դրօշակի» խմբագրություն այցելության պատկերը, թերեւս, առաջին անառարկելի հայտն է, որ այս հուշերը գրված են ոչ թե միայն մտավորական անհատի, այլեւ բացառիկ գրողական տաղանդով օժտված հեղինակի կողմից:

Շվեյցարիայի այս հուշերին Վենետիկում գումարվում է նաեւ նուրբ դիտողականությունը, որի բնորոշ արտահայտությունն է դառնում Ժնեւից Վենետիկ գնալուն վերաբերվող այն դիտարկումը, թե ճանապարհ ընկնելիս «ավելի շատ թուղթ եւ գիրք ունեինք, քան իրեր ու հագուստներ»: Եվ թղթերն ու գրքերը իրապես դարձան Վարպետի կյանքի անբաժան ծանրությունը, մինչեւ որ Ս. Ղազարին պահ տրված արխիվն ու հարուստ գրադարանը մեծ դժվարությամբ հասցնեին հայրենիք:

Վենետիկի Մխիթարյանների Մուրադ Ռաֆայելյան վարժարանի մասին թեեւ տարբեր հոբելյանների առիթով գրվել է Մխիթարյան հայրերի կողմից, սակայն ոչ մի աշխարհականի կողմից եւ աշխարհականի հայացքով այն ուսանողների առօրյայով, ներքին կյանքով այնպես չի ներկայացվել, ինչպես «Հայրս» գրքում, ուր հառնում են նաեւ Մխիթարյան հայրերի կերպարներըՙ հայրենիքին իրենց անհուն նվիրվածությամբ: Առանձնակի ջերմությամբ է գրված հատկապես «Հայկական մատենագիտություն» կոթողային գործի հեղինակ եւ Իսահակյանի հավատարիմ բարեկամ Հ. Արսեն Ղազիկյանի մասին:

Զգալի տեղ է հատկացված նաեւ Վենետիկյան բիենալեների նկարագրությանը եւ վերջինիս Սարյանի մասնակցությանը: Ասում է, որ Սարյանը թերեւս այն հազվագյուտ նկարիչն էր, որ այցելելով Վենետիկ, չէր փորձել վերարտադրել նրա գեղեցկությունը: Այս հանգամանքը փորձում է բացատրել հետեւյալ մեկնաբանությամբ. «Կարելի է ենթադրել, որ Վենետիկի թախծաշունչ, դարն անցած հմայքը նրան չէր հուզել, եւ դրա փոխարեն գուցե Սիցիլիայի կամ էլ Կալաբրիայի չոր, արեւից վառված բնապատկերները տեսնելու դեպքում մենք ունենայինք Սարյանի, այսպես ասած, իտալական շրջանի կտավները...»:

Երազի նման պայծառ ու անհոգ Վենետիկով ավարտվելու էր նաեւ Վիգենի կյանքի պատանեկության անհոգ շրջանը, երբ 1926թ. Իսահակյանը որոշում է վերադառնալ հայրենիք, նախապատրաստելով իրենց վերադարձը, իսկ մայրը մեկնում է Փարիզ, այնտեղ գործ գտնելուՙ մինչ որդին կավարտեր Մուրադ-Ռաֆայելյանը ու կգնար Փարիզ որեւէ մասնագիտության գծով ուսանելու:

Կյանքի այս նոր շրջադարձը Վիգենը ներկայացնում է հետեւյալ գեղեցիկ եւ խորհրդանշական պատկերով: Ասում է, որ Վենետիկում Մուրադ- Ռաֆայելյանի ճանապարհին առյուծի մի հարթաքանդակ կար, որն իր թալիսմանն էր եւ որեւէ գործից առաջ նրա դեմքի արտահայտությամբ էր որոշում այդ գործի հաջող լինելը կամ չլինելը: Իսահակյանի հայրենիք ուղեւորվելու վաղ առավոտյան Վիգենը, ինչպես ինքն է գրում «գնացի, որ հանդիպեմ, բարեւեմ իմ թալիսմանին, խնդրեմ այնպես անի, որ ամեն բան լավ ընթանա: Բայց գուցե առավոտյան լույսի եւ ստվերների խաղն էր պատճառը, առյուծիս արտահայտությունը դուրս չեկավ: Նա նայում էր մի սֆինքսի նման, խիստ ու անթափանց...Հիրավի այդ պահից կյանքս մի այլ ընթացք ստացավ» :

Միանգամայն այլ հայացքով է նկարագրված Փարիզը, որը մեր առջեւ պատկերվում է իր մոնպառնասյան սրճարաններով եւ արվեստի հավաքատեղիներով ու իրապես ինտերնացիոնալ բնույթով, ուր ֆաշիստական գրավումից առաջ ապաստան էին գտել թե՛ տարբեր երկրների ազատամիտ արվեստագետները եւ թե՛ ռուս վտարանդիությունը:

Սա այն շրջանն էր, երբ ծանր երկունքով ծնվում էր 20-րդ դարի եվրոպական նոր մշակույթը եւ այդ երկունքի մասին ականատեսի գրչով է գրել Վ. Իսահակյանը, ում գրածները կրկնակի արժեքավոր են, որովհետեւ նա իր տպավորությունները շարադրել է ոչ թե որպես կինոյի եւ ընդհանրապես արվեստի տեսաբան, այդ ամենին դրսից նայող մասնագետի հայացքով, այլ ինքը եղել է նույն այդ կինոստուդիաների աշխատակիցը եւ ներսի մասնակցի ուղղակի լաբորատոր ճշտությամբ է նկարագրում կինոարվեստի եւ կինոտեխնիկայի վիճակը այդ տարիներին:

Մեր առջեւ ներկայանում է նաեւ 30-ական թթ. առաջին կեսի ֆրանսահայ համայնքըՙ հետեղեռնյան առաջին տասնամյակների շփոթ եւ տարտամ վիճակով, երբ առանձին մտավորականների ու անհատների համախմբումից պետք է ձեւավորվեր տեղի հայ գաղութը, որին իր կարեւոր նպաստն է բերում եւ Իսահակյանը:

Փարիզյան այս տարիները, որ եղել են Վիգեն Իսահակյանի նաեւ ստեղծագործական ձեւավորման տարիները, նա առավել հանգամանալից ներկայացրել է «Փարիզ, Քոչար... անցած օրեր» գրքում:

Փարիզը Վիգենի կյանքի ուղեկիցն է մնացել ողջ կյանքումՙ յուրօրինակ ձեւով բեկվելով նաեւ Մոսկվայում ու Երեւանում: Այս գրքի զուսպ եւ ժլատ տողերից երեւում է, թե որքան դժվար է եղել նրա համար 1930-ական թթ. փարիզյան հախուռն ստեղծագործական կյանքից հետո հայտնվել 1937-ի խորհրդային իրականությունում: Նույն այդ տողերից, սակայն, զգում ես, որ հայրենիք դարձի համար նշույլ իսկ զղջում եւ ափսոսանք չկա: Այս եւ «Փարիզ, Քոչար... անցած օրեր» գրքից նաեւ ակնհայտ է դառնում, որ Քոչարըՙ միգուցե Փարիզի սիրված եւ շքեղ սալոնային արվեստագետներից մեկը շարունակեր մնալ եւ ավելիին հասներ, սակայն, միայն Հայաստանում է, որ կարող էր ստեղծել իր մոնումենտալ գործերը եւ հատկապեսՙ «Սասունցի Դավիթը»:

Այս գիրքը Վարպետի օրինակով, Վիգենի օրինակով, ապա եւ դժվարին այդ տարիներին Եվրոպա մեկնելու հնարավորություն ստացած, սակայն, եւ ետ վերադարձած Սարյանի ու Չարենցի օրինակով մեկ անգամ եւս հավաստում է, որ ժողովրդի ճշմարիտ մտավորականի տեղը իր հայրենիքում է, որքան էլ որ թանկ վճարի, ինչպես Չարենցը:

Գիրքը, որ նաեւ տպավորիչ է խորհրդանշական մի շարք պատկերներով, այնպես էլ ավարտվում է խորհրդանշական եւ ցնցող ձեւովՙ Չարենցի մահվամբ եւ մահվանից առաջ բանտում թաշկինակի վրա գրված վերջին այն բանաստեղծությամբ, որը նվիրված էր Վարպետին: Գիրքն ավարտվում է այս բանաստեղծության վերջին տողին հաջորդող գրության եւ տեղի մատնանշմամբ. «1937, 12. IX, բանտ, գիշեր» :

Մի քանի օրից կտրվելու էր Չարենցի երկրային կյանքի թելը, եւ ինչպես ինքն էր գրել վերջին շրջանում.

Իմ մահվան օրը կիջնի լռություն...

Այս լռությունն է իջնում եւ Վիգենի կյանքում. մի քանի տասնամյակ նա շարունակում է ապրել հոգու եւ սրտի խորքերում անթեղած շքեղ հուշերում: Այս լռությունը խախտվում է մեր ազգային վերազարթոնքի նախօրեինՙ 1987թ. դեկտեմբերին, երբ սկսում է գրել «Հայրս» գիրքը, ավարտում է 1989թ.:

«Հայրս» գիրքը ընթերցելուց հետո կրկնակի ես զարմանում, թե ինչպես է կարողացել կյանքի 77-րդ տարում հիշել 70- 50 տարի առաջ եղած դեպքերը եւ ինչպես է կարողացել այդքան կարճ ժամանակում գրել: Ի պատասխան իրեն ուղղված հիացախառն զարմանքի, կատարում է հետեւյալ խոստովանություն-բացատրությունը. «Ես հուշերս վերահիշել եմ ոչ թե 1988թվից, այլ շատ ավելի կանուխՙ 1935թվից, այն օրվանից, որ թողել էի Եվրոպան եւ Ջոն Միլտոնի նման երազում էի մի կորցրած «արքայության» մասին, թեպետ պատերազմական Եվրոպան շատ հեռու էր դրախտ լինելուց» : Եվ իրապես, այսպես կարող է նկարագրել միայն նա, ով կարոտը անթեղած պահել է ու իր համար հեռավոր երազի վերածել եւ ապա թղթին հանձնել:

«Հայրս» գիրքը Ավիկ Իսահակյանը ոչ միայն հրատարակության է պատրաստել եւ օժտել տողատակի մի շարք կարեւոր ծանոթագրություններով, այլեւ շատ բարձր ճաշակով ձեւավորել եւ զետեղել է 83 լուսանկարներ գրքի երեք մասերում, որոնք շարադրանքին զուգահեռ ընթացող պատկերային համարժեքներ են: Շատ կարեւոր են այս լուսանկարների մակագրությունները, շնորհիվ որոնց նրանք ավելի լիարժեք են «խոսում»: Այս լուսանկարներում Իսահակյանն է տարագրության տարիներին Ժնեւում, Վենետիկում եւ Փարիզումՙ միայնակ ու գրչակիցներիՙ Սիամանթոյի ու Չարենցի հետ: Առանձին մի խումբ են կազմում Մխիթարյան միաբանությանը վերաբերող լուսանկարները:

Այս գրքի մասն ու շարունակությունն են Մոսկվայից Վիգեն Իսահակյանիՙ 1999- 2002 թթ. որդունՙ Ավիկ Իսահակյանին գրված քսանութ նամակները, որոնք ամբողջությամբ առաջին անգամ են տպագրվում, եւ վերստին թե՛ մի վերհուշ են անցած օրերի, թե՛ այս գրքի գրությանը վերաբերող մանրամասներ եւ թե 90 տարին բոլորած մտավորականի սթափ մտահոգություններՙ Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայի եւ ապագայի մասին, սկսվող երրորդ հազարամյակի շեմին:

Նամակները իրապես վկայում են, որ եթե կա ուժեղ կամք, ի վիճակի է հաղթահարել կյանքի բոլոր դժվարություններն ու անարդարությունները: Եվ եթե կա կամք, չկա եւ ծերություն հասկացությունը, վկանՙ «Փարիզ, Քոչար» գիրքը, որը նա գրեց 94 տարեկան հասակում: Եվ էլի կգրեր Վարպետի մասին, եթե ուժը կորցրած լիներ կյանքի անցողիկության օրենքը:

Նկար 1. Վիգեն Իսահակյան, Երեւան, 2005 թ.

Նկար 2. Նահապետի աշունը..., Երեւանյան տան պատշգամբում, 1957 թ., սեպտեմբեր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4