ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ
Անցյալ տարվա վերջերին «Ազգ» մշակույթ-հավելվածի երեք հաջորդական համարներում (19 նոյ., 3 դեկտ. եւ 17 դեկտ. 2011) «Դարձյալ Արշիլ Գորկու մասին» խորագրով հոդվածաշարը ներկայացնելու օրերին, անսպասելի զուգադիպությամբ Ավետիք Իսահակյանի գրադարանում (ուր մերթ ընդ մերթ այցելում եմ) ձեռքս անցավ Ամերիկայում լույս տեսնող «Art in America» («Արվեստը Ամերիկայում») ամսագրի հունիս-հուլիս 2010-ի միացյալ համարը, որտեղ մի ամբողջ էջ գրավող հայտարարությունը տեղեկացնում էր, որ հունիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը Նյուպորտ Բիչում (Կալիֆոռնիա) կազմակերպվել է ամերիկացի նկարչուհիՙ Մայքլ Ուեսթիՙ 40-ականներից 80-ական թվականներին ստեղծած նկարների ցուցահանդեսը: Հայտարարության մեջ որպես նշանաբան մեջբերված էր Ուեսթի «Նշումներ Գորկու մասին» հուշագրությունից «Գորկին եւ ես... երկուսս էլ նկարչությամբ տարված էինք մոլեռանդության աստիճանի» արտահայտությունը:
Գորկու մասին մեր հոդվածաշարերի ընթերցողները քաջատեղյակ են, որ Գորկի-Ուեսթ սիրավեպը, թեեւ պլատոնիկ, երկուսի կյանքում, կարելի է ասել, նշանակալի հետք է թողել: Իսկ ո՞վ է եղել Մայքլ Ուեսթը: Մեր ձեռքի տակ եղած Հայդեն Հերրերայի «Արշիլ Գորկի: Կյանքը եւ գործը» եւ Մեթյու Սփենդերի «Այծեր տանիքի վրա» գրքերից, ինչպես նաեւ համացանցից վերցված տեղեկություններով փորձենք ներկայացնել այս հմայիչ նկարչուհուն:
Երաժիշտը, նկարիչը եւ բանաստեղծը
Քորինը ծնվել է 1908-ին Չիկագոյում, բայց մեծացել է Օհայոյում, նախ Կոլումպուսում եւ ապա 17 տարեկանից Ցինցինատիում, որտեղ հաճախել է տեղի երաժշտանոցը, սովորել դաշնամուրի դասարանում: Ծնողները նյութապես ապահովված են եղել եւ երաժշտասեր: Հայրը ջութակ է նվագել, մայրըՙ դաշնամուր:
Այնուհետեւ Քորինը դերասանական արվեստով հրապուրվել եւ ընդունվել է Ցինցինատիի Գեղարվեստի ակադեմիան: 1930-ին «The Passing of the Third Floor Back» ֆիլմում նկարահանվելուց հետո ամուսնացել է ֆիլմում իր խաղընկերոջՙ Ռենդոլֆ Նելսոնի հետ: Բայց կարճատեւ համատեղ կյանքից հետո նրանք բաժանվել են: 1932-ին տեղափոխվել է «Մեծ խնձոր» հորջորջված Նյու Յորք քաղաքը, որտեղ շարունակել է կրթությունըՙ աշակերտելով Հանս Հոֆմանինՙ «Արվեստի ուսանողների լիգա» հաստատությունում: Իրերի էության մեջ թափանցելու եւ ներքինը, հոգեկանը արժեւորելու Հոֆմանի մոտեցումները անջնջելի ներգործություն են ունեցել երիտասարդ արվեստագետի աշխարհըմբռման գործումՙ նրան առաջնորդելով դեպի հոգեւոր վերացականություն:
Մյուս ականավոր անձնավորությունը, որն անմիջական եւ խոր ազդեցություն է ունեցել նրա վրա, եղել է Արշիլ Գորկին, որի հետ մի որոշ շրջան (մոտավորապես 1934-ից 1936 թիվը) մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել:
Այդ ընթացքում Ռոչեստրի (նավահանգիստ Նյու Յորքում, որտեղ ապրել են իր ծնողները) «Արվեստի ակումբում» Քորինը ունեցել է իր արվեստանոցը, մասնակցել այդ ակումբի միջոցառումներին: 1935-ին տեղի «Մեմորյըլ Արտ» պատկերասրահում ցուցադրել է իր «Մանուելայի դիմանկարը» կտավը, արժանանալով քննադատների գովասանական խոսքերին: Այդտեղ նա դասախոսություն է կարդացել եւ քննարկել Հոֆմանի «Հրում եւ ձգում» տեսությունը, ինչպես նաեւ Պիկասոյի, կուբիզմի եւ «նոր արվեստի» (որը հետագայում պիտի կոչվեր լիրիկական կուբիզմ, իսկ ավելի ուշ աբստրակտ էքսպրեսիոնիզմ) այլ ներկայացուցիչների գործերը: Ներկաները, մեծ մասամբ ուսանողներ, հափշտակված ուշադրությամբ լսել են նրան: Վաճառվել են ցուցահանդեսում ներկայացրած իր բոլոր գծանկարները: Հաջողությունից ոգեւորված շարունակել է խմբակային ցուցահանդեսների մասնակցել եւ նույնիսկ անհատական ցուցահանդեսներ կազմակերպել:
Իր ժամանակակիցներից Լի Կրասների եւ Ջորջ (Գրեյս) Հարտիգանի նմանողությամբ եւ հավանաբար Գորկու ազդեցության տակ Քորինը նախ Միխայիլՙ ռուսական եւ ապա Մայքլ անգլիական հնչողությամբ տղամարդու անունն է ընտրել իր համար, ցանկանալով, որ իրեն դատեն անկախ սեռային պատկանելությունից, բացառապես իր ստեղծագործությունների հիման վրա:
Մանհետեն եւ Նյու Յորք տեղափոխվելը եւ այդ քաղաքների մշակութային եռուն կյանքին ակտիվ մասնակցությունը մեծապես ընդլայնել են նրա կտավների ցուցադրման հնարավորությունները: 1948-ից մինչեւ 50-ականների վերջերը ցուցահանդեսներ է տվել «Ռոուզ Ֆրայդ», «Սթեյբլ», «Ապթաուն» եւ Վաշինգտոնի «Դոմինո» պատկերասրահներում: Շատ դեպքերում արվեստագետները նրա կտավներում համեմատական եզրեր են գտել Պոլոքի նկարների հետ:
1948-ին ամուսնացել է փորձարարական ֆիլմարտադրիչ եւ լուսանկարիչ Ֆրենսիս Լիի հետ եւ հաջորդ տարին նրան պարգեւել է մի զավակ, որին կոչել են Լայոնել Սարդոֆոնտանա Լի:
1976-ին Քորինը ուղեղի կաթված է ստացել, բայց շարունակել է նկարել, ինքն իրեն համոզելով, որ ազատվել է կտավները ցուցադրելու ճնշող մթնոլորտից: 1981-ին հայտարարել է, որ պարզապես ցանկանում է նկարել «խաղաղության մեջ»: «Նկարելը ինձ ուժ է տալիս», ասել է նա:
Վախճանվել է 1991-ին: Հինգ տարի անց Պոլոք-Կրասներ Տուն-հիմնադրամը հետահայաց ցուցահանդես է կազմակերպել նրա պատվինՙ կոչելով այն «Մայքլ Ուեսթ: Նկարիչ-բանաստեղծը»:
Հանդիպում Գորկու հետ
Ըստ Հայդեն Հերրերայի, Գորկին սկսել է ռոմանտիկ հարաբերություններ մշակել երիտասարդ նկարչուհու հետ, 1935-ի գարնանը: «Ուեսթը կատարյալ, օվալաձեւ դեմքով, քնկոտ աչքերով եւ կարմիր շրթներով շիկահեր գեղեցկուհի էր: 1930-ականներին արված լուսանկարում նա այնպես է բռնած սիգարետը, որ ընդգծում է իր մատների նրբությունը, իսկ բերետըՙ նրա արվեստագետ լինելու հանգամանքը», գրում է նա:
Երկուսն էլ այդ շրջանում գտնվել են իրենց առաջին կողակիցներից բաժանվելու դժվարին ժամանակահատվածում: Գորկինՙ Մառնի Ջորջից, իսկ Քորինըՙ Ռենդոլֆ Նելսոնից:
Գորկու արվեստանոցի սենյակներից մեկում վարձով ապրող եւ «Արվեստի ուսանողների լիգայում» Քորինից ավելի բարձր դասարանի ուսանող եւ ցածր խմբերի հսկիչ Լորենցո Սանտիլլոն է նրանց ծանոթացրել:
Սկզբում Քորինը Գորկու հետ հանդիպման նրա առաջարկներին թերահավատությամբ է վերաբերվելՙ մտածելով, որ հերթական «մաեստրոյի» հետ է ծանոթություն հաստատելու, բայց Սանտիլլոյի պնդումներին ի վերջո տեղի է տվել եւ Գորկու արվեստանոցում տեսնելով «Գիշեր, առեղծված եւ կարոտախտ» կտավը ապշել է «հիշողությունը աբստրակտ ոճով ներկայացնելու» նրա կարողության վրա: Ապշել է ու հրապուրվել նրանով:
Այդ երեկո Շվաբախերները, Գուգենհայմները, Մեցգերները, նկարիչներ Իսամու Նոգուչին եւ Ստյուարտ Դեյվիսն էլ են եղել այնտեղ եւ Գորկին տեսնելով, որ Քորինը մի տեսակ անհարմար է զգում իրեն այդ շրջապատում, փորձել է սիրալիր վերաբերմունքով հանգստացնել նրան: Դրանից հետո նրանք հաճախ են հանդիպել, միասին այցելել թանգարաններ, մասնավորապես «Մետրոպոլիտենը» եւ քննարկել արվեստի ցուցադրված նմուշները: Գորկին Քորինի առաջ բացել է եվրոպական սյուրռեալիզմի դռները, եւ Քորինը սկսել է անհագ հետաքրքրությամբ ընթերցել Անդրե Բրետոնի, Իսիդորե Դուկասի եւ այլ գրողների ստեղծագործությունները: Նրանք հափշտակված են եղել միմյանց եւ արվեստի հանդեպ ունեցած իրենց սիրով:
Ահա թե ինչ է գրել Քորինը 1977-ին իր «Գրառումներ արվեստի մասին» նոթատետրում. «Արվեստ եւ հավերժական որակ: Դրան է, որ մենք ձգտում էինք, իրենց առաջնորդներին թողնելով տարբեր ուղղություններն ու շարժումները: Արվեստի հանդեպ սերն էր մեզ միավորողը: Ես քրիստոնյա հոգեւորականների երկար սերնդի շառավիղներից էի, մեր գերդաստանի անունը Ուեսթըրմեն էր: Գորկին էլ ռուս եւ հայ հոգեւորականների երկար շառավիղի հետնորդն էր: Երկուսս էլ Աստծո զավակներն էինք, եւ այդ հրաշալի զգացողությունը կյանքի հանդեպ իրականում հասնում էր հիստերիկ սրբության: Մենք համեստ պոետներ էինք, որոնք իրենց էներգիան ուղղորդելու խելամիտ ճանապարհն էին որոնում: Բայց այդ հզոր էներգիայի ետեւում անշուշտ կար նաեւ անտարբերության (ապատիայի) կամ «հակադարձ բնավորությունների ռումբը», որի շուրջ մենք պետք է ծավալեինք պայքարը մեր կյանքի ընթացքում: Նա հաջողության հասավ, բայց ստիպված էր իր կյանքով հատուցել դրա համար: Իսկ ես քարշ տվեցի կյանքս անթիվ-անհամար «մոխրագույն արահետներ» շրջանցելովՙ վերջում միշտ ուրախությամբ խորհրդածելով ինչ-որ որոշակի մի առարկայի գեղեցկության մասին» :
Գորկին, իր հերթին, չի կարողացել առանց նրա ապրել: Շատ անգամ է նշել, որ Քորինը ոգեշնչում է իրեն, մղում ստեղծագործելու: Քորինի բացակայությունների ժամանակ մեծ թվով կրքոտ նամակներ է հղել նրան, շատ անգամ ամբողջական նախադասություններ կամ նույնիսկ պարբերություններ վերցնելով հայտնի սյուրռեալիստ գրող-արվեստագետներից, ինչպիսիք Անդրե Բրետոնն էր կամ քանդակագործ Գուդիե Բրեշկան:
Քորինի ծնողներին այցելությունից հետո, 1935 թվի օգոստոսի 11-ին Քորինին հասցեագրված նամակում Գորկին գրում է.
«Թանկագին սերս,
Այժմ երբ ճանապարհորդությանս հոգնածությունը անցել է, երկու իրական տպավորություններ են ինձ համակում: Առաջինըՙ մեր երկուսին միավորող կատարյալ եւ խոր սիրո այդ քաղցր սենսացիան է, իսկ երկրորդըՙ քո, իմ Քորին, եւ քո աշխատանքների հաճելի ներկայությունն է:
Ես անչափ կարոտում եմ քեզ, եւ այս վայրը չափազանց ընդարձակ եւ տխուր է թվում ինձ, որովհետեւ դու ինձ հետ չես:
Փոքրիկ սիրելիս [1], այս ամբողջ հրաշալի երկրի քո ապրած այդ գողտրիկ վայրը, որը շատ մեծ չէ, բայց չափազանց մտերմիկ է, մարդկային եւ բավականին կելտականՙ իր ուրույն զվարթ մթնոլորտով, իմ վրա մեծ տպավորություն թողեց:
Սիրտս, սիրելիս, արյունահոսում է քո բերանում եւ փակում այն, քո բերանի կարմիր շագանակենիներով եզերված պողոտաների վրա, որոնց փայլփլուն փոշու միջով քայլում ենք... Քո գեղեցկության ասուպային հայտնությունների շրջապատում... Պաշտում եմ քեզ... Դու այնքան գեղեցիկ ես, եւ ես երջանիկ եմ, որ քո ներկայությամբ կարող եմ նաեւ հպարտանալ իմ արժանիքներով... Քո մասին մտածելով... Քո անունը բազմապատկում է երկնային հափշտակությանՙ էքստազի իմ ամենատարբեր ոլորտները... Պաշտում եմ քո անունը, որովհետեւ իմ գունագեղության գեղեցկության բոլոր հայելիներում արձագանք է թողնում... Տասներկու անգամ տասներկու հազար հարյուր քառասունինը անգամ սիրել եմ քեզ կրքոտությամբ...
Ես քեզ այնքան շատ եմ սիրում, փոքրիկ Քորինս [2] եւ համբուրում եմ կրքոտությամբ քո գեղեցիկ մարմինըՙ ոտից գլուխ եւ աղոթում եմ, որ ջերմ արեւը քեզ երջանկություն պարգեւի եւ քո գործերին հաջողություն ընձեռի: Քնքշությամբ սիրում եմ քեզ եւ տենդագին սպասում այն առաջին առիթին, որ դարձյալ կհանդիպեմ քեզ եւ կհամակվեմ քո սիրով:
Բոցավառվողՙ Արշիլ:
Հ.Գ.- Քո ծնողների եւ (քրոջը) Ֆեյթի հանդեպ հարգանքներով եւ սիրալիր հիշողություններովՙ շաբաթավերջին երկար նամակ կգրեմ: Վաղը գրքեր կուղարկեմ»:
Նյու Յորքից մեկ ուրիշՙ 1936 թվի օգոստոսի 24 թվակիր նամակում «Իմ թանկագին սերս, Քորին, ամբողջ սրտով համբուրում եմ քեզ, գրկում ու սեղմում» բառերից հետո Գորկին որպես իր սեփական գրություն ներկայացնում է սյուրռեալիստ բանաստեղծ Պոլ Էլյուարի մի բանաստեղծությունը, որիՙ Սամուել Բեքետի կատարած անգլերեն թարգմանությունն էր կարդացել հավանաբար:
«Նա կանգնած է թարթիչներիս վրա,
Եվ նրա մազերըՙ մազերիս մեջ են:
Նա տեսքն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա կլանված է ստվերիս մեջ
Ինչպես մի քարՙ երկնքի վրա...»: [3]
այնուհետեւ շարունակում է.
«Ե՞րբ եմ տեսնելու քեզ: Երկար նամակ եմ գրելու ուրբաթ օրը: Խնդրում եմ, տեղեկություններ հաղորդես քո մասին: Քաղցր նամակդ վաղուց եմ ստացել: Ուրախ եմ, որ աշխատում ես (քրոջդ) Ֆեյթի նկարի վրա: Խնդրում եմ ավելի մանրամասն գրես: Սիրելիս, շատ հոգնած եմ այս ու այն կողմ շտապելուց: Բայց նաեւ շատ ստեղծագործելուց: Որմնանկարներ եմ արել եւ սկսել այս առավոտ 14x9 ոտնաչափ մեծությամբ մի կտավի վրա աշխատել: Բոստոնում քրոջսՙ Վարդուշին եմ այցելել»:
Նամակի հուսահատական տոնով շարունակության մեջ Գորկին դարձյալ մեջբերում է անում ուրիշից, այս ագամ Ռենե Կրեվելի «Քնելու նոպաների ժամանակաշրջանը» հոդվածից տպագրված «This Quarter» պարբերականի 1932 թվականի սեպտեմբերյան համարում: «Այդքան շատ ձայներ... զզվանք առաջացրին իմ մեջ... ոտքերս քարշ էին գալիս... ծառերը կախաղանի փայտից էին եւ դրանք անթիվ էին ռեպրեսիայի անտառում... եւ տերեւներն այնքան խիտ էին, որ արեւածագից արեւամուտ եւ արեւամուտից արեւածագ մարդ չէր համարձակվում երեւակայել, որ մի օր հորիզոնից այն կողմ... արեւ կբացվի... ամբողջովին կանաչադեղնավուն եւ սիրով պատված» :
Մեջբերման դրդապատճառը առայժմ բացահայտված չէ:
Իրՙ հաջորդՙ 1936 թվի սեպտեմբերի սկզբներին գրած նամակում Գորկին դարձյալ Պոլ Էլյուարին է դիմում եւ սկսում է «Դու իմ հրաշալին, որին պաշտում եմ» տողով եւ շարունակում «Քո գեղեցկության հանդեպ ունեցած իմ պաշտամունքը ինձ ծնկի է բերում խնդրելու քեզանից, որ մտածես իմ մասին» եւ ապա «մի մոռացիր ինձ» եւ «Քորին, սիրելիս, շատ եմ կարոտում քեզ: Մի նկար եմ ուղարկում, հուսով եմ, կհավանես» տողերով ավարտում իր գրությունը: [4]
Այս եւ նույն թվի սեպտեմբերի 2-ին ուղարկված մի հեռագիր ( «Սիրելիս, ինչո՞ւ քեզանից ոչ մի լուր չկա» ) հուշում են այն մասին, որ Քորինի հետ հարաբերությունները հասել են իրենց ավարտին, կամ բավական թուլացել են: Ըստ Հերրերայիՙ 1937-ի վաղ գարնանը Գորկին մի վերջին անգամ գնում է Քորինին տեսնելու: Քորինը հետագայում այդ մասին գրել է. «Նա իմ արվեստանոցում նկարեց եւ թողեց իր մեծ ինքնադիմանկարը եւ մակագրեցՙ «Քորինին»:
Իր հուշերում նա նաեւ նշել է. «Ինձ համար Գորկին վարպետ նկարիչ է: Նրա վաղ շրջանի գործերը ես ամենաշատն եմ սիրում եւ բանի տեղ չեմ դնում ուրիշների ազդեցության տակ լինելու (որոշ մարդկանց) խոսակցությունները: ...Նրա մեծությունը ավելին էր, քան ակնկալվում էր: «Պարտեզ Սոչիում» կանաչ կտավը եւ այն մեկը, որ Ուիթնի թանգարանում է գտնվում, նրա խոշորագույն գործերն են: Ուիթնիի կտավը ես համարում եմ աշխարհի լավագույն կտավը, շատ ավելի լավը, քան Մոնա Լիզան» :
Կրկնողությունից խուսափելու համար այստեղ չենք նշում Գորկու մահվանից հետո Քորինի հուշերում հայտնված այն տողերը («Գորկին եւ ես մշտապես միասին էինք...»), որոնք արդեն հրապարակել ենք «Ազգ»-ի 2011 թ. դեկտեմբերի 3-ի Մշակույթ-հավելվածում: Ավելացնենք, սակայն, որ Գորկի-Քորին հարաբերությունները եղել են ավելի շատ ընկերական եւ արվեստաբանական (այսինքնՙ «հանուն արվեստի»), քան սեքսուալ-մարմնական: Քորինն ինքը, ըստ Հերրերայի, երեք պատճառ է թվարկել իր նոթատետրում: «Առաջինըՙ արվեստի հանդեպ մեր ունեցած հախուռն զգացմունքներն էին խագարում, երկրորդըՙ մենք գտնվում էինք մեր առաջին ամուսնություններից հուսախաբ լինելու ազդեցության տակ: Դա շատ ցավալի էր մեզ համար եւ երրորդըՙ իմ կարծիքով նա ավելի շատ կարիք ուներ հարուստ կենսափորձ ունեցող մի անձնավորության, ով նրան երկու երեխա կպարգեւեր եւ կօգներ կարգավորելու իր կարիերան» , գրել է նա:
Իսկ Ուեսթի քրոջըՙ Ֆեյթի համոզմամբ, Գորկին «իր վրացական [5] կրքոտ արմատներով շատ ավելին էր, քան Քորինը ի վիճակի էր դիմակայել»: Գորկին շատ «մեծ էր ու կատաղի... շատ տղամարդկային ու առնական»: Կար նաեւ այն հանգամանքը, որ Գորկին «ամբողջովին չէր բացվում, նույնիսկ իր սիրած կանանց առջեւ»:
Քորինն ինքն է այդ մասին ակնարկել իր բանաստեղծություններից մեկում, գրելով. «Ինչպես կարող է ինչ-որ բան դուր գալ Արարչին, նա ապրում է ստեղծագործելու համար եւ դրանից այն կողմ ոչինչ չի ցանկանում: Ոչ մի այլ պարգեւ կամ նվեր (Գորկին ատում էր նվերները: Ես նույնպես): Դու նրան ոչինչ չես կարող տալ բացի հուզումներից ու գրգիռներից, որպեսզի դրանցով նա ստեղծագործելու մի բան ունենա իր ձեռքի տակ» :
Դարձյալ ըստ Հերրերայիՙ Քորինը նույնպես ամբողջովին չէր բացվում: Նա դեռ պատրաստ չէր դառնալու այն կինը, որին Գորկին կուզենար «կերտել» կամ «ձեւավորել»: «Գորկին ոչ թե արվեստագետի, այլ ուժեղ բնավորության տեր կնոջ կարիքն ուներ... իմ արվեստով տարված լինելը խոչընդոտում էր մեր հարաբերություններին» , գրել է Քորինը: Իսկ Գորկու աշակերտ եւ կենսագիր Շվաբախերը այսպես է մեկնաբանել նրանց հարաբերությունների ավարտը.
«Հրապուրանքն այդպես էլ կայուն սիրո չվերածվեց, այլ կամաց-կամաց չքացավ ու հանգեց, եւ Գորկին դարձյալ մենակ մնաց իր հուշերի եւ երեւակայական ընկերների հետ»:
Քորինի փիլիսոփայական աշխարհը
Գծագրության կարեւորությունը շեշտելու Գորկու պնդումները մեծ դեր են խաղացել Ուեսթի ինչպես նկարչական կարիերայի, այնպես էլ նրա հայացքների ձեւավորման գործում: Միասնաբար թանգարաններ այցելությունները եւ հին վարպետների վերաբերյալ Գորկու «դասախոսությունները» մեծապես խթանել են Ուեսթին, որ գծերին հատուկ ուշադրություն դարձնի եւ հետզհետե գծանկարները գունագեղ կտավների վերածի:
Գորկու եւ իր երկրորդ ամուսնուՙ Ֆրենսիս Լիի շնորհիվ, ով հաճախ է այցելել Նյու Յորք ժամանած տարագիր սյուրռեալիստներին, Ուեսթը առիթ է ունեցել ծանոթություն հաստատելու այնպիսի ճանաչված արվեստագետների եւ ազդեցիկ քննադատների հետ, ինչպիսիք են Խուան Միրոն, Ռոբերտ Մաթերվելը եւ Հարոլդ Ռոզենբերգը: Հետագայում նաեւ Ջեքսոն Պոլոքը եւ Ռիշար Պուսեթ-Դարը. նրանից եւ Գորկուց սովորել է վերացական «լեզվի» մեջ ներարկել հոգեւոր էություն:
Տարիքով իրենից փոքր Ռիշարի նման Ուեսթն էլ ձգտել է «արվեստի ստեղծագործական կրակով» բաց անել «հոգեւոր աշխարհի դռները»: Այս շրջանից սկսած նրա գործերը կրել են նկարչագրաֆիկական եւ իրարից անջատված վերացական գոյաձեւեր, որոնք քիչ առնչություն ունեն արտաքին մատերիալիստական աշխարհի հետ: Դրանցում գույները հաճախ պարկուճներից անմիջապես կտավի վրա են լցված եւ հետո միայն ներկապնակի հատուկ բութ դանակով տարածելՙ ստանալու համար այն, ինչ Պուսեթ-Դարը անվանում էր «հոգեկանի նյութական գիտակցություն»:
Այնուհետեւ փիլիսոփա Հենրի Բերգսոնի ուսմունքից («բոլոր ապրող էակները փոխկապակցված են միմյանց հետ») ոգեշնչվածՙ Ուեսթը իր էսթետիկական փիլիսոփայությունն է զարգացրելՙ տալով դրան «նկարչության մեջ նոր խորհրդամոլություն» սահմանումը:
1946-ին գրած իր էսսեներից մեկում նա նշել է. «Արտաքին աշխարհը փոխվում է մեր մտքերի փոփոխման հետ, չնայած, որ մեր մտքերն ընդհանրապես ավելի առաջ են անցնում աշխարհի մատերիալիստական ընկալումից: Տեսողական միասնականությունը մասնատելը... արտաքին տեսքը փշրելն ու փոխելը անհրաժեշտ է, եթե անհատը կարողանում է խորամուխ լինել մեր միստիկական տիեզերքի էության մեջ»:
Այս փիլիսոփայությամբ առաջնորդվելով է, որ Մայքլ Ուեսթը մեծապես նպաստել է արվեստի նոր ուղղությանՙ աբստրակտ էքսպրեսիոնիզմի տարածմանը իր ստեղծագործություններով, բանաստեղծություններով եւ քննարկումների ժամանակ արտահայտած մտքերով:
Ծանոթագրություններ
(1) Այստեղից սկսած ամբողջ հատվածը, ըստ Հերրերայի, վերցված է Բրետոն-Էլյուարի համահեղինակությամբ 1930-ին գրված «Անարատ հղությունը» արձակ բանաստեղծությունից:
(2) Այս վերջին հատվածը փոքր շեղումներով վերցված է Գուդիե-Բրեշկայից:
(3) «Ֆրանսիական պոեզիա» ԵՊՀ հրատարակչություն, 1984 թ. «Ուսանողի գրադարան» մատենաշար: Թարգմ. Զ. Միրզայանի:
(4) Իր գրած բոլոր նամակներում Գորկին խուսափել է օգտագործել կետադրական նշաններ: Առանց ստորակետի, վերջակետի նա կողք-կողքի պարզապես շարել է իր մտքերը: Տեքստում բերված կետադրական նշանները մերն են:
(5) Այդպես է կարծել, չիմանալով նրա հայ լինելու հանգամանքը:
Նկար 1. Քորին Մայքլ Ուեսթ
Նկար 2. «Պոետըՙ շագանակագույն գլխարկով»
Նկար 3. «Կոմանդոսները»1960
Նկար 4. «Վիետնամական ամառ»
Նկար 5. Քորին Ուեսթին ուղղված Գորկու նամակից մի կտոր
Նկար 6. «Ծաղիկներ»