ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
«...Մի մոռնաք որ դուք առաջին Հայ գրողն էք, որուն հետ թղթակցութիւն կը պահեմ իրական հաճոյքով»:
Շահան Շահնուր
«...Քո նամակները երբ կստանամ, իմ կամքես անկախ ձեռքերս աջ ու ձախ կպարզվեն պարելու պատրաստությամբ»:
Գուրգեն Մահարի
Սփյուռքի գրողներից ամենասերտ կապերը Մահարին ունեցել է Շահան Շահնուրի (1903-1974) հետ: Խոսքը հոգեւոր կապերի մասին է, քանի որ կյանքում նրանք իրար այդպես էլ չտեսան: Մեր օրերում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են երկու հոգեհարազատ մարդիկ ապրել մեծ արագությամբ «փոքրացող» մեր մոլորակի վրա եւ հեռանալ աշխարհից` իրենց հետ տանելով մեկը մյուսին տեսնելու, ողջագուրվելու, աչք-աչքի զրուցելու չիրականացված ցանկությունը... Խորհրդային իրավակարգում այդ հարցը կապված էր ՊԱԿ-ի բարդույթների հետ: Իսկ հիմա՞... Ո՞վ կհաշվի, վերջին երկու տասնամյակում քանի՞ անգամ է Երեւան ժամանել անգլիացի հասարակական գործիչ հարգարժան տիկին Կոքսը... Կամ քանի՞ անգամ են պետական սահմանը հատել մեր օրերի գրողները: Չզբաղվենք մեծ թվերի թվաբանությամբ, անցնենք բուն նյութին, արձանագրելով, որ մեր օրերում անհամեմատ ամրացել են Հայաստանի կապերն արտաքին աշխարհի հետ...
Մահարի-Շահնուր նամակագրության մասին ամբողջական մի հրապարակում, ցավոք, ես իրականացրել եմ տասնամյակներ առաջ [1], երբ սակավ էին աշխատանքի փորձը եւ ձեռքիս տակ գտնվող նյութերը: Անդրադարձն ըստ ձեւի կատարվել էր, բայց բովանդակությամբ այն վաղուց դադարել էր ինձ բավարարելուց: Շատ եմ մտածել թեմային վերադառնալու մասին, եւ իզուր չի ասված` որոնողը ելքը կգտնի: Մահարի-Շահնուր նամականին այնքան է հարուստ ու բազմաբնույթ, որ կարող է նյութ տալ մի քանի թեմաների: Խուսափելով ընդհատակյա խութերից, ընտրեցի թեմաներից հնարավորինս «անմեղը»: Հաշվի առա Սփյուռքի իմ թղթակիցներից մեկի ցավակցությունը` վերջերս ինձ հանդիպած հերթական «փորձանքի» առիթով. «Դժբախտաբար մէկ բան փաստ է. կարելի չէ անցեալ դարու 70-90 տարուան գրականութեան անդրադառնալ (Հայաստան եւ Սփիւռք), առանց ասոր կամ անոր «կպնելու»: Մանաւանդ, երբ փաստերը կը խօսին...»: Խուսափելով գոնե այս ամգամ «կպնելուց», ես ընտրեցի հումորը, մանավանդ որ նամակագրության նախապատմությունը լիովին տեղավորվում է այդ շրջանակում:
***
...1962 թ. լրացավ երեւանյան «Գրական թերթի» 30-ամյակը: Հոբելյանական համարում լույս տեսած հոդվածում Մահարին նշեց թերթի խաղացած դերը Իսահակյանին «երկիր» բերելու հարցում եւ հարցրեց. «Ինչո՞ւ «Գրական թերթը» կոնտակտի մէջ չէ Շահան Շահնուրի եւ այլ սակավաթիվ, բայց արժեքավոր գրողների հետ»2:
Մահարին արդեն ծրագրել էր անելիքը: Երկու շաբաթից, երբ հոդվածը կամ դրա արձագանքն ապահովաբար հասել էր Շահնուրին, նա գրեց առաջին նամակը.
«Սիրելի Շահնուր.
Չգիտեմ, կհասնի՞ քեզ իմ այս նամակը, որքա՞ն ստույգ է հասցեդ... մեկնելով «փորձը փորձանք չէ» ասույթից, որոշեցի գրել այս «փորձնականը», որը մի նպատակ ունի, հաստատել նամակագրություն քեզ հետ, մի մարդու, որի անունը լսեցի առաջին անգամ 1930-ական թվականների սկզբներին Եղիշե Չարենցից... Նա տվեց ինձ կարդալու «Նահանջը առանց երգի»-ն, հանձնարարելով այն որպես «ամեհի, սքանչելի գործ»: Այնուհետեւ դու դարձար, թանկագին Շահնուր, իմ փնտրած եւ սիրած հեղինակը:
Գիտեմ, որ ֆրանսիական գրականության մեջ քո գրչով նույնքան «ամեհի» դուրս եկար... եւ՛ ուրախացա եւ՛ ցավեցի: Գիտեմ եւ այն, որ վերադարձեր ես հայերենի գրադարակներին եւ գզրոցներին: Բարի, արգասավոր վերադարձ: Մեսրոպատառ հայերենը եւ հայ ժողովուրդը դեռ քեզանից շատ ու մեծ սպասելիքներ ունի...
Գրի՛ր, եթե կստանաս նամակս, շատ պիտի ուրախանամ եւ պիտի գրեմ ավելի հանգամանորեն: Մի՛ զլանա վերջին լուսանկարդ: Ուշ գիշեր է, գարնանամուտի գիշեր Երեւանի վրա, ուստի` բարի գիշեր:
Ներիր, որ նամակս գրեցի հազար տարվա ծանոթի մտերմությամբ. ուրիշ կերպ չէի կարող գրել ես մեծաքանքար եւ սիրելի Շահան Շահնուրին...
Քո` Գուրգեն Մահարի» (6 մարտի 1962 թ.):
Տեղափոխվենք Փարիզ: «Յառաջ» օրաթերթի խմբագիր Արփիկ Միսաքյանն ուներ սերտ կապեր Վար նահանգի Սեն-Ռաֆայելի հայկական ծերանոցում ապրող Շահան Շահնուրի հետ: Նա տեղյակ պահեց գրողին Մահարու հոդվածի եւ դրանում բարձրացված հարցի մասին: Շարունակությունը կարդում ենք Շահնուրի պատասխան նամակում.
«...Տեղեկատուիս չը քաշուեցայ պատասխանելու թէ, բոլորովին անընդունելի կը գտնեմ ձեր սաստը: Արդարեւ, ինչպէ՜ս մեղադրել գրչեղբայրներ, երբ մարդ ինքն իսկ կը մնայ ձեռնպահ...:
Խօսած էի, խօսած ըլլալու համար: Եւ խօսքս բերանս մնաց: Նոյն օրն իսկ կը ստանայի ձեր գրութիւնը, որ յայտնապէս կուգար զիս ամօթով թողելու յետին մտքով: Զգացած խղճահարութիւնս իրական եղաւ այնքան` որքան իրական հրճուանքս...
Շնորհակալ եմ այն բոլոր ազնիւ տողերուն համար զոր կը յատկացնէք իմ գիրքերուս: Ոչ միայն հաճոյութեամբ, այլ եւ իրական սէրով է որ ընդառաջ պիտի երթամ ձեր փափաքին, որով կ’ուզէք թղթակցիլ հետս... Հաւատացէք որ անկեղծ հիացող մըն եմ ձեր տաղանդին, որ այնքան ինքնատիպ է որքան «երջանիկ»: Կայ բանաստեղծութեան տեսակ մը, որուն ֆրանսացիները կ’ըսեն C’est une poռsie heureuse, այսինքն ինքնաբուխ, հեշտահոս, գեղափայլ, եւ դեռ աւելի բան մը որ անուն չունի: Ձեր «Երիտասարդութեան Սեմին»ը միայն կը ճանչնամ, բայց ան ինքնին կը վկայէ թէ ձեր անկեղծ յառաջատուութեան կ’ուղեկցի քաջութիւնը: Կնասէ՛ր ալ կ’երեւաք դուք: Այդ բանը աստուածահաճոյ բան է: Վկայ ունիմ...» (21 մարտի 1962 թ.):
Այսպես սկսվեց երկու գրողների նամակագրությունը: Զգուշավոր քաշված հումորի թելն առիթ տվեց դիմացինին բացելու պարկը. «Չափազանց վիրավորվեցա քո թերագնահատումեդ, երբ զիս կնասեր կանվանես. կնասեր չեմ ես, ոչ, հազար անգամ ոչ, շատ եմ հեռու կնասեր ըլլալե, կնապա՛շտ եմ ես, ով Շահան, ինչու կթերագնահատես զիս...» (9 ապրիլի 1962 թ.):
Կողմերն ունեին առողջական խնդիրներ: Թեմա, որ անբաժան էր հեգնանքից ու ինքնահեգնանքից. «Եղբորս ասեմ` հակառակ կամքիս է, որ հեռանում եմ Երեւանից այսպես կանուխ, առանց մաշտոցյան տոներին մասնակցելու [3]. այս հիվանդությունս ավելի շտապեցուց ինձ: Ամսի 8-ին կլինեմ Մոսկվայում: Մի բժիշկ ունեմ, որ ինձ բուժեր է 1957 թվին, տեսնենք ինչ կգտնի: Ներիր այս անախորժ մանրամասնություններուս: Քեզի չէ, որ պիտի զարմացնեմ հիվանդություններով(ս)... Ներիր, որ անկապ կգրեմ, անճիշտ, քերականությունս էլ է հիվանդ...» (4 մայիսի 1962 թ.):
Շահնուրի պատասխանն ուներ նովելային բովանդակություն. «Երէկ մօտս եկան երկու կրօնաւորներ, մէկը լուսաւորչական, միւսը բողոքական: Այս վերջինը սկսաւ ներփողել ձեր պարզութիւնն ու համեստութիւնը, զանոնք հակադրելով Չարենցի ինքնագովութեան: Չկարենալով ինքզինքս զսպել, ըսի թէ ձեզմէ նամակ ունիմ եւ թէ քիչ մը տկար էք: Բողոքականը իսկոյն վեր ցատկեց նստատեղիէն, աղերսելով. - Կ’աղաչեմ, գոնէ իր ստորագրութիւնը ցոյց տուէք: Գոնէ զայն տեսած ըլլամ...
Ձեր այս զոյգ հիացողները վախնա՜մ երթան կոչ ուղղեն առ ի Տեառն մերոյ, ի խնդիր ձեր առողջութեան: Չեմ համարձակիր հետեւանքը երեւակայել...» (23 մայիսի 1962 թ.):
Լեռ Կամսարը մերժել էր համատեղ պիես գրելու Մահարու առաջարկությունը, ասելով, թե չի պատկերացնում ինչպես կարելի է երկու գրչով ստեղծագործել: Մահարու պատասխան նամակը Շահնուրին, որը շարունակությունն էր Սեն-Ռաֆայելում սկսված նովելի, կփարատեր նրա մտահոգությունը. «Հիվանդությանս մասին` կարճ. ցավերը խլացեր են. այդ վերագրենք կրոնավոր հյուրերիդ միջամտությա՞նը... միայն պետք է ճշտել` լուսավորչական եկեղեցո՞ւն եմ պարտական, թե՞ բողոքական ժողովարանին, բողոքականին չըսես, ես կկարծեմ, որ լուսավորչականին, վասնզի... կնքված եմ Վանի Նորաշենի Ս. Հովհաննես (կարծեմ) եկեղեցու ավազանին մեջ. բողոքականների երկնային պաշտոնյաները, ընդունելով կրոնավորիդ միջնորդությունը, իրենց երկնային տոմարներու մեջ չպիտի գտնեին անունս եւ անհետեւանք պիտի թողնեին բողոքական միջնորդությունը, մինչդեռ լուսավորչականների երկնայինները կայծակի արագությամբ գտած կըլլան անունս եւ տնօրինած կարելին եւ անկարելին...» (8 հունիսի 1962 թ.):
Որքան էլ երկու գրողների երկխոսությունը լիներ գրական, շոշափեր պատմական ու ժամանակակից դեմքեր, գրքեր, դեպքեր ու երեւույթներ, հիվանդությունները, կրկնվող երաժշտական թեմայի նման, մեջտեղ էին գալիս միշտ նույն հեգնանքից անպակաս.
«Իմ հիվանդությունը, սիրելի Շահան, Ալճիրիո պես բան մըն է, մեկ տարբերությամբ, որ Ալճիրը 7 տարվա պատմություն ունի [4], իսկ իմ հիվանդությունը` 17-18: Ինչ ըսեմ, եթե հաստատուն օրենք լիներ, որ հարյուր տարվա կյանք մը նախատեսեր ինձ համար, ես այդ հիվանդության խերը կանիծեի, բայց քանի որ նման օրենք չկա, հիվանդությունը ելեր, իմ խերը կանիծե... Ոչինչ:
Ոչի՞նչ:
Հարց.- Ինչպե՞ս ես...
Պատասխան.- Ոչինչ:
Այս «ոչինչ»ը նշանակում է` «լավ»:
Իմ «ոչինչ»ը այս տեսակ «ոչինչ» է:
Աղվո՜ր ոչինչ...» (28 հունիսի 1962 թ.):
Վեց տասնամյակը լուրջ տարիք է եւ ազդանշան նոր հիվանդությունների: Մահարու հերթական նամակներից մեկն այդ «դեպքի» մասին էր. «Հասցեդ չեմ կորցրել, ոչ էլ կարող էի քեզ մոռանալ: Սեպտեմբերին Երեւան հասա նիհար ու թույլ, եւ չկարողացանք հասկանալ, թե ինչով եմ հիվանդ, մինչեւ որ աչքերս խլրտացին իրենց խոռոչների մեջ, մեծացան եւ հրաժարվեցին գրի եւ թղթի հետ գործ ունենալուց. այնժամ պարզվեց, որ հիվանդ եմ բազետյան հիվանդությամբ, որը է՛ եւ տոկսիկոզ, նաեւ զոբ է, նաեւ վահանաձեւ գեղձերի բորբոքում, որն ինչպես հայտնի է, կանանց մեջ շատ է տարածված. պարզվեց, որ այս հիվանդությունը մատչելի է նաեւ... կնասերներին: Այնպես որ զգուշ եղիր, սիրելի Շահնուր...» (13 հունվարի 1963 թ.):
Առողջության արծարծումները զուրկ չէին «տեսական-փիլիսոփայական» մտորումներից.
«Գալով խորհուրդիդ` «...ուշ դիր առողջությանդ...», ի՞նչ ասեմ. այդ կողմեն շատ եմ անփույթ եւ բարբարոս. կնիկս կշինե, ես կքանդեմ, մինչեւ հասնենք Երիքով [5]: Այսինքն` առողջության մասին մտածել նշանակում է մտածել բանի մը մասին զոր չկա: Պետք է մտածել հիվանդություններու դեմ կռվելու մասին: Եթե այդ սրիկաները մեկ-մեկ գային վրաս, խերերը կանիծեի, բայց անոնք` խումբո՛վ... վա՛յ, անբարիշտներ...
Ինչեւէ, Շահնուր, լալե ավելի կնախընտրեմ խնդալ եւ այդ է պահեր զիս ջուրի վրա, խորասուզվելե փրկեր, ուստի խնդա՛նք... Թեքեյանի ըսածը մեզի չի գար, ան տղու մըսած է. «Ա՛հ, լաց, որ մեծնաս», մեզի ավելի կսազե «խնդա, որ...»: Որ ի՞նչ: Ո՞ր մնաց: Բայց ինչ որ մնաց` մերն է: Անո՛վ խնդանք...» (13 հունիսի 1965 թ.):
Հիվանդությունների գիտակը, որը սահմանափակված էր անգամ ծերանոցային զբոսանքների հարցում, չհամաձայնվեց Մահարու հետ եւ շարադրեց ի՛ր տեսակետը. «Եթէ սեւ բախտը այնպէս որոշած է որ մենք հիւանդանանք, նախընտրելի է ունենալ մէկէ աւելի ախտեր, քան թէ մէկ հատիկ մը` որ մահացու է: Հիւանդութիւնները մեր մարմնին մէջ, նման են մեր փորձանաւոր կուսակցութիւններուն: Զիրար չեն քաշեր: Մէկզմէկ կը վնասեն եւ Հայը կ’ապրի: Գէշ-աղէկ կ’ապրի...» (3 հուլիսի 1965 թ.):
Շահնուրյան առողջապահական այս «տեսության» աղն ու բովանդակությունը չէին կարող ըստ պատշաճի չգնահատվել. «Փայլուն էր եւ հեռու զարնող քո մեկ կամ մեկե ավելի հիվանդություններ ունենալու տեսությունը: Հակոբ Հակոբյան անունով հեղափոխական գրող մ’ունեինք, որ Վերհարնի մասին խոսելով, կըսեր. «Տաղանդավոր է, ինձ նման է...»: Հիմա ես քո այդ տողերուդ մասին պիտի ըսեմ. «Տաղանդավոր ես, սրամիտ ես, ինձ նման ես...» :
Նամակագրության երկրորդ տարին նշանավոր էր կողմերի համար: 1963 թվականին, երկու օրվա տարբերությամբ, լրացավ նրանց 60-ամյակը. «Չէի գիտեր թէ մեր ծննդեան թուականները աւելի մօտ են մէկզմէկու, քան ինչ որ ես կը կարծէի: Երկուքս ալ 1903ի Օգոստոսի (ես` 3ին) կը գտնուինք, ուրեմն Առիւծի նշանին տակ: Աստղագիտութիւնը լաւագոյն բաներ կը նախատեսէ Առիւծներուն, որոնք կ’ըլլան սիրազեղ, հոգեզմայլ, արեւավառ եւ բերկրախինդ անձեր: Ինչպէ՜ս չը գոհանալ այս երկնառատ պարգեւներէն: Դժբախտաբար, նոյն աստղագիտութիւնը չ’ըսեր թէ Առիւծները կ’ենթարկուին ջարդի, գաղթի, ինչպէս նաեւ աչքի հիւանդութեան: Երկինքն ունի իր գաղտնի ծալքերը, նման այն կանացի շրջազգեստներուն` զորս անկարող ենք վեր առնելու: Կը մաղթեմ որ ձեր 60-ամեակը տօնէք, երբ արդէն բուժուած են ձեր աղուոր աչքերը (անոնք չեն կրնար աղուոր չըլլալ «զի ակն հայելին է հոգւոյն» կը վկայէ Սուրբ Գիրքը)» (30 հունվարի 1963 թ.):
Նույն նամակում Շահնուրը գրախոսել էր «Լռության ձայնը» ժողովածուն` առիթ տալով Մահարուն բարձրացնելու իր համար խիստ կարեւոր մի հարց. « Լռության մասին քո գնահատականը հոգիս աղմկեց. քո կարծիքը շատ թանկ է ինձ համար, անփոխարինելի: Դու էլ, գիտեմ, այս մասին կասկած չունես: («Դու» գրեցի եւ նորից անդրադարձա իմ եւ քո (քո՛...) նամակագրության ոգուն. ես դու-ով, դու` դուք-ով... հիմա ինձ համար պարզ է, թե ինչու այսպես դասավորվեց, երկու օրով մեծ եմ քեզնից. բայց մի՞թե երկու օրվա տարբերությունն ինձ իրավունք կուտա դու-ով խոսել քեզ հետ, իսկ քեզ պարտավորեցնել դուք-ով դիմել ինձ, ո՜վ Շահնուր... փակագիծը փակենք)...» (13 փետրվարի 1963 թ.):
Իզուր նա շոշափեց այդ հարցը: Շահնուրը դրան անդրադարձել էր առաջին նամակում եւ հարկ չհամարեց կրկնել. «Գրեցի յոգնակիով, մինչ դուք գործածած էիք եզակի դէմքը: Իսկապէս պիտի ցաւիմ, եթէ ըրածիս մէջ տեսնել կարծէք տեսակ մը պաղութիւն: Այդ տեսակ բան չկայ. այլ միայն սա թէ` մեր գրիչը, ա՛յդ ուղղութեամբ տաշուած է: Ուստի, կաղաչեմ, շարունակեցէք դուք գրել ձե՛ր ուղղութեամբ» [6]:
Երկու գրողներն էլ սիրահարված չէին իրենց ծննդյան օրերին: Հոբելյանը լոկ պարտականություն էր, որ պետք էր կրել: Այնուամենայնիվ, մեկ-մեկու շնորհավորելու համար նրանք գտան խոսքեր, որոնցում շաղկապված էին սերն ու հումորը, այլեւ ընթերցողի սրտին ու մտքին խոսող շատ բաներ.
«Քեզնից երկու օր առաջ աշխարհ մտա, որպեսզի ե՛ւ ինձ ե՛ւ քեզ համար տանելի մի կյանք ապահովեմ, որ թեթեւ լինի կյանքը, ժպիտը շատ, կնճիռ` սակավ, որ ծաղիկներ լինեն շատ եւ կարկուտներ քիչ...
Չկարողացա: Ոչ ինձ, ոչ էլ քեզ համար...
Շնորհավորում եմ 60-ամյակդ» (18 հուլիսի 1963 թ.):
Նույն ոգով էր եւ պատասխանը. «Ելլալ տօնել գարնանային քսանամեակը` աղուո՜ր, աղուոր աղջկան մը, ահա ինչ որ սրտապարար է: Բայց ի՜նչ ընել մեր վաթսուն հատ դեղնած օրացոյցներուն համար, որոնք կը ծանուցանեն «Տօն Ամենայն Մեռելոց»ը, իր տերեւաթափ ծառուղիով եւ խունկի հոտով: Եւ սակայն կ’արժէ տօնել մեր տարեդարձը, նկատի ունենալով այն պարագան` որ մենք վերապրեցանք «հրաշիւք իմն», այնքան մահասփիւռ եւ իրարայաջորդ աղէտներէ վերջ: Երկուքս ալ մեռեալ համարուեցանք, մէկէ աւելի անգամներ: Բայց դուք մի՛տք պահեցէք Ernest JՖngerի սա նշանակելի խօսքը. «Որթատունկին մեռեալ խաւարծիլները (vrilles) այլապէ՜ս ամուր կը կառչին` քան թարմերն ու նորածիլները»: Կը համբուրեմ ձեզ, լաւագոյն օրերու մաղթանքով» (6 օգոստոսի 1962 թ.):
Անցան հոբելյանական օրերը, Մահարուն թողնելով մտատանջությունը. «Եղբայր, չազատվեցանք սա 60 տարեկանության մորմոքներեն. օր-արեւով խայտառակվեցանք. արդեն բոլոր կանայք վերահասու եղան, որ 60-նոց ենք: Վա՛խ-վա՛խ-վա՛խ...» (19 նոյեմբերի 1963 թ.):
Մահարուն խորթ էին պաշտոնական-ձեւական միջոցառումները: Պարզվեց, որ այս հարցում էլ նրան հարազատ էր Շահնուրը. «Գրիչը ձեռք կ’առնեմ, հակառակ աշխարհասասան աղմուկին: Գոնէ կարենա՜յի պատուհանս փակել: Կարելի չէ այդ բանը, հեղձուցիչ տաքի պատճառաւ: Այսօր ֆրանսացիներուն Ազգային Տօնն է, 14 Յուլիս. այնպէս որ, ճեղքելով յոգնախուռն բազմութիւնը, բանակը կը տողանցէ... - իմ ամէնէն չսիրած բաներէս մէկը: Ֆրանսացի զինուորականը անստգիւտ էակ մըն է. քսան տարիէ ի վեր կանոնաւորաբար տփոց կ’ուտէ ան, բայց միշտ կը մնայ փոքրիկ աքաղաղի մը պէս ինքնագոհ եւ կոկոզավիզ: Վա՜յ մեզի եթէ օր մը յաղթանակ տանի, կոր-կորուսեալ հաւու մը վրայ: Կարծեմ այս բանը նոյնքան ճիշդ է այլ ազգերու մէջ» (14 հուլիսի 1962 թ.):
Պետք է պատկերացնել ֆրասիացի զինվորականի տարազը` գնահատելու համար «աքաղաղի մը պէս ինքնագոհ եւ կոկոզավիզ» պատկերը:
Հերթական տարին փակվեց բարեմաղթություններով. «1963 թվականի վերջին օրն է, սիրելի Շահնուր: Ձյունապատ եւ փափուկ առավոտ. ամանորյան սեմին քեզ հետ եմ իմ ամբողջ սրտով. վաղուց է, որ ոչ իսկ կաթիլ ըմպած եմ, բայց եթե հրեշտակը խաբե եւ ումպ մը բերանս առնեմ, հավատա՛, որ քո կենացն է այդ: Կուզե՜մ, որ Միջերկրականի ափերուն համառող աշնան վարդերուն, միմոզաներուն եւ արմավենիներուն հաջորդեին գարնանայինները եւ հեռու փախներ մեզնից «հավիտենական քունը»... իսկ եթե պիտի գա այդ անխուսափելին, ապա շատ կուզեի գոնե այնտեղ զիրար տեսնեինք, կուշտ խոսեինք եւ փարթի մը նարդի խաղայինք ու դեռ սուրճ խմեինք Վահան Թեքեյանի հետ... անդրաշխարհի ծառուղիներուն վրա երեւար պայծառանուն Պարոնյանը, Չարենցն ու Բակունցը մոտենային կարեւոր նորություններով ու... ու դեռ եղերական Եղիան տեսնեինք «Հայ բոյժ»ը ձեռքին, որը պիտի գտնեմ կաղանդեն հետո եւ ըմբոշխնե՜մ...» (31 դեկտեմբերի 1963 թ.):
Հաջորդ տարվա ամանորյան շնորհավորականն ավարտվում էր նոր, ավելի ուշ թվականով եւ անսպասելի տողերով, որից կռահվում էր, որ... փոստը նամակը հետ էր առաքել.
«...23 հունվարի 1965 թվականի
Հիմա հասկցա՞ր, Շահնուր, թե ինչ է եկեր նամակիս գլխուն, իմ... գլխուց: Ծերության կամ սիրահարվածության նշան, դո՛ւն որոշե...
Առաջին դեպքը կյանքիս մեջ. հասցե գրել եւ մոռնալ տեղի անունը: Մանկական դասագրքերու մեջ կհիշեմ մի պատմվածք, փոքրիկ տղան քաղաքեն նամակ կգրե իր պապին եւ ծրարի վրա կհասցեագրե.
Մեր գյուղ
Գասպար պապին.
Գլխուս եկավ:
Երեկ գիշեր նայեցի լուսանկարիդ եւ մտմտացի, որ շուտով քեզնից նամակ կառնեմ: Այսօր` առի...
Ինչեւիցե»՛:
Կրկնակի ճանապարհ կտրած, միայն փետրվարին տեղ հասած նամակի պատասխանն այնուամենայնիվ մնաց ամանորյան. «Դժբախտութիւնը հոն է որ, ձեր Յունուար 1 թուակիրը կուգար ինծի մատուցանել եղբայրական մաղթանքներ, եւ ես, ի պատրաստութիւն այդ այցելութեան, հարթած շտկած էի Կաղանդի սեղան մը: Հոն էր գինիի պոզիկը յաղթապանծ, որ կը խնդար հողէ կուռիկներու մէջ, իր ցոլացիկ կարմրութեամբ: Սախերու մէջ ձգուց մեղրը իր ճերմակութիւնը կը փռէր: Ու իրարու վրայ դիզուած, բուրգի պէս կը բարձրանային նուշը, ընկոյզը, չամիչը, պնտուկը, ամպրաւը, թուզն ու պաստեղը, մալաղի տանձն ու մալաշիկը, նանիկն ու ապասիկը, խնձորները, որոնց քով շարուած էին խաղողները, ձմեռնուկը, կաղըմպոտը, էծու պտուկը, անկուտ քիշմիշը եւ աբելին, զարտէն, տըմսը, մլտիկը, ռուբը, փոխինդը, ղայութը եւ բաղարջը: Կէս միլիոն բնակիչ կար շուրջս, մինչ դուք կը մնայիք բացակայ, անտեսելով իմ սեղանիս համեստութիւնը» :
Ինքնանպատակ չէր այս թվարկումը: Նամակի վերջին տողերում Շահնուրը խոստովանեց իր «բանագողությունը». «Վերեւի «սեղան»իս բառամթերքը քաղեցի Լեւոն Բաշալեանի [7] մէկ յօդուածէն, որ 66 տարուան հնութիւն ունի: Արդէն գուշակած պէտք է ըլլաք փոխառութիւնս, քաջ գիտնալով որ իմ հայերէնս չի կրեր այդքան փարթամ եւ ակնախտիղ տարազ: Այս մարդիկը ի՜նչ սէրով կ’աշխատէին կոկել եւ ճոխացնել մեր թրքական եւ գռեհիկ հայերէնը» (4 փետրվարի 1965 թ.):
Նամակը զարմացրեց Մահարուն, բայց ա՛յլ տեսանկյունից. «Նոր տարվա «փարթամ եւ ակնախիտ» սեղանիդ «տարազ»ի փոխառությանդ մասին չմտածեցի, միայն զարմացա, թե ինչպե՞ս կարողացել ես գլուխ բերել, կազմակերպել այդ ամենը... տատիկիս կհիշեմ, որն ինձ համար, փոքր ատենս` հրաշագործ ոգի էր. անգամ եթե գրպանեն կենդանի փիղ դուրս քաշեր, չէի զարմանա, միայն թե պիտի մտածեի, թե ո՞ւր պիտի տեղավորե... Հիմա դուն ինձ համար ամեն հրաշալի գործի ընդունակ հոգի ես ու ոգի, միայն ինձ զարմանք կարող է պատճառել հրաշքներուդ կազմակերպչական-վարչական կողմը եւ ոչ թե... էությունը» (13 փետրվարի 1965 թ,):
Լուրջ խոսքը հաճախ էր սահուն անցնում կատակի: Ահա Շահնուրի մանրավեպերից մեկը. «Երեւանէն ստացայ ութ հատոր գիրք, ընդ որս Ռուբէն Որբերեանի [8] Երկերը, զոր կազմեր են իբր հիմ ունենալով Ովասիս հատորը, որ fourre-tout մըն է (այսինքն` տոպրակին մէջ խոթուած է քիչ մը ամէն բան): Օրին մէկը, սրճարան նստած էինք Գեղամ Ֆէնէրճեան [9] եւ ես, մէջտեղնիս ունենալով տարեց բարեկամ մը (Չաքըրեան), որ իբր քիմիագէտ կը գործէր Sorbonne-ի laboratoires-ներուն մէջ: Մեր բարեկամը առաջարկեց նիւթական օժանդակութիւն մը խնդրել իր անձնական բարեկամ Որբերեանէն, ի նպաստ Ֆէնէրճեանին, որուն վիճակը դժնդակ էր: Ես ըսի թէ այդ բանը կարելի չէ, վասնզի Գեղամ ծանր կերպով քննադատած էր Ովասիսը, Պոլսոյ Ժողովուրդի Ձայն թերթին մէջ (Տնօրէն Վահան Թէքէեան): Մեր չնաշխարհիկ քիմիագէտը իր աչքերը բացաւ խոշո՜ր, խոշոր, եւ բացագանչեց թրքավարի շեշտով եւ ամենա՜յն անմեղութեամբ, «Ծօ դուն խե՞նդ ես, չըլտըրմի՞շ ըրած ես, ատանկ հարուստ բանաստեղծ մը կը քննադատուի՞: Մարդը միլիօն ունի միլիօ՜ն...» (8 հուլիսի 1964 թ.):
Պատասխանն առաջին տողերից մինչեւ վերջինը կառուցվեց այս մանրավեպի վրա. «8 թվակիրդ առի այսօր, կարդացի, հարստացա (Որբերյանի պես) եւ հիմա, ասկե հետո, ոչ մի քննադատ չպիտի համարձակվի զիս քննադատել...» : Հետեւեց Համաստեղին Հայաստան հրավիրելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսին գրած նամակի եւ ստացած պատասխանի բովանդակությունը, որից ի հայտ էր գալիս, որ գրողի Հայաստան չգալը պայմանավորված էր միայն իրենով. «Այստեղեն, ոչ, Մոսկվայեն իրեն նամակ գրեցի եւ ըսի, որ դուն ես մեղավորը, որ Վազգենը քեզի երեք անգամ հրավիրեր է, իսկ դուն... բարկացա, բայց նամակիս մեջ չհայհոյեցի, Ամերիկայի մեջ ապրող եւ միլիոն չունեցող հայ գրողին ինչպե՞ս կարելի է հայհոյել...» :
Ուայլդական հակադիր հումորով էլ թեման չսպառվեց: Մահարին ստացել էր նույն փոստով Շահնուրի բանաստեղծությունների ժողովածուն... ֆրանսերեն լեզվով: Հետեւեց ի՛ր մանրավեպը.
«3-4 տարի առաջ Մոսկվայում, Վիլյամ Սարոյանը «Երիտասարդության սեմին» գիրքս` հրաժեշտ տալու ատեն` վերցրեց, «գիշերս կարդամ, առավոտյան կբերեմ», ըսելով: Առավոտյան բերավ գիրքը եւ շատ գովեց: Այո, ասացի, այդ գովասանքներդ ճիշտ են, բայց դու հայերեն այբ-բեն-գիմ չգիտես... Երեխայի պես, ճի՛շտ քիմիագետ Չաքրյանի պես «իր աչքերը բացավ խոշո՜ր-խոշոր» եւ ըսավ. ես հայերեն չեմ գիտեր, բայց քո գիրքը կարդացի. տե՛ս (ցույց կուտա ինձի էջերը), ինչ կարճ գլուխներ են, կախման կետեր... հուշատետր... թիվ-թվական... շատ աղվոր, պատվական գիրք է...
Ես էլ ճի՛շտ Սարոյանի նման կարդացի գիրքդ, սիրելի Շահնուր, եւ հասկացա: Ավելի լավ` Երեւանի մեջ...» (22 հուլիսի 1964 թ):
Լինելով իրապաշտ գրողներ, նրանք վերապահ էին հերոսապատումների նկատմամբ, որոնցից մեկին Շահնուրն անդրադարձավ իր ակնոցով: Դեպքը տեղի էր ունեցել հունական Կորֆու կղզում, որը հետեղեռնյան եւ հետպատերազմյան տարիներին դարձել էր հայ որբերի բանակատեղի. «1922-1923 տարիներուն պատահեցաւ, որ ոճիր մը գործուի Ալպան-Հելլէն սահմանագլուխին վրայ: Զոհն էր իտալացի զինուորական առաքելութիւն մը, որ սահմանային վէճ մը կը ջանար լուծել. իբրեւ հաշտարար: Մուսոլինին, մերժելով Ալպան կառավարութեան հատուցումները, հրամայեց իր ծովային ուժերուն որ երթան իսկոյն գրաւեն Corfou կղզին: Հսկայական ոյժ, ահեղ զէնք` այդ նաւատորմիղը: Ամառնային լուսապայծառ առաւօտով, իտալացի ծովակալը իր թնդանօթները մօտեցուց Corfou-ի ափին, եւ պահանջեց անձնատուութիւն: Առ այդ` Յոյնը պարտաւոր էր վար առնել իր դրօշակը, որ կը ծածանէր բերդին վրայ: Բայց Յոյն պահակախումբը, արհամարհելի եւ սարսափահար, շատոնց խոյս տուած էր դէպի լեռները, եւ խոյս տուած էին կառավարիչ, ոստիկան զինուոր, քաղաքացի: Ոչ ոք մնացած էր անձնատուութեան նշանը տալու: Այդ պայմաններուն տակ, իտալացիք ստիպուած էին կրակել, բայց կը վարանէին, կռահելով, որ անբնական բան մը կ’անցնի կը դառնայ: Ահա այդ կրիտիկական ժամուն է որ հարիւր հազարաւոր քաջեր կը նետուին ծով, եւ լողալով կը սկսին խոյանալ դէպի տորմիղը: Իտալացիները մնացին շշմած եւ ապշահար: Ծովային տարեգրութեանց մէջ չէ յիշուած այսօրինակ abordage մը... Որո՞նք են յարձակողները: Ի՞նչ ընել: Կրակե՞լ: Ընկրկի՞լ: Ինչպէ՞ս շարժիլ մերկ մարդոց դէմ, որ կը յառաջանան ուրախ-զուարթ, որպէս թէ պատահածը նաւարշաւ եղած ըլլար (regate): Իտալացիները ադդանձիօնէ (զգո՛յշ) կը պոռան իրենց բարձունքէն, ապարդի՜ւն կերպով, քանզի իրենց դէմ ունին մեր այս որբերը, որոնք նորօք Պոլսէն փոխադրուած էին... Հայ որբը որմէ՞ եւ ինչէ՞ն կը վախնայ, ինք որ չորս տարի ապրեր է վայրենիներու մէջ, անապատներու մէջ, անօթութեան ու ծարաւի մէջ, եւ վերածուեր է նախամարդու: Ծովափի վրայ խմբուած Արշակ Ալպօյաճեան [10], Թէոդիկ [11], եւ, իրենց հետ, ամբողջ ուսուցչական եւ խնամակալական կազմը, կը պոռան բարձրաղաղակ. «Տղա՜ք, տղա՜ք չըլլայ որ նաւատորմիղը ընկղմէք: Ի սէր Աստուծոյ, մի՛ գրաւէք զայն, դնելու տեղ չունինք: Սրբազան Պապը կը տրտմի: Կուլա՜յ»...»: Ահա, սիրելի Մահարի, հերոսութիւնը այսպե՛ս կըլլայ, ֆաշիզմի դէմ «Կէցցէ՛ Հայաստան» պոռալով: Աւելցնեմ (աւելի լրջանալով) որ, բերդին վրայէն Հելլէն դրօշակը վար առած եւ կղզին յանձնած է մեր որբանոցին հայ խոհարարուհին, որ նոյնինքն հերոս Անդրանիկի քրոջ աղջիկն էր: Այս կինը ճանչցայ յետագային, Փարիզի մէջ: Անտանելի ջատուկ մըն էր» (8 հուլիսի 1964 թ.):
1965-ի տարեմիջին Մահարին տեղեկացրեց, որ Ֆրանսիա են ժամանելու Է. Թոփչյանն ու Ս. Խանզադյանը: Որքան էլ կանխորոշված էին նման այցելությունները, դրանք հեշտությամբ չէին լուծվում անգամ ՊԱԿ-ի աչքով անբասիր անձանց համար. «Խիստ մեղավոր եմ քո առաջ: Ոչ միայն ուշ նամակ գրելուս համար, ոչ, այլ անոր համար, որ Թոփչյանը եւ Խանզադյանն այս անգամ էլ Մոսկվայից ետ եկան մեկ ամիս վիզային սպասելուց հետո... կարծես` ես լինեմ վիզան մերժողը, չտվողը... Մեղա՜, մեղա՜ Շահան Շահնուրիդ... մեղա՜ Արատին [12] եւ Արարատիդ...» (18 մայիսի 1965 թ.):
Շահնուրը չէր սիրում այցելուներ ընդունել, բայց ուրիշ էին Մահարու երաշխավորությամբ այցելուները: Պատասխանում տրվեց ծերանոցային կյանքի այդ օրերի գլխավոր նորությունը. «Յուսախաբուեցայ անշուշտ երբ մեր մօտ ժամանեցին, լրջախոհ Թօփճեանի եւ ծանրագլուխ Խանզատեանի փոխարէն, օդային մարդիկ, ինչպէս Վալենտինա Թէլէշքովա եւ Նիքոլայեւ [13]: Մեր սրտնեղութիւնը յայտնելու համար, մենք զիրենք բուռն կերպով ծափահարեցինք: Ֆրանսերէն չէին հասկնար: Կարծեցին թէ երջանիկ ենք» (25 մայիսի 1965 թ.):
Մահարու նամակներում նույնպես անպակաս էին «ռեպորտաժներն» իր օրերի եւ խոհերի մասին. «Նույնն է Պալանկան, ուր կհանգստանամ կամ կանհանգստանամ այս արդեն վեցերորդ ամառը: Փոքրերին մեկ տարով մեծացած տեսա, մեկ քանին կային, հիմա չկան... Գիշեր-ցերեկ խման հարեւան մ’ունեինք գեղեցիկ դեմքով եւ հաստ ձայնով, մեռեր-գացեր էՙ խառնվելով հազար տարվա մեռելներուն: Ինձ ավելի թույլ կզգամ, քան նախորդ անգամներ. անանկ է, եա՞, հազար անգամ չպիտի երթամ ու գամ. օր մալ պիտի գամ ու չպիտի երթամ կամ պիտի երթամ ու չպիտի գամ... երկու անգամ երկու չորսի պես այս ճշմարտությունը գլխուս մեջ չի պառկեր, եթե պիտի երթայինք, ինչո՞ւ եկանք... Բաղդասար աղբարն ավելի լավ դրության մեջ էր, որ կգանգատեր. «Աշխարհ մտանք եւ անանկ մտանք, որ դուրս գալու ճամփան չենք գտներ...»: Բռնի անմահությո՛ւն» : Այս տողերը գրվել էին թխպոտ մի օր, որն ամենահարմարն էր եւ միաժամանակ... ամենաանհարմարը: Նամակը սկսվում էր «Մոտ մեկ ամիս է, ինչ Երեւանից դուրս եմ եկեր. երկու օր առաջ հասա Պալանկա եւ ընկա անձրեւների եւ մշուշի մեջ: Նամակ գրելու է՛ն լավ ժամանակը...» բառերով եւ ավարտվում դրանց «հերքումով». «Նամակս անկապ դուրս եկավ. ներիր. այդ երեւի նրանից է, որ դուրսը մշուշ է ու անձրեւ, նամակ գրելու է՛ն վատ ժամանակը...» (18 մայիսի 1965 թ.):
Որքան էլ սահմանափակ էր տեղափոխումներում Շահնուրը, նամակներից մեկում նա «զեկուցեց» Փարիզ կատարած կարճատեւ այցի եւ ունեցած հանդիպումների մասին` առիթ տալով Մահարուն անկեղծորեն հրճվելու. «Ուրախացա, որ ելեր ես եւ քաջաբար Փարիզ ես իջեր: Ավելի փայլուն վկայական առողջական վիճակիդ` ավելորդ է: Եվ այն, որ տեսեր ես շատ մարդկանց եւ շատերի հետ զրուցեր ես, նշան է լավ տրամադրության, տրամադրություն, զոր մարդուն դարձնում է մարդամոտ եւ լավ հաղորդիչ: Չեմ կասկածեր, որ այդ շատերուն մեջ աղվոր սեռը բացակա չէ, որովհետեւ դուն այն մարդը չես, որ մտնես «Փարիզ» այգին այգեկութի տաք ժամանակ եւ առանց «զնգուռ» մը խաղող ճաշակելու դուրս գաս այգիեն ծո՛մ եւ սո՛ւրբ: Այս ամենի համար, եթե կրնայի խմել, ապահովաբար «չարեք» մը րախի գլուխս պիտի քաշեի, զայն ցողեի պիտի երկու շիշ գարեջրով եւ
լմիզդա բինլիկ շուշա,
մազասի դա կարփո՜ւզ... [14]
երգելով Պալանկայի փողոցները չափեի: Ավա՜ղ, այդ հաճույքեն առայժմ ( ...՜ ) զրկված եմ, ուստի պիտի բավականանամ մեկ շիշ խաղողի հյութ խմելով (հայերեն` հի՛ւթ...), որու ոգին մեջեն հանված է, այնպես, ինչպես մեր օրերու խմբագիրը գրվածքի մեջեն հոգին կքամե, տպելե առաջ...» (11 հուլիսի 1965 թ.):
1966 թվականը վերջինն էր նամակների շարքում, որոնցում Մահարին դեռ ժպտում էր. «Այս տարի «կհանգստանամ» տեղիս գրողներու հանգստյան տանը: Բանաստեղծներ, արձակագիրներ, քննադատներ: Երբեմն մուսաները կշփոթեն իրենց տերերու հասցեն եւ տեսար` բանաստեղծի մուսան արձակագրի սենյակը մտավ առանց դուռը ծեծելու... ես հանգիստ եմ, գրական որեւէ սեռի մուսա սենյակիցս չեմ փախցներ. ես նրանց դավաճանելու միտք չունեմ, բայց բանաստեղծության մուսաները սկսեր են խույս տալ ինձմե... անցյալ օր մեկին բռնեցի եւ գրեթե բռնությամբ սենյակս խոթեցի. պարզվեց, որ լիտվական բանաստեղծական մուսա էր...» (27 մայիսի 1966 թ.):
«Այրվող այգեստանների» լույս տեսնելուց հետո Մահարու հումորը «սեւացավ». «Թերթերում կարդացի, որ Ամերիկայում ինչ որ մարդիկ կամավոր կերպով հանձնել են իրենց բժիշկներին, որպեսզի իրենց մարմինը սառեցնենՙ 100 թե 500 տարի հետո հարություն առնելու համար: Եթե մեզ մոտ լիներ նման մի բան, ես սիրով կհանձնվեի... Շատ եմ վախենում, որ սառեցումը չազդի ինձ վրա: Փորձ ունեմ: 18 տարի աշխատեցի սառցամահ լինել եւ չհասա ոչ մի հաջողության: Բարե՜...» (24 հունիսի 1967 թ.), «Կմաղթես, որ հայրենակիցներս վեպիս երկրորդ հրատարակությունը «նույն ուժով ծափողջունեն, ինչ ուժով որ դատափետեցին»: Շատ լավ կարծիք ունես, սիրելի Շահնուր, իմ մասին եւ շատ վատ կարծիքՙ հայրենակիցներուս (կամ ճի՛շտ հակառակը...)» (8 մարտի 1968 թ.), «Երեւանի 2750-ամյա տոնակատարություններին անմասն մնացի: Տունեն դուրս չեմ կարող գալ: Շքեղ եւ մեծ էին տոնակատարության չափերը: Եթե այս տոնը տոնվեր 1923-1936 թվականներին, շաբաթներով չպիտի քնանայի եւ պիտի խմեի. հիմա է՛լ խմում եմ, կաղամբի, ստեպղինի, ճակնդեղի հյո՛ւթ... այլեւ կա՛թ: Վերջինս ավելի տրամաբանական է, վասնզի կաթով սկսեցինք, կաթով ալ պիտի վերջացնենք» (12 դեկտեմբերի 1968 թ.):
Եվ հասավ հերթը վերջին նամակի.
«Թանկագին Շահնուր.
Արթուն երազում նորից գտա ինձ իմ հին վաթանում, Պալանկայում:
Աշունն անցավ, ձմեռ, գարուն, ինչպե՞ս եկան, ինչպես անցան, տեղյակ չեմ:
Էլի հույսս քեզ վրա է, խնդրում եմ գրես, ինչպե՞ս եկան, ինչպես անցան...
Գրիր նաեւ թե ինչպե՞ս եմ ես...» (7 հունիսի 1969 թ.):
Հետայգեստանյան նամակներում Շահնուրը նույնպես դադարել էր կատակելուց: Իսկ այս նամակին պատասխանեց... հրաժեշտի համբույրով.
«Սիրելիդ իմ Մահարի,
Այսպե՜ս ուրեմն, հազիւ թէ տեղաւորուած հեռաւոր Պալթիքի ափին, կը փափաքիս որ ես հոսկէ, Սէն-Ռաֆայելէն ըսեմ թէ դուն ինչպէս ես, ինչպէս չես: Պատասխանս պիտի ըլլայ յստակ եւ մեկին` դուն անմահ ես...» (18 հունիսի 1969 թ.):
Յոթ տարի տեւեց Մահարի-Շահնուր նամակագրությունը, որն ընդգրկում է գրեթե ինը տասնյակ նամակներ: Դա եզակի կապ էր երկու գրողների, որին նպաստեց մի կողմից երեւանյան անձուկ գրական մթնոլորտը, իսկ մյուսից` գամվածությունն անկողնուն: Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չխանգարեցին, որ, հակառակ ճակատագրի ներհակություններին, նրանք կիսվեին իրենց նվիրական խոհերով ու մտքերով, ժպտային ու ծիծաղեին Երեւան-Սեն-Ռաֆայել ու հետադարձ գծով:
Ծանոթագրություններ
1. Հոգեհարազատ եղբայրություն (Գուրգեն Մահարու` Շահան Շահնուրին գրած նամակներից), «Գարուն», Եր., 1977, փետրվար, թ. 2, էջ 72-78:
2. «Գրական թերթ» («Գ. Թ.»), Եր., 1962, 23 փետրվարի, թ. 8:
3. 1962 թ. նշվեց Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
4. Ալժիրի ազատագրական պայքարը (1954-1962) այդ օրերին ավարտվեց նախագահ դը Գոլի կողմից Ալժիրի անկախության հռչակումով:
5. Երուսաղեմից ոչ հեռու աստվածաշնչային քաղաք: Ասույթն օգտագործվում է դրախտ ընկնելու իմաստով:
6. Շահնուրն անցավ դու-ի` «Այրվող այգեստաններ»-ի մասին իր նամակ-գրախոսականից:
7. Լեւոն Բաշալեան (1868-1943), գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: 1920 թվականից ապրել է Փարիզում:
8. Ռուբէն Որբերեան (1874-1931), բանաստեղծ: 1920 թվականից ապրել է Փարիզում:
9. Գեղամ Ֆէնէրճեան (1903-1983), ֆրանսահայ գրականագետ-քննադատ:
10. Արշակ Ալպօյաճեան (1879-1962), պատմաբան, բանասեր, մանկավարժ, հասարակական գործիչ:
11. Թեոդիկ (Թեոդորոս Լապճինճեան, 1873-1928), պոլսահայ գրող, բանասեր: Եղել է կազմողն ու հրատարակիչը «Ամէնուն տարեցոյցը» տարեգրքերի (1907-1929), որոնք դասվում են հայ հանրագիտարանային լավագույն հրատարակությունների շարքում: Շահնուրի մորեղբայրը:
12. Արատը Արարատի հնագույն անունն է:
13. Խոսքը ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչուների` Անդրիան Նիկոլաեւի (1929) եւ Վալենտինա Տերեշկովայի (1937) մասին է, առաջին եւ միակ «աստղային» ամուսնական ոչ տեւական զույգի:
14. /Մեր առջեւ լիտր շիշն է, /Որ կխմենք ձմերուկո՜վ… (թուրք.):