ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
Հարգելի պարոն Սերգեյ Սարինյան.
Թերթերից եւ հեռուստատեսությունից ցավով տեղեկացա Ձեր հիվանդության մասին: Հույսով եմ, որ արիությամբ կհաղթահարեք փորձությունը եւ կվերադառնաք գրական ակտիվ կյանքին:
Կարդալով «Անդրադարձ» շարքի ինձ վերաբերող մասերը («Գրական թերթ», 2012, 3, 10 փետրվարի, թթ. 2, 3), առաջին միտքը որ ծագեց իմ մեջ` Ձեր առողջական վիճակը հաշվի առնելով` չպատասխանելն էր: Բայց հետո մտածեցի, որ դա վիրավորական կլինի Ձեր համար: Դուք կարող եք մտածել, թե Ձեր հետ հաշվի չեն նստում կամ հաշվի են նստում «նրբացուցիչ դեպք» հանգամանացով: Երկու տարբերակն էլ անընդունելի կլիներ ցանկացած պատասխանից:
Ես չեմ ուզում անդրադառնալ Ձեր ողջ հոդվածաշարին: Այնտեղ կա անունների մի ամբողջ շարք: Թող նրանք ղեկավարվեն էթիկայի իրենց պատկերացումներով` պատասխանեն կամ ոչ: Ես ուզում եմ անդրադառնալ այն թեթեւ քարերին, որոնք ծանր պարսատիկով նետվել են իմ «բոստանը»: Թեթեւը` թեթեւ, բայց դրանք կապված են այնպիսի ծանրակշիռ հարցերի հետ, որ պատասխանը դարձնում են պարտադիր:
Բավական ժամանակ է, որ գտնվում եմ գրականագիտական դաշտում, եւ ինձ միշտ զարմացրել է արձագանքների բացակայությունը իմ սուր հրապարակումներին: Այս «սուրը» ինքնագնահատական չէ: Ով էլ ձեռքի տակ ունենա Գուրգեն Մահարու անտիպ եւ չհավաքված ժառանգությունը եւ ցանկանա հասարակությանը ծանոթացնել դրա փշուրների հետ, ուզի թե չուզի` կհայտնվի «սուր ժանրի» շրջանակներում: Դուք կարող եք ասել, որ այդպիսի ժանր գոյություն չունի, որ դա ժառանգված կամայականություն է գիտական-գրականագիտության ասպարեզում: Ինձ կմնա մեր զրույցին ունկնդիր ընթերցողին հավատացնել, որ խորհրդահայ գրականագիտությունը գտնվել է այնպիսի կաղապարներում, որ շիտակ ու համարձակ յուրաքանչյուր ելույթ կդասվի «սուր ժանրին»: Ժանրի սրությունը պայմանավորված է ոչ թե Գրիգոր Աճեմյանով, այլ Գուրգեն Մահարու գրական ժառանգությամբ:
Սկսեմ ուղղումից: Հարգելի Սերգեյ Սարինյանն ունի իմ հրատարակած գրքերը, դրանցից երկուսը` նվիրագրումներով: Նրա այս եւ այլ հոդվածներից երեւում է, որ նա հետեւում է նաեւ իմ «Մահարիական սերիալին»: Եվ զարմանալիորեն Գրիգոր Աճեմյանը նրա հոդվածաշարում (չասենք «սերիալում») դարձել է Գուրգեն Աճեմյան : Եվ թերթի մեկ համարից մինչեւ մյուսն ընկած օրերին խմբագրությունը հարկ չի համարել ուղղել գրականագետին: Ենթադրում եմ, որ ակադեմիական եւ գրական թերթի բարձունքներից մանրուքները չեն երեւում:
Ընթերցողին խնդրում եմ Սերգեյ Սարինյանի հոդվածաշարում Գուրգեն Աճեմյանը համարել վրիպակ եւ կարդալ Գրիգոր Աճեմյան : Եվ հավատա՛, ընթերցո՛ղ, որ սա խիստ տարբեր է Օստապ Բենդերի ցանկությունից` թերթում անպայման տեսնել «Ընկել է ձիու տակ» իր մասին լրատվությունը: Տարբեր է, քանի որ դրանով են սկսվում հոդվածաշարի վրիպումները: Իմ զրույցը, ընթերցո՛ղ, կլինի առավելապես քեզ հետ, քանի որ անդրադարձը վաստակավոր գրականագետի «Անդրադարձին» հազիվ թե նոր բան ասի նրան: Նա ինձնից լավ գիտի իր հրապարակման դրդառիթները:
Սերգեյ Սարինյանը մերժում է «Ստեփան Իլյիչը հերքում է...», «Մահարին եւ Վարպետը» հրապարակումները: Թող ամեն մերժում այդպիսին լինի: Ես նկատի ունեմ առատ մեջբերումները եւ վերապատմումները, որոնց շնորհիվ հրապարակումներին անծանոթ ընթերցողը կազմում է ամբողջական տպավորություն դրանց մասին:
Սերգեյ Սարինյանը համաձայն է, որ Ստ. Զորյանի գզրոցային նամակը հեռու է օբյեկտիվիզմից: Այլ եզրակցության չի կարելի գալ նրա տողերից. «Իհարկե, նույնիսկ հերքման արժանի չէ «Այրվող այգեստանների» վերաբերյալ Զորյանի սուբյեկտիվորեն հիշաչար (թերեւս հոգեբանորեն հասկանալի) տեսակետը...» :
Շարունակությունը նույնպես թվում է բնական. «Գրիգոր Աճեմյանը (այստեղ եւ այսուհետ ուղղումը մերն է.- Գր. Ա.) փորձում է պարադոքսը բացատրել եթե ոչ գրական-գաղափարական, ապա էթիկական տեսակետից: Եվ պատասխանը գտնում է: Մահարու հոդվածներից, նամակներից ու այլ գրառումներից վկայակոչում է բազմաթիվ անոնիմ եւ սակայն միանգամայն թափանցիկ ասույթներ, որոնք նեգատիվի վրա են գծագրում Ստեփան Զորյանի մարդկային նկարագիրն ու գրական վաստակը» : Ուրիշ ի՞նչ պետք է անեի ես, ունենալով ձեռքիս տակ գրական աշխարհին անհայտ մի ամբողջ արխիվ: Բայց համաձայնվելով զգուշավոր, հասարակական կյանքից հեռու, բոլոր իրադրություններից չոր դուրս եկող, ժամանակակից թեմաներում վրիպած եւ պատմական անցյալում խրված գրողի մասին մեր տողերի հետ, Սերգեյ Սարինյանն այնուամենայնիվ հայտնում է իր անհամաձայնությունը. «...Սակայն նույնքան սխալ է այդ հիման վրա ժխտել դասական գրողի գեղարվեստական արձակի գրական-պատմական արժեքը... Ներկայացնելով Մահարու բացասող բնութագրումները Զորյանի մարդկային ու գրողական կերպարի վերաբերյալ, հոդվածի հեղինակը ոչ միայն չի տողանցում որեւէ վերապահություն կամ փորձում մեկնաբանել փաստարկների օբյեկտիվ շարժառիթները, այլեւ ավելի է խտացնում գույները, ժխտելով Զորյանի գրական ժառանգության մնայուն արժեքները: Նրա մտքով անգամ չի անցնում իր բնորոշումները ստուգելու Զորյանի անձի եւ գործի վերաբերյալ գրականագիտական մտքի հետազոտությամբ վավերացված արժեքաբանական դրույթներով» : Խոստովանում եմ` «չի անցել»: Չի անցել, որովհետեւ մեծ կասկած ունեմ խորհրդահայ «գրականագիտական մտքի հետազոտությամբ վավերացված արժեքաբանական դրույթների» նկատմամբ: Իմ համար ավելի խոսուն է փաստը, որ վերջին երկու տասնամյակում դպրոցական ծրագրերից հանվում է Զորյանը կամ կրճատվում են նրան հատկացված ժամերը: Իմ համար «արժեքաբանական դրույթներից» եւ մենագրություններից շատ ավելի հեղինակավոր է Զապէլ Եսայեանի երկու տողը «խորհրդային նուիրուած եւ կուսակցութեան գծի վրայ կանգնած գրողների» մասին. «Զօրեանի եւ Դեմիրճեանի նախայեղափոխական գրուածքները շատ աւելի կատարեալ էին, քան յեղափոխական շրջանից յետոյ գրածները» («Ապագայ», Փարիզ, 1937, 22 Մայիսի, էջ 1):
Թվում է, թե անվթար է մեջբերել իմ տողերը Սերգեյ Սարինյանը. «Կամա-ակամա գալիս ես եզրակացության, որ Ստ. Զորյանն ինչ-որ մտքեր թղթին էր հանձնում ոչ թե հասարակության ու գրականության շահերից ելնելով, այլ «հաշիվ մաքրելու» մանր նպատակով...» : Բայց ահա հապավված շարունակությունը. «Ողջ կյանքում հաշտ ապրել Քոչարի հետ, հանդիպելիս ժպտալ, որպիսությունը հարցնել, բայց նրա մասին թողնել օրագրային աննախընթաց դաժան տողեր... Սա նույնպես ինչ-որ բան ասում է...» : Գզրոցային նամակի կողքին` գզրոցային գրառում: Փաստի կրկնությունը տեղիք է տալիս «կամա-ակամա եզրակացության»...
Հաջորդ «քարը», որը հազիվ թե ծանր է առաջինից, վերաբերում է «Մահարին եւ Վարպետը» հրապարակմանը: Հոդվածաշարի այս հատվածը թողնում է երկակի տպավորություն, որը հավանորեն բնորոշ է «արժեքաբանական դրույթներ» վավերացնող խորհրդահայ գրականագիտությանը: Սկսվում է գնահատականից` «Եվ այն հղումները, որ հոդվածագիրը քաղում է Մահարու ասույթներից, հաճույք են պատճառում ազգային բանաստեղծի հանդեպ ունեցած պաշտամունքից...» : Բայց հաճույքը շոգիանում է, երբ հղումները հեռանում են «պաշտամունքից». «Բոլոր կարգի վերապահումներով հանդերձ, Աճեմյանի հոդվածում չպետք է տեղ ունենային «ազգային ջոջի» դիմակ», «որպես գրական գործիչ, որպես մարդ-քաղաքացի թզուկ», «Զարմանալի բան. էդ Ավոն ինչո՞ւ չի մեռնում», «Ավոն ճաշել, վերջացրել է, դեսերտ է պքվում, կթոնթորա, որ սուրճ մ’ալ զխկվի...» :
Անբարեխի՛ղճ է Սերգեյ Սարինյանը, ընթերցո՛ղ: «Անթույլատրելի» արտահայտություններից միայն «ազգային ջոջն» է իմը` գրված շատ տեղին: 1947 թվականի նոյեմբերին, Մահարու ծանր օրերին, Իսահակյանը հրաժարվել է օգնության ձեռք մեկնել կամ շիտակորեն խոստովանել, որ դա վեր է իր ուժերից: Դրա փոխարեն բազմանշակ ասել է «որ եթե ինքն ընկնի ղեկավարների մոտ, ապա ավելի շուտ կխոսի «հայկական հարցի» մասին»: Եվ դա այն ժամանակ, երբ հայ-թուրքական սահմանին կուտակված զորքերն արդեն հետ էին քաշվել... Երկրորդ մեջբերումը Վ. Նորենցի նամակից է` երկու կողմից մկրատված: Ամբողջական նախադասությունն այսպիսին է. «Ավոն անշուշտ մեծ բանաստեղծ է, սակայն որպես գրական գործիչ, որպես մարդ-քաղաքացի թզուկ է Թումանյանի առաջ...» : Մնացած մեջբերումները Մահարու նամակներից են:
Սակայն ինչո՞ւ այդ մեջբերումները չպետք է տեղ գտնեին մեր հրապարակման մեջ. մնում է անհասկանալի: Կարդա, սիրելի ընթերցող, ժամանակակից ռուս գրականագետ Բենեդիկտ Սարնովի օրերս ավարտին հասցված «Ստալինը եւ գրողները» ծավալուն չորսհատորյակը, որտեղ մեջբերումներ ու փաստաթղթեր չեն խնայվել Գորկու, Մայակովսկու, Պաստեռնակի, Մանդելշտամի, Դեմյան Բեդնու, Էրենբուրգի, Ալեքսեյ Տոլստոյի, Զոշչենկոյի, Բուլգակովի, Ախմատովայի, Շոլոխովի, Պիլնյակի, Զամյատինի, Պլատոնովի, Բաբելի, Ֆադեեւի, Էրդմանի, Սիմոնովի կերպարներն առանձին գլուխներով իրականությանը հարազատ ներկայացնելու համար: Այդ գրքերից հետո խորհուրդ կտամ ըմբոշխնել Նադեժդա Մանդելշտամի հուշերը` Օսիպ Մանդելշտամի մասին, նույնի «Երկրորդ գիրքը», որոնցում ոչ մի զիջում չի արվում անվանի գրողներին: Կարդա, ընթերցող, Լ. Արինշտեյնի «Պուշկին: Չսանրված կենսագրություն» գիրքը: Մի գուցե ավելի դասակա՞ն օրինակ ես ուզում: Վերցրու Վ. Վերեսաեւի «Պուշկինը կյանքում»... Հայտնի են Աննա Դոստոեւսկայայի գունազարդ հուշերը Ֆ. Դոստոեւսկու մասին, որոնք հրապարակվել էին իբր գրողի կնոջ օրագրային գրառումների հիման վրա: Բայց ահա Ակադեմիայի «Գրական հուշարձաններ» հեղինակավոր շարքում լույս է տեսնում նույն Դոստոեւսկայայի «1867 թվականի օրագիր» սղագրության վերծանված տարբերակի գիտական հրատարակությունը, միանգամայն տարբեր հուշերից, որտեղ XIX դարի մեծ գրողը, որից ազդվել են շատ ու շատ համաշխարհային դեմքեր, ներկայացվում է ոչ շահեկան գծերով:
Ես հույս չունեի, որ ինձ կհասկանա Ա. Թոփչյանը, ինձ չզարմացրեց նրա զարմանքը. «Ի դեպ, որդին (այսինքն ես.- Գր. Ա.) հայտարարում է. «Ես որեւէ նյութ` դրական թե բացասական, կենսամատենագիտության (Գուրգեն Մահարու.- Գր. Ա) մեջ կընդգրկեմ, ինչպես ընդգրկել եմ մինչեւ հիմա» : Բայց որ ինձ չէր հասկանա Սերգեյ Սարինյանը, անսպասելի էր: Գրական աղբյուրներից մեջբերումները չունեն թույլատրելի կամ անթույլատրելի սահմաններ: Այդպիսի մտածողությունը հետեւանք է գավառական սահմանափակության: Հարցը կարող է լինել միայն աղբյուրների վստահելի կամ ոչ վստահելի, արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելու մասին:
Ըստ Սերգեյ Սարինյանի` ես չպետք է հիշատակեի կամ վերապահումներով պետք է հիշատակեի Իսահակյանի «Իմ ազատ եւ ստեղծագործ ժողովրդի հետ» հոդվածը («Գրական թերթ», 1937, 23 ապրիլի, թ. 12): «Կարո՞ղ էր արդյոք Իսահակյանը չգրել այդ հոդվածը եւ կարո՞ղ էր չասել այն, ինչ ասել է: Մի՞թե կարելի է կասկածել, որ հոդվածը պարտադրված է» ,- հարցնում է նա: Ամեն ինչ հանգում է տխրահռչակ «ժամանակներն էին այդպիսին» զարյան-կապուտիկյանական տեսակետին, այսինքն` եթե հոդվածը գրված է 1937-ին, ապա ուրեմն` ՊԱԿ-ի թելադրանքով: Անվիճելի է, որ դա այդպես է: Սակայն եթե այդ մասին լիներ 1953-1957 թթ. թեկուզ անտիպ մեկ գրառում, որտեղ Իսահակյանը փաստեր, որ այդ հոդվածը գրված է ոչ իր կամքով, նրա «արեւային» կերպարը կմնար անխաթար: Նման գրառում չկա, իսկ դա արդեն բիծ է ոչ միայն «արեւի», այլեւ «արեւապաշտների» վրա, որոնք ունեն կուռքերը պատվանդան հանելու ավանդական կեցվածք եւ դատապարտում են այդ պատվանդանից դրանց դույզն իսկ իջեցման որեւէ փորձ:
Տեղին չէ Սերգեյ Սարինյանի «ազգային բանաստեղծի հանդեպ պաշտամունք» արտահայտությունը: Պաշտամունքը գրականագիտությունում լավ բան չէ: Պաշտում են արեւը, աստվածներին, Լաուրային, Բեատրիչեին կամ թագուհի Աննային: Պաշտում են սրբի կարգավիճակ ստացած Գրիգոր Նարեկացուն, բայց ոչ «Մատյան ողբերգության» հեղինակին: Գրողներին գնահատում են: Մի՞թե գրականության ինստիտուտում, որի աշխատակիցն է Սերգեյ Սարինյանը, Իսահակյանը պաշտամունք է: Դա կլիներ խիստ ցավալի արժանապատիվ գիտական կենտրոնի համար...
Սերգեյ Սարինյանի կարծիքով իմ սուբյեկտիվ ներկայացման հետեւանքով Մահարու լուսավոր կերպարին հակադրվում է «երկրորդի նեգատիվը»: Սարինյանը միայնակ չէ իմ սուբյեկտիվիզմի մասին իր կասկածներում: Ես ժխտում եմ նման ամեն մի մեղադրանք: Եթե երկրորդը ներկայանում է նեգատիվ, ապա դրա դեմ կարելի է պայքարել միայն... հայելին ջարդելով: Որքան շուտ լույս տեսնի Գուրգեն Մահարու անտիպ եւ չհավաքված երկերի ութհատորյակը, այնքան շուտ կճշտվեն անցյալ դարի «նեգատիվ-պոզիտիվ»-ները: Բայց գրականության ինստիտուտի եւ գրողների միության համար Մահարի-գրողը կարծես գոյություն չունի... Ոչ մեկի մտքով իսկ չի անցել հարցնել, թե այդ ի՞նչ հատորներ են պատրաստ հրատարակության:
Ի՞նչ տպագրել հարցը վաղուց լուծված է գրականագիտությունում: Թվում է, թե ավելի քիչ հարցեր պետք է առաջացներ ինչպես-ը: Բայց ահա մոտենում ենք մեր հասցեին նետված երրորդ եւ վերջին քարին` «Մահարի-Թոփչյան հարաբերություններին նվիրված հոդվածներին» : Այստեղ Սերգեյ Սարինյանն անցնում է շուտասելուկի ժանրին եւ «բացված» հարցը ոտքի վրա փակում է... մեկ նախադասությամբ: Պարզվում է, որ իմ դեմ գրված Ա. Թոփչյանի «Բանսարկության արշավը...» հոդվածը «ուշագրավ է ոչ միայն հարցերի արժանապատիվ լուծմունքով, այլեւ Գրիգոր Աճեմյանի բանասիրական մեթոդի նեղահայաց սուբյեկտիվիզմը ցուցադրելու առումով» : Այլ խոսքերով` Սերգեյ Սարինյանը ոչինչ ունի ավելացնելու Ա. Թոփչյանի հոդվածի վրա եւ ընդունում է այն, ինչպես ասվում էր հնում` ամբողջությամբ եւ լրիվ:
Ես մինչեւ այսօր հարկ չեմ համարել անդրադառնալ այդ «արժանապատիվ լուծմունքին»: Փորձենք հասկանալ գրականագիտության մեր տարեցին:
«Արժանապատիվ լուծմունքի» միջոցին իմ հասցեին կիրառվել են այսպիսի արտահայտություններՙ խեղճուկրակություն, լկտիություն, թուլամորթություն, անսկզբունքայնություն, անբարոյություն, նորից լկտիություն, բութ համառություն, մկան մեզի չափ վաստակ չունեցող, լպիրշություն, անվաստակ, խելքի առատություն (չակերտավոր իմաստով.- Գր. Ա)...
Ավելի ստույգ բնորոշման համար օգտագործվել է անեկդոտը. «Մարդամեկը կեղտոտում էր հարեւանի դռան առջեւ եւ հեռանում: Դա լկտիություն էր (ուշադրություն բառապաշարի հարստության վրա.- Գր. Ա.): Իսկ գերլկտիությունն այն էր, երբ կեղտոտությունից հետո զանգում էր եւ պետքարանի թուղթ պահանջում» :
Սակայն միայն Գրիգոր Աճեմյանի գլխին լուտանքներ թափելով ի՞նչ «արժանապատիվ լուծմունք»: Հետեւում է հայհոյանքների երկրորդ շարքը ուղղված Աճեմյան-Մահարի «տանդեմին». «Գր. Աճեմյանը սրբորեն ժառանգել է իր հոր` Գուրգեն Մահարու բոլոր ամոթալի սկզբունքները», «...որդին ոչ միայն պահպանում է ստացվածքը, այլեւ հարստացնում է նույն ոգով, անբարոյականությամբ արդեն վաղուց գերազանցել է հորը», «երկերեսանիությունը հոր եւ որդու դեպքում նորմալ երեւույթ են, նույնիսկ արժանիք», «ապերախտությունը Աճեմյաններին հատուկ գծերից մեկն է», «Արդ, այս որդին ժառանգն է մի գրողի, որը զավեշտի է վերածել մեր պատմության փառապանծ էջերից մեկը, ծաղրելով, վարկաբեկելով իր փրկարարներին եւ իր ժողովրդին» ...
Հասնում է հերթը Մահարու հետ առանձին հաշվեհարդարի. «Մեր հայրը (Է. Թոփչյանը. Գր. Ա.), ի տարբերություն Գ. Մահարու, դավադրություն չի կազմակերպել տաղանդի դեմ, այլ, ընդհակառակը, պաշտպանել է ամեն կերպ, մեր հայրը իր ժողովրդի հերոսապատումը զավեշտի չի վերածել, իր փրկարարին չի ծաղրել, մեր հայրը իր ընկերների վրա զրպարտագրեր չի ուղարկել կենտկոմ եւ, վերջապես, մեր հայրը տասնվեցամյա երեխաներին «չեկայի երախը» չի գցել...» : Սերգեյ Սարինյանը համաձա՞յն է այս պարբերության հետ, հայտնի՞ է նրան որեւէ փաստ, այս շարան-շարան մեղադրանքներից:
Համաձա՞յն է Սերգեյ Սարինյանը, որ «Մնայուն հաղթանակներ եւ ժամանակավոր պարտություններ» գրախոսականը Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» գրքի մասին «խավարամիտ-ջարդարարական» էր:
Համաձա՞յն է, որ Մահարու ամենամեծ հանցանքը «հերոսապատումի փոխարեն ծաղրապատում» մատուցելն էր:
Կստորագրի՞ նա այս տողերի տակ. «Անհնար է առանց գարշանքի զգացումի կարդալ այդ տողերը: Թույն ու թարախ է ծորում դրանցից` ներկայացնելով աշխարհից չարացած մարդու կերպարը, որն ամեն գնով մեղավոր է փնտրում իր բարոյական եւ ստեղծագործական կրախն արդարացնելու համար» :
Ավելացրեք մեկ այլ տեղում օգտագործված թքել, խնչել, միզել մասնագիտական «տերմինները»...
Եվ սա կոչվել է արժա... ի՞նչ... այո՛, այո՛, «արժանապատիվ լուծմունք»: Սերգեյ Սարինյանը պարզապես ձե՜ռ է առել ինձ, ինձ հետ միասին` Թոփչյանին եւ քեզ, ընթերցո՛ղ: Իսկ եթե ոչ` ապա տեղին է հարցը` խրթնաբանության ո՞ր անտառում է նա մոլորվել եւ կորցրել հակագրականագիտական ափաշկարա հրապարակումը ճանաչելու տարրական կարողությունն ու հմտությունը...
Ես խնդրում եմ Սերգեյ Սարինյանին եւ քեզ, սիրելի ընթերցող, իմ հոդվածներից որեւէ մեկում ցույց տալ վերը բերված բառերին համարժեք թեկուզ մեկ օրինակ: Չե՜ք գտնի, հարգելի Սերգեյ Սարինյան, չե՜ս գտնի, սիրելի ընթերցող: Պարզ պատճառով: «Հայհոյանքը փաստի սով է», ասել է մեծն Պարոնյանը: Ես դրա կարիքը չեմ զգացել: «Սուր ժանրին» պատկանող բոլոր արտահայտությունները եղել են մեջբերումներ գրական աղբյուրներից եւ մեծ մասամբ առաջին անգամ են դրվել շրջանառության մեջ: Նման աշխատանքը քաղաքակիրթ երկրներում, որտեղ իշխում են գրական ճշմարիտ չափանիշները, արժանանում է շնորհակալության եւ գնահատականի, իսկ ես պարտադրված եմ «պետքարանի թղթի» մասին անեկդոտներ կարդալ: Եվ այս ամենից հետո Սերգեյ Սարինյանը լուրջ դեմքով խոսում է մեր օրերի գրական կյանքի մասին...
Ինչո՞վ բացատրել գրականագետի վրիպումը:
«Կամա-ակամա» գալիս ես եզրակացության, որ Սերգեյ Սարինյանը բացի այս մեկին կամ այն մեկին հաճոյանալու ոչ արժանապատիվ ցանկությունից, ինքն էլ պատկանում է նրանց թվին, որոնք «վառվել» են Մահարուց եւ չեն մոռանում դա: Մահարին քննադատներից եւ նույն Սարինյանից պահանջում էր, որ նրանք իրերը կոչեն իրենց անուններով, չզբաղվեն միայն դասական դեմքերով ու երեւույթներով, գրական ռոմանտիզմի դաշտից դուրս տեսնեն նաեւ իրական գրականությունը, գնահատեն արժեքավորը, բացահայտեն լույս տեսնող, գրախոսվող, թարգմանվող եւ օտար ընթերցողին ներկայացվող մոլախոտը: Դժվար չէ թվարկել նյութերի ցանկը, որոնց վրա կառուցվել են գրողի եւ գրականագետի հարաբերությունները` գրախոսական «Երկեր» ժողովածուի մասին, «Այսպես շարունակել չի կարելի», «Անկեղծ զրույց», «Գրախոսական մի գրքի... եւ մի գրախոսականի մասին», «Բաց նամակ Գուրգեն Մահարուն», «Փակ նամակ Սերգեյ Սարինյանին», «Մի էջ անցյալի արձագանքից»... Թվարկված նյութերն ընդմիջվում եւ շարունակվում են Սերգեյ Սարինյանի հոդվածներով, որոնցում Մահարուն տրված են իրարամերժ գնահատականներ: Ես չեմ նշում աղբյուրները` ընթերցողին նեղություն չպատճառելու համար եւ կոչ եմ անում Սերգեյ Սարինյանին շարադրել Մահարի-Սարինյան հարաբերությունների սեւն ու սպիտակը, նեգատիվն ու պոզիտիվը: Իսկ մինչ այդ ավելորդ չեմ համարում «սուր ժանրի» եւս մեկ մեջբերում, որը դուրս չէ մեր կոնտեքստից.
«Ինձ հետաքրքրում է այս գործում գործի մարդկային կողմը. ո՞վ կամ ի՞նչն ստիպեց ձեզ դիմել այդ անպատվաբեր ակտին... կամ գուցե ես սխալվե՞լ եմ ձեզ ազնիվ մարդ կարծելով: Չեմ կարծում, ես բավականին լավ ճանաչում եմ մարդկանց... ես մի ցանկություն ունեմ. եւ այդ այն է, որ դուք աշխատեիք մի կերպ մաքրել ձեր խիղճը: Բարոյական այն փակուղին, որի մեջ դուք դրիք ձեզ, ես չեմ կասկածում, որ ավելի ծանր է, քան այն «գրական փակուղին», որին ես հանդիպել եմ ձեր կարծիքով: Ես գիտեմՙ թե ինչ է նշանակում ծանրացած խիղճը:
Այս տողերը ես գրում եմ այն Սերգեյ Սարինյանին, որին ե՛ս գիտեմ: Իսկ եթե ես սխալվել եմ եւ դուք այն չեք, որին ես ճանաչել եմ... այս դեպքում գնացեք ձեր ճանապարհով, անազնիվ մարդու անազնիվ ճանապարհով:
Գուրգեն Մահարի»:
Բոլորի կյանքում լինում են անկեղծության պահեր, մանավանդ օր-ծերության: Քննեք, պարոն Սարինյան, Մահարու հետ ունեցած լույսն ու մութը եւ թեկուզ տասնամյակների ուշացումով` արդարացրեք գրողի սպասելիքները: Դա պետք է ոչ միայն գրականության պատմությանը, այլ ավելի շատ եւ շուտ` Ձեզ: Ձեր անկեղծությունը սերունդները կգնահատեն: Մութ ակնարկներից տարակուսած ընթերցողին խոստանում եմ, որ եթե դա չանի Սերգեյ Սարինյանը, ապա կանեմ ես:
Վերջում մեկ անգամ եւս ցանկանում եմ Սերգեյ Սարինյանին շուտափույթ ապաքինում: Որքան էլ վրիպումներով` նրա հոդվածաշարը գրական կյանքի նշույլ է մեր ամուլ օրերում:
Հ.Գ. - Մեր պատասխանը մենք ներկայացրինք «Գրական թերթի» խմբագրություն, որտեղ լույս էր տեսել Ս. Սարինյանի հոդվածաշարը: Թերթի նորանշանակ խմբագիր Կ. Խոդիկյանը մերժեց տպագրությունը պատճառաբանելով, որ թերթը հետայսու ունենալու է գրական, այլ ոչ թե գրականագիտական ուղղվածություն:
Նոր ժամանակներ, նոր նշանակումներ, նոր հայտնություններ...