ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
Անսկզբին գաղտնիքները ոչ դուն գիտես եւ ոչ ես,
Առեղծվածին գիրը կարդալ ոչ դուն կրնաս եւ ոչ ալ ես,
Վարագույրին ետեւն է որ կբարբաջենք մենք երկուքով.
Վարագույրը երբ որ վերնա, ալ ոչ դուն կաս եւ ոչ ալ ես:
ԽԱՅԱՄ
Մարդ արարածն էլ երեւի ամենաանթափանց առեղծվածն է: Բայց եւ այնպես, մարդ արարածին ամենաշատ հետաքրքրել եւ հետաքրքրում է իմանալՙ ինքը ո՞վ է, որտեղի՞ց է հայտնվել, որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր է գնում, ինչո՞ւ ինքը տարբեր է մյուս ապրող արարածներից, երբ այնքան նաեւ նմանություններ ունի մյուս ապրող էակներու եւ նույնիսկ բույսերու հետ: Գիտությունը ասում է, որ մարդու գեները մյուս էակների եւ բույսերի գեներից ընդամենը մի քանի գեներով են տարբերվում, մեծ մասով նման են գոյություն ունեցող մյուս էակներու գեներուն:
Հին հույն փիլիսոփա Սոկրատեսը պատգամում է մարդունՙ «Ծանիր զքեզ», եւ այդ փիլիսոփային խոսքը Հելլադայում արձանագրված է եղել Դելփիում գտնվող Ապոլլոնի տաճարին վրա... Դարերու ընթացքին հազարավոր մտավորականներ, փիլիսոփաներ, պատմաբաններ, բանաստեղծներ, հոգեբաններ, բժիշկներ, կրոնավորներ, գիտնականներ ուսումնասիրում են մարդու մարմինը, արարքները: Ուզեցել են ճանչնալ մարդուն եւ իրենք զիրենք: «Ծանիր զքեզ»... Ասելը դյուրին է...
Եվ ահավասիկ, ի՞նչ ենք իմանում նախ եւ առաջ մարդ արարածի ծագման մասին:
Գիտեմ, որ հին հունական դիցաբանության մեջ մարդու ծագման առասպել մը կա: Դեւկալիոնըՙ Պրոմեթեւսի որդին, եւ իր կինըՙ Պիրրան, քարեր էին հավաքում եւ իրենց ուսերի վրայից հետ էին նետում, եւ այդ քարերը դառնում էին մարդիկ: Եվ այսպես նորից մարդիկ գոյացան երկրի վրա:
Տարբեր ազգեր վստահաբար ունին մարդու ծագման եւ երեւան գալու մասին պատմություններ: Դժբախտաբար ծանոթ չեմ: Ուրեմն առայժմ վերադառնամ Դարվինին... Դարվինիզմի մասին տեղեկություններս քաղում եմ «Հայկական սովետական հանրագիտարանից»:
Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի հիմք հանդիսացան «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում կատարած հետազոտությունները, ինչպես նաեւ կենսաբանության եւ սելեկցիայի նվաճումները: 1858-ին Դարվինն առաջին անգամ հրապարակավ շարադրեց բնական ընտրության տեսության հիմնական դրույթները: 1859-ին «Տեսակների ծագումը (ինչպես նաեւ մարդուն.- Հ.Հ.) բնական ընտրության միջոցով կամ հարմարված ցեղերի պահպանումը կյանքի պայքարում» գրքում Դարվինը ցույց տվեց, որ... բնության մեջ կենդանիների ու բույսերի օրգանիզմում առաջացած ժառանգական փոփոխությունները բնական ընտրության են ենթարկվում, եւ գոյության պայքարում հաղթում են տվյալ միջավայրում ավելի հարմարված ձեւերը: Այսպիսով, Դարվինը կենսաբանության պատմության մեջ առաջինն ստեղծեց էվոլյուցիոն տեսությունըՙ ...բացատրելով կենդանի էակների նպատակահարմարությունը: ...Էվոլյուցիայի կարող է ենթարկվել միայն պոպուլյացիանՙ տվյալ միջավայրում ապրող, միեւնույն տեսակին պատկանող, մշտապես միմյանց հետ խաչաձեւվող խումբը: Դարվինիզմը ունի սկզբունքային մեթոդոլոգիական նշանակություն, եւ այլն...
Այստեղ մարդ արարածը չի առանձնացվում, ուղղակի խոսք չկա հատկապես մարդու ծագման մասին, բայց ես լսած եմ, որ Դարվինի անվան հետ է կապվում մարդ արարածիՙ կապիկից ծագման, կամ կապիկից հետո մի տեսակի, որը մինչեւ այսօր, կարծեմ, չի բացահայտված այդ, այդպես ասած, կապիկին մարդուն կապող օղակը հանդիսացող տեսակը: Ի՞նչ իմանամ:
Անցնեմ մարդու ծագման տեղեկության մյուս աղբյուրին, որ Աստվածաշունչն է, Հին կտակարանը, ուր շատ ավելի պարզ եւ ընկալելի է ներկայացվում մարդը: Կարծեմ գիտեք, որ Աստվածաշունչը մարդկության մի մասի, միլիարդավոր մարդկանց, հոգեւոր մշակույթի հիմքն է: Քրիստոնյա բոլոր ազգերը ունեն Աստվածաշնչի թարգմանությունը իրենց բնիկ լեզվով: Հայերս ալ առաջին քրիստոնյա ազգերից ենք, որ ունեցանք հայերենի թարգմանված Աստվածաշունչը, որը ըստ օտարների վկայության կոչվել է (հույներ, հրեաներ...) թագուհի թարգմանությանց... Այսպես, չփակեմ Աստվածաշունչը եւ ինծի եւ ձեզի համար արտագրեմ.
...Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ. նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով. Աստված մարդուն ստեղծեց Աստուծո պատկերով. արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցեք, բազմացեք եւ լցրեք երկիրը, տիրեցեք նրան, իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»:
Բայց որ մարդը բնության (Աստուծո) ստեղծած մյուս արարածներից տարբերվում է, հաստատապես դա շատ որոշակի ասված է Աստվածաշունչին մեջ: Մարդը անհնազանդ եւ ըմբոստ է եւ չի ենթարկվում բնության դրած օրենքներուն: Եթե բնության ստեղծած բոլոր մյուս արարածներն անխտիր ենթարկվում են բնության դրած կյանքի ապրելու օրենքներուն եւ, մանավանդ, գործակցում են իրար հետ, մարդը գործում է ինքնագլուխ, եւ մանավանդ սովորություն ունիՙ միայն վերցնում է եւ փոխարենը բան չի տալիսՙ չարաչար մսխելով բնության բարիքները: Իսկ բնությունը, կարծեմ, անսպառ չէ: Ինչպես չհիշել հարավամերիկյան կոնդոր անգղը, որ ամենամեծ թռչունն է, որուն թեւերուն բացվածքը հասնում է երեք մետրի: Եվ այդ կոնդոր թռչունը երեք տարին մեկ է սերնդագործում, որովհետեւ «գիտի», որ գոյություն ունեցող սնունդը, բնության ընձեռած ուտելիքը ապրելու համար այնքան է միայն թույլատրում:
Համենայն դեպս, կյանքը շարունակվում էր, մարդիկ բազմանում էին...
Եվ ես ալ շարունակեմ Աստվածաշունչի էջերում մարդուն հետեւիլ... որպեսզի հասնիմ Բաբելոն քաղաքը:
Այն ժամանակ ողջ երկիրը մեկ լեզվով էր խոսում. մեկ բարբառով էր խոսում, եւ արեւելքից տեղաշարժվելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակվեցին այնտեղ: Նրանք միմյանց դիմելով ասացին. «Եկեք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք. համբավ ձեռք բերենք ողջ աշխարհով մեկ սփռվելուց առաջ»: Տերն իջավ, որպեսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները: Տերն ասաց. «Սրանք մեկ ժողովուրդ են, ունեն մեկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպես, որ ոչ մեկը չհասկանա իր ընկերոջ ասածը»: Տեր Աստված այնտեղից նրանց սփռեց աշխարհով մեկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:
...Բաբելոն նշանակում է խառնակություն:
Ժամանակակից գիտությունն ալ հաստատում է, որ գոյություն ունեցել է մի նախալեզու, որով խոսել են մարդիկ, եւ ժամանակի ընթացքին մարդիկ հեռանալով իրենց բնօրրանից, հեռանալով իրարիցՙ կազմել են նոր խումբեր, եւ ստեղծվում էին նորՙ իրարից տարբեր լեզուներ, եւ առաջանում էին նոր ազգեր:
Բայց եւ այնպես, մարդոց իրարու հիմնական ասելիքները մնում էին նույնը: Նոր լեզուն նոր ասելիք չի բերում հետը. մարդուն ասելիքը պարզ է. մարդը դիմացինին պիտի ասե. «Ես քեզ սիրում եմ», անգլ.ՙ I love you, ֆրանս.ՙ Je taim, եւ այլն: Վստահաբար, ժամանակի ընթացքին բազմաթիվ լեզուներու գոյությունը անիմաստ պիտի դառնա եւ մարդիկ պիտի հասնին մեկ լեզվիՙ ամբողջ մարդկության համար: Ինչպես որ մարդը չի հանդուրժում, որեւէ հնացած, մաշված, անպետք իրի երեսը չի նայում, եւ իր ունեցած ամեն բանի հետ բնականաբար մարդը վարվում է նույն ձեւով. հայերեն ասում ենք «դարն ապրած»... Այնպես պատահեցավ, որ երբ գրում էի այս տողերը, ֆրանսիական GEO աշխարհագրական ժուռնալի մի համարը ձեռքս անցավՙ հետեւյալ խորագրով. «Ուշքի եկեք, լեզուները վտանգված են».
Աշխարհի վրա խոսվող հազարավոր բարբառներու կեսը արդեն դատապարտված է: Մարդկության մշակույթի մաս մըն է, որ կորչելու է նախքան դարը ավարտվի:
Սպառնալիքը, որ ճնշում է լեզուները, չի խնայում մոլորակի ոչ մեկ շրջանը: Վտանգը մեծ է այն շրջանում, ուր հիմնական լեզվական այլազանությունը կարեւոր է: Ասիայում առաջին վտանգված երկիրը Հնդկաստանն էՙ «ռեկորդակիրը» 198 լեզուներով: 1970-2005 թթ. 20 տոկոսը լեզուներուն հանգելու են: Սպառնալիքի տակ եղող բարբառներու 10 տոկոսը կրնան 22-րդ դարի սահմանը հաղթահարել:
Կարգ մը իշխող լեզուներ ճզմում են մյուս լեզուները:
Այսօր 50 լեզուներ ունեն մեկ խոսող:
199 լեզու խոսվում է 10 հոգու կողմից:
10 լեզուներ խոսվում են ավելի քան 100 միլիոն մարդկանց կողմից:
Մոտավորապես 6700 լեզուներ արձանագրված են Երկիր մոլորակում: 3000 լեզուներ վերանալու են մինչ դարի վերջը, իննսուն տոկոսը վտանգված լեզուներունՙ պիտի փոխարինվին մինչ դարուս վերջը տիրապետող լեզուներու կողմից: Մեկ լեզու վերանալու է ամեն երկու շաբաթը մեկը... Բնակչության 3 տոկոսը խոսում է 96 տոկոսը լեզուներու:
Լեզուներ ստեղծվեցան, առաջացան ազգություններ, այսինքն մարդկությունը բաժանվեցավ խումբերու եւ նաեւ պետություններու, որոնք երկրագունդը բաժանեցին կտորներուՙ սահմաններու, եւ այդ սահմանները շրջափակեցին փշալարերով եւ, անշուշտ, զինյալ պահակներ դրին իրենց «հայրենիքը» պաշտպանելու համար: Մեջտեղ եկավ դիվանագիտությունը, հետախուզությունը եւ, անշուշտ, պատերազմներ ժողովուրդներու միջեւ. «Չկան հավիտենական բարեկամներ, չկան հավիտենական թշնամիներ», կան Անգլիո շահերը, խաղի կանոններ. ամենասիրելի բառակապակցությունը մեր դեղնակտուց քաղաքական գործիչներու: Կարծես մարդ արարածը սիրում է պառակտվել. երեւի պառակտվել եւ հետո միանալ: Չես հասկանումՙ մի կողմից գիտությունը հայտնաբերել է, որ բոլոր մարդիկ նույն գեները ունեն, անկախ իրենց խոսած լեզվից, մաշկի գույնից, չաղությունից կամ նիհարությունից, կլոր աչքերից կամ նեղ աչքերից, եւ սակայն կրնան դառնալ մահացու թշնամիներ իրարու: Հեռու չգնանք. տեսեք մեր խեղճ ազգը իր 70 կուսակցություններով: Բոլորը, կարծեմ, մտածում են հայ ազգը փրկել, բայց ումիցՙ կարծեմ իրենք էլ չգիտեն:
Սփյուռքում կային ավանդական կուսակցություններ կոչվածները,- անունները գիտեք, չգիտնաք էլՙ բան չեք կորսնցներ,- որոնք 70 տարի թունավորեցին սփյուռքահայության կյանքը: Մինչեւ որ սփյուռքահայերը զզվան այդ գզվռտոցից, Սփյուռքից փախան, եկան հայրենիք, ան ալՙ սովետական, որպեսզի անձրեւից փախչին եւ ընկնեն կարկուտի տակ:
Եվ քանի որ խոսքս գնում է մարդուս պառակտվելու հակումներուն մասին, չենք կարող չխոսել եւ չհիշել կրոնը: Կրոնները խոսում են սիրուց, եղբայրությունից եւ խաղաղությունից, բայց եւ միլիոնավոր սպանություններու հաշիվը չկա. հավատացյալը դրախտ պիտի երթա, իսկ երկրի վրաՙ քու կրոնեդ չեղողին սպանել եւ կողոպտել մեծագույն արժանիքն է:
Հայերն ալ մեր թվարկության 301 թվին ընդունեցին քրիստոնեական կրոնը, որը բոլորովին կապ չունի հայության հետ, որովհետեւ նախ եւ առաջ Հիսուսը եւ իր առաքյալները օտարներ էին... Բայց նախքան հայոց կրոնին անդրադառնալը խոսինք հայոց հայտնվելու մասին մարդկության պատմագիրքին մեջ: Անշուշտ նախ պիտի դիմեմ մեծագույն հայ Մովսես Խորենացի քերթողին.
Այս Հայկը, ասում են, վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ եւ երեւելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրողը անոնց, որոնք ձեռք էին բարձրացնում տիրապետելու համար բոլոր հսկաներուն եւ դյուցազուններուն: Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմՙ երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա: Երբ ամեն մի մարդ, կատաղած, սուրը ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու: Երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ եւ ամբողջ երկիրը գրավել: Հայկը չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո, չվեց գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում, Վանա լճից հարավ... Իր որդիներով, դուստրերով եւ որդիների որդիներով, զորավոր մարդկանցովՙ թվով մոտ երեք հարյուր հոգի, եւ ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով եւ բոլոր տուն ու տեղով, գնում բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից: Հայկը նրանց իրեն հնազանդեցնելովՙ այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում եւ տալիս է ժառանգություն Կադմոսինՙ Արամանյակի որդուն: Սա ճշտում է ասված անգիր հին զրույցները:
«Իսկ ինքը մնացած մարդկանցով եւ տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակի վրա եւ այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն թե այստեղ բնակվողները հայրեր են Թորգոմի տան սերունդի: Շինում է մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն»: Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին (Հայկին): Այս էլ ճշտում են ասված անգիր զրույցները:
Եվ պատմիչը շարունակելով, ասում է, թե երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության եւ խաղաղությամբ ապրի. «Դու ցուրտ սառնամանիքներու մեջ բնակվեցիր, ասում է, սակայն տաքացրու եւ մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը եւ ինձ հնազանդվելով խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու»: Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում խստությամբ պատասխանելով: Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն:
Ապա Տիտանյան Բելը զորք է հավաքում նրա դեմ եւ հետեւակ զորքի մեծ բազմությամբ գալիս հասնում է հյուսիսՙ Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ: Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով: «Գիտցած եղիր, ասում է, ով մեծդ դյուցազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա անմահ քաջերով եւ երկնադեզ հասակով կռվող հսկաներով: Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա եւ ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես»:
Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ ինչպես մի մեծ հորձանք զառիվայրից ներքեւ հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմաններըՙ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության եւ ուժի վրա: Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան (Հայկը) շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներինՙ թվով շատ նվազ, քաջ եւ աղեղնավոր մարդկանց եւ ուրիշ մարդկանց, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ (Վանա լիճ), որի ջրերը աղի են եւ իրենց մեջ մանր ձկներ են պարունակում (տառեխ): Եվ իր զորքը, կանչելովՙ ասում է նրանց. «Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք եւ մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի եւ մենք հաղթություն տանենք»:
Եվ ճակատամարտը եղավ... Իսկ ճակատամարտը երկու կողմից շարունակվում էր: Այս տեսնելով արքա Բելը զարհուրեց եւ ետ-ետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր, որովհետեւ մտածում էր ամբոխի մեջ ամրանալ... Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալովՙ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում Բելին, մինչեւ վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթեւյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, եւ սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում եւ գոռոզացած Տիտանյան Բելը այս կերպով կործանվում, ընկնում է գետին ու շունչը փչում... Եվ Հայկը Բելի դիակը դեղերով զմռսելովՙ հրամայում է տանել Հայք եւ թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց եւ որդիների: Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք, մեկ խոսքովՙ Հայաստան...
Ահավասիկ այս է հայ ազգի առաջացման եւ Հայաստանի ստեղծման պատմությունը ըստ մեր մեծագույն նախահորՙ քերթող Մովսես Խորենացիի: Որպեսզի գրվածքս ավելի ամբողջական ըլլա հայերու եւ Հայաստանի մասին, պիտի ոգեկոչեմ մեր մյուս մեծագույն հայ լեզվաբանի եւ պատմաբանիՙ Հրաչյա Աճառյանի «Հայոց պատմություն հյուսված ընդհանուր պատմության հետ» գիրքը.
Կիմերական եւ սկյութական արշավանքները շատ մեծ աղետ դարձան Խալդիայի համար: Արեւելքի բոլոր երկրներն էլ արդարեւ հավասար չափով տուժել էին նրանցից, բայց եւ ոչ մեկին հասած աղետը կարող էր հավասարվել Խալդիայի աղետին, որովհետեւ մյուս երկրները միշտ ավելի հեռու էին գտնվում, իսկ Խալդիան ուղղակի նրանց բնակավայրը դարձել էր: Խալդիայի երկիրը մեծապես ավերվեց, քաղաքները կործանվեցին, ժողովուրդի մի մասը ջարդվեց, մնացած մասը լեռների վրա, ամրապատ վայրերում ապաստան փնտրեց:
Երկրի այս թուլացած ժամանակ երկու նոր թշնամիներ երեւացին Խալդիայի սահմանների վրա. սրանք էին արեւելյան կողմից մարերը եւ արեւմտյան կողմիցՙ հայերը: Հայերն անցան Եփրատը, մտան Արածանիի հովիտը: Խալդիները, արդեն ուժասպառ, չկարողացան դիմադրել նորեկներին եւ հետզհետե տեղի տվին նրանց առաջ: Խալդիներն սկսեցին քաշվել դեպի հյուսիս եւ արեւելք. հավաքվեցին նախ Վանա ծովի արեւելյան կողմը մինչեւ Մասիս լեռը, ամբողջ հյուսիսային բարձրավանդակը: Նորեկ հայերը հաստատվեցին նախ Արածանիի ստորին հովտում, բայց քանի խալդիները հետ էին քաշվում, հայերն էլ հետզհետե գրավում էին նրանց թողած վայրերը: Հայերի առաջացմանը նպաստեցին նաեւ մարերը, որոնց հետ բարեկամական դաշինք էին կապել հայերը:
Երկու դար տեւեց հայերի առաջացումը: Այս ժամանակամիջոցին նրանք մի կողմից բարձրանում էին դեպի հյուսիս եւ արեւելք, մյուս կողմիցՙ իջնում էին դեպի հարավ, հյուսիսից հասան մինչեւ Կուրի հովիտը, իսկ հարավից անցան Տավրոսի լեռնաշղթան եւ հասան Տիգրիսի արեւելյան ճյուղը, որ Հայաստանի սահմանն է: Երկու դար տեւեց ամբողջ ձուլման գործը: Հայերը խալդիներից նվազ քաղաքակիրթ ժողովուրդ էին, ուստի շատ բան ընդունեցին բնիկների քաղաքակրթությունից, որդեգրեցին նրանց պետական կազմը, նախարարական կազմակերպությունը, ընդունեցին խալդյանների ազնվական տոհմերին իրենց մեջ, բայց պահեցին իրենց բնիկ լեզուն, որին ենթարկեցին նաեւ բնիկները: Դժբախտաբար հայերը չսովորեցին խալդյանների բեւեռագրական գրությունը, որ կարող էր նաեւ հարմարվել հայերեն լեզվին, եւ այս պատճառով շատ ուշ ձեռք բերեցին գիր եւ գրականություն:
Պատմության մեջ նկատված երեւույթ է, որ երբ մի ազգ արշավում է մի նոր երկիր եւ նվաճում, այն ժամանակ է միայն հարատեւում իր գոյությունը, երբ նվաճած ժողովուրդից անկախ եւ հեռու չի կանգնում, այլ նրա հետ խառնվում է ու միանում: Հակառակ դեպքումՙ կգա մի օր, երբ նվաճված ժողովուրդը կհավաքի իր ուժերը եւ իր նվաճողներին դուրս կքշի: Այսպես եղավ նաեւ Խալդիայում. հայերը մտնելով այս երկիրըՙ այնպես կապվեցին ու խառնվեցին բնիկների հետ, որ երկու դար հետո արդեն խալդ եւ Խալդիա չկար, այլ կազմվել էր մեկ ժողովուրդ եւ մեկ երկիրՙ հայ եւ Հայաստան:
Խալդիայի նվաճման ժամանակ հիշվում են մարերը իբրեւ հայոց դաշնակից: (Այնուհետեւ Կիաքսարըՙ մարերու թագավորը աշխատեց իր իշխանությունը տարածել արեւելք եւ արեւմուտք: Առաջին ժողովուրդները, որոնց նա հանդիպեց իր դեպի արեւմուտք ընթացքի մեջ, հայերն ու խալդիներն էին: Հայերը, քաջ ու կռվող ժողովուրդ, մարերի առանձին ուշադրության առարկան դարձան: Քիչ ժամանակից բարեկամական կապ հաստատվեց այս երկու ժողովուրդների միջեւ: Կիաքսարի իշխանության տակ հայերը կազմեցին մի վասալ պետություն. հայերի թագավորները հարկ եւ զորք էին տալիս մարերի պետության: Մարերն ալ փոխադարձաբար պիտի օգնեին հայերին իրենց տարածման մեջ դեպի Խալդիայի (ապագա Հայաստանի) ներսերը): Հայոց թագավորը վասալ է մարերու թագավորին: Հայ թագավորներու վասալական վիճակը տեւական վիճակ մը պիտի ըլլա հայ թագավորներուն համար: Առաջին Հայաստանի թագավորները Երվանդունիներն են, որոնց պիտի հաջորդեն Արտաշիսյան «դինաստիայի» թագավորները, վերջըՙ Արշակունիները եւ ուշ նրանց հաջորդող Բագրատունիները, եւ հետոՙ Կիլիկյան Ռուբինյաններու թագավորությունը:
Հայոց պատմության մեջ միայն մեկ թագավորիՙ Տիգրան Բ թագավորի օրոք Հայաստանը եղել է անկախ, եւ նույնիսկ Հայոց պետության սահմանները ընդարձակվել են Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով: Բայց վերջում հայոց փառապանծ արքայից արքա Տիգրան Երկրորդը ստիպված էր այցելել հռովմեացի զորավարի բանակատեղինՙ ձիուց իջած, թագը ձեռքին, ոտքով քալելով մինչեւ հռովմեացի զորավարին վրանը: Հռովմեացին հարգանքով ընդունում է, հայոց արքային հրավիրում է իր կողքին նստել, խնդրում է թագը դնել գլխին, եւ զրուցում են. հռովմեացի զորավարը ասում է, որ ուզում է բարեկամության դաշինք կնքել հայոց արքայից արքային հետՙ պայմանով, որ Տիգրանը վերադառնա իր երկիրը, իշխե իր երկրին սահմաններուն մեջ եւ չփորձե իր երկրի սահմաններից դուրս գալով անհանգստացնել հարեւան երկիրները: Այսպիսով, Տիգրան Մեծը մնում է հայերու մեծագույն արքան, որ ապացուցում է, որ եթե պետք ըլլա, հայերը կարող են նաեւ նվաճել ուրիշներու երկրները...
Մարերուն հաջորդեցին պարսիկները. պարսիկներուն հաջորդեցին արաբները, որոնք երեք դար տիրություն էին անում ոչ թե միայն Հայաստանին, այլեւ Պարսկաստանի պես մեծ երկիր մը. հետո եկավ մեծագույն աղետը հայության գլխինՙ հեռավոր արեւելքից հայտնվեցին թուրքերը: Մինչեւ թուրքերու հայտնվելը Հայաստանը միշտ էլ գտնվելով երկու հզոր պետություններու սահմանակիցՙ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի, անդադար ենթարկված է այդ պետություններուն, եւ եղել է կռվախնձոր ու ոտքի կոխան այդ երկիրներու բանակներուն, մինչեւ որ այդ հզոր երկիրները առանց հայոց հետ հաշվի նստելու Հայաստանը բաժանեցին իրարու մեջ...
Բայց հայերը միշտ էլ պայքարել են իրենց անկախության համար. եւ ահավասիկ, հայերը նկատելով, որ ֆիզիկապես թույլ են եւ միայն ֆիզիկական ուժը բավական չէ հայության պահպանման համար, ստեղծեցին հայերեն տառերըՙ Այբուբենը... Եվ սկսեց հայոց գրականությունը, որ նույնիսկ ավելի հզոր դիմադրության զենք էր օտարացման դեմ, եւ ձուլման դեմ, որը մշտական նպատակն էր հարեւան հզոր պետություններու: Այսպես, խոսելով գրերու գյուտին մասին, չեմ կարող չխոսել հայոց քրիստոնեության հավատքը ընդունելու մասին: Կկարծեմ, որ հայերը մեծ հույսեր էին կապել քրիստոնեության ընդունման հետ... Հայերը ապրում էին այս աշխարհի մեջ եւ անտարբեր չէին կրնար ըլլալ իրենց շուրջը պատահած բաներու հետ, նոր գաղափարներու հետ: Երբ Քրիստոսի առաքյալները այցելեցին Հայաստանՙ Թադեոսը եւ Բարդուղիմեոսը, անշուշտ Քրիստոսի գաղափարները շատ հուզիչ եւ գրավիչ էին մանավանդ փոքր եւ տկար ժողովուրդի մը համար, որուն գոյությունը հարատեւ վտանգված էր: Մեծերը եւ ուժեղները միշտ ալ սպառնալիք էին փոքրերու եւ տկարներու համար, իսկ քրիստոնեությունը քարոզում էր ազգերու հավասարություն, եղբայրություն, սեր, բարություն. խաբելը, գողանալը, սպանելը մեծագույն մեղքերն էին եւ պատժելի Աստուծո կողմից. եւ բնական է, հայերը ավելի լավ մարդկության եւ ավելի լավ աշխարհի հույսերով ապրում էին, եւ ահավասիկ նոր կրոնը եթե մարդիկ ընդունեին, աշխարհը, անշուշտ, ավելի լավ պիտի ըլլար. սերը տիրելու էր աշխարհին... Եվ անշուշտ, հայերու հավատքը եւ երազըՙ ավելի լավ մարդկության մը եւ աշխարհի մը, հասկանալի էր: Ազգերը իրարու թշնամի պիտի չըլլային, եղբայրություն պիտի տիրեր երկրի վրա...
Բայց այստեղ ես նորից հիշեցի մեծագույն ուսուցիչ Հրաչյա Աճառյանին եւ սիրով բացի իր գիրքը.
Օգոստոս կայսեր ժամանակ Հրեաստանի մի աննշան գյուղում ծնվեց Հիսուսը: 30 տարեկան էր նա, երբ սկսեց քարոզել իր նոր վարդապետությունը, որի հետեւորդները սկզբից շատ չէին, հետզհետե բազմացան: Այս վարդապետությունը տարբերվում էր մովսիսական կրոնից նրանով, որ դուրս էր թողնում բոլոր նյութական ծեսերն ու ավելորդապաշտությունները, եւ ամբողջ կրոնը հիմնում էր սիրո եւ բարոյականի վրա: Բոլոր մարդիկ հավասար են եւ բոլորն էլ լինելով մի Հայր Աստուծո զավակները, եղբայր են իրար հետ: Չկա ազգերի եւ մարդկանց դասերի միջեւ խտրություն: Նյութական հարստությունները ոչ ոքի սեփականությունն են կազմում, այլ իբրեւ ամենքի հոր տուրքը, պատկանում են ամենքին: Հոգին առավել է, քան մարմինը, հետեւաբար մենք էլ մոռանալով մարմնի պահանջները, պետք է հետեւենք հոգու պահանջներին: Աստուծո թագավորությունը կգա այն ժամանակ, այսինքն փոխանակ պատերազմների, կռիվների, ազգային կամ անհատական վեճերի, չոր նյութականի համար վարված պայքարի կտիրի խաղաղություն, սեր եւ ընդհանուր եղբայրություն: Ժամանակակիցները չհասկացան (իսկ այսօր հասկանո՞ւմ են.- Հ.Հ.) այս մեծ քարոզիչի խոսքերը եւ հրեաները իբրեւ հակառակորդ Մովսիսական կրոնի, սպանեցին նրան խաչելով իր քարոզության երրորդ տարում եւ հալածանք հանեցին նրա հետեւորդների դեմ...
Եվ ինչպես Բուդդայի, նույնպես եւ Հիսուսի վարդապետությունը չմնաց իր առաջին մաքրության մեջ. Հիսուսի գաղափարները օրեցօր փոխվեցին. մարդիկ դեռ չէին հասել (ինչո՞ւ հույս ունիք, որ երբեւիցե կրնան հասնի՞լ.- Հ.Հ.) այն բարձրության, որ կարողանային ըմբռնել այն, ինչ որ Հիսուսն էր ասում: Նույնիսկ Հիսուսի աշակերտները ամբողջապես չէին հասկանում Հիսուսի վարդապետությունը...
Առաջին քրիստոնյա թագավորը եղավ Եդեսիայի Աբգար թագավորը, որ ընդունեց քրիստոնեությունը 3-րդ դարի սկիզբը: Քարոզիչները Եդեսիայի շրջանից Մծբինի վրայով անցան Հայաստան: Քրիստոնեությունը հաղթանակեց եւ պետական կրոն դարձավ Հայաստանում Դ. դարի սկզբին: Գրիգոր անունով եռանդուն մի քարոզիչ, որ պարթեւական ազնվական ցեղից սերած եւ Կապադովկիայում հունական դաստիարակությամբ էր մեծացել, եկավ Հայաստան, մտավ Տրդատի պալատը եւ կարողացավ թագավորին եւ նրա ամբողջ արքունիքը քրիստոնյա դարձնել: Սրանից հետո Տրդատը եւ Գրիգորը, բանակի գլուխն անցած, զենքի զորությամբ տապալեցին կռապաշտությունը, մեհյանները կործանեցին եւ քրիստոնեությունը տարածեցին ամբողջ Հայաստանում: Նոր կրոնի հաջողության եւ բարգավաճման համար Լուսավորիչը բաց արեց դպրոցներ, ուր հույն եւ ասորի քարոզիչներ հունական եւ ասորական դաստիարակությամբ կրթում էին բազմաթիվ հայ պատանիների նոր կրոնի քարոզչության համար:
Բնական է, փոքր հայ ժողովուրդը, որ շատ էր տուժել եւ տուժելու էր իր փոքրության համար, հույս ուներ, որ նոր հասարակարգըՙ քրիստոնեական, իր գոյության ապահովության համար երաշխիք կրնար ըլլալ... Մինչեւ 5-րդ դարի սկիզբը հայերն ապրեցին առանց գրականության, իրենց ամենահզոր ժամանակն անգամ (Տիգրան Մեծ) հայոց լեզուն պետական լեզու չդարձավ, հունարենը կամ պարսկերենն էր, որ իբր դիվանական լեզու գործ էր ածվում: Քրիստոնեության ժամանակ ավելացավ նաեւ ասորերենը: Եկեղեցիներում ժամերգությունը կատարվում էր հունարեն կամ ասորերեն լեզուներով, որոնցից ոչինչ չէր հասկանում հայ ժողովուրդը:
Այս վիճակը շատ դառն էր սակավաթիվ հայ ուսումնականների համար:
...Հայությունն արդյո՞ք բավական բարոյական ուժ ուներ, որպեսզի կարենար դիմադրել գալիք հարվածներին եւ իր գոյությունը պահպանել: Այս մտածումներով տարվեց 5-րդ դարի սկիզբը հայության նշանավոր զավակ Մեսրոպ տարոնեցի կրոնավորը: Նա գտավ, որ հայ ազգը, լեզուն ու կրոնը փրկելու միակ միջոցն է հայերեն գրականությունը, եւ որոշեց հնարել հայերեն տառերը: Իր այս միտքը նա հայտնեց ժամանակի թագավոր Վռամշապուհին (բոլոր ժամանակներու հայ ազգին ամենամեծ զավակը, հայրենասերը.- Հ.Հ.) եւ կաթողիկոս Սահակին, որոնք ուսումնասեր մարդիկ լինելով, մեծ համակրությամբ վերաբերվեցին նրա գաղափարին:
...Մեսրոպն անձամբ գնաց Միջագետք, Եդեսիայի գրադարանում խուզարկություններ կատարեց. օգտվելով հունարեն, պահլավերեն եւ ասորերեն այբուբեններից, հնարեց հայերեն այբուբենը: Մյուս կողմիցՙ Սահակ կաթողիկոսը հայերենի էր թարգմանում Աստվածաշունչը... Ուշիմ աշակերտներին ուղարկում էին Եդեսիա, Պոլիս եւ Աթենք ուսման մեջ կատարելագործվելու եւ հայ նորաստեղծ գրականությունը նոր երկերով ու թարգմանություններով ճոխացնելու: Կարճ ժամանակվա ընթացքին հայ գրականությունը այնպես մեծացավ ու տարածվեց, որ այս շրջանը կոչվեց հայ գրականության Ոսկեդարը:
Այստեղ մենք առանձին ուշադրություն դարձնենք հայ թագավորներե Պապին, որովհետեւ Պապը կատարեց հայ ազգի եւ եկեղեցու պատմության մեջ դարագլուխ կազմող մի գործ, ստեղծեց հայ եկեղեցու անկախությունը: Լուսավորիչից սկսյալ հայոց կաթողիկոսները իրենց օծումը Կեսարիայի հույն մետրոպոլիտից էին գնում ստանալու, եւ այս հայ եկեղեցին դնում էր մի տեսակ հպատակության մեջ: Պապը վերացրեց այս հնավանդ սովորությունը եւ կարգադրեց, որ այնուհետեւ հայ կաթողիկոսները Հայաստանում եւ հայ եպիսկոպոսներից ստանան իրենց օծումը: Այսպիսով հայ եկեղեցին ազատվեց հույներիՙ թեկուզ անվանական հպատակությունից էլ եւ դարձավ բոլորովին անկախ, ինչպես շարունակում է մնալ մինչեւ այսօր: Այստեղ ինքնաբերաբար մտածում ենքՙ քրիստոնեությունը ընդունելով ի՞նչ պատահեց հայերու հետ: Ամենակարեւոր բաները պատահեցին: Հայերը ստեղծեցին հայերեն այբուբենը, որպեսզի Աստվածաշունչ ավետարանը հայերեն թարգմանեն. ավետարանի թարգմանությամբ սկսում է հայոց գրականությունը. եւ զարմանալի չէ, որ ուրիշ ազգերու մոտ ալ, որոնք քրիստոնեությունը ընդունել են, օրինակՙ գերմանացիներու մոտ: Գերմանական գրականությունը սկսում է նախ եւ առաջ Աստվածաշունչի թարգմանությամբ: Սահակ կաթողիկոսը հայերենի էր թարգմանում հույն եւ ասորի եկեղեցական գրականության բոլոր նշանավոր գործերը: Թարգմանվեցին նաեւ հունական անտիկ փիլիսոփաներու գործերը, եւ այլն: Նույն ժամանակ ստեղծվեցավ նոր հայկական ճարտարապետությունըՙ քրիստոնեական տաճարներու ճարտարապետությունըՙ մեկը մյուսից սքանչելի ճարտարապետական կառույցներ: Ասում են, որ ինքը Գրիգոր Լուսավորիչը Էջմիածինի կառուցողն է եւ ճարտարապետը: Մեր Հռիփսիմեն միայն ցույց է տալիս, որ հայերը բացառիկ ճարտարապետական հանճար ունեն:
Բնավ չափազանցություն չըլլար, եթե ասեմ, որ հայոց քրիստոնեական եկեղեցին ստեղծել են հայ արվեստագետները:
Ովքե՞ր են մեր շարականները եւ մեր պատարագը ստեղծողները, եթե ոչ տաղանդավոր հայ եկեղեցական գրողները եւ երաժիշտները: Մեր ձեռագիր ավետարանների մանրանկարիչներըՙ իրենց աննման նկարազարդումներով, մեր որմնանկարիչները եկեղեցիներում, մեր քանդակագործներու հարթաքանդակները մեր եկեղեցիներու պատերուն, մեր խաչքարերը... Դարերու ստեղծագործություն մըն է Հայոց եկեղեցինՙ կատարելապես ավարտված եւ ոչ մեկ կարիք ունի բարեփոխության, մեծագույն հանցանք է ձեռք տալ եւ բարեփոխել Հայ եկեղեցին... Հայ եկեղեցին պետք է պահպանվի հավիտյան: Հայ եկեղեցին հայ ժողովուրդի մեծագույն ստեղծագործությունն է: Բայց, իսկապես, հայերը քրիստոնյա դարձե՞լ են: Ես նորից պիտի վկայակոչեմ մեծագույն Հրաչյա Աճառյանին «Հայոց պատմություն (հյուսված ընդհանուր պատմության հետ)» գիրքեն.
...Բայց ինչպես Բուդդայի, նույնպես եւ Հիսուսի վարդապետությունը չմնաց իր առաջին մաքրության մեջ, Հիսուսի գաղափարները օրեցօր փոխվեցին... եւ Պողոս առաքյալը, իբրեւ հունական դաստիարակության զավակ, իր ըմբռնողությունը տվեց նրան եւ այսպես էլ սկսեց տարածել: Ավելի հետո մարդիկ, նյութապաշտ գաղափարներով մեծացած եւ կռապաշտական դաստիարակությամբ սնված, ավելացրին նրա վրա նոր ծեսեր, ծոմեր, կրոնական արարողություններ, տոներ, տաճարներ, կրոնական դասակարգ, սրբեր ու նշխարներ, աստվածային երրորդություն եւ Աստվածամոր գաղափարը:
Քրիստոնեությունը մուտք է գործել Հայաստան Ասորիքից ու Կապադովկիայից: 301 թվականին քրիստոնեությունը ընդունվում է հայոց կողմից: 303-ին կառուցվում է Էջմիածին մայր տաճարը Վաղարշապատ մայրաքաղաքում: Շատ ժամանակ չի անցնում եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ձգտում է դուրս գալ «Տիեզերական» եկեղեցուց: 451-ին Հայոց եկեղեցին մերժում է Քաղկեդոնի ժողովի որոշումները, ճանաչելով միայն առաջին երեք «տիեզերական» ժողովներըՙ Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) եւ Եփեսոսի (431 թ.): Այսպիսով Հայոց եկեղեցին առանձնացել է իբրեւ ինքնուրույն եկեղեցական կազմակերպություն: Այն Հայաստանյայց առաքելական եկեղեցի է կոչվել Քաղկեդոնի ժողովից հետո: 506-ին Դվինի եկեղեցական ժողովում Հայաստանյայց առաքելական եկեղեցին վերջնականապես խզել է իր կապերը քաղկեդոնական եկեղեցուց եւ դարձել է ինքնուրույն: Երեւի այդ ժամանակներից հայերը ասում էինՙ «Մերն ուրիշ է»...
Եվ այսպես, դարեր անց, երբ կիլիկյան թագավորները նեղվում էին շրջակա պետություններից, մանավանդ իսլամական եւ օգնություն էին խնդրում Եվրոպայից, եվրոպացիները պատասխանում էին, որՙ մենք ձեզ չենք ճանաչում իբրեւ առաքելական քրիստոնյաներ, դուք վտարված եք տիեզերական եկեղեցուց... Միայն Հովհաննես Պողոս պապը, որ մի քանի տարի առաջ այցելեց Հայաստան եւ խոսք ասելով Եղեռնի հուշարձանի մոտՙ չարտասանեց «գենոցիդ» բառը, այլ հայերենով ասաց «հայոց եղեռն», հայտարարեց, որ Հայոց եկեղեցին ալ առաքելական է եւ վերադարձին Վատիկանի տաճարի պատին դնել տվավ Գրիգոր Լուսավորիչի արձանը իբրեւ Տիեզերական եկեղեցու սուրբի...
Հիշում եմ մի խոսակցություն, որ լսել եմ հեռուստացույցից. մեկը հարցնում էր հայ կաթոլիկ կրոնավորի, որ ինչպե՞ս է լինում, որ հայ ազգի սուրբի արձանը դրվում է Վատիկանում: Կաթոլիկ կրոնավորը պատասխանեց, որ Քրիստոս չի եկել աշխարհ ազգության մը համար, այլ համայն մարդկության փրկության համար:
Վերջը կիսատ մնաց այն հարցը, որ հայերը իսկապե՞ս ընդունեցին եւ դարձան քրիստոնյաներ: Հիշեցի մեր մեծագույն աստվածաբան բանաստեղծինՙ Գրիգոր Նարեկացու «Մատյանը», որ իր խոսակցությունն է Աստուծո եւ Աստվածորդու հետ, երբ իր եւ հայրենակիցներու գործած մեղքերն է խոստովանում եւ փրկություն է հայցում, կարծես հայերը մնացած ըլլան հեթանոսության ժամանակ եւ շարունակել են իրենց հեթանոսական կյանքը Քրիստոսի խաչվելուց հազար տարի անց...
Իսկապես ալ, եթե մտածես, մեր ազգային հերոսը միայն կրնա ըլլալ հայ. եթե մենք հայերս օրինակի կարիքը ունինք, մենք մեր հերոսը ունինք, մեր լավագույն տեսակի օրինակը. դա մեր էպոսն է, մեր Սասունցի ծուռը: Ահավասիկ մի հայ տղա, որ ոչ մի խոստովանելու մեղք չունի... Իր հորը տղան է, հայրը մարդոց ջուրը խափանող առյուծին բերանը ճղեց, ինքՙ Կոզբադինին, այդ ավազակին, որ եկել է Հայաստանը կողոպտելու, գլուխը ջարդեց եւ իր երկիրը ուղարկեց, Մսրա Մելիքն ալ երկու մասի բաժնեց: Մենք Դավթից առաջ մի հերոս էլ ունինքՙ մեր Հայկ Նահապետը, հայ ազգի հայրը եւ սկզբնավորողը, որը նույնպես չհանդուրժելով բռնապետ Բելին, վերջում ոչնչացրեց նրան: Նոր ժամանակներու վերջին հայ հերոսները եղան Շահան Նաթալիի «Նեմեսիսի» խումբը: Մեզ մնում է միշտ հիշել մեր հերոսները եւ օրինակ վերցնել:
Տպագրվում է կրճատումներով