Նշված խորագիրը մեկ նոր ֆիլմի երկու տարբեր վերնագրերն են: Առաջինը ռեժիսորի ընտրությունն է, իսկ երկրորդըՙ ֆիլմը թողարկող ընկերությանՙ BBC-ի: Ըստ «www.tert.am» օնլայն լրատվամիջոցի, երկուշաբթիՙ մարտի 12-ին երեկոյան ժամը 22.00-ին (Երեւանի ժամանակով երեքշաբթի օրը, ժամը 02-ին) բրիտանական BBC Four հեռուստացանցը ցուցադրել է նոր վավերագրական ֆիլմՙ նվիրված հայազգի մեծ գեղանկարիչ, ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրՙ Արշիլ Գորկուն (Ոստանիկ Ադոյանին): 59 րոպե տեւողությամբ «Առանց Գորկու» վերնագրով ֆիլմը պատրաստել է Բրիտանական ազգային կինոդպրոցի սան Կոզիմա Սփենդերը: Այն BBC-ով ցուցադրվել է «Ո՞վ է Գորկին. Աբստրակտ կյանք» վերնագրով:
Երիտասարդ ռեժիսորը բրիտանացի գրող Սթիվն Սփենդերի որդուՙ քանդակագործ եւ գրող Մեթյու Սփենդերի դուստրն է: Իսկ Մեթյու Սփենդերը, ինչպես նախապես արդեն ներկայացրել ենք (տե՛ս «Ազգ» մշակույթ-հավելվածի 2011 թվի նոյեմբերի 19-ի համարը) Գորկու դստերՙ Մարոյի ամուսինն է եւ նոր բացահայտումներով լի «Այծեր տանիքի վրա» գրքի հեղինակը: Իր ծնողներիՙ Մարոյի եւ Մեթյուի ընտանեկան ջերմ մթնոլորտի եւ անտարակույս Արշիլի վերաբերյալ բազմաթիվ խոսակցությունների եւ քննարկումների ազդեցությամբ Կոզիման ստեղծել է իր պապիկին նվիրված այս ֆիլմը եւ դրա համար հատուկ ուղեւորվել է Արեւմտյան Հայաստանՙ անձամբ տեսնելու Արշիլի ծննդավայր Խորգոմը, Վանա լճի մոտակայքում: Կոզիման այդ ուղեւորությունը բնորոշել է «չափազանց հուզիչ եւ ոգեւորող»: Նա նաեւ այցելել է Նյու Յորքում իր մեծ մորըՙ Արշիլի կնոջըՙ Մուկուչին, ով «եղել է Գորկու կյանքի վերջին վկան», եւ անձնական շփումների միջոցով պարզել Ամերիկայի մեծագույն նկարչի ստեղծագործությունների ակունքները, նրա խորհրդավոր ինքնասպանության դրդապատճառները եւ բարեխղճորեն ու հանգամանալից ներկայացրել այդ բոլորն իր ֆիլմում, որի նեղ շրջանակի համար կազմակերպված կինոդիտումը դրական լայն արձագանք է գտել բրիտանական հասարակության շրջանում: «Վոգ» (Vogue) նորաձեւության ամսագրի բրիտանական հրատարակչությունը որոշել է ապրիլյան իր համարում ներկայացնել այդ ֆիլմը:
Մինչ այդ BBC-ին տված իր առաջին բլից հարցազրույցում ռեժիսոր Կոզիմա Սփենդերը պատասխանել է հետեւյալ հարցերին:
BBC.- Ո՞րն է բոլոր ժամանակների Ձեր նախասիրած ֆիլմը:
Կ. Ս.- Չարլի Չապլինի «Նոր ժամանակներ» ֆիլմը:
- Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենադժվարին հարցազրույցը:
- Իմ մեծ մորՙ Մուկուչի հետ հարցազրույցը, որովհետեւ նա ստիպված էր հիշողությունների մի ամբողջ ցավալի շարք մտաբերել եւ ինձ հաղորդակից դարձնել դրան:
- Ո՞րն է վերջերս կարդացած Ձեր լավագույն գիրքը:
- Ջոն Սթայնբեքի «Դրախտից Արեւելք» վեպը:
- Ո՞րն է ձեր նախասիրած վայրը:
- Վանա լիճը արեւելյան Թուրքիայումՙ նախկին Հայաստանում:
- Ի՞նչը ձեզ ստիպեց պատմել Ձեր պապիկի մասին:
- Ամբողջ կյանքումս շատ պատմություններ էի լսել նրա մասին: Դրանք գրեթե միշտ խճճված էին, կարծես առանց սկզբի ու առանց վերջի: Դա իմ կյանքի այսպես ասած «սպիտակ կամ դատարկ աղմուկն» էր եւ շատ էի ուզում ուշադիր լսել ու կարողանալ գլուխ հանել այդ ամենից:
- Ի՞նչը դրդեց Ձեզ ստեղծելու այս ֆիլմը:
- Ես պատրաստեցի մի կարճամետրաժ ֆիլմ «Թեյթ» պատկերասրահում 2010 թվի հետահայաց ցուցահանդեսի առիթով: Հիմնված էր տատիկիս պատմածների վրա, մեծ մասամբ նրա վաղ շրջանի կյանքը Գորկու հետ եւ թե ինչպես էր Գորկին անցում կատարել ներկի հաստ շերտերից դեպի առավել թափանցիկ ու «լիրիկական» շերտերը: Հետագայում դրան ավելացրի մայրիկիս եւ մորաքրոջս հետ ունեցած իմ հարցազրույցները: Մենք այցելեցինք Կոննեկտիկուտի իրենց բնակարանը, Նյու Յորքի իրենց մշտական հաճախավայրերը եւ Գորկու ծննդավայրըՙ նախկին Հայաստանի Վանա լճի շրջանը: Այս վերջին ուղեւորությունը հատկապես, չափազանց հուզիչ էր ու ոգեւորող: Դա հիշողությունների երկար շղթայի վերջն էր կարծեք, եւ նման էր իր աճյունը շաղ տալուն իր իսկ բնօրրանում:
- Ինչպիսի՞ն էր Ձեր ընտանիքի առաջին արձագանքը այդ նախագծի վերաբերյալ:
- Տասը տարի առաջ երբ առաջին անգամ դիմեցի տատիկիս, նա այնքան էլ համոզված չէր, որ ուզում է ուշադրության կենտրոնում լինել: Բայց ի վերջո հասկացավ, թե ինչ կարեւոր նշանակություն ուներ մեզ բոլորիս իրՙ որպես վերջին վկայի, փորձառությանը հաղորդակից դարձնելը: Կարծում եմ ուրախ էր, որ այդ հնարավորությունը նրան տրվեց:
- Կենդանի թե մահացած անձնավորություններից ո՞ւմ հետ ամենաշատը կուզենայիք հարցազրույց վարել:
- Պապիկիսՙ Արշիլ Գորկու հետ: Դժվար էր ֆիլմ նկարահանել իր մասին առանց իր ներկայության:
- Ո՞րն է ամենալավ խորհուրդը, որ Ձեզ տվել են ֆիլմեր արտադրելու արվեստում:
- «Հետեւիր քո բնազդին»:
- Եթե նյութական խնդիրներ չլինեին, ո՞րն է Ձեր երազած հաջորդ վավերագրական ֆիլմի թեման:
- Ես մեծացել եմ Սիենայում (*) եւ կուզենայի ֆիլմ նկարահանել այնտեղի հայտնի Պալիո ձիերի մրցարշավների մասին:
Մեզ մնում է ավելացնել, որ դրախտից արեւելք գտնվող անդրշիրիմյան իր հավերժական վայրում մեր տարաբախտ մեծ արվեստագետի սիրտը հավանաբար խայտում էՙ ի տես իր թոռնուհուՙ սիրելի Կոզիմայի նվիրվածությանը իրենՙ պապիկին, որի մասին նա ոչ թե սոսկ կինոնկար է պատրաստել հանուն արվեստի, այլեւ մեկնել Վան ու Խորգոմ, Նյու Յորք ու Կոննեկտիկուտ, որպեսզի սկզբնաղբյուրից ստացած մանրամասնություններով ու մանավանդ հոգեւոր մթնոլորտով համեմի իր ստեղծագործությունը: Շնորհակալություն նրան: Հայրըՙ Մեթյուն եւ մայրըՙ Մարոն (ծն. 1943) պետք է որ հպարտ զգան նրանով:
Ըստ ինտերնետային կայքերի պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(*) Կենտրոնական Տոսկանայի պարսպապատված քաղաք Իտալիայում, որի Կենտրոնական հրապարակում են գտնվում գոթական քաղաքապետարանի աշտարակը (1297-1310 թթ.), ռոմանա-գոթական մարմարե վանքը (12-14-րդ դարեր), արվեստի թանգարաններ եւ համալսարանի շենքը (1300 թ.): Եղել է անկախ եւ բարգավաճ հանրապետություն 12-րդ դարից մինչեւ 16-րդ դարը: