ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#3, 2012-02-18 | #4, 2012-03-03 | #5, 2012-03-17


ՎԱՀՐԱՄ ՄԱՎՅԱՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Որտեղ եմ տեսել առաջին անգամ, ինչպես եմ ծանոթացել, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել: Ինձ թվում է, թե նրան ճանաչել եմ երկար տարիներ, միշտ հարազատ ու փնտրված է եղել, մեր հարաբերությունները սկիզբ ու վերջ չեն ունեցել:

Մի օր էլ ժպտերես հեռացել է ու չի վերադարձել:

Մեքենաների շարասյունը, դանդաղ քայլող ուղտերի նման բռնել էր Երեւան-Լենինական ճանապարհը: Իսահակյանի 100-ամյակը տոնելու ժամանած սովետական հյուրերից բացի, Հայաստան էին ժամանել բազմաթիվ սփյուռքահայ գրողներ, մտավորականներ, ազգային ու հասարակական գործիչներ:

Նույն ավտոբուսում ենք Մավյանի հետ: Չնայած առավոտվա ժամը 9-ինն է, բայց բոլորի «քեֆն էլ, լա՜վ, լավ է»: «Շքերթը գլխավորում է» Գեւորգ Էմինը, որն Աշտարակ հասնելուն պես, գրպանից հանում է մի տափաշիշ ու իր ծննդավայրի (Աշտարակի) կենացը առաջարկում: Առաջինը խմում է Մավյանը ու բարձրաձայն հայտարարումՙ չխմեք, քացախ է: Ավտոբուսը ցնցվում է ծիծաղից, ու բոլորը խմում են, բացի ԱՄՆ-ից ժամանած «Լրաբերի» խմբագիր Վահան Ղազարյանից: Էմինը նոր է վերադարձել ԱՄՆ-ից եւ բոլորիս հայտնի է, որ այնտեղ բանաստեղծն ու խմբագիրը «իրենց բաժինը խմել են»... Ծայր են առնում անեկտոդները, մինչեւ Լենինական չեն դադարում երգն ու ծիծաղը:

Մաստարայից հետո մեքենաները կանգնում են, սպասում ենք, մտածելով ուր որ է կշարժվենք, բայց ի՜նչ շարժվել: Լենինականցիները, զուռնա-դհոլով, առքով-փառքով եկել են դիմավորելու եւ կիլոմետրից ավել ավտոշարասյան ձախ մասում սկսվում է մի աշխարհացունց պար: Պարն ապոգեյին է հասնում, երբ մենք չենք տեսնում, բայց իմանում ենք, որ առջեւում Բաղրամյանն է պարում:

Խաշի սեղանի շուրջն ենք: Մեկ կողմում Մավյանն է, մյուսումՙ Գերսամ Ահարոնյանը:

- Ես փաչա չեմ ուտեր,- իր առջեւ դրված ափսեից հրաժարվում է Գերսամը, ես էլ նրան մենակ չթողնելու համար հրաժարվում եմ իմ ափսեից:

- Հասկացա՞ր, ինչ ըսել է փաչա,- հարցնում է ինձ Մավյանը,- անշուշտ, ես արեւմտահայի զավակ եմ:

- Հարցրու Գերսամին, եթե մի գեղեցիկ կնոջ փաչա [*] ըլլար, գոնե ձեռք մը կուտար չէ՞, թող մեկ պատառ ալ այս փաչայեն փորձե...

Նորից ծիծաղ ու «քաշքշոց»...

Երեւան վերադարձին նույն ավտոբուսում ենք, այս անգամ Վահագն Դավթյանի խոսքով ասածՙ բոլորը «ծիրան-ծիրան են», իսկ «շքերթը գլխավորում է» սկզբից մինչեւ վերջ կանգնած Սերո Խանզադյանը, Մավյանի մասնակցությամբ: Կարծես թե մրցակցություն է երկուսի միջեւ, թե ով շատ երգ կհիշի եւ հատկապես հին հայկական:

Մավյանը երգում է հրաշալի ձայնով, երբեմն ծամածռվում է, Սերոյի տնազն անելով:

Գլուխգործոցները Սայաթ-Նովայի երգերն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվում 50 հոգանոց ավտոբուսի խմբերգի, իսկ հաջողված «համարները» Վահրամը կրկնել է տալիս մի քանի անգամ: Սերոն ամեն անգամ, «շախով նազանի» ասելիս, մատն այնքան է տնկում վեր, որ դուրս է գալիս ավտոբուսի սալոնի բաց մասից:

Մի պահ դադար է, որի ժամանակ Մավյանը կռացած, ինչ որ բան է պատմում Արամ Արաքսին ու կնոջը, որոնք ուշադիր, ժպտերես լսում են:

Քիչ անց պարզվում է, որ Արամ Արաքսը Սերոյին չճանաչելով, Մավյանին հարցնում է, թե սա այն որսորդ գրողը չէ՞ (նկատի ունենալով Վախթանգ Անանյանին): Մավյանն էլ օգտվելով առիթից ասում է, որ այոՙ սա էլ է որսորդ, բայց ավելի մեծ ու ճանաչվածը այ այս մարդն է, մատնացույց անելով Համո Սահյանին:

Արաքսըՙ ոգեւորված, անգլերենով կնոջն է պատմում այն պատմությունը, որ որսորդ գրողներից մեկը արջի ձագին է խփել, իսկ մայր արջը հարձակվել է վրան: Ու ցույց է տալիս Համոյին:

Մեր հրճվանքը, ծիծաղը, բերկրանքը գագաթնակետին հասան այն ժամանակ, երբ Վահրամի թելադրանքով, Արաքսի կինը դիմեց Համոյին, հիացումի խոսքեր ասելով, իսկ խեղճ Համոն (ինչպես միշտ), մի կողմ քաշված ու բանից բեխաբար, իրեն հատուկ անտարբերությամբ, ընդունեց գովասանքը, այդպես էլ չիմանալով կատարվածը: Վահրամն այս պատմությունը հաճախ էր պատմում, միշտ ավելի ծաղկեցրած, համով ու հոտով եւ խորամանկ ժպիտով ինձ հարցնում. «Բան մը պակաս կամ ավել ըսի՞...»:

Հիշում եմ, թե ինչպես, միշտ նուրբ հումորով պատմում էր իր այցելությունը Ջեզիրե: Անկասկած ծաղկեցրած, ներկայացնում էր դպրոցի տնօրենի գլխավորությամբ իրեն ընդունելը, որպես Գալուստ Գյուլբենկյան. «բարերար տե՜ր»... ժպտում էր ու զուսպ շարժ ու ձեւով ցույց տալիս, թե ինչպիսի արժանապատվությամբ է ընդունել մեծարանքը:

Հիշում եմ, որ Անդրանիկ Ծառուկյանը Մավյանին ասաց.«Վահրամ, չեմ գիտեր մեր ազգը գրող մը շահեցա՞վ, թե՞ մեծ դերասան մը կորսնցուց», նկատի ունենալով Մավյանի դերասանական ձիրքը:

Այս լսելով Մավյանը վեր կացավ, բռնեց աթոռի թիկնակն ու պատմեց, թե ինքը ինչպես է մաքսատունն անցնում:

- Ճամպրուկս կդնեմ սայլակի վրա, այս ակնոցներս ալ կդնեմ քթիս ծայրին (ակնոցները բարակ ու նեղ էին), ծնոտս ծանրորեն կկախեմ, բերանս կիսաբաց ու սանկՙ ապուշ-ապուշ կքալեմ: Տեսնողն ալ կմտածեՙ այս փերուշանը մինչեւ տուն կհասնի՞, թե՞ չէ:

Որքան հիշում եմ այդ օրն էր, որ պատմում էր իր գրադարանի մասին եւ ինչ-որ գրքերից խոսելիս ասաց, թե դրանք ինքը Հայաստան պետք է տանի ու զավեշտով ավարտեց: Երբ ըսիՙ Իվոն (կնոջը), նայե օր մը եթե չըլլամ, այս գիրքերը Հայաստան կհասցնես: Իվոնը ուշադիր լսեց ու հարցուց. «Նորեն ցույց տուր, ո՞ր գիրքերը...»: [**]

Իր վերջին այցելության ժամանակ, Բեյրութում (կարծես թե եկել էր հրաժեշտ տալու) շատ մարդկանց հանդիպեց, շփման առիթները նրա հետ շատ եղան, մի օր էլ, երբ էլեկտրականություն չկար, իսկ ինքն ապրում էր 8-րդ թե 9-րդ հարկում, ինտերֆոնով խոսեցի, պատշգամբ դուրս եկավ, եւ երբ հրավիրեցի կնոջ հետ մեր տուն այցելության, բավականությամբ ընդունեց հրավերս, ասելով, որ ուրախությամբ կգան:

Այդ պահին մտածեցի, իսկ մենք հայաստանցիներս, մի՞թե այդպես ենք ընդունում հրավերը: Եթե չեմ սխալվում, չեմ ու չում ենք անումՙ դե ինչ կարիք կա, նեղություն մի քաշեք եւ այլն...

Բայց դա Մավյանն էր, իր ամեն ինչով գեղեցիկ:

***

Այս նոթագրությունից հետո, շատ ջրեր հոսեցին:

Մահվան լուրը գուժեցին Լիսաբոնից... Վահրամը վատ էր զգացել, տեղափոխել էին հիվանդանոց, ուր մարել էր նրա տաք ու մեծ սիրտը, մենության մեջ: Առավոտյան բանից անտեղյակ կնոջը պատմել էին, որ ոչ մեկ միջոց Վահրամին կյանքի չկոչեց:

Չէի կարող անտարբեր մնալ, թղթին չհանձնել այդ օրերի անցու դարձը, ուստի ցավով վերցրեցի գրիչը եւ գրեցի Համազասպյանին.

(Նամակըՙ կրճատումներով)

Սիրելի Վարդգես Եղիշեւիչ,

Չգիտեմ այսօր, թե՞ վաղը, Դուք կբացեք Ձեր օրագիրը, կգրեք. «Լիսաբոնում վախճանվեց Վահրամ Մավյանը»: Գուցե արդեն գրել եք, չէ՞ որ վատ լուրը միշտ շուտ է հասնում:

Պատահական չէ, որ մտքով օրագիր եւ Վահրամ Մավյան զուգահեռ անցկացրի, քանզի այն մեկ ամսում, որն անցկացրինք նրա հետ, վերջին անգամ վայելելով այդ անզուգական մարդու ներկայությունը, բազմիցս հիշվեց օրագիրը, որին Վահրամը մասամբ ծանոթ էր, իսկ ես հաճախ Ձեր օրագրի հետ «մենակ եմ մնացել», բայց համարձակություն չեմ ունեցել թերթելու:

Հիմա նստած եմ մշակութային կենտրոնում, եւ այն հազվագյուտ պահերից մեկն է, որ չեմ ուզում դուռս բացվի, մարդ գա, խանգարի մտորումներս, որ ստիպված լինեմ թաքցնելու հոգուս խռովքը եւ ժպտալու: (Երանի այն մարդկանց, որոնք ողջ կյանքում իրենց ուզածն են արել եւ ոչՙ անհրաժեշտը):

Թե ո՞վ կգա, իսկապես, չգիտեմ, բայց ուր որ է կերեւա Գառնիկը, որը, հիմնականում, ոչ մի ընդունելության օր բաց չի թողնում: Ի՞նչ եմ ասելու նրան, ի՞նչ է ասելու նա: Դատարկ խոսքեր, ա՜խ ու վա՜խ, իսկ Վահրամը չկա:

Լուրը ստանալուն պես մտածեցիՙ ո՞ւր են թաղելու նրան եւ հանգեցի այն մտքին, թե ի՞նչ նշանակություն ունի, թե ուր: Լիսաբոնը նրա համար նույնն էր, ինչ որ Փարիզը, ինչ իր ծննդավայր Երուսաղեմը կամ Բեյրութը: Կա՞ արդյոք աշխարհի քարտեզի վրա, բացի Հայաստանից, մեկ այլ վայր, ուր հայը թաղվի եւ լինի ճիշտ, այն էլՙ այդպիսի հայ:

Տարվելով միստիկ մտքերով, ուզում եմ հավատալ, որ նրա հոգին չի մնա Պորտուգալիայում, նա կծվարի Նորադուզի խաչքարերից մեկի տակ կամ կթեւածի Երեւանի պանթեոնում, շքեղ շիրիմներին նախանձելով:

Երկար ժամանակ է, ինչ ուզում էի Ձեզ մի նամակ գրել, թե՛ մտորումներով, թե՛ գործնական բնույթի, սակայն այսօր գործնական ոչինչ աչքիս չի գալիս, ուստի, գրում եմ, քաջ գիտենալով, որ վաղը նամակս այս լալկան ոգին չի ունենա:

Հավանաբար անակնկալն ավելի մեծ էր այստեղ, մեզ համար, քանի որ 5 օր առաջ ճանապարհեցինք նրան եւ Իվոնին:

Ծառուկյանի հետ եղան մեր տանը, այլ հանդիպումներ էլ ունեցանք, բաժանվեցինքՙ նորից հանդիպելու հույսով ու որոշմամբ:

Քիչ առաջ եկա Ծառուկյանի տանից, որի դուռը փակ գտա: Թողի մի «Գրական թերթ» եւ մի հանդես, որ կարդա ու ցրվի: Ուզում էի, գոնե, մի քանի րոպե նրա հետ լինել, կարծես թե վախենալով այն մտքից, թե վաղը կարող է նա էլ չլինել:

Թե ինչ կգրեք օրագրի հաջորդ էջում, ոչ մեկս չգիտե, հուսանք, որ նման գրառումների առիթ այլեւս չի լինի:

Իվոնի ցանկության համաձայն, Վահրամի աճյունը տեղափոխեցին Բեյրութ եւ այսօր հողին հանձնեցին Բուրջ-Համուդի գերեզմանատանը, մոր կողքին: Պատմեցին, որ տարիներ առաջ մորը թաղելիս, հող է գնել գերեզմանատանը եւ հուղարկավորությունից հետո, իրեն հատուկ կատակաբանությամբ, հայտարարել, որ իր առաջին եւ միակ կալվածն է սա: Անկասկած, մտքով չանցկացնելով, որ լինելու է նաեւ վերջինը:

Աճյունը դրեցին Սուրբ Նշանում: Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր, եկավ Գարեգին աթոռակիցը: Գնահատանքի ջերմ խոսքեր ասաց: Հիշարժանը Ծառուկյանի խոսքն էր, որը կարդաց Վազգեն Վեհափառի հեռագիրը եւ առիթը բաց չթողեց ընդգծելու, թե Վահրամի հոգու համար կարեւորը ոչ թե Սուրբ Նշանի արարողությունն է, այլ նույն ժամին Սուրբ Էջմիածնում տրվող պատարագը:

Ծառուկյանը խոսքը սրեց այն պատճառով, որ իրեն արգելեցին խոսել եկեղեցումՙ Գարեգինից առաջ կամ հետո: Նա խոսեց բակում, խիստ քամու եւ անձրեւի տակ:

Գերեզմանատան արարողությունը կատարեց Գնել Սրբազանը: Վահրամին ամփոփեցին գերեզմանատան լուսավորչական մասում: Լսել էի, բայց աչքով էլ տեսա, որ մեռնելուց հետո էլ հայերը հատվածական են: Կա երեք գերեզմանատուն (լուսավորչական, կաթողիկե եւ ավետարանական): Ճիշտ է, իրար կպած, բայց անջատված պարիսպներով, առանձին մուտքերով եւ գերեզմանաքարերի ուրույն ոճով:

Որպեսզի ժամանակները ճիշտ գնահատվեն, հարկ եմ համարում, մի քանի դատողություն հիշելՙ արված Վահրամի թաղման թափորի մասնակիցների կողմից, որով եւ, գոնե մասամբ, կճանաչվի այն մթնոլորտը, որ տիրում էր այդ օրերին Բեյրութում, եւ որ ավելի կարեւորՙ Վահրամի հոգին ինձ թելադրում է խոսքս ավարտել զավեշտով ու ականջիս շշնջում է. ընթերցողը թող որոշիՙ զավեշտ է սա, թե՞ ողբերգություն...

- Դաշնակցությունը պաշտոնապես ներկայացված չէ...

- Ասիկա թաղում չէր, ասիկա ջամբազություն է...

- Պետք չէր, որ Ծառուկյանը խոսեր...

- Ինչ պետք էր Բեյրութ թաղել, ինք Փարիզ ուզած էր...

- Կկարծեմ Ծառուկյանը եկեղեցին խոսեր նեՙ ավելի լավ կըլլար, մարդն անձրեւի տակ թրջվեցավ...

- Ինչո՞ւ Գավուքչյանը հարազատներու շարքին ցավակցություն կընդուներ, տգեղ էր, կինն ալ այլազգ...

- Վահեն (Պահատրյանը) ամեն բան ինքնագլուխ ըրավ, ո՞վ իրեն իրավունք տված է, դաշնակցական թաղում եղավ...

- Ծառուկյանն ո՞վ էՙ առավ-փախավի մեկը, Վահյանը պետք է խոսեր......

Քանի որ մենք ողբերգություններ տեսած ժողովուրդ ենք, այս մե՞կն էլ հավելենք եղածին ...

13.01.1983թ.

Այսուամենայնիվ, հուղարկավորությունը այստեղ չի ավարտվում: Նույնՙ Բուրջ Համուդի գերեզմանատանը, հուղարկավորների հեռանալուց հետո, մնացինք մի քանի տղաք, բոլորս էլ Մավյանով հմայված երիտասարդներ, մեկ էլՙ Սբ. Գեւորգ եկեղեցու դպրապետ, սրտառուչ ձայնի ու երգեցողության տեր Սահակ Խաչատուրյանը, որ քիչ առաջ կատարված թաղման արարողությանը երգել էր «Ի Վերին Երուսաղէմը»: Սահակը պատրաստվում էր ձեռքի պայուսակի մեջ տեղավորել եկեղեցական զգեստը, երբ լսվեց Ժիրայրի (Դանիելյան) ձայնը. «Սահակ, հիմա որ մենք մեզի ենքՙ Վահրամին հետ, հաճիս նորեն երգե այդ շարակա՛նը»: Առարկություն չեղավ: Եվ Սահակը, շիկահող, ծաղիկներով ծածկված հողաթմբի վրա կրկին երգեց «Ի Վերին Երուսաղէմը», իր ամենազգայուն, վերացած ու վերացնող կատարմամբ, մեզ եւս բարձրացնելով վերՙ վերին ոլորտներ, ամպերից էլ վեր, ուր ցոլանում էր Վահրամի դեմքըՙ «աղավնակերպ... ի դրախտի»:

Հ. Ա.

* Փաչաՙ խաշ, թուրքերեն (նաեւ զիստ, ազդր բառից): Ծ. խ..

** Ի վերջո այդ գրքերը հանգրվանեցին Երեւանում, Գրականության եւ արվեստի թանգարանում: - Ծ. խ..


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4