Մարտի 16-ին լրացավ հայ օպերային թատրոնի մենակատար ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 100-ամյակը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու
Ավագ Պետրոսյանն անկրկնելի երեւույթ է վոկալ արվեստում: Նրա արտիստական կյանքը ոսկե տառերով է գրված հայ մշակույթի պատմության մեջ: Այդ ասպարեզում նա հայ մշակույթի հսկաներից է:
Ավագ Պետրոսյանն իր ուրույն տեղն ունի հայ օպերային թատրոնի պատմության մեջ: Նրա ստեղծագործական ողջ կյանքը կապված է հայ օպերային խաղացանկի ամենանշանակալի ստեղծագործությունների հետ: Երգչի ու նրա մարմնավորած հայկական օպերային որոշ հերոսներ այս կամ այն կերպ նույնացվել են Ավագ Պետրոսյանի անվան հետ: Այդ հերոսների վոկալ եւ բեմական նկարագիրն ընկալվում է նախեւառաջ հենց Ավագ Պետրոսյան տաղանդավոր արտիստի կերպավորմամբ: Այդպիսիք են Սարոն եւ Սանթուրը Արմեն Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ», Կարոնՙ Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ», Տիրիթըՙ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերաներում եւ այլն:
1941 թվականին Ավագ Պետրոսյանը դեռ ուսանող էր, երբ նրա անունն առաջին անգամ երեւաց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի ազդագրերում: Նա սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում, նշանավոր պրոֆեսոր Քսենյա Դորլիակի դասարանում:
Երբ սկսվում է Հայրենական Մեծ պատերազմը, նա ստիպված վերադառնում է հայրենիք: 1942թ. ավարտում է Երեւանի կոնսերվատորիանՙ վոկալի անվանի պրոֆեսոր Նադեժդա Կարդյանի մոտ: Քսենյա Դորլիակի եւ Նադեժդա Կարդյանի սանը մասնագիտական հրաշալի կրթություն է ստանում: Ավագ Պետրոսյանը, որ բնությունից օժտված էր գեղեցիկ ու հզոր ձայնով եւ վառ երաժշտականությամբ, շատ արագ տիրապետում է վոկալ արվեստի վարպետության գաղտնիքներին: Նրա ձայնի յուրահատուկ թավշյա երանգը, որ առլեցուն էր զգայական ջերմությամբ, լավագույնս էր արտահայտում ազգային երգարվեստի նրբերանգները: Դեռեւս Մոսկվայում ուսանելու տարիներին Ավագ Պետրոսյանը ոչ միայն մենահամերգներ է ունեցել երկրի մայրաքաղաքի ամենանշանավոր դահլիճներում, այլեւ ելույթներՙ Խորհրդային Միության մշակույթի ականավոր վարպետների հետ միասին: Ի թիվս արեւմտաեվրոպական եւ ռուսական դասականների ստեղծագործությունների, նա մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների երգեր, այսպիսով հիմք դնում ազգային հարուստ իր երգացանկին:
1939թ. Ավագ Պետրոսյանը որպես Հայաստանի պետական կապելլայի մենակատար, մեծ հաջողությամբ մասնակցում է Մոսկվայում Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակին:
1941 թվականից ի վեր Ավագ Պետրոսյանի կենսագրությունն անքակտելիորեն կապվում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ:
1947թ. նրան շնորհվել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչում:
1949-1950թթ. նա վերապատրաստման է գործուղվել Մոսկվաՙ Մեծ թատրոն:
1951թ. Ավագ Պետրոսյանը դարձել է Խորհրդային Միության պետական մրցանակի դափնեկիր:
1956թ. Մոսկվայում, Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակին, Երեւանի օպերային թատրոնի առաջնակարգ մենակատար Ա.Պետրոսյանը մեծ հաջողություն է արձանագրումՙ հանդես գալով Սարոյի, Սանթուրի եւ Տիրիթի դերերգերում եւ պարգեւատրվում Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանանում Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: Այս առթիվ Մեծ թատրոնի գլխավոր բեմադրիչ ԽՍՀՄ ժող. արտիստ, մեծահամբավ Բորիս Պոկրովսկին գրել է. «Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը»:
Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում նա ստեղծել է անմոռանալի կերպարների մի ողջ համաստեղությունՙ Սարո եւ Սանթուր (Ա. Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ»), Աշուղ եւ Շեյխ (Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ»), Քյոռ-օղլի (Ու.Հաջիբեկովի «Քյոռ-օղլի»), Կարո (Ա. Բաբաեւի «Արծվաբերդ»), Տիրիթ (Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ»), Վահան (Հ.Ստեփանյանի «Հերոսուհին»), Սոս (Վ.Տիգրանյանի «Սոս եւ Վարդիթեր»), Սեյրան (Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս»), Կավարադոսի (Պուչինիի «Տոսկա»), Ռաուլ (Մեյերբերի «Հուգենոտներ»), Ռադամես եւ Մանրիկո (Վերդիի «Աիդա» եւ «Տրուբադուր») օպերաներում եւ այլն: Այս դերերգերին հատուկ են եղել իրական պրոֆեսիոնալիզմն ու պետրոսյանական ինքնատիպ արտիստիզմը:
Ավագ Պետրոսյանի բեմական գործունեության իրական գլուխգործոց է համարվում նրա Սարոն (Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում), որտեղ ի հայտ են եկել նրա վոկալ-մասնագիտական ու դերասանական լավագույն առանձնահատկությունները: Ավելինՙ Ավագ Պետրոսյանի Սարոն կերպարի հետ այնպիսի խորությամբ ու ինքնատիպությամբ է սերտաճել, որ օպերային հերոսն ու այն մարմնավորողը մեկտեղվել, անբաժանելի են դարձել: Երիտասարդ հովվի դերերգի կատարումը գերում էր իր միամիտ, պարզ անմիջականությամբ, բուռն զգացմունքայնությամբ, ժողովրդական երգարվեստի ոգուն հարազատ սրտահույզ ու թրթռուն նրբերանգների հարստությամբ: Վոկալ եւ բեմական ներդաշնակ լուծումն այն աստիճան բնական էր, ազատ, որ ունկնդիրներին ստիպում էր մոռանալ թատերական պայմանականությունները:
Օպերան միշտ էլ եղել է Ավագ Պետրոսյանի տարերքը: Ազգային օպերաների հերոսների դերերում եւՙ ոչ միայն հայկական, նա առավելագույնս ծավալվում եւ բազմակողմանի էր դառնումՙ մնալով այդ դերերգերի անզուգական կատարողն ու մեկնաբանը: Այսպիսին է եղել նաեւ Քյոռ-օղլու դերերգը Ու. Հաջիբեկովի համանուն օպերայում: Այս առթիվ նույնիսկ ժամանակի ադրբեջանական մամուլը գրում է, որ «Քյոռ-օղլու դերերգն ամենաբարդ, երգչից հզոր ձայն, դրամատիզմ եւ ազգային բնորոշ նրբերանգերի կատարում պահանջող կերպար է» եւ որ «Ավագ Պետրոսյանի բազմակողմանի տաղանդը թույլ տվեց կերտելու ազգային հերոսի առավելագույնս համոզիչ ու փայլուն կերպար»:
Այս դերերգի կատարման համար (որ միշտ հայերենով է հնչել), 1962թ. Ա.Պետրոսյանին շնորհվել է Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական արտիստի կոչում:
Ոչ պակաս փայլուն է Ավագ Պետրոսյան կամերային երգիչըՙ որպես դասական, ազգային եւ մասնավորապես հայ ժողովրդական երգերի անզուգական կատարող: Ա.Պետրոսյանի համերգային երգացանկի ավելի քան 300 ստեղծագործությունների թվում են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա.Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեմշահի, Գ.Եղիազարյանի, Շերամի, Ա.Քոչարյանի, Ա.Սաթյանի եւ այլոց բազմաթիվ երգերն ու ռոմանսները: Նրա երգացանկի կարեւոր մասն են կազմել հայկական ժողովրդական երգերի հրաշալի մշակումները, արեւմտաեվրոպական եւ ռուս կոմպոզիտորներիՙ Բախի, Հենդելի, Գլյուկի, Մոցարտի, Շուբերտի, Գրիգի, Պուչինիի, Սեն-Սանսի, Լեոնկավալլոյի, Ռախմանինովի, Գլինկայի, Չայկովսկու, Մուսորգսկու, Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները:
Ավագ Պետրոսյանիՙ ազգային երգարվեստի նվիրյալի ու խանդավառ տարածողի անունը հավերժ կմնա հայ կատարողական արվեստի պատմության մեջ: Հրաշալի երգչի համար ամենամեծ պարգեւը եղել է իր ժողովրդի անսահման սերը, ճանաչումն ու անկաշառ մեծարանքը: