ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-03-03 | #5, 2012-03-17 | #6, 2012-03-31


ՃԱՆԱՉԻՐ, ՈՐ ՍԻՐԵՍ

Հայ կերպարվեստի ճանաչողական բնույթի նոր մատենաշար է նախաձեռնել եւ հեղինակել Շահեն Խաչատրյանը ` երիտասարդ սերնդին ուղղված, «Ճանաչիր եւ սիրիր» խորագրով. արդեն հրատարակվել է չորս պատկերագիրքՙ «Հակոբ Էքիզյան» , «Պետրոս Կոնտրաջյան» («Տիգրան Մեծ» հրատ., 2011 թ.), «Մարտիրոս Սարյան» , «Արշիլ Գորկի» («Փրինթինֆո», 2011 թ.): Մատենաշարը շարունակական է` նախատեսված 20 գրքով եւ հաջող փորձ է երիտասարդությանը հայ կերպարվեստին ծանոթացնելու, չէ՞ որ ճանաչողության միջոցով է հնարավոր մերձեցնել, ապա եւ սիրելի դարձնել արվեստ, մշակույթ, գիր ու գրականություն: Մատենաշարի յուրաքանչյուր ալբոմ-գրքույկ բովանդակում է արվեստագետի կենսագրական եւ ստեղծագործական ընթացքի նկարագրությունՙ ուղեկցող լուսանկարներով, մեծ մասըՙ նկարների ընտրանու գունավոր իլյուստրացիաներ: Հեղինակի ներածականում համառոտ ներկայացված է ստեղծագործության ընդհանուր բնութագիրը` արվեստի հանդեպ սեր ներարկող նուրբ դիտարկումներով: Շ. Խաչատրյանի այս նոր ծրագիրը հարուստ կենսափորձի, նկարչության հանդեպ նրա արտասովոր նվիրումի հերթական արտահայտությունն է:

Մատենաշարի առաջին ալբոմ-գիրքը (հայերեն- ռուսերեն) ներկայացնում է Հակոբ Էքիզյանինՙ Հայաստանի պետական պատկերասրահի առաջին մեծ նվիրատուին, որի շնորհիվ պատկերասրահի հարստությունների մեջ այսօր պահվում են տարբեր ժամանակաշրջանի հայ եւ օտար արվեստագետների տասնյակ գործեր (Հովհ. Այվազովսկի, Վ. Սուրենյանց, Ե. Թադեւոսյան, Պետրոս Ադամյան, Ի. Շիշկին, Ա. Շչեդրին, Վ. Պոլենով, Յու. Կլեվեր, Ն. Դուբովսկոյ, Ա. Շուրիգին, Ա. Շիլդեր, Վ. Մակովսկի):

Այս գրեթե անհայտ մարդու ինքնությունը պարզելու Շ. Խաչատրյանի որոնումները պատկերասրահում աշխատելու տարիներից սկսվում (1960-ականներ) եւ հաջողությամբ պսակվում են միայն 1985-ին, երբ Մոսկվայում հանդիպում է ռուս մի տիկնոջՙ Նադեժդա Լոբանովային, որի ամուսնու հայրն է եղել որոնվող անձը: Էքիզյանների ընտանիքը Մոսկվա տեղափոխվել էր Հայաստանիցՙ 19-րդ դարում, Հակոբը սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, ավարտել իբրեւ ճարտարապետ-ինժեներ: Նաեւ նկարել է, տիրապետել է ջրաներկի տեխնիկային եւ նկարչական արտահայտչամիջոցների վարպետ կատարմանը: Պատկերագրքում ներկայացված են Էքիզյանի հեղինակած 12 գործ: Ըստ Շ. Խաչատրյանի, պետական պատկերասրահին նրա նվիրած նկարները հավաքածուի լավագույն նմուշներն են:

Մատենաշարի երկրորդ թողարկումը (հայերեն - ռուսերեն) նվիրված է տաղանդավոր նկարիչ Պետրոս Կոնտրաջյանին: Տարաբախտ ճակատագրով արվեստագետ, որի հայրենադարձությունը 1947-ին Փարիզից, այստեղՙ Հայաստանում, իր եւ հայ արվեստի համար ողբերգությամբ ավարտվեց: «Նա հայ ժողովրդի արեւմտյան հատվածի այն սերնդից է, որ աշխարհ մտավ որբացած», այս տողերով Շ. Խաչատրյանը ընթերցողին նախապատրաստում է նկարչի կյանքի դժվար ընթացքին եւ ողբերգական վախճանին: 1905-ին Եդեսիայում ծնված Պետրոս Կոնտրաջյանըՙ ծնողներին կորցնելով 1915-ի մեծ արհավիրքի օրերին, քրոջ հետ հայտնվում է Հալեպի ազգային որբանոցում: Սովորում է Հայկազյան վարժարանում, 1923-ին տեղափոխվում է Փարիզ, որտեղ աշխատելուն զուգահեռ հաճախում է Մոնպառնասի ազատ ակադեմիաները, Ֆեռնան Լեժեի ստուդիա: Արվեստի լավագույն դասընթացներ Փարիզի թանգարաններում է ստանում, արվեստագիտական միտք ու ճաշակ այստեղ հղկում: Հայ նկարիչների հետ մասնակցում է մի շարք ցուցահանդեսների, ֆրանսիական մամուլում այս մասին անդրադարձներ են լինում: 1945-ին Պիկասոյի, Մատիսի, Գրոմերի, Ռուսսոյի եւ ուրիշների հետ մասնակցում է «Ժամանակակից մեծ նկարիչները ռազմագերիների օգտին» փարիզյան ցուցահանդեսին, ինչը նկարչի իր անվանը որոշակի վերաբերմունք էր: Սակայն շատերի պես 1946-1947-ի հայրենադարձության ալիքը նրան էլ է համակում . գալիս է Հայաստան, երկրի համար գաղափարական, տնտեսական ու բարոյական ծանր, մռայլ շրջանում, ապրում է նախՙ Լենինականում, ապա տեղափոխվում Երեւան, բնակվում Արաբկիրի այն թաղամասում, որտեղ Հարություն Կալենցի տունն էր: Շարունակում է նկարել, 1956-ին Մոսկվայում մասնակցում է հայկական արվեստի տասնօրյակին, «Արաբկիր», «Սեւանը» նկարները տպագրվում են մոսկովյան արվեստի մի հանդեսումՙ իր կյանքի եղերական տարում:

«...Բյուրականում Կոնտրաջյանը անակնկալ հիվանդանում է: Ասում են արեւահար է եղել: Նրան տեղափոխում են Աշտարակ, ապա Երեւանՙ հիվանդանոց, գրում է Շ. Խաչատրյանը: Պատմում են, որ բեռնատար մեքենայի վրա կոպտել, վիրավորել են նրան: Պատմում են նաեւ, որ հիվանդանոցում սեղանի վրա ջրաման տեսնելով, Կոնտրաջյանը ջարդել է այն եւ ապակու խոշոր կտորով փորձել է պատռել որովայնը: Նկարչի ձեռքերը կապում են, որոշելով, որ նա արդեն հոգեպես խանգարված է: Քիչ անց նա խնդրել է դուրս գնալ եւ զուգարանի պատուհանիցՙ հինգերորդ հարկից դուրս է նետվել...

Ինձ չի հաջողվել պարզել այդ եղելության ճշտությունը»:

Ողբերգությունը շարունակվում է նկարչի մահից հետո էլ: Մի նենգ գիշեր ցնցող, սառնասիրտ դաժանությամբ կացնահարվում են կինն ու միակ դուստրը, իսկ կնոջ մայրը դստեր թաղումից մեկ օր անց իբրեւ ավելորդ էջեր, վառարանն է նետում Կոնտրաջյանի ձեռագրերի թղթապանակը:

Պատկերագրքի իլյուստրացիոն բաժնի առաջին մասը Կոնտրաջյանի փարիզյան շրջանն է ներկայացնում (1928-1948), հաջորդըՙ հայաստանյանը (1948-1956): Զգայուն հոգու տեր նկարիչը իր շրջապատը, միջավայրը ընկալել է որպես արտացոլանք սեփական մտաշխարհի, կտավի առաջ նա բաց է, մաքուր հուզաշխարհով: Այդ նրբությունը արտահայտված է գծի փխրունության մեջ, բանաստեղծական թախիծ կա բնանկարային էտյուդներում, երազել տվող մթնոլորտ բնակավայրային տեսարաններում («Փողոցում», «Ճանապարհ», «Ջրանցքի մոտ», «Տնակ», «Երեկո. Փարիզի մերձակայքում»), անավարտության զգացում, նինջ, սպասում: Նաեւ գունային մթնոլորտն է ստեղծում այս տրամադրություններըՙ վերջալուսային խամրող գույներ, ակտիվ գույների գրեթե բացակայություն, դեղինի կամ լազուրի այնպիսի երփնավորում, որոնք մայրամուտային զգացողություններ են շոշափում: Արեւագույնի այս ֆոնի վրա թափանցիկ, շատ պայծառ լուսավորումով աչքի են ընկնում եւ նախորդներից տարբերվում հայաստանյան շրջանի «Բյուրական», «Ծաղկաձոր. Կեչառիսի վանքը», «Արարատյան դաշտում»ՙ ալբոմի վերջին էջերի նկարները. արտակարգ խաղաղություն, ջրի հայելանման պարզություն, նրբագծի հստակություն, անավարտության զգացողություն:

Իր գրառումներից մեկում նկարիչը այսպիսի տողեր է թողել. «Ես չեմ ուզում անհետանալ այս աշխարհեն խոտի մը պես...»:

«Արվեստի պատմությանը ծանոթ են անուններ, որոնց մասին խոսելիս համակվում ես թաքուն, անբացատրելի մի զգացողությամբ: Նրանք ի վերուստ արվեստին կոչված, տաղանդավոր, մաքրության ու մարդկայնության իրենց չափանիշը կերտած ու դրանով իսկ ուրիշների հետ չբաղդատվող ստեղծագործողներ են: Որքան խիղճ են արթնացնում նրանք իրենցով հետաքրքրվողների ու սիրողների մեջ, նույնքան հզոր են, անկախ: Հայ արվեստի պատմության մեջ այդպիսի երեւույթ է Պետրոս Կոնտրաջյանը», գրում է հեղինակը:

***

Մատենաշարի երրորդ գիրքը (հայերեն-ռուսերեն) ներկայացնում է Մարտիրոս Սարյանի արվեստի երեքՙ 1902-1908 թթ., 1909-1921 եւ 1922-1972 շրջանները:

Գրքի յուրաքանչյուր նկարի աջակողմյան էջի վերատպության զուգընթեր կողմում տրված է ստեղծագործության տեքստային նկարագրությունը` նկարի պատմություն, հետաքրքրական դիպվածներ. Սարյանի միայն վաղ շրջանի կենսագրական այն դրվագներն են հիշատակված, որոնք նախանշել կամ որոշակիորեն նախապատրաստել են նրա ստեղծագործական հետագա ընթացքը: Վրձնի հայ հանճարին, իհարկե, ի վերուստ նախանշված էր այս ճանապարհը: Սարյանի առաջին շրջանը ամենաառինքնողն է. նկարչի «երիտասարդ» երփնապնակը արվեստագետի հոգին թափանցիկ-թեթեւ գույների մեջ է բացում, ջրաներկը տալիս է այս հնարավորությունը, կտավի մակերեսներին յուրաքանչյուր պատկեր բացվում է երազային խորհրդավորությամբ, հեքիաթային թովչանքով, բանաստեղծացված մթնոլորտի մեջ. «Աղբյուրի մոտ», «Բնապատկեր. Արագած լեռը», «Հեքիաթ», «Գիսաստղ», «Ջրհորի մոտ. շոգ օր»: Գունային նրբերանգների թափանցիկությունը նկարները հասցնում են կատարելության, մեղեդայնություն հաղորդում , զգայուն, թեւածող, տեսիլքային - իրոք որ հոգու հայտնություններ... «Փերիների լիճը» նկարի գունային մեղմ փոխներթափանցումները հուշում են բնության բազմաձեւերի մեջ թաքնված միասնականության, ներդաշնակության խորհուրդը: Բանաստեղծական շնչով է պատկերված «Ծաղկած լեռները»ՙ հիրավի ծաղկած հրաշք, եւ որքան է փոխանցելի «Ջրհորի մոտ»-ի ամառվա շոգը, շլացնող լույսը, կամ վառ արտահայտված ծառի կապույտը:

Գունային երազն ավելի որոշակիանում, ավելի իրական, շոշափելի է դառնում Վարպետի երկրորդ շրջանի աշխատանքներում, տեմպերան հաստատուն է դարձնում այն զգացողություններն ու տրամադրությունները, որոնք ապրում են գույնի ու գծի խորքերում. «Փողոց. կեսօր», «Տոթ օր. վազող շունը», «Կապույտ սափորը», «Գիշերային բնանկար», «Փյունիկյան արմավենի», «Լոտոս», «Լուսավոր գամմա. նատյուրմորտ», «Քաղաքիկի ծաղիկները»: Այս վերջինի առիթով հեղինակը գրում է, որ դա Սարյանի ամենասիրած նկարներից է եղել, հաճախ է ցուցադրել, բայց չի վաճառել: Քանի որ խորհրդային տարիներին վարպետի մինչհեղափոխական շրջանի գործերն անտեսվում էին, 1950-ին Մոսկվայում հայկական արվեստի տասնօրյակին այս նատյուրմորտը ցուցադրելու համար ներքեւի ձախ անկյունում նշված տարեթիվը միտումնավոր անընթեռնելի են դարձրել. հետագայում, իհարկե, վերականգնվել է:

1922-1972 խորհրդային տարիներին Մարտիրոս Սարյանի բնապաշտական տրամադրությունները եւ խոհա-փիլիսոփայական մտածումները շարունակվում են, կարելի է ասել գրեթե նույն ոգով, իհարկե` առավել իրապաշտական արտահայտչաձեւերով: Այս շրջանը յուղաներկի տիրապետության աշխարհն է, որտեղ գույնը ձեռք է բերում պինդ որակներ ու շերտեր: Հայ գեղանկարչության մեջ ստեղծվում է Հայաստանի նոր` սարյանական կերպարը, որտեղ բնաշխարհի գեղեցկությունների նախորդ շրջանին հատուկ քնարականության շնչառությունը ավելի մերձ-իրական, մտերիմ է դառնում, լի արեւային տոնականությամբ. «Լեռներ. Հայաստան», «Իմ բակը», «Գեղամա լեռներ», «Աշտարակի Կարմրավոր եկեղեցին, VII դ.», այդպիսին է նաեւ «Աշնանային մառախլապատ օր» խորագրված նկարը:

Սարյանի արվեստը իր կենսափիլիսոփայության հաստատումն է, ներքին գունային լուսարձակումները հնչեցնում են մարդու եւ բնության ներդաշնակության հիմնը, դրա անհրաժեշտությունը: «Արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության գույնն է: Բնության խորհուրդը: Չճանաչել բնությունը, նշանակում է չճանաչել իրեն», «Մարդը երկիր է, երկիրըՙ մարդ», «Ամեն մարդ տիեզերքին բացված պատուհան է», ասում էր Վարպետը:

***

Հրաշալի ճամփորդության է նման մատենաշարի ընթերցումը. գրքից գիրք բացվում է գույնի մի նոր աշխարհ:

Հաջորդ հանգրվանը - Արշիլ Գորկի: (Մտովի հաճախ եմ հարց տալիս ինձ` որտեղից այս հարազատությունը... պատասխան չկա):

Լուսավոր ու ողբերգական արվեստի հետագիծ համաշխարհային մշակույթի նոր տարեգրության մեջ: Ապրած կարճատեւ կյանքի 48 տարիներ, մարդկային ճակատագրի բարդ անցումներով բնորոշվող- օտարության մեջ հայրենիք վերագտած արվեստի, նկարչության կերպարում: Այնտեղ, հեռուներում թողած ծննդավայրըՙ Վանի կապտախորունկ ափերին տարածված Խորգոմը` իր նկարչության ենթագիտակցական աշխարհի արթուն ցավը, նախնիների հիշողության ստվերն է:

Նրա արվեստի ձգողականության մոգական ուժը գերում է մարդու զգայական աշխարհի վրա, թերեւս, առավելագույն տպավորություն թողնող գույնի ֆենոմենով, ինչն իր կտավներին հայտնվում է աշխարհի ձեւերի մետամորֆոզային վերացարկումներով, ակնարկ-նշաններով: Այս նկարչության հոգեւոր բնույթը «մատնում են» գույնը դրամատիզացնող լիցքերը` զգացմունքների, ապրումների, խոհերի ծավալվող կենդանի աշխարհը: Գույնի, գծի, պատկերի, ձեւի, բոլոր այս նշանների տակ տրոփում է անչափ զգայուն մի սիրտ: Այսպես են ընթերցվում նրա կտավների գունային խորքերը, բյուրեղացած զգացմունքի գունային մակերեսները:

Գորկու արվեստի ձեւավորման ընթացքը համընկավ գեղարվեստի, գեղագիտական մտքի ամենահեղափոխականՙ նոր շարժումներով, ուղղություններով բնորոշվող շրջանի հետ: Գորկին ապրեց ու ստեղծագործեց ամերիկյան արվեստային միջավայրում, անցավ սեփական ձեռագրի որոնումների բարդ ճանապարհ, հակասությունների, մերժումների, բացահայտումների ու հաստատումների աստիճաններին ունեցավ հոգեկան անկումներ ու վերելքներ, կրեց ազդեցություններ: Սակայն բնատուր նկարչի, գեղագետի շնորհը նրան մղում էր ավելիին: Աշխարհաճանաչողական եւ ինքնաճանաչողական մաքառումները նրան տարան արվեստի բարձունքներով. նա նկարչության նոր սահմաններ բացեց, նոր խորքեր հայտնաբերեց, գույնի բացահայտման այլ հնարավորություններ եւ համարվեց նոր ուղղությանՙ աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը համաշխարհային նկարչության մեջ:

Գորկու ստեղծագործության եւ կյանքի մասին «Ազգի» այս էջերում թերթի ծավալային հնարավորությունների սահմաններում հրապարակումների մի ամբողջ շարք 2005-ից սկսած արվել եւ շարունակվում է: Բարեբախտորեն մեզ շրջապատում են արվեստի, գեղանկարչության աշխարհի գիտակ մարդիկ, ինչպես Շահեն Խաչատրյանը, Փառեն եպս. Ավետիքյանը. նրանք հաճախ են խմբագրությանը հասցնում Մ. Նահանգներում եւ Եվրոպայում վերջին տարիներին տպագրված նորություններ, արվեստաբանական ուսումնասիրություններ եւ կատալոգներ, որոնք հայ ընթերցողին են փոխանցվում Հակոբ Ծուլիկյանի թարգմանական շնորհակալ աշխատանքի միջոցով: Հ. Ծուլիկյանի պրպտումները ամերիկահայ նկարչի կյանքին առնչվող նորանոր մանրամասներ են ի հայտ բերումՙ ամեն անգամ նոր հիացմունքի ու զարմանքի առիթ տալով: Ինչպես Արշիլ Գորկու եւ ամերիկյան նկարչուհի Քորին Մայքլ Ուեսթի հարաբերությունների մասին պատմող հուզիչ էջերը... (Հուսանք, որ դրանք մի օր կամփոփվեն առանձին գրքում):

Մատենաշարի 4-րդ գիրքըՙ «Արշիլ Գորկի»-ն (հայերեն-անգլերեն), հայաստանյան, թերեւս, առաջին հրատարակությունն էՙ նկարչի ստեղծագործության եւ կենսագրության մասին պատմող. գլխավոր շեշտադրումը Գորկու արվեստի աղերսներն են հայ, հատկապես միջնադարյան նկարչության գունամտածողության հետ եւ Հայաստանում Ա. Գորկու արվեստի ներկայության պատմությունը: Առաջին ծանոթությունը 1968-ինՙ Արվեստի աշխատողների տանը կազմակերպված երեկոն էր, որտեղ ցուցադրվեցին Մ. Նահանգներից քրոջՙ Վարդուշի բերած նկարների սլայդները: Շատ ավելի վաղ, 1934-ին Վարդուշը Երեւան էր բերել եղբոր նկարներից չորսը, որոնք թողել էր արծաթագործ բարեկամի տանը: Ցավոք դրանք զոհն են դարձել վրա հասնող 37-ի մղձավանջիՙ աքսորված արծաթագործի տանից անհետանալով:

Գորկու կյանքի մի խորհրդավոր շերտ մինչեւ վերջերս նրա նամակներն էինՙ հարազատներին ու մտերիմներին ուղղված, որոնց բանաստեղծական մթնոլորտը շատ տպավորիչ էր: Այդ նամակներից տասը հայերեն առաջին անգամ տպագրվել են «Գարուն» ամսագրում, 1981 թ.: Երեւանում նկարչի 100-ամյակի առիթով 2005-ին տպագրվեց Գորկու «Նամակներ»-ը: Դրանից շատ առաջ Շ. Խաչատրյանը Չիկագոյում, այցելելով Վարդուհուն, որդուց` Կարլենից խնդրում է նամակների հայերեն բնագրերի պատճեները. վերջինս խոստանում է ապաքինվելուց հետո տալ: Ցավոք, չի հասցնում: Անցած տարի նկարչի դստեր ամուսնուՙ արվեստաբան Մեթյու Սփենդերի լույս ընծայած նամակների բնագրային համեմատությունը նախորդների հետ ի հայտ բերեց զգալի տարբերություններ. դրանք, փաստորեն, Կարլենի երեւակայության ծնունդն էին: Բայց միեւնույն է` Գորկու մասին ժամանակակիցների նկարագրությունները եւ վկայությունները այդ նույն ապրումների ու զգացումների իսկությունն են հաստատում:

Գորկու ստեղծագործական ընթացքը պայմանավորում են ապրած միջավայրը, ժամանակը, ընդգծված խառնվածքի անհատականությունը, բնածին տաղանդը, ճանաչողության մեծ ձգտումը: «Նյու Յորքի մեծ գրադարաններում եւ այլուր եվրոպական նկարիչները թաղված էին: Գորկին նրանց հայտնաբերողը եւ իր շրջապատին ներկայացնողը եղավ»: Հոգեհարազատությունը անցյալի եւ ներկայի մեծ նկարիչների հետ հարուստ փորձառություն էր, ինչը յուրացրած նա թափանցեց իր ժամանակի խորքերը: Անցում կուբիզմից սյուրռեալիզմին, միաժամանակ ռեալիզմի դրսեւորումներ. «Նկարիչը եւ իր մայրը» հանճարեղ կտավի ստեղծում, ստեղծագործական ինքնահաստատում վերացական ձեւամիջոցներովՙ ինքնասուզումներ, սեփական ընդերքի պեղումներ, բնության գաղտնագրային պատկերումներՙ «Արգյուլե», «Պարտեզներ Սոչիում», «Ջրվեժ», «Ծաղկազարդ ջրաղացի ջրերը», «Ծիրանիների բույրը դաշտերում»:

...Կյանքի ավելի դրամատիկ ավարտ դժվար է պատկերացնել, դժբախտ դեպքերի անհավատալի իրարահաջորդում - հրդեհ արվեստանոցում, շուրջ 30 կտավի ոչնչացում, արձագանքըՙ «Մոխրացած սիրելիներ» նկարը, քաղցկեղի վիրահատություն, գունային դրամատիզմի սաստկացում («Հոգեվարք»), ավտովթար, ուսոսկրի ջարդվածք - կորցնում է նկարելու կարողությունը, կինը երկու դստեր հետ լքում է նկարչին, եւ շղթայի ողբերգական ավարտըՙ հուսահատ անձնասպանությունը: Վերջին գիրըՙ «Մնաք բարով, սիրելիներ»-ը, ասես մոխրացած այն նկարների հառաչն է...

Գրախոսվող պատկերագիրքը հարուստ է Արշիլ Գորկու նկարների բարձրորակ վերատպություններով, որոնց հետ ամեն անգամ հաղորդակցումը հոգեհարազատության զգացումի անհայտ ալեկոծումներ է բերում...

Հ. Գ. - Հայաստանում Գորկու նկարների առաջին ցուցադրությունը 2009-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում եղավ, 24 յուղաներկ եւ գրաֆիկ աշխատանքներ: Վարդուշը իրեն պատկանող նկարները, նաեւ արխիվային նյութեր եւ նամակներ կտակով նվիրատվություն է արել Մայր աթոռին, դրանք վաղուց հանձնվել են Նյու Յորքի հայ առաքելական եկեղեցուն, որոնց փոխադրումը Արշիլ Գորկու անունը կրող Սբ Էջմիածնի թանգարան, առայժմ, հապաղում է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4