ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2012-03-03 | #5, 2012-03-17 | #6, 2012-03-31


ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Ամբողջ աշխարհով մեկ կրոնական թեմաներով արվեստի գործերը գրաքննության եւ երբեմն նույնիսկ բարբարոսության են ենթարկվում: Դրանք հաճախ, հատկապես վերջին շրջանում, աղավաղված բնորոշումներով են ներկայացվում եւ հեղինակությունների ու քաղաքական իշխանությունների կամայական լարված պայքարի թելադրանքով մերժվում են եւ դատապարտվում: Բայց կա՞ արդյոք, իրականում, քողարկված մի բան, որ վտանգված է: «Art in America» («Արվեստը Ամերիկայում») ամսագրի 2011 թվականի հոկտեմբերյան համարում նյույորքաբնակ արվեստի քննադատ Էլեանոր Հարթնին անդրադառնում է այդ թեմային: Ստորեւ թարգմանաբար նրա հոդվածը, չնչին կրճատումներով:


Վենետիկի եւ Շարժայի բիենալեներից մինչեւ Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի թանգարանները, արվեստի գործերի հանդեպ անարգանքն ու սրբապղծությունը շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում:

Մինչեւ վերջերս թվում էր, թե մշակութային պատերազմները հատուկ են միայն Ամերիկային, ամերիկյան երեւույթներ են: Բայց այսօր այդ «հակամարտությունը» դարձել է համընդհանուր երեւույթ եւ մեր օրերի առավել աշխարհիկ կյանքին ձգտող աշխարհում ակներեւ է դառնում, որ արվեստագետներն իրենց կյանքն են վտանգում ամեն անգամ, երբ իրենց նկարներում դիմում են կրոնական թեմաներին:

Մարտի կեսերին, Սինգապուրի բիենալեն ցուցադրությունից հանեց ճապոնական արմատներով բրիտանացի նկարիչ Սիմոն (Սայմոն) Ֆուջիվարայի էրոտիկ տարրեր պարունակող կտավներըՙ վախենալով, որ կվիրավորի քաղաք-պետության բազմաթիվ բարեպաշտ քրիստոնյաներին:

Օգոստոսի 2-ին Լահորի (Փենջաբի վարչական կենտրոն) ոստիկանության կողմից կոպիտ վերաբերմունքի արժանացավ պակիստանցի մի կին-կուրատորՙ արմատական իսլամական կանոնները խախտելու համար: Նրա մե՞ղքը: Նա համարձակվել էր մասնավոր պատկերասրահներից մեկում ներկայանալ անթեւ հագուստով եւ անկաշկանդ զրուցել տղամարդկանց հետ:

Մի շաբաթ դրանից հետո, Մանիլայում գտնվող Ֆիլիպինների մշակութային կենտրոնը փակել տվեց խմբակային մի ցուցահանդես այն բանից հետո, երբ նախկին առաջին տիկին Իմելդա Մարկոսը միացավ Հռոմի կաթոլիկական եկեղեցու առաջնորդների մեղադրանքներին ուղղված ֆիլիպինցի արվեստագետ Միդեո Կրուզի դեմ, որն իր ցուցադրած կտավներում էրոտիկայի տարրեր էր զուգակցել քրիստոնեական խորհրդանշաններին:

Գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը կրոնիՙ հետ սեպտեմբերի 11-ի ամերիկյան իրադարձությունների յուրահատուկ դերը բնորոշող մի տարօրինակ արտահայտություն է հորինել, որը մեր ներկա աշխարհը բնութագրում է որպես «հետաշխարհիկ»: Դրանով նա պարզապես ցանկանում է ասել, որ լուսավորիչների կամ լուսավորչական տիպարների դարաշրջանն ավարտվել է, եւ աշխարհիկությունն էլ մեր ներկա հասարակությունների համար դադարել է անհրաժեշտ պայման լինելուց:

Դրան մենք պետք է ավելացնենք, դժբախտաբար, որ աշխարհով մեկ կրոնի երբեմնի գերիշխող ձեւերը հաճախ մարտականորեն քաղաքականացվել են: Այս երեւույթն իր ակնհայտ արտահայտությունը գտավ մահմեդական աշխարհում խռովությունների դրսեւորումներովՙ ընդդեմ դանիացի ծաղրանկարչի, ամբողջ Եվրոպայում եւ Մ. Նահանգներում հնչած հռետորական արտահայտություններովՙ ընդդեմ ներգաղթածների, ինչպես նաեւ ահաբեկչական ու պատերազմական գործողություններով, որոնք բնորոշվեցին որպես «Քաղաքակրթությունների բախում»: Ներկայիս, հատկապես այն հասարակություններում, որոնցում լարվածությունը ծայր աստիճանի է հասել, աշխարհի գլխավոր դավանանքների էթիկական եւ բարոյական ուսուցումը հաճախ աղավաղված ձեւով է ներկայացվում եւ նույնիսկ երբեմն մերժվումՙ այսպես կոչված «հակառակորդ» կողմի ինքնությունն ու քաղաքական իշխանությունը շեշտելու կամ ընդգծելու, կարեւորելու նպատակով:

Կրոնի եւ արվեստի միջեւ գոյություն ունեցող այս «հակամարտությունը» լուրջ մտահոգություն է առաջացնում, որն ստիպում է մեզ քննել նման դրսեւորումները առանձին երկրներում:

Միացյալ Նահանգներ

2010 թվականի աշնանը մի դժգոհ անձնավորություն ավերեց մեքսիկացի նկարիչ Էնրիկե Չագոյայի «Ռոմանտիկ մարդակերների փորձությունները» (2003) փայտյա գունավոր տասներկումասանոց փորագրանկարը, որը ցուցադրված էր Լավլենդի (Կոլորադո) «Լավլենդ թանգարան-պատկերասրահում»: Դա մեծագույն թիրախն էր դարձել տեղի կաթոլիկ եկեղեցու պաստորի, ով սեքսուալ հատկանիշներ էր նկատել քրիստոնեական թեմայով ստեղծագործության մեջ: Մամուլն անմիջապես արձագանքել էր, եւ լուրը հասել էր «կաթոլիկ լիգայի» նախագահ Ուիլյամ Դոնահյուին: Այդ այսպես կոչված «պահապան» կազմակերպությունը, որը տեխնիկական առումով այնքան էլ կապ չունի կաթոլիկ եկեղեցու հետ, դրանից առաջ էլ մեծ դեր էր կատարել արվեստ-կրոն «հակամարտությունների» դրսեւորումներում, որոնց շարքում կարելի է հիշատակել Դեյվիդ Վոյնարովիչի եւ Քրիս Օֆիլիի աշխատանքները: Երբ լուրը հեռարձակեց «Ֆոքս նյուզ» լրատվական ընկերությունը, Մոնտանայում ապրող 56-ամյա բեռնատար ավտոմեքենայի վարորդ Քեթլին Ֆոլդենը, 690 մղոն հեռավորությունից հասնելով Լավլենդ, ավերեց ստեղծագործությունըՙ գոռալով «ինչպե՞ս կարող էիք սրբապղծել Աստծուն»:

Իրականում Չագոյայի գործը, որ դրանից մեկ տարի առաջ առանց արգելքների ցուցադրվել էր Դենվերի «Ժամանակակից արվեստի թանգարանում», 12 դրվագից բաղկացած ստեղծագործություն է, որը խարազանում է հոգեւորի եւ հոգեւորականի աղավաղվածությունն ու կոռումպացվածությունը ներկա ժամանակների մատերիալիստական աշխարհում: Այնտեղ ներկայացված են կոմիքսներից վերցրած պատկերներ, մեքսիկական պոռնոտեսարաններ եւ մայաների քաղաքակրթությանը վերաբերող խորհրդանշաններ: Չագոյան ինքը «AOL» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Չնայած ես հավատացյալ չեմ, բայց աթեիստ էլ չեմ: Իմ կտավն ուղղված է ոչ թե կաթոլիկության, այլ այնտեղ տիրող սկանդալային բարքերի դեմ»:

Ֆրանսիա

2011 թվի ապրիլին ամերիկացի արվեստագետ Անդրես Սերանոյիՙ 1987-ին արված «Խաչելությունը ապականված» լուսանկարի պատճենը, Ավինյոնում ցուցադրվելուց հետո, ավերվեց: Երկու տասնամյակ առաջ ԱՄՆ-ում այդ նկարի վատ ընդունելությունը այս դեպքի հետ առնչություն չուներ: Այս անգամ դա կապված էր Ֆրանսիայի ներկա քաղաքականության հետ: Նկարը առանց միջադեպերի 2010 թվի դեկտեմբերից ցուցադրվել էր Իվոն Լամբերի հիմնած «Կոլեկսիոն Լամբեր» թանգարանում: Բայց երբ անցյալ տարվա գարնանը տեղի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Ժան-Պիեր Կատենուլը պախարակեց այն եւ պահանջեց ցուցադրությունից հանել, նրան ձայնակցեցին «Ընդդեմ ռասիզմի համընդհանուր միության եւ հանուն Ֆրանսիայի եւ քրիստոնեական ինքնության» խմբավորման ակտիվիստները: Հաջորդ օրը հազար ցուցարարներ ուղղվեցին դեպի թանգարանը, եւ չորս տղամարդՙ հավանաբար բոլորովին էլ այդ խմբավորման հետ կապ չունեցող, մտնելով թանգարան, մուրճի հարվածներով ավերեցին այդ նկարը եւ կողքին գտնվող Սերանոյի մեկ այլՙ խորհրդածող միանձնուհու պատկերով լուսանկարը:

Լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ թանգարանի տնօրեն Էրիկ Մեզիլը միջադեպը կապեց Ֆրանսիայում տիրող անհանդուրժողության մթնոլորտի հետՙ կաթոլիկ եկեղեցու սկզբունքներին հավատարիմ մնալու եւ իսլամական քողեր կրելը արգելող Սարկոզիի հայտարարությունների եւ դրանց հակադրվող աջակողմյան քաղաքական խմբավորմանՙ Ազգային ճակատի գործունեությանց հետեւանքով ձեւավորված: Ծայրահեղ աջակողմյանները փաստորեն օգտագործեցին առիթը:

Իտալիա

Իտալացի անիմացիոն-նկարիչ Ֆեդերիկո Սոլմիի աշխատանքները նույնպես արվեստ-կրոն «քաղաքականության» զոհ դարձան: 1999-ից Մ. Նահանգներում ապրող Սոլմին 2010 թվին դատի տրվեցՙ Իտալիայի սրբապղծության օրենքները խախտելու համար: Խնդրո առարկան նրաՙ 2008-ին նկարահանած «Մեղավոր կայսրություն» վերնագրով տեսաֆիլմն էր, որտեղ պոռնոմտասեւեռումներով համակված Հռոմի պապերից մեկը անասնական հեշտասիրության եւ զեխության իրավիճակներում է հայտնվում, երբեմն նույնիսկ այնպիսի չարագործների ընկերակցությամբ, որպիսին Հիտլերն ու Ստալինն են: Սրբազան պատերազմների եւ ինկվիզիցիայի պատմական դրվագներով հարուստ այդ մուլտիպլիկացիայի ոճով կատարված ֆիլմը, որը հիշեցնում է հանճարեղ Դանթեի «Դժոխքը», Մ. Նահանգներում առանց որեւէ միջադեպերի ցուցադրվելուց հետո անասելի եւ անողոք տարակարծությունների թեմա դարձավ, երբ 2009-ի հունվարին ցուցադրվեց Բոլոնիայի արվեստի տոնավաճառի օրերին: Եվ քանի որ ցուցադրությունը զուգադիպում էր Բենեդիկտոս 16-րդ պապի տարածաշրջան կատարելիք այցի հետ, իշխանությունները բռնագրավեցին ֆիլմը եւ արվեստագետին էլ մեղադրեցին «Պաշտամունքային առարկայի նկատմամբ արհամարհանք դրսեւորելու» հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքը հանվեց մասամբ շնորհիվ այն բանի, որ Սոլմին «Գուգենհայմ ֆելոուշիփ» ընկերության անդամ էր ընտրվել եւ կարողացել էր իրեն պաշտպանել պատշաճորեն:

Կարծես ամեն ինչ հանդարտվել էր, երբ անցյալ տարվա գարնանը Անկոնայի (Իտալիա) «Մոուլ Վանվիտելլիանա» մշակույթի կենտրոնը կտրուկ հրաժարվեց արվեստագետի աշխատանքի ցուցադրումից: Պարզվեց, որ այդ նույն շենքում մի քանի ամիս անց «Սուրբ հաղորդությանը» նվիրված կոնգրեսին մասնակցելու էր դարձյալ նույն Բենեդիկտոս 16-րդ պապը: Ինչպիսի՜ զուգադիպություն:

Հարցազրույցներից մեկում Սոլմին նշել է, որ կատարվածը մեծ ճնշման հետեւանք է: Նա բացատրել է, որ քննադատական հոդվածների, բլոգների եւ էլեկտրոնային հաղորդագրությունների հիմնական հարցադրումն իրեն եղել է, թե ինչո՞ւ նա հատկապես կաթոլիկությանն ու պապին է թիրախ դարձրել եւ ոչ թե, ասենք, մահմեդականությանն ու Բեն Լադենին: Դրանից նա եզրակացրել է, որ իր աշխատանքների վերաբերյալ հակադարձությունը կապված է աջակողմյան ազգայնամոլության եւ մահմեդական ներգաղթողների թվաքանակի աճի սպառնալիքի հետ, հաշվի առնելով, որ վերջին շրջանում առանց այն էլ անհամեմատ մեծացել է Թունիսից Իտալիա ներգաղթողների թվաքանակը:

Ռուսաստան

Անցյալի «Ոսկե դարաշրջանի» հանդեպ ժողովրդի կարոտախտը օգտագործելովՙ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին ամրապնդեց իր դիրքերը եւ ձեռք բերեց բավական ուժեղ ձայնի իրավունք այնպիսի հարցերում, ինչպիսին մեղադրանք առաջադրելն է արվեստագետների եւ ցուցահանդեսներ կազմակերպողների դեմ, ովքեր «կրոնական ատելություն են հրահրում»: Ռուսաստանի Սահմանադրության ՔՕ-ի 282 հոդվածի հատկանիշներով դա հանցագործություն է համարվում, եւ եկեղեցին օգտագործում է այդ հոդվածը հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակվում են քննադատել Ուղղափառ եկեղեցու ստանձնած այդ նոր դերը: Այս հանգամանքը, սակայն, չի ընկրկում արվեստագետներին եւ կուրատորներին, որոնք համարձակ քայլերի դիմելով, փաստորեն, վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Նրանց ձերբակալում են, ֆիզիկական հարձակման ենթարկում, տուգանում կամ նույնիսկ վտարում երկրից:

Օրենքից փախչողների թվում է Ավդեյ Տեր-Օհանյանը, ով առաջինն էր նման համարձակության դիմողներից: 2002 թվից նա Չեխիայի Հանրապետությունում է ապրում, այն բանից հետո, երբ նրան վերոնշյալ հոդվածով մեղադրանք ներկայացրին արեւմտյան ծայրահեղականներին կուրորեն հետեւելու ռուս արվեստագետների դիրքորոշումները պարսավանքի ենթարկելու համար: Նրա հանցանքը ծաղրի ենթարկելն էր սրբապատկերների էժանագին վերատպությունները, որ վաճառում էր եկեղեցին:

Մյուս «զոհը» նկարիչ Օլեգ Յանուշեւսկին է, որ 2004 թվից ապաստան է գտել Մեծ Բրիտանիայում, ծայրահեղ Ուղղափառ ազգայնական խմբավորման կողմից սպառնալիքներ ստանալուց հետո: Վերջիններս բողոքել էին Սանկտ Պետերբուրգում նրա «Ժամանակակից սրբապատկերներ» խորագրով ցուցահանդեսի դեմ, որտեղ ներկայացված էին առօրյա սպառողական ապրանքներՙ ավանդական սրբապատկերների ձեւաչափերով:

Օլեգ Մավրոմատտի անունով երրորդ անձնավորությունը բնակվում է Բուլղարիայում, 2000 թ. նրա դեմ հարուցված սրբապղծության մեղադրանքից հետո: Նա իր հեղինակած «Յուղաներկը կտավի վրա» ֆիլմում նկարչի գլխավոր դերն է կատարում, որը նախանձից դրդված սպանում է մեկ այլ նկարչի եւ ապա խղճի խայթ զգալով զղջում է եւ փորձում ապաշխարել ինքնախաչելությամբ: Երբ իր ապագա ֆիլմը գովազդող տեսահոլովակը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, Մոսկվայի Ուղղափառ համայնքի նախագահը բողոք է ներկայացրել նրա դեմ: Այնուհետեւ ոստիկանությունը խուզարկել է նրա բնակարանը, առգրավել ինչպես արվեստագետի կինոնկարահանման ապարատը, այնպես էլ «վիրավորական» ֆիլմը եւ հարցաքննության տարել նրան: Հետագայում տեսաֆիլմերի կոնֆերանսի մասնակցելու համար Բուլղարիայում գտնվող Օլեգը տեղեկացել է, որ իր դեմ դատական հայց է հարուցված: Որոշել է մնալ Բուլղարիայում, սակայն խնդիրն այն է, որ այդ երկիրը հրաժարվում է նրան փախստականի կարգավիճակ շնորհել, իսկ դա նշանակում է, որ նրան 3-5 տարի բանտարկություն է սպառնում կամ էլ արտաքսում երկրից: Ռուսաստանը, մյուս կողմից, մերժում է նրա անձնագիրը վերանորոգել:

Կուրատորները նույնպես 282 հոդվածի հատկանիշներով տուժել են: 2003-ին Մոսկվայի «Անդրեյ Սախարով թանգարանում» «Զգույշ: Կրոն» վերնագրով ցուցահանդես կազմակերպելու համար տնօրեն Յուրի Սամոդուրովն ու կուրատոր Լյուդմիլա Վասիլովսկայան որոշ ժամանակ անց մեղադրվեցին կրոնական ատելությունը խրախուսելու մեջ. յուրաքանչյուրն ստիպված էր վճարել 3.500 դոլարի չափով տույժ: Այդուհանդերձ, Սամոդուրովը կանգ չառավ. 2007-ին նա միացավ արվեստի գործերի գիտակ Անդրեյ Երոֆեեւին, եւ նրանք միասին նույն «Սախարով թանգարանում» կազմակերպեցին «Արգելված արվեստ: 2006 թ.» ցուցահանդեսը, որտեղ ներկայացրեցին այլ ցուցահանդեսներից դուրս մնացած (ներառյալ «Զգույշ: Կրոնը») կամ մերժված կտավները: Բայց որոշակի բողոքների հիման վրա նրանց դարձյալ հալածեցին սրբապղծություն գործելու համար: Տասնչորս ամիս տեւած դատավարությունից հետո նրանք մեղավոր ճանաչվեցին եւ ստիպված էին այս անգամ միասնաբար 11.300 դոլարի չափով տույժ վճարել:

Սրբապղծությանը վերաբերող Ռուսաստանի օրենքներն ավելի մեծ ցանցի են վերածվել: Ռուսական Ուղղափառ եկեղեցին վերջերս, օրինակ, մերժեց վերականգնել ռուս ամենահայտնի գրող Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյին իր շարքերում: Ինչպես հայտնի է, 1901-ին նա բանադրվեց Սինոդի որոշմամբ եւ հեռացվեց Ուղղափառ եկեղեցուց: Այդ պատճառով էլ, գուցե, նրա մահվան հարյուրամյակը բավական անշուք անցավ, 2010 թվին:

Ճակատագրի հեգնանքն այն է, որ ներկա Ռուսաստանում Ուղղափառ եկեղեցին կարծես կրկնօրինակում է նախկինում գործող կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գործունեությունը: Եթե այդ ժամանակ վերջինս աթեիզմի գաղափարախոսությունն էր քարոզում, այժմ Ուղղափառ եկեղեցին նույն ջանասիրությամբ ազգայնական քրիստոնեություն է քարոզում: Ինչպես Մավրոմատտիի նկարչուհի կինըՙ Բորյանա Ռոսսան է բնորոշումՙ «Ռուսաստանում հիմա կրոնն ավելի վտանգավոր (թեմա) է, քան քաղաքականությունը»:

Շարժա եւ Ադրբեջան

Վերոնշյալ օրինակները բոլորն էլ քրիստոնեական աշխարհին էին վերաբերում: Սրբապղծության ավելի դաժան պատիժներ գոյություն ունեն իսլամական երկրներում, որտեղ հանցագործը մինչեւ անգամ մահապատժի կարող է ենթարկվել:

Նույնիսկ մահմեդական կարծեցյալ ազատական երկրներում մարդիկ չափազանց զգայուն են կրոնի հանդեպ իրենց վերաբերմունքում: Միջազգային շրջանակներում հարգարժան տեղ զբաղեցնող Շարժայի բիենալեն, օրինակ, 2011 թվականի ապրիլին մեծ ցնցում ապրեց, երբ Շարժայի կառավարիչՙ Շեյխ Սուլթան Բեն Մոհամմեդ Էլ-Քասիմին աշխատանքից ազատեց «Շարժա արվեստի հաստատության» տնօրեն Ջեկ Բարսեղյանին: Պատճա՞ռը. ալժիրցի նկարիչ, լրագրող եւ ակտիվիստ Մուսթաֆա Բենֆոդիլի «Կարեւորություն չունի: Վայրագ գրություններ» կտավն էր, որը ներկայացված էր ցուցահանդեսում եւ բաղկացած էր 23 անգլուխ մանեկեններից, որոնք դասավորված էին այնպես, կարծես ֆուտբոլ էին խաղում: Նրանց շապիկների վրա եղած գրությունները 1990-ականներին ծայրահեղ իսլամական աղանդավորական մի կազմակեպության կողմից բռնաբարության ենթարկված կնոջ խոսքերն էին: Իրական դեպքի հիման վրա նկարված այս կտավը վիրավորական էր համարվել կառավարող շրջանակների կողմից: Արվեստագետը ասուլիսի ժամանակ անընդհատ պնդում էր, որ բոլորովին էլ մահմեդականության դեմ չէր ուղղված իր ստեղծագործությունը, այլՙ ծայրահեղական շարժումների:

Այս միջադեպից երկու ամիս անց, Վենետիկի բիենալեում ադրբեջանական տաղավարից երկու աշխատանքներ հանվեցին, անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պահանջով: Դրանք ծնունդով ադրբեջանցի, բայց Մոսկվայում ապրող քանդակագործ-նկարիչ Այդան Սալախովայի քանդակներն էին, որոնցից մեկըՙ «Սպասող հարսնացուն» ամբողջովին քողարկված կանանց էր պատկերում, իսկ երկրորդըՙ «Սեւ քարը»ՙ Մեքքայում գտնվող սրբազան քարն էրՙ անհավատալիորեն էրոտիկ շրջապատում:

Ադրբեջանը ճնշող մեծամասնությամբ մահմեդական երկիր է, աշխարհիկ կառավարական համակարգով, որը ստիպում է «հավասարակշռված» մոտեցում ցուցաբերել: Սալախովան միաժամանակ երկու կողմերին էր հասցեագրել ասելիքը. առաջին քանդակն ուղղված էր կանանց իրավունքների պաշտոնական աշխարհիկ դիրքորոշման դեմ, իսկ երկրորդըՙ իսլամական հավատին անվայել արարքների դեմ:

***

Այս միջադեպերը խոսում են այն մասին, որ կրոնական թեմաներով ստեղծված աշխատանքների շուրջը ծավալված «հակամարտությունները» հաճախ բորբոքվում են սոցիալական եւ քաղաքական ավելի լայն խնդիրներով: Երբեմն արվեստագետներն այնպիսի ճահճուտ իրադարձություններում են հայտնվում, որ կնախընտրեին ընդհանրապես խուսափել այդ ամենից, երբեմն էլ նպատակ են հետապնդում է՛լ ավելի հրահրելու եւ մարտի հրավիրելու դեմագոգներին, երկերեսանիներին եւ կրոնը քաղաքական նպատակներին ծառայեցնողներին: Բայց նրանց աշխատությունները ընդհանուր առմամբ ուղղված չեն այս կամ այն կրոնի դեմ: Նրանքՙ այդ արվեստագետները շատ դեպքերում իսկական հավատացյալներ են, որոնք չեն ցանկանում հավատը շփոթել քաղաքականության կամ սոցիալական որեւէ դրսեւորման հետ: Իրենց տիրապետած կրոնական այդ «գործիքով» փորձում են պայքարել այլասերող բոլոր դրսեւորումների դեմ: Եվ երբեմն որոշակի հաջողության են հասնում, ինչպես Չագոյայի դեպքում, երբ երկու հակամարտող կողմերը ընդհանուր լեզու են գտել, եւ Լավլենդի «Ռեզըրեքշն ֆելոուշիփ չըրչ» եկեղեցու պաստորի առաջարկով արվեստագետը պատրաստել է Հիսուս Քրիստոսի «անաղարտ» պատկերը, որն այժմ ցուցադրվում է «Ֆելոուշիփ» եկեղեցում: Ատելությունը ատելությամբ պատասխանելը ոչ մի տեղ չի առաջնորդի, մտածում են առողջ դատողության տեր մարդիկ:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. Ցուցարարները Լավլենդ պատկերասրահի առաջ: Կոլորադո, հոկտեմբեր, 2010 թ.:

Նկար 2. Էնրիկե Չագոյա. «Ռոմանտիկ մարդակերների փորձությունները», 2003 թ., գունավոր փայտփորագրություն:

Նկար 3. Էնրիկե Չագոյա. «Քրիստոսի Հարությունը», «Ֆելոուշիփ» եկեղեցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4