ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Պլիսեցկայայի հուշագրքի հայկական հետքերը
Իր երկարատեւ կյանքի ընթացքում Մայա Պլիսեցկայան բնականաբար առնչված պիտի լիներ նաեւ հայ ժողովրդի զավակների հետ: Նրա «Եսՙ Մայա Պլիսեցկայաս» հուշագրքում տեղ-տեղ երեւում են հիշատակություններ հայի ու հայկականի մասին: Հայաստանին առնչվող առաջին հիշատակությունը վերաբերում է 1950-ականներին. «Ռեակտիվ ինքնաթիռներ այն ժամանակ չկային: Օրինակ, Մոսկվա-Երեւան թռիչքը տեւում էր 14 ժամ: Այսօր դա վայրի է թվում» (էջ 154):
Սակայն այդ երկարատեւ եւ հոգնեցուցիչ ճամփորդությունը չի խանգարել, որպեսզի Մայա Պլիսեցկայային մի քանի անգամ դիտի երեւանցի հանդիսատեսը: Իսկ Հայաստանն առհասարակ դրական տոներով է ներկայացված պարուհու հուշագրքում: «1964 թվականի ամառը Շչեդրինի, Դմիտրի Դմիտրիեւիչի եւ նրա կին Իրինա Անտոնովնայի հետ անցկացրինք միասին: Հայաստանի լեռներում, Սեւանա լճից ոչ հեռու: Այնտեղ հրաշալի վայրեր են: Վեհ, լրիվ բիբլիական» (էջ 338):
Իր հուշագրքում Մայա Պլիսեցկայան հիշել է իր կյանքում դրական, բացասական կամ չեզոք դեր ունեցած մի շարք հայերի: Այսպես, պատմելով իր ամուսնու հետ նոր բնակարան տեղափոխվելու մասին, նա հիշել է նաեւ իրենց «...փոքրիկ պատշգամբը, որտեղից Շչեդրինը կարմիր տոներին հայոց լեզվով խուժան բաներ էր բացականչում (նրան սովորեցրել էին երաժիշտները Հայաստանից), ուղղված մեր հարկի հարեւան փողհար Ազարյանինՙ վերջինիս պատճառելով աննկարագրելի շփոթմունք» (էջ 226-227): Պլիսեցկայան նկատի ունի ծնունդով երեւանցի երաժիշտ Արամ Ազարյանին (ծն. 1926), որը 19571987 թթ. եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար փողհարը:
Արամ Խաչատրյանը, որի «Սպարտակ» բալետում բազմիցս հանդես է եկել Պլիսեցկայան, պարուհու կողմից հիշվել է երբեմն չեզոք, երբեմնՙ ոչ այնքան բարյացակամորեն: Ուշագրավ է վկայությունն այն մասին, որ երբ պարուհին փորձել է հարմար կոմպոզիտոր գտնել իր մտահղացած «Կարմեն» բալետի համար, նկատի է ունեցել նաեւ Արամ Խաչատրյանին: Ապրելով կոմպոզիտորիՙ Սնեգիրիում գտնվող ամառանոցի կողքին, «...զբոսանքների ժամանակ ես Արամ Իլյիչին բացատրում էի իմ մտահղացման մասին: Բայց գործը խոսակցություններից անդին չանցավ» (էջ 340): Ինչպես հայտնի է, այդ բալետն ի վերջո կյանքի է կոչել պարուհու ամուսինըՙ Ռոդիոն Շչեդրինը:
Հայտնի է, որ Պլիսեցկայայի ստեղծագործական կյանքում շատ են եղել արգելքներն ու խոչընդոտներըՙ անկախ արվեստագետներին չհանդուրժող կոմունիստական նոմենկլատուրայի կողմից: Ցավոք, նրա անձնական հակառակորդներից մեկն էլ եղել է մի հայ պաշտոնյա: «Վարդանյան էր կոչվում փոքրիկ կուզիկ հայ մարդը, որ ղեկավարում էր խորհրդային երկրի բոլոր երաժշտական հաստատությունները: Նրանից բարձր մշակույթի նախարարությունում միայն փոխնախարարներն էին եւ ինքըՙ Ֆուրցեւան», գրել է պարուհին (էջ 346): Պլիսեցկայայի հակառակորդ այս Վարդանյանը Հայաստանի վաստակավոր արտիստ, կլառնետահար Զավեն Ղեւոնդի Վարդանյանն էր (1907-1974), որ հետագայում Մոսկվայում անցել է վարչական աշխատանքի: Երաժշտական կյանքի գրաքննիչ Զավեն Վարդանյանի ցուցմունքով կրճատվել են էրոտիկ տեսարանները նոր բեմադրվելիք բալետումՙ «Կարմեն սյուիտ»-ում: «Սեքսը խորհրդային բեմում չի անցնի», ասել է ամենազոր գրաքննիչը:
Նմանապես որպես խորհրդային վարչարարության դեմք է ներկայացվել Անաստաս Միկոյանը, որը, ի դեպ, ԱՄՆ-ից վերադառնալով, Պլիսեցկայային է հասցրել Ռոբերտ Քենեդիի նվերըՙ ապակե մեխակները: Պարուհու հետ մտերիմ են եղել Վլադիմիր Մայակովսկու երբեմնի մեծ սեր Լիլյա Բրիկը եւ նրա հայազգի ամուսինըՙ գրականագետ Վասիլի Քաթանյանը, որի որդինՙ կինոռեժիսոր Վասիլի Քաթանյան-կրտսերը վավերագրական ֆիլմ է նկարահանել Պլիսեցկայայի մասին եւ նրան նվիրել իր «Հպում կուռքերին» հուշագրքի գլուխներից մեկը:
Անշուշտ, այս ծանոթություններին եւ հայերի հիշատակումներին առանձին նշանակություն չէինք տա, եթե չլիներ Պլիսեցկայայիՙ հայկական պարի իմպրովիզացիոն կատարման մասին չափազանց բնութագրական, անգամ հուզիչ դրվագը: Եվ այսպես, պարուհին հիշում է (էջ 439).
«Վաթսունչորս թվականին Հայաստանի քամոտ լեռներում, Սեւանա լճի ճամփեզրի մի խորտկարանում, մարդկանցով խիստ լցված ՄԱԶ-ի վարորդը, թրջելով չորացած կոկորդը մի շիշ գարեջրով, սկսեց «գծել» հայ ժողովրդական պարի նախշերը մեր սեղանի մոտ: Մենք այնտեղ մի կտոր հաց էինք կիսում Շչեդրինի եւ նրա ընկեր Առնո Բաբաջանյանի հետ միասին: Ես միակ կինն էի ծխով լցված խորտկարանում, որ կորսված էր զառիթափի ժայռերումՙ լցված երթեւեկող վարորդներով եւ այլ ճանապարհորդող հասարակությամբ: Անելիք չկա: Ես վեր կացա, ուշադիր նայեցի իմ հանկարծակի ասպետի բոլոր շարժումներին եւ սկսեցի իմ պատասխան պարը: Ճաշողների ժխորը, ամանեղենի, պատառաքաղների ձայնն ընդհատվեցին: Ինչ-որ մեկն արդեն ծոր տվեց մի թախծոտ հայկական մեղեդի: Պարը, չգիտես որտեղից, ինձ մոտ ստացվեց: Իմ փոքրիկ ճանապարհային հաղթանակը: Քաջալերանքի բարեկամական բացականչություններ: Հարբած վարորդներն ինձ են դիմում հայերեն խրախուսանքներով: Առնոն շփոթված հարցնում է.
- Որտե՞ղ ես, Մայա ջան, սովորել մեր հայկական պարերը»:
Անշուշտ, Մայա Պլիսեցկայան ոչ մի տեղ հայկական պար չի սովորել, սակայն հանճարեղ արտիստուհու համար անհնար չպիտի լիներ իր պարային լեզվով «խոսել» նաեւ «հայերեն»...