ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
«Արմմոնո» եւ Շեքսպիրյան երեւանյան փառատոների շրջանակներում եղան ներկայացումներ, որոնք նշանակալից իրադարձություններ դարձան ոչ միայն թատերական, այլ ընդհանրապես մեր հանրային կյանքում: Առավել հաջողվածների թվում էր «Շամիրամ» ներկայացումը: Դերասանուհիՙ Անահիտ Մութաֆյան, ռեժիսորՙ Արփի Ասոյան, բեմագիրՙ Լեւոն Մութաֆյան:
Բանտ: Բանտի դարպասները հսկող առյուծներ: Լույս ու մութի բախում, եւ շղթայակապ թագուհինՙ անցյալ եւ ներկա ժամանակների խաչմերուկում: Պատմական-առասպելական, թեման նոր, անսովոր ու արդիական մեկնաբանությամբ: Հնարավոր եւ անհնարին ճիգեր գործադրելով, ազատվել շղթաներից, ազատագրվել, ահա ներկայացման առանցքային գործողությունը: Դերասանուհին խաղը ծավալում է շրջանաձեւ, փաստելով, որ ասորական գահընկեց թագուհու պատերազմը պայմանավորված է եղել ոչ այնքան տիրակալական հավակնություններով: Անգամ սերն ու կիրքն են եղել ածանցյալ, եւ թագուհու պայքարի գլխավոր շարժառիթը մեկն է եղելՙ հաղթանակած դուրս գալ ոգեղեն կռվից, հոգու ճակատամարտից: Հետ բերել ոչ թե անցյալ-կորուսյալ արքայական փառքը, որի իսպառ բացակայությամբ մարդը վերածվում է ոչնչության, իսկ ազգըՙ ամբոխի. «Պահապանները քնել են, բայց զնդանի դռանը առյուծներ են կապել, որպեսզի չբացեմ դուռը, ազատության շունչը չզգամ... Ես պաշտում եմ ազատությունը, իմ ազատությունը, որն ամենաթանկն է պալատների շքեղության մեջ: Խլեցիր ինձնից այդ ազատությունը, Ադադնիրար...»: Հենց բնագրի անսովոր լուծումները հիմք են ստեղծել ռեժիսորական արդիական մեկնաբանությունների համար, որ հանրահռչակ ինտրիգանուհին, մոլեգին ասորուհին ներկայացվի մի այլ հայեցակետից: Գրքի «ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում»-ը թատերային տառադարձմամբ հնչում է մոտավորապես այսպես. «Ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, եւ եթե դուք ունակ եք լսելու, լսե՛ք...»: Շտապենք ասել, որ դերասանուհին խուսափել է գերախաղի ծուղակն ընկնելու գայթակղությունից եւ դա նրան հաջողվել է: Իսպառ բացակայում է հանդիսականին ամեն գնով դուր գալու բաղձանքը, որը շատ հաճախ վերածվում է թախանձանքի: Թագուհու մենությունը, թագուհու ներքին ողբերգությունը ելք է փնտրում, հորդում ու ծավալվում է անհնարին թվացող տիրույթներում: Դիմախաղը, պլաստիկան, աչքերը, շուրթերը, ձայնը, եւ թագուհին տենդագին մի համառությամբ մղվում են դեպի փորձությունը: Այդպես մահացու խոցված է, ռումբը ափի մեջ սեղմած, մղվում դեպի թշնամին:
Եվ թագուհու կերպարը կարծես վեր է խոյանում անցյալի մշուշներիցՙ իր տիրական, առինքնող շուք ու հանդիսանքով: Եվ կերպավորվում է ուրիշ մի Շամիրամ: Ձեռքի կտրուկ մի շարժում, մատների լարված խաղ ու պրկում, եւ թագուհին լլկված, ճզմված առասպելի միջից փորձում է կորզել իրականության բեկորները: Հարափոխ հոգեվիճակներ, ժամանակի խելահեղ հոսք, եւ նա շղթաները թոթափելու յուրաքանչյուր շրջադարձի վրա, հերթական ցավոտ հուշի, ցավագին բացահայտման շեղբից սաստված, ընդոստ կանգ է առնում: Թվում է, թե բառը նահանջում է, եւ շուրթերը խոսում են լռության լեզվով. «Ո՛չ, ո՛չ, ո՛չ... Առաջ չգաս, Շամիրամադ, ես չեմ ուզում տեսնել արնոտ դեմքդ, սարսափով լի աչքերդ... Չգաս, խնդրում եմ, քո հայացքից վախենում եմ»: Բայց անհնարին է լռեցնել խճղի ձայնը: Եվ կարծես ողջ ներկայացման ընթացքում ինչ-որ մեկը անդուլ-անդադար կոչնակ է զարկում. «Մարդիկ, այս ի՞նչ եք անում»: Անլուր ցավի ծանրությունը, ցավի կլանող հեւքը, որ ոսկոր է կոտրում: Բայց թագուհին չի ուզում հանձնվել, չի ուզում ծունկի գալ եւ ընդունել իր պարտությունը: Նրա ձայնը շարունակում է հնչել թագուհուն վայել շեշտով եւ աներեւույթ մի ուժ տանում է նրան ճակատագրի ահեղ հողմերի միջով: Այլ խելահեղ եւ ինքնամոռաց պտույտները եւ շրջադարձից շրջադարձ թագուհին հայտնվում է ինքն իր դեմ:
Սկսվում է առերեսումը տեւական ու տանջալից, բայց եւ լուսավոր ու մաքրագործող. «Իմ մեջ երկու մարդ էին գոտեմարտումՙ տիրակալը եւ կինը: Ուրարտացիները հավանաբար հրճվում էինՙ տեսնելով խենթացած կնոջը, ով սար ու ձոր ընկածՙ քե՛զ էր փնտրում»: Կտորներ կան, որտեղ ներկայացման հերոսուհին թվում է, թե հայտնվել է անօդ տարածության, անկշռելիության մեջ: Եվ թագուհու շարժումները, քայլքը, դիմախաղը ձայնավորվում են առանձին-առանձին: Ակնհայտ է, որ Շամիրամի կերպարը ստեղծելիս, Անահիտ Մութաֆյանըն ընթացել է հոգեբանական թատրոնի ճանապարհով, եւ այդ ճանապարհին նրան զորակցել է վերապրումի կախարդանքը:
Թագուհին հոգու անդորր ու խաղաղ հանգրվան է փնտրում, բայց, ավաղ, իշխանություն-հասարակություն խեղված ու խաթարված կապի գիտակցումը նրան պատեպատ է զարկում, հասցնում խելագարության սահմանագծին: Երբեմնի փառքից հողմահարված մարմինը զանց առած, կարծես հոգու փրկության աղոթք է մրմնջում: Խաղարկվում է այսօրվա թատրոնը: Ժամանակակից բեմի մթնոլորտը հագեցած է այսօրվա խռովքով, հույզերով ու տագնապներով, եւ դա նաեւ ռեժիսորի ջանքի եւ հստակ մտահղացումների արդյունքն է: Դերասանուհու շարժումները շատ հաճախ վանդակված թռչնի թեւաբախում են հիշեցնում: Եվ հանդիսատեսի տեսադաշտում, տեսադաշտից անդին շարունակում է գոյամարտը թագուհու եւ կնոջ միջեւ: Քիչ է պատահում, որ ստեղծագործական-փորձառական հղումները հանգեցնեն թատերային, բեմական նման արտահայտչականության: Նման պահերին է, որ ճշմարտությունը սնուցող երակը պրկվում է պատռվելու աստիճան: Մարմնավորել անտիկ ժամանակների թագուհուն, նշանակում է խիազախություն ունենալ եւ կանգնել անհայտության, առեղծվածի դեմ: Նշանակում է պեղել ու առերես հանել անցյալ-կորուսյալ ժամանակների կապերի, կենցաղի, հոգեբանության եւ անցուդարձի ամենաչնչին մանրամասնը:
Եվ Անահիտ Մութաֆյանը հանդգնել է, կարողացել է, եւ նրա մարմնավորած Շամիրամը տպավորիչ ու հավաստի գույներով ներկայացվել է հայ ժամանակակից թատրոնի բեմում: Հատվածներ կան, որտեղ դերասանուհին խաղում է աչքերով: Դերասանուհին պատմում է աչքերով, մի ունակություն, որը տրված է թատերական արվեստի սակավ նվիրյալներին: Եվ դերասանուհու աչքերի խորքում առասպելական ժամանակների իրական լույսն է: Առասպելական թագուհի եւ իրականության մեջ ապրող կնոջ ցավ ու տառապանք: Շամիրամի պատմությունը բացվում ու ծավալվում է նոր ժամանակների տիրույթներում: Հանդիսականի տեսադաշտում եւ տեսադաշտից անդին, ռեժիսորի եւ դերասանուհու ջանքով խաղարկվում է մի դրամա, որը վաղեմության ժամկետից դուրս է:
Կորուստը: Անչափելի կորուստների դեմ թագուհու քայլը, քայլի շիտակությունը, անկման մազե կամրջի վրա հավասարակշռությունը պահպանելու նրա այդ տիտանական ճիգը, հոգեպես չպարտվելու, չհանձնվելու այդ անբեկանելի վճիռը: Եվ ենթադրում ես, որ նման ներկայացումներից հետո վարագույրը չի փակվելու եւ մարդկանց հոգիներում հեռանկարի պատումը շարունակվելու է ծավալվել: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ թագուհին ցնցում է շղթաներըՙ բեմը լցվում է ոչ թե մետաղի սառը զնգոցներով, այլՙ արիության եւ արժանապատվության տաք ղողանջներով: Մարմինը մնում է կալանված, բայց ազատագրվում է հոգինՙ անկոտրում ու անպարտելի: Եվ բացվում, առկայծում են ողբերգականի լուսավոր շերտերը: Ներկայացման մեջ կտորներ կան, երբ երկաթե տիկինը իր տեղը զիջում է փխրուն ու վեհերոտ կնոջը, եւ դա բնավ էլ նահանջ չի կանխանշում: Եվ սրի ու բիրտ ուժի փոխարեն, պատերազմի կրակների մեջ է նետվում սիրտը, կնոջ զոհաբերության պատրաստՙ սիրտը: Այս անգամ թագուհու տենչանքի եւ կարոտների հասցեակիրը հայոց արքան էՙ Արանՙ իր լեռների նման բարձր ու անհասանելի. «Նայիր աչքերիս, ինձ նայիր... Շշնջա ինձ բառեր, որոնք երբեք չշշնջացիր, սիրո խոսքեր ասա, որոնք դու ասում էիր ուրիշինՙ քո Նուարդին, որին հիմա նախանձում եմ, ատում եմ, ուզում եմ հանել նրա աչքերը, որոնց մեջ քո պատկերն է, ուզում եմ ծվատել նրա սիրտը, որն ափեափ լցված է քո սիրով... Ասա ինձ, մի՞թե չէի վաստակել երջանիկ լինելու իրավունքը»:
Եվ կարծես բեմի ողջ լայնության վրա, վիթխարի, սեւ թռչունի պես իր թեւերն է տարածում լինելիության խորհուրդը, մարդ աստնվորիՙ երջանիկ լինելու հավերժական ցանկությունը: Պարզվում է, որ մարդն ինքն իր ներսում կարող է տիեզերածավալ ազատություն նվաճել, եթե կա ոգու թռիչք: Եվ թագուհին իր ապրած տառապանքը շուրջառում է զգացական մի շռայլությամբ: Եվ եթե ազատակամ ոգին ի զորու է թռիչքի, անզոր են դառնում բանտի ամրակուռ պատերն անգամ: Մարդը կողոպտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ նրանից չեն խլել ի վերուստ տրված, ազատ ու արժանապատիվ ապրելու հույսը: Եվ սույն դեպքում ասորական դշխոն դառնում է իր ժողովրդի շարունակական գոյապայքարի, հույսի ու ճակատագրի կրողը: Եվ դրվատելի է, որ եղերական այլակերպումներով հայտնի թագուհու կերպարը, դերասանուհին ձգտել է կայացնել թատերային զուսպ արտահայտչաձեւերի մեջ: Ասված խոսքը արձագանք է ակնկալում, եւ ճիշտ ընտրված դադարները երկխոսության պատրանք են ստեղծում:
Գլխավոր գործոնը խորհրդանշանի բացահայտումն է, եւ յուրաքանչյուր ճշմարիտ կերպար հյուսվում ու կայանում է ներաշխարհի ավշաթելերից: Փորձարկում է կորստյան ցավը եւ առասպելականն ու թեականն անցկացվում են դառը, դժնի իրականության քուրայով: Ոչինչ կյանքն այնպես լուսավոր եւ ըղձալի չի դարձնում, որքան անձանձիր մաքառումը: Եվ թագուհին շարունակում է մաքառել, իր կանացի փխրուն ուսերին ծառացած խաչը տանել արժանապատվորեն. «Բաց աչքերդ, Արա, ու տես ինչպես եմ կանգնած մահվան դռների մոտ, ինչպես եմ ուզում ուժեղ եւ անպարտ լինել...»: Նորին մեծություն բեմարվեստը արտիստից պահանջել եւ պահանջելու է մեկ բան, որ նա զորակցի հանդիսականին եւ վերջինիս վարակիՙ քայլ անի դեպի ներդաշնակ կեցության խաղաղ հովիտները: Կերպարի ամբողջացման ճանապարհին, Անահիտ Մութաֆյանն առավելապես ապավինել է ենթագիտակցական ազդակներին, որպեսզի ցայտուն դարձնի կերպարի բնութագրական ու բնորոշ եզրերը:
Եվ առասպելական ժամանակների անցուդարձը վեհիշելու, վերապրելու գործառույթը դերասանուհու համար փրկօղակի դեր է կատարել: Թագուհին պատրաստ է կյանքով հատուցելու, միայն թե չհանձնվի նահանջի, նվաստացման ու հոգեւոր պարտության ամենակուլ խավարին եւ շարունակում է թիավարել ինչպես նավազըՙ ալեկոծ ծովում:
Շամիրամի կերպարի դժվարին զառիթափը հաղթահարելիս, Անահիտ Մութաֆյանն ապավինել է ոչ միայն արտիստական շնորհին, այլեւՙ անակնկալ իրավիճակներում դրսեւորվող մարդկային արիությանն ու տոկունությանը: Իրական հույզեր, փակուղու առջեւ հայտնված կնոջ խորապես ապրված կորստյան ցավ ու տառապանք: Դերասանուհին իր համոզիչ խաղով ապացուցում է նաեւ, որ ամենակաշկանդված իրավիճակներում էլ կարելի է ելք գտնել եւ դուռ բացել: Եվ ինքը վստահաբար բացել է այդ դուռը:
Ներկայացման ավարտին ակամա խորհում ես, որ եթե դերասանուհին բեմ մտներ առանց բեմական դիմահարդարման եւ հանդերձանքի, իր տպավորիչ խաղով դարձյալ պիտի կարողանար հանդիսականին համոզել, որ բեմում կատարվածը խաղ չէ, այլՙ մեր բարդ ու հակասական իրականության ճշգրիտ արձագանքը...