ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-03-17 | #6, 2012-03-31 | #7, 2012-04-14


ՀԱՎԱՏԱՐԻՄՙ ԿՈՉՄԱՆԸ

ԵՊՀ հրատարակչության 90-ամյա ուղին

Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը, հիմնադրված 1920 թ. Ալեքսանդրապոլում, անընդմեջ գործում է մինչ այսօր, անգամ պատերազմական տարիներինՙ Երկրորդ համաշխարհայինի եւ Արցախյան, շարունակել է գրատպագրական աշխատանքները, մեծարժեք գրքեր լույս ընծայել: Հրատարակչության անցած ճանապարհը սկսվում եւ շարունակվում է ԵՊ համալսարանին սերտորեն առնչված. 1920-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվեց համալսարանը, եւ հենց նույն օրը լույս ընծայվեց առաջին թերթըՙ «Հայաստանի համալսարան» խորագրով, որով հիմք դրվեց հրատարակչական հետագա գործունեությանը եւ նույն տարում` 1920 թ. լույս տեսավ առաջին գիրքը` Ուիլիամ Ջէմսի «Հոգեբանութիւն» աշխատությունը (թարգմ.` Սիրական Տիգրանյան):

Հրատարակչության գործունեությունն այս տարիներին ուղղված է եղել բացառապես բուհական ձեռնարկների, դասագրքերի, գիտական աշխատությունների լույս ընծայմանը: Վերջերս տպագրված 1920-ից 2011 թվականներն ընդգրկող մատենագիտությունը ներկայացնում է հրատարակված գրականության պատկառելի ցանկ (3.000-ից ավելի): Ըստ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանի, մինչեւ Գիտությունների ակադեմիայի կազմավորումը (1920-1940-ական թվականներ), Հայաստանի գիտական միտքը կենտրոնացած էր համալսարանում, հրատարակչության ամենամեծ հաջողությունը համարում է կայացած բառարանագիտության ասպարեզում (Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը» լույս տեսավ 1927-ին ապակետիպ եղանակով, շարվածքովՙ 1970-ականներին, 4 ստվար հատորներով: Երկրորդ համաշխարհայինի տարիներին լույս տեսավ Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը», հետագա տարիներին շարունակվեց բառարանների հրատարակությունը: Այս շարքում հիշատակելի են Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք-Բախշյանի, Հ. Բարսեղյանի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» հինգհատորյակը, Ռ. Ղազարյանի «Գրաբարի հոմանիշների բառարանը», «Միջին հայերենի բառարանը» (համահեղինակ Հ. Ավետիսյան), Երջանիկ Գեւորգյանի «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարանը», Բախտիար Հովակիմյանի «Ծածկանունների բառարանը», «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի» չորս հատորների եւ Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանի» վերահրատարակությունները, Պ. Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը» եւ իհարկե երկլեզվյա` «Անգլերեն-հայերեն», «Լատիներեն-հայերեն», «Հայերեն-հնդկերեն», «Հունարեն-հայերեն», «Թուրքերեն-հայերեն» եւ այլ, մասնագիտական բացատրական բազմաթիվ բառարաններ):

Հումանիտար գիտությունների եւ հայագիտական հրատարակություններին զուգահեռ մեծ քանակով լույս է տեսել ուսումնական գրականություն`առավելապես բնագիտության ոլորտին վերաբերող:

Մատենագիտության այս ցանկը փաստացիորեն հայտնի է դարձնում հայագիտության զարգացմանը նպաստած ԵՊՀ հրատարակչության մեծ վաստակը: Այդ գրականության մի պատկառելի քանակ վերջին 10-12 տարիներին հրատարակվել է բացառապես Գ. Գյուլբենկյան հիմնարկության մեկենասությամբ: Այս եւ ընթացիկ տարբեր խնդիրների շուրջն է մեր զրույցը հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանի հետ:

- Պրն Ստեփանյան, նախ անդրադառնանք կարեւոր մի խնդրիՙ ուսումնական ձեռնարկների եւ դասագրքերի վիճակին. Ձեր երկարամյա փորձը ինչպես է գնահատում դրանց ներկայիս մակարդակը:

- Բուհական դասագրքերի հարցը համարում եմ առայժմ չլուծված խնդիր, քանի որ տարերային բնույթ է կրում դրանց հրատարակությունը, չկա կենտրոնացում եւ կանոնակարգում, ինչը շատ կարեւոր է բուհական կրթության պատշաճ մակարդակ ապահովելու համար: Դեռեւս 90-ականներից, «Լույս» հրատարակչությունում աշխատելու տարիներից բազմաթիվ անգամներ դիմել եմ կրթության մի քանի նախարարների. առաջարկս է նախարարությունում ստեղծել գործուն մի մարմին, որը կկարողանա գնահատել բուհական դասագրքերի մակարդակը ժամանակակից չափանիշերով եւ կանոնակարգել հրատարակման հարցը: Միեւնույն առարկան տարբեր բուհերում անցնում են տարբեր դասագրքերով. դրանց մի մասը հնացած է, համապատասխանու՞մ են արդյոք ներկա պահանջներին:

Դասագրքերի հարցը, իրոք, բարձիթողի վիճակում է: Ենթադրենք, համալսարանի դասախոսներից մեկի գիրքը պահանջարկ ունի...

- Ինչպե՞ս է որոշվում դա:

- Հրատարակության ներկայացնելու միակ պարտադիր պահանջը տվյալ ֆակուլտետի խորհրդի երաշխավորությունն է: Սակայն միշտ չէ, որ նման երաշխավորությունը վստահելի է: Շատ դեպքերում, պարզվում էՙ ցածր մակարդակի դասագիրք է, ժամանակավրեպ էՙ փաստերի հնացածության եւ այլ պատճառներով: Հրատարակչությունը բոլոր ներկայացված դասագրքերը վերահսկելու հնարավորություն չունի, այդքան մասնագետ-խմբագիրներ չունենք, պարզապես:

- Հրատարակչական գործը մեծ ֆինանսներ է պահանջում: Մանավանդ այս պարագայում, երբ գիտական ուսումնասիրությունների իրացումը սահմանափակ քանակ է ենթադրում: Որքա՞ն տպաքանակով են գրքերը լույս տեսնում:

- Իհարկե, սա կարեւոր խնդիր է, դժվարություններ, անշուշտ եղել են: Սակայն պետք է ասեմ, որ Արամ Սիմոնյանիՙ ռեկտորի պաշտոնավարության հենց առաջին տարիներին աշխատանքները զգալիորեն դյուրացան այս առումով: Համալսարանի բյուջեից յուրաքանչյուր տարվա ընթացքում 30 մլն դրամ հատկացվում է դասագրքերի, մենագրությունների, ուսումնասիրությունների հրատարակման համար, ինչը նախկինում գրեթե բացակայում էր: Մինչ այդ, վերջին 10-12 տարիներին գոյատեւել ենք Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ, ինչը շարունակվում է հիմա էլ: Արամ Սիմոնյանի հիմնած Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (առաջ գործում էր համանուն կենտրոնը, սակայն միայն անվանափոխություն չէր կատարվածը) որոշակի աշխատակիցներ զբաղվում են հայագիտական գրքեր պատրաստելով, մի քանի տասնյակ գիրք արդեն լույս է տեսել: Այնպես որ, այս առումով լավ վիճակում ենք:

Ինչ վերաբերում է տպաքանակինՙ շատ չէ, 300-500 օրինակ, գրքի բովանդակության պոլիգրաֆիայից ելնելով` տպագրությունն իրականացվում է տարբեր տպարաններում:

Վերջին շրջանում գրքերի թանկացման հարցը հրատարակիչների հիմնական մտահոգությունն է դարձել: Անհասկանալի են պատճառները: Ըստ «Գրքերի աշխարհ» եւ «Նոյյան տապան» գրախանութների ներկայացրած տվյալների, վերադիրը կազմում է 50 տոկոս, իսկ «Նաիրի» հրատարակչության գրախանութինն, օրինակ, 20 տոկոս է: Ինչպես հասկանալ այս տարբերությունը: Հարկերի սահմանումը պետք է կարգավորել հստակորեն:

- Փոխարենըՙ գիրքը ընդհանրապես հարկազերծելու, մանավանդ մեզ համար այսպիսի կարեւորՙ գրատպության հոբելյանական հինգհարյուրերորդ եւ Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակված տարում: Ի՞նչ հրատարակություններով, միջոցառումներով է նշանավորում տարվա խորհուրդը ԵՊՀ հրատարակչությունը:

- Նախ ասեմ, որ Երեւանի պետական համալսարանը կազմակերպելու է մեծ հանդիսությունՙ նվիրված մեր հրատարակչությանը, որպես Հայաստանում ամենահինը, որը 92 տարի անընդմեջ գործել է: Միայն առաջին տարիներին տպագրված հեղինակների անունների թվարկումը բավական է պատկերացում կազմելու, թե ինչպես եւ ինչ մակարդակով սկսեց հրատարակչությունն իր գործունեությունը. եվրոպական համալսարաններում կրթություն ստացած մտավորականներՙ Հովհաննես Նավակատիկյանՙ Գերմանիայում կրթություն ստացած ֆիզիկոս, Վահան Արծրունիՙ Փարիզում ուսանած, կենսաբան, Սարգիս Աբովյանՙ Լայպցիգի եւ Հալլեյի համալսարանների շրջանավարտ, Հ. Ակունյան` քիմիկոս, Բեռլինի եւ Սանկտ Պետերբուրգի համալսարանական կրթությամբ: Առաջին գրքերի հեղինակներն էին նշանավոր հայագետներ Հրաչյա Աճառյանը, Մանուկ Աբեղյանը, Հակոբ Մանանդյանը, Լեոն, Արսեն Տերտերյանը:

Միջոցառումներին մեր մասնակցության մասինՙ ապրիլի 18-ին նախատեսված է Մեծ եղեռնի թեմայով վերջին մեկ տարում տպագրված 10 գրքի շնորհանդես, դրանց մեջ ուշագրավ է հատկապես Ստեփան Պողոսյանի նախաձեռնությամբ «Թուրքերը թուրքերի մասին» 4 հատորով գիրքըՙ պետպատվերով հրատարակված:

Շնորհանդեսին ներկայացված բոլոր գրքերն էլ պատմագիտական արժեքներ են: Առջեւում Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցն է: Կարծում եմ նոր գրքեր կունենանք եւ որ շատ կարեւոր է` նաեւ օտար լեզուներով:

Գրատպության 500-ամյակին նվիրված համալսարանը միջազգային գիտաժողով է կազմակերպելու սեպտեմբերին, Ծաղկաձորում: Մշտապես մասնակցում ենք գրքի միջազգային տոնավաճառներին, անցած տարի Ժնեւի մեծ տոնավաճառին 100 գիրք էինք ներկայացրել, այս տարի մասնակցեցինք Փարիզի ցուցահանդեսին:

- Ինչպե՞ս եք գնահատում հրատարակչության դերը համալսարանական կրթության գործում:

- Համալսարանի հրատարակչության ամենամեծ արժանիքը այսքան տարիներիՙ քաղաքական-տնտեսական-հասարակարգային փոփոխությունների ընթացքում իր առաքելությանը, իր կոչմանը հավատարիմ գործելն եմ համարում, այն էՙ բացառապես ուսումնագիտական գրականություն հրատարակելը. վերջին 12-13 տարիներին դժվար էր դա պահպանել, բայց կարողացանք:

- Հատկապեսՙ հայագիտական գրականության հրատարակման գործում առաջնային եք:

- Դա, իրոք, այդպես է: Այս առումով, իհարկե, երախտապարտ ենք Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը, նրա հայկական բաժանմունքի նախկին տնօրեն Զավեն Եկավյանին, որի մեկենասությամբ տպագրվել են 130 հայագիտական հատոր, դրանց մեջ հսկայական արժեք ունեցող շատ գրքեր, ինչպեսՙ Նիկողայոս Ադոնցի «Երկերի» հինգհատորյակի հրատարակությունը, վերջին 5-րդըՙ «Հայ-բյուզանդական նոթեր» ծավալուն ժողովածուն, հայերեն թարգմանությամբ լույս է տեսնում առաջին անգամ: Հրատարակության է պատրաստվում Ադոնցի հոդվածների, գիտական ուսումնասիրությունների, նամակների ժողովածուն: Այս առիթով պետք է երախտիքի խոսք հղել «Երկերը» հրատարակության պատրաստող պրոֆ., պատմաբան Պետրոս Հովհաննիսյանին:

Հայագիտության համար կարեւոր ներդրում են լեզվաբան Պետրոս Բեդիրյանի «Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանը», պատմաբան, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» ուսումնասիրությունը, որն անգլերենով վերջերս լույս տեսավ Լոնդոնում (հայերենով լույս է տեսել 2009թ., Երեւանում):

Իր պաշտոնավարության 27 տարիներին Զավեն Եկավյանը մտավորական լրջագույն գործունեություն է ծավալել. հրատարակել է 840ՙ բացառապես հայագիտական բնույթի գրքեր, որոնցից մի մասը սեփական մտահղացմամբ ու նախաձեռնությամբ: Նրա ղեկավարությամբ սկսվեց մի մատենաշար, որի արժեքը հայագիտության ասպարեզում դժվար է գերագնահատել: «Մատենագիրք Հայոց»-ը V-XVIII դարերի հայ մատենագրության քննական բնագրերի հրատարակությունն է, նախատեսված 50 հատորով: Լույս են տեսել տասնհինգըՙ V-X դարերի հեղինակների գործերն ընդգրկող, յուրաքանչյուրըՙ 1000-1200 էջանոց: 16-րդը տպագրության փուլում է: Զ. Եկավյանը նախաձեռնեց Հրաչյա Աճառյանի բոլոր անտիպ գործերի հրատարակությունը, լույս տեսավ «Քննություն Կիլիկիայի բարբառի» ուսումնասիրությունը, ավարտին հասցվեց լեզվաբանի «Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզուների» աշխատությունը:

«Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան հայկական մատենաշարով» հրատարակվեցին օտար հայագետների անտիպ ուսումնասիրություններ (Հայնրիխ Հյուբշման, Յոզեֆ Կարստ, Ֆրիտյոֆ Նանսեն): Վերջերս լույս տեսավ իսպանացի գրող Գոնսալո Գուարչի «Հայկական կտակ»-ըՙ Մերի Սուքիասյանի թարգմանությամբ: Բոլորը հնարավոր չէ թվարկել այստեղ: Ուզում եմ առանձնացնել Զ. Եկավյանի մտահղացմամբ եւս մեկ կարեւոր գիրք, որն արդեն պատրաստ է հրատարակության. դա Թորոս Թորամանյանի «Հայկական ճարտարապետություն» ուսումնասիրությունն է, որն առաջին անգամ լույս է տեսել պատերազմական տարիներին (1942 թ., 1948 թ.), երկու հատորով: Նման արժեքավոր աշխատությանՙ պոլիգրաֆիական ներկա պահանջները բավարարող հրատարակություն, կարծում եմ, անհրաժեշտ է շատ: Գիրքը նախատեսված է հրատարակել մեկ ընդհանուր հատորով, ճարտարապետական կոթողների մեծաքանակ նկարազարդումներով, որի հետ կապված աշխատանքները կատարում է պատմության թանգարանի տնօրենուհի Անելկա Գրիգորյանը. շուտով կավարտվի եւ կհանձնվի տպագրության:

- Իսկապես մեծարժեք հրատարակություններՙ աշխատատար, նաեւՙ ծախսատար: Իրացման խնդիրներ ունե՞ք:

- Նման հրատարակությունները եկամտաբեր չեն, գիտեք: Ինչ վերաբերում է Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ տպագրված գրքերին, քանի որ բարեգործական միջոցներով են, մեծ մասը նվիրատվությամբ է իրացվում, վաճառքը ինքնարժեքից 50 տոկոս ցածր գնով է կատարվում: Այդ գրքերից մի մասը տրվում է գրադարաններին եւ բոլոր նրանց, ովքեր դիմում են մեզ: Ամեն տարի բավական քանակությամբ գրականություն է առաքվում Արցախի գրադարաններին:

Անցյալ տարի գրքի տոն կազմակերպեցինք, նվիրատվություններ եղան: Մեծ հետաքրքրություն կար, շատ արագ սպառվեցին գրքերը. տեսարանը ե՛ւ հաճելի, ե՛ւ տխուր էր միաժամանակ, ինչ-որ տեղՙ ճնշող: Հաճելիՙ որ գրքի, ընթերցանության նկատմամբ սերը, պահանջարկը կա, բայց ցավալի, որ հնարավորությունը, միջոցը չկա գիրք ունենալու: Այս տարվա մեր հոբելյանական հանդիսությանը 100-ից ավելի գրքի նվիրատվություն է լինելու, հովանավորի համաձայնությունն արդեն ստացել ենք:

- Ձեր գործունեության հաջողությանը փաստորեն մեծապես նպաստում է ԵՊ համալսարանի եւ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությունը: Հուսանք, որ վերջինիս հայկական բաժանմունքի նոր տնօրենի պաշտոնավարության ընթացքում էլ կշարունակվի այս նույն համագործակցությունը:

- Զավեն Եկավյանի հետ երկար եւ արդյունավետ աշխատեցինք. նա գործի նվիրումի եւ մասնագիտական պատվի մարդ է, հրաշալի բանասեր, հայագետ, մտավորական: Որպես «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, պաշտոնապես հրավիրված է մասնակցելու Երեւանը գրքի համաշխարհային մարյաքաղաք հռչակման տոնակատարությունների բացմանը:

Նոր տնօրեն Աստղիկ Չամքերթենը պաշտոնավարությունը ստանձնեց այս տարվա հունվարից: Ազնվական ծագումով կին է, Պողոս Նուբար փաշայի ծոռնուհին է, մոր կողմիցՙ Վահան Թեքեյանին ազգական:

- Իսկապես որ, հարուստ մտավորական ժառանգությունՙ ի շահ հայանպաստ գործունեության:

Հարցազրույցըՙ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4