ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Երեւանի «Մուղնի» հրատարակչությունը 2011 թվականին պատշաճ մակարդակով տպագրել է «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» խորագիրը կրող արժեքավոր գիրքըՙ 632 էջ ծավալով: Հիշյալ աշխատությունը «Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության հայկական մատենաշարի» լավագույն օրինակներից մեկն է:
«Բանասիրութեան բաւիղներուն մէջ» օգտաշատ աշխատությունում զետեղված են վաստակաշատ բանասեր, հայ լրագրության ականավոր պատմաբան, հմուտ մատենագետ, մանկավարժ, խմբագիր ու հրատարակիչ, հանրային գործիչ Ժիրայր Դանիելյյանի մի շարք խորիմաստ ուսումնասիրությունները, հոդվածներն ու գրախոսությունները, որոնք հրապարակագրության ուսանելի նմուշներ են: Ժիրայր Դանիելյանն ապրում եւ ստեղծագործում է Բեյրութում: Չանդրադառնալով նրա անցած հայերենանվեր ու հայրենանվեր ճանապարհի մանրամասներին, որոնք դիպուկ ու անհրաժեշտ բնութագրումներով ներկայացված են գրքի խմբագիր, շնորհալի գրականագետ Երվանդ Տեր-Խաչատուրյանի «Որոնողը. Ժիրայր Դանիելյան» վերնագրով առաջաբանում, միաժամանակ նշեմ, որ Ժիրայր Դանիելյանը խմբագիրն է Բեյրութում հրատարակվող «Կամար» պարբերաթերթի, որն առարկայորեն, հրապարակվող բազմաբնույթ նյութերով (գրականագիտական, գրական-գեղարվեստական, լեզվաբանական, գրական-մշակութային, գեղանկարչական, գրախոսական եւ այլն) կամարում, ագուցում, կամրջում է հայ աշխարհը (Հայաստան, Արցախ, Սփյուռք): Այդ արտակարգ հայեցի, բարձրորակ եւ ուշագրավ պարբերականի քննությունը մի առանձին կարեւոր խնդիր է, որին կարելի է անդրադառնալ լուրջ ու հիմնավոր վերլուծական հոդվածով:
Ժիրայր Դանիելյանը բազմաթիվ գրքերի եւ ուսումնասիրությունների հեղինակ է: Օրինակ, նրա «Հայ մամուլի հաւաքածոյ» (Բեյրութ, 1974 թ., վերահրատարակված նաեւ 1981 թ.), «Ռամկավար Ազատական մամուլը» (Բեյրութ, 1982 թ.), «Նահանջ առանց երգի»-ն իբրեւ վկայութիւն» (Բեյրութ, 1983 թ.), «Հայ նոր պարբերական մամուլը. 1967-1981» (Բեյրութ, 1984 թ.), «Լիբանանահայ տպագրութիւնը պատերազմի տարիներուն. 1975-1984» (Բեյրութ, 1986 թ.), «Լիբանանահայ դպրոցը. թիւեր եւ մտորումներ» (Բեյրութ, 2002 թ.) եւ այլ աշխատություններ հայ բանասիրական, հրապարակագրային մտքի օրինակելի եւ ուսանելի նվաճումներից են: Հավելեմ նաեւ, որ բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներՙ բանասիրական, մատենագիտական բազմաբույթ խնդիրների լուսաբանմամբ, տպագրվել եւ շարունակում են տպագրվել «Հայկազեան հայագիտական հանդէս»-ի, «Շիրակ», «Զարթօնք», «Կամար» եւ այլ պարբերականների էջերում:
Եվ այս շարքի խորիմաստ ու բովանդակալից աշխատություններից մեկն էլ «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» խորագիրը կրող ծավալուն գիրքն է, որի էջերում ներկայացվում են «Հայկազեան հայագիտական հանդէս», «Շիրակ» եւ այլ պարբերականներում տարբեր տարիներին հրապարակված մի շարք ուսումնասիրություններ, հոդվածներՙ գիտական, բանասիրական, պատմագրական ճշգրիտ հենքերի, փաստարկների վրա: Եվ գրախոսվող աշխատության հրապարակումները աներկբայորեն ցուցանում են Ժիրայր Դանիելյանի գրական, հրապարակագրական բազմաբեղուն գործունեության պատկերի առանձին բաղադրիչները:
Գրախոսվող աշխատությունը բաղկացած է 27 ծավալուն նյութերից, որոնցում փաստարկված, գիտական տրամաբանությամբ, խորազնին քննարկվում ու վերլուծվում են տարաբնույթ խնդիրներ: Ժիրայր Դանիելյանը մի շարք հրապարակումներում անդրադառնում է հայ պարբերական մամուլի ու տպագրության հարցերինՙ միանգամայն նորովի մեկնաբանություններով: «Հայ պարբերական մամուլի հարցեր» (էջեր 21-86) վերնագրով հրապարակման մեջ Ժ. Դանիելյանը մանրամասնորեն անդրադառնում է հայ մամուլի անցած ճանապարհինՙ հեռավոր Մադրասում հիմնադրված «Ազդարար» պարբերականից սկսածՙ մինչեւ մեր օրերի մամուլը: Հայ մամուլի ծննդից մինչեւ այսօր անցել են երկու հարյուրամյակից ավելի տարիներ: Իրավացի է հեղինակը, երբ գրում է. «Այս ժամանակամիջոցին, հայ մամուլի ցանցը ընդարձակուած է: Ուր որ եղեր է հայը, իբրեւ հաւաքականութիւն, հոն եղեր է նաեւ հայ մամուլը: Եւ երբեք զարմանալի չէ այսօր նկատել, որ հայ մամուլի հետքերը մեզ կը հասցնեն մինչեւ ծայրագոյն Արեւելք, մինչեւ Մանչուրիա...» (էջ 21): Եվ անդրադառնալով Գ. Լեւոնյանի, Ա. Կարինյանի, Մ. Բաբլոյանի, Խ. Բարսեղյանի, Հովհ. Պետրոսյանի, Ա. Կիրակոսյանի եւ ուրիշներիՙ մամուլի մասին հրապարակումներին, ցույց տալով թերի կողմերըՙ Ժ. Դանիելյանը նշում է, որ «չենք ուզեր «առասպելական» համարել կարծիքը անոնց, որոնք մեր օրերուն կը համարձակին 4000-ի հասցնել ընդհանուր գումարը հայ պարբերաթերթերուն: Ու կը հավատանք, թէ տակաւին կան մութին մէջ մնացած, չյայտնաբերուած թերթեր, որոնց պիտի հասնի շարունակուող պրպտումներու լոյսը.......» (էջ 36): Եվ ահա երկար տարիների համառ պրպտումներից հետո Ժ. Դանիելյանը հայտնաբերում է մամուլի նորահայտ անուններ, որոնք ներկայացվում են գրախոսվող գրքում (տե՛ս էջեր 36-86): Նշվում են հիմքերը, տարեթվերը, անունները:
87-146 էջերում հեղինակն անդրադառնում է լիբանանահայ մամուլի պատմությանը: Քննարկելով տարբեր հեղինակների հրապարակումներ, աղբյուրագիտական տվյալներ, անդրադառնալով նաեւ լիբանանահայ գաղութի կազմավորման հարցերինՙ Ժ. Դանիելյանը փաստարկված բնութագրում է Հալեպի «Ֆրատ» («Եփրատ») թերթը, Բեյրութի Ամերիկյան համալսարանի մամուլը եւ առաջին անգամ ներկայացնում մատենագիտական ուսումնասիրությունների մեջ ցարդ չհիշատակված լիբանանահայ մի շարք թերթեր (էջեր 87-146): Միաժամանակ կատարում է անհրաժեշտ ճշտումներ, սրբագրական ուղղումներ եւ հավելումներ:
Ընդհանրապես ապշեցուցիչ են Ժ. Դանիելյանի պրպտումներն ու հայտնագործությունները, որոնողական մտքերը: Որքա՜ն աղբյուրներ է ուսումասիրում եւ նորովի հարստացնում հայ մամուլի պատմությունըՙ արժանիորեն դառնալով հատկապես այդ ոլորտի բացառիկ դեմքերից մեկը:
«Հասկ» ամսագիրին 50 տարին» (էջեր 147-180) հրապարակագրության մեջ Ժ. Դանիելյանը հանգամանորեն ներկայացնում է այդ ամսագրի անցած բեղուն ճանապարհը, նրա խմբագիրներին ու ակնառու հեղինակներին: Հիմնադիր խմբագրապետ Բաբգեն կաթողիկոսին ժամանակագրորեն հաջորդում են այն հոգեւոր եւ աշխարհական մտավորականները, որոնք հաջորդաբար վարում են «Հասկ» հանդեսի խմբագրապետի պարտականությունները: Լինելով Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնաթերթըՙ «Հասկ» հանդեսը շոշափել, քննարկել է ազգային, եկեղեցական, մշակութային, կրթական, բանասիրական, գրական բովանդակությամբ տարբեր խնդիրներ: Նրան աշխատակցել են այնպիսի երեւելի դեմքեր, ինչպիսիք են Արշակ Չոպանյանը, Արսեն Երկաթը, Մուշեղ Իշխանը, Վահե Օշականը, Զարեհ Մելքոնյանը եւ շատ ուրիշներ: Հանդեսին հատկապես մեծ նպաստ է բերել Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսըՙ ազգանվեր հոգեւոր գործիչն ու ականավոր գիտնականը, մեծ հայասերն ու հայագետը: 1948-ին լույս է տեսնում «Հասկ. հայագիտական տարեգիրք» հանդեսի առաջին հատորըՙ բաղկացած 234 մեծադիր էջերից: Որոշ ընդմիջումներով լույս է տեսնում նաեւ հետագա տարիներին: Բայց 23 տարիների ընդմիջումից հետո, 1980-ին հիշյալ հանդեսն սկսում է հրատարակվել Գարեգին Բ. աթոռակից կաթողիկոսի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ: Նրա կողքին իր ուղին է շարունակում «Հասկ» ամսագիրը, որին աշխատակցում են հայ գիտական-կրթական մտավորականության շատ ներկայացուցիչներ:
1994 թ. տպագրված եւ գրախոսվող աշխատության մեջ զետեղված «Նոր յայտնաբերումներ Հայաստանի առաջին տպարանի եւ առաջին հրատարակութիւններու մասին» հոդվածում Ժ. Դանիելյանը, հենվելով նորագույն տվյալների վրա, հաստատուն է դարձնում, որ հայրենի հողի վրա առաջին տպարանը հիմնադրվել է Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1771 թվականին. դա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանն էր, որ գործում է նաեւ ցայսօր: Սիմեոն Երեւանցու «Գիրք աղօթից որ կոչի Զբօսարան հոգեւոր» փոքրածավալ գիրքը 1772-ին հրատարակվում է հիշյալ տպարանում: «Երկրորդ գիրքը, նոյն տպարանէն լոյս տեսած 1775-ին (թէեւ կը կրէ 1774 թուականը), կրկին Սիմէոն Երեւանցու պատրաստած «Տօնացոյց»-ն է» (էջ 179): Այս երկուսի միջեւ ընկած ժամանակաշրջանում Սիմեոն կաթողիկոսը բարելավում է տպարանի հիմքերը, տպարանն ապահովում նոր ու գեղեցիկ տպատառերով եւ սարքավորումներով: Բնական է, հետագա կաթողիկոսների (հատկապես Խրիմյան Հայրիկի, Վազգեն Ա-ի եւ ուրիշների) օրոք տպարանն ավելի է կատարելագործվում:
«Ստեփան Ոսկանի «Արեւելք» հանդէսի առեղծուածը» (էջեր 259-280) ուսումնասիրության մեջ Ժ. Դանիելյանը ներկայացնում է 1850-1860-ական թվականների «խիզախ ու ըմբոստ» (հեղինակի բնութագրում է. Ռ.Դ.) մտավորական Ստեփան Ոսկանի դիմագիծը, նրա ստեղծած ու խմբագրած «Արեւելք» հանդեսի գործունեությունը, հանդեսին առնչվող տարակարծությունները, փակվելու հանգամանքները եւ այլն: Վերլուծելով ու քննարկելով տարբեր տեսակետներ, տարբեր աղբյուրներՙ Ժ. Դանիելյանը եզրահանգում է. «Ինչ որ ալ եղած ըլլան «Արեւելք»-ի հրատարակութեան կասեցումին դրդապատճառները, որքան որ ալ համոզիչ ու անառարկելի թուին ապացոյցները, ըստ որոնց «Արեւելք»-ի լոյս տեսած թիւերը 14 են, կայ շօշափելի ապացոյցը, կայ հրապարակուած օրինակը 15-րդ թիւին, որ իր լոյս ընծայումէն 138 տարի անց իրաւունք կը ստանայ իր գոյութիւնը հաստատելու եւ արդարօրէն մուտք գործելու հայ գրականութեան պատմութեան մէջ եւ տեղ գրավելու հայ պարբերական մամուլի նորագոյն մատենագիտական ցանկերուն վրայ» (էջեր 279-280): Ուրեմնՙ առեղծվածը լուծված է:
Հրապարակումներից հույժ ուշագրավ է «Երուխանը եւ հայ-թուրք յարաբերութիւններու մասին («Շաւիղ» կիսամսեայ հանդէսի էջերէն)» վերնագիրը կրող հրապարակագրությունը, որ ունի արդիական հուժկու հնչեղություն: Երվանդ Սրմաքեշխանյանը (գրական անունովՙ Երուխանը) խորապես համոզված էր, որ 1894-1896 թվականների համիդյան կոտորածները ծրագրված են եղել, որ «այս ծրագիրը Սուլթանին սեղանին վրայ երկար ատենէ ի վեր կը կենար, երբ տակաւին հայ յեղափոխականը իր ռումբին նիւթերը պատրաստելու իսկ հետամուտ չէր»: Սա Երուխանի եզրահանգումն է: Նշեմ նաեւ, որ Երուխանի քաղաքական մտածողությունը Թուրքիայի եւ թրքական իշխանությունների, ինչպես եւ օտար, եվրոպական դիվանագիտության մասին ճշգրիտ ու խորաթափանց էին: Այդ բանում խորապես համոզված է նաեւ Ժ. Դանիելյանը: Երուխանը այն հստակ տեսակետին էր, որ «իշխող թուրք տարրը, այսինքնՙ սուլթանին կառավարութիւնը եւ երիտասարդ-թուրքը միայն հոմանիշ կրնան ըլլալ, թէեւ իրենց արտաքինով տարբերին իրարմէ» (էջ 319): Եվ 1908 թ. տապալվեց արյունարբու Սուլթան Համիդի իշխանությունը: Նոր իշխանության գլուխ անցան երիտթուրքերը, որոնց խաբուսիկ, երեւութական հաջողություններից գինովցան հայ գործիչներից շատերը: Ցավոք, հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի այդ ծանր օրերի վճռորոշ ուղղությունը ճշտող ղեկավարներ չունեցանք, եւ չլսեցին Անդրանիկի, Ռուբեն Սեւակի, Երուխանի հորդորներն ու ճշմարիտ դատումները, չունեցան վերջիններիս հոտառությունը, արթնամտությունն ու հստակատեսությունը, չտեսան վաղվա «լարուած ծուղակը», եղբայրացան երիտթուրքերի հետ: Եվ «իջաւ լախտի առաջին հարուածը Կիլիկիոյ հայութեան գլուխինՙ 1909 թուականին: Եկաւ եւ երկրորդ ու ահարկու հարուածը 1915 թուականին, որ աւլեց ու տարաւ ամբողջ արեւմտահայութիւնը իր հայրենի հողերէն»,- էջ 321-ում գրում է Ժիրայր Դանիելյանը: Հիշյալ տարողունակ հրապարակագրության մեջ վեր է հառնում ազգասեր ու ազգանվեր Երուխանի առինքնող կերպարըՙ ճառագայթող լուսապսակով...
Չափազանց ուսանելի ու հետաքրքրական է «Հայ մամուլը «Հ.Ս. հանրագիտարան»-ին մէջ» քննական ակնարկը (տե՛ս էջեր 351-400): «Հայկական սովետական հանրագիտարան» տարբեր հատորներում կան հարյուրավոր հանրագիտարանային հոդվածներ, որոնք ներկայացնում են հայկական թերթերն ու ամսագրերըՙ համապատասխան բնութագրումներով: Խորապես ուսումնասիրելով հայկական թերթերի ու ամսագրերի բազում հավաքածուներ, մամուլի վերաբերյալ գրված բազմաթիվ աշխատություններ եւ աղբյուրագիտական այլ տվյալներՙ Ժ. Դանիելյանը հիշյալ ուսումնասիրության մեջ հանգամանորեն անդրադառնում է «Հայկական սովետական հանրագիտարան»-իՙ հիշյալ բնույթի հոդվածներում տեղ գտած սխալներին, թերություններին, շեղումներին, որոնք նա շտկում, ուղղում է, կատարում հավելումներՙ գիտական հիմնավորումներով, նորահայտ փաստարկումներով:
Բացահայտելով լեզվական եւ այլ կարգի բազմաթիվ մեղանչումներՙ Ժ. Դանիելյանը անհրաժեշտ սրբագրումներ, ճշտումներ, հավելումներ է անում նաեւ «Ընկ. Բ. Փանջունիի հայրենի հրատարակութեան առիթով» (էջեր 426-439), «Անաղարտ պահել Վազգեն Շուշանեանի գրական վաստակը» (էջեր 449-454), «Խաչեցեալն Օննիկ Սարգիսեան» («Երկեր» հատորին (Երեւան, 2000) առիթով» (էջեր 558-575), «Միտումնաւոր խեղաթիւրո՞ւմ, թէ՞ այպանելի տգիտութիւն» (Ռուբինա Փիրումյանի «Հայ դատ» խորագրեալ դասագիրքը») (էջեր 576-588), «Ռուբեն Զարդարեանի մատենագիտութիւնը» (էջեր 589-629) վերնագրերը կրող հրապարակումներում:
Տեղի սղության պատճառով թռուցիկ անդրադարձա հիշյալ հրապարակումներին. դրանք ուղղակի պիտի ուշադիր ընթերցել եւ ամբողջության մեջ դիտարկել Ժ. Դանիելյանի կատարած սրբագրումները, ճշտումներն ու հավելումները, որոնք պարզորոշ վկայում են հմուտ բանասերի, մատենագետի, խմբագրի ու հրատարակչի բարձր կարողություններն ու գիտական-տրամաբանական խորազնին քննարկումներն ու վերլուծությունները:
Ընթերցողը գրքի մի շարք հրապարակումներում կարող է նոր տեղեկություններ ստանալ եւ տեսնել ականավոր լրագրող ու վիպագիր Հովսեփ Վարդանյանի, լրագրող, արձակագիր, թարգմանիչ, տնտեսագետ Տիրան Քելեկյանի, նշանավոր գրող Վրթանես Փափազյանի, հայտնի հրապարակագիր ու գրող, գրաքննադատ Հակոբ Օշականի, 1870-ական թվականների հայ ազատագրական պայքարի փառաբանյալ հերոս Սամսոն Տեր-Պետրոսյանի կամ քաջածանոթ Խենթի (Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոսի նախատիպը), նշանավոր գրող, թարգմանիչ Վազգեն Շուշանյանի, հայ դպրության բարեսիրտ ու համեստ նվիրյալ Հովհաննես Ավագյանի, երգիծագիր Հովհաննես Աղպաշյանի, բանասեր ու գրահրատարակիչ Սիմոն Սիմոնյանի, խմբագիր ու հրապարակագիր Սեզայի, մինչեւ 1981 թ. հունվարը, 33 տարի «Զարթօնք» օրաթերթի խմբագրապետ Գերսամ Ահարոնյանիՙ «Մեծ երազ»-ի պատմաբանի, հրապարակագրի, հանրային գործչի, կրթական ոլորտի մշակի ու պատմագրի, «Հայ գիրին ու ցավին անխոնջ շեփորահարի» (Ժ. Դանիելյանի բնութագրումն է.- Ռ.Դ.), անզուգական Արշակ Չոպանյանի, հանրային երեւելի գործիչ, բանաստեղծ, խմբագիր Վահան Թեքեյանի, կրթական, մշակութային, գրական, ազգային-հասարակական ճանաչված գործիչ խմբագիր Օննիկ Սարգիսյանի, Մեծ եղեռնի նահատակ, բանաստեղծ, արձակագիր Ռուբեն Զարդարյանի եւ այլ անվանի անհատականությունների դիմանկարներըՙ կերտված գրական-գեղարվեստական, հրապարակագրային բարձրարվեստ չափանիշներով ու բնութագրումներով, նորովի փաստարկումներով: Պարզապես պիտի կարդալ հիշյալ դեմքերի մասին գրությունները, սքանչանալ եւ տոգորվել ազգային ինքնության, ինքնագիտակցության ու ազգային հպարտության (ո՛չ սնապարծության) խոր ու վսեմ զգացումներով: Արդարեւ, հիշյալ դեմքերի մասին Ժ. Դանիելյանի հրապարակումները հարստացնում են հայ մամուլի պատմության եւ գրականագիտության գանձարանըՙ նոր խոսքով ու նորովի մեկնաբանություններով:
Ավարտելով խոսքսՙ ավելացնեմ եւ շեշտեմ, որ «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» ազատ ու համարձակ լողում է գրախոսվող գրքի բազմաշնորհ հեղինակը. նա ճշմարիտ ելքեր է գտնում եւ կարողանում «բաւիղներուն մէջ» ըստ արժանվույն գնահատել ու ճշտորոշ ներկայացնել բազմաբնույթ դեպքերն ու երեւույթները, դրանք նորացված ու ճշգրտված դուրս բերել լուսավոր ափեր, նոր գույներով ու երանգներով պատկերել մի շարք հայ ազգանվեր գործիչների դիմապատկերները:
«Բանասիրութեան բաւիղներուն մէջ» խորախորհուրդ աշխատությունը նորովի հարստացնում ու զարգացնում է հայ գրականագիտության, պարբերական մամուլի պատմության ու մատենագիտության ոլորտները, դառնում դրանց դաշտի բացառիկ երեւույթներից մեկը, որից ուսանելի դասեր կարող են յուրացնել ե՛ւ մասնագետ բանասերները, ե՛ւ հայ մամուլի աշխատակիցները, ե՛ւ բուհերի բանասիրության, լրագրության, պատմության բաժինների ուսանողները, կրթական-գիտական, հայ առաքելական եկեղեցական համակարգերի գիտնականները, դասախոսներն ու ուսուցիչները, հոգեւոր դասի գործիչները եւ ընթերցողների այլեւայլ շրջանակները: