ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2012-03-17 | #6, 2012-03-31 | #7, 2012-04-14


ԴՐԱԽՏ ՎԵՐԱԴԱՐՁՅԱԼ

ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգաշարի բացմանը անվանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդան Մամիկոնյանը հանդես եկավ Մորիս Ռավելի հորինածՙ Ձախ ձեռքի կոնցերտով: Նվագակցում էր Երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբըՙ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մինչեւ 2015 թ. կայանալիք 100 համերգների շարքը սկսվեց Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահից: Ինչո՞ւ հենց Ռավելի Կոնցերտից: Հայտնի է, որ այս կոնցերտը Ռավելին պատվիրել էր դաշնակահար Պաուլ Վիտգենշտայնը, որ 1-ին աշխարհամարտում զրկվել էր աջ ձեռքից: Ի դեպ, Պաուլը հայտնի փիլիսոփա, «Տրամաբանական-փիլիսոփայական տրակտատի» հեղինակ Լյուդվիգ Վիտգենշտայնի եղբայրն է: Պահպանվել է Վիտգենշտայնի հուզիչ ձայնագրությունը «Կոնցերտգեբաու» նվագախմբի հետՙ Բրունո Վալտերի գլխավորությամբ: Այսպիսով, թնդանոթները ի զորու չեղան լռեցնելու «մուսաների» ձայնը... «Վերքին երգով պատասխանելու» այս խորհրդանիշը Վարդան Մամիկոնյանի երեւակայության ոլորտում մի նոր «բողբոջ» է տվել. դաշնակահարի ձախ ձեռքը խորհրդանշում է Մայր Հայաստանը, իսկ աջըՙ Արեւմտյան Հայաստանը, որը նույն 1-ին աշխարհամարտում զավթեցին թուրք-եղեռնագործները...

Մարդու աջ եւ ձախ ձեռքերի արժանիքների մասին գրել է դեռ Սաադին: Եվ հիմնվելով Սաադիի պոեզիայի վրաՙ մեծ Վոլֆգանգ Գյոթեն յուրովի էր իմաստավորում ձեռքերի խորհուրդը: Համաձայն ավանդույթի, պարսից առասպելական թագավոր Ջամշիդը առաջինն էր, որ մատանիներով զարդարեց իր ձախ ձեռքը: Իսկ թե ինչո՞ւ միայն ձախը: Այս հարցին Ջամշիդը պատասխանել էր, թե աջն արդեն իսկ բավական գեղեցիկ է հենց այն բանով, որ աջ է: Ըստ գրականագետ Լեպերի, ձախ ձեռք ասելով, Գյոթեն նկատի ուներ «արեւելյան գրականությունը», իսկ աջըՙ «արեւմտյան», որն անարդարացիորեն մոռացության է մատնել արեւելյանը: (Л.М. Кессель, Гете и "Западно-восточный диван", М., "Наука", 1973, стр. 30):

Ի տարբերություն Ջամշիդի, դաշնամուրի արքա Ալեքսանդր Սկրյաբինը, հորինելով ձախ ձեռքի համար հայտնի Պրելյուդը եւ Նոկտյուրնը, ոսկեղենիկ եւ մարգարտափայլ հնչյուններով զարդարել է ոչ միայն իր, այլ աշխարհի բոլոր արժանի դաշնակահարների ձախ ձեռքը: 1894 թ. ստեղծած այս երկերում զգացվում է հանճարեղ կոմպոզիտորի հնարամտությունըՙ տոնայնության ճշգրիտ ընտրությունը, որտեղ դաշնամուրի սեւ եւ սպիտակ ստեղների համակցումըՙ պաուզաների եւ ոտնակի հետ մեկտեղ, հնարավոր են դարձնում լիահունչ ակորդների, ստեղնաշարով մեկ սփռվող արպեջջոների մեղեդիական գծերի այնպիսի մի օրգանական կերտվածք, որ ոչ մի արհեստականության մասին խոսք չի կարող լինել: «Այս գործերը Սկրյաբինը բազմիցս նվագել է համերգներին... Թեպետ աջ ձեռքը զգալիորեն ապաքինվում էր,- գրում է Իգոր Բելզան,- այդուհանդերձ երբեմն հիվանդությունը զգացնել էր տալիս: Ձախ ձեռքի համար գրված երկու պիեսերը աչքի են ընկնում ոչ միայն գեղեցկությամբ, այլեւ հագեցած հնչողությամբ, ինչը հրճվանք էր պատճառում ունկնդիրներին, ովքեր երբեմն մոռանում էին, որ աջ ձեռքը չի մասնակցում կատարմանը» (Игорь Бэлза, А.Н. Скрябин, М., "Музыка", 1983, стр. 31):

Այլ էր Յոհաննես Բրամսի մտահղացումը, երբ ձախ ձեռքի համար փոխադրեց Սեբաստիան Բախի ջութակի Չակոնան (հրատարակվել է 1879 թ.): Այս առիթով, Բրամսը Կլարա Շումանին գրել է. «Միայն մի եղանակով է, որ թեպետեւ շատ քիչ, սակայն նույնանման եւ իսկական բավականություն եմ ստանում, երբ Չակոնան նվագում եմ միայն ձախ ձեռքով: Նույն բարդությունը, տեխնիկայի տեսակը, արպեջջոներըՙ այս ամենը միավորվում են, որպեսզի ես ինձ ջութակահար զգամ» (Е.М. Царева, Иоганнес Брамс, М., "Музыка", 1986, стр. 215): Հայտնի են գործեր, որոնք նպատակ ունեն զարգացնել ձախ ձեռքի տեխնիկան, հավասարեցնել աջ ձեռքի կարողությանը: Այդպիսիք են Կարլ Չեռնիի, Ֆելիքս Բլումենֆելդի էտյուդները, Լեոպոլդ Գոդովսկու փոխադրածՙ Շոպենի էտյուդները, Մաքս Ռեգերի պիեսները եւ այլն: Սակայն այս գործերում տեխնիկան ինքնանպատակ չէ, այլ ի վերջո ծառայում է գեղարվեստին: Սրա վառ օրինակն ու վաղագույն նմուշը երգեհոնի ոտնակի համար գրվածՙ Սեբաստիան Բախի վարժությունն է:

Ձախ ձեռքի համար գրված գործերից թերեւս ամենամեծակերտը Ռավելի հիշյալ կոնցերտն է: Այն գրավում է ոչ միայն տեխնիկական, ձեւակառուցողական հնարամտությամբ, գործիքավորման հրավառությամբ, այլեւ խորախոր բովանդակությամբ եւ ընդհանրացման մեծ ուժով: Հայտնի է այս կոնցերտիՙ դաշնակահարուհի Մարգերիտ Լոնգի վերլուծականը: Քանի որ Լոնգը եւ Ռավելը կապված էին ստեղծագործական բարեկամությամբ, ուստի դաշնակահարուհու դիտարկումներն արժանահավատ են,- կարելի է ասել «ստուգված» են հեղինակի կողմից: Ըստ Լոնգի, այս Կոնցերտում Ռավելը նմանվում է Գոյայինՙ իր ֆանտասմագորիաներով հանդերձ: Հիրավի, Կոնցերտը բացող կոնտրաբասերի ելեւէջները եւ ընդերքից բխող կոնտրաֆագոտի խավարչտին թեմանՙ սանդարամետից գալարվող ու վեր խոյացող հրեշի կերպար է ստեղծում եւ ավելի սահմռկեցուցիչ է, քան նույն կոնտրաֆագոտը Բրամսի 1-ին սիմֆոնիայում: Առաջին երկու թեմաների լարված պայքարը նախանվագի գագաթնակետում կտրուկ ընդհատվում է, եւ ցնցող պաուզան, ըստ Լոնգի, ազդարարում է հաղթող հերոսի հայտնությունըՙ դաշնամուրի մուտքը: Եվ հզոր ակորդներն ու մեծաթռիչ արպեջջոները սփռվում են դաշնամուրի ստեղնաշարով մեկՙ նվագախմբից «զավթելով» հնչյունային լայնարձակ տարածքներ: 3-րդ թեմայում Լոնգը լսում է մի ռեքվիեմի հեռավոր արձագանքներ, աղոթք: Քնարական ոլորտին այստեղ հակադրվում է ողբերգականը, եւ այդ բեւեռացումը շիկացնում է մթնոլորտը: Մերթ ընդ մերթ մոլեգնում է «մահվան պարը» եւ իր ամեհի, պողպատյա ռիթմերով ոտնատակ է տալիս «ռազմի դաշտի» նրբագեղ ծաղիկները: Ըստ Լոնգի, նման Կոնցերտ կարող էր կերտել նա, ով տեսել է մահվան մղձավանջը: Այս կոնցերտում էլ Ռավելը «դրոշմել» է իր ճակատագիրը: Նման ստեղծագործություններում տեսիլվում է «հանդերձյալը» (Исполнительское искусство зарубежных стран, выпуск 9, М., 1981, стр. 97): Անշուշտ, այս կոնցերտում արտացոլված է ոչ միայն հեղինակի ճակատագիրը: Համաշխարհային պատերազմի խառնարանում, հնոցում բախվել, միաձուլվել են համայն մարդկության ճակատագրերը, հենց այս դժոխքում էր, որ հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան մեկ միլիոն զավակներ եւ իր «երկիր-դրախտավայրի» մեծ մասը: Եվ պատահական չէ, որ հիշյալ համերգաշարի բացմանը դաշնակահար Վարդան Մամիկոնյանը ընտրել էր հենց այս Կոնցերտը:

Հուսով ենք, որ այդ նվիրական համերգաշարը կպսակվի Արամ Խաչատրյանի հաղթական Կոնցերտով կամ Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադով», որտեղ աջ եւ ձախ ձեռքերի համագործակցությունը կխորհրդանշի միավորված Հայաստանը, կարձագանքվի երկնքում, եւ մենք կվերագտնենք մեր կորսված դրախտը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4