ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2012-03-31 | #7, 2012-04-14 | #8, 2012-04-28


ԵՐԵՔ ՀՍԿԱՆԵՐԸ

Համբարձումյան: Մարգարյան: Գուրզադյան:

Հարցազրույց Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակից, աստղաֆիզիկոս Համլետ Աբրահամյանի հետ

- Համբարձումյանի, Մարգարյանի եւ Գուրզադյանի մասին շատ ենք լսել: Ի՞նչ կասեք այդ գիտնականների մասին, պարոն Աբրահամյան:

- Ո՛չ Մարգարյանը, ո՛չ Գուրզադյանը, եւ առավել եւս ո՛չ էլ Համբարձումյանը, ամենեւին պարզ կերպարներ չեն, որպեսզի նրանց մասին ասվի կամ շատ վատը, կամ շատ լավը: Նրանք բարդ կերպարներ են, եւ նրանց բնութագիրն էլ համապատասխանաբար բարդ է ու բազմաշերտ:

Համբարձումյանը, Մարգարյանը եւ Գուրզադյանը սովետական հսկա երկրի այն երեք խոշոր աստղաֆիզիկոսներն են եղել, ովքեր այդ երկրի վարկը բարձր են պահել համաշխարհային աստղագիտական մտքի ասպարեզում շուրջ հիսուն երկար ու ձիգ տարիներ: Նրանց բոլորի ավանդը հսկայական է համաշխարհային գիտական մտքի գանձարանում, նրանք իրոք այն անձերն են, որոնցով կարող է պարծենալ գիտության ասպարեզում ամենամեծ հաջողության հասած որեւէ երկիր:

- Իսկ ի՞նչ եք կարծում, մեր մեծերն ունեցել են բարդույթներ իրենց գործունեության ընթացքում...

- Սկսեմ նրանից, որ մարդու անձն ու նրա գործը վերլուծելիս պարտադիր պայման է դրանք քննարկել այն ժամանակի ու երկրի այն իրավիճակի հենքի վրա, որում ապրել ու արարել է տվյալ անձը: Սովետների երկիրը նախապատերազմական շրջանում, ինչու չէ, նաեւ պատերազմից հետո լուրջ հասարակական քաղաքական վայրիվերումներ է ունեցել եւ դա չէր կարող չանդրադառնալ նրա քաղաքացիների ճակատագրի վրա: Համբարձումյանը Հայաստանում գործել է, երբ Սովետական Միությունը որպես երկրի հզորության գրավական` խորությամբ ըմբռնել էր գիտության դերը: Այն հեռավոր տարիներին գիտական նոր հիմնարկները Սովետական Միությունում ծլում էին` ինչպես սնկերը անձրեւից հետո: Կուսակցությունը եւ կառավարությունը երիտասարդությանը կոչ էին անում համարձակորեն մտնել գիտական ասպարեզ: Այսինքն դա մի շրջան էր, երբ երկիրը ամեն ինչ անում էր գիտության համար: Գիտության վերելքի տարիներն էին, եւ առ այսօր, եթե ռուսական գիտական միտքը դեռեւս հաջողություններ է ունենում, ապա դրանք հենց այդ տարիների բարերար արձագանքներն են, որոնք դեռեւս լիովին չեն մարել: Այդ տարիներին էլ հենց սկսվեց գիտական մտքի բուռն զարգացումը Հայաստանում: Արդեն հայտնի ու անուն հանած գիտնականների կողքին հայտնվեցին խելոք ու շնորհաշատ բազմաթիվ երիտասարդներ: Այդ տարիներին էր, որ Բյուրականի աստղադիտարանը սկսեց իր ակտիվ գործունեության շրջանը: Վ. Համբարձումյանի հետ համատեղ սկսեցին աստղադիտարանում աշխատել նրա հայաստանյան աշխատանքային շրջանի առաջին աշակերտ-կոլեգաները որոնցից երկուսը` Գուրզադյանը եւ Մարգարյանը հետագայում արժանացան միջազգային լայն ճանաչման: Մարգարյանը` իր անունով կոչվող «Մարգարյանի գալակտիկաների» դիտողական աշխատանքների ակնառու արդյունքներով մտավ գիտության պատմության մեջ, իսկ Գուրզադյանը` իր տեսական աշխատանքներովՙ նվիրված մոլորակաձեւ միգամածությունների ճառագայթման տեսության հարցերին եւ հատկապես ժամանակվա առավել կատարյալ տիեզերական աստղադիտարանների ստեղծմամբ: Համբարձումյանի հետ համատեղ Մարգարյանը եւ Գուրզադյանը այն երեք հսկաներն էին, ովքեր համասովետական եւ միջազգային ճանաչում բերեցին Բյուրականի աստղադիտարանինՙ որպես այդ ժամանակների համաշխարհային մասշտաբի գիտական կենտրոնի: Մնացած բոլոր բյուրականյան գիտաշխատողներս այս երեք մեծ մարդկանց աշակերտները կամ էլ նրանց աշակերտների աշակերտներն ենք եղել: Հիմա արդեն սկսվել է աստղագետների հինգերորդ սերունդըՙ այն հին ու բարի ժամանակներից հաշված: Հիսունականների կեսերին էր, որ Համբարձումյանը եւ Մարգարյանը համատեղ հայտնաբերեցին նոր, մինչ այդ անհայտ աստղային խմբավորումներ, որոնց նրանք անվանեցին աստղասփյուռներ:

- Իսկ այդ երեք մեծերի մեջ տարաձայնություններ եղե՞լ են:

- Տարբեր տեսակի տարաձայնություններ այո, կային: Այդպիսի տարաձայնություններ եղել են Համբարձումյանի եւ Մարգարյանի, Համբարձումյանի եւ Գուրզադյանի միջեւ: Բնական է, որ այդ տարաձայնությունները բարենպաստ չէին անդրադառնում գիտական աշխատանքների վրա: Օրինակ, տարաձայնությունների պատճառով Գուրզադյանի ղեկավարած ստորաբաժանումը դուրս եկավ աստղադիտարանի կազմից եւ այդ տարիներին էլ հենց հիմնադրվեց Գառնիի տիեզերական հետազոտությունների կենտրոնը: Սակայն Համբարձումյանի անմիջական կարգադրությամբ հիմնականում սկսեցին ֆինանսավորվել ոչ թե Գուրզադյանի գիտափորձերը, այլ մեկ ուրիշի, մի աննշան հետազոտողի գիտափորձերը, որոնք բացարձակապես ոչ մի արդյունքի էլ չհասան: Այս դեպքերը արդեն ութսունականների սկզբում էին, երբ սովետական երկիրը սկսեց ինտենսիվորեն կորցնել բոլոր առաջատար դիրքերը միջազգային ասպարեզում ...

Մինչ այժմ ես ընդհանուր գծերով տվեցի գիտական միջավայրի բնութագիրը, որպեսզի դուք պատկերացնեք այն հենքը, որում աշխատել ու գործել են գիտության այս երեք հսկաները:

- Ինչպե՞ս կբնութագրեիք այդ երեք հսկաների գիտական ներդրումը :

- Եթե այսօր խոսում են Բյուրականի աստղադիտարանի մասին, բյուրականյան գիտական դպրոցի մասին, Բյուրականի աստղադիտարանի գիտական ավանդի մասին, ապա այդ ամենը պայմանավորված է եղել այս երեք հսկաներով: Դե, Համբարձումյանի մասին ես շատ չեմ խոսի. նա աշխարհի լավագույն աստղաֆիզիկոսների առաջին տասնյակում է տեղ գրավում, եւ համաշխարհային մասշտաբով վերցրած հետպատերազմյան շրջանի աստղաֆիզիկական միտքը հիմնականում զարգացել է նրա անմիջական գիտական ղեկավարությամբ: Մարգարյանը եւ Գուրզադյանը իրենց հավասարը չեն ունեցել Սովետական Միության մասշտաբով: Նրանցից ամեն մեկը կարող էր զարդարել եվրոպական յուրաքանչյուր երկրի գիտական միտքը, եթե ապրեր ու ստեղծագործեր այդ երկրներից որեւէ մեկում: Համբարձումյանը տեսաբան էր, եւ այդ իսկ պատճառով նրա աշխատանքների որակը չէր սահմանափակվում սովետական երկրի տեխնիկական ցածր մակարդակով, իսկ Մարգարյանը եւ Գուրզադյանը փորձարարներ են եղել, դիտող աստղագետներ, եւ նրանց աշխատանքի որակը խիստ կախված էր տեխնիկայի ընդհանուր մակարդակից: Օրինակ, Մարգարյանն իր անունով կոչվող գալակտիկաները հայտնաբերել է Բյուրականի աստղադիտարանի մեկ մետրանոց Շմիդտի սիստեմի աստղադիտակի օգնությամբ:

- Աստղադիտակն այն ժամանակների համար լուրջ ձեռքբերում է եղել: Կպատմե՞ք նրաՙ Բյուրական «գալու» պատմությունը:

- Այդ աստղադիտակը ունի շատ հետաքրքրական պատմություն: Շմիդտի դիտակը, բացառությամբ որոշ մասերի, պատրաստվել է Լենինգրադի նշանավոր խԿԾԿ-ում, իսկ բացումը կատարել է անձամբ Նիկիտա Խրուշչովը: Աստղադիտակի վրա դիտումները կատարվել են լուսանկարչական մեթոդով, իսկ լուսանկարչական թիթեղները բերվել են ԱՄՆ-ից (KODAK ֆիրմայի): Փաստորեն Մարգարյանի հետազոտությունները կատարվել են ամբողջովին արտասահմանյան գիտական սարքերի միջոցով, ինչի հնարավորությունը չուներ Գուրզադյանը: Գուրզադյանի տեխնիկան պետք է (սա կարեւոր էր հիշել) միայն սովետական լիներ, քանի որ նույնիսկ մինչեւ այսօր տիեզերական գիտափորձերի մեծամասնությունը գաղտնագրված է, եւ այդ հետազոտությունները կատարվում են բացառապես միայն տվյալ երկրի տեխնիկական միջոցներով:

- Իսկ համագործակցություն արտասահմանի հետ ընդհանրապես չկա՞ր:

- Իհարկե, Մարգարյանի հետազոտությունները կարող էին ավելի խորը եւ համակողմանի լինել, եթե նրան ուղարկեին արտասահմանյան գործուղումների, ասենք, օրինակ, ամերիկյան աստղադիտարաններ: Սակայն ինչ-ինչ պատճառներով դա չի կատարվել, նա երկրի սահմաններից դուրս գնալ չի կարողացել: Սահմանափակումներ են եղել նաեւ Գուրզադյանի արտասահմանյան գործուղումների վրա: Սրանք բաներ են, որոնք անմիջականորեն են ազդում գիտնականների աշխատանքների որակի վրա: Ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե Մարգարյանը եւ Գուրզադյանը աշխատեին արտասահմանյան որեւէ առաջատար գիտական կենտրոնում, նրանք երկուսն էլ կունենային բազմապատիկ անգամ ավելի գիտական ներդրում, քան ունեցել են: Սա է ահա այն կարեւոր պահը, որն ազդել է մեր տաղանդավոր գիտնականների աշխատանքների արդյունքների վրա:

- Համբարձումյանին քննադատում են, որ ...

- Համբարձումյանին հաճախ են քննադատում, որ նա իբր թե բարյացկամ չի եղել քիչ թե շատ տաղանդավոր գիտնականների հանդեպ: Բոլորս էլ մարդ ենք եւ ունենք մարդկանց նկատմամբ մարդկային վերաբերմունքի մի այսպես ասած միջինացված ու որոշակի լայնության սպեկտր, որը ձեւավորվում էՙ ելնելով տվյալ շրջանում տվյալ երկրում տիրող ընդհանուր գաղափարախոսությունից, միջանձային հարաբերությունների զարգացման մակարդակից, ինչպես նաեւ տվյալ անհատի մարդկային հատկանիշներից: Մարդ-միջավայր զուգորդությունը ենթադրում է հարմոնիաՙ ներդաշնակություն: Որպեսզի մարդը գոյատեւի տվյալ միջավայրում, նա անպայման պետք է այս կամ այն կերպ հարմարվի այդ միջավայրին եւ կամ միջավայրը հարմարեցնի իրեն: Հակառակ դեպքում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում, որի լուծումը կախված կլինի, թե ով ում կկարողանա ձեւափոխել եւ հարմարեցնել իրենՙ մա՞րդը միջավայրին, թե՞ միջավայրը մարդուն: Սովետական երկրում տիրող ընդհանուր վիճակը եւ նրանում ապրող մարդկանց վերաբերմունքը այդ վիճակին հայտնի է, ու ես դրա վրա կանգ կառնեմՙ միայն գիտնական-տիրող կարգեր տեսանկյունից:

Գիտնականների նկատմամբ կառավարող վերնախավի վերաբերմունքը Սովետական Միությունում կարելի է պայմանականորեն բաժանել երկու շրջանիՙ մինչպատերազմյան շրջան եւ հետպատերազմյան շրջան: Հեղափոխությունից անմիջապես հետո, մինչեւ Հայրենական պատերազմի սկսվելը Սովետական Միությունում պարբերաբար ոչնչացվել է մտավորականությունը այն հաշվով, որ հասկացող ու դատող մարդկանց տոկոսային պարունակությունը չգերզանցի տիրող կարգերի համար վտանգավոր ինչ-որ մի որոշակի սահմանը: Հավաքել եւ ուղղակի ոչնչացրել են մարդկանց կամ ուղարկել են Սիբիրի համակենտրոնացման ճամբարներում տաժանակիր աշխատաքի: Այդ մտավորականների շարքում մեծ տոկոս են կազմել գիտնականները: Օրինակի համար, հայտնի ֆիզիկոս Սերգեյ Վավիլովի եղբայրը եղել է նշանավոր գենետիկ: Վերջինիս ձրբակալել ու ոչնչացրել ենՙ որպես հայրենիքի դավաճանի, իսկ մյուս եղբորը նշանակել են ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ: Սա մի ակնառու օրինակ է, թե ինչ մեթոդներով են խեղճացրել հայտնի գիտնականներին: Վավիլովի կյանքը միշտ մազից կախված է եղել, որովհետեւ որեւէ պահի կարող էին նրան մեղադրել եղբոր օրինակով: Սովետական տիեզերագնացության եւ հրթիռային զենքի ստեղծողներից ամենանշանավորը` Կորոլյովը աշխատանքային գործունեությունը համակետնրոնացման ճամբարներում է սկսել, նույնըՙ նաեւ ատոմական հետազոտությունների որոշ ներկայացուցիչներ: Գենետիկան ու կիբեռնետիկան համարվել են բուրժուական գիտություններ, դիալեկտիկական մատերիալիզմին հակասող եւ երկար տարիներ արգելվել են Սովետական Միությունում: Այսպիսի անմարդկային պայմաններում են աշխատել մեր գիտնականների ավագ սերնդի շատ ներկայացուցիչներ:

- ... բայց Համբարձումյանը, Մարգարյանը, Գուրզադյանը ...

- 1937 թվականին Լենինգրադի պետական համալսարանում գումարում են կոմերիտական ժողով, որտեղ դրված է լինում համալսարանի երիտասարդ աշխատակից Վիկտոր Համբարձումյանին կոմերիտմիությունից հեռացնելու հարցը: Արդեն բոլորը ելույթ են ունեցել եւ դատապարտել են Վիկտոր Համաբարձումյանինՙ իր «հակապետական, հակապարտիական, իդեալիստական» մտքերի ու գործերի համար, եւ մոտենում էր քվեարկության պահը: Հիմնական բանախոսներից մեկը եղել է հետագայում բավականին հայտնի աստղագետ Ցեսեւիչը: Հայտնի բան է, որ կոմերիտմիությունից նման մեղադրանքներով հեռացված անձին հաջորդ օրը ձերբակալում ու Սիբիր էին ուղարկում: Ահա այս առթիվ ինչ է գրել Վ. Համբարձումյանը իր հուշերում. «Կյանքիս ամենադժվար տարին 1937 թվականի երկրորդ եւ 1938 թվականի առաջին կեսերն էին: Ամեն տեղ վնասարարություն էին փնտրում: Այդ ժամանակ մի ամբողջ ոհմակի հարձակում կազմակերպվեց իմ դեմ: Այդ ոհմակը գլխավորում էր աստղագետ Ցեսեւիչը: Լենինգրադի համալսարանի տպագիր լրագիրը համարյա մի ամբողջ համար նվիրեց իմ «վնասարարությունը» մերկացնելու գործին: Լենինգրադի համալսարանում կազմակերպվեցին երկու-երեք ժողովներ, որոնք նվիրված էին ինձ ներկայացված մեղադրանքների քննարկմանը»:

Եվ զարմանալիորեն հենց այդ քվեարկությունից րոպեներ առաջ «Պրավդա» թերթը թափահարելով դահլիճ է մտնում մի աշխատակից եւ հայտարարում, որ շատ կարեւոր բան ունի ասելու ժողովի օրակարգի վերաբերյալ: Նորից մեջբերեմ Վ. Համբարձումյանի հիշողություններից մի հատված. «Բայց պատահեց անսպասելին: Նիստի ընդմիջմանը իմ ասպիրանտներից մեկը` Ռուսակովը, դուրս եկավ փողոց եւ թերթ գնեց: Թերթը նյութեր էր տպագրել ԽՄԿԿ կենտկոմի այդ օրերին կայացած պլենումի մասին: Պլենումը որպես ծայրահեղություն դատապարտել էր երկրով մեկ տարածված վնասարարների այդպիսի անհիմն որսը»:

Ահա այսպիսի պատահականության շնորհիվ կործանումից փրկվում է Համբարձումյանը: Նրա մոտիկ ընկեր Կոզիրեւի բախտը չի բերում եւ 10 երկար ու ձիգ տարիներ Սիբիրի համակենտրոնացման ճամբարներում տանջվելուց հետո ազատվում ու վերադառնում է Լենինգրադի համալսարանՙ միայն Ստալինի մահից հետո: Երբ նա յոթանասունական թվականներին այցելեց Բյուրականի աստղադիտարան, ես մի քիչ շփվեցի նրա հետ, հասկացա, որ նա որպես կոտրված մարդ է վերադարձել այդ ճամբարներից, այլեւս երբեք նրան չհաջողվեց վերականգնել իր առաջատարի դիրքը գիտության մեջ:

- Դուք կարծում եք, որ Համբարձումյանի պահվածքը շա՞տ էր ազդվել 37 թվականին իր հետ պատահած դեպքից, կամ ընդհանրապես 37-ից...

- Ես Բյուրականի աստղադիտարանում աշխատել եմ շուրջ 40 տարի, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ` սկսած ավագ գիտական աշխատակցից մինչեւ լաբորատորիայի եւ գիտական խմբի ղեկավարի: Իսկ Համբարձումյանը համարյա մինչեւ իր կյանքի վերջը եղել է աստղադիտարանի անփոփոխ տնօրենը: Բնական է, որ ես բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ եմ ունեցել նրա հետ: Պատահել են մի քանի դեպքեր, երբ մենք երկուսով ինչ-որ հարց քննարկելիս ենք եղել նրա աշխատասենյակում, երբ Համարձումյանին զանգել են կամ Հայաստանի Կոմկուսի կենտկոմից, կամ էլ Կոմկուսի Աշտարակի շրջանային կոմիտեից: Ես զարմանքից քարացել եմՙ նկատելով, թե ինչպիսի զգուշությամբ ու ակնհայտ տագնապով է այդ աշխարհահռչակ մարդը խոսել կուսակցական ֆունկցիոներների հետ` այն դեպքում, երբ նրանք Համբարձումյանի կոշիկին կպած փոշու հատիկը անգամ չարժեին: Ես հասկացել եմ, որ նրա մոտ 37-ականների վախը այդպես էլ չի հաղթահարվել, չնայած այն հսկայական հռչակին, որ նա վայելում էր գիտական աշխարհում: Ժողովուրդն ասում է. «Աչքը տեսածից է վախենում»:

- Որոշ հանգամանքներում խիստ բացասական «գործ չէ՞ր անում» այդ աստիճան զգուշավորությունը:

- Շատերը ժամանակին դատապարտում էին Համբարձումյանին այն բանի համար, որ նա ստորագրել էր ակադեմիկոս Սախարովի դեմ Կոմկուսի կազմակերպած հայտնի նամակի տակ: Ես այդպիսի դատապարտողներին միշտ հարցրել եմՙ իսկ ի՞նչ եք կարծումՙ նա կարող էր չստորագրել եւ ստորագրե՞ց: Իսկ ի՞նչ եք կարծումՙ երբ մեկնումեկը փորձում էր քննադատել Համբարձումյանի այս կամ այն կազմակերպչական քայլը, ապա նման տեռոր տեսած մարդը ինչպե՞ս կընդուներ այդ քննադատությունը: Հանկարծ չասեք, որ առողջ քննադատությունը միշտ էլ օգտակար է: Այո, օգտակար է, համաձայն եմ, բայց օգտակար է միայն առողջ հասարակարգի պայմաններում: Ոչ մեկին հայտնի չէր, թե այդ առողջ կոչվող քննադատությունը հաջորդ պահին ով եւ ինչ նպատակներով կարող էր օգտագործել: Մի կողմից նրա անսահման մեծ փառքը, մյուս կողմից էլ նրա նվիրվածությունը գիտությանը եւ այն հասարակական քաղաքական պայմանները, որոնք առկա էին Սովետական Միությունում, նրան դարձնում էին շատ խոցելի: Առաջին հանգամանքը նրա նկատմամբ անսահման մեծ նախանձի աղբյուր էր, երկրորդը` նրա մանեւրելու դաշտը համարյա զրո էր դարձնում, որովհետեւ եթե նրան զրկեին գիտությամբ զբաղվելուց, ապա նրա համար կյանքը լրիվ կիմաստազրկվեր, որովհետեւ նա ուրիշ ոչ մի լուրջ հետաքրքրության ասպարեզ բացի գիտությունից չուներ, իսկ համակարգն էլ կազմ ու պատրաստ մսաղաց էր նրան աղալու համար: Ես բնական եմ համարում Համբարձումյանի ավելորդ զգուշավորությունը, որովհետեւ նա էլ էր մարդ ու նա էլ է ունեցել վախի այն զգացումը իր ճակատագրի համար, ինչ ունենք մենք` հասարակ մահկանացուներս:

- Վերջերս համացանցում հայտնվեց Համբարձումյանիՙ «անլույս տարիների» մի լուսանկարՙ վառարանի կողքին նստած, որը վկայում էր հզոր գիտնականի խղճուկ ու աղքատ կենցաղի մասին... ամեն նոր դիտողի հետ նոր հուզումի ալիք բարձրացնելով...

- Վիկտոր Համբարձումյանը կյանքի վերջին տարիներն անցկացրեց ցրտի ու մթի, սուղ ֆինանսական ու կենցաղային պայմաններում` եղբայրաբար կիսելով իրեն ծնող ժողովրդին բաժին հասած պատերազմական շրջանի զրկանքները: Մարգարյանը բոլորիս հետ հավասար ժամերով հերթի էր կանգնում կես կիլոգրամ կարագ կամ մեկ կիլոգրամ միս տալոնով գնելու համար: Իսկ բանջարեղենի խանութի վաճառողներն էլ հետեւից չարախոսում էին, որ մինչեւ երկու կիլոգրամ կարտոֆիլ է առնում, հոգիները հանում է: Դա այն դեպքում, որ կուսակցական ու պետական բարձր պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ անարժաններ ապրում էին ցոփության ու շռայլության մեջ:

Մարգարյանին բազմաթիվ անգամներ Բյուրականից Երեւանՙ բժշկի այցելության համար, ես եմ իմ մեքենայով տարել: Մարդն ապրում էր իր համեստ աշխատավարձով ու իր կենցաղով ոչնչով չէր տարբերվում մեր նման հասարակ գիտաշխատողներից: Մի հատուկ կենցաղ կամ չգիտեմ ինչ մի չտեսնված տնտեսական ու նյութական պայմաններ էլ Համբարձումյանը չուներ: Գնացեք Բյուրականի աստղադիտարան, այցելեք նրա տուն-թանգարանը եւ կտեսնենք նրա տան կահ-կարասին: Իսկ հագուստ-կապուստն էլ չեմ ասում: Մի անձրեւանոց-վերարկու ուներ, որը հագնում էր իմ ուսանողական տարիներից սկսած, երբ մեզ դասախոսում էր, համարյա մինչեւ կյանքի վերջը: Մեզ հետ հավասար էլ օգտվում էր աստղադիտարանի խանութից, որտեղ վաճառվող հացը Աշտարակից էին բերում, ուտելու համար այնքան էլ պիտանի չէր, ու անհամբեր սպասում էինք, թե երբ կգա շաբաթ օրը, որ գնանք Երեւանի հացի խանութներից մի կարգին հաց առնենք: Սա էր մեր ապրուստը. մեծ թե փոքր, հայտնի գիտնական թե նորավարտ լաբորանտ, ապրում էինք մի ընտանիքի նմանՙ ունենալով ապրուստի միջոցների համարյա նույն սղությունը:

- Ու լավ գիտություն էր ստեղծվում Բյուրականում ...

- Ապրում էինք աշխատելու համար, գիտություն արարելու համար: Ու որ մեռնում էինք էլ, թաղվում էինք Բյուրական գյուղի գերեզմանոցում: Այլ տեղ թաղվելու համար համապատասխան միջոցներ սովորաբար չէինք ունենում: Բացառություն եղավ Համբարձումյանի ու Մարգարյանի համար, նրանց թաղեցին մեծ աստղադիտակի կողքի բլուրի վրա: Բացի գիտական վաստակից ու բարի համբավից, մեզանից հետո սովորաբար մնում էին միայն լավ դաստիարակված ու լավ կրթություն ստացած մեր ժառանգները: Ո՛չ հարստություն, ո՛չ գանձ ու գոհար եւ ո՛չ էլ շարժական ու անշարժ գույք մենք համարյա չունեինք, որ ժառանգեինք մեր սերունդներինՙ նրանց կյանքը անհոգ ու ապահով դարձնելու համար:

- Պարոն Աբրահամյան, 37-ականների վախը պատճառ ուներ, իսկ 60-70-ականներին է՞լ կար վախի պատճառ ...

- Այո, իհարկե կար: Մոռացա ասել որ, օրինակ, մեր աստղադիտարանի 35-40 հոգիանոց գիտական կոլեկտիվում իմ հաշվումներով ու դիտարկումներով պետությունը պահում էր ԿԳԲ-ի 4-5 իրազեկողներ: Դրանց ես կարողացել եմ նկատել, իսկ քանիսին ես չեմ նկատել, դա էլ Աստված գիտի: Այդ գործակալ լինելու մեջ իմ կողմից կասկածվող աշխատակիցների հետ բազում ընդհարումներ եմ ունեցել: Նրանցից մեկը հասավ բավականին բարձր գիտական կոչման: Հիշում եմ, երբ ստեղծվեց աստղադիտարանի մի նոր` հերթական բաժինը, բաժնի վարիչի պաշտոնին հավակնում էին երկու գիտաշխատողներ` մեկը այդ հիշատակածս` իմ կարծիքով գործակալն էր, մյուսըՙ իրոք տաղանդավոր մի աստղագետ: Պաշտոնը ստացավ գործակալը: Հիմա կասեքՙ ահա, Համբարձումյանը սխալ նշանակում կատարեց ու ճնշեց տաղանդավորին ու խելոքին: Իսկ արդյո՞ք նա կարող էր հակառակվել այդ տխրահռչակ օրգանին, ինչպիսի՞ն կլիներ այդ հակառակվելու գինը անձամբ իր ու նաեւ աստղադիտարանի համար: Սրանք բաներ են, որոնց ակունքներն ու դրդապատճառները ես իմացել եմ: Իսկ ինչքան այսպիսի դեպքեր են եղել, որոնց իրական պատճառները մենք չենք իմացել ու մեկնաբանել ենք այդ նշանավոր մադկանց ի վնաս ...

- Երբ մեր այդ երեք մեծերը ապրել ու արարել են նման պայմաններում, այսօր մենք ինչպես ենք նրանց հիշում, գնահատում...

- Երախտամոռությունը մարդ անհատի ամենավատթար արատներից մեկն է ու վա՜յ այն ազգին, որն ունի նաեւ ազգովին երախտամոռության ախտանիշը: Ես մեր դարավոր փորձից գիտեմ, որ մեր ազգը այդ արատով չի տառապում: Ուղղակի կան առանձին անհատներ, ովքեր կուրանում ենՙ ուրիշի հաջողությունները տեսնելով ու որդեգրում են ուրիշին փնովելով սեփական հեղինակությունը բարձրացնելու սխալ գործելակերպը` չհասկանալով, որ դրանից իրենք միայն առավել ցած են իջնում:

Այո, պիտի շնորհակալ լինենք ճակատագրին, որ այնպիսի բարդ ու հակասական հասարակական-քաղաքական դարաշրջանում, ինչպիսին սովետների երկրի շրջանն էր, ունեցել ենք համաշխարհային ճանաչման հասած մեծություններՙ Համբարձումյան: Մարգարյան: Գուրզադյան:

Իսկ ես` որպես սովորական մի գիտաշխատող, հպարտ եմ, որ ապրել եմ այդ մեծությունների կողքին, եղել եմ նրանց աշակերտը, շփվել եմ նրանց հետ: Երախտապարտ եմ նրանց, որ իրենց թանկագին ժամանակից կտրել ու հատկացրել են ինձ, օգնելով, որ ես էլ իմ փոքրիկ ու համեստ տեղը ունենամ կյանքում:

Հարցազրույցը` ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4