ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2012-03-31 | #7, 2012-04-14 | #8, 2012-04-28


ԷՋԵՐ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայ դերասանուհին ֆրանսիացի գրողի գրքում

1894 թվականին Փարիզում լույս տեսավ ֆրանսիացի հնագետ, գրող, լրագրող Շառլ Պիեռ Գաստոն Նապոլեոն Դեշանի (1861-1931) «Ասիայի ճանապարհների վրա» գիրքը: Դեշանը, որ մինչ այդ հանդես էր եկել Հունաստանին նվիրված ուղեգրական հատորով, այս գրքում նկարագրել է իր ուղեւորությունը Օսմանյան կայսրություն: Տարբեր առիթներով նա հիշատակել է հայերին, սակայն հատկապես հետաքրքրական է նրա թռուցիկ վկայությունը Զմյուռնիայում իր տեսած հայկական մի թատերախմբի մասին (տես Gaston Deschamps, Sur les routes d՛Asie, Paris, 1894, էջ 126-127), որն էլ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

Այս փոքրիկ վկայությունը արժեքավոր է հայ թատրոնի պատմության համար, թեկուզեւ այն վերաբերում է թուրքերեն ներկայացված մի բեմադրությանը (ինչպես հայտնի է, 1878 թվականից հետո, երբ Աբդուլ Համիդն արգելեց հայերեն ներկայացումները, Կոստանդնուպոլսում մնացած հայկական թատերախմբերը խաղում էին թուրքերեն): Իսկ շարադրանքի մեջ Դեշանիՙ գովասանքով հիշված հայ դերասանուհի Գարագաշը (Կարա-Կաշ) արեւմտահայ բեմի ճանաչված դերասանուհի, երգչուհի եւ պարուհի Վերգինե Գարագաշյանն է (1855-1931):

Այս փաստը հիշվել է հայ իրականության մեջ: Վերգինե Գարագաշյանի մահախոսականում, իմիջիայլոց, նշված է. «Աթէնքի ֆրանսական հնագիտական դպրոցին հետեւողներէն Կասթօն Տէշան, որ այդ միջոցին տեսեր է Օր. Վ. Գարագաշը, միեւնոյն ամառնային թատերաբեմին վրայ, մեծ գովեստով կը խօսի իր մէկ նշանաւոր եւ գեղեցիկ երկին մէջ:

Այս ֆրանսացի համակրելի գրողին գնահատումը շատ մը գնահատանքներէ աւելի արժէք ունի, քանի որ այդ միջոցին Իզմիրի մէջ ֆրանսական խումբ մըն ալ Մատամ Անկօն կը ներկայացնէր, ու ֆրանսական այդ խումբի մասին բան մը չըսեր» (տես «Կեանք եւ արուեստ» տարեգիրք, Փարիզ, Գ. տարի, 1934, էջ 144): Թատերագետ ու երգիծաբան Նշան Պեշիկթաշլյանն արեւմտահայ թատրոնի ականավոր դեմքերին նվիրած իր ծավալուն հատորում նույնպես հիշատակել է այդ մասինՙ հղելով բժիշկ Գ. Օ. Գալուստյանի «Իզմիրի հայութեան անցեալը» հոդվածաշարը (տես Նշան Պեշիկթաշլյան, «Թատերական դէմքեր», Բեյրութ, 1969, էջ 767-768), նշելով, որ Դեշանը հիշատակել է նաեւ հայ արտիստների ներկայացրած «Օրփեոսը դժոխքում» պիեսը, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:


ԱՍԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ

(հատված)

«Կոնկորդիայում», այն թատրոնում, որտեղ հաճախում էին քրիստոնյա արիստոկրատները, ցուցադրում էին «Դարբնոցապետը»: Ես այնտեղ չմտա, եւ ես տոմս ունեի մտնելու «Ալհամբրա», վատ փայլեցված եւ վատ ներկված մի ներքնահարկ, որտեղ հայ դերասանների մի խումբ խաղում էր «Մադամ Անգոն»ՙ թարգմանված թուրքերեն: Լըկոկի կրկներգերը մարդկանց վեր էին թռցնում նստարանների վրա, ֆեսերի բազմաթիվ շարքեր կարծես չէին հասկանում մադամ Բարրասի զգացմունքները եւ դավադիրների հոգեվիճակը: Էկզոտիզմից զերծ այդ օպերետից հետո ներկայացրին մի ավելի թուրքական բան, որ կոչվում էր «Փեմբե գըզ» («Վարդագույն աղջիկը»), եւ ես շփոթմունքով տեսա, որ այնտեղ գործում են մի չար ծովահեն, մի զզվելի հրեա, մի մեծ փաշա եւ մի գեղեցիկ պալատական: Երիտասարդ գերուհուն հափշտակել էր ծովահենը, վաճառել հրեային եւ նա էլ վերավաճառել էր փաշային: Ի վերջո պալատականը նրա հետ փախչում է հեքիաթային երկրներ: Գեղեցիկ գերուհուն մարմնավորում էր խմբի աստղը, որը թուրքերեն եւ ֆրանսերեն ծրագրի եւ որմազդի վրա ներկայացված էր Գարագաշ անվամբ, որը նշանակում է «սեւ հոնքեր ունեցող»: Օրիորդ Գարագաշն արժանի է իր անվանը. ավելին, իր ասեղնագործված բաճկոնի, նուրբ վերնաշապիկի եւ կարմիր մետաքսե շալվարի ներքո նա ուներ թախծոտ կեցվածքներ, փափուկ եւ քնքուշ: Ես հիշում եմ, մի քանի ժամվա ընթացքում, պղնձե ճարմանդների ձայնը, որ զրնգում էին նրա գրկախառնվող շարժումներից հետո:

Նախաբանը եւ թարգմանությունը ֆրանսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4