ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2012-03-31 | #7, 2012-04-14 | #8, 2012-04-28


ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԻՐ ՓԱՌՔԸ

Անդրադառնալով անցյալ նոյեմբերին (տես «Ազգ» -ի 2011 թ. նոյեմբերի 24-ի համար) Երուսաղեմի Հայոց պատրիարքության գանձատուն վերադարձված հանճարեղ Թորոս Ռոսլինի երկու գլուխգործոցներին, որոնք 100 տարի առաջ պոկվել-գողացվել էին Կեռան թագուհու Ավետարանից, Արթուր Հակոբյանը Երուսաղեմից «Արմինյն Միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 3-ի համարում գրում է, որ վերջապես «թագուհին վերականգնեց իր փառքը»: Ստորեւ թարգմանաբար հատվածներ այդ հոդվածից:

«Առաջին անգամ երբ տեսա նրան, չհամարձակվեցի անգամ ձեռք տալ: Նա անասելիորեն նուրբ էր, փխրուն ու խորհրդավոր: Վախենում էի դիպչելով սրբապղծություն գործել: Միայն կարող էի զարմանքով նայել նրան, այդ 800 տարվա հին ձեռագրին, որին մոտիկից վայելելու առիթը քչերին էր շնորհված: Այդ օրերին ես Երուսաղեմում էի գտնվում, որպես քաղաքի մասին մի ֆիլմի նկարահանման խորհրդատու եւ առաջին այցելությունս անշուշտ պետք է պատրիարքարանը լիներ:

Կեռան թագուհու Ավետարանը 1272-ին է գրվել եւ պատկերազարդվել: Սակայն անկշտում ձեռքեր պոկել-գողացել էին նրանից երկու էջ (մեկըՙ Սուրբ Մարկոս Ավետարանիչը եւ մյուսըՙ Համբարձման տոնը ներկայացնող) մոտ հարյուր տարի առաջՙ անասելի տրտմություն պատճառելով այն գնահատողներին: Սիս մայրաքաղաքում իր ամուսնու եւ հետագայում Կիլիկիայի Հայոց թագավոր Լեւոն Գ-ի համար Կեռան թագուհու պատվիրած Ավետարանի գրիչը Ավետիս դպիրն է, իսկ զարդանկարիչըՙ Թորոս Ռոսլին նշանավոր արվեստագետը: Դրանում պարփակված Քրիստոսի կյանքի դրվագները պատկերող բազմաթիվ բարձրարվեստ մանրանկարները («Ավետում», «Ծնունդ», «Տեառնընդառաջ», «Այլակերպություն», «Խաչելություն», «Համբարձում» եւ այլն) պատմական նշանակություն ունեն եւ հայկական միջնադարյան արվեստի հազվագյուտ նմուշներից են, որոնք մշտապես պահանջվում են ամենատարբեր թանգարաններից, գրադարաններից եւ հավաքորդներից ցուցադրման դրվելու համար:

Մասնագետների կարծիքով Ավետարանի ամենահատկանշական արժանիքը արքայական ընտանիքի անդամների դիմանկարների գոյությունն է: Կազմված է եւ դրոշմազարդված Երուսաղեմում: Կազմի առաջին երեսին խաչելության պատկերն է, վերջին երեսինՙ Մարիամ Աստվածածինը Մանուկ Հիսուսի հետ:

«Անառակ որդիների» վերադարձը Երուսաղեմի Հայոց պատրիարքարան իրականություն դարձավ շնորհիվ առեւտրական նավերի հույն մագնատՙ Թանասիս Մարտինոսի սիրահոժար նվիրատվության: Մարտինոսը դրանք ձեռք էր բերել ժամանակին հոլանդացի հնահավաք Միքայել (Միշել) Վան Ռիյնիցՙ գնելով նրա «Icons and East Christian Works of Art» (Սրբապատկերներ եւ արեւելյան քրիստոնեական արվեստի գործեր) անվամբ ծանոթ ամբողջական հավաքածուն: Անցյալ տարվա մայիսին Լոնդոնի «Սոթբիզ» աճուրդի տան մասնագետ Թիմոթի Բոլտոնի խորհրդով նա դիմում է բրիտանական գրադարանի քրիստոնեական Մերձավոր Արեւելքի բաժնի պատասխանատու Տ. Ներսես (Վրեժ) քահանա Ներսեսյանին վերոնշյալ երկու մանրանկարների վերաբերյալ նրա մասնագիտական կարծիքն իմանալու համար: Վերջինս անհրաժեշտ ապացույցներով հաստատում է, որ այդ էջերն անօրինաբար պոկված են Կեռան թագուհու Ավետարանից, որից հետո Մարտինոսը հոժարակամ նվիրում է դրանք Երուսաղեմի հայոց պատրիարքարանին:

Այժմ Ավետարանը ամբողջական է, եւ Սուրբ Աթոռի լուսարարապետ գերաշնորհ Տ. Նուրհան արք. Մանուկյանի երազանքը կարող է իրականություն դառնալ: Նա ինձ հայտնեց, որ ցանկանում է Ավետարանի ճշգրիտ վերատպությունը կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի բավարարել այն հանրությանը ցուցադրելու հետզհետե աճող պահանջարկը աշխարհի ամենատարբեր երկրներում: Դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները գոյություն ունեն Իսրայելում, սակայն մասնագետների պնդմամբ, նման ծրագրի իրականացումը բավական թանկ հաճույք է»:

Ընդհանրապես, հայկական ձեռագրերը գրվել եւ ընդօրինակվել են 5-18-րդ դարերում, մեծ մասամբ գրչության կենտրոններում: Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, աշխարհի տարբեր վայրերում հաշվվում է հայերեն շուրջ 25 հազար ամբողջական եւ 4000 պատառիկ ձեռագրեր: Հիշատակություններ կան, որ մեծ քանակությամբ ձեռագրեր Միջին Ասիա է տարել Լենկթեմուրը: Քիչ չեն նաեւ կորուստներն անցյալում, պետական հոգատարության բացակայության պատճառով: Բազմաթիվ ձեռագրեր ոչնչացվել են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

Հայկական նկարազարդ ձեռագրերի ճնշող մեծամասնությունը Ավետարաններ են, որոնցում ներկայացված մանրանկարչական էջերը գլուխգործոցներ կարող են համարվել:

«Այդ ձեռագրերն ու Ավետարանները մեծ սեր ու պատկառանք են վայելել եւ պատահական չէ, որ դրանցում շատ հաճախ հիշատակություններ են զետեղվել առ այն, որ օրհնյալ են համարվում բոլոր նրանք, ովքեր պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում դրանց նկատմամբ եւ ընդհակառակըՙ պախարակվում են նրանք, ովքեր անհարգալից են»:

Տ. Ներսես քահանա Ներսեսյանի վկայությամբ, գրիչները սեփականատերերիցՙ լինեն նրանք անհատներ, թե կրոնական հաստատություններ, խնդրել են «ձեռագրերը առուծախի առարկա» չդարձնել: «Նրանք բարոյական պարտականություն են դրել հետագա սերունդների վրա վերագտնելու եւ իրենց բնօրրանը վերադարձնելու բոլոր այն ձեռագրերը, կամ մատյանների էջերը, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ պայմանների առկայությամբ կորել են կամ պոկվել-գողացվել: Գերված ձեռագրերին վերաբերվել են որպես գերված անհատների, կամ փորձել են փրկել կռվելով, կամ էլ ետ վերադարձնելՙ փրկագին վճարելով», նշել է նա Երուսաղեմում ձեռագրի գողացված էջերը վերադարձնելու առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունենալիսՙ մեջբերելով գրիչ Կոնստանտին Վահկացու 1413-ին ավետարանական ձեռագրերից մեկում արված նախազգուշությունը. «Թող ոչ ոք չտեղափոխի այս ձեռագիրը այս վայրից, ոչ ոք չհանձնի այն մի որեւէ անհավատի: Ամուր պահեք մի ամրոցում, կամ էլ տարեք Կիպրոս, եւ վտանգն անցնելուց հետո ետ բերեք, տեղադրեք այս նույն վայրում եւ ստացեք համապատասխան վարձատրություն»:

Ավագ անունով մեկ ուրիշ մանրանկարիչ, գրիչ եւ կազմող լուտանքներ ու անեծք է թափել բոլոր նրանց հասցեին, ովքեր «կհամարձակվեն գողանալ» 1337-ին գրած իր ավետարանը կամ «էջեր պոկել դրանից»: «Թող նրանք Կայենի եւ Հուդայի ճակատագրին արժանանան», գրում է Գլաձորի համալսարանում կրթություն ստացած Ավագը:

«Բայց ամենայն հավանականությամբ նրանք, ովքեր մոտ մեկ դար առաջ այդ երկու էջերը պոկել-գողացել էին «Կեռան թագուհու Ավետարանից», չէին լսել այդ անեծքների մասին», եզրակացնում է հոդվածագիր Արթուր Հակոբյանը: Ճակատագիրը, սակայն, իր դերը խաղաց, եւ պոկված էջերը վերադարձանՙ ամբողջացնելու Ավետարանը:

Ավելացնենք, որ Ավետիս Դպիրը, դարձյալ ըստ Հայկական հանրագիտարանի, ապրել եւ ստեղծագործել է Սուրխաթում (Ղրիմ), ուր նրա ընտանիքը գաղթել է Բաբերդից XIV դ. 40-ական թվականներին: Գրչության արվեստը սովորել է հորիցՙ Նատերից: Գրիչներ են եղել նաեւ եղբայրներըՙ Գրիգորը եւ Ստեփանոսը: Նրա արվեստին հատկանշական է եղել հայաստանյան եւ կիլիկյան գեղանկարչության ավանդույթների զուգորդումը: Երեւանի Մատենադարանից բացի, նրա ձեռագրերը պահպանվում են Վիեննայի Մխիթարյանների կենտրոնում, Լոնդոնի Բրիտանական թանգարանում եւ Թբիլիսիի հին ձեռագրերի ինստիտուտում: Մահացել է 1381-ից առաջ:

Իսկ ականավոր հայ մանրանկարիչ եւ գրիչ Թորոս Ռոսլինի ստեղծագործությունները կիլիկյան մանրանկարչության դպրոցի բարձրագույն արտահայտություններից են: Ռոսլինն աշխատել է Հռոմկլայի գրչատանը: Առաջին անգամ նրա անվանը հանդիպում ենք «Զեյթունի Ավետարանում», մանրանկարիչը պատկերազարդել է այն հավանաբար 20-25 տարեկանում:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. Մանրանկար` Կեռան թագուհու Ավետարանից (Երուսաղեմի ՍբՀակոբյանց վանք, ձեռ. թիվ 2563)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4