ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2012-03-31 | #7, 2012-04-14 | #8, 2012-04-28


ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԸ

Անի-1050

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Անին, որ միջնադարյան Հայաստանի քաղաշինության բարձրակետն է համարվում, մայրաքաղաք հռչակվեց 961-ին, Բագրատունյաց թագավորության շրջանում: Մեր երկրի պատմության տեւական ընթացքի 13 մայրաքաղաքներից Անին, թերեւս եզակի ընկալում ունի որպես յուրատեսակ ու անբացատրելի խորհրդանիշ-ապրում` յուրաքանչյուր հայի համար անհատական տեսանկյունից բացահայտվող: Նախկին շքեղաշուք, աշխույժ քաղաքը այսօր լուռ խորհրդածող է միայն, ինքնասույզ մի գոյություն. ժամանակների մեջ ծավալվող իրադարձությունների ոչ միայն հետեւողը կամ վկան, ասես նաեւ մի վերլուծողՙ մարդկային էության երկու հակադիրՙ ստեղծագործ-արարող եւ ավերող-ոչնչացնող բեւեռների արտահայտության կրողը: Անին այսօր էլ, սակայն, իր գեղեցկությամբ ու հմայքով արտակարգ տպավորիչ է, ոչ միայն պահպանված հնությունների գեղագիտությամբ ու պատմությամբ, այլեւ ավերակների մեջ դրված անտեսանելի ու անվերծանելի մի զորությամբ, այն ուժով, որն այս էլ որերորդ հարյուրամյակն էՙ խորհրդավոր մոգականության մեջ է պահում բազմաթիվ սերունդներիՙ իր վրա բեւեռելով գիտնական-հնագետ-պատմաբանի ուսումնասիրող հայացքից մինչեւ ամենաբարձր գեղագետի, նկարչի ու բանաստեղծի հուզական զգացումներ, պարզ ճամփորդի ու զբոսաշրջիկի հիացական զարմանք ու կարոտ: Սա այնքան ճշմարիտ է, որքան այսօրն ու այս իրականությունը:

Իհարկե, պատմական հնավայրերին հատուկ է խորհրդավորության հատկանիշը. ժամանակների դրոշմն իրենց վրա կրող քարերը լուռ զրուցընկերներ են, որոնց չհնչյունավորված խոսքը փոխանցելի է դարձնում այն մթնոլորտը, որ դրանց շուրջբոլորն է թեւածում. այն մերթ լուսավոր է, մերթ ողբերգական, մերթ մռայլ, մերթ չարագուշակ, դա այն լիցքն է, այն էներգիան, որ ձեւավորում է այդ մթնոլորտը: Սա այն է, ինչ համարում են խոսուն լռություն: Այդպես է եւ Անին, միայնության մեջ հպարտ ու տխուր. միջնադարյան իր լռության լուսապսակի մեջ: Այն իր մեջ կուտակում է գերխիտ էներգիաՙ ազգային մշակույթի հարուստ նկարագրի, որն ամենատարբեր ասպարեզներում է ծավալվելՙ գիտություն, արվեստ, դպրություն, տնտեսություն: Հասարակական մտքի այնպիսի զարգացումներ, որ քաղաքային կյանքը հասցրել էին իր ժամանակի համար գրեթե կատարյալ վիճակների: Զուր չէ, որ հայ եւ օտար աղբյուրներում Անին կոչում էին հազար ու մեկ եկեղեցիների քաղաք: Հայ միջնադարյան ճարտարապետական մտքի հասուն պտուղ, ձեւերի կատարելության հասած արտահայտություններ, որոնց վարպետները այնպես էին համակցել հնի ու նորի դրսեւորումները, որ քաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքը «հնչում էր» աննկարագրելի հարմոնիկ գեղեցկությամբ:

Հիմա, պահ մի Ախուրյանի այս ափից «լսենք» հնամենի քաղաքի նախկին աշխույժ ու կենսահորդ առօրյան, նրա գարնանային առավոտըՙ երկնքի կապտաճերմակին ուղղվող եկեղեցական զանգերի ամենօրյա ղողանջի մաքրությունը: Եվ հայտնի կդառնա հնությունների ներկա գեղեցկության լուսավոր մթնոլորտի աղբյուրը... Եվ ինչո՞ւ, սակայն, ճակատագիրը այսկերպ հակազդեց այսպիսի գոյությանը. պատասխանը ավելի խոր արմատներ ունիՙ պատմական ու ենթագիտակցական խորացումների տանող:

Անին խորհրդանիշն է հավերժող գեղեցկության, այսօր, ավա~ղ, մնացած սոսկ որպես ակնարկ. այն կար, ապրեցնում էր, ու կյանքը դարձնում ինչ-որ տեղ տոն, բայց մարդկային պատմությունը շուրջը ծավալվում էր այդ էությանը ոչ հարիր: Այս քաղաքի վրա պատմությունը դաջել է գաղտնիքների գաղտնիքը. անգամ հիմա թղթին այս պարզ երկու տողը գրելիս, գրիչս զգում է դա. այդ ուժըՙ մտքի իմաստնության ու ձեռքի հմտության մարդուն տրված հնարավորության, որպես վերին շնորհի արտահայտություն, որը, սակայն, ուղղությունը ժամանակ առ ժամանակ փոխում էՙ մերթ դեպի վեր, մերթ դեպի վարՙ ի բարին ու ի չարը: Անին ասես սրա վկայությունն է, խորհուրդ-պատգամ, իսկ գուցե՞ դաս էՙ մեր կորուստների: Միեւնույն է, անկախ ամեն դատողություն-վերլուծումից, քաղաքը շարունակում է ապրել իր անցյալը վեհաշուք սառնասրտությամբ, բանաստեղծական քնարականության մեջ, հնությունների անմատչելիությամբ պաշտպանված:

***

Հայ մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դարի պատմիչներ Եղիշեի եւ Ղազար Փարպեցու մոտ: Պատմական տեղեկագրքերը եւ տեղեկատուները արձանագրում են Անիիՙ Հայաստանի մայրաքաղաք լինելու հետեւյալ տարեթվերըՙ 961-1045 թթ.: Քաղաքը ունեցել է աշխարհաքաղաքական ու ռազմավարական նպաստավոր դիրք, գտնվել բանուկ առեւտրային ճանապարհների խաչմերուկներում: Ամուր պատսպարված քաղաք է եղել, Սմբատաշեն-Աշոտաշեն պարիսպըՙ 2500 մ երկարությամբ, 8-10 մ բարձրությամբ, ավարտվում էր ատամնաշարով: Քաղաքն ուներ 40 դուռ, Ախուրյանի վրա պաշտպանական դեր կատարող կամուրջով, որը փակվում էր թշնամու հարձակման ժամանակ. քաղաքը հարուստ էր եկեղեցիներով, վանքերով, իջեւանատներով, պալատներով: Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500-4000 քառ. մետր էր, սրահի պատերը զարդարված էին որմնանկարներով, ուներ 8 սրահից բաղկացած պալատական բաղնիք, սառը եւ տաք ջրի ավազաններՙ ջրահեռացման խողովակներով: Իր ժամանակի ամենազարգացած բնակավայրերից էրՙ արհեստավորական առանձին թաղամասերով, հայտնիՙ բարձրորակ խեցեղենի, պղնձե իրերի արտադրությամբ, զարգացած էր արծաթագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը: Արտահանում ու ներկրում էր զանազան ապրանքներ. Չինաստանից մետաքս եւ ճենապակի, Բյուզանդիայից, Կիլիկիայից, Եգիպտոսից նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանիցՙ ճենապակի:

Անին նաեւ հոգեւոր մայրաքաղաք էր: Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռանիստն էր 992-1046 թվականներին: Հեթանոսության շրջանում կրոնական կենտրոնատեղի էր: Սարգիս Ս. Սեւանցի կաթողիկոսը X դարի վերջերին Վաղարշապատից Անի էր փոխադրել Հռիփսիմյան կույսերի նշխարների մի մասը եւ հատուկ այս նպատակով եկեղեցի կառուցել:

Միայն պալատական համալիրում կառուցված էր յոթ եկեղեցի, ամենաշքեղըՙ Մայր տաճար Սբ Աստվածամայրն էր, նորովի մտահղացվել եւ իրագործվել էին ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, ինչպես Զվարթնոցն ու Էջմիածինըՙ արդյունքում երկու հոյակերտ կառույցներՙ Գագկաշեն Սբ Գրիգոր եկեղեցին, Սբ Առաքելոցը: Քրիստոնեական հայ մշակույթը ծաղկում էր ապրում հայկական այս քաղաքում, ստեղծվում էին մատենագիր երկեր, ընդօրինակվում ձեռագիր մատյաններ, գործում դպրոցներ: Նշանավոր էր բարձրագույն իմաստասիրաց դպրոցը, որ զարգացում էր ապրում Գր. Մագիստրոս Պահլավունու, Մխիթար Անեցու, Հովհաննես Սարկավագի օրոք: Այստեղ բացի կրոնական, աստվածաբանական գիտելիքներից, դասավանդվում էին նաեւ բնական գիտություններ ու փիլիսոփայություն:

Այսպես թերթվում են պատմության էջերը, հիացում են պատճառում անցյալի հարստությունները, միաժամանակ տխրություն ու կարոտ բերում: Մենք անվերջ կորցնող ու որոնող ենք:

***

2011 թ. լրացավ Անին Հայաստանի մայրաքաղաք հռչակման 1050 տարին: Պատմական այս հոբելյանին նվիրված «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպությունը» հրատարակել է «Անի 1050» պատկերագիրքըՙ պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակությամբ: (Նախագծի պատվիրատու` Սփյուռքի նախարարություն, նախահրատարակչական աշխատանքների իրականացման աջակից` Մշակույթի նախարարություն): Հեղինակը շուրջ երկու տասնամյակ զբաղվում է Հայաստանի, Արցախի, Հարավային Կովկասի տարածքում հայ ճարտարապետության բազմաթիվ նմուշների հետազոտական աշխատանքներով եւ ցուցակագրում դրանք: Բազմաթիվ ուսումնասիրությունների, գրքերի հեղինակ է, հայտնի իր հետեւողական վերաբերմունքովՙ օտար տարածքներում հայկական հուշարձանների պահպանության ի խնդիր: Եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն), մեծադիր, պատկերազարդ շքեղ այս հրատարակությունըՙ տպագրված «Բյուրակն» տպարանում, տարիների հետազոտական-հավաքչական լրջագույն աշխատանքի արգասիք է:

Գրքում զետեղված են քաղաքի թվանշային վերակազմությունները, բազմաթիվ շենքերի չափագրություններ, գրչանկարներ շուրջ 600 լուսանկար. :

Պատմական համառոտ ակնարկը ներկայացնում է քաղաքի անցյալըՙ ընդհանուր գծերով: Պատկերագրքի բովանդակությունը կազմում են քաղաքային կյանքի տարբեր շերտեր ներկայացնող հետեւյալՙ «Պաշտպանական համակարգ (Միջնաբերդ, Աշոտյան պարիսպներ, Աղջկաբերդ, Ավագ դուռ, Առյուծի դուռ)», «Արքունիքի եւ իշխանական ապարանքներ», «Ճարտարագիտական եւ արտադրական կառույցներ», «Բնակելի եւ հասարակական կառույցներ», «Պաշտամունքային կառույցներ», «Պաշտամունքային այլ կառույցներ», «Կոթողներ եւ խաչքարեր», «Վիմափոր կառույցներ», «Զինանշաններ», «Հնադարան Անւոյ» բաժինները: Միջնադարյան մայրաքաղաքի նկարազարդ պատմությունը տրված է ներկայացվող յուրաքանչյուր կառույցի մանրամասն նկարագրությամբ:

Ճարտարապետական չափագրությունների հեղինակները անցյալի եւ ներկայի հայ եւ օտար մասնագետներ են. Թորոս Թորամանյան, Նիկողայոս Մառ, Նիկողայոս Բունիաթյան, Նիկոլայ Տոկարսկի, Վ. Կալոի, Ա. Հակոբյան, Պ. Ֆրանկյան, Վ. Կաստելլանի, Դանգլե Ֆիլիպ: Գրքում օգտագործած են հիմնականում Սամվել Կարապետյանի լուսանկարները, նաեւ Արամ Վրույրի, Թիերի Ժան-Միշելի, Թորոս Թորամանյանի, Հրայր Բազեի, Արմեն Հախնազարյանի, Սթիվեն Սիմի:

Առանձին ներդիրով ներկայացված է Անի քաղաքի գլխավոր հատակագիծը (հեղինակ-կազմողՙ Ա. Հակոբյան):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4