ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2012-03-31 | #7, 2012-04-14 | #8, 2012-04-28


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ-ՈՒՄ ԵՎ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀում եւ արտասահմանում լոյս են տեսել բազմահարիւր գրքեր եւ այլ հրատարակութիւններ: Դրանցից մի քանիսին «Ազգն» ու հայաստանեան ուրիշ լրատուամիջոցներ անդրադարձել են: Այդուհանդերձ, յարմար գտանք հայ գրականութեան, հայոց պատմութեան, հայկական արուեստի, մշակոյթի եւ հայկական հասարակական-քաղաքական մտքի համար ուշագրաւ այդ հրատարակութիւններից ստորեւ ներկայացնել ընդամէնը մի փնջի համառօտ մատենագիտութիւնն ու նկարագրութիւնը: Տեղեկութիւնների մի մասը քաղել ենք սփիւռքահայ մամուլից, ուր յաճախ պակասում են հրատարակչական որոշ տուեալներ: Պահպանել ենք բնագրի ուղղագրութիւնն ու լեզուական առանձնայատկութիւնները:

Երեւան.

- «Արեւելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» , հեղինակային խմբի ղեկավար` Աննա Ժամակոչեան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հրատարակություն, 2011, 184 էջ (15.3 x 20.6 սմ.) (Արեւելյան Եվրոպայի հայկական գաղթօջախների արդի իրավիճակը, կազմակերպական կառույցները, խնդիրները եւն.): Հրատարակվել է ՀՀ սփյուռքի նախարարության դրամաշնորհով:

- Բաբայան Նիկա, Վիրաբյան Ամատունի (կազմողներ), «Հայաստանի պարգեւները (1918-1939) , պարգեւատրվածների ցուցակները (1918-1939)» (եռալեզու` հայ., ռուս., անգլ.), խմբագիր` Նիկա Բաբայան, թարգմանիչներ` Արմինե Առաքելյան եւ Ռուզաննա Բաղդասարյան, «Կոլլաժ» ՍՊԸ հրատ., 2011, 160 էջ (հայկական պետության եւ Հայ եկեղեցու պարգեւներն ու պարգեւատրվածների անունները հիշյալ քսանամյակին, լուսանկարներ):

- «Գէորգ Գանտահարեան` Ամէնուն Ուսուցիչը» , կազմող, յառաջաբանի հեղինակ եւ խմբագիր` Երուանդ Տէր-Խաչատուրեան, «Փիւնիկ» համահայկական հիմնադրամի հրատարակութիւն, 2011, 416 էջ (Ա-5) (լիբանանահայ վաստակաւոր մտաւորականի գրութիւններ, յուշեր եւ հրաժեշտի խօսքեր նրա մասին, ներդիր լուսանկարներ):

- Խարազեան Մարատ, «Պատրանքներից դէպի ողբերգութիւն. Ֆրանսիան եւ Հայկական հարցը (1894-1908)» (ռուս.), ֆրանսերէնից թարգմանութիւնը` հեղինակի, յառաջաբանը` Ժան-Պիեռ Մահէի, հեղինակային հրատարակութիւն, 2011, 416 էջ (16 x 23 սմ.) (հանգուցեալ հեղինակի` Սորբոնի համալսարանում 2004 թ.ին պաշտպանած դոկտորական ատենախօսութեան լրամշակուած տարբերակը` գիտական ամբողջական ապարատով եւ ներդիր լուսանկարներով ու քարտէզներով): Հեղինակը գիրքը նուիրել է իր ընկերոջ` Ռուբէն Սահակեանի եւ ֆրանսիացի հայասէրների յիշատակին:

- «Ծովի մշակույթը` մարդկության մշակույթն է քաղաքակրթությունների երկխոսությունում» (երկլեզու` հայերեն եւ ռուսերեն, ամփոփումը` անգլերեն), խմբագրական խորհուրդ, պատասխանատու խմբագիր` Էդուարդ Դանիելյան, համահրատարակիչներ` «Այաս» ծովային հետազոտությունների ակումբ, ՀՀ ԳԱԱ պատմության եւ արեւելագիտության ինստիտուտներ, «Մուղնի» հրատ., 2011, 348 էջ` ներառյալ գունավոր ներդիր քարտեզները, լուսանկարները եւ այլ նյութերը (16.7 x 22.9 սմ.) (2010 թ. մայիսի 14-16-ին կայացած եւ «Այաս» ակումբի հիմնադրության 25-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուն):

- Կյունցլեր Յակոբ, «Արյան եւ արցունքների երկրում (իրադարձությունները Միջագետքում Համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)» . թարգմանություն գերմաներենից, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2011 (Եդեսիայում Մեծ եղեռնի ականատես շվեյցարիացի միսիոների վկայագրությունը):

- «Հայրենիք-սփյուռք. կամրջող անուն` Վ. Համազասպյան» , կազմեցին եւ ծանոթագրեցին` Սոնյա Միրզոյանը եւ Մարինե Մարտիրոսյանը, հրատարակչական խմբագիր եւ լրացումներ` Գեւորգ Յազըճյան, ներածական խոսքը` Ռոմեն Կոզմոյանի, «Մուղնի» հրատ., 2011, 376 էջ (17 x 24 սմ.) (1964-1986 թթ. Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանի գրած, ստացած եւ նրան առնչված 220 նամակներ, զեկուցագրեր եւ այլ փաստաթղթեր, ծանոթագրություններ, հրապարակվող փաստաթղթերի եւ հիշատակվող անձնանունների ու տեղանունների ցանկեր): «Գիրքը լույս է տեսնում Եղիշե Վարդգեսի Համազասպյանի նախաձեռնությամբ` հայրիկի 100-ամյակի առթիվ»: Շնորհանդեսը կայացել է 2011 թ. դեկտեմբերի 14-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում:

- Հովհաննիսյան Կարին, «Գերդաստան ստվերաց» , անգլերենից թարգմանեց Սամվել Մկրտչյանը, «Տիգրան Մեծ» հրատ., 2011 (պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանի թոռն ու Րաֆֆի Հովհաննիսյանի որդին ներկայացնում է կարնեցի իրենց գերդաստանի պատմությունը` մասնավորաբար պապի հուշերը Մեծ եղեռնից):

- «Հայ գաղթականությունը եւ Հայրենիք-սփյուռք կապերը 1918-1985 թթ.» , խմբագրական խորհուրդ, «Հայաստանի Ազգային արխիվ», 2011, 138 էջ (Ա-5) (2010 թ. հոկտեմբեր 8-10-ը Երեւանում եւ Ծաղկաձորում կայացած միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուն):

Շարունակելի

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4