ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դարերով եկող բարեկամություն
Եթե ելնենք «Նմանն զ նմանս սիրէ» ասացվածքից, պիտի ընդունենք ինչ-որ ընդհանրություն, որի մղումով են հայերը Իտալիա մեկնելՙ առեւտրի, պաշտպանական եւ այլ խնդիրներով ապաստանելու ինքնարտահայտման նպաստավոր հող գտնել: Փաստեր կան, որ նույնիսկ երկու հայ սրբակրոններ սրբերի դասն են անցել: Եթե իտալացիների բարյացակամության ուրիշ օրինակներ չունենայինք, ապա Ս. Ղազար կղզուՙ արդեն չորրորդ հարյուրամյակը թեւակոխող Մխիթարյանների գործունեությունը բավական կլիներ հայերիսՙ իտալական հողի վրա կրթական-հոգեւոր կյանք ծավալելու մասին:
Մի ժամանակ, երբ օտար լեզու գիտենալը անվտանգ չէր եւ որպիսի անհեթեթություն, իտալական օպերաներն անգամ ռուսերենով էին հնչում, զարմանալով, միաժամանակ ահ ապրեցինք, երբ կոնսերվատորիայի ռեկտոր, գերընտիր մտավորական Ղազարոս Սարյանն ուսումնական ծրագրում ավելացրեց իտալերենի ժամեր: Սարյանը որոնեց ու գտավ մեր ինստիտուտի դերասանականն ավարտած Հռիփսիմե Սրապյանին, ով արտասահմանում իտալական քոլեջ էր ավարտել: Սկզբում ժամերը քիչ էին, հետո ավելացան: Իտալերենը մտավ եւ պետհամալսարանի (այն ժամանակ միակը) կրթական ծրագիրը, եւ Սրապյանն սկսեց համատեղել աշխատանքը: Չուշացավ եւ իտալական կառավարության ուշադրությունը, որ սկսեց դասագրքերով եւ հասավ պատվոգրերի ու շքանշանի:
Մեկ քառորդ դարում Սրապյանն ստեղծել էր 23 գիրք. հայ իտալական բառարաններ, խոսակցական ձեռնարկներ, իտալացի հեղինակների գործերը հայերեն եւ հայ իմաստասիրություններըՙ իտալերեն, տարբեր երկլեզու բառարաններ եւ այլն:
Առանձնակի հանդիսություն ու գիտական-վերլուծական ուղղվածություն ստացան հայ ճարտարապետության օրերը Իտալիայում (հայ ճարտարապետության համբավը թնդաց աշխարհով մեկ), գլխավորությամբ երկու խանդավառ գիտնականների. Ռուբեն Զարյանի եւ Ալպագո Նովելլոյի: Հապա իտալական առաջին թատերախմբիՙ Ջանգարկուլոյի այցն ու ներկայացումները Երեւանի թատրոններում, որ միանգամից մեզ պարզեց գրքերով սերտած կոմեդիա դել Արիթեի արվեստի ժողովրդականության եւ հմայքի առեղծվածը (ինչքա՜ն է գրել նրանց մասին Վահրամ Փափազյանը): Հետեւեցին մեր Փոսի, այնուհետեւ Գեղագիտական կենտրոնի Փոքր թատրոնի այցերը Իտալիա... Եվ մի ցնցող իրադարձություն. մեր ամենաերիտասարդ ռեժիսորըՙ Վահան Բադալյանը գնաց այնտեղ եւ իտալացի արտիստների հետ ստեղծեց Նարեկացու «Յոթ զգացողություն» բեմադրությունը, որ ցուցադրվեց ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ: Հիշում եմ տոնական այն օրերը, երբ երեւանցիները առանձնակի հուզմունքով հետեւում, տոմս էին հայթայթումՙ այդ ներկայացումները դիտելու համար: Դա ռեժիսորական վառ երեւակայությամբ եւ դերասանական վիրտուոզ տեխնիկայով փայլփլող մի ներկայացում էր, ուր աշխարհի երկու տասնյակից ավելի լեզուներով հնչում էր Նարեկացու «Մատյանը»...Այդ բոլոր հանդիպումներին մեզ հետ էր լինում Սրապյանը, օգնում, հարցազրույցներ էր վարում, թարգմանում: Նշանակալի էր իտալացիների մի արտահայտությունը, որ այսպես թարգմանվեց. «Երջանիկ է Վահան Բադալյանի պես արվեստագետ ունեցող ժողովուրդը. նրան ոչ մի ճգնաժամ չի կարող սպառնալ»: Այսպես դանդաղ ու քայլ առ քայլ ես կմոտենամ հայ-իտալական առնչության ամենատեւական, գործուն եւ գողտրիկ օջախինՙ մեր օպերային ստուդիային:
Ամեն ինչ մեծերն են սկսում: Ժամանակին վերը հիշած ռեկտորը գտավ, որ մեր օպերային հարկավոր է մի նախադաշտ, եւ նրան համախոհ օպերային թատրոնի գլխավոր ռեժիսոր Վ. Բագրատունին եւ դիրիժոր-մանկավարժ Ռ. Մանգասարյանը զորավիգ եղան: Ստեղծված առաջին ներկայացումները թեեւ բավականին խոստումնալի, սակայն Սարյանը հեռուն էր նայում: Չէր կարելի թատրոն պահել երաժշտությանն անգետ բեմադրիչներով: Անժխտելի էր այն մեծ գործը, որ օպերային թատրոնում անում էին վարպետ բեմադրիչներ Ա. Գուլակյանը եւ Վ. Աճեմյանըՙ իսկական հրավառություն թատրոնում, սակայն դա ժամանակավոր էր, եւ օպերային թատրոնը կրկին հայտնվում էր կոտրած տաշտակի առջեւ: Հարկավոր էր ընտրել երաժշտի, որը եւ լայն հետաքրքրություններ ունենար: Այսպես ընտրությունը կանգ առավ ռադիոյի սիմֆոնիկի թավջութակահարիՙ Հովիկ Հովհաննիսյանի վրա: Հովիկն ընդունվեց ռեժիսորականը, որն ասես նրա հոգու կանչով էր եկել...
Ամեն ինչ սկսվեց Բեթհովենի 3-րդ սիմֆոնիայի «Հերոսական»-ից: Նվագելիս նա կտրվեց իրականությունից եւ նրա տեսիլքին եկան Վարդանանք, նաեւ մեծ Հայրենականի դյուցազունները... Միտքը գործում էր, երեւակայությունըՙ նույնպես. ո՞րն էր նրա ներսում հառնել. հեղինա՞կը, թե՞ բեմադրիչը. երեւի երկուսն էլ, քանզի քիչ անց նա հղացավ մի սցենար, որի հերոսները... երաժշտական գործիքներն էին: Գրեց ու տարավ հեռուստատեսություն: Իսկ նորելուկ այս դաշտը մտածներըՙ շատ մշուշոտ պատկերացում ունեին եւ ոչ մի կերպ չէին կարող խորհել այդօրինակ պայմանականության եւ մետաֆորի մասին... Սցենարը տարավ ու փակեց գզրոցում, բայց ներսում ինչ որ ճաք էր առաջացել ու գնալով խորանում էր: Օհան Դուրյանի անօրինակ ոգեշնչումով երաժշտությունը տեսագրելիսՙ շարունակ ընդհատվում էր տեխնիկական պատճառներով եւ վրդովմունք հարուցում նրա մեջ. չէ՞ որ դա սոսկ հատում չէր, այլ երաժշտության կյանքի, դինամիկայի կորուստ: Ի՞նչ անել, որ կայանա պատկերի ու մեղեդու զուգակցում, անխզելիություն: Ինչպես հետո Հովիկը կասի իր մի հարցազրույցում (Կ. Թերզյան. «Երկրի ու երկնքի փոխձայնակցումը»- 2009 թ., էջ 86), «Նվագախմբում աշխատելիս ես գործիքային երաժշտության դաշտում էի. օպերային արվեստը երկրորդ տեղում էր, բայց երաժշտության ու պատկերի միասնության որոնումներն ինձ տարան օպերա: Սիրահարվեցի օպերային, եւ այդ սիրահարվածությունը կմնա մինչեւ կյանքիս վերջը»: Բացի այդ, ռեժիսորականում ուսանելը նոր բացահայտումներ սրեց. ձեւավորեց Հովիկինՙ ոչ միայն որպես արվեստագետի, այլեւ քաղաքացու. զուր չէր, որ երբ սկսեց արցախյան կռիվը, նա առավ խցիկը եւ նետվեց թեժ կետեր, Արցախ: Հրաշք տղերքի հետ խրամատներում էր լինում, մի պուտ ջրով, մի պատառ հացով էր ապրում, բայց ասես աշխարհն իր համար նոր էր հայտնագործել ու աշխարհում մի ուրիշ աշխարհ գտել... Նկարում էր, փրկում մոռացումից, հավերժին տալիս: Նկարեց, տուն բերեց, մոնտաժեց ու ֆիլմ դարձրեց. առաջին ֆիլմը արցախյան կռվի: Ափսոս. ամեն ինչ արված էր իրադարձությունների շիկացման, հրայրքի մեջ, զգացումի առաջին պոռթկումով, իսկ գեղարվեստական գործի համար պետք է ժամանակ անցնի, ինչ որ բան խմորվի, հասունանա, մասնակիից ընդհանրականին մոտենա... Սա էլ դրեց գզրոցում, երբեք ու ոչ մի պայմանով չմոռանալով լույս տղերքին, որ կային ու չկան... Ինքն իրեն սփոփում էր. բնության մեջ ոչ մի բան անհետ չի կորչում... Եվս մի սպի նրա սրտում... Մի ցավով էլ մեծացավ, իմաստնացավ, իսկ կա՞ մարդու հասունացման մեկ այլ ճանապարհ... Մեր պետականության ծնունդի ու ետպատերազմական խաղաղության հետ, մարդն ասես նոր բացահայտումներ էր անում. իր մեջ ու աշխարհում... Այնպես, որ պատահական չէր նրա եւ մյուս Հովհաննեսի հանդիպումը, որ պսակվելու էր ծանր ժամանակում քայքայված օպերայի ստուդիայի վերածնունդով:
Փնտրեք ձեր մեջ, ձեր կողքին
Երկու Հովհաննեսները համարյա ամեն ինչ նորից սկսեցին, բայց նրանք ջանում էին չկորցնել այն ընտրյալների երախտիքը, ինչ որ տեղ կտրված շղթան վերականգնել. չէ՞ որ օպերա-տսուդիան որոշակի ձեռքբերումներ էր ունեցել, իր մասշտաբով ավանդույթ ստեղծել: Վերստին առաջնագծի եկավՙ նոր գործերով, տարաոճ ստեղծագործություններով ծրագրել անելիքը: Ու թե ինչի հասանՙ երեւաց օպերա-ստուդիայի 20-ամյակի առիթով: Ոչ մեծ նկարազարդ գրքույկը ծանուցում է կրթական-ստեղծագործական օջախի անցած ուղին, որը գնահատվում էՙ որպես օպերային նոր, շնորհալի ուժեր ձեւավորող դարբնոցի համբավ: Թե որքան պերճախոս է նրա խաղացանկըՙ ցույց են տալիս անվանումները: Մոցարտ. «Այսպես են վարվում բոլորը...», Մասկանի. «Գեղջկական ասպետություն», Ռախմանինով. «Ալեկո», Մոցարտ. «Թատրոնի տնօրենը», Ռոսինի. «Ամուսնական մուրհակ», Պերգոլեզի. «Սպասուհինՙ տիրուհի», Լեոնկավալո. «Պայացներ», Գերշվին. «Պորգի եւ Բես», Չայկովսկի «Իոլանտա» եւ այլն: Հետաքրքրականն այն է, որ չունենալով իր նվագախումբն ու երգչախումբը, օպերային ստուդիան իրականացնում է բազմամարդ ու բազմավայր կտավներ, կատարում ստեղծագործական եւ ուսումնական տարրերի տարրալուծումՙ օգտագործել կոնսերվատորիայի երաժիշտ եւ երգիչ ուսանողների: Զուր չէր, որ Միրզոյանը ստեղծեց «Կոմիտաս» երգչախումբը, որը ոչ միայն մասնակցում է բեմադրություններին, այլեւ հանդես գալիս նոր եւ ինքնուրույն խմբերգային ստեղծագործություններով: Նույն կերպ եւ նվագախումբը, որ հանդես է գալիս հայ եւ օտար ժամանակակից եւ դասական երկերի հետաքրքրական մեկնաբանությամբ (Բախ, Մոցարտ, Հայդն, Բեթհովեն, Դյուսապեն եւ այլն): Մասնագետներն արդեն նկատում են բազմամարդ տեսարանների լուծումների ներքին դրամատիզմը, թե ինչպես են շիկացման պահին մարդիկ խմբվում-գնդվում, ապա ցրիվ գալիս... ռեժիսորի ձեռքը հետեւում է հատկապես, որ երգեցողության ընթացքը մեխանիկական չլինի, երգիչները առավել «քողարկված» կերպեր գտնենՙ դիրիժորի ձեռքին հետեւելու... Այդպիսի արտիստ-երգչի օրինակ կար օպերային թատրոնում. հրաշալի Դավիթ Պողոսյանը: Երգի դրամատիզմը առավելագույնս զուգակցելով դերասանական խաղին, հոգեկան արտահայտչականությանըՙ հասնել կտավի ներքին շիկացմանը: Նկատելի էր եւ բեմական շարժման աշխուժությունը, դինամիկան: Այս երիտասարդ օջախի երիտասարդ ընտրյալները լավ էին հասկանում եւ ստեղծագործական առաջին քայլերից ձեւավորվում էինՙ որպես նորաոճ արտիստական ուժեր: Նրանք առիթ ունեին տեսնելու նաեւ օպերային թատրոնի նոր բեմադրիչիՙ Տիգրան Լեւոնյանի բեմադրությունները, որոնք իրականացվում էին թատրոնի դրամատիկ տարերքի խոր զգացումով եւ քանդակային արտահայտչականությամբ: Երեւի սա այն բացառիկ շրջանն էր, ուր համընկնում էին թատրոնի եւ ուսումնական օջախի գեղագիտական սկզբունքները, եւ արդյունքը տեսանելի էր ամենքին: Ափսոս, թատրոնը նորից գլխատվեց եւ ամեն ինչ խոտորեց իր ուղուցՙ հակառակ կողմից առավել կարեւորելով օպերային ստուդիայի գոյությունը (բարեբախտաբար նրա կրթական-ստեղծագործական կարգավիճակը դուրս մնաց «չար աչքից»...):
Կյանքը քանիցս հաստատում է, որ ամեն ինչ վճռում է այն, թե գործը կամ օջախը տնօրինողն իր համար ի՞նչն է համարում առաջնայինը, գո՞րծը, թե սեփական շահերը... Երկու Հովհաննեսներն էլ գործի նվիրյալ են եւ առաջին տեղում նրանց համար կրթական-ստեղծագործական օջախն է: Չէ՞ որ այս օջախից ելած շատ երիտասարդներ մեծ հաջողությամբ փայլատակում են աշխարհի օպերային բեմերում, քանզի նրանց պատրաստող հողն էր նպաստավոր: Ստուդիայի նոր բեմադրությունների մեծ մասը առաջին ագամն է հնչում մեզանում եւ լինելով ինքնատիպ ու հետաքրքրական կտավներՙ մեծապես նպաստում է երիտասարդ ուժերի շնորհի բացահայտմանն ու աճին: Թե Պ. Դյուսապենի «Նեռը» օրատորիան եւ թե շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի «Պրոմեթեւս-12»-ը, Չիմառոզայի «Դիրիժորն» ու Հայդնի «Դեղագործը» այնքան տարաոճ, ինքնատիպ ու բարդ կտավներ են, որ ինչպես բեմադրիչի, այնպես եւ երգիչ-երգչուհիների առջեւ դնում են ոչ միայն ստեղծագործական-կատարողական, այլեւ երաժշտական իմացության, բարձր ճաշակի խնդիրներ, որոնց հաղթահարումով է միայն հնարավոր ուշագրավ բեմադրության ստեղծումը: Այլեւս չասենք Պուչինիի եռագրության («Թիկնոց», «Քույր Անժելիկան» եւ «Ջանի Սկիկի») մասին, ուր յուրաքանչյուրը առանձին ու ամբողջական կտավ է: Այստեղ մենք պետք է թռիչք կատարենք օպերային ստուդիայի վերջին բեմադրությանը, որը բոլոր իմաստներով պատիվ բերեց ե՛ւ հայերիս, ե՛ւ ստուդիային: «Լյուչիան» ոչ միայն խաղացվեց իտալական օրերին, այլեւ մեր օպերային բեմումՙ պարզերես անելով ամենքիս:
Պարզապես անհավատալի էր, որՙ երիտասարդ միանգամայն ինքնատիրապետումով ու ներքին, հարաճուն դրամատիզմով կարողացավ սկզբից մինչեւ վերջ տանել այդ բարդ հոգեվիճակ ունեցող կերպարը եւ զմայլել միայն ոչ հաճելի կոլորատուրայով, այլեւ արտիստական ներշնչանքով: Երկու տարի առաջ երաժշտության եւ թատրոնի սիրահարները լցվեցին «Մոսկվա» կինոթատրոնՙ դիտելու «Ախթամար» կինոնկարը: Պոլսահայ անվանի կոմպոզիտոր Սիրվարդ Կարամանուկի սիմֆոնիկ պոեմն էր, որ Հովիկը երազում էր նկարել Վանա լճի ափին: Նախնիները Վանից էին եւ հերթով հեռացանՙ կարոտը հոգում... Երազում էր նաեւ մի պուտ ջուր ու մի բուռ հող բերելՙ նրանց շիրիմներին ցանելու... Չեղավ. բավարարվեց մեր Սեւանով, բայց այնպիսի կենցաղ ու գունեղ կտավ փռեց լճափին, որ բոլորը կարծեցին Վանում է... Կտավն էլ սովորական չէր. իր հերոսներին որոնելիս գտավ այնպիսի հրաշք աղջիկներ ու տղաներ, որ որոշեց երկու կազմով նկարել (օպերատոր Սամվել Օհանյան):
Շնորհալի արվեստագետ, որ չի մոռանում իր գողտրիկ օջախի համար որեւէ բարի գործ արածներին. դիրիժորներ Արա Մարկոսյանին, Մերուժան Սիմոնյանին, Արմեն Վարդանյանին, Զավեն Վարդանյանին, ռեժիսորներ Արմեն Մելիքսեթյանին, Դավիթ Բարխուդարյանին: Հապա նրա կյանքում հանդիպած մեծե՞րը. Ղազարոս Սարյանից մինչեւ Օհան Դուրյան... Այդ նրանք են ձեւավորել արվեստի, երաժշտության մասին նրա հայեցումը: Այսօր նա ինքը սեփական հայեցումն ունիՙ աշխարհին ու երաժշտությանը: Գտնում է, որ ռեժիսորը պետք է կարողանա պարտիտուր կարդալ, թափանցել կոմպոզիտորի աշխարհը, զգալ նրա շունչն ու ոգին, դարի շունչն ու գեղագիտական ոճը եւ այդ ամենը «խոսեցնել» իր ժամանակի հետ:
Աներկբա է, որ ուսանողական թատրոնը մեծ դժվարությամբ է լուծում ներկայացման ձեւավորման ու զգեստավորման հարցերը եւ փառք Աստծո, որ հատկապես իտալական կառավարությունն օգնում է հնարավորության չափով: Այսօր հնարավո՞ր է գերագնահատել օպերային ստուդիայի մեծագործությունը (այո, հենց այդպես), որ իր օջախը ոչ միայն վերածել է մշակութային վայրի, ուր գալիս են հուսադրվելու մեր վաղվա օպերային ուժերով, այլեւ ամբողջական օպերային ստեղծագործություններ վայելելու... Բոլոր դեպքերում սա զավակն է մեր ավագ օպերային բեմի, իսկ զավակի աչքերը միշտ հառված են լինում մորը... Ապրենք եւ հուսանք: