ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2012-04-14 | #8, 2012-04-28 | #9, 2012-05-12


«ԵՎՐՈՊԱՑԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐ». ՖՐԵԴԵՐԻԿ ՄԱԿԼԵՐԸ ՀԱՅԱԳԵՏ

VI հատոր, «ԶԱՆԳԱԿ - 97» հրատ., Երեւան, 2011, 222 էջ

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի տեղակալ, բանասիրական գիտությունների դոկտոր

XIX դարում եւ XX դարի առաջին ու երկրորդ կեսերին հայագիտությունը բուռն ծաղկում ապրեց Եվրոպայումՙ Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում: Առանձնացված, սակայն եվրոպական հայագիտության հետ անմիջական հարաբերությունների մեջ էր նաեւ Ռուսաստանը` հատկապես Պետերբուրգում եւ Մոսկվայում գտնվող հայագիտական իր բեղուն կենտրոններով: Եվրոպացի հայագետներն առաջին հերթին սերտ կապերի մեջ էին Վենետիկի, Վիեննայի Մխիթարյան միաբանությունների անդամների, ինչպես նաեւ Կ. Պոլսի, Թիֆլիսի ու Էջմիածնի նշանավոր հայագետների հետ: Գիտական այս կարեւորագույն շարժման երախտավորներին է նվիրել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, անվանի գրականագետ, բանասեր, միջնադարագետ Աելիտա Դոլուխանյանն իր «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի վեց գրքերը: Միջնադարը, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը եվրոպացիներին ու աշխարհին ներկայացնող հայագետներից այդ մատենաշարով Ա. Դոլուխանյանն արդեն մենագրություններ է նվիրել Ֆելիքս Նեւին, Մարի Ֆելիսիտե Բրոսսեին, Էդուարդ Դյուլորիեին, Վիկտոր Լանգլուային, Ֆրեդերիկ Ֆեյդիին ու Ֆրեդերիկ Մակլերին:

Ներկայացվող գիրքը նվիրված է ֆրանսիացի նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Մակլերին (1869-1938 թթ.), որը երկար տարիներ գլխավորել է հայերենի ամբիոնը Փարիզի Արեւելյան կենդանի լեզուների դպրոցում ու պատրաստել է մի շարք ընտիր հայագետներ. նրանց մեջ ամենանշանավորը դարձավ Ֆրեդերիկ Ֆեյդին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվերով 1964-ին ֆրանսերենով թարգմանեց ու հրատարակեց «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրըՙ բացառիկ տպավորիչ առաջաբանով ու բանասիրական խորագնա հետազոտության արդյունք ծանոթագրություններով:

Աշխատանքը բաղկացած է նախաբանից, երկու գլխից (որոնցից առաջինն ունի ինը, երկրորդըՙ յոթ բաժին), «Վերջաբանի փոխարեն» խոսք, «Հավելված» եւ օգտագործված գրականության ցանկ:

Նախաբանում Ա. Դոլուխանյանը փաստում է, որ բացի առանձին գրքերով իր հայագիտական ուսումնասիրությունները հրապարակ հանելուց, Ֆ. Մակլերը շատ հաճախակի տպագրվել է ֆրանսիական ու հայկական պարբերականներումՙ «Revue Archռologique», «Journal Asiatique», «Nouvel Revue», «Revue des traditions populaires», «Foi et vie», «Revue des Etudes Armռniennes», «Անահիտ», «Բանասէր» եւ այլն: Հայագիտությունը Ֆրանսիայում ու Եվրոպայում զարգացնելու նպատակով Ֆ. Մակլերը նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլի, աշխարհահռչակ լեզվաբան Անտուան Մեյեի ու մեծ հայասեր Վիկտոր Բերարի հետ 1919-ին Փարիզում հիմնել է «Հայագիտական ընկերությունը», իսկ 1920 թ. Ֆ. Մակլերն ու Ա. Մեյեն սկսում են հրատարակել հայագիտական ուսումնասիրությունների հանդեսը («Revue des Etudes Armռniennes»), որը լույս է տեսնում նաեւ մեր օրերում:

Հայագիտական հետազոտությունների նպատակով Ֆ. Մակլերն այցելել է Եվրոպայի եւ Ասիայի այն բոլոր երկրները, որոնց գրադարաններում կային եւ կարող էին լինել հայկական ձեռագրեր: Նա այցելել է Հոլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ավստրիա, Լեհաստան, Դանիա, Ռումինիա, Բուլղարիա, Սիրիա:

«Բացառիկ տեղեկություններ հայ գրականության եւ մշակույթի վերաբերյալ Ֆ. Մակլերի Հայաստան կատարած ուղեւորությունից» բաժնում Ա. Դոլուխանյանը ներկայացնում է Մակլերի ուղեւորությունը Կ. Պոլիս, Թիֆլիս, Էջմիածին, որն իրականացվել է 1909-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին: Այդ ուղեւորությանը Մակլերը նվիրել է առանձին գիրք, որը պատկերազարդ է, եւ նկարները ներկայացնում են Հայաստանի պատմական հուշարձանները: Մակլերի ուղեւորությունն ունեցել է ֆրանսիական պետության հովանավորությունը: Հայագետի ուղեգրական հաշվետվությունը գրքի ձեւով լույս տեսավ Փարիզում 1911-ին: Նրանում փաստացի հիմնավորվում են, թե որքան կարեւոր դեր են խաղացել հայերը թե՛ Թիֆլիսի եւ թե՛ Կ. Պոլսի կյանքում: Մակլերը գրում է. «Չնայած Թիֆլիսը վրաց թագավորության մայրաքաղաքն է, սակայն բնակչության մեծ մասը հայեր են: Վրաստանի քաղաքները բնակեցված են հայերով, այն դեպքում, երբ վրացիներն ապրում են գյուղերում: Ռուսական տիրապետության ժամանակ հայերը մեծ թիվ էին կազմում, եւ քաղաքապետարանի անդամների երեք քառորդը հայեր էին: Ողջ առեւտուրը, ինչպես եւ տեղական արդյունաբերությունը հայերի ձեռքում էր: Տեղական բանկային գործը նույնպես հայերի ձեռքին էր, բացի վրաց ազնվականների բանկից: ... Թիֆլիս քաղաքի անշարժ գույքի, հողակտորների, այգիների մեծ մասը պատկանում էր հայերին» (էջ 149):

Մակլերը թվարկում է Թիֆլիսում հրատարակվող պարբերականները, որոնց մեծ մասը եւս հայկական էր: Հայագետի ուղեգրության կարեւոր հատվածներից մեկը նվիրված է հայ թատրոնին ու հայ նոր թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանին, որին Մակլերն անձամբ հանդիպել է ու թողել անմոռաց հուշեր: Հայտնի է, որ Փարիզի Արեւելյան կենդանի լեզուների դպրոցի հայագիտական ամբիոնը հիմնվել է եդեսացի հայրենասեր հայիՙ Շահան Ջրպետի ջանքերով 1810 թ., եւ այդ ամբիոնը բացելու գործում մեծ դեր է ունեցել Նապոլեոն Բոնապարտը: Հետո էլ Ջրպետի հիմնած ամբիոնը գլխավորել է Ֆրեդերիկ Մակլերը:

Գաբրիել Սունդուկյանը քաջ տիրապետում էր ֆրանսերենին, եւ դա Շահան Ջրպետի շնորհիվ, որովհետեւ վերջինս Թիֆլիս տեղափոխվելուց հետո ապրել է Գաբրիել Սունդուկյանի հայրական տանը եւ դրամատուրգի մոր խնդրանքով Ջրպետի ֆրանսուհի կինը երկար տարիներ ֆրանսերեն է սովորեցրել աշակերտ Գաբրիելին: Հայագետը համառոտակի ներկայացնում է Սունդուկյանի ստեղծագործությունը եւ շատ կրթված այդ գրողից ստացած հիացական տպավորությունը: Սունդուկյանը խոստովանում է, որ իր ողջ ստեղծագործությունը նվիրված է հայ կնոջ ազատագրման խնդիրներին: Ծերունազարդ դրամատուրգը ցնցված էր երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայերի կոտորածի փաստից ու իր նոր պիեսիՙ «Սեր եւ ազատություն» բեմադրության ողջ հասույթը տրամադրելու էր Ադանայի կոտորածից փրկվածների օգնության համար:

Մեծարժեք է նաեւ Մակլերի գրքի «Կոստանդնուպոլսի հայերը» բաժինը: Մակլերը նշում է, թե ինչ ճնշումներ ու բռնություններ են գործադրում թուրքերը Արեւմտահայաստանի հայերի նկատմամբ: Թուրքերը հայերին տեղ չեն տալիս բանկային գործում, խոշոր առեւտրի եւ արդյունաբերության մեջ: Հայերը Թուրքիայում ունեն փոքրիկ արհեստանոցներ, զբաղվում են գորգի գործով, ունեն տպարաններ, հատկապես ոսկերչական ու զարդերի արհեստանոցներ: Ուշագրավ է Մակլերի այն դիտարկումը, ըստ որի Կոստանդնուպոլսի գրական եւ մշակութային կյանքում հայերն առաջ են անցել ոչ միայն թուրքերից, այլեւ Օսմանյան կայսրության մեջ բնակվող մնացած բոլոր ազգերից: Հատկապես հայերն առաջ են անցել նրանցից թարգմանական գործում. նրանք մեծ եռանդով թարգմանում են ֆրանսիական, անգլիական, իտալական, ռուսական գրականությունից առանձին երկեր:

Մակլերը քաջածանոթ էր միջնադարյան հայ գրականությանը, ինչպես նաեւ նոր գրականությանըՙ արեւելահայ ու արեւմտահայ հատվածներով: Նա ֆրանսերենի է թարգմանել Սեբեոսի պատմությունըՙ այդ երկի մեջ տեսնելով միջազգային պատմական արժեք: Ա. Դոլուխանյանը «Սեբեոսի պատմության ֆրանսերեն թարգմանությունը» բաժնում հանգամանալից քննության է ենթարկում Մակլերի այս աշխատանքը: Սեբեոսի երկի առաջաբանում հայագետը նկատում է. «Սեբեոսն ամեն ինչ ճիշտ է պատմում, առանց վիճաբանելու, առանց քննական մոտեցում ցուցաբերելու: Պատմիչը հետեւում է իր ժամանակի պատմական դեպքերի ընթացքին եւ թվում է, թե ծանոթ է նաեւ բյուզանդական ու արաբական պատմիչներին եւ ժամանակագիրներին: Սեբեոսը չի նշում այն աղբյուրները, որոնցից քաղել է փաստերը, եւ նրա գիրքը հենց մի կարեւոր աղբյուր է, որից հետագա պատմիչները քաղելու են իրենց տեղեկությունները» (էջ 7-8):

Նկատենք, որ Ա. Դոլուխանյանը Մակլերի թարգմանության առաջաբանն ու ծանոթագրությունը բաղդատում է Գեւորգ Աբգարյանի հրատարակած Սեբեոսի պատմության քննական բնագրի ընձեռած տվյալների հետ:

Պատմական առումով մեծարժեք են պատմական Հայաստանի կարեւոր բնակավայրերից մեկինՙ Զեյթունին նվիրված հետազոտությունը: Հայկական այս քաղաքը գրավել է հայագետի ուշադրությունըՙ նրա բնակիչների ըմբոստ ոգին աշխարհին ներկայացնելու նպատակով: Մակլերի գիրքը կոչվում է «Կիլիկիայի շուրջը, Զեյթուն (Համառոտ պատմություն հայկական ազգագրության)»: Իր այս աշխատությունը Մակլերը տպագրել է 1916-ին «Journal Asiatique» ամսագրի 1-ին հատորում: Նրանում հեղինակը լայնորեն օգտագործել է Հ. Ալավերդյանի «Ուլնիա կամ Զեյթուն, Լեռնային աւան ի Կիլիկիա, Նկարագիր տեղական, կենսական, բանասիրական եւ լեզուաբանական» (Կ. Պոլիս, 1884) գիրքը: Բացի այդ, Մակլերը օգտագործել է օտար աղբյուրներՙ հատկապես Կիլիկիայի պատմական անցյալը ներկայացնելիս: Զեյթունի մասին ազգագրական հետազոտության ազդակը 1915 թ. Հայոց եղեռնը դատապարտելն էր: Բացի ազգագրական մանրամասներից, հայագետը զեյթունցիների բարբառով ներկայացրել է բանահյուսական հարուստ նյութերՙ հեքիաթներ ու զրույցներ, օրհնանքներ, անեծքներ, երդումներ, առած-ասացվածքներ, որոնց մի մասի համարժեքները Ա. Դոլուխանյանը ներկայացնում է արդի հայերենով:

Մակլերը փաստում է այն խարդավանքը, որի միջոցով երիտթուրքերի կառավարությունը նենգորեն ու խաբեությամբ ստիպեցին զեյթունցիներին վայր դնել ինքնապաշտպանական զենքը. «... հայագետը նկարագրում է, թե ինչպես երկար դարեր անընկճելի զեյթունցիները, գերմանական հյուպատոսի մատնությամբ ու դրուժանությամբ ընկճվեցին ու դաժանորեն կոտորվեցին թուրք զինվորների ձեռքով: Ֆ. Մակլերը պնդում է, որ այդ իրողությունը պետք է արձանագրել, որովհետեւ այն դառնում է մարդկության ընդհանուր պատմության մասը» (էջ 35):

1930-ին Փարիզում լույս է տեսնում Ֆ. Մակլերի «Հայաստան եւ Ղրիմ» աշխատությունը, որի ստեղծման համար հեղինակն օգտագործել է տարբեր ճանապարհորդների ուղեգրական նոթերը: Ա. Դոլուխանյանը քննախույզ հայացքով «Ղրիմի հայկական գաղթօջախի մասին» բաժնում անդրադառնում է հայագետի այս հետազոտությանը: Մակլերը համեմատում է օտարազգի ճանապարհորդների հաղորդածները, հայկական ձեռագրական նյութերը, Ք. Վ. Քուշներյանի «Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց, Ա. Ճանապարհորդութիւն ի Նոր-Նախիջեւան, Բ. Պատմութիւն Թէոդոսիոյ, Գ. Ուխտագնացութիւն ի Կամենից» (Վենետիկ, 1895) գիրքը: Նա փաստում է, որ Կաֆայումՙ Ղրիմում, հայերը հաստատվել են ավելի վաղ, քան ճենովացիները ու մեծապես նպաստել են Ղրիմի թերակղզու բարգավաճմանը: Մակլերը նշում է, թե ինքը ժամանակագրական կարգով կնկարագրի այն ձեռագրերը, որոնք ձեռքի տակ ունի եւ որոնց շնորհիվ առանց որեւէ ճիգի կարելի է տեսնել, թե ինչպիսի բարձր արվեստ են ունեցել Ղրիմի հայերըՙ ստեղծելով գրչության եւ մանրանկարչության իսկական կոթողներ, եւ որ դա հակասում է այն թեր գնահատականներին, որ ղրիմահայությանը տվել է գերմանացի ճանապարհորդ Ն. Կլեմանը:

Մակլերի պատմական բնույթի հետազոտություններում հատկապես ուշագրավ է «Բաղեշի Աստվածամոր տաճարը» հետազոտությունը, որը քննվում է համանուն բաժնում: Գիտական բարեխղճությամբ նա ներկայացնում է Բաղեշ (Բիթլիս) քաղաքի պատմությունը եւ նրա մշակութային դերը հայ ժողովրդի կյանքում: Հայագետը շեշտում է, թե Բաղեշն իր բնակչությամբ հայատարր էր, ուներ հիանալի վանքեր ու եկեղեցիներ, ջրառատ էր ու աչքի էր ընկնում իր գեղեցիկ, պտղատու այգիներով: Նա խոսում է Բաղեշի վանական ու կրթական միջավայրի հետ կապվող հայ միջնադարի մեծերի մասին, որոնցից մեկը նշանավոր Մկրտիչ Նաղաշն էրՙ Բաղեշի մոտ գտնվող Պոռ գյուղից: Ա. Դոլուխանյանը նկատում է, որ Մկրտիչ Նաղաշի, Առաքել Բաղիշեցու վերաբերյալ Ֆ. Մակլերի հաղորդած փաստերն ու գնահատականները ցարդ չեն դրվել գիտական շրջանառության մեջ:

Մակլերն անդրադարձել է նաեւ հայ դավանանքի խնդիրներին ու ֆրանսերեն է թարգմանել XIV դ. նշանավոր մատենագիր, աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ Գրիգոր Տաթեւացու «Ընդդէմ տաճկաց» հակաճառությունը: Համանուն բաժնում Ա. Դոլուխանյանը նշում է, թե միջնադարում «Ընդդէմ տաճկաց» գործն ունեցել է ազգապահպան ու գործնական նշանակություն: Նա գրքի «Հավելվածում» ներկայացնում է այդ գործից մի հատված Ֆ. Մակլերի ֆրանսերեն թարգմանությունիցՙ զուգադրելով այն գրաբարյան համապատասխան բնագրի հետ:

Աշխատության առաջին գլխում խոսվում է նաեւ Ֆ. Մակլերի հրատարակած Մարիբասի քարշունի բնագրի մասին, որը կապվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» հետ, մանրամասն անդրադարձ կա անվանի պատմաբան Մ. Զուլալյանի թարգմանած Մակլերի «Հայաստանը եւ Իսլանդիան» հոդվածին:

Հայաստանի պատմական ճակատագիրն ամփոփ Մակլերը ներկայացրել է «Հայերենի ամբիոնն Արեւելյան կենդանի լեզուների դպրոցում» ծավալուն հետազոտություն-դասախոսության մեջ, իսկ Արեւմտահայաստանի հայության ճակատագիրն ամբողջական ձեւով պատկերված է «Հայասատնի շուրջը» գրքում, որը ցասումնալի բողոք է երիտթուրքերի կազմակերպած 1915 թ. Հայոց ցեղասպանության դեմ: «Հայաստանի շուրջը» գիրքը լույս է տեսել 1917-ին: Գրքի սկզբում հայագետն ընթերցողին կողմնորոշելու համար ներկայացնում է ֆրանսերենով հրապարակված մի շարք աղբյուրներ, որոնք լույս են սփռում Հայկական հարցի վրա: Նա մեջբերումներ է կատարում հատկապես Գաբրիել Մուրեի եւ Շառլ Դիլիՙ Հայաստանին նվիրված երկերից ու Մաղաքիա արք. Օրմանյանի գործերից: Մակլերը լայնորեն օգտվում է Սեն Մարտենի, Մ. Բրոսսեի, Վ. Լանգլուայի, Էդ. Դյուլորիեիՙ հայ պատմիչների երկերի թարգմանություններից, Հայոց եղեռնի ականատեսների դատապարտող հոդվածներից: Նա անդրադառնում է Սան Ստեֆանոյի պայմանագրին եւ Բեռլինի կոնգրեսի որոշումներին, խոսում է Կովկասի հայերի ազատագրական կռիվների մասին մահմեդական Պարսկաստանի ու Թուրքիայի դեմ, որի առաջին ջահակիրը դառնում է հերոսական Ղարաբաղը, որ Արեւելահայաստանից ավելի շուտ է թոթափում մահմեդական լուծը ու միանում ռուսական կայսրությանը: Խոսում է Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական կռիվների մասին, այնուհետեւ ներկայացնում 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: «Այս պատերազմում,- գրում է Ֆ. Մակլերը,- հայերը կամովին թափել են իրենց արյունըՙ օգնելով ռուսական զորքին, ազատելու Նախիջեւանի ու Երեւանի խանություններըՙ հայերի երկիրը» («Pays des Armռniens») (էջ 21): Մակլերը փաստում է, որ Ռուսաստանին միանալուց հետո հայ ժողովրդի ազգային անկախությունը պաշտպանող ուժերը փորձում են կատարել երկրորդ քայլը եւ հասնել Հայաստանի իրական անկախացմանը: Այդօրինակ ուժերի պարագլուխը Ներսես Աշտարակեցի կաթողիկոսն էր, որին Մակլերն անվանում է «փիլոն հագած Գարիբալդի»:

Ա. Դոլուխանյանը շատ բարձր է գնահատում Ֆ. Մակլերի այս գիրքը. «Ֆ. Մակլերի «Հայաստանի շուրջը» հատորը մեծ ներդրում է հայագիտության եւ հայոց ցեղասպանության խնդիրներում գիտական ու անկողմնակալ միջազգային քաջատեղյակ տեսակետ ձեւավորելու հարցում. այն այսօր էլ շարունակում է մնալ արդիական ու հրատապ» (էջ 23):

Մենագրության երկրորդ գլուխը կրում է «Հայ գրականությունն ու մշակույթը Ֆ. Մակլերի հետազոտություններում» վերնագիրը: Ֆ. Մակլերի հայագիտական ծառայություններից մեկն էլ Փարիզի Ազգային գրադարանի հայկական ձեռագրացուցակի կազմելն ու հրատարակելն է, որի առաջաբանն ունի ճանաչողական մեծ արժեք: Հայագետն ըստ այդ առաջաբանի լիովին պատկերացում է տալիս, թե ովքե՞ր, ե՞րբ եւ ինչպե՞ս են ստեղծել այդ հավաքածուն:

«Ֆրեդերիկ Մակլերը հայագետ» գրքից իմանում ենք հայագետի 1932-ին հրատարակած «Ժամանակակից հայ գրականության քրեստոմատիան», որում զետեղված են XIX եւ XX դարերի արեւելահայ ու արեւմտահայ գրողների որոշ գործեր: Քրեստոմատիային կցված է հայերեն-ֆրանսերեն հարուստ բառարան:

Ֆ. Մակլերի հայագիտական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. նա անդրադարձել է հայկական երաժշտությանը, միջնադարյան մանրանկարչությանն ու զարդարվեստին, աշուղական երգարվեստին: Շատ է հավանել աշուղ Ջիվանու երգերը եւ Արշակ Չոպանյանի թարգմանությամբ ներկայացրել է նրա երկու երգըՙ «Ձախորդ օրերը» եւ «Աշուղը»: Մակլերի կարծիքով ամենից ճշգրիտ Ջիվանին է բացատրում, թե ով է աշուղը:

Էջմիածին այցելած ժամանակ Մակլերը ծանոթացել ու մտերմացել է մեծն Կոմիտասի հետ, հիացել հայ ժողովրդական երգերի նրա մշակումներով, տպավորվել հանճարեղ կոմպոզիտորի մարդկային անմիջական վերաբերմունքից: Այս փաստերը եւս առաջին անգամ են դրվում գիտական շրջանառության մեջ:

Ա. Դոլուխանյանը ներկայացնում է Մակլերիՙ Գոշի առակներին տված գնահատականը. նա փաստում է, թե ֆրանսիական առակագրության խոշորագույն դեմքիցՙ Լաֆոնտենից առաջ, Մխիթար Գոշը առակների գործող անձեր դարձրեց բույսերին: Մակլերը ֆրանսերեն է թարգմանել Մխիթար Գոշի 190 առակներից 178-ը:

Ֆ. Մակլերը զբաղվել է նաեւ հայ մանրանկարչությամբ ու զարդարվեստով եւ 1913-ին ու 1924-ին այդ թեմայով հրատարակել է երկու ծավալուն հետազոտություն: Հատկապես 1924-ին լույս տեսած «Հայ աշխարհիկ զարդարվեստը» գրքում հայագետը նոր խոսք է ասում Ալեքսանդր Մակեդոնացու վարքի հայկական տարբեր խմբագրություններին կցված աշխարհիկ թեմաներով մանրանկարների մասին:

Ի վերջո, Ա. Դոլուխանյանը գիտական շրջանառության մեջ է դնում ցարդ անհայտ Ֆ. Մակլերի ամբողջական ուսումնասիրությունըՙ նվիրված հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի կյանքին ու գործին, ինչպես նաեւ նրա մեծ հովանավոր Ֆրիդրիխ Պարրոտի տոհմաբանությանը, որն իր արմատներով ձգվում է մինչեւ կաթոլիկ եկեղեցու Ուրբանոս V պապըՙ խաչակրաց արշավանքների խրախուսիչներից մեկը: Կարեւոր է Խ. Աբովյանի գործին ու ստեղծագործությանը տված հայագետի այն գնահատականը, ըստ որի Աբովյանն իր գործով ապահովել է հայ ժողովրդի հարատեւությունը եւ նրա «Վերքի» ներշնչանքով են ծնվել Րաֆֆու հայրենասիրական գործերը:

Ա. Դոլուխանյանի գիրքը նորություն է ու արժանի է թարգմանվելու եվրոպական լեզուներով, նաեւ ռուսերենով, որովհետեւ այն Ֆրեդերիկ Մակլերի կողմից առաջ է քաշում այնպիսի կենսական հարցադրումներ, որոնք հայագիտության համար ե՛ւ հրատապ են, ե՛ւ արդիական:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4