ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-04-28 | #9, 2012-05-12 | #10, 2012-05-26


ՍԱՐՅԱՆԻՆ ՀԻՇԵԼՈՎ

ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Արվեստաբան, Ջոտտոյի տուն-թանգարանի տնօրեն

Եթե լուսավորության բնագավառի մեր խելոքները լայնախոհ լինեին, դպրոցական դասագրքերի մեջ կհրատարակեին հայ մանրանկարչության նմուշները, Սարյանի 1900-1910-ական թվականների գեղանկարների վերատպությունները: Այդպիսով, հայությունը կմոտենար իր անկրկնելի ստեղծագործություններին եւ գուցե թե դարավոր մշակույթի տերը դառնար: Մեր ազատ արվեստը, այսինքնՙ մանրանկարչությունն ու Սարյանը, չեն քարոզվում, տարածվում աշակերտության մեջ, որովհետեւ խելոքները կարծում են, թե երեխաների ու պատանիների ճաշակը այդպիսով կարող է փչանալ: Որովհետեւ պրոֆեսորները կարծում են, թե նկարիչը նախ պետք է կարողանա տիրապետել ծավալին, լուսաստվերին, հեռանկարին, ապա նոր մտածի ազատ նկարչության մասին: Սակայն, դժբախտաբար, գեղանկարչի, քանդակագործի մասնագիտություններին հմտորեն տիրապետողները արվեստի մեջ ավելի հաճախ նմանվում են պատահականորեն ծովի առջեւ հայտնված այն «լողորդին», որը օվկիանոսներով նավարկել է զանազան մեծ նավերով, սակայն երբեք որեւէ գետի մի ափից մյուսը չի անցել լողալով:

Ես ուզում էի խոսքս սկսել «Սարյանն իմ մեջ ապրում էր շատ վաղուց», եւ անմիջապես պատկերավեց, թե ինչպես հայ մանուկների (օ՜, նրանք բոլորը չափազանց տաղանդավոր են մինչեւ զանազան դպրոցների եւ կասկածելի կենտրոնների շեմերից ներս մտնելը), հայ պատանիների մեջ կապրեր Սարյանը, եթե «Այբբենարանի» մեջ տեսած լինեին 1907-ին նկարված «Հովազները» կամ «Հեքիաթներ ու երազներ» շարքի որեւէ նկար:

Դասագրքերի մեջ չկա մեծ ու անկրկնելի Սարյանը (վաղ շրջանը), հեռուստատեսության, լրագրերի, առօրյա խոսակցության մեջ հայ արվեստը մոտավորապես սկսվում է Այվազովսկու պատկերներով եւ վերջանում է Էմիլ Գազազի քանդակներով: Ահա թե ինչու հայ մարդու մեջ հայ մանրանկարչությունը ոչ մի տեղ չի զբաղեցնում: Ահա թե ինչու նա վազում է տեսնելու Սալվադոր Դալիի նկարները, մինչդեռ արվեստի պատմության համար շատ ավելի կարեւոր մեկի ` Ջորջո դը Կիրիկոյի ցուցահանդեսը, որը տարիներ առաջ բացվեց Ազգային պատկերասրահում, նա այդպիսի մղումով չտեսավ:

Իսկ Հայաստանի, Ջավախքի եւ հայոց մյուս աշխարհների մեջ ծնված պատանին մանրանկարչության, Սարյանի, Կալենցի, գույնի մյուս վարպետների կարիքը զգում է օդի ու ջրի նման: Բայց այդ պատանին հասակ է առնում գաղափարական, հոգեբանական, բարոյական անիմաստ ու անպետք կաղապարներով եւ հետո բոլորովին չի համոզվում, թե ծավալ ու հեռանկար չունեցող հայ մանրանկարիչը շատ ավելի արվեստագետ է, քան ծավալի եւ հեռանկարի հնարավորությունները չարաշահած Սալվադոր Դալին եւ մյուսները:

Երբ ես աշխատում էի Սարյանի թանգարանում, այսինքն` 1967-ից մինչեւ 1970-ական թվականների սկիզբը, աշխարհում երբեմն փայլատակում էին միտքը, արվեստը, նույնիսկ արդարության ձգտող մարդկային կամքը: Ֆելինին եւ Անտոնիոնին այն ժամանակ նկարում էին իրենց ֆիլմերը, պետությունների ղեկավարները ամաչում էին Ժան Պոլ Սարթրից, Փարիզում, Բեռլինում ուսանողներն ապստամբել էին դասախոսների դեմ, Սարյանը երեւանյան իր արվեստանոցում երբեմն հիշում էր (արդյո՞ք հիշում էր 1910-ական թվականների նարնջագույն լույսերն ու ուլտրամարին ստվերները), Փարաջանովը նկարահանում էր «Նռան գույնը»: Երեւանում խոսում էին ռուսերեն թարգմանված Կաֆկայի, Սարթրի, Կամյուի, Սոլժենիցինի, Հրանտ Մաթեւոսյանի, Մինաս Ավետիսյանի ու Պարույր Սեւակի մասին, որոնց դարանակալ սպասում էր ոչ թե թատրոնի, այլ կյանքի ողբերգությունը:

Թբիլիսիից Արտեմ Ալիխանյանի հովանավորությամբ Երեւան էր տեղափոխվել նկարիչ Գեւորգ Գրիգորյանը (Ջոտտոն): Պատմում էին, իբրեւ թե Սարյանը Մոսկովյան (այժմ` Սարյան) փողոցում հանդիպում է թիֆլիսահայ այս նկարչին.

- Բարեւ, Միքելանջելո:

Վարպետ ջան, ես Ջոտտոն եմ, Միքելանջելոն չեմ,- արդարանում է Ջոտտո Գրիգորյանը:

Ա՜յ, տղա,- ասում է Սարյանը,- դու ո՛չ Միքելանջելոն ես, ո՛չ էլ` Ջոտտոն: Դու Գեւորգ Գրիգորյանն ես:

Սարյանի թանգարանը բացվեց 1967-ին: Իմ ավագ գործընկերներ Շահեն Խաչատրյանը եւ Ռուդոլֆ Խաչատրյանը չկամեցան, որ ես իրենց հետ մասնակցեմ Ջոտտո Գրիգորյանի ծննդյան տոնին, ուր, ի միջի այլոց, ներկա էր եղել Պարույր Սեւակը: Ռուդոլֆին ճանաչում էի ուսանողական տարիներից: Նրա արվեստանոցում առանձնանում էր Սարյանի հետ իր լուսանկարը: Սակայն ինքն անընդհատ խոսում էր Երվանդ Քոչարի, Վահրամ Փափազյանի մասին եւ ընդգծված ասում.«Մա՛նչս,- ասաց Փափազը,- կանանց չեմ սիրում»:

«Տղաներ,- մի քիչ հարբած ասում էր նա Ռազմիկ Դավոյանին եւ ինձ,- տասը տարի հետո Երեւանը կդառնա Փարիզ» : Տասը տարի հետո նա ապրեց Մոսկվայում եւ Լոնդոնում եւ իր ցուցահանդեսի այցելուների համար դարձավ երեւույթ` Երեւանում ծնված մի հայ, որը գույնի նկարիչ չէր եւ ստեղծում էր ուշադրություն գրավող ձեւածավալներ` համարյա Իսլանդիայում ծնված հետաքրքիր մեկի նման:

Երբ 1967-ին ես հասա Սարյան թանգարան, իմ իմացած սիրելի, ծանոթ նկարչի պատվանդանը գրավել էր մի հետաքրքրական ծերունի, բայց բոլորովին անծանոթ մեկը, որի դռները իմ առջեւ, համենայն դեպս, գոց էին: Ես նրա հետ խոսում, կատակում էի, բայց զգում էի ներքուստ, որ թանգարանի գիտաշխատող այսինչ այսինչյանս հռչակավոր նկարչի համար որեւէ հետաքրքրություն չէի ներկայացնում: Նա ուշադիր էր թանգարանի այցելուների հանդեպ, անկախ նրանց գիտական, կրթական, բարոյական մակարդակից, հարազատի նման զրուցում էր Մոսկվայից ժամանած ճանաչված գիտնականների, արվեստագետների հետ, իսկ խորհրդային կառավարության ղեկավար Ա. Կոսիգինին ու նրան ուղեկցող պաշտոնյաներին ուղղակի ապշեցրեց իր փայլուն ռուսերենով ու ոչ սովորական մարդու հատկանիշներով:

Հին ծանոթների նման ընդունում էր Վիլհելմ Մաթեւոսյանին, Շահեն Խաչատրյանին: Ես երբեք չէի խախտում ինձ համար սահմանված սահմանը: Այլապես կասեի. «Վարպե՛տ, ես պատանի ժամանակ փորձում էի նկարել Ձեր նման: Դուք դեռեւս 1961-ին այցելեցիք մանկավարժականի մեր նկարչական կուրսը, իմ նկարի առջեւ, համենայն դեպս, մի քիչ կանգնեցիք: Հետո կավելացնեի, թե 1965-ին Շահեն Խաչատրյանը «Ավանգարդ»-ում գրել էՙ «Մարտին Միքայելյանն ունի գույների պայծառ ներդաշնակություն»: Նաեւ կարող էի ցույց տալ Սարյանի հետ մեր կուրսի լուսանկարը: Բայց դրա կարիքը բոլորովին չկար: Սարյանի թանգարանի աշխատակիցը պետք է զուսպ ու կրթված լիներ:

Առաջին ամիսների աշխատանքով ոգեւորվածՙ Փարիզի «Աշխարհ» թերթը թանգարանի մասին հրապարակեց ծավալուն, տեղեկատվական, եւ իհարկե, «ջրով լի» մի հոդված Թորոս Թորանյանի ստորագրությամբ:

Թանգարանն այցելուի պակաս չէր զգում: Էքսկուրսիաները վարում էինք տնօրեն Շահեն Խաչատրյանը, ֆոնդապահ Լուսիկ Միրզոյանը եւ տողերիս հեղինակը: Հատկապես պատվավոր հյուրերին թանգարանի ցուցասրահներով ուղեկցում էր Շահեն Խաչատրյանը: Շատ քիչ էր պատահում, որ նշանավոր մարդկանց ես ուղեկցեի:

Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին հետաքրքրեց իմ խոսքը, Առնո Բաբաջանյանն ինքն էր խոսում իմ փոխարեն, իհարկե, ոչ թե Սարյանի նկարների , այլ իր եւ Զարիկի «քաջագործությունների» մասին, Լուսինե Զաքարյանը չէր դիմանա էքսկուրսիային, եթե Խորեն Պալյանը հայացքով չհասկացներ`«Անհարմար է, Վարպետի թանգարանում ենք, մի քիչ էլ դիմացիր, հիմա դուրս կգանք դեպի ազատություն»:

Այցելուները մեծ ուշադրությամբ լսում էին հատկապես տնօրենի բացատրությունները: Նրա խոսքին հետեւողները հատկապես հուզվում էին, երբ պատմում էր 1915-ին Էջմիածնում ապաստան գտած փախստականների եւ Սարյանի հոգեկան ծանր ապրումների մասին: Ի դեպ, նույնպիսի «ոգեւորությամբ» թանգարանի աշխատակիցները Եղեռնի թեման բարձրացնում են նաեւ այսօրՙ արդեն այս անգամ թեմայի մեջ ընդգրկելով նաեւ Սարյանի նատյումորտները :

Ես կարծում եմ Սարյանն այնքան շքեղ էություն է, եւ նրա արեւն ու լույսը այնքան կուրացուցիչ են, որ բացարձակապես կարիք չկա մեր ողբերգական մեծ էջի, նաեւ մեծ նկարչի կյանքի մի դրվագի մասին (մանավանդ այնքան է վատացել, որ վերադարձել է Թիֆլիս) խոսել «Սֆինքս», «Պարսկաստան», «Գիշեր: Եգիպտոս» անզուգական պատկերների ներկայությամբ: 1910-ական թվականների սարյանական կտավների կենսական էներգիան այնքան զորեղ է, այնքան կենսահաստատ, որ պետք չէ բարձրաձայնել մի թեմայի մասին, որը հասկանալի պատճառով Սարյանի նկարներում արտաքուստ շեշտված չէ, բայց մեծ արվեստով ու շնչով արտահայտված Է Վարուժանի ու Սիամանթոյի ստեղծագործություններում:

Սարյանի պատկերներում Եղեռնի թեման փնտրելը նման է խոշորացույցով «Մատյան ողբերգության» մեջ «հայ» բառը որոնելուն: Ուղղակի նաեւ, դժբախտաբար, մեր մտավորականության մեծամասնությունը չեն բացատրում, թե հայրենասեր հայը նա չէ, որն անպայման ձեռք է զարկում Եղեռնի, Անդրանիկի, Նժդեհի թեմաներին: Իսկական հայը նա է, ով ստեղծում է միջազգային մակարդակի արժեքներ որեւէ բնագավառում: Նկարչությունը լուսանկարչություն կամ կինո չէ, որպեսզի ամենայն մանրամասնությամբ ներկայացնի նյութը: Ահա թե ինչու խորքի մեջ հայի ճակատագիրը ներառած Արշիլ Գորկու հոյակապ ժառանգությունը ամբողջովին տարբերվում է Եղեռնը ներկայացնող Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմից:

Այդպես էլ չհասկացանք, որ ազգայինը խորքում պիտի փնտրել, այլ ոչ թե արտաքին նշանների մեջ: Մի՞թե պարզ չէ, թե Պետրոս Դուրյանի «Թրքուհին» շատ ավելի է հարստացնում , նաեւ զարդարում հայ գրականությունը, քան հայությանն ու Հայաստանին նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ: Մարդս կշիռ պիտի ունենա Արարատ նկարելու եւ Հայաստան բառը արտաբերելու համար, ինչպես Սարյանն ու «Ես իմ անուշ Հայաստանիի...» հեղինակը:

Դժբախտաբար, հայության երեւելիները կորած են բաժակաճառերի, գերադրական աստիճանի ածականների, ոչինչ չորոշող որոշիչների կույտի մեջ:

Խոսե Օրտեգա Ի Գասետը գերմանացի բարեկամին ուղղած նամակի մեջ մեղադրում էր գրականագետներին, որոնք Գյոթեի գործը վերլուծելու փոխարեն չարաշահում էին «հանճար», «տիտան» բառերը, ստեղծում գրողի անհասկանալի մոնումենտը:

Պրոֆեսիոնալ ու տաղանդավոր տեսաբանը Շեքսպիրի մասին անգամ խոսելիս զգուշությամբ է գործածում ածականները: Մերոնք երկու հոգով երկու էջ սովորական մի առաջաբան են գրել ճանաչված նկարչի ու քանդակագործի մասին, յոթ անգամ օգնության են կանչել «հանճարեղ» ածականին, «հանճար» գոյականին: Սարյանը նույնպես ծածկված է ոչինչ չասող բառակույտերով, հողի, արեւի, հայրենասիրության մասին գավառամիտ դատողություններով:

Հուշեր Սարյանի մասի՞ն... Զգուշությամբ ու կասկածանքով եմ վերաբերվում բոլոր գրածներին: Անդրեյ Բիտովի գրածը (որը հատված է գրքից), իհարկե, տաղանդավոր է: Բայց դա նրա բազմակողմանի հայացքն է: Նա այդպես հետաքրքրական կարող էր գրել նաեւ անտառապահի կամ այգեպանի մասին:

Դժբախտաբար, Սարյանի մասին չունենք հուշագրություն, որը ճշմարտացի լինի կամ այնքան վստահություն ներշնչի, որքան Նվարդ Թումանյանի «Հուշեր եւ զրույցներ»-ը կամ Վիգեն Իսահակյանի «Հայրս» գրքերը:

Ռուզան Սարյանի 2002-ին հրատարակած «Նամակները» ընթերցելուց հետո մտածում ես, որ Սարյան Մարտիրոսը բոլորովին ուրիշ մի մարդ է` շատ տարբեր Մաթեւոսյանի զրուցակցից եւ Շահեն Խաչատրյանի ուղեկցությամբ տարբեր վայրեր այցելած ալեզարդ ծերունուց:

Մաթեւոսյանն ու Խաչատրյանը իսկապես եղել են Սարյանի մտերիմները, բայց նրանց խոսքը` իրարից խիստ տարբեր, կրում է կանխամտածված կերպարի ազդեցությունը: Առաջինի դեպքում կարծես խոսում է Օքսֆորդի համալսարանի մի հայ պրոֆեսոր, երկրորդի դեպքում Սարյանը կարծես պերեդվիժնիկ է կամ մի Գեւորգ Բաշինջաղյան: Անկասկած, ե՛ւ պերեդվիժնիկ ռուս նկարիչը, ե՛ւ Գեւորգ Բաշինջաղյանը, ե՛ւ այս երկու հայ արվեստաբանները հարգանքի են արժանի: Բայց Սարյանը բոլորովին ուրիշ մեկն է ինձ թվում: Կարդացե՛ք Նինա Թազեխուլախովային ուղղված նամակները, մի անգամ եւս ուշադիր նայե՛ք «Փողոց. Կոստանդնուպոլիս» վերատպությունները, հետո անմիջապես ընթերցե՛ք վերոհիշյալ հեղինակներին, տեսե՛ք, մտածե՛ք, արդյո՞ք խոսքը ձեր զգացած Սարյանի մասին է :

Ինչու չեմ սիրում Սարյանի մասին հուշերը, որովհետեւ ինձ հետաքրքրում է մերկ ճշմարտությունը կամ Բիտովի նման տաղանդավոր մարդու «հնարածը»: Որքան էլ Վիլհելմ Մաթեւոսյանը եւ Շահեն Խաչատրյանը «Սարյանին խոսեցրել են», գրել են սիրով, մոռացել են, որ ընթերցողին ավելի հետաքրքրում է «Գիշեր. Եգիպտոս», «Փյունիկյան արմավենի» նկարների հեղինակը եւ ոչ թե Հայկ. ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջանը բացող, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ՍՍՀՄ ժող. նկարչի, Սոցիալիստական աշխատանքի հերոսի խոսքը:

Այն հռչակավոր մարդը, որի հետ 1960-1970-ական թվականներին ճակատագրի բերումով շփվեցի նաեւ ես, իմ իմացած, «ճանաչած» մեծատաղանդ նկարչից շատ էր տարբերվում:

Անկասկած, 1920-1970-ական թվականների նրա գեղանկարը եւ այդ տարիների իր ապրած կյանքը մեզ համար անկրկնելի արժեք են ներկայացնում: Սակայն իմ համեստ կարծիքով, վերջին պատկերը, որով Սարյանը հարստացրեց 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստը, դա Տրետյակովյան պատկերասրահում գտնվող «Լեռներ: Հայաստան» պատկերն է, վերջին տաղանդավոր գեղանկարը` Ջոն Ստեյնբեկի դիմանկարը (1963թ.): Այնպես որ, բոլորովին անհարմար չէ գիտակցել, թե մեծ Սարյան ասելով մենք հատկապես նկատի ունենք նկարչի վաղ շրջանը: (Իր ելույթներում ու զրույցներում, հատկապես 2011-ին տպագրված «Սիրիր եւ ճանաչիր» մատենաշարով «Մարտիրոս Սարյան» գիրք-ալբոմում Շահեն Խաչատրյանը արժեւորում-գնահատում է Վարպետի ստեղծագործության հենց առաջին շրջանը:- Խմբ.): Ի դեպ, ասեմ, որ Սարյանի սերնդակիցներից շատերի վաղ շրջանը նույնպես շատ ավելի հետաքրքրական է ուշ շրջանի ստեղծագործությունների համեմատությամբ: Եթե Սարյանի ու Նիկոլայ Ռերիխի դեպքերում այդ իրողությունը բացատրել կարելի է (Սարյանը ստեղծագործում էր հակաժողովրդավարական ռեժիմի պայմաններում, Ռերիխը, ռուսական- հյուսիսային իր արմատներից հեռանալով, դարձել էր գուրու), ապա հեշտ չէ բացատրել Ռուսաստանից Փարիզ փախած (ինքն է խոստովանել «Իմ կյանքը» գրքում) Մարկ Շագալի ֆրանսիական շրջանի պատկերների քաղցր, գեղանկարչության տեսանկյունից թույլ վիճակը, կամ Վասիլի Կանդինսկու վերջին շրջանի պատկերների ազատ աբստրակցիայից հեռանալու, «մաթեմատիկական ճշգրտության վերածվելու» իրողությունը:

Կարծեմ թե անարդար է ազատության մեջ ստեղծագործած այս մարդկանց ժառանգությունը համեմատել երկաթե վարագույրով ծածկված թեկուզ լայնարձակ տարածքում ապրած Սարյանի պատկերների հետ:

Սարյանը, Պյոտր Կոնչալովսկին, Վերա Մուխինան եթե ունենային վերոհիշյալների ազատությունը, խորհրդային արվեստը բոլորովին ուրիշ ընթացք կունենար: Բայց 1968-ին Սարյանին այցելած Ալեքսեյ Կոսիգինն ու նրան ուղեկցող պաշտոնական անձինք այս ամենին անտեղյակ, ակնածանքով դիտում էին ՍՍՀՄ ժողովրդական նկարչի նվերը` «Արարատը ամպերի մեջ» կտավը, որովհետեւ, լավ չեմ հիշում աջ թե ձախ անկյունում ստորագրված էր` Մարտիրոս Սարյան:

Սարյանը գեղեցիկ ծերունի էր` նկարելու պահին առյուծի նման, մենակության մեջ` մի խաղաղ այգեպան: Ձեռքերն ասես տաշել, քանդակել էին քամիներն ու հողմերը, իննսունամյա մարդու մատների մեջ ուժ, գեղեցկություն եւ կամք կար: Երեւի Միքելանջելոյի ձեռքերն այդպիսին էին:

Սակայն երբեմնի վիթխարի Սարյանըՙ Գոգենի, Վան-Գոգի, Սեզանի թեեւ կրտսեր, բայց հարազատ եղբայրը, 1930-ից հետո հատկապես ստիպված ապրել էր իր արվեստին անհարիր մի կյանք: Համենայն դեպս, 1960-1970-ական թվականների նրա ապրած օրերը նման էին միմյանց: Ստիպված էր օտար երկրներից, Մոսկվայից եկած հյուրերի հետ շփվելու: Սրանք հիմնականում արվեստից հեռու մարդիկ էին: Սարյանն իր ուսուցիչ Կորովինի նման նուրբ էր ու քաղաքավարի, զուրկ էր Գոգենի եւ Պիկասոյի «անհրաժեշտ վայրենությունից» եւ քաղաքավարության զոհ էր դառնում: Կատակում էր բոլորի հետ:

Այդպիսի ձանձրալի ընդունելություններից հոգնել էր եւ հաճախ կրկնում էր ինքն իրեն. «Գագարինը թռավ տիեզերք,- ասում էր նա հյուրերին եւ ձեռքը բարձրացնում վերեւ,- բայց երկրագունդը, հո՛ղն է մեր մայրը» ,- այս անգամ ձեռքն ուղղում էր ներքեւ: Հյուրերը զարմացած լսում, գնում-գրում էին իրենց լրագրերի մեջ, պատմում հարազատներին:

Մի օր ես նրան ուղեկցեցի Նկարիչների միության ցուցահանդես: Բոլորն անմիջապես շրջապատեցին նրան: Մոտեցավ Գաբրիել Գյուրջյանի մեծ չափերի մի կտավին, ուր պատկերված էր կալսիչը եւ սրան աշխատեցնող տրակտորի կեսը.

- Բա տրակտորի մյուս մասն ու՞ր է,- հարցրեց խորամանկ ժպիտով:

Այսպիսի շատ կատակներ եմ հիշում: Բայց կարծում եմ, դրանք երբեք էլ չեն հանձնվի թղթին: Որովհետեւ առանց այն էլ ոչինչ չասող այպիսի մանրուքները մեծ տեղ են զբաղեցնում զանազան հուշագիրների հուշերում:

- Խնդրիր, համոզիր Շահենին, որ ժամանակ գտնի ու գրի առնի իր հուշերը, զրույցները,- ասել է Վիլհելմ Մաթեւոսյանը իր կրտսեր բարեկամին:

Մաթեւոսյանի արվեստաբանական գիրը, իբրեւ այդպիսին, միշտ հետաքրքրական է: Որքան էլ վիճելի կողմեր ունենա, համենայն դեպս, հայերս կերպարվեստագիտության բնագավառում այդպիսի լեզու չենք ունեցել:

Շահեն Խաչատրյանին ենք պարտական Սարյան թանգարանի մշտական ցուցադրանքում հայտնված գլուխգործոցների համար, որոնցից մեկը «Գիշեր: Եգիպտոս» նշանավոր կտավն է: Նրան ենք պարտական նաեւ եվրոպական քաղաքներում բացված մի քանի ցուցահանդեսների, մանավանդ, որը ես շատ եմ կարեւորում, նկարչի հարյուրամյակի առթիվ բացված հոյակապ ցուցադրության համար: Եթե նա Ռուսաստանի զանազան քաղաքներից չհավաքեր նկարներ եւ վերոհիշյալ ցուցահանդեսը չբացեր, ապա մենք չէինք ունենա տարբեր հավաքածուներում գտնվող սարյանական գլուխգործոցների մի շարք վերատպությունները:

Իսկ հուշ գրելը ամեն մեկի բանը չէ: Օ՜, իսկ հուշ գրելու համար երեւի հարկ կլինի վերստին ծնվել, բայց այս անգամ իբրեւ տաղանդավոր մեկը: Անդրեյ Բիտովի նման:

Հետգրություն

Թող այնպես չթվա, թե մենք թերագնահատում ենք վերոհիշյալ արվեստաբանների գործունեությունը: Վ. Մաթեւոսյանի «Հակոբ Կոջոյան», «Մարգարե» գրքերը հայ արվեստաբանության երեւելի էջերն են: Կարեւոր են Շահեն Խաչատրյանի` Հովհաննես Այվազովսկուն, Մինաս Ավետիսյանին, Պետրոս Կոնտրաջյանին, Հակոբ Հակոբյանին եւ մյուս հայ նկարիչներին նվիրված ուսումնասիրությունները: Գուցե Սարյանի անսպասելի կյանքի ճանապարհն ու ճակատագիրն է պատճառը, որ մեզանից ոչ ոք, որքան էլ ճիգ ու ջանք գործադրեց, ըստ իս չկարողացավ մոտենալ 1910 -ական թվականների այդ մեծ Մենակյացի դարպասներին: Գուցե հայ մեծ բանաստեղծի 1918-ին զոհված Արտավազդ զավակը պիտի այդ խորհրդավոր գործողությունը կատարեր, ով Մաքս Վոլոշինի նշանավոր խոսքի ազդեցությամբ 1913-ին, դեռեւս պատանի, ասել էր. «Սարյանի նկարների մեջ այնքան արվեստ կա, որքան չի եղել հայ նկարիչների գործերից ոչ մեկի մեջ» :

Ոչ ոք չգիտե: Թեեւ այս ու այն կողմից լսում եմ, թե Թումանյանի զավակները գալու են...

Մայիս, 2012 թ.

Նկար 1. Մարտիրոս Սարյան. «Արեւի հմայքը», 1905


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4