ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2012-04-28 | #9, 2012-05-12 | #10, 2012-05-26


«ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԵՄ ԵԿԵԼ, ՈՐ ՋՈՒԹԱԿ ՆՎԱԳԵՄ»

Ասում է EYM-ի 2-րդ մրցանակակիր Էմանուել Ճգնավորյանը

Մայիսի 11-ին Վիեննայի Ռաթհաուսփլացում դասական արվեստի մոտ 50 000 երկրպագուների բուռն ծափողջույններով պատմության էջ դարձավ պատանի երաժիշտների «Եվրատեսիլ 2012-ը»: Պրոֆեսիոնալ ժյուրիի նախագահ հանրահայտ Մարկուս Հինթերհոյզերի ձեռամբ առաջին մրցանակի արժանացավ նորվեգացի ալտահար Էյվին Հոլցմարկ Ռինգստադը: Համերգն ուկնդրած պրոֆեսիոնալ եւ սիրող շատ կարծիքներ հավաքելով հասկացա, որ մենակ չեմՙ Բելա Բարտոկի ալտի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի նորվեգացու մեկնաբանությունը զուրկ էր վառ գույներից, բայցՙ ժյուրիին հենց նրա կատարումն էր համոզել: Իսկ մերՙ հայկական գույները ոչ միայն հրաշալի տրամադրություն ստեղծեցին, այլՙ ժյուրիին տպավորեցին այնքան, որ 3-րդ մրցանակին հաջորդեց 2-րդը: Սա մեծ հաջողություն է. ORF-ի ռադիո սիմֆոնիկ նվագախումբը, գլխավոր դիրիժոր Քորնելուս Մայսթերն էլ անկասկած հիշում են, որ 2012-ին երաժշտական ավանդույթներով հայտնի Ավստրիան, իսկ 2010-ին եւ 2004-ին Գերմանիան այս մրցույթում էլի հայեր էին ներկայացնում, բոլորն էլ երաժշտական կրթության շիտակ հիմքերը սկսել են Երեւանում: (Հայկական երաժշտական մաֆիա, ինչպես կատակում են գերմանացիներըՙ նկատի առնելով այն հանգամանքը, որ 90-ականներից հայկական ազգանունները շատացել են տարբեր քաղաքների օպերային թատրոններում, նվագախմբերում-Ան. Հ.):

«Ազգի» մեր ընթերցողներին նախորդ տարիներին արդեն ներկայացրել ենք Գերմանիայի եռագույնի տակ հանդես եկած սաքսոֆոնահարներ Հայրապետ Առաքելյանին, որ ցավոք, Եվրոտեսիլում չհաղթեց, բայց լուրջ հաջողություններ ունի, եւ Կորյուն Ասատրյանին, որ 2004-ին արժանացել էր 2-րդ մրցանակի:

Այս տարի երրորդ մրցանակ շահած քանոնահար Նարեկ Կազազյանը, ոչ միայն պատվով ներկայացրեց առաջին անգամ եվրոպական այս մրցույթում մասնակցող Հայաստանը, «եգիպտական ծագմամբ» ( այսպես բնութագրեց երաժիշտ-հանդիսավարը քանոնը, ինքն էլ խոստովանեցՙ առաջին անգամ էր տեսնում-Ան. Հ.) քանոնի հայկական հնչյունները, այլեւՙ հայերիս համար սիրելի Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունը «պարտադրեց» սերտել նաեւ նվագախմբին: Եվ մի բան էլՙ երեւանակենտրոն մեր «էլիտ» մեծամտությանը հարկադրեց իրՙ «պրովինցիայի» ռեալ հնարավորությունները:

Յան Սիբելիուսի ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը փայլուն կատարած Էմանուել Ճգնավորյանը, որ արտիստիկ շողարձակմամբ իսկապես հավասարը չուներ, արժանացավ 2-րդ մրցանակի: Ու որքան էլ հասկանալի, նույնքան ցավալի է հայկական հեռուստաեթերիՙ Նարեկինՙ Հայաստանինը, օտար դրոշի տակ հանդես եկողներինՙ օտարելու մղումը: Ուսուցչին, դպրոցը կարեւորող ամուր Հայաստան ու մեծ աշխարհումՙ տաղանդներով հարուստ հայկական աշխարհ: Այսպես ենք հաղթելու:

Ստորեւ մեր զրույցը 17-ամյա Էմանուել Ճգնավորյանի հետ, ում թեպետ Երեւանում լավ ճանաչում են (նկատի ունենքՙ 10 տարեկանում Մոսկվայում մասնակցել է «Շչելկունչիկ» մրցույթին, գրավել 2-րդ տեղը,12 տարեկանում մեծ մենահամերգ է տվել-Ան. Հ.), բայց հեռուստատեսությունները նրան «երես չեն տվել»: Միգուցե աստղայինի տեղական պատկերացումներից դուրս է, կամ էլՙ շատ համեստ, ինչպես ակնհայտ դարձավ մեր զրույցից: Ծնվել է Վիեննայում, մինչեւ 12 տարեկանն ապրել է Երեւանում, այնուհետ նորիցՙ Վիեննա: Գիմնազիային զուգահեռ ուսանում է Վիեննայի երաժշտության եւ կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում: Առաջին ուսուցիչը Պետրոս Հայկազյանն է, մեր զրույցում պատմում է Էմանուելի մայրըՙ Նաիրան, ով ասում է, բացահայտեց էմանուելի տվյալները, այնուհետեւ 2 տարի ուսանել է «փայլուն պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի մոտ, ով սովորեցրել է մասշտաբայնություն, դարձել Էմանուելի զգայական աշխարհի ճարտարապետը»:


- Էմանուել, Դուք տարբեր մրցույթների եք մասնակցել: EYM-ը դժվա՞ր էր:

- Այո, քանի որ մրցակիցները շատ էին ու տարբեր գործիքներ էին ներկայացնում: Եզրափակիչ անցած բոլոր կատարողներն էլ շատ լավ էին պատրաստվել, շատ լավ էին նվագում: Բայց խոսքը ոչ միայն տեխնիկապես լավ արդյունք ցույց տալու, այլ համոզիչ կատարելու մասին է:

- Կատարյալ, ակնկալած արդյունքին չհասած շատերի ձեւակերպումն էՙ կարող էի ավելի լավ նվագել..

- Ես հազվադեպ եմ ասումՙ կարող էի ավելի լավ, բայց... Եթե կարող էիր, ինչո՞ւ չարեցիր: Սիբելիուսի այս կոնցերտը շատ եմ սիրում եւ հատկապես 3-րդ մասը նվագեցի շատ համոզիչ, ամբողջ էներգիայով, ամբողջ սրտով: 1,5 տարի է, ինչ ուսանում եմ Գերհարդտ Շուլցի մոտ: Նա շեշտը դնում համոզիչ նվագելու, հանդիսատեսին էներգիա փոխանցելու վրա: Նաեւ շատ լավ գիտի ստեղծագործությունների պատմությունը: Մինչեւ 13-14 տարեկանը ես տեխնիկապես լավ, սիրուն ձայնով, բայց իմ մեջ փակված էի նվագում, առանց էներգետիկայի, ինչպես ասում ենՙ ապատիկ:

- Իսկ մյուս ուսուցիչներից ի՞նչ եք սովորել:

- Բոլորից էլ այնքան շատ բան եմ սովորել: Բոլորի հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունեմ: Ստեղծագործությունը կատարելիս միշտ մտածում եմ, թե ամեն մեկն ինչ խորհուրդ կտար, դա ինձ օգնում է:

Փոքր ժամանակվանից սիրել եմ շփվել մեծահասակների հետ: Իհարկե ծնողներիցս էլ է դա գալիս: Մինչեւ 11 տարեկանս ապրել եմ Երեւանում: Իմ հայրիկը շատ հայտնի մարդ է Հայաստանում: Ճգնավորյան ազգանունով ինձ բոլորը ճանաչում էին: Դա ինձ մի տեսակ ապահովության զգացում էր տալիս: Շատ հպարտ եմ, որ Լորիս Ճգնավորյանի որդին եմ, բայց, լավ է, որ Վիեննայում, ուր նրան էլի ճանաչում են, այդ նույնը չկա, ու ես անկախ եմ սկսում կարիերաս: Բարենբոյմի, Օյստրախի տղաները շատ տաղանդավոր ջութակահարներ են, բայց նրանց մասին խոսելիս միշտ շեշտում են նրանց հայրերի անունները:

- Ձեր ծնողները երկուսն էլ երաժիշտ են, ու՞մ խորհուրդն է Ձեզ ավելի շատ օգնում:

- Հայրիկիս, եղել է, որ ամիսներով չեմ տեսել, ուստի մամայիս հետ եմ պարապել: 13-14 տարեկանում, երբ սկսեցի ավելի լուրջ զբաղվել, եկավ պահը, որ պապայի հետ սկսեցի պարապել: Նա շատ խիստ է. 8-ին արթնանալ, 9-ից պարապելՙ առանց շեղվելու: Այդ դիսցիպլինայով փորձում եմ հիմա էլ շարունակել: Շատ ուրախ եմ, որ ծնողներս ինձ երբեք երես չեն տվել, շատ խիստ են եղել, նաեւՙ ստիպել են պարապել, հիմա ստիպել չկա, ինքս եմ ուզում:

- Ինչո՞ւ կամ ինչպե՞ս որոշեցիք մասնակցել Եվրոտեսիլին:

- 2006-ին, երբ Մոսկվայում մասնակցում էի «Շչելկունչիկ» մրցույթին, բոլորը խոսում էին այն 13-ամյա դաշնակահարի մասին, որ դասական Եվրոտեսիլին 3-րդ տեղն էր շահել: Երբ դիտեցի ելույթը, մտածեցի, որ անկարելի է նվագել Ռաթհաուսի առջեւ հավաքված 50 000-ի առջեւ, իմ նյարդերը հաստատ չեն դիմանա: Այն ժամանակ չէի կարծում, որ մի օր Հայաստանն էլ կմասնակցի մրցույթին, ես էլ: 2008-ին, 2010-ին հեռուստացույցով դիտել եմ, ու երբ ասում էինՙ մասնակցիր, կատեգորիկ դեմ էի, քանի որ այս մրցույթին միայն ջութակ չեն նվագում, տարբեր գործիքներ են: Բայց այս տարի պապային չմերժեցի, մասնակցեցի:

- Կուզենայի՞ք Հայաստանը ներկայացնել:

- Ինձ համար կարեւորը երաժշտությունն է: Ուզում էի անցնել եզրափակիչ, նվագել այդ նվագախմբի հետ: Ուրախ եմ եւ հպարտ, որ Ավստրիան ներկայացրի: Ծնվել եմ Վիեննայում, իսկ սա այնքա՛ն երաժշտական քաղաք է:

- Ըստ Ձեզ, ո՞վ էր առաջին մրցանակի ամենաարժանի թեկնածուն:

- Եզրափակիչ անցած բոլորն էլ շատ լավ էին նվագում: Բոլոր մասնակիցների հետ էլ ընկերացանք, բայց առավել մտերմացա նորվեգացու հետ: Նա շատ լավ երաժիշտ է, բայց իմ կարծիքով, եզրափակիչի առաջին տեղի համար քիչ էներգիա ուներ: Ուրախ եմ, որ Լեհաստանում նրա հետ նվագելու ենք, հետո երեւի նաեւՙ Օսլոյում: Համոզված եմ, որ Էյվինդի հետ դեռ շատ կնվագեմ: Իսկ Նարեկի հետ ծանոթ էի դեռ Հայաստանից, մի անգամ, հիշում եմ, կարծեմ 2006 թվականն էր, կաթողիկոսի մոտ նվագում էինք երկուսս էլ: Այդտեղ առաջին անգամ տեսա քանոնը, երբեւէ մտքովս չէր անցնի, թե մրցակիցներ կլինեիք: Նարեկը շատ ջերմ տղա է, շատ լավ երաժիշտ: Եզրափակիչ անցածներն իրար հանդեպ ընդհանրապես շատ ջերմ էին, բոլորս մեր երկրների հաղթողներն էինք: Մի մեծ ընտանիք էինք դարձել: Վերջին օրը տխրել էինք, բայց դիրիժորն էլ ասաց, որ համոզված է, թե իրար հանդիպելու ենք:

- Տեսանելի էր, որ հայտնի գործիքների մեջ քանոնը բավական աշխուժություն էր մտցրել: Իսկ Խաչատուր Ավետիսյանի կոնցերտի մասին ի՞նչ էին ասում:

- Շատ ուրախ էի, որ Եվրոպայում քանոնին ծանոթացան: ORF-ի ռադիոսիմֆոնիկ նվագախումբը շատ հայտնի է, իրենց համերգներին սովորաբար առաջին բաժնում ներկայացնում են անհայտ գործեր, երկրորդումՙ հայտնի: Այնտեղ այնպիսի հմուտ երաժիշտներ են, որ պարտիտուրը ինչքան էլ անծանոթ, շատ արագ սովորում են, ինչպես Խաչատուր Ավետիսյանի պարագայում: Բոլորն ուրախանում էին, երբ հնչում էր քանոնը:

- Ի՞նչ տվեց Ձեզ այս մրցույթը:

- Մրցույթն ինձ ցույց տվեց, որ համոզիչ կատարմամբ կարող եմ մրցակցել տարբեր գործիքների հետ, տեսա, որ նյարդերս շատ կայուն են, ամուր: Բացօթյա համերգի փորձառությունը շատ տարբեր է: Աննկարագրելի է, երբ 50 000-ը քեզ է ունկնդրում, դասարանցիներս ու շատերը, ում չեմ ճանաչում, գոռում ենՙ Էմանո՛ւել, ու ես կարողանում եմ հավաքվել, կենտրոնանալ ու հաղթահարել: Հայրս այնքան հուզված էր, որ ուղիղ հեռարձակումը չի էլ նայել, հետո է դիտել: Նա 75 տարեկան է, այդքան անգամ բեմ է բարձրացել ու իր բոլոր համերգներից առաջ հուզվում է, մայրս էլ, իսկ ես հուզված չէի:

Այս մրցույթը միայն Ավստրիայում դիտել է 300 000 ակնդիր, հստակ չգիտեմՙ որ երկրներումՙ ինչքան, բայց մի բան պարզ էՙ կարելի է շատ արագ հայտնի դառնալ: Համերգային մենեջերները կարող են որոշելՙ ում հետ կուզենան աշխատել:

- Արդեն դիմե՞լ են:

- Դեռ ոչ: Ժամանակ է պետք:

- Իսկ փողոցում Ձեզ արդեն ճանաչո՞ւմ են:

- Այո, այսօր շատերը ժպտում էին:

- Ինչպես հանդիսավարը դիպուկ բնորոշեց, Ձեր անվամբ, նկարներով պաստառները ֆուտբոլային տրամադրություն էին ստեղծել: Ելույթից հետո ո՞ւմից ստացաք առաջին շնորհավորանքը:

- Վայրկյաններ անց մի դասընկերուհուց, sms էր ուղարկելՙ «իրոք ֆանտաստիկ էր»: Չեմ հաշվել իհարկե, բայց այնքա՛ն շատ զանգեր ու sms-եր, facebook-ում այնքա՛ն գնահատականներ ստացա:

Եթե ինձ վրա կարտոֆիլ էլ նետեն կամ դժգոհ բացականչեն, գիտեմ, որ լույս աշխարհ եմ եկել, որ ջութակ նվագեմ: Նկարել չգիտեմ, ոչ մի բանից ուժեղ չեմ, խոսում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, գիմնազիայում լատիներեն ու ֆրանսերեն եմ անցնում, բայց իմը երաժշտությունն է, 5 տարեկանից ինձ համար պարզ էրՙ ջութակը: Ատամհատիկին հայրս հանկարծ նկատել է, որ տարբեր իրերի հետ խաղալիք դաշնամուր էլ է դրված, շատ արագ հեռացրել է, որ հանկարծ դա չընտրեմՙ երաժիշտ չդառնամ: Ու ես, որքան էլ ծիծաղելի է, փողն եմ ընտրել: 3 տարեկանում իմ ամենասիրած գործը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան մեծ էներգետիկայով չափ տալն էր:

Շատ փոքր էի, մի խաղալիք ջութակ ունեի, կոտրվել էր, շատ էի տխրել: Հայրիկս դրսում էր, զանգահարեցՙ քույրիկիս ու ինձ հարցրեցՙ ի՞նչ ենք ուզում: Քույրիկս շորեր ու տիկնիկ ուզեց, եսՙ իսկական ջութակ: Մամաս դեմ էր, որովհետեւ գիտերՙ ինչքան դժվար ճանապարհ է: Օրերով չէի քնում, ջութակիս էի սպասում: Երբ բերեցին, այլեւս չբաժանվեցի:

- Ձերն ի՞նչ ջութակ է:

- 18-րդ դարի անհայտ վարպետի գործ է, լավն է: Այս մրցույթից հետո նամակով կդիմեմ Ավստրիայի ազգային բանկին, որ ինձ ուրիշՙ ասենք Ստրադիվարիուս կամ Գվարների տան:

- Դպրոցից հետո օրական քանի՞ ժամ եք հասցնում պարապել:

- Սովորում եմ գիմնազիայի 6-րդ դասարանում: Իմ օրը շատ արագ է անցնում: Առավոտյան 6-ին արթնանում, գնում եմ դպրոց, ժամը 17-ին տուն եմ գալիս ու ջութակ նվագում: Ամեն օր պարապում եմ, եթե 3 ժամ էլ պարապեմ, լավ է: Դա իհարկե շատ քիչ է, բայց շաբաթ-կիրակի ամբողջ օրը նվագում եմ: Լավագույնն իհարկե այն է, որ յուրաքանչյուր երաժիշտ ամեն օր կանոնավոր 5 ժամ պարապի: Դրա համար էլ դպրոցական արձակուրդը շատ եմ սիրում: Ամռանը Երեւան ենք գնում, ամեն առավոտ ժամը 6-ին արթնանում եմ, որ իմ երկու սիրելի մարդկանցՙ Պյոտր Ասատուրովիչ Հայկազյանի եւ Արտաշես Մկրտչանի հետ քայլեմ Ծիծեռնակաբերդում: Ուսուցիչների հետ մարդկային կապը շատ կարեւոր է, ես նրանց զրույցները շատ եմ սիրում: Երեւանում միշտ լսում էի Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի խորհուրդները: Շատ տխրեցի, որ Ալեքսանդր Հարությունյանը մահացավ, նա մի փոքրիկ պիես էր գրել, որ չհասցրի իր ներկայությամբ կատարել:

- Ձեր հասակակիցները չեն ասումՙ ի՞նչ կյանք է դա: Թե՞ՙ նրանք էլ դասական երաժշտության սիրահար են:

- Իմ կյանքն էլ երաժշտությունն է: Այդ իմաստովՙ գիտեմՙ ինչ եմ ուզում: Հայաստանցի իմ ընկերներն են երաժիշտ, իսկ Վիեննայում ընկերներիս միայն Սիբելիուսով «վարակեցի», նրանք դասականի սիրահար չեն: Շատ եմ մտածելՙ ինչու՞ դասական երաժշտությունն այդքան մեծ արձագանք չունի: Ցավոք սրտի, երաժիշտ կատարողների 90 տոկոսը լավ պատրաստված է, բայց ապրումներ չունի, ամբողջ էներգիայով չի նվագում, հոգու պոռթկում չկա: Իսկ ասենք ռոքնռոլի երաժիշտները «մեռնում» են բեմի վրա:

- Ի՞նչ երազանքներ ունեք, ո՞ր նվագախմբի հետ կցանկանայիք նվագել:

- Կուզենայի մի օր Բեթհովենի Ջութակի կոնցերտը Վիեննայի ֆիլհարմոնիկի հետ նվագել Մուզիկֆերայնում: Ի դեպ, որպես եզրափակիչ փուլ անցած երաժիշտներ, արտոնություն ստացանք նվագել հենց այդ սրահում: Հույս ունեմ, որ այնտեղ դեռ երկար ելույթ կունենամ:

Հարցազրույցըՙ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4